Հանրաքվե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հանրաքվե (ռեֆերենդում լատին․՝ referendum — այն, ինչ պետք է հաղորդվի), համապետական, տարածաշրջանային կամ տեղական նշանակության հարցերի վերաբերյալ հանրաքվեի մասնակիցների քվեարկության ձևով ազատ կամարտահայտման միջոց։ Հանրաքվեի արդյունքում կարող է նաև նոր օրենք ընդունվել։ Հայտնի է նաև պլեբեսցիտ անվամբ։ Հանրաքվեի որոշ բնորոշումներ այն բնութագրում են որպես քվեարկության եղանակ՝ երկրի սահանադրությունը կամ կառավարությունը փոխելու համար[1]։ Ինչևէ, որոշ այլ երկրներ հանրաքվեն այլ կերպ են բնորոշում։ Օրինակ՝ Ավստրալիայում հանրաքվեն բնորոշվում է որպես սահմանադրությունը փոխելու համար քվեարկություն, իսկ պլեբեսցիտը չի ազդում սահմանադրության վրա[2]։ Իռլանդիայում սահմանադրության ընդունման համար քվեարկությունը կոչվում է պլեբեսցիտ, բայց սահմանադրության բարեփոխման համար քվեարկությունն արդեն կոչվում է հանրաքվե, նույն անվամբ են հայտնի նաև ընտրական քվեարկությունն ու ոչ սահմանադրական օրինագծի ընդունման համար քվեարկությունը։

Հանրաքվեի հասկացությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրաքվեն անմիջական ժողովրդավարության կարևորագույն ինստիտուտն է և ժողովրդի անմիջական իրավաստեղծ գործունեության մեխանիզմը։ Այն պետության և յուրաքանչյուր քաղաքացու համար կարևոր որոշումների ընդունման գործընթացում հանրության մասնակցության ձևերից է։ Հանրաքվեի մասնակցի ընդունած որոշումը ազդում է գործընթացի արդյունքի վրա և պետք է ամրապնդվի խնդրո առարկա հարցի վերաբերյալ մասնակցի տեղյակ լինելով։ Հանրաքվեն (համաժողովրդական քվեարկությունը) ժողովրդի կողմից անմիջականորեն իշխանության իրականացումն է՝ Սահմանադրություն ընդունելու կամ դրանում փոփոխություններ կատարելու, օրենքներ ընդունելու, ինչպես նաև պետական կյանքի կարևորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելու եղանակով։ Հանրաքվեի անցկացման պայմանները և ընթացակարգը կարգավորվում են տվյալ երկրի Սահմանադրությամբ և օրենքներով։ Հանրաքվեները լինում են ժողովրդական, պետական կամ կիսովի նախաձեռնությամբ։

Հանրաքվեների դասակարգումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրաքվեները դասակարգվում են ըստ անցկացման մասշտաբի և լինում են

  • համապետական,
  • տարածքային,
  • տեղական,

Ըստ անցկացման պարտադիր լինելու՝

  • պարտադիր,
  • հայեցողական,

Պարտադիր են այն հանրաքվեները, որոնց անցկացումը տվյալ հարցի վերաբերյալ ուղղակիորեն թելադրվում է Սահմանադրությամբ կամ օրենքով, և հանրաքվեի դրվող նախագիծն ընդունված համարելու համար անհրաժեշտ է «ԿՈՂՄ» ձայների որոշակի քանակ։ Հայեցողական են այն հանրաքվեները, որոնց անցկացումը Սահմանադրությամբ կամ օրենքով պարտադիր չէ և կախված է իրավասու մարմնի որոշումից։

Ըստ հանրաքվեի դրվող հարցի՝

  • Սահմանադրական (Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու վերաբերյալ).
  • օրենսդրական (Օրենքների ընդունման կամ դրանցում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու վերաբերյալ).
  • այլ հարցերի վերաբերյալ։

Ըստ հանրաքվեի մասնակցի կամարտահայտման ձևի՝

  • պլեբիսցիտար (երբ հանրաքվեի մասնակիցը կարող է առաջադրվող հարցին տալ միայն «ԱՅՈ» կամ «ՈՉ» (կամ «ԿՈՂՄ ԵՄ» կամ «ԴԵՄ ԵՄ») պատասխաններից որևէ մեկը)
  • այլընտրանքային (երբ հանրաքվեի մասնակիցը կարող է հավանություն տալ առաջարկվող նախագծերից որևէ մեկին)։

Հանրաքվեները պետք է տարբերակել հասարակական կարծիքի լայնամասշտաբ հարցումներից (այսպես կոչված խորհրդատվական հանրաքվեներից), որոնք թեև անց են կացվում հանրաքվեին մոտ ձևերով, սակայն իրավաբանական ուժ չունեն։ Հանրաքվեի նախաձեռնությամբ կարող է հանդես գալ կենտրոնական իշխանությունը, հասարակությունը, դաշնային պետություններում՝ նաև դաշնության սուբյեկտները։

Բառի ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրաքվեն լատիներեն «refero» բառից է ծագում, որը նշանակում է վերադարձնել, կազմված է «fero»՝ բերել[3] արմատից ու «re-» նախդիրից որն այստեղ նշանակում է «հետ»[4]։ Անգլերենում բառի օգտագործումը որպես գոյական խստորեն չի համապատասխանում լատինական բառին, քերականական գործածությունն անգլիական է, ոչ թե լատինական։ Անգլերենում referendum֊ը արտահայտում է հոգնակի թիվը, այսինքն՝ նշանակում է հանրաքվեներ, սակայն գոյություն ունի հոգնակի թվի «referenda» տարբերակը, որը համապատասխանում է և՛ լատիներենի, և՛ անգլերենի քերականությանը։

Ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրաքվեն ծագել է Շվեյցարիայի Գրուբունդեն մարզում, 16֊րդ դարում[5][6]։ Պլեբեսցիտ տերմինը ունի այժմյան նշանակությանը մոտ իմաստ, ծագում է լատիներեն համանուն բառից։ Այդպես էր կոչվում Պլեբիսի խորհրոդի՝ հռոմեական հանրապետության հայտնի ժողովը։ որոշ երկրներում հանրաքվեի փոխարեն պլեբիսցիտ տերմինն է օգտագործվում և դրանք հոմանիշներ են, այլ երկրերում է դրանց իմաստները տարբեր են։

Անհրաժեշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիլիսոփայական֊քաղաքական ընկալման տեսանկյունից հանրաքվեն անմիջական ժողովրդաիշխանության իրականացման եղանակներից է։ Ինչևէ, ժամանակակից աշխարհում հանրաքվեն կիրառվում է ներկայացուցչական ժողովրդաիշխանության հետ մեկտեղ։ Ուստի դրանք սովորաբար կիրառվում են ընտրողաբար՝ ներառելով այնպիսի հարցեր, ինչպիսիք են ընտրական համակարգի փոփոխոթյունները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Definition of Plebiscite». Oxforddictionaries.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
  2. Green, Antony (2015 թ․ օգոստոսի 12). «Plebiscite or Referendum - What's the Difference». ABC. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  3. Marchant & Charles, Cassell's Latin Dictionary, 1928, p.221
  4. Marchant & Charles, Cassell's Latin Dictionary, 1928, p.469
  5. Barber, Benjamin R.. The Death of Communal Liberty: A History of Freedom in a Swiss Mountain Canton. Princeton University Press, 1974, p. 179.
  6. Vincent, J.M.. State and Federal Government in Switzerland, Johns Hopkins University Press, 2009, p. 122

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 228
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 88