Ասիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասիա
Asia (orthographic projection).svg
Տարածք 44 579 000 կմ2
Բնակչություն 4 164 252 000
Բնակչ. խտություն 87 մարդ/կմ2
Երկրներ 48


Ասիա

Ասիա, երկրագնդի ամենամեծ աշխարհամասը, Եվրոպայի հետ կազմում է Եվրասիա մայրցամաքը։ Հիմնականում գտնվում է արևելյան և հյուսիսային գիսագնդում։ Այն զբաղեցնում է երկրագնդի 8.7%-ը և ցամաքի 30%-ը։ Ասիաում է բնակվում մոտ 4.3 միլիարդ մարդ որը աշխարհի բնակչության 60%-ն է, Ասիաի բնակչությունը աճում է բավականին արագ, օրինակ՝ 20-րդ դարի ընթացքում բնակչությունը քառապատկվել է։ Տարածքը մոտ 43 միլիոն կմ² է, իսկ կղզիների հետ միասին՝ 44 միլիոն 363 հազար կմ²։ Ափագծերի երկարությունը 62 հազար կմ է, ամենաբարձր կետը Ջոմոլունգմա (Էվերեստ) գագաթն է (8848 մ), ամենացածրը Մեռյալ ծովի մակերևույթն է՝ 405 մ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասիայում են եղել աշխարհի շատ վաղ քաղաքակրթություններ որոնք զարգանում էին խոշոր գետերի շուրջը։

Դիրքը և սահմանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնականում տեղակայված է Արևելյան կիսագնդում (բացառությամբ Չուկոտկայի թերակզու) և հասարակածից հյուսիս։ Եվրոպայի հետ սահմանը սովորաբար անցկացնում են Ուրալյան լեռների արևելյան ստորոտներով, Մուղոջարներով, Էմբա գետով, ապա Կասպից ծովով, Արաքս գետով, Սև և Մարմարա ծովերով, Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։ Աֆրիկայի հետ Ասիան միացված է Սուեզի պարանոցով, Հյուսիսային Ամերիկայից առանձնացվում է Բերինգի նեղուցով։

Ասիայի աշխարհաքաղաքական սահմանը փոքր-ինչ տարբերվում է բնականից։ Այն անցկացնում են Արխանգելսկի մարզի, Կոմիի հանրապետության արևելյան սահմաններով, Սվերդլովսկի և Չելյաբինսկի մարզերի արևելյան սահմաններով, Ղազախստանով, իսկ այնուհետև հյուսիսային Կովկասի նախալեռներով մինչև Ազովի ծովը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ասիայի մակերևույթ

Ասիան ողողվում է Հյուսիսային Սառուցյալ, Հնդկական և Խաղաղ օվկիանոսներով, իսկ արևմուտքում Ատլանտյան օվկիանոսի ներմայրցամաքային ծովերով (Ազովի, Սև, Մարմարա, Էգեյան, Միջերկրական)։ Դրա հետ գոյություն ունի ներքին հոսքի լայն շրջաններ - Կասպից և Արալյան ծովերի ավազանները, Բալխաշ լիճը այլն։ Բայկալ լիճը քաղցրահամ ջրի պարունակության պաշարով առաջինն է աշխարհում, Բայկալում կենտրոնացված է քաղցրահամ ջրի համաշխարհային պաշարների 20%-ը (առանց սառցադաշտերի)։ Մեռյալ ծովը համարվում է ամենախորը աշխարհում իր տեկտոնական իջվածքով (-405մ)։ Ասիայի ափերը հիմնականում քիչ են կտրատված, առանձնանում են խոշոր թերակղզիները - Փոքր Ասիա, Արաբական, Հինդուստան, Կորեական, Կամչատկա, Չուկոտկա, Թայմիր և այլն։ Ասիայի ափերի մոտ խոշոր կղզիներ են - Մեծ Զոնդյան, Նովոսիբիրյան, Սախալին, Հյուսիսային Երկիր, Թայվան, Ֆիլիպիններ, Հայնան, Շրի-Լանկա, Ճապոնական և այլն, զբաղեցնելով ավելի քան 2 միլիոն կմ² սահման։ Ասիան հիմնականում բաղկացած է չորս հսկա հարթավայրերից - Արաբական, Հնդկական, Չինական, և Սիբիրյան։ Տարածքի 3/4 - ը զբաղեցնում են լեռները և սարահարթերը։ Արևելյան Ասիան ակտիվ հրաբխային տարածք է։ Ասիան հարուստ է տարբեր հանքանյութերով (հատկապես՝ վառելիքա - էներգետիկ)։ Ասիայում առկա են համարյա բոլոր տեսակի կլիմաները - Արկտիկականից՝ ծայր հյուսիսում, մինչև Հասարակածային՝ հարավ-արևելքում։ Արևելյան, Հարավային և Հարավ-Արևելյան Ասիայում կլիման մուսսոնային է։ Ասիայում է գտնվում երկրագնդի ամենախոնավ տեղը։ Դա Չերապունջա վայրն է Հիմալայներում։ Միաժամանակ գործող կլիմաներն են - Արևմտյան Սիբիրում՝ մայրցամաքային, Արևելյան Սիբիրում և Սարիարկում՝ խիստ մայրցամաքային, Կենտրոնական, Միջին և Արևմտյան Ասիայի տափաստաններում՝ կիսաանապատային և անապատային, որը բարեխառն ու մերձարևադարձային գոտիների կլիման է։ Հարավ-Արևմտյան Ասիայի կլիման արևադարձային անապատային է և ամենատաքն է Ասիայում։

Անվան ծագումնաբանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ խեթական էպոսի Փոքր Ասիայի հյուսիս-արևմտյան մասում էր գտնվում Ասսուվա թագավորությունը։ Նրանց նկատմամբ խեթերի հաղթանակը հիշատակվում է Թուդխալիաս IV թագավորի գրություններում։ Հունական էպոսում այդ թագավորությունը անձնավորվում է Ասյա արքայի կերպարով։ Ասյա անունը հունական դիցաբանության մեջ կրում է Օկեանիդան՝ Պրոմեթևսի կինը, որից էլ, ըստ դիցաբանական ավանդույթների առաջացել է աշխարհամասի անվանումը։ Հերոդոտոսի ժամանակներում հույների մոտ արդեն ընդունված էր Ասիա անվանել ամբողջ աշխարհամասը։

Ֆիզիկա-աշխարհագրական բաժանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասիան ընդունված է բաժանել ֆիզիկա-աշխարհագրական հետևյալ շրջանների.

Ասիան զբաղեցնում է երկրագնդի ամբողջ ցամաքի մեկ երրորդ մասը։ Նրա ափերը հյուսիսից ողողում են Հյուսիսային սառուցյալ, հարավից՝ Հնդկական, արևելքից՝ Խաղաղ օվկիանոսները, արևմուտքից՝ Ատլանտյան օվկիանոսի մաս կազմող Միջերկրական ծովը։

Ասիան ամենաբարձր աշխարհամասն է, նրա միջին բարձրությունը գրեթե 3 անգամ ավելի է, քան Եվրոպայինը։ Այստեղ գերակշռում են լեռնաշղթաները և սարահարթերը, որոնք կազմում են տարածքի 3/4-ը։ Կենտրոնական մասում գտնվում է Տիբեթի սարահարթը, որի հարավային եզրին բարձրանում են երկրագնդի ամենաբարձր լեռները՝ Հիմալայները (Ջոմոլունգմա կամ Էվերեստ գագաթի բարձրությունը 8848 մ է)։ Ասիայում է գտնվում երկրագնդի ամենացածր կետը՝ Մեռյալ ծովի ափին Գհոր իջվածքը (-405 մ)։

Ասիայի ժամանակակից ռելիեֆը ձևավորվել է երկրաբանական երկարատև ժամանակաշրջանի ընթացքում։ Առանձնացվում են նորագույն ծալքավորության երկու՝ Ալպ-Հիմալայան (Մեծ և Փոքր Կովկասի լեռներ, Հայկական, Փոքրասիական և Իրանական լեռնաշխարհներ, Զագրոսի, Կոպետդաղի, Էլբուրսի լեռներ, Հիմալայներ, Կարակորում) և Խաղաղօվկիանոսյան (Կորյակական, Կամչատկայի, Սախալինի և այլ լեռներ), և մեկ հին (Պամիր, Տյան-Շան, Ալթայի, Արևմտյան և Արևելյան Սայաններ, Մերձբայկալի ու Անդրբայկալի լեռներ) գոտիներ։

Ասիայի ռելիեֆին բնորոշ ձևերից են նաև սարահարթերը (Միջինսիբիրական, Արևելաչինական, Դեկանի, Արաբական) և դաշտավայրերը (Միջագետքի, Ինդոս-Գանգեսյան, Չինական Մեծ, Կուր-Արաքսյան, Կոլխիդայի, Թուրանի)։ Ասիայի կլիման չափազանց բազմազան է, որը պայմանավորված է հիմնականում տարածքի ընդարձակությամբ, հյուսիսից հարավ մեծ ձգվածությամբ, ռելիեֆի մեծ հակադրություններով։ Հյուսիսային Ասիան աչքի է ընկնում արկտիկական և մերձարկտիկական կլիմայով։

Վերխոյանսկի և Օյմյակոնի շրջաններում է գտնվում Հյուսիսային կիսագնդի ամենացուրտ վայրը (-870C)՝ ցրտի բևեռը։ Տարվա մեծ մասը Ասիայի հյուսիսը ծածկված է ձյունով, մոլեգնում են ձնահողմերը, փչում սառցաքամիները, տունդրայում բոցավառվում է բևեռափայլը։ Դեպի հարավ աշխարհամասում հսկայական տարածություններ են զբաղեցնում թավախիտ ասեղնատերև անտառները՝ տայգան, որտեղ աճում են խեժափիճին, սիբիրյան եղևնին, մայրին։ Այստեղ բնակվում են արջեր, գայլեր, աղվեսներ, ճյուղից ճյուղ են թռչկոտում արագաշարժ սկյուռները, ծառերի մեջ են թաքնվում գեղեցիկ սամույրները։

Կենտրոնական ասիական սարահարթը եզերող լեռներն Ասիայի հարավը փակում են հյուսիսային ցուրտ քամիներից։ Հնդկական տաք օվկիանոսով ողողվող աշխարհամասի հարավային ափերին հավերժական ամառ է։ Այստեղ շատ շոգ է, ամբողջ տարին առատ անձրևներ են տեղում, աճում են մշտադալար անտառներ՝ ջունգլիներ։ Հիմալայներից դեպի հարավ գտնվում է երկրագնդի ամենաանձրևոտ (12000 մմ) վայրը՝ Չերապունջին։ Տարվա ընթացքում այստեղ այնքան անձրև է տեղում, որ եթե թափված ամբողջ անձրևաջուրը հավաքենք մի տեղ, ապա այն ջրածածկ կանի քառահարկ շենքը։ Ջունգլիներում բնակվում են փղեր, վագրեր, ռնգեղջյուրներ, կապիկներ, բազմաթիվ գեղեցիկ թռչուններ։

Մեծ տարածություններ են զբաղեցնում անապատներն ու կիսաանապատները (Գոբի, Տակլա-Մական, Կարակում, Կզըլկում, Թար, Ռուբ Էլ Խալի և այլն), որտեղ աճում են օշինդր, ուղտափուշ, սաքսաուլ։ Կենդանիներից հանդիպում են այծքաղներ, ուղտ, կուլան, Պրժևալսկու ձի, մողեսներ և այլն։ Ասիայում շատ են ջրառատ, խոշոր գետերը (Յանցզի, Հուանհե, Մեկոնգ, Ամուր, Լենա, Ենիսեյ, Ինդոս, Գանգես, Եփրատ, Տիգրիս, Արաքս)։ Այստեղ են գտնվում աշխարհի ամենամեծ՝ Կասպից, և ամենախոր՝ Բայկալ, լճերը։ Ընդերքում հայտնաբերված են զանազան օգտակար հանածոների (հատկապես՝ նավթի, գազի, քարածխի, երկաթի, գունավոր մետաղների և թանկարժեք քարերի) խոշորագույն պաշարներ։

Արևելյան Ասիայի ափերը ողողող Խաղաղ օվկիանոսում կան բազմաթիվ հրաբխային կղզիներ, իսկ օվկիանոսի հատակին՝ մի քանի չափազանց խոր իջվածքներ (անդունդներ)։ Օրինակ՝ Մարիանյան իջվածքի ամենամեծ խորությունը 11 կմ-ից ավելի է, Ասիայի արևելյան ծովեզերքին և կղզիներում, ինչպես նաև Ալպ-Հիմալայան երկրագոգածալքային գոտում հաճախ տեղի են ունենում երկրաշարժեր և հրաբխային ժայթքումներ։ Օվկիանոսում առաջանում են սարսափելի փոթորիկներ՝ թայֆուններ, որոնք հսկայական ալիքներ են բարձրացնում։ Թայֆունները կատաղի արագությամբ սլանում են դեպի ցամաք՝ ճանապարհին կոծանելով ամեն ինչ և իրենց հետ բերելով տեղատարափ անձրևներ։

Արևմուտքում Ասիայի ափերը ողողում են Միջերկրական ծովի ջրերը։ Նրա ափերին ամռանը շոգ է, ձմռանը՝ խոնավ ու տաք։ Այստեղ աճում են արմավենիներ, նարնջի ու կիտրոնի ծառեր։ Ասիայի հարավ-արևմուտքում Արաբական թերակղզու ափերն է ողողում Կարմիր ծովը։ Բնական լանդշաֆտներն անխաթար պահելու, անհետացող բույսերն ու կենդանիները փրկելու համար Ասիայում ստեղծվել են բազմաթիվ պահպանվող տարածքներ, ազգային պարկեր ու արգելոցներ (Խազարիբագ, Ինդրապուրա, Սիխոտե-Ալինի, Ուսսուրական, Կզըլկումի, Կարակումի, «Սևան», «Դիլիջան» և այլն)։ Գիտնականները հնագիտական պեղումներով պարզել են, որ բանական մարդն այստեղ հայտնվել է առնվազն 400 հզ. տարի առաջ։ Ասիայում են ձևավորվել մոնղոլոիդ ռասան, աշխարհի խոշոր լեզվաընտանիքներից վեցը, այդ թվում՝ ամենախոշորները՝ հնդեվրոպական և չին-տիբեթական լեզվաընտանիքները։ Ասիան բազմազգ աշխարհամաս է. ազգերի և ազգությունների թիվն անցնում է 1000-ից։ Առավել մեծաթիվ են չինացիները, հնդիկները, ճապոնացիները, ռուսները, պարսիկները, աֆղանները, տաջիկները և այլք։ Ասիայում են ձևավորվել և աշխարհով մեկ տարածվել համաշխարհային 3 կրոնները՝ հինդուիզմը, քրիստոնեությունն ու մահմեդականությունը, առաջավորասիական և արևելյան քաղաքակրթությունները։ Ամենավաղ քաղաքակրթություններն առաջացել են Միջագետքում, Ինդոս գետի ավազանում և Չինաստանում։ Այստեղ են կառուցվել աշխարհի առաջին քաղաքները, գրվել առաջին օրենքները, ձևավորվել երկրագործությունը՝ ընտելացվել են մի շարք բույսեր և կենդանիներ։

Մեզ են հասել հնագույն ժամանակների մշակույթի այնպիսի աշխարհահռչակ գլուխգործոցներ, ինչպիսիք են Բաբելոնի, Պալմիրայի, Չինաստանի, Հնդկաստանի բազմաթիվ հեքիաթային տաճարները, պալատները, մզկիթները։

Ասիայի երկրները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկա պահին Ասիայի տարածքում ամբողջությամբ կամ մասամբ գտնվում են 54 պետություն, որոնցից չորսը (Աբխազիա, Չինաստանի Հանրապետություն, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, Հարավային Օսիա) մասամբ են ճանաչված։ Չճանաչված պետություններից է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասիայի համար բնորոշ է բնակչության քանակի շատ բարձր միջին տարեկան աճը։ Այդ ցուցանիշով Ասիան զիջում է միայն Աֆրիկային։ Վերջին ժամանակներում, սակայն, աճի տեմպերը մի փոքր իջել են և կազմում են 1,3 %։ Ասիայում է ապրում երկրագնդի բնակչության 60 %-ը։ Չինաստանի ու Հնդկաստանի բնակչությունը միասին վերցված, կազմում են երկրագնդի բնակչության 40 %-ը։ 7 պետություն ունեն ավելի քան 100 միլիոն բնակչություն։

Ասիայում ապրում են մարդկության երեք գլխավոր ռասաները. մոնղոլոիդ (չինացիներ և այլ), եվրոպոիդ (Հյուսիսային և Արևմտյան Ասիայի ժողովուրդներ) և նեգրոիդ(Հարավային և Հարավ-Արևելյան Ասիայի մի քանի ժողովուրդներ)։ Բնակչության էթնիկական կազմը շատ բազմազան է։ Ասիայում առաջացել են շատ հնագույն քաղաքակրթությունները՝ չինական, հնդկական, տիբեթա-մոնղոլական, միջինասիական, բաբելոնյան և այլն։ Հարավային և Հարավ-Արևելյան Ասիայի հողագործութան համար բարենպաստ շրջանները հանդիսանում են մեծ թվով ժամանակակից ժողովուրդների ծագման վայրը։

Հիմնական տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մակերևույթը՝ 43475 հազար կմ² (կղզիների հետ)։
  • Կղզիների մակերևութը՝ 2001 հազար կմ²։
  • Միջին բարձրությունը ծովի մակարդակից՝ 960 մետր։
  • Ամենամեծ բարձրությունը ծովի մակարդակից՝ 8 848 մետր (Էվերեստ լեռ)։
  • Ամենափոքր բարձրությունը ծովի մակարդակից՝ - 405 մետր (Մեռյալ ծովի մակարդակից)։
  • Ամենահյուսիսային կետը՝ Չելյուսկին հրվանդան 77° 43'; 104° 18'։
  • Ամենահարավային կետը՝ Պիայ հրվանդան 1° 16'; 103° 30։
  • Ամենաարևմտյան կետը՝ Բաբա հրվանդան 39° 29'։ 26° 04'։
  • Ամենաարևելյան կետը՝ Դեժնովի հրվանդան 66° 05'։ 169° 40։

Ասիայի աշխարհագրական կենտրոնում գտնվող քաղաքները՝ Իրկուտսկ, Կիզիլ։

Բուսականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալթայի լեռներ

Ասիան պատկանում է Հոլարկտիկ ն Պալեոարևադարձային բուսաաշխարհագրական մարզերին։ Վերջինս զարգացել է տաք պայմաններում ն պահպանել դեռնս պալեոզոյան ն մեզոզոյան ֆլորայից (հնագույն պտերներ, գինկգո ծառ ն այլն) ժառանգված տեսակների բացառիկ հարստություն։ Հոլարկտիկ ֆլորան սառցապատումների, տրանսգրեսիաների ն նորագույն բարձրացումների հետևանքով աղքատ է ու միօրինակ։

Ասիայի բուսականությունը փոփոխվում է լայնակի զոնաներով՝ ծայր հյուսիսի տունդրաներից մինչն խոնավ արևադարձային անտառներն ու Հարավային կիսագնդի սավաննաները։ Տունդրաներն անտառազուրկ են. բաժանվում են արկտիկական ն տիպիկ (քարաքոսային, մամռային, թփուտային) տունդրաների։ Տունդրային փոխարինում է անտառատունդրան, որից հարավ տարածվում է անտառային զոնան։ Ասիայում առավել լայն է տայգայի ենթազոնան։ Լայնատերև անտառների ենթազոնան հիմնականում պահպանվել է Հեռավոր Արևելքում՝ Պրիմորիեում, Մանջուրիայում, Կորեայում և հայտնի է Ճապոնա–Մանջուրական ֆլորիստական ենթամարզ անվամբ։ Այն չի կրել անթրոպոգենի սառցապատումների ազդեցությունը, հարուստ է տեսակներով, էնդեմիկներով ու ռելիկտներով (թխկենի, ընկուզենի, հացենի, լորենի, լիանաներ և այլն)։ Անտառատափաստանների և տափաստանների զոնան լավ է արտահայտված Սիբիրի հարավ-արևմուտքում, մասամբ Հյուսիսային Սոնղոլիայում, Անդրբայկալում ն Չինաստանի հյուսիս-արևելքում։ Ղազախստանի ն Մոնղոլիայի կենտրոնական մասում տարածվում է կիսաանապատների զոնան, Միջին Ասիայում, Ջունգարիայում, Տակլա–Մականում ն Մոնղոլիայի հարավում՝ բարեխառն գոտու անապատների, իսկ Լևանտում և Իրանական բարձրավանդակում՝ մերձարևադարձային անապատների զոնան։ Անապատներին և տափաստաններին բնորոշ են չորասեր հացազգիները, օշինդրային խմբավորումները, ինչպես նան աղադիմացկուն բույսերը, որոնք հնարավոր են դարձնում այդ տերիտորիան միավորել Պոնտա–Կենտրոնաասիական ֆլորիստական ենթամարզի մեջ։

Միջերկրականի Ասիական մասում (Փոքր Ասիա, Լևանտ) տարածված են միջերկրածովյան տիպի չորասեր–թփուտային խմբակցությունները (մակվիս, շիբլյակ, ֆրիգանա), իսկ Առաջավոր Ասիայի կիսաանապատային բարձրավանդակներում՝ լեռնային տափաստանները ն ֆրիգանան։ Մուսոնային մերձարևադարձների համար տիպիկ են մշտադալար անտառները (Կորեայի և ճապոնիայի հարավ, Հարավ-արևելյան Չինաստան)։ Արևադարձային անապատների զոնան արտահայտված է ասիայի միայն արևմտյան մասում (Արաբական թերակղզի, Թոար անապատ)։ Մնացած արևադարձային շրջանները բռնված են սավաննաներով, չոր արևադարձային ն խոնավ արևադարձային անտառներով։ Հասարակածային զոնայում զարգացած են տիպիկ գիլեաները։ Հարավային կիսագնդի արևադարձային գոտու (Զոնդյան կղզիներ) բուսականությունը մասամբ նման է ավստրալիականին։ Զարգացած են լեռնային բուսականության տիպերը (տունդրա, տայգա, փշատերև–լայնատերև և լայնատերև անտառներ և այլն)։

Ասիայի բուսականությունը բարեխառն է և արևադարձային լայնություններում մարդու ներգործությամբ այնքան է փոփոխվել, որ այժմ հնարավոր չէ վերականգնել նրա սկզբնական տիպը։ Ասիան տվել է կուլտուրական բույսերի 65%-ը։

Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասիայի զգալի մասի կենդանական աշխարհը պատկանում է Հոլարկտիկ մարզի Պալեոարկտիկ բաժնին։ Կրելով սառցապատման ազդեցությունը՝ այն զարգացել է ցուրտ և չորային պայմաններում և նման է Եվրոպայի ու Հյուսիսային Ամերիկայի կենդանական աշխարհին։ Արաբական թերակղգու հարավի կենդանական աշխարհը մոտ է աֆրիկականին և պատկանում է Եթովպիական մարզին, Հարավային Ասիայինը (Հնդկաստան, Հնդկաչին, Մալայան արշիպելագ)՝ Հիմալայան, մասնակիորեն՝ Ավստրալիական (Սուլավեսի, Փոքր Զոնդյան կղզիներ) մարզին։ Ասիայում պահպանվել են երրորդական ժամանակաշրջանի շատ կենդանիներ։ Կենդանական աշխարհն իր տարածմամբ ենթակա է լայնակի զոնայականությանը և ուղղաձիգ գոտիականությանը։ Որոշակիորեն արտահայտված են՝ հյուսիսի ծայրամասային ծովափնյա և տունդրայի, տայգայի, տափաստանների, անապատների և անապատային լեռների, կենտրոնաասիական բարձրավանդակների, Հեռավոր Արևելքի լայնատերև և մերձարևադարձային անտառների, Հարավային Ասիայի արևադարձային անտառների զոնաները։

Կենդանական աշխարհը մարդու ներգործությամբ փոփոխվել է և աղքատացել (Արևելյան Չինաստան, Հնդկաստան, Ճավա, Արևմտյան Սիբիրի հարավ)։

Աշխարհագրական հայտնագործությունների պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում Ասիայի մասին որոշ տեղեկություններ ունեին ասուրացիները, բաբելացիները, հնդիկները, չինացիները, եգիպտացիները, հույները, հայերը ն ուրիշներ, միջին դարերում՝ խորեզմցիները, արաբները (Մասուդի, Իդրիսի, Բիրունի, Իբն Բատուտա և ուրիշ), չինացիները (Ֆա–Սյան, Սյուան–Ցզան ն ուրիշներ), հայերը (Սմբատ Գունդստաբլ, Հեթում թագավոր), եվրոպացիները՝ XII–XIII դարերի խաչակրաց արշավանքների ն դեսպանությունների (Պլանո Կարպինի, Ռաբրուկ) միջոցով։ XIII դարի երկրորդ կեսին վենետիկցի Մարկո Պոլոն Չինաստանում 17 տարի բնակվելուց հետո աշխարհագրական կարևոր տեղեկություններ հաղորդեց Ասիայի մասին։ 1466–72 թվականներին Իրան և Հնդկաստան ճանապարհորդեց ռուս վաճառական Ա. Նիկիտինը։ 1498 թվականին պորտուգալացի Վասկո դա Գաման ծովով հասավ Հնդկաստան, 1521-ին Մագելանը՝ Ֆիլիպիններ, 1542 թվականին պորտուգալացիները՝ Ճապոնական կղզիներ և այլն։ Երմակի արշավանքը (1581–82) ընդարձակ տեղեկություններ տվեց Արևմտյան Սիբիրի մասին։ 1649–52 թվականներին Ամուրով ն Մերձամուրով անցավ ռուս երկրագնաց Ե. Խաբարովը։ 1648 թվականին Ս. Դեժնևը նավարկեց Հյուսիսային ծովով դեպի Անադիր և հայտնագործեց Ասիայի ն Ամերիկայի միջն ընկած նեղուցը։ Աշխարհագրական հարուստ տեղեկություններ ձեռք բերեցին քրիստոնեական քարոզիչները, հատկապես՝ ճիզվիտները, որոնք եղան Չինաստանում ն Տիբեթում։ XVIII դ. վերջերին անգլիացիները ուսումնասիրեցին Հիմալայները։ Ասիայի հեռավորարևելյան ափերը քարտեզագրեցին ծովագնացներ՝ ֆրանսիացի Ժ. Ֆ. Լափերուզը (1787), ռուս Ի. Ֆ. Կռուզենշտեռնը (1804–05) և ուրիշներ։ Սիբիրական Արկտիկան ուսումնասիրեցին (1820–24) ռուս հետազոտողներ Ֆ. Պ. Վրանգելը, Ֆ. Ֆ. Մատյուշկինը։ XIX դարի կեսերից մեծանում է առանձին ինստիտուտների, ակադեմիաների, թանգարանների, ռազմաաշխարհագրական ծառայության դերը Ասիայի հետազոտման մեջ։ Եվրոպական երկրներում ստեղծվեցին Ա. ուսումնասիրող ընկերություններ, XIXtդ. վերջում իրենց գործունեությունն ընդլայնեցին նան ճապոնացիները։ Արտասահմանյան գիտական ուժերով աշխարհագրական ընկերություններ ստեղծվեցին Չինաստանում, Թուրքիայում, Իրանում։ Ասիայիի ուսումնասիրությունն ընդարձակվեց Ռուսական աշխարհագրական ընկերության կազմակերպմամբ (1845)։ 1870–1885 թվականներին Ն. Մ. Պրժևալսկին 4 անգամ ճանապարհորդեց Կենտրոնական Ասիայում՝ հայտնագործելով Կունլունը, Նանշանը, Հուանհեի վերին հոսանքը, Լոբնոր լիճը։ Կովկասը ուսումնասիրել են Մ. Ի. Վենյուկովը (1861-63), Գ.Ի. Ռադեն (1863-93)։ XIX դարի վերջի և XX դարի սկզբի հետազոտողներից առանձնապես հայտնի են Վ. Ա. Օբրուչևը (Սիբիր), Ա. Ի. Վոյեյկովը (Արևելյան ն Հարավային Ասիա), Կ. Ի. Բոգդանովիչը (Կենտրոնական Ասիա, Կամչատկա, Կովկաս, Իրան), Լ. Ա. Բերգը (Արալյան ծով), Վ. Վ. Դոկուչանը (Կովկասի հողեր)։ Կովկասը ն Հայկական լեռնաշխարհն ուսումնասիրել են Հ. Վ. Աբիխը, Հ. Ֆ. Բ. Լինչը, Ֆ. Օսվալդը, Ա. Ղուկասովը, Ի. Ի. Խոձկոն, Ա. Ֆ. Լյաստերը, Ս. Դ. Լիսիցյանը, Հ. Տ. Կարապետյանը, Կ. Ն. Պաֆֆենհոլցը, Ա. Լ. Թախտաջյանը և ուրիշներ։ Ասիայի ժամանակակից հետազոտողներից են անգլիացի Լ. Դ. Ստամպը, ֆրանսիացիներ Ժ. Սիոնը, Ռ. Բլանշարը, ամերիկացի Զ. Բ. Կրեսին, ավստրալացի Օ. Խ. Կ. Ապեյտը և ուրիշներ։ Ասիայի ուսումնասիրության մեջ բացառիկ հաջողությունների են հասել խորհրդային հետազոտողները։ Սովետական արշավախմբերի ուժերով հայտնագործվել և լրացվել են նախկին ԽՍՀՄ Ասիական մասի քարտեզի «սպիտակ բծերը»:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png