Մշտադալար բույսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մշտադալար բույսեր, ամբողջ տարին կանաչ տերևներով պատված բույսեր։ Մշտադալար բույսերի տերևաթափը, ինչպես նաև նոր տերևների առաջացումը տեղի են ունենում աստիճանաբար կամ պարբերաբար (յուրաքանչյուր տերև կարող է ապրել մինչև մի քանի տարի)։ Կազմում են արևադարձային երկրների բույսերի մեծամասնությունը, շատ են նաև մերձարևադարձային շրջաններում (դափնի, նվենի, դափնեվարդ, ձիթենի, մագնոլիա, թզենի, նոճի, ցիտրուսներ, որոշ կաղնիներ և այլն)։ Բարեխառն և ցուրտ գոտիներում մշտադալար բույսեր են փշատերև ծառերը (սոճի, եղևնի, եղևին և այլն), մի շարք կիսաթփեր (ցաքի, հապալասենի, լոռամրգի) և որոշ խոտաբույսեր։ Արևադարձային և մերձարևադարձային շրջաններում մշտադալար բույսերի ֆոտոսինթեզն ընթանում է ամբողջ տարին, իսկ բարեխառն գոտում ձմռանն ընդհատվում է, նվազագույնի է հասնում գոլորշիացումը, տերևներում օսլայի փոխարեն գոյանում են շաքարներ կամ յուղ, որոնք կանխում՝ են բջիջների սառեցումը, բարձրացնում ցրտադիմացկունությունը։ Մշտադալար բույսերը պետք է տարբերել ձմռականաչ բույսերից, որոնց տերևները ձմեռելուց հետո չորանում են և փոխարինվում նորերով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 660 CC-BY-SA-icon-80x15.png