Սավաննա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սավաննա (այլ կիրառումներ)
Սավաննաների տարածման շրջաններ

Սավաննա, արևադարձային և մերձարևադարձային բուսականության տիպ, ներկայացված է խոտային ծածկույթով, առանձին ծառերի և մացառուտային թփուտների զուգակցությամբ։ Սավաննայում բույսերը հարմարվել են երկարատև չորայնության, տերևները կոշտ, խիստ խավավորված կամ թերաճ են, ծառերի կեղևը՝ հաստ։ Տիրապետում են խոտաբույսերը (երբեմն մինչև 3–5 մ բարձրությամբ)։ Ծառերը գերազանցապես կարճ են, կորաբուն, հաճախ՝ հովանոցաձև սաղարթամասով։ Մի քանիսի, (բաոբաբ, շշաձև ծառ և այլն) բները պարունակում են ջրի մեծ պաշար։ Սավաննաները գլխավորապես տարածված է Աֆրիկայում, ինչպես նաև Հվ–Արլ․, Ասիայում, Հարավային Ամերիկայում, Ավստրալիայում, Հնդկաստանում։

Տարածման շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածվում է հիմնականում մերձհասարակածային գոտում, մասամբ նաև մերձարևադարձային, հասարակածային (Աֆրիկա) և արևադարձային գոտիներում։ Սավաննաները տարածված են Բրազիլիական և Գվիանական սարահարթերում, Կենտրոնական Աֆրիկայում (Կոնգո գետի ավազանից հյուսիս-արևելք և հարավ), Հնդկաստանում, Հնդկաչինում և Հյուսիսային Ավստրալիայում։

Աֆրիկայում սավանանները զբաղեցնում են մայրցամաքի 40%-ը։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սավաննան Տանզանիայում

Կլիման սեզոնային է. ամռանը տիրապետում են հասարակածային խոնավ (տաք է ու խոնավ), իսկ ձմռանը՝ արևադարձային օդային զանգվածները (չոր է ու շոգ)։ Տարեկան տեղումների քանակը կազմում է 500 - 1500 մմ., որոնց 80 - 90%-ը դիտվում է ամռանը։

Հողեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսաքիմիայան հողմնահարման թափը մեծ է։ Խոնավության սեզոնայնության պատճառով ձևավորվել են կարմիր և գորշ-կարմրավուն հողեր։ Հողառաջացումը ունի սեզոնային ռիթմ՝ ամռանը ուժեղանում է, ձմռանը՝ թուլանում։ Հողի մեջ բույսերի մնացորդները թեև շատ են, բայց հողերը աղքատ են հումուսով, քանի որ տարվա չոր սեզոնին փտեցնող միկրոօրգանիզմները թույլ են գործում։

Բուսական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրդեհ սավաննայում

Բուսականության մեջ գերակշռում են բարձրացողուն (2 - 4 մ.) հացազգիները (փղի խոտ, մեծամորուք, ընձախոտ և այլն)։ Հանդիպում են նաև ծառեր. Աֆրիկայում՝ բաոբաբներ (բնի շրջագիծը մինչև 10 մ., կյանքի տևողությունը 4 - 5 հազար տարի), ակացիաներ, երաշտադիմացկուն արմավենու որոշ տեսակներ, Ասիայում՝ հնդկական կաղնին, Ավստրալիայում՝ էվկալիպտը, ակացիան, Ամերիկայում՝ շշածառերը, միմոզաները։ Միմոզաների և շշածառերի ցողունը դատարկ է, որտեղ խոնավ սեզոնին ջուր է կուտակվում, իսկ չոր սեզոնին՝ օգտագործվում։ Նմանատիպ բույսերը կոչվում են սուկուլենտ։

Walt Disney World - Animal Kingdom - Savanna.jpg

Ծառերի և թփերի մեծ մասը չոր սեզոնին տերևաթափ են լինում, իսկ խոտաբույսերը՝ չորանում՝ առաջացնելով հրդեհներ։

Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սավաննաների կենդանական աշխարհը շատ հարուստ ու բազմազան է։ Կան զանազան խոտակերներ (փղեր, ընձուղտներ, այծքաղներ, զեբրեր, գետաձիեր, վայրի գոմեշներ, ռնգեղջյուրներ) և գիշատիչներ (առյուծներ, վագրեր, հովազներ, բորենիներ, գետերում՝ կոկորդիլոսներ և այլն)։ Շատ են թռչունները, միջատներն ու թիթեռները, կան նաև սողուններ։

Թռչուններից տարածված են «Քարտուղար» կոչվող թռչունը, ջայլամը, արագիլը, մարաբուն, Ֆլամինգոն, իբիսը, փասիանները, սիրամարգերը, վայրի հավերը և այլն։

Աֆրիկայում չափազանց շատ են տերմիտները, որոնց հողաբները հաճախ այնքան բարձր են լինում, որ երևում են 2 - 3 մետրանոց խոտերի միջից։

Յուրացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հարստությունը հողային տարածքն է, որը պարարտացնելու և ոռոգելու դեպքում տարվա ընթացքում տալիս է երեք բերք։ Մշակում են ջերմասեր կուլտուրաներ՝ բամբակ, բրինձ, սուրճ, հացահատիկ, արմավ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 205 CC-BY-SA-icon-80x15.png