Ինդոնեզիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինդոնեզիայի Հանրապետություն
Republik Indonesia
Ինդոնեզիայի դրոշ
Դրոշ
Ինդոնեզիայի Coat of arms
Զինանշան
Նշանաբան՝
"Bhinneka Tunggal Ika"
"Միություն զանազանակերպությունում"
Ազգային օրհներգ՝
Ինդոնեզիա Րայա
Ինդոնեզիայի դիրքը
Մայրաքաղաք Ջակարտա
6°10.5′S, 106°49.7′E
Ամենամեծ քաղաք մայրաքաղաք
Պետական լեզուներ Ինդոնեզերեն
Կառավարում Նախագահական Հանրապետություն
 -  Նախագահ Ջոկո Վիդոդո
 -  Փոխնախագահ Յուսուֆ Կալլա
Անկախություն Նիդեռլանդներից 
 -  Հայտարարված օգոստոսի 17 1945 
 -  Ճանաչված դեկտեմբերի 27 1949 
 -  Ջրային (%) 4.85
Բնակչություն
 -  2015 նախահաշիվը 255,759,408[1]  (4-րդ)
 -  2000 մարդահամարը 213,829,472[2] 
ՀՆԱ (ԳՀ) 2015 գնահատում
 -  Ընդհանուր $2,840.243 տրիլիոն[3] (8-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $11,135[4] (102-րդ)
ՀՆԱ (անվանական) 2015 գնահատում
 -  Ընդհանուր $895.677 միլիարդ[5] (16-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $3,511[6] (114-րդ)
Ջինի (2010) 35.6[7] (միջին
ՄԶՀ (2013) Green Arrow Up Darker.svg 0.684[8] (միջին) (108-րդ)
Դրամական միավոր Ինդոնեզական ռուպիահ (IDR)
Ժամային գոտի (UTC+7 to +9)
Վերին մակարդակի ազգային դոմենն .id
Հեռախոսային կոդ +62

Ինդոնեզիա (ինդոն.՝ Indonesia), պաշտոնական անվանումը՝ Ինդոնեզիայի Հանրապետություն (ինդոն.՝ Republik Indonesia), պետություն Հարավարևելյան Ասիայում։ Մայրաքաղաքը Ջակարտան է, պաշտոնական լեզուն՝ ինդոնեզերենը։ Բնակչությունը 2015 թվականի տվյալներով կազմում է շուրջ 255,759,408 մարդ[1] (2000 թվականի տվյալներով՝ մոտ 213,829,472 մարդ[9]), տարածքը՝ 1 919 440 կմ2. այս երկու ցուցանիշներով՝ տարածաշրջանի ամենամեծ պետությունն է։ Բնակչության թվով աշխարհում զբաղեցնում է չորրորդ, տարածքով՝ 14-րդ տեղը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչպետական ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինդոնեզիայի տարածքը ժամանակակից մարդու ձևավորման հնագույն կենտրոններից է։ Առաջին պետական միավորումներն առաջացել են ճավայում (Թարումա, Կալինգա), Սումատրայում (Շրիվիջայա) և Կալիմանտանում: Ինդոնեզիայում տարածվել են հինդուիզմը և բուդդայականությունը: VII դ. կեսերից ոչ ուշ մի քանի իշխանություններ միավորվել են Շրիվիջայա կայսրության մեջ։ VIII դ. 1-ին կեսին Ճավա կղզում առաջացել է Մատարամ պետությունը։ XIII—XV. դդ. ինդոնեզական կղզիների մեծ մասը մտել է Մաջապահիտի ֆեոդալական կայսրության մեջ։ XIV դ. Ինդոնեզիա է թափանցել իսլամը: Կենտրոնախույս ուժերի պայքարի հետևանքով XVI դ. Մաջապահիտի կայսրությունը տրոհվել է մի շարք մուսուլմանական իշխանությունների։ XVI դ. պորտուգալացիները գրավել են Մալակկան (1511) և այլ կարևոր կետեր Մոլուքյան կղզիներում։ 1596-ից Ինդոնեզիա են թափանցել հոլանդացիները, որոնք դուրս մղելով պորտուգալացիներին, աստիճանաբար նվաճել են ինդոնեզական կղզիները։ Հոլանդացիները հաստատել են գաղութային տիրապետություն և դաժանորեն շահագործել ինդոնեզացիներին, ճնշել հակագաղութատիրական շարժումները։ 1811-ին Ինդոնեզիան նվաճել են անգլիացիները, սակայն 1814-ի անգլո-հոլանդական համաձայնագրով այն վերադարձրել Հոլանդիային: Ազգային-ազատագրական շարժումը Ինդոնեզիայում ծնունդ է առել XX դ. սկգբին։ Ճավայում ստեղծվել են բանվորների և ծառայողների արհմիություններ (1905), առաջ են եկել քաղաքական կազմակերպություններ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գյուղացիական զինված ապստամբություններ են տեղի ունեցել հոլանդական գաղութարարների դեմ։ 1927-ին Ա. Սուկառնոյի ղեկավարությամբ ստեղծվել է Ինդոնեզիայի Ազգային կուսակցությունը, որը հանդես է եկել անկախության և ժողովրդի դրության բարելավման օգտին։ Ազգային ու մանր բուրժուազիայի հեղափոխական ներկայացուցիչները 1937-ին հիմնել են Ինդոնեզական ժողովրդի շարժում հայրենասիրական կազմակերպությունը։ Գերինդոյի նախաձեռնությամբ, և քաղաքական մյուս կուսակցությունների ու կազմակերպությունների համատեղ ջանքերով, ստեղծվել է Ինդոնեզական քաղաքական միությունը։ 1942մարտին հոլանդական իշխանությունները անձնատուր եղան ճապոնացիներին, որոնք օկուպացրին Ինդոնեզիան։ Ամերիկյան բանակի և դաշնակից զորքերի հաջողությունները ֆաշիզմի և ճապոնիայի դեմ նպաստեցին ինդոնեզական ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի վերելքին։

Անկախ Պետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինդոնեզիայի հիմնադիր նախագահ Սուկառնոն

1945օգոստոսի 17-ին Ինդոնեզիան հռչակվեց անկախ հանրապետություն։ Նախագահ ընտրվեց Սուկառնոն: Ընդունվեց սահմանադրություն։ Սակայն 1945-ի աշնանից իմպերիալիստական տերությունները, երկրում գաղութային կարգը վերականգնելու նպատակով, պատերազմ սանձազերծեցին։ Չորսամյա (1945—1949) պայքարից հետո՝ 1949-ին ճանաչվեց Ինդոնեզիայի անկախությունը։ Երկիրը բաժանվեց 16 մասի (նահանգների) և կազմվեց «Ինդոնեզիայի Միացյալ Նահանգներ»: Հոլանդիայի տիրապետության տակ մնաց Ինդոնեզիայի մի մասը՝ Արևմտյան Իրիանը։ Պայքարը Ինդոնեզիայի լիակատար անկախության համար շարունակվեց։ 1950-ին Ինդոնեզիան հայտարարվեց միացյալ հանրապետություն։ Ի պատասխան Արևմտյան Իրիանը Ինդոնեզիային վերադարձնելու Հոլանդիայի հրաժարմանը, 1957-ին Ինդոնեզիան փակեց իր տարածքում գտնվող գրեթե բոլոր հոլանդական հյուպատոսությունները և սկսեց երկրից արտաքսել արտադրության մեջ չընդգրկված հոլանդացիներին: Հսկողություն սահմանվեց երկրում գտնվող հոլանդական բանկերի, առևտրական և այլ ձեռնարկությունների գործունեության վրա։ Հենվելով դեմոկրատական ուժերի վրա՝ Սուկառնոն 1959հուլիսի 5-ին վերականգնեց 1945սահմանադրությունը: 1960մարտի 5-ին արձակվեց ընտրովի խորհրդարանը, այն փոխարինվեց նոր՝ նշանակովի խորհրդարանով, որտեղ բացի երեք հիմնական կուսակցություններից (Ազգային կուսակցություն, Նախտադուլ Ուլամա և ԻԿԿ) ընդգրկված էին նաև բանվորական, գյուղացիական ու այլ կազմակերպությունների ու զինված ուժերի ներկայացուցիչները։ 1960օգոստոսին Ինդոնեզիան խզեց դիվանագիտական հարաբերությունները Հոլանդիայի հետ։ Երկիրը եռանդուն ռազմական նախապատրաստություն էր տեսնում Արևմտյան Իրիանը զենքի ուժով ազատագրելու ուղղությամբ։ 1962-ին Հոլանդիայի և Ինդոնեզիայի միջև կնքվեց համաձայնագիր՝ Արևմտյան Իրիանը աստիճանաբար Ինդոնեզիային վերադարձնելու վերաբերյալ։ Այդ հարցը վերջնականապես լուծվեց 1969օգոստոսին Ինդոնեզիայում անցկացված հանրաքվեով։ Օգտագործելով երկրի տնտեսական ծանր վիճակը և դրա հետևանքով առաջացած ժողովրդական զանգվածների դժգոհությունը, հետադիմական ուժերը, Գեներալ Սուխարտոյի գլխավորությամբ, 1965սեպտեմբերին դաժան հաշվեհարդար տեսան կոմունիստների և դեմոկրատական մյուս ուժերի հետ։ Սկզբնական շրջանում Սուկառնոյին ձևականորեն թողնելով նախագահի պոստում՝ Սուխարտոն և նրա համախոհները ամբողջ իշխանությունը կենտրոնացրին իրենց ձեռքում։ 1967մարտին ժամանակավոր կոնսուլտատիվ կոնգրեսը, Սուկառնոյին զրկելով նախագահական մանդատից, Սուխարտոյին նշանակեց նախագահի պաշտոնակատար, իսկ 1968ապրիլին նա ընտրվեց Ինդոնեզիայի նախագահ։ Երկրի արտաքին քաղաքականության հիմք է հռչակված չմիանալու սկզբունքը։ Սակայն տնտեսական կախումը արևմուտքից, ներքին քաղաքականության հակակոմունիստական բնույթը լրջորեն սահմանափակում են իսկապես անկախ քաղաքականություն վարելու հնարավորությունները։ Ինդոնեզիայի հասարակության ներսում, հատկապես ազգայնական շրջաններում, ծավալվում է ինքնուրույն քաղաքականություն վարելու, զարգացող երկրների հետ համագործակցությունը զարգացնելու շարժում։ 1976հուլիսին, հակառակ ՄԱԿ-ի որոշման, Ինդոնեզիան միացրել է Արևելյան Թիմորը, որը սակայն այժմ անկախ պետություն է։

Ինդոնեզիայի Խորհրդարանը

Պետական կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինդոնեզիան նախագահական հանրապետություն է։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1945-ին։ Պետության և կառավարության գլուխը նախագահն է։ Նա էլ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է։ Պետական իշխանության բարձրագույն մարմինը ժողովրդական խորհրդակցական կոնգրեսն։ Ընթացիկ օրենսդրությունն ընդունում է ժողովրդական ներկայացուցիչների խորհուրդը։ Ընտրական իրավունքից օգտվում են 17 տարեկան դարձած բոլոր քաղաքացիները։ 2014 թվականի հոկտեմբերի 20-ին նախագահ է դարձել Ջոկո Վիդոդոն, փոխնախագահ՝ Յուսուֆ Կալլան (նրանց քաղաքական ուժը հաղթել է հերթական նախագահական ընտրություններում, որ անցկացվել են 2014 թվականի հուլիսի 9-ին)։ Ինդոնեզիայի դատական համակարգը կազմում են՝ Գերագույն դատարանը, մարզային և պետական դատարանները։ Կան նաև ղուրանով, շարիաթով և ադաթով գործող մուսուլմանական կրոնական դատարաններ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինդոնեզիայի ամենահայտնի Կրակատաու հրաբուխը ժայթքելիս 2008

Ինդոնեզիան տեղակայված է Մալայան արշիպելագի կղզիներում և Նոր Գվինեա կղզու արևմտյան հատվածում, ավելի քան 13000 կղզիների վրա։ Ինդոնեզիայի ափերը ողողում են Խաղաղ և Հնդկական օվկիանոսների ջրերը։ Աշխարհի ամենամեծ կղզի-պետությունն է։ Ինդոնեզիայի կղզիներից շատերը վերաբերում են Զոնդյան կղզիներին, որոնք իրենց հերթին բաժանվում են Մեծ Զոնդյան ու Փոքր Զոնդյան կղզիների։ Ցամաքային սահման ունի Մալազիայի (Կալիմանտան կղզում), Պապուա Նոր Գվինեայի (Նոր Գվինեա կղզում) և Արևմտյան Թիմորի (Թիմոր կղզում) հետ։

Օգտակար Հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարուստ է նավթի, քարածխի, երկաթի, մանգանի, անագի, ալյումինի, բոքսիտների, նիկելի, ֆոսֆատների հանքերով։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման հասարակածային է, ճավայի արևելքում և Մեծ Զոնդյան կղզիներում՝ մերձհասարակածային։ Հասարակածային կլիմայի շրջանում տարեկան տեղումները 2000—4000 մմ են, մերձհասարակածայինում՝ 2000 մմ։

Գետային ցանց[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետային ցանցը խիտ է։ Խոշոր գետերն են Կապուասը, Բարիտոն, Խարին (Ջամբի), Կամպարը, Մուսին, Մամբերամոն, Դիգուլը։

Հողեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքի մոտ 4/5-ը ծածկված է խոնավ անտառների կարմրադեղնավուն լատերիտային հողերով։ Հարթավայրերում տարածված են արևադարձային ճահճահողերը (Սումատրա, Կալիմանտան) և լատերիտային գլեյները, ցածրադիր ափերին՝ մանգրովային ճահճահողերը։ Տարածքի 65%-ը անտառածածկ է։

Կենդանական Աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինդոնեզական Վիշապ

Կենդանական աշխարհի մեծ մասը պատկանում է Հնդկա-Մալայան կենդանաբաշխարհագրական մարզի Մալայան ենթամարզին, Արևմտյան Իրիանը, Մոլուքյան և Փոքր Զոնդյան մի շարք կղզիներ՝ Ավստրալական մարզի Պապուասյան ենթամարզին։ Սուլավեսին երբեմն տրվում է Հնդկա-Մալայան մարզի Ցելեբսյան ենթամարզում։ Պահպանվել են կենդանիների շատ տեսակներ՝ կապիկներ, ռնգեղջյուրներ, փղեր, արջեր, գետակինճեր, կոկորդիլոսներ, թռչուններ և այլն։ Շատ են միջատները։ Ծովերը հարուստ են ձկներով։ Կան արգելավայրեր։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինդոնեզիայի բնակչությունը 2015 թվականին կազմում է շուրջ 255,759,408 մարդ[10] (4-րդն աշխարհում)։ Ինդոնեզիայում ապրում են ավելի քան 150 ժողովուրդներ, որոնց մեծ մասը (96%) պատկանում է մալայա-պոլինեզյան լեզվաընտանիքի ինյյոնեցաման խմբին (ճամացիներ, սունդացիննր, մադուրցիննր, մալայցիներ, բանջարներ, աչեր, բատակներ, մակասարներ, թորուջներ, մելանեզացիներ, պապուասներ և այլն)։ Ապրում են նաև չինացիներ, արաբներ, հնդիկներ։ Պետական լեզուն ինդոնեզերենն է, օրացույցը՝ Գրիգորյանը (ընդունված է նաև մուսուլմանական Հիջրան)։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջակարտա՝ Ինդոնեզիայի Ֆինանսական Կենտրոնը

Գաղութային տիրապետության շրջանում Ինդոնեզիայի տնտեսությունն ուներ ագրարահումքային ուղղություն, զարգացած էր պլանտացիոն տնտեսությունը և լեռնահանքային արդյունաբերությունը։ Ճապոնական օկուպացիան (1939—1945) և հոլանդական ագրեսիան (1945—1949) մեծ վնաս են հասցրել Ինդոնեզիայի տնտեսությանը։ Անկախություն նվաճելուց հետո միջոցներ ձեռնարկվեցին երկրի տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու, արտասահմանից տնտեսական կախումը թուլացնելու ուղղությամբ։ Սակայն 1965սեպտեմբերից Երկրի տնտեսական վիճակը սկսեց վատանալ, տնտեսության առաջատար ճյուղերում կրկին ուժեղացավ օտարերկրյա կապիտալի ազդեցությունը։ Այժմ Ինդոնեզիան տնտեսության հզորությամբ աշխարհում 16-րդ երկիրն է։ Այժմ Ինդոնեզիայի տնտեսությունը զարգանում է շատ արագ և ըստ կանխատեսումների 2050 թվականին Ինդոնեզիան կլինի ամենահզոր 4-րդ տնտեսություն ունեցող երկիրը[11]:

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացած է լեռնահանքային ճյուղը։ Արդյունահանում են նավթ, գազ, անագ, նիկելի հանքանյութ, բոքսիտներ, քարածուխ: Նավթի արդյունահանության 70%-ը բաժին է ընկնում ամերիկյան «Կալտեկս», 10%-ը՝ «Սաանվակ» նավթային ընկերություններին, մնացածը՝ Ինդոնեզիայի պետական «Պերտամինա», ճապոնական և օտարերկրյա այլ ընկերություններին։

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսությունը երկրի տնտեսության հիմնական ճյուղերից է. տալիս է Համախառն Ներքին Արդյունքի 14.2%*-ը (2014)։ Նրանում զբաղված է աշխատունակ բնակչության 38.9%-ը*: Հողերի զգալի մասը պատկանում է կալվածատերերին և վաշխառուներին, պլանտացիոն տնտեսության մեծ մասը՝ պետությանը։ Կան նաև անգլիակյան, ամերիկյան և այլ օտարերկրյա պլանտացիոն տնտեսություններ։ Արտահանության համար մշակվող կուլտուրաներից են կաուչուկատուները, կոկոսյան և յուղատու արմավենիները, թեյը, սուրճը, կակաոն, շաքարեղեգը, ծխախոտը, պղպեղը, քինածառը։ Կոկոսյան ընկույզի միջուկի (կոպրայի) արտադրությամբ Ինդոնեզիան գրավում է աշխարհում երկրորդ տեղը՝ Ֆիլիպիններից հետո։ Առաջնակարգ տեղ է գրավում նաև արմավենու յուղի, թեյի, սուրճի, շաքարի արտադրությամբ, համարվում է քինաքինայի հիմնական արտադրողը։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինդոնեզիայի ծովային ուղիները

Առաջատարը ծովային տրանսպորտն է։ խոշոր նավահանգիստներ են Տանջունգպրիոկը, Սուրաբայան, Պալեմբանգը, Բելավան, Բալիկպապան, Մակասարը։

Արտաքին առևտուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտահանվում է երկրում արտադրվող ապրանքային համախառն արտադրանքի 1/4-ը, այդ թվում կաուչուկի, բոքսիտների, անագի, մանգանի հանքանյութի գրեթե ամբողջ արտադրանքը, նավթի և նավթամթերքների, արմավենու յուղի և գյուղատնտեսական այլ մթերքների մեծ մասը։ Ներմուծվում են մետաղներ, մեքենաներ, արդյունաբերական սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ, ցեմենտ, պարենամթերք (բրինձ)։ Ինդոնեզիայի առևտրական հիմնական գործընկերներն են Ճապոնիան, ԱՄՆ, Չինաստանը, Հարավային Կորեան, Մալայզիան, Սինգապուրը: Դրամական միավորը ինդոնեզական ռուփին է։

Առողջապահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014-ին ծնունդը 1000 բնակչին կազմել է 16.72[12], ընդհանուր մահացությունը՝ 6,37[12]: Կյանքի միջին տևողությունը 2015-ին 72.45 տարի է[12]: Առողջապահական Ծախսերը կազմում են ամբողջ ՀՆԱ-ի 3%-ը[12]: Ինդոնեզիայում տարածված են վարակիչ հիվանդությունները՝ հատկապես մալարիան։ Բժշկական օգնություն են ցույց տալիս մասնավոր և պետական բժշկական հիմնարկները, ինչպես նաև մասնավոր պրակտիկայով զբաղվող բժիշկները։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1940-ին Ինդոնեզիայի բուն բնակչության 6% էր գրագետ։ Անկախություն ձեռք բերելուց հետո ընդլայնվել է ուսումնական հաստատությունների ցանցը։ 1950-ին օրենք է ընդունվել ընդհանուր կրթության, 1961-ին՝ 6-ամյա պարտադիր տարրական կրթության մասին։ Ժողկրթության համակարգի մեջ են մտնում, մանկապարտեզները (հիմնականում մասնավոր), պետական և մասնավոր (հիմնականում եկեղեցական) 6-ամյա տարրական, առաջին և երկրորդ աստիճանի միջնակարգ դպրոցները (ուսման տևողությունը՝ յուրաքանչյուրում 3 տարի)։

ինդոնեզացի հայտնի գրող Չաիրիլ Անվար

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինդոնեզիայի գրական առաջին հուշարձանները վերաբերում են VII—VIII դդ.: Անցյալում առավել զարգացման է հասել ճավայական գրականությունը։ Ճավայական գրական ավանդույթը օրինակ է դարձել XVI—XVIII դդ. ձևավորվող սունդանական և մադուրական գրականությունների համար։ Ազգային-ազատագրական շարժումների շրջանում մալայերենը դարձել է երկրի քաղաքական ու մշակութային միասնացման լեզու։ Ինդոնեզերեն վեպի ժանրում առաջին փորձերն արեցին պրոլետարական գրողներ Մ. Կարտոդիկրոմոն (1878—1928) և Սեմաուն (մահացել է 1971-ին)։ Սակայն 20—30-ական թթ. գերակշռող ազդեցություն ուներ կենցաղագրական վեպը։ Ռոմանտիկական և սենտիմենտալ սյուժեներով վեպեր են գրել Ս.Մ. Ալիշախբանան (ծնվել է 1908-ին) և Իամկան (ծնվել է 1908-ին)։ Գաղութային շրջանում երևան են եկել մերկացնող ստեղծագործություններ (Աբդուլլա Մուիսի, 1886—1959)։ 30-ական թթ. վերջերին որոշ գրողների գործերում ուժեղացել են ռեալիստական միտումները (Արմայն Պան, 1908—1970)։ Ինդոնեզիայի անկախության հռչակումը ակտիվացրեց գրական պրոցեսը։ 50-ական թթ. սկզբներից խոշորագույն գրողների և դրամատուրգների մի մասը աստիճանաբար մտել է ժողովրդական մշակույթի ընկերության (Լեկրա) և այլ առաջադեմ կազմակերպությունների մեջ, մյուս մասը պարփակվել է անձնական խնդիրների շրջանակում կամ տարագրվել։ 1965-ի դեպքերը վերացրել են Լեկրան։

Ճարտարապետություն և կերպարվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինդոնեզական ճարտարապետական կառույց

Ինդոնեզիայի տարածքում հայտնաբերվել են միջին և նոր քարի դարերի ժայռապատկերներ, խեցեղեն։ Հնագույն ճարտարապետական հուշարձանները մեգալիթյան կառույցներ են։ Քանդակագործության մեջ նշանակալի տեղ է հատկացվել ֆանտաստիկ ֆիգուրներին։ Ինդոնեզիայի բազմաթիվ կղզիներում զարգացել է ժողովրդական դեկորատիվ-կիրաոական արվեստը։ Նշանավոր են կենտրոնական ճավայի ոսկերչական իրերը՝ ձևով և նախշերով յուրօրինակ դաշույնները, XIV—XVI դդ. բրոնզաձույլ արձանիկները, կանթեղները, զանգակները, անոթները։ Ճավան գեղարվեստական «բատիկ» գործվածքների հայրենիքն է։ ճավան և Բալին գոմեշի կաշվի մշակման կենտրոններ են։ Բսղիում զարգացած է ավանդական գեղանկարչությունը։ Բազմազան են ժողովրդական բնակավայրերի տիպերը։ XIX դ. կեսին Ինդոնեզիայում սկզբնավորվել է ռեալիստական հայրենասիրական թեմայով գեղանկարչությունը (Ռադեն Սալեհ), XIX—XX դդ. սահմանագծին՝ ազգային ռոմանտիկական բնանկարչությունը (Ս. Ս. Աբդուլահ)։ Անկախության հռչակումից հետո ռեալիստական ուղղությունը դարձել է առաջատար՝ գոյակցելով ռոմանտիկ էկզոտիկայի ավանդույթի (Բ. Աբդուլահ) և մոդեռնիզմի հետ։ Զարգացել են ռեալիստական քանդակագործությունը (Գ. Հենդրա) և գրաֆիկան (Ու. էֆենդի, Սուրոմո)։ Սկսվել է նոր քաղաքների շինարարությունը (Սումբերջայա՝ Սումատրայում, Զակարտա Քեբայորան). նոր շրջաններ են ստեղծվել Ջակարտայում, Զոկյակարտայում, Բանդունգում։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Gamelan ceremonial Munggang, Kraton Surakarta.jpg

Ինդոնեզիայի երաժշտությունը սերտորեն կապված է ժողովրդական կենցաղին, պարերին և թատերական արվեստին։ Լադային հիմքը պենտատոնիկայի սլենդրո տեսակն է։ Բնորոշ առանձնահատկությունները՝ զարգացած հետերոֆոնիա և բազմաձայնություն։ Վոկալ և գործիքային երաժշտության մեջ գերիշխում է մեղեդին։ Ինդոնեզիայի դասական երաժշտության բարձունքն է վաղ միջնադարից գոյատևող ժողովրդական գործիքների նվագախումբը (գամելան), հիմնականում կազմված հարվածային (քսիլոֆոնի տիպի նվագարաններ, գոնգ, թմբուկ), երբեմն նաև լարային կսմիթավոր ու փողային (սուլինգ) նվագարաններից։ Ինդոնեզիայի անկախ հանրապետության կազմավորումից հետո ստեղծվել են կամերային նվագախմբեր, սիմֆոնիկ նվագախումբ (1968, Զակարտա), հիմնվել պետական երաժշտական դպրոց (1952, Զոկյակարտա), կոնսերվատորիա (1960, Սուրակարտա

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական երկարատև ժամանակաշրջանում Ինդոնեզիայում կազմավորվել է բեմական տարբեր ինքնատիպ արտահայտչամիջոցներով օժտված ավանդական թատրոն։ Դիմակների թատրոնում դերասանները հանդես են գալիս դիմակներով և կիրառում մնջախաղի ու պարի արտահայտչամիջոցներ (հիշվում է IX դարից)։ Հանրահայտ են նաև ստվերների թատրոնը (XI դարից) և հարթ փայտե տիկնիկների թատրոնը։ XIX—XX դդ. սահմանագծում ձևավորվել է նաև ժամանակակից թատրոնը՝ կետոպրակ և լուդրուկ, որոնք ավանդական արտահայտչամիջոցները զուգորդում են եվրոպականին։

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Լա Պիազզա կինոթատրոնը Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում

Առաջին ֆիլմերը 1920-ական թթ. նկարահանել են հոլանդացի ռեժիսորները։ 1950-ին Ջակարտայում ստեղծվել են առաջին պետական «ՊՖՆ» և խոշոր «Պերֆինի» մասնավոր կինոֆիրմաները, ավելացել է գեղարվեստական ֆիլմերի թողարկումը, նկարահանվել են սոցիալական թեմաներով մի շարք կինոնկարներ՝ «Հաշմանդամը» (1952, ռեժ. Կ. Սուկարդի), «Տուրանգ» (1954, ռեժ. Բ. Սիագին) և այլն։ 1960-ական թթ. վերջերի կինոնկարներից են՝ «Յոթ ասպետ» (1969, ռեժ. Վ. Ումբոխ), «Ի՞նչ ես որոնում, Պալուպա» (1971, ռեժ. Ա. Սանի) և այլն։ Կինոյում նկարահանվում են դերասաններ Չիտրա Դեվին, Ռիմա Մելատին, Ֆարուկ Աֆերոն և ուրիշներ։

Հայերն Ինդոնեզիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերն այս երկրում հայտնվել են XVII դարում։ Այդ մասին հիշատակություն կա 1656 թ-ի արձանագրություններում։ 1747 թ-ին հոլանդացիները մի հրովարտակով տեղի հայերին, որոնք հիմնականում բնակվում էին Ջակարտայում (այն ժամանակ՝ Բատավիա), Սուրաբայայում, Սեմարանգում, Մակարասում և այլուր, շնորհել են եվրոպացիներին հավասար «ազատ քաղաքացու» իրավունք։ Այդ ժամանակ հայերի թիվը 2000-ից չէր անցնում. նրանք գաղթել էին հիմնականում Նոր Ջուղայից (Պարսկաստան) ու Մադրասից (Հնդկաստան), զբաղվում էին առևտրով և արհեստներով։ Թեպետ այդ գաղութը շատ հեռու է եղել մայր հայրենիքից, սակայն նրա անդամները հետևել են այնտեղի իրադարձություններին, նյութապես օգնել Արևմտյան Հայաստանի իրենց հայրենակիցների ազգային-ազատագրական պայքարին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ ինդոնեզահայեր տեղափոխվել են ԱՄՆ, Ավստրալիա և այլ երկրներ, գաղութը գնալով նվազել է, և ներկայումս մնացել են հատուկենտ հայեր, ովքեր ապրում են իրենց ուրույն ազգային կյանքով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]