Հյուսիսային սառուցյալ օվկիանոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սառուցյալ օվկիանոս
Երկիր մոլորակի օվկիանոսներ

Հյուսիսային սառուցյալ օվկիանոս[1] կամ Սառուցյալ օվկիանոս[1], աշխարհի ամենափոքր և ամենացածր օվկիանոսը։ Այն եզրափակված է մի կողմից Եվրասիայով և մյուս կողմից Հյուսիսային Ամերիկայով։ Նրա մակերևույթի ընդհանուր մակերեսը 14,056,000 քառակուսի կիլոմետր է, ինչը գրեթե համընկնում է Ռուսաստանի չափերի հետ[2]:

Օվկիանոսի ջրի ծավալը կազմում է 18,07 մլն. կմ3։ Միջին խորությունը 1225 մ է, իսկ ամենամեծ խորությունը՝ 5527 մ, Գրենլանդական ծովում է։ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի հատակի ռելիեֆի մեծ մասը զբաղեցնում են խութերը (օվկիանոսի հատակի ավելի քան 45 %-ը) և մայրցամաքների ծայրամասերի ստորջրյա հատվածները (հատակի մինչև 70 %-ը)։ Ընդունված է օվկիանոսը բաժանել ջրային երեք տարածքների՝ Արկտիկական ավազան, Հյուսիս-Եվրոպական ավազան, Կանադական ավազան։ Բևեռային դիրքի շնորհիվ օվկիանոսի կենտրոնական մասի մակերեսի սառցաշերտը պահպանվում է ողջ տարվա ընթացքում, թեև գտնվում է շարժման մեջ։

Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ջրերը ողողում են Դանիայի (Գրենլանդիա), Իսլանդիայի, Կանադայի, Նորվեգիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ափերը։ Օվկիանոսի վերահսկողության իրավունքի հարցը միջազգային մակարդակում հստակ սահմանված չէ։ Այն մասնակիորն սահմանված է Արկտիկայի երկրների ազգային օրենսդրություններում ու միջազգային իրավական համաձայնագրերում։ Տարվա մեծ մասը օվկիանոսն օգտագործվում է բեռների տեղափոխման համար, որ իրականացնում են Ռուսաստանը՝ Հյուսիսային ծովային ուղով, և ԱՄՆ-ն ու Կանադան՝ Հյուսիսարևմտյան անցումով։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օվկիանոսը որպես ինքնուրույն առանձնացվել է աշխարհագրագետ Վարենիուսի կողմից 1650 թվականին Հիպերբորեական օվկիանոս անունով («Հեռավոր հյուսիսում գտնվող օվկիանոս», հին հուն․՝ Βορέαςհյուսիսային քամու առասպելական աստված կամ այլ կերպ՝ Հյուսիս, հին հուն․՝ ὑπερ- – նախածանց, որը ցույց է տալիս ինչ-որ բանի գերազանցումը)։ Այն ժամանակների արտասահմանյան աղբյուրներում կիրառվում էին նաև հետևյալ անվանումները՝ Oceanus Septentrionalis – «Հյուսիսային օվկիանոս» (լատ.՝ Septentrio — հյուսիս), Oceanus Scythicus — «Սկյութական օվկիանոս» (լատ.՝ Scythae — սկյութացի), Oceanes Tartaricus — «Թարթարյան օվկիանոս»[3], Μare Glaciale — «Սառուցյալ ծով» (լատ.՝ Glacies — սառույց)։ Ռուսական հողի վախճանի մասին ասքում Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսը կոչվել է «Դիշյուչիմ մորեմ»: 17-18-րդ դարերի ռուսական քարտեզների վրա կիրառվում են հետևյալ անվանումները՝ Ծով օվկիանոս, Սառուցյալ ծով օվկիանոս, Սառուցյալ ծով, Հյուսիսային կամ Սառուցյալ ծով, Սառուցյալ օվկիանոս, Հյուսիսային Բևեռային ծով, իսկ ռուսազգի ծովագնաց, ծովակալ Ֆեոդոր Լիտկեն 19-րդ դարի 20-ական թվականներին այն անվանել է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս[4]: Այլ երկրներում լայնորեն կիրառվում է անգլ.՝ Arctic Ocean — «Արկտիկական օվկիանոս» անվանումը, որը 1845 թվականին օվկիանոսին տվել է Լոնդոնյան աշխարհագրական միությունը[5]:

1935 թվականի հունիսի 27ԽՍՀՄ Կենտրոնական գործադիր կոմիտեի որոշմամբ ընդունվել է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս անվանումը, որը համապատասխանում էր այն ձևին, որն օգտագործվում էր Ռուսաստանում 19-րդ դարի սկզբից, և մոտ էր ռուսական ավելի վաղ անվանումներին[4]:

Ֆիզիկաաշխարհագրական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օվկիանոսների հիմնական ձևաբանական բնութագրերը
(«Օվկիանոսների քարտեզագրքի» տվյալներով. 1980 թվական)[6]
Օվկիանոսներ Ջրի
մակերևույթի
մակերեսը, մլն.կմ²
Ծավալը,
մլն.կմ³
Միջին
խորությունը,
մ
Օվկիանոսի
առավելագույն խորությունը,
մ
Ատլանտյան 91,66 329,66 3736 Պուերտո Ռիկո փողրակ (8742)
Հնդկական 76,17 282,65 3711 Զոնդյան փողրակ (7209)
Հյուսիսային սառուցյալ 14,75 18,07 1225 Գրենլանդական ծով (5527)
Խաղաղ 178,68 710,36 3976 Մարիանյան իջվածք (11 022)
Համաշխարհային 361,26 1340,74 3711 11 022

Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսը գտնվում է Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի միջև։ Ատլանտյան օվկիանոսի հետ սահմանն անցնում է Հուդզոնի նեղուցի արևելյան մասով, այնուհետև Դևիսի նեղուցի միջով և Գրենլանդիա կղզու ափով մինչև Բրուստեր հրվանդանը, Դանիական նեղուցի միջով մինչև Իսլանդիա կղզու վրա գտնվող Ռեյդինուպյուր հրվանդանը, նրա առափնյայով մինչև Գերպիր հրվանդանը, այնուհետև Ֆարերյան կղզիների մոտ, այնուհետև Շետլանդյան կղզիների մոտ և 61° հյուսիսային լայնությամբ մինչև Սկանդինավյան թերակղզին[7]: Միջազգային հիդրոգրաֆիկ կազմակերպության տերմինաբանության մեջ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի սահմանն անցնում է Գրենլադիայից Իսլանդիայի միջով, այնուհետև Շպիցբերգենի մոտ, այնուհետև Արջի կղզու միջով և մինչև Նորվեգիայի առափնյան, ինչը Ատլանտյան օվկիանոսի կազմի մեջ է ներառում Գրենլանդական և Նորվեգական ծովերը[8]: Խաղաղ օվկիանոսի հետ սահմանը համարվում է Բերինգի նեղուցի գիծը Դեժնյովի հրվանդանից մինչև Արքայազն Ուելսի հրվանդանը: Միջազգային հիդրոգրաֆիկ կազմակերպության տերմինաբանության մեջ սահմանն անցնում է Հյուսիսային բևեռային շրջանով Ալյասկայի և Սիբիրի միջև, որը նույն տերբինաբանության մեջ բաժանում է Չուկոտի և Բերինգի ծովերը: Միևնույն ժամանակ, որոշ օվկիանոսագետներ Բերինգի ծովը դասում են Հյուսիսային աառուցյալ օվկիանոսին[9]:

Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը ամենափոքրն է օվկիանոսների թվում։ Օվկիանոսի սահմանները որոշելու մեթոդներից կախված, նրա մակերեսը կազմում է 14,056-ից[10] մինչև 15,558[11] միլիոն կմ², այսինքն Համաշխարհային օվկիանոսի մոտ 4%-ը։ Ջրի ծավալը կազմում է 18,07 միլիոն կմ³: Որոշ օվկիանոսագետներ[12] դիտում են այն որպես Ատլանտյան օվկիանոսի ներքին ծով։ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը համարվում է ամենասակավաջուրը օվկիանոսների թվում, նրա միջին խորությունը կազմում է 1225 մ (առավելագույն խորությունը՝ 5527 մետր է, որը գտնվում է Գրենլանդական ծովում)[13][14]: Ջրափնյա գծի երկարությունը կազմում է 45 389 կմ[10]:

Ծովեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ծովերի, ծոցերի և նեղուցների մակերեսը կազմում է 10,28 միլիոն կմ² (օվկիանոսի ընդհանուր մակերեսի 70%-ը), ծավալը՝ 6,63 միլիոն կմ³ (37%)[15]:

Ծայրամասային ծովերն են (արևմուտքից արևելք)՝ Բարենցի ծովը, Կարայի ծովը, Լապտևների ծովը, Արևելասիբիրական ծովը, Չուկոտի ծովը, Բոֆորտի ծովը, Լինկոլնի ծովը, Գրենլանդական ծովը, Նորվեգական ծովը: Ներքին ծովերն են՝ Սպիտակ ծովը, Բաֆֆինի ծովը: Ամենախոշոր ծոցն է համարվում Հուդզոնի ծոցը[16]:

Կղզիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզիների քանակությամբ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը զբաղեցնում է երկրորդ տեղը Խաղաղ օվկիանոսից հետո։ Օվկիանոսում է գտնվում Երկրի ամենամեծ Գրենլանդիա կղզին (2175,6 հազար կմ²) և մեծությամբ երկրորդ արշիպելագը՝ Կանադական արկտիկ արշիպելագը (1372,6 հազար կմ², այդ թվում նաև խոշորագույն կղզիները՝ Բաֆինի երկիր, Էլսմիր, Վիկտորիա, Բանքս (կղզի), Դևոն, Մելվիլ, Աքսել Հեյբերգ, Սաուտգեմպտոն, Արքայազն Ուէլսի, Սոմերսետ, Արքայազն Պատրիկ, Բատերստ, Քինգ Վիլյամ, Բայլոտ, Էլլեֆ Ռինգնես)։ Խոշորագույն կղզիները և արշիպելագները՝ Նոր Երկիր (Հյուսիսային և Հարավային կղզիներ), Շպիցբերգեն (Արևմտյան Շպիցբերգեն, Հյուսիս-Արևելյան Երկիր կղզիներ), Նորսիբիրական կղզիներ (Կոտելնի կղզի), Հյուսիսային Երկիր (Հոկտեմբերյան Հեղափոխության կղզի, Բոլշևիկ կղզի, Կոմսոմոլեց կղզի), Ֆրանց Իոսիֆի երկիր, Կոնգ Օսկար կղզիներ, Վրանգելի կղզի, Կոլգուև կղզի, Միլնի Երկիր, Վայգաչ կղզի[15]:

Baffin Island Northeast Coast 1997-08-07.jpg
Полярная ночь.jpg
Longyearbyen4.jpg
Northbrookisland fj.jpg
Սառցադաշտ Կլայդ Ռիվերի մոտ։
Բաֆինի երկիր
Բևեռային գիշեր Ռոգաչյովո գյուղում։
Նոր Երկիր
Լոնգյիր։
Շպիցբերգեն
Նորտբրուկ կղզու առափնյան։
Ֆրանց Իոսիֆի Երկիր արշիպելագ

Ափեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցամաքի ռելիեֆը օվկիանոսի հյուսիսամերիկյան ափերի մոտ հիմնականում բլրապատ է՝ ոչ բարձր դենուդացիոն հարթավայրերով և ցածրադիր լեռներով։ Հյուսիսարևմտյան ճկվածքի համար բնորոշ են ակումուլյատիվ հարթավայրերը ռելիեֆի սառածության ձևերով։ Կանադական արշիպելագի հյուսիսի խոշոր կղզիները, ինչպես նաև Բաֆինի երկրի հյուսիսային հատվածը ունեն լեռնային սառցադաշտային ռելիեֆ սառցադաշտային վահաններով և դրանց մակերևույթի վերևում ցցված պիկերը և լանջերը, որոնք գոյացնում են Արկտիկական Կորդիլներ: Էլսմիր Երկրի վրա առավելագույն գագաթը հասնում է 2616 մ (Բարբո գագաթը)։ Գրենլանդիայի մակերեսի 80%-ը զբաղեցված է լայնածավալ սառցադաշտային ծածկույթը մինչև 3000 մ շերտով, որը բարձրանում է մինչև 3231 մ։ Ցամաքի առափնյա գիծը (5-120 կմ լայնությամբ) ափի համարյա ամբողջ երկայնքով ազատ է սառույցից և բնորոշվում են տրոգային հովիտներում, սառցադաշտային կրկեսներով և կարերով լեռնային ռելիեֆով։ Մի շարք վայրերում ցամաքի այդ հատվածը ճեղքելով անցնում է արտատար սառցադաշտերի հովիտներով, որոնց միջոցով տեղի է ունենում սառցանետումը դեպի օվկիանոս, որտեղ գոյանում են այսբերգներ։ Իսլանդիա կղզու մակերևույթի ռելիեֆի գլխավոր առանձնահատկությունները համարվում են հրաբխային ձևերը՝ այստեղ կան ավելի քան 30 գործող հրաբուխներ: Բազալտային սարահարթի ամենաբարձր շրջանները զբաղեցնում են ծածկույթային տիպի սառցադաշտերը։ Հարավ-արևմուտքից դեպի հյուսիս-արևելք ամբողջ Իսլանդիայի միջով անցնում է ռիֆտային զոնան (Միջինատլանտյան լեռնաշղթայի հատվածը, որի հետ կապում են հրաբուխների մեծամասնությունը և երկրաշարժերի էպիկենտրոնները)[17]:

Եվրասիայի արևմուտքում ափերը գերազանցապես բարձր են, մասնատված են ֆյորդներով, որոնց գագաթները հաճախ պատված են սառույցներով։ Առափնյա գծում լայն տարածում ունեն խոյի ճակատներ, դրումլիններ, թմբաշարեր, եզրային գոյացություններ։ Սկանդինավյան թերակղզու հյուսիսային հատվածը ներկայացված է Ֆինմարկ ցածրադիր լեռներով, հիմնական տարրերը այստեղ նույնպես ստեղծված են սառցադաշտերի կողմից։ Ափերի նմատատիպ ռելիեֆը բնորոշ է նաև Կոլայի թերակղզուն: Սպիտակ ծովի կարելական ափը խորը մասնատված է սառցադաշտային հովիտներով։ Հանդիպակաց ափը ռելիեֆում ներկայացված է մակերևույթային հարթավայերով, որոնք իջնում են հարավից դեպի Սպիտակ ծով։ Այստեղ ափ են դուրս գալիս ցածրադիր լեռներով Թիմանյան բլրաշարքը և Պեչորայի ցածրավայրը: Այնուհետև դեպի արևելք տարածվում է Ուրալի և Նոր Երկրի լեռնային գոտին։ Նոր Երկրի Հարավային կղզին ազատ է սառցածածկույթից, սակայն առկա են սառցակալման հետքեր։ Հարավային կղզու և Հյուսիսային կղզու հյուսիսում առկա են հզոր շերտով սառցադաշտեր։ Կղզիներում գերակշռում են լեռնա-սառցադաշտային ռելիեֆ, որի մեծ մասը ծածկված է սառցադաշտերով, որոնք իջնում են դեպի ծովը և գոյացնում են այսբերգներ։ Ֆրանց Իոսիֆի Երկրի 85%-ը ծածկված է սառցադաշտերով, որոնց տակը գտնվում է բազալտային սարահարթը։ Կարայի ծովի հարավային առափնյան գոյացնում է Արևմտասիբիրական հարթավայրը, որն իրենից ներկայացնում է երիտասարդ պլատֆորմա։ Թայմիր թերակղզին իր հյուսիսային հատվածում զբաղեցված է Բիրանգա բարձրավանդակով, որը բաղկացած է լեռնաշղթաներից և սարահարթանման զանգվածներից։ Ամենուրեք տարածված են ռելիեֆի սառեցված ձևերը։ Հյուսիսային երկրի մակերեսի մոտ կեսը ծածկված է սառցե վահաններով և գմբեթներ։ Հովիտների ստորին հատվածները հեղեղված են ծովի կողմից և առաջացնում են ֆյորդներ։ Արևելասիբիրական և Չուկոտի ծովերի ափերը տեղակայված են Վերխոյանսկ-Չուկոտսկի ծալքավորման սահմաններում։ Լենա գետը առաջացնում է լայնածավալ և ծագումով բարդ դելտա: Դրանից արևելք, դեպի Կոլիմա գետի բերանը տարածվում է Պրիմորսկի հարթավայրը, որը բաղկացած է հավերժական սառածության չորրորդական նստվածքներից՝ ճեղքված բազմաթիվ գետերի հովիտների կողմից[17]:

Հատակի երկրաբանական կառուցված և ռելիեֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ռելիեֆը

Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի հատակի ռելիեֆի մեծ մասը (օվկիանոսի հատակի ավելի քան 45 % ) և մայրցամաքների ստորջրյա եզրերը (հատակի մինչև 70 %) զբաղեցնում է շելֆը: Հենց դրանով է բացատրվում օվկիանոսի փոքր միջին խորությունը. նրա խորության մակերեսի մոտ 40 %-ն ունի 200 մ-ից քիչ խորություն: Հյուսիսային սառուցյալ օվկիանոսն եզրապատում և հաճախ ստորջրյա շարունակվում են մայրցամաքային տեկտոնական կառուցվածքները՝ Հյուսիսամերիկյան պլատֆորմը. կալեդոնական Եվրասիական պլատֆորմի Իսլանդա-Ֆարերյան ելուստը, Արևելաեվրոպական պլատֆորմը՝ Բալթյան վահանով և համարյա ամբողջությամբ ջրի տակ գտնվող Բարենցի ծովի հնագույն պլատֆորմը, Ուրալա-նորերկրյան լեռնային զանգվածը, Արևմտասիբիրական հարթավայրը և Խատանգի ճկվածքը, Սիբիրյան պլատֆորմը, Վերխոյանսկ-Չուկոտյան ժայռոտ երկիրը[17]: Ռուսական գիտական գրականությունում օկիանոսն ընդունված է բաժանել 3 ընդարձակ ջրատարածության՝ Արկտիկական ավազանը, որը ներառում է օվկիանոսի կենտրոնական խորջրյա հատվածը, Հյուսիսեվրոպական ավազանը, որը ներառում է Բարենցի ծովի մայրցամաքային լանջը մինչ 80-րդ զուգահեռականը՝ Շպիցբերգենի և Գրենլանդիայի միջև, Կանադական ավազանը, որը ներառում է Կանադական արկտիկ արշիպելագի նեղուցների, Հուդզոնի ծոցի և Բաֆֆինի ծովի ջրատարածությունները[18]:

Հյուսիս–Եվրոպական ավազան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիս–Եվրոպական ավազանի հատակի ռելիեֆը կազմում է Միջինօվկիանոսային լեռնաշղթան, որը հանդիսանում է Միջինատլանտյան լեռնաշղթայի շարունակությունը։ Ռեյկյանես լեռնաշղթայի շարունակության վրա է գտնվում Իսլանդիայի ստորջրյա խութային շրջանը, որը բնութագրվում է ակտիվ հրաբխայնությամբ և ինտենսիվ հիդրոթերմալ գործունեությամբ։ Օվկիանոսի հյուսիսում այն շարունակվում է Կոլբեյնսեյ խութային լեռնաշղթայով, վառ արտահայտված խութային հովտով և լեռնաշղթան հատող լայնակի ճեղքվածքներով։ Հյուսիսային լայնության 72°–ում լեռնաշղթան հատվում է Յան Մայենի ճեղքվածքի հսկայական գոտով։ Լեռնաշղթայի հյուսիսային մասի հատումը այս ճեղքվածքով լեռնազանգվածը տեղափոխել է մի քանի հարյուր կիլոմետրով դեպի արևելք։ Միջինօվկիանոսային լեռնաշղթայի տեղաշարժված հատվածը ունի լայնակի տարածում և կոչվում է Մոնի լեռնաշղթա։ Լեռնաշղթան պահպանում է հյուսիս–արևելյան տարածումը մինչև հյուսիսային լայնության 74°, որից հետո փոխվում է միջօրեագծային ուղղությամբ և անվանվում է Կնիպովիչի լեռնաշղթա։ Լեռնաշղթայի արևմտյան մասն իրենից ներկայացնում է բարձր մոնոլիտ լեռնազանգված, իսկ արևելյանը՝ համեմատաբար ցածր է և միաձուլվում է մայրցամաքային ստորոտին, որի նստվածքների տակ լեռնաշղթայի այս հատվածը զգալիորեն թաղված է[18]։

Յան Մայենի կղզուց հարավ մինչև Ֆարեր–Իսլանդական սահանքներ ձգվում է Յան Մայենի լեռնաշղթան, որը հանդիսանում է հնագույն Միջինօվկիանոսային լեռնաշղթա։ Գոգահովտի հատակը, որը գտնվում է նրա և Կոլբեյնսեյյան լեռնաշղթայի միջև կազմված է բազալտից, որի շնորհիվ էլ հարթ է և ձևավորում է Իսլանդական ստորջրյա սարահարթը։ Եվրոպական մայրցամաքի Սկանդինավյան թերակղզու ստորջրյա ծայրամասը հանդիսանում է Վորինգի սարահարթը։ Այն Նորվեգական ծովը բաժանում է երկու գոգավորությունների՝ Նորվեգական և Լոֆոտինյան, որոնց խորությունը հասնում է մինչև 3970 մետրի։ Նորվեգական գոգավորությունն ունի բլրային և ցածրալեռնային ռելիեֆ։ Նորվեգական լեռնաշղթան գոգավորությանը բաժանում է երկու մասի, որը ոչ բարձր լեռներով ձգվում է Ֆարերյան կղզիներից մինչև Վորինգի սարահարթ։ Միջինօվկիանոսային լեռնաշղթայից արևմուտք գտնվում է Գրենլանդական գոգավորությունը, որում գերակշռում են հարթավայրերը։ Գրենլանդական ծովի առավելագույն խորությունը կազմում է 5527 մետր, որը հանդիսանում է նաև Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի առավելագույն խորությունը[18]։

Ստորջրյա մայրցամաքային ծայրամասում երկրակեղևը ցամաքային տիպի է շատ մոտ խութային հիմքի բյուրեղային նստվածքի մակերևույթին։ Գրենլանդական և Նորվեգական խութերի հատակի ռելիեֆին բնորոշ է աբրազիոն սառցադաշտային տիպը[18].

Կանադական ավազան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանադական ավազանի մեծ մասը կազմում է Կանադական արկտիկական արշիպելագ նեղուցները, որոնք կոչվում են Հյուսիս–արևմտյան լեռնանցք։ Նեղուցների մեծամասնության հատակը խորն է և գերազանցում է 500 մետրը։ Հատակի ռելիեֆին բնորոշ է սառցադաշտային մնացուկային տարածումը և կղզիների ու Կանադական արշիպելագի բարդ ուրվագծերը։ Սա վկայում է ռելիեֆի տեկտոնական կառուցվածքը, ինչպես նաև օվկիանոսի հատակի այս հատվածի ոչ վաղ սառցակալումը։ Արշիպելագի շատ կղզիների մակերևույթներ այժմ նույնպես պատված են սառցադաշտերով[18]։ Խութի լայնությունը կազմում է 50—90 կիլոմետր[19], մեկ այլ աղբյուրով մինչև 200 կիլոմետր[9]։

Հուդզոնի ծոցի հատակի ռելիեֆին բնորոշ է սառցադաշտային տիպը, որը ի տարբերություն նեղուցների հիմնականում ծանծաղուտային է։ Բաֆինի ծովն ունի մինչև 2141 մետր խորություն։ Նա գրավում է խոր և խոշոր գոգավորություն՝ հստակ արտահայտված ցամաքային թեքությունով և լայն խութերով, և նրա մեծ մասն ունի 500 մետրից ավել խորություն։ Խութերին բնորոշ է ռելիեֆի սառցադաշտային տիպը։ Հատակը պատված է տերիգեն նստվածքներով և այսբերգային նյութի խոշոր տարածքներով[18]։

Արկտիկական ավազան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի հիմանական մասը կազմում է Արկտիկական ավազանը։ Ավազանի կեսից ավելին խութեր են, որոնց լայնությունը կազմում է 450—1700 կիլոմետր, միջինում 800 կիլոմետր։ Այն բաժանվում է արկտիկական ծովերին համապատասխան՝ Բարենցի, Կարայի, Լապտևների, Արևելասիբիրական, Չուկոտյան, զգալի մասն էլ սահմանակից է Հյուսիսային Ամերիկային[9][19][18]։

Բարենցի ծովի խութը կառուցվածքաերկրաբանական առումով իրենից ներկայացնում է մինչքեմբրյան հաստվածք՝ պատված պալեոզոյան և մեզոզոյան նստվածքային ապարներով, որի խորությունը հասնում է 100—350 մետրի[19]։ Բարենցի ծովի հատակը ձևավորված է տարբեր տարիքի ծալքավորություներից։

Սպիտակ ծովի հատակը հյուսիսային և արևմտյան մասերում կազմում է բալթյան վահանը, իսկ արևելյանում՝ ռուսական պլատֆորմը։ Բարենցի ծովի հատակին բնորոշ է մասնատված ծովով ծածկված սառցադաշտային և գետային հովիտները։ Կարայի ծովի հարավային մասի խութերը հիմնականում հանդիսանում են Արևմտասիբիրական հարթավայրի Գերցինյան պլատֆորմի շարունակությունը։ Խութի հյուսիսային մասը հատում է Ուրալյան մեգանոթլինորիումը, որը շարունակվում է Հյուսիսային Թայմիրում և Հյուսիսային Երկիր արշիպելագում։ Ավելի հյուսիս գտնվում է Նոր Երկիր իջվածքը, Վորոնինի իջվածքը, Միջին Կարայական բարձրավանդակը։ Կարայի ծովի հատակը հատում են հստակ արտահայտված Օբի և Ենիսեյի հովիտների շարունակությունները։ Նոր Երկրի, Հյուսիսային Երկրի և Թայմիրի մոտակայքում հատակը աբրազիոն և ակումուլյացիոն մնացուկային սռցադաշտային ռելիեֆի տիպ ունի[18]։ Խութի խորությունը կազմում է միջինում 100 մետր։ Լապտևների ծովախութի գերակշիռ մասը, որի խորությունը կազմում է 10—40 մետր[19], ծովային ակումուլյատիվ հարթավայր է։ Այս հարթեցված ռելիեֆը շարունակվում է Արևելասիբիրական ծովի հատակը, որտեղ տեղ–տեղ հստակ արտահայտված է թմբային ռելիեֆը (Նորսիբիրական կղզիների մոտ և Արջի կղզիներից հյուսիս արևմուտք)։ Չուկոտյան ծովի հատակում գրիշխում են ջրածածկ եղած դենուդացիոն հարթավայրերը։ Ծովի հարավային մասը իրենից ներկայացնում է խորը կառուցվածքային իջեցվածք, լցված փխրուն նստվածքներով և մեզոկայնոզոյան հրաբխային նստվածքներով[18]։ Չուկոտյան ծովախութի խորությունը կազմում է 20—60 մետր[19]։

Արտկիկական ավազանի մայրցամաքային թեքությունը մասնատված է խոշոր ստորջրյա կիրճերով։ Տիղմային հոսքերը ձևավորում են ակումուլյատիվ խութեր՝ ցամաքային ստորոտներ։ Այսպիսի խոշոր խութ է ձևավորում Կանադական գոգավորության հարավային մասում Մակենզի ստորջրյա կիրճը։ Արկտիկական ավազանի աբիսալային մասը զբաղեցնում է Միջինօվկիանոսային Գակելի լեռնաշղթան, որի խորությունը կազմում է 2500 մետր։ Գակելի լեռնաշղթան սկսվում է Լենայի հովտից, զուգահեռ ձգվելով Եվրասիական ստորջրյա ուրվագծին և հատվում է Լապտևների ծովի ցամաքային թեքության հետ։ Լեռնաշղթայի խութային հատվածում կան բազմաթիվ երկրաշարժային էպիկենտրոններ։ Հյուսիսային Գրենլադիայի ստորջրյա ծայրամասից մինչև Լապտևների ծովի ցամաքային թեքությունը ձգվում է Լոմոնոսովի լեռնաշղթան։ Սա մոնոլիտ լեռնազանգված է թմբաձև տեսքով 850—1600 մետր ծովի մակերևույթից ցածր։ Արևելասիբիրական ծովի ստորջրյա ծայրամասից, Վրանգելի կղզիներից հյուսիս, դեպի Էլսմիր կղզի Կանադական արշիպելագում ձգվում է Մենդելեևի լեռնաշղթան, որը գտնվում է ծովի մակերևույթից 1200—1600 մետր ներքև։ Այն ունի մեծաբեկորային նստվածքային կառուցվածք՝ բնորոշ օվկիանոսային երկրակեղևին։ Արկտիկական ավազանում է գտնվում նաև երկու ծայրամասային սարահարթ՝ Երմակը՝ Շպրիցբերգենից հյուսիս և Չուկոտյանը՝ Չուկոտյան ծովից հյուսիս։ Երկուսն էլ ունեն ցամաքային տիպի երկրակեղև[19][18]։

Եվրասիայի ստորջրյա մասի և Գակելի լեռնաշղթայի միջև ձգվում է Նանսենի գոգավորությունը, որի առավելագույն խորությունը 3975 մետր է։ Գակելի և Լոմոնոսովի լեռնաշղթաների միջև է գտնվում Ամուդսենի գոգավորությունը, որի հատակը իրենից ներկայացնում է հարթ աբիսալային հարթավայր՝ 4485 մետր առավելագույն խորությամբ։ Հյուսիսային բևեռը գտնվում է այս գոգավորությունում։ Լոմոնոսովի և Մենդելեևի լեռնաշղթաների միջև է գտնվում Մակարովի գոգավորությունը, որի առավելագույն խորությունը 4510 մետրից ավել է։ Գոգավորության հարավային, համեմատաբար ծանծաղուտային մասը, առավել 2793 մետր խորությամբ, առանձնացնում են որպես Ջրասուզորդների գոգավորություն։ Մակարովի գոգավորության հատակը ձևավորում են հարթ և ալիքաձև աբիսալային հարթավայրերը, իսկ Ջրասուզորդների գոգավորությանը՝ թեք ակումուլյատիվ հարթավայրը։ Կանադական գոգավորությունը, որը գտնվում է Մենդելեևի լեռնաշղթայից հարավ դեպի արևելք Չուկոտյան սարահարթ, ամենամեծն է իր մակերեսով և ունի 3909 մետր առավելագույն խորություն։ Հատակը առավելապես հարթ աբիսալային հարթավայր է։ Բոլոր գոգավորությունների տակ երկրակեղևը չունի գրանիտային շերտ։ Կեղևի հաստությունը այստեղ հասնում է մինչև 10 կիլոմետրի՝ ի շնորհիվ նստվածքային շերտի մեծացման[18]։

Արկտիկական հատակային նստվածքները բացառապես տերիգենային ծագում ունեն։ Գերակշռում է նուրբ մեխանիկական կազմով նստվածքները։ Բարենցի ծովից հարավ Սպիտակ և Կարայի ծովերի առափնյա շրջանում գերակշռում է ավազաքարային նստվածքները։ Շատ տարածված է երկաթամանգանայի կոնկրեցիան, առավելապես Բարենցի և Կարայի ծովախութերում։ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի հատակային նստվածքների հզորությունը հասնում է 2—3 կիլոմետրի՝ ամերիկյան մասում, իսկ եվրասիական մասում՝ 6 կիլոմետրի։ Հատականին նստվածքների մեծ հզորությունը պայմանավորված է օվկիանոս մտնող նստվածքային նյութի մեծ քանակությամբ, տարեկան մոտ 2 միլիարդ տոննա կամ ընդհանուր Համաշխարհային օվկինոս մուտք գործող նստվածքային նյութի մոտ 8 %–ը[18][20]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի կլիման պայմանավորված է, առաջին հերթին, իր բեևեռային աշխարհագրական դիրքով։ Հսկայական սառցե զանգվածների առկայությունը ուժգնացնում է կլիմայի խստությունը, կապված բևեռային շրջաններում արևի ջերմության բացակայության հետ[18]։ Արկտիկական զոնայի ռադիացիոն ռեժիմի գլխավոր բնութագիրը հանդիսանում է այն, որ բևեռային գիշերների ժամանակ արևային ռադիացիայի ներհոսք չի նկատվում, արդյունքում 50—150 օրվա ընդհացքում մակերեսի անընդհատ սառեցում է տեղի ունենում։ Ամռանը բևեռային օրվա երկարության հետ կապված, ջերմության քանակը արևի ռադիացիայի հաշվին բավականին մեծ է։ Ռադիացիայի հաշվեկշռի տարեկան մեծությունը ափերում և կղզիներում դրական է և կազմում է 2–ից մինչև 12—15 , իսկ օվկիանոսի կենտրոնական շրջաններում այն բացասական է և կազմում է մոտ 3 կկալ/սմ[17]։ Բևեռային շրջաններում տեղումների քանակը քիչ է, այն դեպքում, երբ մերձբևեռային շրջաններում, որտեղ գերիշխում են արևմտյան քամիները, տեղումները մի փոքր շատ են։ Տեղումների մեծ մասը ընկնում է սառցե ծածկույթի վրա և ջրային բալանսի վրա առանձնակի ազդեցություն չի ունենում։ Օվկիանոսում ջրի գոլորշիացումը քիչ է, քան տեղումների քանակը[19]։

Ձմեռվա ընթացքում, որի տևողությունը ավելի քան 6,5 ամիս է, օվկիանոսի վրա գերիշխում է կայուն մթնոլորտային բարձր ճնշումը՝ արկտիկական անտիցիկլոնը, որի կենտրոնը բևեռից տեղաշարժված է դեպի Գրենլանդիա։ Ձմռան ընթացքում արկտիկական օդի սառը զանգվածը ներթափանցում է մայրցամաք՝ մինչև մերձարևադարձային կլիմայական գոտի և առաջացնում է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում։ Ամռանը՝ հունիսից սեպտեմբեր, ձևավորվում է իսլանդական դեպրեսիան, ամառային ջերմաստիճանի բարձրացման հետ կապված, ինչպես նաև ակտիվ ցիկլոնային գործունեության հետ, որը հասնում է գրեթե արկտիկական բևեռ։ Այդ ժամանակ հարավից այստեղ տաք հոսանք է ներթափանցում, ինչպես նաև տաքանում է գետային ջրերի հաշվին[19][18]։

Արկտիկայում ջերմաստիճանի փոփոխության վրա մեծ ազդեցություն է ունենում արկտիկական և խաղաղօվկիանոսյան տասնամյա տատանումները, որի հետ են կապում ջերմային անոմալիաների տարածումը՝ համապատասխանաբար Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներում[21]։ Հյուսիսատլանտյան հոսանքի ներթափանցումով օվկիանոսին է տրվում ջերմության ավելի քան 70 %–ը։ Սա մեծ ազդեցություն է ունենում օդային զանգվածների շարժունության վրա։ Ատլանտյան ջրերի հզոր ջերմատվությունը, որը ներթափանցում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոս, հզոր խթան է հանդիսանում օվկիանոսի հսկա տարածքների մթնոլորտային գործընթացների վրա։ Գրենլանդական անտիցիկլոնը, որը կայուն է տարվա ընթացքում, նույնպես զգալի ազդեցություն է ունենում տեղի մթնոլորտային շրջապտույտի վրա։ Այն նպաստում է քամիների առաջացմանը, իր ուղղությամբ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսից Ատլանտյան օվկիանոս ջրի արտանետումը մեծացնելուն[19][18]։

Արկտիկայում դիտարկված կլիմայական փոփոխությունները տարածաշրջանում պատմության մեջ ամենամեծն են, ինչպես նաև վերջին 2000 տարվա ընթացքում։ Հիմնական ազդեցությունը, ընդ որում, ցուցաբերում են սառցե ծածկույթի անդրադարձնող և մեկուսացնող հատկությունները, որոնք կապված են ջերմաստիճանի սեզոնային և պարբերաբար փոփոխությունների և տեղումների հետ։ Չնայած ընթացող անոմալիաները կարելի է բացատրել երկարաժամկետ տատանումների հետ, ընդհանուր տենդենցը, կապված առաջին հերթին վերջին հինգ տարվա ընթացքում դիտված գերտաքացման հետ, ստիպում է մի շարք գիտնականների խոսել այն մասին, սառռույցների ամառային հալոցքը և արևային ռադիացիայի կլանումը այլևս չի կոմպեսացվում սառցե ծածկույթի ձմեռային աճով[21]։ XX դարասկզբի դիտարկումների արդյունքների վրա հիմնված Արկտիկայի մակերևույթի օդի ջերմաստիճանում փոփոխություններ են նկատվել։ Լավ արտահայտված են 1930—1940 և 1990—2000 թվականների երկարաժամկետ տատանումները, որոնք ձևավորվել են ջերմաստիճանի տաքացման և 1970-ական թվականների՝ ջերմաստիճանի նվազման հետևանքով։ 1990—2000 թվականներին բնական տատանումներին ավելանում է նաև արտաքնին ազդեցություններ՝ ենթադրաբար մարդածին ծագման, ինչն էլ տալիս է միջին տարեկան ջերմաստիճանի տատանումների մեծ շեղում։ Տաքացումը արագացել է 2000-ական թվականներին և առավել արտահայտվել է ամառային ամիսներին։ Միջին տարեկան ջերմաստիճանի բացարձակ ռեկորդային ցուցանիշ է գրանցվել 2007 թվականին, որից հետո մի փոքր իջեցում է նկատվել[22]։


Polarlicht 2.jpg
Noaa3-2006-0602-1206.jpg
Sp-37.JPG
Icebergs cape york 1.JPG
Ձմեռային հյուսիսափայլը Ալյասկայում Հյուսիսային բևեռում «Հյուսիսայի բևեռ-37» դրեյֆող կայանը Այսբերգները Գրենլանդիայի ափերին

Ջրաբանական ռեժիմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օվկիանոսի բևեռային աշխարհագրական դիրքի շնորհիվ, Արկտիկական ավազանի սառցե ծածկույթը պահպանվում է ամբողջ տարվա ընթացքում, չնայած մշտապես գտնվում է շարժման մեջ[18]։

Մակերևույթային ջրերի շրջապտույտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշտական սառցե ծածկույթը մեկուսացնում է օվկիանոսի մակերևույթային ջրերը մթնոլորտի և արևի ռադիացիայի անմիջական ազդեցությունից։ Մակերևույթային ջրերի շրջապտույտի վրա կարևոր հիդրոլոգիական ազդակ է հանդիսանում ատլանտյան ջրերի ներհոսքը Հյուսիսային սառուցյալ օվկիանոս։ Հյուսիսատլանտյան հոսանքի տաքություն է սահմանում Հյուսիս–Եվրոպական ավազանի, Բարենցի և Կարմիր ծովերի հոսանքների բաշխման ամբողջ պատկերը։ Արկտիկայում ջրային շրջապտույտի վրա մեծ ազդեցություն ունեն նաև խաղաղօվկիանոսյան հոսանքները, ինչպես նաև գետային և սառցադաշտային ջրերը։ Հենց սա էլ հանդիսանում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի մակերևույթային հոսքերը։ Ջրի մի փոքր մասը հոսում է օվկիանոսից դեպի Ատլանտյան օվկիանոս, Կանադական Արկտիկայի արշիպելագի նեղուցներով[23]:

Օվկիանոսի մակերևութային ջրային շրջանառության ձևավորման գործում կարևոր դեր է խաղացել գետային հոսքը, թեև ծավալով այն փոքր է: Գետայինի հոսքի ավելի քան կեսը գալիս է Ասիայի և Ալյասկայի գետերից, այստեղ կա ջրի և սառույցի անընդհատ հոսք: Ձևավորվում է հոսանք, որը անցնում է օվկիանոսը և արևմտյան մասում, ուղղվում է Շպիցբերգենի և Գրենլանդիայի նեղուց : Այս հոսքը միանում է Խաղաղ օվկիանոսյան ջրերի ներհոսքին, որը հոսում է Բերինգի նեղուցով: Այսպիսով, Տրանսարկտիկական հոսանքը այն մեխանիզմն է, որն ապահովում է սառույցի դրեյֆի ընդհանուր ուղղությունը և, մասնավորապես, «Հյուսիսային բևեռ» դրեյֆող կայանի[19][23]:

Բոֆորտի ծովում, Ալյասկայի և Տրանսատլանտյան հոսանքների միջև ձևավորվում է տեղական շրջանապտույտ: Մեկ այլ շրջապտույտ է ձևավորվում Հյուսիսային Երկրից արևելքից: Կարայի ծովում տեղական շրջապտույտ է ձևավորվում է Արևելա–Նորերկրյան և Յամալյան հոսանքների կողմից: Բարենցի ծովում նկատվում է հոսանքների բարդ համակարգ, որտեղ այն լիովին կապված է Հյուսիսատլանտյան հոսանքի և նրա ճյուղերի հետ: Անցնելով Ֆարերյան-իսլանդական սահանքը, Հյուսիսատլանտյան հոսանքը ուղղվում է հյուսիս-արեւելք՝ Նորվեգիայի ափերիի երկարությամբ՝ձևավորելով Նորվեգական հոսանքը, որը հետագայում ճյուղավորվում է Արևմտա–Շպիցբերգենյան և Հյուսիսային Կապի հոսանքների: Վերջինս, Կոլայի թերակղզու մոտ, կոչվում է Մուրմանսկյան հոսանք, այնուհետև դառնում Արևմտանորերկրյա հոսանք, որը աստիճանաբար դուրս է գալիս Կարայի ծովի հյուսիսային հատված: Այս բոլոր տաք հոսքերը շարժվում են վայրկյանում ավելի քան 25 սմ[19][23]:

Տրանսատլանտյան հոսանքի շարունակությունը Գրենլանդիայի արևելյան ափի երկայնքով դառնում է Արևելագրենլանդական հոսանք: Այս ցուրտ հոսանքը առանձնանում է բարձր արագությամբ և հզորությամբ: Շրջանցելով Գլենլանդիայի հարավային հատվածը, Բաֆինի ծովում դառնում է Արևմտագրենլանդական հոսանք: Այս ծովի հյուսիսային հատվածում այն ​​միավորում է Կանադական արշիպելագի կղզիներից եկող ջրերի հոսքի հետ: Արդյունքում ձևավորվում է ցուրտ Կանադական հոսանքը, որը վայրկյանում 10-25 սմ արագությամբ անցնում է Բաֆինի Երկրի երկայնքով և առաջացնում է Արկտիկայի ջրերի հոսք դեպի Ատլանտյան օվկիանոս: Հուդզոնի ծոցում նկատվում է տեղական ցիկլոնային շրջանառություն[19][23]։

Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ջրային բալանսը («Атласа океанов»–ի տվյալներ 1980 թվական)[15].
Ներհոսք Ջրի քանակը
հազար կիլոմետր խորանարդ
տարում
Արտահոսք Ջրի քանակ
հազար կիլոմետր խորանարդ
տարում
Ատլանտյան օվկիանոսից Դևիսի, Դանիական, Ֆարերաիսլանդական, և Ֆարերաշոտլանդական նեղուցներով 225 Ատլանտյան օվկիանոս Դևիսի, Դանիական, Ֆարերաիսլանդական, և Ֆարերաշոտլանդական նեղուցներով 260
Խաղաղ օվկիանոսից Բերինգի նեղուցով 30 գոլորշիացում 3
Տեղումներ 5 Սառցակալում 2
Գետային հոսք 5
Ընդամենը 265 Ընդամենը 265

Ջրային զանգվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արկտիկական օվկիանոսում ջրային զանգվածների մի քանի շերտեր կան: Մակերևութային շերտը (մինչև 25-50 մ) ունի ցածր ջերմաստիճան (-1,5 ° C-ից ցածր) և ցածր աղիություն (28-33,5‰): Վերջինս կապված է գետային հոսքի քաղցրահամության, հալված ջրերի շատ թույլ գոլորշիացման հետ: Նորվեգական ծովում, որտեղ գերիշխում է Հյուսիսատլանտյան հոսանքը, չկա մակերեսային շերտ, միջին ջերմաստիճանը 6-8 ° C է, աղիությունը`, 34-35‰: Արևելագրենլանդական հոսանքում ջերմաստիճանը մոտավորապես -1 ° C է, և աղիությունը` 30-33 ‰: Ավելի ցած առանձնանում է ենթամակերևույթային շերտը (մինչև 150-200 մ), առավել սառը (մինչև -1.8 ° C), և առավել աղի (մինչև 34.3 ‰), որն առաջանում է մակերևութային և առավել խորքային ջրերի միախառնումից: Այս շերտը թույլ չի ջերմության ներթափանցումը միջանկյալ շերտից դեպի մակերես: Միջանկյալ ջրային շերտը գալիս է Գրենլանդական ծովից, ունի դրական ջերմաստիճան և բարձր աղիության (ավելի քան 37‰), տարածվում է 750-800 մ խորության վրա[19][23]:

Ավելի խորը տարածվում խորքային ջրային շերտը, որը ձևավորվում է ձմռան ամիսներին Գրենլանդական ծովում ուղղահայաց կոնվեկցիայի շնորհիվ և դանդաղորեն հոսում է Գրենլանդիայի և Շպիտցբերգենի նեղուցով: Խորքային ջրային շերտի աղբյուրներ են Չուկչիի և Բարենցի ծովերի խութային ջրի աղբյուրները, ինչպես նաև Շպիցբերգենի ֆիորդները: Խորքային ջրերի խառնումը տեղի է ունենում Նորվեգական ծովում: Նեղուց մտնելուց 12-15 տարի հետո այս ջրային զանգվածը հասնում է Բոֆորտի ծովի տարածաշրջան: Խորքային ջրերի ջերմաստիճանը մոտավորապես -0.9 ° C է (բացառությամբ Լոմոնոսովի լեռնաշղթայի կողմից առանձնացված Կանադական գոգավորությունը, որտեղ ջերմաստիճանը -0.4 ° C է), աղիությունը` մոտ 35 ‰: Գոյություն ունի նաև ստորին ջրի զանգված, լճացած (շրջանառության շրջան է 700 տարի), գրեթե չի մասնակցում օվկիանոսի ընդհանուր շրջանառությանը: Ստորին ջրերը կուտակվում են օվկիանոսի հատակին (Նանսենի, Ամունդսենի և Կանադական գոգավորություններում)[19][23]:

2007-2008 թվականներին` Միջազգային բևեռային տարվա շրջանակներում ուսումնասիրությունների ընթացքում ձեռք բերված ռուսական և միջազգային տվյալների համախմբման արդյունքում հայտնի դարձավ Արկտիկական օվկիանոսի մակերեսային շերտերում ձևավորվող անոմալ աղիության գոտիների մասին: Ամերիկյան մայրցամաքի երկայնքով ձևավորվել է տարածք, որտեղ աղիությունը միջին տարեկան արժեքից 2-4 ‰ -ով պակաս է, իսկ Եվրասիական ենթաավազանում գրանցվել է մինչև 2 ‰-ով գերազանցող աղիություն: Այս երկու գոտիների սահմանը անցնում է Լոմոնոսովի լեռնազանգվածի երկայնքով: Մակերևութային ջրի ջերմաստիճանի անոմալիաներ գրանցվեցին Կանադական ենթաավազանի ջրային տարածքի զգալի մասում, հասնելով + 5 ° C արժեքին, միջին բազմամյա ցուցանիշի հետ համեմատ: Մինչև + 2 ° C անոմալիա է գրանցվել է Բոֆորտի ծովում, և Արևելասիբիրական ծովի արևմտյան մասում: Արկտիկական ավազանի որոշ շրջաններում նկատվում է նաև խորքային ատլանտյան ջրերի ջերմաստիճանի բարձրացում (երբեմն շեղումները հասնում են + 1.5 ° C` միջին կլիմայական ցուցանիշի հետ համեմատ)[24]:

Water masses in the Arctic Ocean - ru.svg
Temperature and salinity profiles in the Arctic Ocean - ru.svg
Ջրային զանգվցածներ Ջերմաստիճանի և աղիության գրաֆիկներ

Օվկիանոսի ձևավորման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կավճային դարաշրջանում (145-66 միլիոն տարի առաջ) գոյություն ունեին Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի բաժանումը մի կողմից և Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի միացումը մյուս կողմից: Կավճային դարաշրջանի ավարտին ռիֆտային զոնաներով սկսվեց Գրենլանդիայի բաժանումը Կանադայից և Սկանդինավյան թերակղզուց: Այդ ժամանակահատվածում տեղի ունեցավ Չուկոտա-Ալյասկյան ծալքալեռնային շրջանի ձևավորումը, որի արդյունքում տեղի ունեցավ այժմյան Կանադական գոգահովտի բաժանումը Խաղաղօվկիանոսյան իջվածքից[25]:

Ուշ պալեոցենի ժամանակ տեղի ունեցավ այժմյան Լոմոնոսովի լեռնաշղթայի բաժանումը Եվրասիայից ընդհուպ մինչև Գակելի լեռնաշղթան[20].: Կայնոզոյի դարաշրջանում մինչև ուշ օլիգոցեն շարունակվում էր Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի բաժանումը Հյուսիսային Ատլանտիկայի շրջանում և դրանց մոտեցումը Ալյասկայի և Չուկոտկայի շրջանում: Այդ ժամանակաշրջանում Գրենլանդիան արդեն միացել էր Հյուսիսամերիկյան սալին, բայց Գրենլանդիայի և ներկայիս ստորջրյա Լոմոնոսովի լեռնաշղթայի և Սկանդինավիայի հետ օվկիանոսային հատակի միաձուլումը շարունակվում է մինչ օրս: Մոտավորապես 15-30 միլիոն տարի առաջ սկսվեց Գրենլանդական ծովի հարավային մասին ընդարձակում: Այդ ընթացքում բազալտի մեծաքանակ արտահոսքի պատճառով Իռլանդիան սկսեց ծովի մակարդակից բարձրանալ[25]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 53։ ISBN 99941-56-03-9 
  2. Michael Pidwirny (2006)։ «Introduction to the Oceans»։ www.physicalgeography.net։ Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 7–ին 
  3. «van Schagen 1680 World & Continents - 5 maps»։ The International Antiquarian Mapsellers Association։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-03-ին։ Վերցված է 2011-10-21 
  4. 4,0 4,1 Поспелов Е. М. Географические названия мира: Топонимический словарь. — 2-е изд., стереотип.. — М.: Русские словари, Астрель, АСТ, 2001. — С. 170
  5. Северный Ледовитый океан / Е. Г. Никифоров, А. О. Шпайхер // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — Третье изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978
  6. Օվկիանոսների քարտեզագիրք. Տերմիններ, հասկացություններ, տեղեկատվական աղյուսակներ.— М.: ГУНК МО СССР, 1980. С. 84—85
  7. Большая Российская энциклопедия. Т.2. — М.: Большая Российская энциклопедия, 2005. — С. 445
  8. Международная гидрографическая организация. Limits of oceans and seas (special publication 23). — 3. — Монте-Карло, 1953. — P. 11—12. — 39 p.
  9. 9,0 9,1 9,2 Ned Allen Ostenso։ «Arctic Ocean»։ Britannica։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-03-09-ին։ Վերցված է 2013-03-07 
  10. 10,0 10,1 «Arctic Ocean»։ ЦРУ։ 2012-11-15։ Վերցված է 2013-03-07 
  11. «Volumes of the World's Oceans from ETOPO1»։ Национальное управление океанических и атмосферных исследований։ 2012-11-15։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-03-15-ին։ Վերցված է 2013-03-07 
  12. Tomczak, Matthias & J Stuart Godfrey. Chapter 7. Arctic oceanography; the path of North Atlantic Deep Water // Regional Oceanography: an Introduction. — 2. — Дели: Daya Publishing House, 2003. — P. 83—104. — 390 p. — ISBN 8170353076.
  13. Кравчук П. А. Рекорды природы. — Л.: Эрудит, 1993. — 216 с. — 60 000 экз. — ISBN 5-7707-2044-1.
  14. Физическая география материков и океанов / Под общей ред. А.М.Рябчикова. — М.: Высшая школа, 1988. — С. 546—551.
  15. 15,0 15,1 15,2 Атлас океанов. Термины, понятия, справочные таблицы. — М.: ГУНК МО СССР, 1980. — С. 84—119.
  16. Географический атлас для учителей средней школы, четвёртое издание. — М.: ГУГК, 1980. — С. 29.
  17. 17,0 17,1 17,2 17,3 Каплин П.А., Леонтьев О.К., Лукьянова С.А., Никифоров Л.Г. Берега. — М.: Мысль, 1991. — С. 58—71.
  18. 18,00 18,01 18,02 18,03 18,04 18,05 18,06 18,07 18,08 18,09 18,10 18,11 18,12 18,13 18,14 18,15 Физическая география материков и океанов / Под общей ред. А.М.Рябчикова. — М.: Высшая школа, 1988. — С. 546—551. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «Физическая география материков и океанов» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  19. 19,00 19,01 19,02 19,03 19,04 19,05 19,06 19,07 19,08 19,09 19,10 19,11 19,12 19,13 Tomczak, Matthias & J Stuart Godfrey. Chapter 7. Arctic oceanography; the path of North Atlantic Deep Water // Regional Oceanography: an Introduction. — 2. — Дели: Daya Publishing House, 2003. — P. 83—104. — 390 p. — ISBN 8170353076
  20. 20,0 20,1 Moran K., Backman J. The Arctic Coring Expedition (ACEX) Recovers a Cenozoic History of the Arctic Ocean (en) // Oceanography. — 2006. — Т. 19. — № 4.
  21. 21,0 21,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Ongoing Climate Change in the Arctic անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  22. «Г.В. Алексеев, Н.Е. Иванов, А.В.Пнюшков, А.А.Балакин. Изменения климата в морской Арктике в начале XXI века»։ Проблемы Арктики и Антарктики. № 3, 2010։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-03-09-ին։ Վերցված է 2013-03-06 
  23. 23,0 23,1 23,2 23,3 23,4 23,5 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Физическая география материков и океанов2 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  24. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Российские морские исследования Арктики անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  25. 25,0 25,1 Ушаков С.А., Ясаманов Н.А. Дрейф материков и климаты Земли. — М.: Мысль, 1984. — С. 142—191.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Агранат Г. А. Зарубежный Север. Опыт освоения. — М., 1970.
  • Атлас океанов : Северный Ледовитый океан / отв. ред.: С. Г. Горшков ; гл. ред.: В. И. Фалеев. — Л. : Гл. упр. навигации и океанографии Мин. Обороны СССР, 1980. — 188 с.
  • Атлас океанов : Термины. Понятия. Справочные таблицы. — Л. : Гл. упр. навигации и океанографии Мин. Обороны СССР, 1980. — 160 с.
  • Визе В. Ю. Моря Советской Арктики. Очерки по истории исследования. — М.—Л., 1948.
  • Географический энциклопедический словарь. — М.: Советская энциклопедия, 1986.
  • Гаккель Я. Я. Наука и освоение Арктики. — Л., 1957.
  • Гордиенко П. А. Северный Ледовитый. — Л., 1973.
  • Зубов Н. Н. В центре Арктики. Очерки по истории исследования и физической географии Центральной Арктики. — М.—Л., 1948.
  • История открытия и освоения Северного морского пути, т. 1—3. — М.—Л., 1956—1962.
  • Козловский А.М. SOS в Антарктике. Антарктика черным по белому. — СПб.: ААНИИ, 2010.
  • Физическая география материков и океанов / Под общей ред. А. М. Рябчикова. — М.: Высшая школа, 1988.
  • Paul Arthur Berkman, Alexander N. Vylegzhanin Environmental Security in the Arctic Ocean. — Springer, 2013.
  • Robert R. Dickson, Jens Meincke, Peter Rhines Arctic-Subarctic Ocean Fluxes: Defining the Role of the Northern Seas in Climate. — Springer, 2008. — 736 с.
  • R. Stein Arctic Ocean Sediments: Processes, Proxies, and Paleoenvironment: Processes, Proxies, and Paleoenvironment. — Elsevier, 2008. — 608 с.