Jump to content

Տարտարոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տարտարոս (հին հունարեն` Τάρταρος), ըստ Հեսիոդոսի երկրի ամենախոր ընդերքը, անդունդ, անդրերկրյա աշխարհի խորխորատը հին հունական դիցաբանության մեջ։ Հնագույն առասպելներում Տարտարոսը զետեղվում է Հադեսի թագավորությունից նույնքան ստորև, որքան Երկիրը Երկնքից, և այն իբր պարփակված է եռաշերտ խավարով ու պղնձե երեք պարսպով, որոնց շուրջ հավետ մոլեգնում են փոթորիկները[1] Տարտարոսի երկաթե դարպասները դրել է Պոսեյդոնը։ Հին հույների պատկերացմամբ՝ Տարտարոսում են պառկած երկրի ու ծովերի արմատները, բոլոր սկիզբներն ու վերջերը։ Տարտարոս են նետվել Զևսից պարտված տիտանները, որոնց հսկում են հարյուրձեռնանիները։ Այնտեղ է գտնվում Նիկտայի (Գիշեր) բնակարանը։ Հետագայում Տարտարոսը համարվել է մեղապարտ ննշեցյալների տանջարան, որտեղ Հադեսի դատավորները սահմանել են նրանց պատիժները։ Որոշ առասպելներում Տարտարոսն անձնավորված է որպես Գեայի (Երկիր) և Եթերի որդի, որից ծնվել են Տիփոն և Եքիդնա հրեշները։ Տարտարոսի մասին պատկերացումների որոշ գծեր քրիստոնեությունը մտցրել է դժոխք հասկացության մեջ։

  1. Դիցաբանական բառարան, Երևան, 1985, էջ 231։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 620