Նիդեռլանդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նիդերլանդներից)
Նիդեռլանդներ
Nederland

դրոշը
Դրոշ

զինանշանը
Զինանշան

EU-Netherlands.svg

Հիմնական տեղեկություններ
Պետական լեզու հոլանդերեն[1]
Մայրաքաղաք Ամստերդամ[2]
Պետական կարգ խորհրդարանական միապետություն
Կրոն 29% կաթոլիկ,
9% ռեֆորմացված,
6% բողոքական,
4% ռեֆորմատորական,
4% իսլամ,
42% ոչ-կրոնական
Մակերես 41.528 կմ² (18,41%% ջրային)
Ազգաբնակչություն. 16.515.057 (2009) [3] (397,7/կմ²)
Պետական ատրիբուտներ
Հիմն Վիլհելմուս (Wilhelmus)
Կարգախոս Je maintiendrai (ֆրանս.)
Արժույթ եվրո (EUR)
Ժամային գոտի +1 (ամառային՝ +2)
Ազգային տոն ապրիլի 30 (թագուհու օր)
մայիսի 5 (ազտագրության օր)
Վեբ | ISO | Հեռ. .nl | NLD | 31
Map Nederland am.png

Նիդեռլանդներ (հոլանդերեն. Nederland (Բացել ֆայլի մասին տվյալները արտասանություն)). պետություն Արևմտյան Եվրոպայում, Հյուսիսային ծովի ափին։ Արուբայի և Նիդեռլանդյան Անտիլների (կենտրոնական Ամերիկա) հետ միասին մտնում է Նիդեռլանդների Թագավորության կազմի մեջ։ Երկրի ոչ պաշտոնական անունն է Հոլանդիա։

Հարավում սահմանակցում է Բելգիային, իսկ արևելքում Գերմանիային. արևմուտքում և հյուսիսում ամբողջովին եզերված է Հյուսիսային ծովով։ Նիդեռլանդների կազմի մեջ են մտնում Մաասի և Շելդայի գետաբերանի մոտ գտնվող կղզիների խումբը (Զեյլանդ մարզում) և Վադենյան ծովում գտնվող արևմտա-ֆրիզյան կղզիները։

Տարածքի զգալի մասը գտնվում է ծովի մակարդակից ցածր (այստեղից էլ Նիդեռլանդներ՝ «ցածրադիր երկրներ» անունը)։ Հեղեղումներից պաշտպանվում է ծովափով ձգվող ավազաթմբերի, ամբարտակների ու պատնեշների համակարգով։ Ընդհանուր տարածությունը 41,2 հզ. կմ² է, իսկ զուտ ցամաքային տարածքը՝ 36,9 հզ. կմ² (մակերեսի 18%-ից ավելին կազմում են ներքին ջրերը)։ Ավելի քան 16,5 մլն ազգաբնակչությամբ՝ աշխարհի ամենախիտ բնակեցված երկրներից մեկն է (397,7մարդ/կմ²)։

Նիդեռլանդները սահմանադրական-խորհրդարանական միապետություն է, որտեղ իշխանությունը բաժանված է նախարարների, խորհրդարանի և թագավորի միջև։ Նիդեռլանդները Եվրամիության, ՆԱՏՕ-ի և Առևտրի Համաշխարհային Կազմակերպության համահիմնադիր-անդամներից է։ Բելգիայի և Լյուքսեմբուրգի հետ, մաս է կազմում Բենիլյուքսի միությանը։

Մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Ամստերդամն է։ Թագավորական տան, պառլամենտի և կառավարության նստավայրերը գտնվում են Հաագայում։ Վերջինս կարևոր դեր է խաղում նաև միջազգային իրավունքի ոլորտում՝ որպես չորս միջազգային տրիբունալների և Եվրոպոլի նստավայր։

Պատմությունը[խմբագրել]

Հնադարյան և հռոմեական ժամանակաշրջան[խմբագրել]

Երկաթի դարում Նիդեռլանդների տարածքում բնակվել են կելտական ցեղեր, որոնք հիմք են դրել այսպես կոչված Լա Տենեյան մշակույթի (մոտ մ.թ.ա. 450-ից մինչև մ.թ. 1-ին դարՔ.ա. 2-րդ դարում սկսել են հաստատվել նաև գերմանական ցեղեր (կանեֆատերներ, բատավներ)։ Մ.թ.ա. 1-ին դարում Նիդեռլանդների տարածքի մեծ մասը գրավել են հռոմեացիները։ Մ.թ. 28 թ. հյուսային մասում բնակվող ֆրիզները ապստամբելով հռոմեացիների դեմ, ձեռք են բերել անկախություն։ 47 թվականից Հռենոս գետը հաստատվել է որպես Հռոմեական կայսրության հյուսիսային սահմնագիծ. այսպիսով այն ընդգրկում էր Նիդեռլանդների տարածքի մոտավորապես հարավային կեսը։ Հռոմեական տիրապետությունն իր ավարտին է հասել 5-րդ դարասկզբին։

Միջնադար[խմբագրել]

Վաղ միջնադարում Նիդեռլանդների տարածքում ձևավորվել էին երեք ցեղային միություններ. ֆրիզները, որոնք բնակվում էին ափամերձ շրջաններում և զբաղվում ծովային առևտրով, սաքսերը՝ արևելքում, և ֆրանկները հարավային մասում։

Նիդեռլադների քարտեզը (ստեղծված 1593 թ.)

481 թ. ֆրանկական ցեղերը, Կլոդեվիկ I-ի գլխավորությամբ, միավորվեցին և գրավեցին Գալիայի (ներկայիս Ֆրանսիայի) մեծ մասը՝ ստեղծելով Ֆրանկական պետությունը։ Վերջինիս կազմի մեջ մտավ Նիդեռլանդների տարածքի զգալի մասը (ֆրիզներին և սաքսերին հպատակեցնել ֆրանկներին հաջողվեց ավելի ուշ միայն՝ Կարլոս Մեծի (768-814) ժամանակ)։ Այս շրջանում Նիդեռլանդներում սկսեցին արմատավորվել ֆեոդալական հարաբերություններ և տարածվեց քրիստոնեությունը։

Ֆեոդալական իշխանությունների կազմավորումը

10-ից 14-րդ դդ. Նիդեռլանդներում ձևավորվեցին մի շարք աշխարհիկ և եկեղեցական ֆեոդալական իշխանություններ, որոնցից էին Հոլանդիայի, Զեյլանդի, Ֆրիզլանդի, Բրաբանտի, Լիմբուրխի և Խրոնինգենի կոմսությունները, ինչպես նաև մեծ թվով մանր տիրույթներ։ Այս իշխանությունները հպատակվում էին օտար միապետերի ու դուքսերի, սակայն գործնականում հանդես էին գալիս որպես ինքնուրույն իշխանություններ։

12-րդ դարում զարգացում են ապրում տնտեսությունը, առևտուրը և երկրագործությունը։ Զարգանում են նաև քաղաքները, որոնք կարևոր դեր են խաղում որպես առևտրաարհեստավորական կենտրոններ։ Նկատվում է նաև մշակութային աշխուժացում։ Բացվում են դպրոցներ և համալսարաններ, որտեղ ուսուցանվում են միջին դարերի «յոթ ազատ արվեստները»։ Այս շրջանը Նիդեռլանդների պատմության մեջ հայտնի է որպես «12-րդ դարի վերածնունդ»։

Ուշ միջնադար

«Ոսկե առյուծ» առագաստանավը Ամստերդամի Այ ծովավոցում։ Վիլլեմ վան դե Վելդե կրտսեր, 1686 թ.։

Նիդեռլանդների իշխանների անհամերաշխության, ինչպես նաև եվրոպական ազդեցիկ իշխանատոհմերի հետ ամուսնական կապերի հետևանքով Նիդեռլանդների զգալի հատվածներ հայտնվում են օտարերկրյա իշխանական տների ձեռքում։ Այսպիսի դինաստիական կապերի միջոցով Բուրգունդիայի իշխան Ֆիլիպ Բարու (1419-1467) իշխանությանն անցան Բրաբանտ, Լիմբուրխ, Հոլանդիա, Զեյլանդ և այլ մի շարք այլ կոմսություններ։ 1477-ին Բուրգունդիայի դքսուհի Մարի Բուրգունդացին ամուսնացավ Մաքսիմիլիան Հաբսբուրգեցու հետ։ Նրանց զավակը՝ Գերմանիայի ապագա կայսր Ֆիլիպ Գեղեցիկը, մոր մահից հետո ժառանգեց Նիդեռլանդերը։ Այսպիսով Նիդեռլանդերը ենթարկվեցին Սրբազան Հռոմեական կայսրության միապետին։

1556-ին –կրկին դինաստիական ամուսնությունների արդյունքում– Նիդեռլանդերը հայտնվեց Իսպանական կայսրության տիրապետության ներքո. Նիդեռլանդները այս շրջանում կառավարվում էր իսպանական կայսրի կողմից նշանակված փոխարքայի կողմից։

16-րդ դարում Նիդեռլանդերում սկիզբ է առել Ռեֆորմիացիան։ Ազնվականությունից բացի, հասարակության գրեթե բոլոր շերտերում մեծ տարածում է գտնում կալվինիզմը (բողոքականության ուղղություներից մեկը)։ Բողոքականությունը, սակայն, խստորեն հետապնդվում էր իսպանական կաթոլիկ իշխանության կողմից՝ հատկապես Ֆիլիպ II օրոք։ Այս, ինչպես նաև Իսպանիայի կողմից վարվող բարձր հարկերի և առևտրային սահմանափակումների քաղաքականությունը, հանգեցրին 1566 թ. Նիդեռլանդերի ապստամբությանը՝ Վիլհելմ Օրանացու գլխավորությամբ։

Ութսունամյա պատերազմ (1568-1648)

Վիլհելմ Օրհանացին (հոլանդ. Willem van Oranje) համարվում է Նիդեռլադների ազգային հերոսը։

Իսպանիային սկսզբնապես հաջողվեց դաժանորեն ճնշվել ապստամբությունը, սակայն այն տարածվեց ողջ երկրով մեկ, սկիզբ դնելով նիդեռլանդական մարզերի և Իսպանական կայսրության միջև մղված Ութսունամյա պատերազմի (1568-1648 թթ.)։ 1579 թվականին հյուսիսային նիդեռլանդական մի քանի մարզեր ստեղծեցին Ուտրեխտի միությունը և երկու տարի անց իրենց անկախ հռչակեցին։ 1588 թ. հռչակվեց Յոթ Միացյալ Նիդեռլանդերական Մարզերի Հանրապետությունը, որի քաղաքական իշխանությունը դե ֆակտո պատկանում էր Գլխավոր Շտատներին (Խորհրդարանին)։

Չնայած շարունակական պատերզամներին, Նիդեռլանդները տնտեսական ծաղկում էր ապրում։ Դա հիմնականում տեղի էր ունենում ծովագնացության ընդլայնվող առևտրի շնորհիվ։ Ամստերդամը աստիճանաբար վերածվեց Եվրոպայի ծովային առևտրի կենտրոնի։ 1609 թ. Իսպանիայի հետ կնքվեց Տասներկուամյա զինադադար, որով Իսպանիան ճանաչեց Նիդեռլանդական Հան րապետության անկախությունը։

Ոսկե դար[խմբագրել]

17-րդ դարը Նիդեռլանդների պատմության մեջ հայտնի է որպես «Ոսկե դար»։ Այս շրջանում Նիդեռլանդերը իր զարգացմամբ առաջ անցավ եվրոպական մյուս տերություններից։ Նիդեռլանդերը ձեռք բերեց գաղութներ Հարավարևելյան Ասիայում, Ամերիկայում և Աֆրիկայում։ Հիմնվեցին անդրծովյան առևտրային ընկերություններ (հատկապես նշանավոր էr «Արևելահնդկական Կոմպանիան»), որոնք վիթխարի շահույթներ էին բերում պետությանը։

Բուրժուազիան այս շրջանում դառնում է գերիշխող դասը, իսկ ազնվականության և հոգևորականության ազդեցությունը գնալով փոքրանում է։ Նիդեռլանդիայում հայտարարված էր խղճի ազատություն, թեև իշխանության անդամները բացառապես բողոքական էին։ Տնտեսությանը զուգահեռ ծաղկում են նաև մշակույթը և գիտությունը։ Մեծ հռչակ է ստանում հատկապես հոլանդական գեղանկարչությունը։

Նորագույն պատմություն

17-18-րդ դարերում անգլո-հոլանդական պատերազմների հետևանքով հոլանդացիները դուրս մղվեցին ծովային առևտրից և կորցերցին մի շարք գաղութներ. թուլացավ Նիդեռլանդների ռազմական և քաղաքական հզորությունը։ 1795-ին Նապոլեոնի զորքերը գրավեցին Նիդեռլանդերը, նրա տարածքում ստեղծվեց Բատավյան Հանրապետությունը, իսկ 1806-ին՝ ստեղծվեց Հոլանդական թագավորությունը։ Երկու պետություններն էլ Ֆրանսիական կայսրության փաստացի վասալներ էին։ Սակայն կործանիչ հետևանքներ ունեցած ռուսաստանյան արշավից հետո, 1813 թ. ֆրանսիացիները լքեցին Նիդեռլանդները։

Նիդեռլանդների թագավորությունը

1815 թ. ստեղծվեց Նիդեռլանդերի թագավորությունը, որը Վիեննայի կոնգրեսի որոշմամբ միավորեց Նիդեռլանդները և Բելգիան (վերջինս անջատվեց Նիդեռլանդերից 1830-ին)։ Նիդեռլանդների առաջին արքան էր Վիլլեմ I-ը։ Գլխավոր Շտատերը հանդիսանում էին պետության օրենսդիր մարմինը և ժողովրդական ներկայացուցչությունը։ 1848 թ. Վիլհելմ I-ի կարգադրությամբ ստեղծվեց նոր սահմանադրություն, որով սահմանափակվեց թագավորի իշխանությունը և ներմուծվեցին նախարարական գերատեսչություններ։ Նիդեռլանդերը դարձավ սահամանադրական միապետություն։

Ռոտտերդամ քաղաքը 1940 թ. մայիսի 14-ին գերմանացիների կողմից գնդակոծվելուց հետո։

Վիլհելմ I-ի օրոք սկսվեց տնտեսության, հատկապես արդյունաբերության, առևտրի և ծովագնացության վերականգնում։ Կառուցվեցին բազմաթիվ ջրանցքներ և ճանապարհներ, խոշոր նավահանգիստներ։ 19-րդ դարի վերջերին Նիդեռլանդներում շարունակվեց արդյունաբերական հեղաշրջումը՝ նպաստելով տնտեսական աճին։ 20-րդ դարի սկզբին Նիդեռլանդները աշխարհի խոշոր գաղութային տերություններից էր։

20-րդ դար

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Նիդեռլանդների պահպանեց չեզոքություն։ 1917-ին ընդունվեց արական սեռի բնակչության ընդհանուր ընտրական իրավունք, երկու տարի անց ընտրական իրավունք ստացան նաև կանայք։ Այս տարիներին զարգանում է սոցիալական համակարգը. ստեղծվում են նոր քաղաքական կուսակցություններ, արհմիություններ, երիտասարդական շարժումներ, դպրոցներ, մամուլի և ռադիոընկերություններ, որոնք սակայն գաղափարական 7 կրոնական առումով խիստ բևեռացած էին միմյանցից։ Երկիրը բաժանված էր բողոքական, կաթոլիկ և սոցիալիստական շերտերի, որոնք ապրում էին գրեթե լիովին մեկուսացած։

Երկրոդ համաշխարհային պատերազմ

30-ական թվականների համաշխարհային տնտեսական ճգնաժամը ծանր հետևանքներ ունեցավ Նիդեռլանդների համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նիդեռլանդները կրկին հայտարարեց իր չեզոքության մասին։ Սակայն 1940 թ. մայիսին գերմանա-ֆաշիստական զորքերը զավթեցին Նիդեռլանդները։ Երկրի ներսում իրականացվեցին էթնիկ զտումներ. շուրջ հարյուր հազար հրեաներ (Նիդեռլանդերի հրեա բնակչության 75%-ը) տարհանվեցին և ոչնչացվեցին համակենտրոնացման ճամբարներում։ Նիդեռլանդները վերջնականապես ազատագրվեց 1945-ի մայիսին։

Նոր կառավարությունը 1965 թ. (տեսանյութ հոլանդերեն լեզվով)։

Համաշխարհային պատերազմից հետո սկսվեց վերակառուցման և տնտեսական վերականգման մի շրջան։ Նիդեռլանդները բացի այդ փոխեց իր ավանդական չեզոք քաղաքականությունը անդամակցելով ՄԱԿ-ին, Եվրոպական Տնտեսական Համագործակցությանը, իսկ 1949-ին՝ ՆԱՏՕ-ին։

Արդի շրջան

50-ական թվականներից մշակութային և սոցիալական մեծ փոփոխություններ են առաջացնում գաղափարական նոր շարժումները, հատկապես ֆեմինիստական և երիտասարդական բազմաթիվ շարժումները։ Հասարակության մեջ կրոնը ավելի նվազ դեր է սկսելում խաղալ։

Սոցիալական կայունության և բարեկեցության պայմաններում 60-ական թվականներից մեծ թվով արտագնա աշխատողների ներհոսք է տեղի ունենում։ Ժամանակի ընթացքում վերջիններս դառնում են հիմնական բնակվող։ Տեղի և ունենում նաև ներգաղթի աճ։ Ընդամենը մեկ-երկու տասնամյակի ընթացքում աճում է էթնիկ բազմազանությունը։ Նիդեռլանդական ժամանակակից հասարակության համար հատկանշական է դառնում բազմամշակութայնությունը (մուլտիկուլտուրալիզմը)։

Ներկայիս Նիդեռլանդերի քաղաքական կյանքում հատկապես ակտուալ խնդիրներ են մի կողմից Եվրոպական միասնականացումը, մյուս կողմից ներքին (հատկապես մեծաքանակ էթնիկ փոքրամասնությունների) ինտեգրացիան։ 2000-ական թվականներից սկսած մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ հանդես են գալիս բազմազգ հասարակության քննադատությամբ (Պիմ Ֆորտյոյն, Թեո վան Գոգ, Գեերտ Վիլդերս

Աշխարհագրություն[խմբագրել]

Բնությունը[խմբագրել]

Նիդեռլանդներին բնորոշ է ցածրադիր հարթավայրային ռելիեֆը։ Լանդշաֆտում գերակշռում են մշակվող հողատարածքները և պահպանվող բնատարածքները։ Մակերեսի միայն 2%-ն ունի 50 մ-ից ավելի բարձրություն։ Հեղեղումներից պաշտպանվելու համար կառուցվել են բազմաթիվ ամբարտակներ և պատնեշներ։ Ծովապատնեշով փակվել են Զեյլանդ մարզի ծովախորշերը, Այսելմիեր լիճը (նախկինում՝ Զաուդերզեյ ծովածոցը)։ Նիդեռլանդների ցամաքային մակերեսի զգալի մաս են կազմում այսպես կոչված պոլդերները՝ նախկին ջրային տարածություններ, որոնք ամբարտակներով փակվել ու չորացվել են, վերածվելով մշակվող բերրի հողատարածքների։

Նիդեռլանդների արևելքում տարածված են բլրապատ մորենային դաշտավայրերը, կենտրոնական մասում տեղ-տեղ պահպանվել են մորենային թմբաշարեր, հարավում՝ լյոսով ծածկված հին գետային դարավանդները։ Նիդեռլանդների հյուսիսային մասը կազմված է պլեյստոցենի ավազակավային, ծովային և գետային, արևելքում՝ սառցադաշտային և ջրասառցադաշտային, Հռենոսի, Մաասի և Շելդայի դելտան՝ կուտակումային նստվածքներից, հարավարևելքը՝ կրաքարերից, մերգելներից, կավիճից։

Kinderdijk11.JPG
Windsurfer.VeerseMeer(NL).JL.jpg
T.goy.luchtfoto.jpg
KeizersgrachtLeliegracht.jpg
Eys.jpg
Հողմաղացները բնորոշ են հոլադնական բնապատկերներին Ֆեյրսը լիճը (Զեյլանդ) Ագարակ Խոյ գյուղակում (Ուտրեխտի մարզ) Ամստերդամի ջրանցքներից մեկը Էյս գյուղ, Լիմբուրխի մարզ
Ներքին ջրերը[խմբագրել]

Գետերը ջրառատ են, նավարկելի և միացված են ջրանցքներով։ Ամենամեծ գետը Հռենոսն է (հոլանդերեն՝ Ռայն), որով երկու անգամ ավելի շատ ջուր է Նիդեռլանդներ ներհոսում քան տարեկան տեղումների ընդհանուր քանակը։ Այլ խոշոր գետեր են Մաասը և Շելդան։ Նիդեռլանդներում կառուցված են մեծ թվով ջրանցքներ, որոնք, ինչպես նաև գրեթե բոլոր գետերը նավարկելի են։ Ամստերդամ, Լայդեն և Ուտրեխտ քաղաքները հայտնի են իրենց ջրանցքների համակարգով։

Խաղցրահամ լճերը, որոնց մեծ մասը գտնվում է երկրի արևմտյան մասում և Ֆրիսլանդ մարզում, ունեն հիմնականում ռեկրեացիոն նշանակություն։ Խմելու համար օգտագործվում են ստորգետնյա ջրի պաշարները։ Ջրային ռեսուրսների պահպանմամբ և վերահսկմամբ զբաղվում է Տրանսպորտի և ջրային տնտեսության նախարարությունը։

Ռելեֆ[խմբագրել]

Նիդեռլանդներին բնորոշ է ցածրադիր հարթավայրային ռելիեֆը։ Գերակշռում են մշակվող հողատարածքները և պահպանվող բնատարածքները։ Մակերեսի միայն 2%-ն ունի 50մ-ից ավելի բարձրություն։ Նիդեռլանդների ցամաքային մակերեսի զգալի մաս են կազմում պոլդերները՝  նախկին ջրային տարածություններ, որոնք ամբարտակներով փակվել ու չորացվել են՝ վերածվելով մշակվող բերրի հողատարածքների։

Նիդեռլանդների արևելքում տարածված են բլրապատ դաշտավայրերը, կենտրոնական մասում տեղ-տեղ պահպանվել են թմբաշարեր, հարավում՝ հին գետային դարավանդները։ Նիդեռլանդների հյուսիսային մասը կազմված է ավազակավային, ծովային և գետային, արևելքը՝ սառցադաշտային և ջրասառցադաշտային, Հռենոսի, Մաասի և Շելդայի դելտան՝ կուտակումային նստվածքներից, հարավ-արևելքը՝ կրաքարերից, մերգելներից, կավիճից։

Տարածքի ամենաբարձր կետն է Վալսերբերգ լեռը (321 մ), իսկ ամենացածր կետը՝ -6,7 մ ծովի մակարդակից (Ռոտերդամի արվարձան)։

Կլիման[խմբագրել]

Նիդեռլանդները տեղակայված է Եվրոպայի Մերձատլանտյան բարեխառն իջվածքներում, ինչը պայմանավորում է իր բացառիկ կլիման։ Երկրի տարածքում՝ բարձրադիր վայրերի կամ լեռների փոքր չափերի և բացակայության պատճառով, կլիմայական տարբերություններ գրեթե չկան։ Նիդեռլանդների կլիմայի վրա յուրօրինակ ազդեցություն են թողնում Ատլանտիկական ցիկլոնները։ Եղանակը շատ շուտ փոփոխվում է, սակայն հիմնականում պահպանվում է ամպամած, խիտ ամպերով և մառախուղով պատված եղանակը։ Ամբողջ տարվա ընթացքում հազվադեպ են լինում արևոտ օրեր։

Նիդեռլանդերում հիմնականում ձմեռը լինում է մեղմ, օդի միջին ջերմաստիճանը հասնում է 2օC-ի։ Այս ամենը տեղի է ունենում շնորհիվ գերակշռող արևմտյան ամպերի, որոնք փչում են Հյուսիսային ծովից։ Երբեմն լինում է նաև բացասական ջերմաստիճան, սակայն դրան հաջորդում են տաքացումները։ Ձմռանը ձյան տեղումները հազվադեպ են, և մնացած բոլոր տեղումները լինում են անձրևի տեսքով։ Արևելքից եկող ցրտաշունչ քամիները կարող են իրենց հետ բերել սառնամանիքներ և Ռայնի հոսքն ի վար՝ սառցակալումներ։  Ամռան ընթացքում զով եղանակին հաջորդում են տաք օրերը։

Հուլիսին օդի միջին ջերմաստիճանը հասնում է մինչև 16օC-ի։ Օգոստոսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում գրանցվում են տեղումների ամենաշատ քանակը։ Նիդեռլանդների կլիման բարենպաստ է բաց գրունտներում  հացահատիկային և պտղատու բույսերի աճեցման համար՝ վաղ գարնանից մինչև ուշ աշուն։ Կաղապար:Նիդեռլանդներ-կլիմա

Ժամային գոտիները[խմբագրել]

Նիդեռլանդների տարածքը գտնվում է Կենտրոնաեւրոպական ժամանակ (CET) (UTC+1) ժամային գոտում։ Ամեն տարի մտցվում է կենտրոնաևրոպական ամառային ժամանակը (UTC+2)՝ ժամասլաքը մարտի վերջին կիրակիի ժամը 2։00-ին մի ժամով տարվում է առաջ և նոյեմբերի վերջին կիրակիի ժամը 3։00-ին՝ մի ժամով ետ։ Նիդեռլանդների Բոնեյր, Սինտ-Էստարիուս և Սաբո հատուկ մունիցիպալիտետները, ինչպես նաև Թագավորության մասերը (Արուբա, Կյուրասաո, Սինտ-Մարտեն) գտնվում են UTC-4 ժամային գոտում։

Տնտեսություն[խմբագրել]

Նիդեռլանդները ունի զարգացած բաց տնտեսական համակարգ, որի հիմքն է հանդիսանում միջազգային առևտուրը։ Ամենակարևոր առևտրական գործընկերներն են Գերմանիան, Բելգիան, Ֆրանսիան և Իտալիան։ Լավ զարգացած ենթակառուվածքի շնորհիվ Նիդեռլանդները կարևոր ճանապարհատրանսպորտային հանգույց է Արևմտյան Եվրոպայում։ Ռոտերդամի նավահանգիստը խոշորագույնն է Եվրոպայում։

Նիդեռլանդները երկրագործական և բանջարաբոստանային ապրանքների աշխարհի ամենախոշոր արտահանողներից է։ Գյուղատնտեսությունը ամբողջովին ավտոմատացված և հիմնված ինտենսիվ հողագործության վրա, ինչով և պայմանավորված է այն, որ գյուղատնտեսության ոլորտում աշխատում է մասնագիտական բնակչության միայն 4%-ը։ Գյուղատնտեսության կարևոր մաս են կազմում ծաղկաբուծությունը և ջերմոցային բանջարաբուծությունը։

Արդյունաբերությունը հիմնականում բաղկացած է սննդի արտադրությունից, քիմիական արդյունաբերությունից, նավթարդյունաբերությունից և մետալուրգիայից։ Տնտեսության այլ կարևոր հատվածներ են ֆինանսական և բանկային սեկտորը, տուրիզմը։ Նիդեռլանդներ ամեն տարի այցելում է մոտ 10-11 մլն զբոսաշրջիկ, որոնց գրեթե կեսը՝ ժամանում է Ամստերդամ։ Վերջինս շատ զբոսաշրջիկների գրավում է ոչ միայն թանգարաններով և պատմական ճարտարապետությամբ, այլ թմրանյութերի ազատ վաճառքով և կարմիր լապտերների թաղամասերով։

Ազգային արժույթն է եվրոն, որը 2002 թ. փոխարինել է նիդեռլանդական գուլդենին։

Արդյունաբերություն[խմբագրել]

Արդյունաբերության ծավալներով կա 3 մեծ ճյուղ՝ նավթաքիմիա-25% շրջանառություն, սննդի արդյունաբերություն՝ 27% և մեքենաշինություն՝ 12.4%։

Մյուս ճյուղերից են ինքնաթիռաշինությունը, նավաշինությունը, սև մետալուրգիան, տեքստիլ արդյունաբերու-թյունը, կահույքի և թղթի արդյունաբերու-թյունները, գարեջրի և հագուստի արտադրությունը։ Հայտնի է նաև կակաչների արտահանումը (կակաչը Նիդեռլանդների խորհրդանիշներից է)։

Նիդեռլանդների տնտեսությունը աշխարհին հայտնի է այնպիսի ֆիրմաներով, ինչպիսիք են «Royal Dutch Shell»-ը (նավթաքիմիա), «Unilever» (սննդամթերք), «Philips» (Էլեկտրոնիկա), «Hoogovens (Estel)» (մետալուրգիա), «Fokker» (ինքնաթիռաշինու-թյուն), «Rhein-Shelde Verolme» (նավաշինություն) և այլն։ Առաջին երեքը մտնում են աշխարհի 30 խոշոր կորպորացիաների մեջ։ Ի դեպ «Royal Dutch Shell»-ը այդ ցուցակում չորրորդն է։

Հոլանդական տնտեսության մեջ մեծ տեղ է զբաղեցնում էներգետիկան։ Հոլանդիայի էներգետիկան էլեկտրաէներգիայի հետ միասին արդյունահանում է նաև նավթ և բնական գազ (ի դեպ՝ գազի պաշարներով 4-րդն է աշխարհում)։ Տարեկան արդյունահանում են 80 մլրդ. մ3բնականգազ, որի կեսից ավելին արտահանում են այլ երկրներ։

Էլեկտրատեխնիկական ընկերությունների մասնաբաժինը կազմում է 10%, որի 6%-ը բաժին է ընկնում մետալուրգիային, մետաղամշակմանը, տրանսպորտային մեքենաշինությանը։ Արդյունաբերական շրջանառության մեջ համեմատաբար փոքր մաս են կազմում ռետինի արտադրությունը, թուղթի և ստվարաթուղթի արտադրությունը, կահույքի, սարքավորումների արտադրությունը, տեքստիլ արդյունաբերությունը, հագուստը և կոշկեղենը։ Արդյունաբերական արտադրանքի մեջ տեխնոլոգիական ոլորտների մասնաբաժինը կազմում է 12.3%։

Ազգային եկամտի մեջ ծառայությունների բաժինը կազմում է 61.6%, արդյունաբերությունը՝ 34.2%, գյուղատնտեսությունը՝ 4.2%։

Գյուղատնտեսություն[խմբագրել]

Նիդեռլանդների տնտեսությունը բնութագրվում է բարձր արդյունավետ գյուղատնտեսական արտադրությամբ։ Գյուղատնտեսական հատվածն արտահանման ծավալում կազմում է 25%։ ԱՄՆ-ից հետո Նիդեռլանդներն աշխարհում երկրորդն է գյուղատնտեսական ապրանքների արտահանմամբ։ Արտահանման շուրջ 78%-ը բաժին է ընկնում Եվրամիության երկրներին։

Ամենամեծ հատվածը գյուղատնտե-սությունում զբաղեցնում է բանջարաբուծությունն ու պտղաբուծությունը, որից հետո կաթնային տավարաբուծությունն ու թռչնաբուծությունը։ Հողագործությունը համեմատաբար համեստ դեր է խաղում։

Վերջին տարիներին լուրջ ուշադրություն է դարձվում նվազեցնելու շրջակա միջավայրի վրա աճող բացասական ազդեցությունները, որոնք իրենց ազդեցությունն են ունենում գյուղատնտեսության վրա։

Կաթնային տավարաբուծությունն իրականացվում է կլոր տարին՝ շնորհիվ խոշոր արոտավայրերի։ Կաթի արտադրությունը կազմում է տարեկան մոտ 11 մլն տոննա։ Կաթնամթերքի ոլորտում գերիշխող դերը պատկանում է երեք խոշորագույն ընկերությունների, որոնց բաժին է ընկնում ոլորտի 75%-ը։

Պետական կարգ[խմբագրել]

Գլխավոր Շտատների նստավայրը Հաագայում
Խորհրդարանը[խմբագրել]
Նիդեռլանդների թագուհի Բեատրիկսը՝ թագավորական կառքում։

1814 թ. ի վեր Նիդեռլանդները սահմանադրական միապետություն է։ Երկրի օրենսդիր մարմինը կոչվում է Գլխավոր Շտատները (հոլանդ. Staten-Generaal)։ Այն բաղկացած է Առաջին և Երկրորդ պալատներից։ Երկրորդ պալատը Նիդեռլանդերի ամենաազդեցիկ քաղաքական կառույցն է, օրենքներ ընդունելուց բացի, նրա գործառությունների մեջ է մտնում կառավարության վրա վերահսկողություն կատարելը։ 150 անդմաները ըտրվում են 4 տարի ժամկետով ուղղակի ժողովրդական քվեարկությամբ։ Առաջին պալատը ունի ավելի փոքր քաղաքական ազդեցություն. այն կամ հաստատում կամ բեկանում է Երկրորդ պալատի ընդունած օրինագծերը։ 75 անդամները ընտրվում են 6 տարի ժամկետով մարզերի ինքնակառավարման մարմինների կողմից։

Նիդեռլանդները չունի եռակողմ իշխանության ավանդական բաժանում։ Օրենսդրական իշխանությունն իրականացում են Գլխավոր Շտատները, թագուհին և կառավարությունը (նախարարների խորհուրդը) միասին։

Թագավորը[խմբագրել]
Երկրորդ պալատի կուսակցական կազմությունը (2010 թ.)։ Ամենամեծ 3 կուսակցություններն են.
     Աշխատանքային կուսկց. (30 մանդատ)      Ազատության և ժողովրդավարության կուս. (31)      Ազատություն կուսակց. (24)

Թագավորը (ներկայում՝ թագուհին) պետության գլուխն է և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը։ Թագուհին հաստատում է օրինագծերը, նշանակում է նախարարներին, դատավորներին, մարզային խորհուրդների նախագահներից (որոնք կոչվում են թագուհու կոմիսարներ) և համայնքապետերին։ Նախարարների խորհրդի հետ միասին կազմում է գործադիր իշխանությունը։ Գործադիր իշխանությանը կից որպես խորհրդատվական օրգան գործում է Պետական Խորհուրդը (հոլանդ. Raad van State)

Թագավորի սահմանադրական իշխանությունը, սակայն, տարիների ընթացքում գնալով սահմանափակվել է և այժմ ունի ավելի շատ ձևական և ծիսակարգային բնույթ։ Հատկանշական է, որ Նիդեռլանդները 1890-ից մինչ այժմ ունեցել է միայն թագուհիներ։ Նիդեռլանդերի ներկայիս միապետն է Բեատրիկսը։ Գահաժառանգն է Վիլլեմ-Ալեքսանդր արքայազնը։

Կառավարությունը[խմբագրել]

Կառավարության ղեկավարն է վարչապետը (այս պահին՝ Մարկ Ռուտե)։ Վարչապետը, նախարարների և պետքարտուղարների հետ, կազմում է կաբինետը։ Երկրորդ պալատի ընտրություններից հետո սովորաբար երկու կամ երեք կուսակցություններ կազմում են կոալիցիա։

Ինչպես կառավարության, այնպես էլ թագուհու և խորհրդարանի նստավայրերը գտնվում են Հաագայում։

Քաղաքական կուսակցություններ[խմբագրել]

Քաղաքական համակարգը բաժանվում է երեք ավանդական բլոկերի. քրիստոնեա-դեմոկրատներ (որոնց ներկայացուցիչն է CDA - Քրիստոնեա-դեմոկրատական դաշինք կուսակցությունը), սոցիա-դեմոկրատները (PvdA - աշխատավորական կուսակցությունը) և լիբերալ-դեմոկրատները (VVD - Ազատության և Ժողովրդավարության կուսակցությունը)։ Համեմատաբար նոր կուսակցություն է Ազատության Կուսակցությունը (PVV), որի առաջնորդն է Գերտ Վիլդերսը։ Վերջինս հատկապես հայտնի է իսլամի վերաբերյալ իր ծայրահեղ հայացքներով և իմիգրացիոն քաղակականության վերաբերյալ կտրուկ քննադատությամբ։ Խորհրդարանական փոքրամասնություն կազմող կուսակցություններից են Դեմոկրատներ 66-ը (D66), ԿանաչՁախը (GroenLinks), ՔրիստոնյաՄիությունը (CU) և Կենդանիների պաշտպանության կուսակցությունը (PvdD)։

Վերջին վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները կայացել են 2010 թ. հունիսի 9-ին։ Մինչ այդ խոշորագույն քակաքական կուսակցություն հանդիսացող Քրիստոնեա-դեմոկրատական դաշինքը (CDA) այս ընտրություններում կորցրեց պատգամավորական մանդատների կեսը։ Ազատության և Ժողովրդավարության կուսակցությունը (PVV) և Աշխատավորական կուսակցությունը (PvdA) դարձան համապատասխանաբար առաջին և երկրորդ կուսակցությունները։ Մեծ թռիչք կատարեց Ազատության Կուսակցությունը (PVV) կուսակցությունը ձեռք բերելով 24 պատգամավորական մանդատ (նախկին 9-ի փոխարեն)։

Մարզային և տեղական ինքնակառավարում[խմբագրել]

Մարզերում և համայնքներում գործում են ընտրովի տեղական ինքնակառավարման մարմիններ. Պրովինցիալ Շտատները (մարզային ընտրովի ինքնակառավարման մարմին)՝ թագուհու նշանակած կոմիսարի գլխավորությամբ և համայնքային խորհուրդները (համայնքային ընտրովի ինքնակառավարման մարմին) նույնպես թագուհու կողմից նշանակված համայնքապետի (բուրգոմիստրի) գլխավորությամբ։

Ժողովրդագրություն[խմբագրել]

Բնակչություն[խմբագրել]

Համեմատած այլ եվրոպական երկրների հետ, Նիդեռլանդները իր պատմության ընթացքում ունեցել է արագ ժողովրդագրական աճ. 1850-ին բնակչությունը կազմել է 3 միլիոն, 1900-ին՝ 5 միլիոն, 1950-ին՝ 10 միլիոն և 2000-ին՝ 16 միլիոն։ 2009-ի դրությամբ այն կազմել է 16,5 միլիոն։ Միջին խտությունը 1 կմ² վրա 397,7 մարդ է։[4]

2005 թ. տվյալներով ընդհանուր բնակչության 80,9%-ը նիդեռլանդացիներ են, 2,4%-ը ինդոնեզացիներ, 2,4%-ը գերմանացիներ, 2,2%-ը թուրքեր, 2,0%-ը սուրինամացիներ, 1,9%-ը մարոկկացիներ, 0,8%-ը անտիլյանցիներ և արուբացիներ, իսկ մնացած 6,0%-ը՝ այլ ազգություններ։

Ընդհանուր բնակչության 82%-ը քաղաքաբնակ է։ Նիդեռլանդներին բնորոշ են համեմատաբար փոքր, իրար մոտ գտնվող բնակավայրերը։ Խոշոր, մեկ միլիոնից ավել բնակչություն ունեցող մետրոպոլներ չկան (ամենամեծ քաղաքը Ամստերդամն է 780 հզ բնակչությամբ)։ Երկրի կենտոնաարևմտյան հատվածում գտնվող չորս համեմատաբար խոշոր քաղաքաները (Ամստերդամ, Ռոտերդամ, Հաագա, Ուտրեխտ), սերտաճելով իրենց մեջ գտնվող այլ բնակավայրերի հետ, կազմում են այսպես կոչված Ռանդստադի ագլոմերացինան։ Երկրի ընդհանուր բնակչության 40%-ը կենտրոնացած է Ռանդստադում։

Վարչական բաժանում[խմբագրել]
Նիդեռլանդերի 12 մարզերը (պրովինցիաները)
    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Նիդեռլանդների վարչական բաժանում

Նիդեռլանդները վարչականորեն բաժանված է տասներկու մարզեր (պրովինցիաներ), որոնք իրենց հերթին բաժանված են 431 համայնքների ու 27 ջրային միավորների։

Մարզերը

  1. Խրոնինգեն
  2. Ֆրիզլանդ
  3. Դրենթե
  4. Օվերեյսել
  5. Ֆլևոլանդ
  6. Խելդերլանդ
  7. Ուտրեխտ
  8. Հյուսիսային Հոլանդիա
  9. Հարավային Հոլանդիա
  10. Զեյլանդ
  11. Հյուսիսային Բրաբանտ
  12. Լիմբուրխ
Լեզու[խմբագրել]
    1rightarrow.png Հիմնական հոդված՝ հոլանդերեն

Պաշտոնական պետական լեզուն հոլանդերենն է։ Ֆրիզլանդ մարզում նաև պաշտոնական լեզու է ֆրիզերենը։ Ստորին սաքսոներենը և լիմբուրգերենը Եվրամիության կողմից ճանաչված են որպես գավառային լեզուներ։ Հոլանդացիեների մեծ մասը տիրապետում է անգլերենին, գերմաներենին և ֆրանսերենին որպես օտար լեզու։

Հոլանդերեն լեզուն խոսում են ոչ միայն Նիդեռլանդներում, այլ նաև Բելգիայում, Սուրինամում, ինչպես նաև Արուբա, Կուրասաո և Սինթ-Մարտեն կղզիներում։

Նիդեռլանդների և Բելգիայի թագավորու-թյուններում պետական լեզուն համարվում է նիդեռլանդերենը։ Եվրոպայում ավելի քան 22մլն. մարդ խոսում է այդ լեզվով։

Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում մոտավորապես 60 հազ. մարդ խոսում է նիդեռլանդական բարբառով։ Նիդեռլանդերենը հաճախ օգտագործվում է Նիդեռլանդական Անթիլիական կղզիների և նախկին Նիդեռլանդների գաղութ՝ Սուրինամի կառավարման մարմիններում ու կրթական օջախներում։ Նիդերնալդներենը հիմնված է աֆրիկական լեզվի վրա, որով խոսում են Հարավային Աֆրիկայում։

Աշխարհի մոտ 250 համալսարաններում ուսուցումը նիդեռլանդերենով է։ Բելգիայի, հյուսիսային Ֆրանսիայի ֆրանսախոս պրովինցիաներում շատ դպրոցականներ՝ որպես իրենց երկրորդ լեզու ընտրում են նիդեռլանդերենը։ 1980թ. Նիդեռլանդների և Ֆլանդրիայի ակտիվիստները կազմակերպեցին «Նիդեռլանդական լեզվական խորհուրդ», որը զբաղվում է նիդեռլանդերենի տարածմամբ և որոշում է գրելու ու կարդալու կանոնները։

Կրոն[խմբագրել]

1Վաղ միջնադարից լինելով քրիստոնեա երկիր, այսօր Նիդեռլանդներն համարվում է եվոպրայի ամենաշխարհիկ երկրներից մեկը։ Որևէ կրոնի չհարող չափահասները 2008-ի տվյալներով 42% են կազմում։ Քրիստոնեաների կեսը կամ ընդհանուր բնակչության 29% կաթոլիկ է, 19%-ը բողոքական է։ Մուսուլմանները կազմում են բնակչության 4%-ը։ Տարածված են նաև բուդդայականությունը, հինդուիզմը և հուդայականությունը։

2002թ. բնակչության 31%-ը կազմել են կաթոլիկները, հոլանդական բարեփոխված եկեղեցու հետևորդները՝ 13%, կալվինիստները՝ 7%, մուսուլմանները՝ 5,5%, հինդուիսնտներն ու ուրիշ կրոնների հետևորդները՝ 2,5%, բնակչության 41%-ը եղել է աթեիստ կամ էլ ոչ մի կրոնական պատկանելիություն չեն ցուցաբերել։

Նիդեռլանդներում 20-րդ դարի առաջին կեսին գոյություն է ունեցել մեծ հրեական համայնք, միայն թե այն ամբողջովին վերացվել է գերմանական գրոհի ժամանակ։ Այսպես՝ եթե 1941թ. երկրում ապրում էր հուդաիզմի դավանող 140 հազ. ներկայացուցիչ, ապա 1971թ. մարդահամարի տվյալներով ընդամենը՝ 6 հազ. մարդ։

Հայերը Նիդեռլանդներում[խմբագրել]
Հայկական եկեղեցին Ամստերդամում (1714 թ.)

Պատմական Նիդեռլանդների տարածքում հայերի հաստատման մասին տվյալները վերաբերում են 11-րդ դարին։ 14-15-րդ դդ. հայ առևտրականների համայնք է ձևավորվել ֆլամանդական Բրյուգգե քաղաքում, որն այն ժամանակ միջազգային առևտրի խոշոր կենտրոն էր (այժմ գտնվում է Բելգիայում), իսկ 17-րդ դարում, երբ Նիդեռլանդները հասել էր իր տնտեսական և մշակութային զարգացման բարձրակետին՝ խոշոր նավահանգստային քաղաք Ամստերդամում։

Ամստերդամի հայ համայնքը կազմում էին պարսակահայ առևտրականները, որոնք գլխավորապես զբաղվում էին մետաքսի առևտրով։ 1660 թ. Մատթեոս Ծարեցին Ամստերդամում հիմնել է հայկական տպարան, որը նրա մահից հետո ղեկավարել է Ոսկան Երևանցին։ Այս տպարանում առաջին անգամ հայերեն լեզվով լույս են տեսել հայերեն Աստվածաշունչը (1666 թ.), Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմությանցը» (1669 թ.), Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» (1695 թ.), հայերեն առաջին քարտեզը՝ «Համատարած աշխարհացոյցը» (1695 թ.), Յ. Շրյոդերի «Գանձ արամեան լեզուին» աշխատությունը (1711 թ.) և բազմաթիվ այլ գրքեր, ընդհանուր առմամբ 53 անուն գիրք։ 1714 թ. Ամստերդամում բացվում է նաև հայկական եկեղեցի։

19-րդ դարի սկզբին՝ ֆրանսիական զորքը ավերում է Ամստերդամի մեծ մասը, այն կորցնում է իր բնակչության գրեթե կեսը, որից հետո հետզհետե անհետանում է հայկական համայնքը։

Նիդեռլանդներում այսօր տարբեր տվյալներով բնակվում է շուրջ 10.000 հայ, գործում են մեկ տասնյակից ավել հայկական կազմակերպություններ, այդ թվում՝ Հայ դատի գրասենյակը, «Աբովյան» մշակութային կենտրոնը, «Գլաձոր» ուսանողական միությունը, 4 եկեղեցի և այլն։ Նիդեռլանդների ներկայիս գաղթոջախները կազմավորվել են 20-րդ դարի կեսերից. սկզբնական շրջանում 1943-ին Ինդոնեզիայից բռնագաղթված հայերի, հետագա տարիներին Մերձավոր Արևելքից, իսկ 90-ական թթ.՝ Հայաստանի Հանրապետությունից գաղթած հայերի միջոցով։ 1989-թ. վերաբացվել է Ամստերդամի հին հայական եկեղեցին։ Նոր հայկական եղեկեցի և մշակութային կենտրոն է կառուցվել Ալմելո քաղաքում։

Մշակույթը[խմբագրել]

«Գիշերային պահակախումբը» Ռեմբրանդտի ամենահայտնի գեղանկարն է
Արվեստը[խմբագրել]

Նիդեռլանդները աշխարհին հայտնի է բազմաթիվ գեղանկարիչներով։ Գեղանկարչությունը հատկապես ծաղկում է ապրել «Ոսկե դարում» (1609-1672 թթ.)։ Այս շրջանի Հոլանդական դպրոցի ամենահայտնի վարպետներից են Ռեմբրանդտ վան Ռայնը, Յան Վերմեերը, Ֆրանս Հալսը, Յան Ստեյնը և այլոք։ 19-րդ դարի գեղանկարիչներից ամենահայտնին է պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգը։ 20-րդ դարի աբստրակցիոնիստ էր Պիտ Մոնդրիանը, ով գլխավորել է «Դե Ստայլ» կոչվող գեղարվեստական շարժումը։ 1948 թ. հիմնվել է «Կոբրա» արվեստի միությունը, որը միավորել է մոդեռնիզմի ներկայացուցիչներ Եվրոպայի տարբեր երկրներից։ «Կոբրայի» անդամներ Կարել Ապելը և Կորնելիս Բևերլուն ավանգարդ արվեստի կարևոր ներկայացուցիչներ էին Նիդեռլանդներում։ 20-րդ դարի մեկ այլ հոլանդացի արվեստագետ՝ Մաուրից Էշխերը հայտնի է տեսողական պատրանքներ ստեղծող իր նկարներով։

Գրականությունը[խմբագրել]

Նախքան 17-րդ դարը, հոլանդական գրականությունը ստեղծվում էր տարբեր բարբառների վրա հիմնված գրական լեզուներով, հաճախ էլ լատիներենով (ինչպես օրինակ Էրազմ Ռոտերդամցու «Գովք հիմարության» երգիծանքը)։ 17-րդ դարում գործածական է դառնում մեկ ընդհանուր գրական լեզուն։ Այս շրջանի հայտնի գրողներ են Պիտեր Կորնելիսզոնը և Յան Վան դեն Վոնդելը։ Վերջինիս «Լուցիֆեր» ողբերգությունը (1654 թ.) համարվում է համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկը։ 19-րդ դարի գրող Մուլտատուլիի «Մաքս Հավելար» ստեղծագործությունը քննադատում է Ինդենեզիայում հոլանդական գաղութակալությունը։

Ուտրեխտի մայր տաճարը (13-16-րդ դդ.)

1940-1942 թթ. գրված Աննա Ֆրանկի հանրահայտ օրագրությունը նկարագրում է համաշխարհային պատերազմի ընթացքում հրեա ընտանիքի թաքստոցում անց կացրած երկու տարիները։ Հետպատերազմյան գրականության դասականներ են համարվում Ֆրեդերիկ Հերմանսը, Հարի Մուլիշը և Խերարդ Ռևեն։

Ճարտարապետություն[խմբագրել]

Միջնադարյան ճարտարապետական հուշարձաններից են Ամստերդամի, Կամպենի, Զվոլեի պարիսպները, աշտարակները և տները, Հաագայի թագավորական դղյակը, Ուտրեխտի, Հառլեմի, Լայդենի, Դելֆտի գոթական տաճարները։ Քարի սակավության պատճառով հոլանդական ճարտարապետությունում գերակշռում են աղյուսե փոքր շինությունները։ Ամստերդամ քաղաքի կենտրոնը գրեթե ամբողջությամբ արտացոլում է 17-րդ դարի հոլանդական ճարտարապետությունը։ 20-րդ դարի ճարտարապետությունը աչքի է ընկնում ավանգարդ ոճով և նոր ճարտարապետական ձևերի որոնումով։

Կինոն[խմբագրել]

19-րդ դարի ավարտից նկարահանվել են վավերագրական ֆիլմեր, իսկ 1910-ից նաև գեղարվեստական։ Դարակեսից հետո թողարկված ֆիլմերից են «Շեփորանվագ» կատակերգությունը (1958 թ.) և «Բոլորը» (1963 թ.) փաստագեղարվեստական ֆիլմը։ 70-ական թվականներից սկսած մեծ ժողովրդականություն են վայելել Պաուլ Վերհուվենի և Դիկ Մասի ֆիլմերը։ «Հարձակում», «Անոտնիայի շառավիղը» և «Խառնվածք» ֆիլմերը տարբեր տարիների արժանացել են Օսկարի մրցանակի։

Թարմ սաղմոնը սոխով ամենասիրված կերակուրներից է
Չմշկելը ձմեռային մարզաձևերից է
Մամուլ[խմբագրել]
Հոլանդական օրաթերթեր կրպակում

Կարևոր օրաթերթերից են «De Telegraaf», «Algemeen Dagblad», «De Volkskrant», «NRC Handelsblad» և «Trouw» պարբերականները։ Հանրաճանաչ շաբաթաթերթեր են «Elsevier», «HP/De Tijd», «Vrij Nederland» և «De Groene Amsterdammer»։ Գործում են չորս հանրային («Nederland 1», «Nederland 2» և «Nederland 3», և «BVN») և մի շարք կոմերցիոն («RTL», «SBS» և այլ) հեռուստահեռարձակողներ։ Հանրահայտ ռադիոհեռարձակողներից են «Radio 1», «Radio 2», «3FM» հանրային և «Radio 538», «Sky Radio», «Q-music» կոմերցիոն ռադիոընկերությունները։

Ազգային խոհանոց[խմբագրել]

Հոլանդական ավանդական կերակրատեսակները հատկապես բնորոշել են անցյալի գյուղատնտեսական կյանքը։ Տիպիկ հոլանդական ճաշը հիմնականում պատրաստված է կարտոֆիլից, բանջարեղենից և մսից։ Ողջ աշխարհում հայտնի է հոլանդական պանիրը (հատկապես Էդամմեր և Գաուդա տեսակները)։ Հայտնի են նաև հոլանդական քաղցրեղենները, ինչպես օրինակ հոլանդական թավաբլիթը, մեղրավաֆլին, ձիթագնդիկը և այլն։

Սպորտ[խմբագրել]

Ամենատարածված մարզաձևն է ֆուտբոլը։ «KNVB» ֆուտբոլային ակումբների միությունը շուրջ 1 մլն անդամով երկրի ամենախոշոր կազմակերպությունն է։ Նիդեռլանդների ազգային հավաքականը բարձր տեղեր է գրավում Ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում։ Հայտնի ֆուտբոլիստներ են Յոհան Կրոյֆ, Պատրիկ Կլաուվերտը և Ֆրենկ Ռայկարդը։ Այլ տարածված մարզաձևեր են թենիսը, վոլեյբոլը, հենդբոլը, կորֆբոլը, հոկեյը, ձիարշավը, չմշկավազքը, հեծանվավազքը և այլն։

Հեծանիվը սպորտային և ռեկրեացիոն նշանակությունից բացի, ամենակարևոր երթևեկության միջոցներից մեկն է։ Երկրի տարածքով անցնում են բազմաթիվ հեծանվային ճանապարհներ, որոնցով կարելի է երթևեկել գրեթե ամենուր։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Հոդվածներ

Կառավարություն

  • Overheid.nl Հոլանդիայի կառավարություն պաշտոնական պորտալ
  • Government.nl Հոլանդիայի կառավարություն պաշտոնական կայք
  • CBS - Հոլանդական բյուրոյի վիճակագրության Հիմնական ցուցանիշները
  • Նիդեռլանդների մարզեր statoids.com կայքում

Ծանոթագրություն[խմբագրել]

  1. Հոլանդերեն Վիքիպեդիայի Նիդեռլանդներ (Nederland) հոդված
  1. ՀՍՀ, Նիդեռլանդական արվեստ, Նիդեռլանդական գրականություն, Նիդեռլանդներ հոդվածներ, հատոր XVIII, էջ 276-288։ Երևան 1982}}