Հիսուս Քրիստոսի արձան (Ռիո Դե Ժանեյրո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Հիսուս Քրիստոսի արձան (այլ կիրառումներ)
Հիսուս Ամենափրկիչ Արձանը

Հիսուս Ամենափրկիչ արձան (պորտ.՝ Cristo Redentor), Հիսուս Քրիստոսի հայտնի արձաններից, որը գտնվում է Ռիո դե Ժանեյրո քաղաքում՝ Կորկովադու լեռան գագաթին։ Համարվում է Բրազիլիայի և Ռիո դե Ժանեյրոյի խորհրդանիշը։ Ընդգրկվում է «Աշխարհի նոր յոթ հրաշալիքների» կազմում։ Արձանի բարձրությունը 38 մ է (ներառյալ պատվանդանը՝ 8 մ), ձեռքերի բացվածքը՝ 28 մ, ծանրությունը՝ 1145 տոննա։

Հիսուս Քրիստոսի արձանն աշխարհում ամենահայտնի և ճանաչված տեսարժան վայրերից է։[1]

Արձանի կառուցումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1921 թ., Բրազիլիայի անկախության (1822 թ.) սպասվելիք հարյուրամյակի առիթով, քաղաքի ղեկավարները որոշում կայացրին կառուցել Հիսուս Քրիստոսի արձանը։ Ռիո դե Ժանեյրոն այդ ժամանակ Բրազիլիայի մայրաքաղաքն էր (մայրաքաղաք է եղել 1763-1960 թթ.): «Կրուզեյրու» ամսագիրը հայտարարեց հուշարձանի կառուցման դրամահավաք։ Հավաքվեց ավելի քան երկուսուկես միլիոն բրազիլական ռեալ։ Դրամահավաքին միացավ նաև եկեղեցին: Այդ ժամանակ Ռիո դե Ժանեյրոյի արքեպիսկոպոսն էր դոն Սեբաստիան Լեմեն, ով մեծ մասնակցություն ունեցավ հուշարձանի ստեղծման գործին։

Հուշարձանի ստեղծումը տևեց մոտ ինը տարի՝ 1922-ից մինչև 1931 թվականը։

Արձանի նախնական էսքիզը մշակեց նկարիչ Կառլոս Օսվալդը։ Նրա առաջարկով Հիսուս Քրիստոսը պատկերվեց խաչի նման պարզած ձեռքերով։ Նախնական գծագրում արձանի պատվանդանը գնդաձև էր՝ խորհրդանշելով երկրագունդը: Հուշարձանի վերջնական տեսքը մշակեց բրազիլացի ճարտարագետ և ճարտարապետ Հեյտոր դա Սիլվա Կոշտան։

Աշխատանքներն ընթացան Ֆրանսիայում, քանի որ Բրազիլիայում այդ ժամանակ տեխնիկապես հնարավոր չէր ստեղծել նման մեծ հուշարձան։ Բոլոր դետալները, ներառյալ նաև հիմնակմախքը, պատրաստվեցին Ֆրանսիայում: Արձանը կառուցվեց մետաղաբետոնից և բյուրեղային հատուկ բաղադրություն ունեցող հանքաքարից։

1924 թվականին ֆրանսիացի քանդակագործ Պոլ Լանդովսկին ավարտեց գլխի (3,75 մ բարձրությամբ) և ձեռքերի մոդելավորումը, իսկ 1925-ից մինչև 1931 թվականը ռումին քանդակագործ Գեորգե Լեոնիդան աշխատեց գլխի ստեղծման վրա: Հուշարձանի բոլոր պատրաստի հատվածներն առանձին-առանձին տեղափոխվեցին Բրազիլիա և երկաթուղով բարձրացվեցին Կորկովադու լեռան գագաթը (ծովի մակերևույթից բարձրությունը՝ 710 մ)։

1931 թվականի հոկտեմբերի 12-ին կայացավ արձանի հանդիսավոր բացումն ու օծումը: Հիսուս Քրիստոսի արձանը դարձավ Բրազիլիայի խորհրդանիշը։

1965 թվականին արձանը վերստին օծվեց Հռոմի Պողոս VI պապի կողմից։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]