Jump to content

Դե ֆակտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դե ֆակտո (de facto), լատիներեն եզրը բառացի նշանակում է փաստացիորեն կամ փաստորեն, գործնականում կամ իրականում։ Հաճախ այն գործածվում է ի հակադրություն դե յուրե (de jure) հասկացության, երբ խոսքը վերաբերում է իրողությունների, գործողությունների, կարգավիճակների, իրադարձությունների փաստացի առկայությանը, կատարմանը կամ ճանաչմանը ի հակադրություն դրանց իրավաբանորեն ձևակերպման կամ արձանագրման։ Դե ֆակտո հասկացությունը պնդում է, որ տվյալ երևույթը կամ իրողությունը արդեն փաստացի կատարվել է կամ առկա է, թեև իրավաբանորեն դեռևս անհրաժեշտաբար չի ճանաչվել։

Բառի գործածում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավաբանության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավաբանական ոլորտի քննարկումներում դե ֆակտո եզրը փաստարկում է այն, ինչն առկա է իրականում, մինչդեռ դե յուրե եզրը մատնացույց է անում այն, ինչ պահանջում է օրենքը։

Oրինակ. "XXX" կորպորացիան իր բոլոր հաշիվներով ու ակտիվներով ըստ էության դարձել է մեկ ընտանիքի պատկանող սեփականություն, ինչը հաշվի առնելով վերոհիշյալ ընտանիքի ավանդապաշտական պատմությունը դե ֆակտո նշանակում է մեկ անձի սեփականություն, թեև իր կազմակերպական կառուցվածքով ընկերությունը դե յուրե պետք է գործի բաժնետիրական ընկերության ձևաչափով։

Քաղաքականության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական դրություն մեկնաբանելիս դե ֆակտո և դե յուրե եզրերն օգտագործվում են համապատասխանաբար "փաստացիորեն" և "ձևականորեն" նշանակություններով։

Oրինակ. Արդեն երկրորդ օրն է, ինչ հակամարտող կողմերը դե ֆակտո մեծ կորուստներ են կրում փոխադարձ հրետանային կրակի արդյունքում, մինչդեռ դե յուրե կողմերից ոչ մեկը չի հայտարարել մյուսի դեմ պատերազմական գործողություններ սկսելու մասին։

Պետական իշխանության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դե ֆակտո անկախ Արցախյան Հանրապետությունը

Երկրի կամ տարածաշրջանի դե ֆակտո առաջնորդն այն անձն է, որը փաստացիորեն տիրացել է իշխանությանն անկախ այն հանգամանքից, արդյոք օրինական կամ սահմանադրային են եղել նրա գործողությունները, թե՞ ոչ։ Շատ հաճախ եզրը օգտագործվում է իշխանություն հասած այն անհատների նկատմամբ, ում իշխանությունը ընդդիմության որոշ ֆրակցիաների կողմից դիտվում է որպես անօրինական, հակասահմանադրային կամ այլ առումներով անիրավական։ Դե ֆակտո առաջնորդին պետք չէ սահմանադրությամբ հաստատված իշխանության ապարատ, և նա կարող է ոչ ձևական կամ ոչ ֆորմալ եղանակներով իրականացնել իր իշխանությունը։

"Դե ֆակտո կառավարություն" եզրն օգտագործվում է իշխանության այն մարմինների նկատմամբ, որոնք որոշակի երկրում (հնարավոր է ժամանակավորապես) հաջողությամբ ուզուրպացրել են իշխանությունը՝ խլելով այն օրինականորեն ընտրված իշխանության ինստիտուտներից և դրանց փոխարեն հաստատել իրենց սեփական իշխանության ինստիտուտները։

Պատմական օրինակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դե ֆակտո անկախ Աբխազիայի Հանրապետությունը
Դե ֆակտո անկախ Կոսովոյի Հանրապետությունը

Ոչ բոլոր դիկտատորներն են եղել դե ֆակտո պետական ղեկավարներ։ Օրինակ Ավգուստո Պինոչետը Չիլիից սկզբում իշխանության եկավ որպես ռազմական խունտայի նախագահ, ինչի շնորհիվ շատ արագ դարձավ Չիլիի դե ֆակտո առաջնորդը, բայց հետո նա փոխեց ազգային սահմանադրությունը և ինքն իրեն դարձրեց ցմահ նախագահ, և Չիլիի պաշտոնապես իրավականորեն հաստատված պետական ղեկավարը։ Այլ օրինակ է Իրաքի նախկին ղեկավար Սադամ Հուսեյնը, որը 1979 թ., դարձավ Իրաքի նախագահ, մինչդեռ նրա դե ֆակտո իշխանությունը ավելի վաղ էր սկսվել որպես փոխնախագահ, երբ նա էր իրականում կառավարում երկիրը արդեն տարեց օրինական առաջնորդ Ահմեդ Հասան ալ-Բաքրի անունից։

Դե ֆակտո պետական կառավարչի մեկ այլ օրինակ է, երբ անձը, որն իրականում փաստացի իշխանավորը չէ, այդուհանդերձ մեծ իշխանություն կամ բացարձակ ազդեցություն է ունենում փաստացի իշխանավորի վրա, ինչը շատ հաճախ է պատահում միապետություններում։ Նման դե ֆակտո պետական կառավարիչների օրինակներ են Չինաստանի Ցի Հսի այրի կայսրուհին (իր որդի Թոնգժի և զարմիկ Գուանգսյու կայսրերի համար), իշխան Ալեքսանդր Մենշիկովը (իր նախկին սիրուհի Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա I-ի համար), Ֆրանսիայի Կարդինալ Ռիշելյեն (Ֆրանսիայի արքա Լուի XIII-ի համար), և Նեապոլի ու Սիցիլիայի Թագուհի Մարիա Կարոլինա Ավստրիացին (իր ամուսնու՝ Երկու Սիցիլիաների Արքա Ֆերդինանդ I-ի համար).

Դե ֆակտո առաջնորդներ են եղել Չինաստանի ժողովրդական հանրապետության առաջնորդ Դեն Քսյաոպինը և Պանամայի Գեներալ Մանուել Նորիեգան։ Երկուսն էլ երկար տարիներ ունեցել են գրեթե բացարձակ իշխանություն իրենց ազգերի վրա, չնայած որ չեն ունեցել ո՛չ իրավական սահմանադրական պաշտոն, ո՛չ էլ իշխանության օրինական իրավասություն։

Պետական կառավարման համակարգում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարության Վեսթմինիստերյան համակարգով գործադիր իշխանությունը հաճախ բաժանված է լինում դե յուրե գործադիր իշխանություն ունեցող պետության ղեկավարի և դե ֆակտո գործադիր իշխանության ունեցող վարչապետի և կառավարության կաբինետների միջև, ովքեր գործադիր իշխանությունը իրականացնում են դե յուրե գործադիր իշխանության անունից։ Միացյալ Թագավորությունում սուվերեն միապետը հանդիսանում է դե յուրե գործադիր իշխանություն, նույնիսկ թեև գործադիր որոշումներն ընդունվում են ընտրովի Վարչապետի և նրա կաբինետների կողմից երկրի սուվերեն միապետի անունից, ահա թե ինչու են ասում «Նորին Մեծություն Թագուհու Կառավարությունը»։

Միջպետական միջազգային հարաբերություններում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի դե ֆակտո սահմանները որոշվում են այն տարածքով, որտեղ երկրի կառավարությունը փաստացիորեն կարող է իրականացնել իր երկրի օրենքները, և որը այդ պետությունը կարող է փաստացիորեն պաշտպանել այլ երկրների ոտնձգություններց, որոնք կարող են դե յուրե տարածքային պահանջներ ունենալ այդ տարածքի նկատմամբ։ Դե ֆակտո սահմանի օրինակներ են վերահսկման սահմանագիծը Քաշմիրում Հնդկաստանի և Պակիստանի միջև, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայիս սահմանները Ադրբեջանի հանրապետության հետ։ Դե ֆակտո սահմաններ կարող են ծագել նաև այն տարածքներում, որտեղ դեռ երբեք պաշտոնական սահմանագծում չի եղել։ Նույն եզրը կիրառելի է նաև դաշնային պետությունների, կամ երկրի գավառների, կամ մարզերի միջև եղած սահմանների նկատմամբ։

Այլ գործածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դե ֆակտո մենատիրությունը այնպիսի համակարգ է, որտեղ որևէ ապրանքի շատ մատակարարներ են թույլատրվում, բայց շուկան այնքան անվերապահորեն է գրավված մեկի կողմից, որ մյուսների լինել կամ չլինելը գրեթե նշանակություն չունի։ (Նույնը վերաբերում է նաև մենատիրությանը իմաստով մոտ այլ եզրերին, ինչպես օրինակ «օլիգոպոլիա» և «մոնոպսոնիա»

Ընտանեկան հարաբերությունների իրավաբանական ձևակերպման մեջ ամուսնությունից դուրս համատեղ կեցության զուգընկերոջը որոշ յուրիսդիկցիաներում անվանում են դե ֆակտո ամուսին կամ կին[1]։ Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, դե ֆակտո եզրը դարձել է ընտանեկան զուգընկերոջ համար կիրառվող իրավական եզր։ Ըստ Ավստրալիայի օրենքի դա միասին ապրող զույգի իրավաբանորեն ճանաչվող հարաբերություն հատկանշող եզր է։ Տես՝ քաղաքացիական ամուսնություն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Walker Lenore E.A. "Battered Woman Syndrome. Empirical Findings". Violence and Exploitation Against Women and Girls, November 2006, p. 142.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]