Տրոյական պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տրոյական պատերազմ
Հերոսների պատերազմներ
Peter Paul Rubens - Achille vainqueur d'Hector 02.jpg
Տեսարան Աքիլլեսի և Հեկտորի մենամարտից։
Թվական մ․թ․ա․ 13-12-րդ դար
Վայր Տրոյա և Եգեյան ծով
Պատճառ Սպարտայի թագուհի Հեղինեի առևանգումը տրոյացիների արքայազն Պարիսի կողմից
Արդյունք Աքայացիների հաղթանակ և Տրոյայի անկում
Հակառակորդներ
Աքայացիներ և դաշնակցային ուժեր
Տրոյա

աջակիցներ՝

Հրամանատարներ
Աքայական դաշնակիցներ

Աջակիցներ՝


Տրոյացիներ՝

Աջակիցներ՝

Տրոյական պատերազմ (հին հուն․՝ Τρωικός Πόλεμος, տառադարձմամբ՝ «Տրոյիկոս պոլեմոս»), աքայացի թագավորների դաշնակցային պատերազմը Եգեյան ծովի արևելքում գտնվող Տրոյա քաղաք-պետության դեմ։ Դարակազմիկ հակամարտության սկզբնավորման շարժառիթը հանդիսանում է տրոյացիների արքայազն Պարիսի կողմից Սպարտայի արքա Մենելայոսի կնոջ՝ Հեղինեի առևանգումը։ Տրոյական պատերազմը հին հունական դիցաբանության առանցքային նշանակության դրվագներից է, որն իր մեծ ազդեցությունն է թողել անտիկ շրջանի գրականության և արվեստի զարգացման, ինչպես նաև քաղաքակրթության ինքնատիպության ձևավորման վրա։ Տրոյական պատերազմին է նվիրված անտիկ գրականության առաջին նշանավոր հուշարձաններից մեկը՝ կույր բանաստեղծ Հոմերոսի «Իլիականը» էպիկական ստեղծագործությունը։ Հոմերոսի ստեղծագործությունների հիմքի վրա հույն ողբերգակներն ու մյուս ժանրի գրողները ստեղծել են իրենց քերթվածքները։ Հետագայում Տրոյական պատերազմին վերաբերվող բովանդակային նյութն օգտագործվում է հռոմեացի հեղինակների՝ Վերգիլիոսի, Օվիդիուսի և այլոց կողմից։ Արդյունքում՝ հունական առասպելաբանության շատ դրվագներ լատինականացվում են։

Ըստ հին հունական դիցաբանության՝ պատերազմը սկզբնավորվել է Հերա, Աթենաս և Աֆրոդիտե աստվածուհիների միջև ծագած վեճի արդյունքում, այն բանից հետո, երբ երկպառակտության և քաոսի աստվածուհի Էրիսը, որը վրդոհվել էր Պելևսի և Թետիսի հարսանիքի հրավեր չստանալու հանգամանքից, հարսանքատուն է նետում մի ոսկե խնձոր՝ «ամենագեղեցիկին» մակագրությամբ։ Վեճը լուծում Է արքայազն Պարիսը՝ խնձորը հանձնելով Աֆրոդիտեին։ Հավատարիմ մնալով իր խոստումին՝ սիրո և գեղեցկության դիցուհին ստիպում է Հեղինեին (վերջինս համարվում էր մահկանացուներից ամենագեղեցիկը)՝ Սպարտայի թագուհուն, սիրահարվել Պարիսին։ Արդյունքում՝ սիրո զգացմունքից դրդված Հեղինեն Տրոյայի արքայազնի Պարիսի հետ փախչում է Իլիոն՝ Պրիամոսի արքունիք, որն էլ հարուցում է Սպարտայի արքա Մենելայոսի զայրույքը։ Շուտով Մենելայոսն իր եղբոր՝ Միկենքի գահակալ Ագամեմնոնի և աքայական թագավորությունների զորակցությամբ արշավանք է սկսում դեպի Փոքր Ասիայի արևմտյան ափերը և տասը տարի շարունակ փորձում պաշարել Տրոյան։ Պատերազմական գործողությունների ընթացքում իրենց անունը փառքով են պսակում մի շարք առասպելական հերոսներ․ աքայացիներից՝ մահկանացու թագավորի և ծովային անմահ դիցուհի Թետիսի որդի Աքիլլեսը, Թելամոնի որդի Այաքսը, Իթակեի արքա Ոդիսևսը, Պատրոկլեսը, տրոյացիներից՝ Պրիամոսի որդի արքայազն Հեկտորը, Գլավկոսը, Սարպեդոնը և էնեասը։։ Չկարողանալով ռազմական ճանապարհով նվաճել Տրոյան՝ Ոդիսևսի մտահաղացմամբ շնորհիվ հույները կառուցում են «Տրոյական ձին»։ Պրիամոս արքան անտեսելով Լաոկոոն քրմապետի նախազգուշացումները և հավատալով հույն լրտեսի կեղծ խոսքերին, թե փայտե ձիուն տիրող քաղաքը դառնալու է անառիկ, այն տեղափոխում են պարիսպներից ներս և զետեղում Աթենաս դիցուհու տաճարի մոտ։ Գիշերը դրա միջից դուրս եկած զինվորները բացում են բերդապարսպի դարպասները՝ ներս թողնել հունական զորքերին, որոնք գրավում ու կործանում են Տրոյան։

Սկզբնաղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրոյական պատերազմի դեպքերն ու իրադարձությունները ներկայացված են հունական գրականության և արվեստի բազմաթիվ գործերում։ Այնուամենայնիվ, մեզ չի հասել գեթ մեկ հեղինակավոր աշխատություն, որը շարունակականորեն ներկայացնում է Տրոյական պատերազմի ընթացքը։ Փոխարենը, անտիկ շրջանի մի շարք աղբյուրներ հայտնում են այս դեպքերին վերաբերվող իրարամերժ վարկածներ։ Ժամանակաշրջանի ուսումնասիրության կարևոր սկզբնաղբյուրներից են Հոմերոսի «Իլիականը» և «Ոդիսականը»։ Երկարատև ուսումնասիրությունների արդյունքում մասնագետների մի մասը եկել է այն եզրահանգման, որ, ամենայն հավանականությամբ, վերոնշյալ երկու աշխատությունները ժողովրդական բանահյուսական ստեղծագործություն են։ «Իլիական»-ում ներկայացվում է Տրոյական պատերազմի դեպքերի և իրադարձությունները՝ հակամարտության ծագումը, աքայացիները արշավանքները և Տրոյայի անկումը։ «Ոդիսական»-ը նվիրված է Տրոյական պատերազմի հերոս Ոդիսևսին, որը Տրոյայի ավերումից հետո ճանապարհորդում է հայրենի կղզի՝ Իթակե։ Այդ ճանապարհը տևում է տասներկու տարի և ուղեկցվում անասելի դժվարություններով և դաժան փորձություններով։

Տրոյական պատերազմի շատ դրվագներ ամփոփված են էպիկական ցիկլի բանաստեղծություններում (առավել հայտնի են որպես էպոսներ)․ դրանցից ամենանշանավորներ են «Կիպրիա»-ն, «Էթիոպիդա»-ն, «Փոքր Իլիական»-ը, «Իլիոնի կործանումը»-ն, «Վերադարձ»-ը և «Տելեգոնիա»-ն։ Տրոյական ցիկլի պատումների վերաշարադրման համար կարևոր սկզբնաղբյուր է հանդիսացել ժողովրդական բանահյուսությունը։ Հին հույները սերնդե սերունդ փոխանցել են իրենց ազգային ավանդազրույցներն ու առասպելները, որոնք ավելի ուշ շրջանում մեծամասամբ գրի են առնվել։ Տեսակարար կարևոր հիմք են հանդիսանում անտիկ շրջանի գեղարվեստի շատ նմուշներ, ինչպիսիք են օրինակ ծաղկամանները, սափորները, կենցաղային իրերը, սկավառակները և այլն։ Այդօրինակ պատկերազարդումներից շատերը նվիրված են եղել Տրոյական պատերազմի հերոսների սխրանքներին։ Հետագա դարերում դրամատուրգները, պատմիչները և այլ մտավորականներ ստեղծում Տրոյական պատերազմի բովանդակությամբ ոգեշնված աշխատություններ։ Հռոմեացի հեղինակներից այդ դեպքերն առավել մանրակրկիտ նկարագրել է մ․թ․ա․ 1-ին դարի բանաստեղծ Վերգիլիոսը։ Վերջինս իր «Էնեականը» էպիկական պոեմի երկրորդ գլուխը նվիրված է Տրոյայի անկմանը։

Լեգենդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրոյական շարքի առասպելները, այդ թվում՝ հակամարտության ծագումը, պատերազմի սանձազերծումը, քաղաքի անկումը և հերոսների սխրանքները, ամբողջացվել են հիմք ընդունելով Հոմերոսի «Իլիական» և «Ոդիսական», Վերգիլիոսի «Էնեական», Օվիդիոսի՝ «Հերոսուհիները», Սոֆոկլեսի «Այաքս խարազանակիր» և «Փիլոկրատես», Եվրիպիդեսի «Իփիգենիան Աուլիսում», «Անդրոմաքե», ինչպես նաև «Հեկաբե» ստեղծագործությունները։

Հակամարտության ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարիսի դատը՝ ըստ ավստրիացի նկարիչ Էդուարդ Լաբիեդցկու։ Զևսի հրամանով՝ աստվածուհիները միջև ծագած հակամարտությանը պետք է վերջ դներ Պարիսը։

Ըստ դիցաբանական պատումների՝ Տրոյական հակամարտությունը ծագել է աստվածների գժտության հետևանքով։ Թետիսը երկար ժամանակ խուսափում էր Պելսևսից, սակայն Քիրոնի կամ Պրոմեթևսի խորհուրդներով հաղթահարում է բոլոր արգելքները, ապա՝ ամուսնանում ծովերի անմահ դիցուհի Թետիսի հետ։ Փելիոնի բարձրության վրա՝ կենտավրոս Քիրոնի քարանձավում, նշվում է նրանց հարսանիքը, որին ներկա էին բոլոր աստվածները, բացառությամբ՝ Էրիսի, որը հին հունական դիցարանի երկպառակության և քաոսի աստվածուհին էր։ Օլիմպիացիներից վրեժխնդիր լինելու համար Էրիսը Հեսպերիդների հեռավոր այգուց մի ոսկե խնձոր է վերցնում և ուղարկում Քիրոնի քարանձավ՝ «ամենագեղեցիկին» մակագրությամբ։ Շուտով «ամենագեղեցիկի» տիտղոսի համար սկսում են հավակնել աստվածուհիներից երեքը՝ շանթարձակ Զևսի կին Հերան, ռազմատենչ Աթենասը և կանացի գեղեցկության հովանավոր Աֆրոդիտեն։ Խնդրին լուծում տալու նպատակով աստվածուհիները դիմում են Զևսին, որը սակայն հրաժարվում է այդ շրջանակներում ստանձնել դատավորի պարտավորությունները։ Այնուամենայնիվ, փորձելով վերջ տալ աստվածուհիների միջև ծագած հակասությանը, Զևսը խնձորը տալիս է իր մունետիկին՝ Հերմես աստծոն, և հանձնարարում տանել այն Տրոյայում (ըստ հնագույն մատենագրությունների՝ Իլիոն) գտնվող Իդա լեռան լանջերը։ Զևսի կարգադրությամբ աստվածուհիներից ամենագեղեցիկի ընտրությունը պետք է կատարեր Տրոյայում պատահած առաջին իսկ անցորդը, որն էլ դառնում է Իլիոնի օրինական արքայազնը՝ Պրիամոսի որդի Պարիսը։ Աթենասն իրեն ընտրելու պարագայում Պարիսին խոստանում է ռազմական շնորհ, Հերան՝ արժանապատիվ կյանք, իսկ Աֆրոդիտեն՝ մահկանացուներից ամենագեղեցիկի սերը։ Պարիսը ընտրում է Աֆրոդիտեին՝ խնձորը շնորհելով վերջինիս։ Պարիսի ծննդյան նախօրեին Պրիամոսի կինը՝ թագուհի Հեկաբեն, երազում տեսել էր Տրոյայի անկումը․ այդ դեպքի կապակցությամբ գուշակները կանխորոշել էին, որ Հեկաբեն կծնի մի որդի, որն էլ կդառնա Տրոյայի անկման պատճառը։ Լսելով այս ամենը՝ Պրիամոսը հրամայում է իր նորածին որդուն մոլորեցնել անտառում։ Վերջինիս սակայն կերակրում է արջը և տղան հասակ առնելով դառնում է նախրապան։ Շուտով ճակատագրի բերումով Պրիամոսը գտնում է նախրապան որդուն և դարձնում արքայազն՝ անտեսելով գուշակուհի Կասանդրայի կանխանշանը։

Թագուհի Հեղինեի առևանգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքայազն Պարիսը խնդրում է թագուհի Հեղինեին իր հետ մեկնել Տրոյա։

Արքունիքում կարճ ժամանակ բնակվելուց հետո, Պարիսը որոշում է նավարկել մայրցամաքային Հունաստան՝ ապավինելով դիցուհու հետ կնքած պայմանին։ Գուշակուհի Կասանդրան փորձում է ամեն կերպ ետ պահել արքայազնին իր մտադրությունից, քանի որ ըստ վերջինիս կանխորոշման՝ հենց այս դեպքն էլ դառնալու էր Տրոյայի անկման գլխավոր պատճառը։ Վերջինս ասում է․

Aquote1.png Օ՜, վա՜յ, վա՜յ մեծ Տրոյային և մեզ բոլորիս։ Տեսնում եմ ես նվիրական Իլիոնը բոցերի մեջ, արնաշաղախ, գետնահար ընկած են փոշեթաթավ զավակները նրա։ Տեսնում եմ՝ օտարերկրացիները ստրկության են տանում Տրոյայի ողբացող կանանց և աղջիկներին:
- Կասանդրայի գուշակությունը՝ Պարիսի որոշման կապակցությամբ
Aquote2.png

Այնուամենայնիվ, Պարիսը մնում է անդրդվելի և իր ընկերոջ՝ Էնեասի հետ նավարկում դեպի Լակոնիա։ Շատ չանցած տրոյացիների ճանապարհին փոթորիկ է պատուհասում, որը ևս չի արգելակում Պարիսին։ Օրեր տևած ծովային ճամփորդությունից հետո արքայազնն ու Էնեասը ափ են իջնում Սպարտայում, որի թագավոր Մենելաոսը արևելցի հյուրերին ընդունում է գրկաբաց։ Մենելաոսը տրոյացիների պատվին ճոխ խնջույք է կազմակերպում, որի ժամանակ էլ Պարիսն առաջին անգամ տեսնում է Լակեդեմոնի արքայի կնոջը՝ Չքնաղ Հեղինեին (վերջինս համարվում էր մահկանացուներից ամենագեղեցիկը): Պարիսն ու Հեղինեն երկուստեք հրապուրվում են, իսկ Աֆրոդիտեն՝ հավատարիմ մնալով երիտասարդ արքայազնին տված իր խոստմանը, անսանձ սիրով է պատում Հեղինեին։

Շուտով Մենելաոսն իր թագավորության ներքին գործերը կարգավորելու նպատակով մեկնում է Կրետեի ծովապետություն, իսկ Պարիսը՝ Աֆրոդիտեի օգնությամբ, կարողանում է համոզել Հեղինեին իր հետ մեկնել Տրոյա՝ թողնելով հայրենի երկիրը, ընտանիքն ու մանկահասակ արքայադուստր Հերմինեին։ Վերցնելով իրենց հետ Մենելաոսի արքունի գանձերը՝ Պարիսն ու Հեղինեն հապճեճ նավարկում են Իլիոն․ հենց այս դեպքն էլ դառնում է պատերազմի սանձազերծման շարժառիթը։ Իմանալով կնոջ դավաճանության մասին՝ Մենելաոսը թողնում է Կրետեն և վերադառնում Լակեդեմոն՝ զորահավաք անցկացնելով ամբողջ երկրում։

Ըստ հին հույն պոետ Ստեսիքորի մասին վարկածի, երբ նա գրել է Պարիսի կողմից Հեղինեի առևանգման մասին, անմիջապես կուրացել է: Պոետն աղաչել է աստվածներին, որ վերականգնեն տեսողությունը, և այդ ժամանակ երազում նրան է հայտնվել Հեղինեն ու ասել, որ դա պատիժ է նրա համար, որ իր մասին նման ոչ բարեհաճ բանաստեղծություններ է հորինել: Այդ ժամանակ Ստեսիքորը նոր բանաստեղծություն է հորինում՝ պատմելով, որ Պարիսը Տրոյա է տարել, ոչ թե Հեղինեին, այլ նրա ուրվականը, իսկ իրական Հեղինեին աստվածները տարել են Եգիպտոս, որտեղ նա մինչև կյանքի վերջ հավատարիմ է մնացել Մենելաոսին: Դրանից հետո պոետի տեսողությունը վերականգնվել է: Այս լեգենդի հիման վրա է Եվրիպիդեսը գրել «Հեղինե» ողբերգությունը

Աքքայացիների զորաշարժը դեպի Տրոյա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենելաոսը, նախքան կտրուկ գործողությունների անցնելը, որոշում է խորհրդակցել իր ավագ եղբոր՝ Միկենքի արքա Ագամեմնոնի հետ։ Միկենքի աշխարհակալ գահակալը վաղուց ի վեր հավակնություններ ուներ Տրոյայի նկատմամբ․ նրա խորհրդով Մենելաոսը հավաքագրում է իրեն հավատարմության ուխտ տված բոլոր թագավորներին՝ դեպի Փոքր Ասիա արշավանքի համար։ Սկզբում միապետ եղբայրներն անձամբ մեկնում են Պիլոս, որտեղ հանդիպում են հունական քաղաք-պետությունների արքաներից ամենաիմաստունի՝ Նեստորի հետ։ Պիլոս կղզու արքան արշավանքին մասնակցելու իր պատրաստակամությունն է հայտնում՝ իր որդիներ Թրասիմեդեսին և Անտիլոքոսին նշանակելով հրամանատարներ։ Ըստ Հոմերոսի «Իլիական»-ի՝ «Շատ հերոսներ վճռեցին մասնակցել այդ արշավանքին․ ոմանք մասնակցում էին, որովհետև պարտավորված էին երդմամբ, իսկ մյուսները ծարավ էին ռազմի սխրանքների»։

Իթակեի միանալն աքքայացիների դաշինքին[խմբագրել | խմբագրել կոդը]

Իթակեի թագավոր Ոդիսևսը («Ոդիսական»-ի գլխավոր հերոսը) հայրենի կղզում։
Շատ ուրիշ հերոսներ էլ էին միացել արշավանքին։ Պետք էր ստիպել, որ ռազմարշավի դուրս գա նաև Իթակեի արքա, բազնահնարագետ Ոդիսևսը՝ Լաերտեսի որդին։ Բայց Ոդիսևսը չէր ուզում հեռանալ Իթակեից․․․

- Ըստ Հոմերոսի «Իլիական»-ի

Դեպի Տրոյա զորաշարժին մասնակցում էին Արգոսի արքա Դիմոդեսը, Մինոսի թագավորության բանակները, Կրետեի արքա Իդոմենեոսը, Հերակլեսի ընկեր Փիլոկտետեսը, որին մահից առաջ լեգենդար հերոսը հանձնել էր իր նետն ու աղեղը, Էգինա կղզու արքա, արգոնավորդ Թելամոնի որդի Այաքսը (ավելի ուշ նաև նրա որդի Այաքս Կրտսերը) և այլ հերոսներ (հիմնականում աքքայական լիգայից՝ Բեոտիայից, Արկադիայից, Աթենական պոլիսից, Կիկլադներից, Մագնեսիայից, Հռոդոսից և այլն)։

Մենելաոսն ու Ագամեմնոնը կարևորում էին նաև Իթակեի մասնակցությունը սպասվելիք պատերազմին, քանի որ այդ թագավորության գահակալը՝ Ոդիսևսը, հանդիսանում էր խորամանկության ու հնարամտության մարմնացումը։ Ինքը՝ Ոդիսևսը, սակայն, ոչ մի կերպ հակված չէր տեղի տալ մետրոպոլիտ արքաների հավակնություններին, քանի որ ցանկանում էր մնալ հայրենի կղզում՝ իր կնոջ՝ Պենելոպեի և նորածին որդու՝ Տելեմաքոսի հետ։ Իմանալով Մենելաոսի, Ագամեմնոնի, Նեստորի և Պալամեդեսի ժամանման մասին, Ոդիսևսը որոշում է մոլորեցնել նրանց՝ խենթ ձևանալով։ Մասնավորապես, վերջինս լծում է ավանակն ու արորը և սկսում վարել դաշտերը՝ միաժամանակ աղ ցանելով այնտեղ։ Ոդիսևսի պլանը ձախողում է Պալեմեդեսը, որը վերջինիս ստուգելու համար արորի ճամփին է դնում Տելեմաքոսի բարուրը։

Ոդիսևսը հայրական սիրուց դրդված խոստովանում է ճշմարտությունը։ Այդ քայլով հյուրերը բացահայտում են Իթակեի թագավորի խորամանկությունը և ստիպում նրան միանալ ռազմարշավին։ Բացի այդ, Ոդիսևսը Հունաստանի միակ թագավորն էր, որը կարող էր աքքայացիների բանակ բերել Աքիլլեսին, որն էլ, ըստ Կալքաս գուշակի, հանդիսանում էր հելլենների հաղթանակի գլխավոր երաշխիքը։

Aquote1.png Անմահ փառք էր խոստաղել ճակատագիրն Աքիլլեսին։ Նա պետք է լիներ Տրոյայի տակ մարտնչող հերոսներից վեհագույնը։ Մեծ են լինելու Աքիլլեսի սխրագործությունները, բայց չի վերադառնա նա Տրոյայի պատերի տակից և կզոհվի ծաղիկ հասակում՝ նետով խոցված։
- Հատված Հոմերոսի «Իլիական» ստեղծագործությունից
Aquote2.png

Կալքաս գուշակը կանխատեսել էր, որ հելլենները հաջողությամբ կգրավեն Տրոյան միայն այն ժամանակ, երբ նրանց կազմում կռվի առասպելական հերոս Աքիլլեսը, որը Պելևսի և Թետիս աստվածուհու որդին էր։ Աքիլլեսն անվախճան էր՝ հավիտենական անմահությամբ, քանզի նրա միակ խոցելի տեղը գարշապարն էր։


Աքիլլեսյան գարշապարը

Աքիլլեսի ծնվելուց առաջ, նրա մայրը՝ Թետիս աստվածուհին, տեղեկացնում է, թե ինչպես պետք է մահանա իր որդին։ Ըստ Հոմերոսի՝ դիցուհին ամեն կերպ փորձում է կանխել իր անդրանիկ զավակի վաղաժամ մահը՝ նպատակադրվելով վերջինիս դարձնել անվախճան։ Աքիլլեսի ծննդի նախնական տարբերակում ասվում է, որ Թետիսը, ձգտելով աստվածացնել Աքիլլեսին, ցերեկները նորածնի մարմինը օծում էր ամբրոսիայով, իսկ գիշերները՝ պահում Հեփեստոսի վառարանի վրա՝ բռնելով կրունկից (գարշապարից)։ Մեկ այլ ավանդապատման համաձայն՝ (այս մասին որևէ հիշատակում չի կատարել Հոմերոսը) մայրը, որդու անմահությունը ստուգելու համար ցանկացել է իր նախորդ երեխաների օրինակով, նորածին Աքիլլեսին ևս եռման ջրի մեջ ընկղմել, որն էլ կանխել է վերջինիս հայրը՝ ահաբեկված խլելով երեխային կրակից։
Ըստ մեկ այլ ավանդազրույցի (ամենատարածված տարբերակը)` Թետիսը մանկանը թաթախել է Ստիքս գետի կախարդական ջրերի մեջ, որից Աքիլլեսի մարմինը դարձել է անխոցելի (անգամ սուրը չի մտել նրա մարմնի մեջ)։ Աքիլլեսի մայրը մանկանը բռնել է գարշապարից, որպեսզի ջրի հոսանքը չտանի վերջինիս, իսկ մարմնի այդ մասն էլ ինքնին դարձել է ապագա հերոսի մարմնի միակ խոցելի տեղը։

Chiron instructs young Achilles - Ancient Roman fresco.jpg
Կենտավրոս Քիրոնը՝ Պելևսի կողմից Աքիլլեսին կարգված ուսուցիչը, ապագա հերոսին սովորեցնում է քնար նվագել։

Ոդիսևսի նավարկությունը դեպի Սկիրոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրոյա արշավելու նախօրեին Մենելաոսը Հունաստանում զորահավաք է անցկացնում, իսկ Թետիս աստվածուհին Աքիլլեսին սպասվելիք պատերազմից հեռու պահելու համար նրան տեղափոխում է Եգեյան ծովի Սկիրոս կղզի, որտեղ վերջինս ապաստանում է Լիկոմեդես արքայի արքունիքում։ Ըստ ավանդության՝ Աքիլլեսի գտնվելու վայրը արքաներին հայտնում է Կալքաս պայծառատեսը, որից հետո Մենելաոսի հրամանով դեպի Սկիրոս ճանապարհ են բռնում Ոդիսևսն ու Դիոմեդեսը։ Աքիլլեսը՝ մոր կարգադրությամբ, քողարկվում է արքայադստեր հագուստի տակ, իսկ Ոդիսևսը՝ վերջինիս ճշգրտորեն գտնելու համար, Սկիրոսի արքունիք է մտնում իբրևէ վաճառական և պալատական տիկնանց առջև փռում կանացի զանազան իրեր, միաժամանակ նաև զրահ, սուսեր և սաղավարտ։ Արքայադուստրերը սկսում են ուսումնասիրել ոսկե զարդերն ու նուրբ գործվածքները, մինչդեռ կնոջ շղարշի տակ քողարկված ռազմիկը հետաքրքրություն էր տածում միայն զրահի և սուսերի նկատմամբ։

Շուտով Դիոմեդեսի և Ոդիսևսի ուղեկից հելենները սրերով հարվածում են վահաններին և ռազմականչերով աղմուկ աղաղակ բարձրացնում։ Լիկոմեդեսի դստրերը սարսափահար փախչում են սրահից, իսկ Աքիլլեսը՝ վաճառական ձևացող Իթակեի արքայից խլում է պողպատյա սուրը և գնում ձայներին ընդառաջ։ Այդկերպ հյուրերը բացահայտում են Աքիլլեսին, իսկ վերջինս էլ իր հերթին իր պատրաստակամությունն է հայտնում մասնակցել դեպի Տրոյա արշավանքին։ Աքիլլեսի հետ Սկիրոսի արքունիքը լքում են նաև Պատրոկլեսը (նրա հավատարիմ ընկերը կամ ազգակցականը) և իմաստուն ծերունի Փենիքսը։ Պելևսը որդուն հանձնում է օլիմպիական աստվածների ընծայած զրահները, իսկ մայրը՝ Թետիս դիցուհին, Քիրոնից ստացած նիզակը և Պոսեյդոնից ստացած ձիերին՝ Բալիոսին և Քսանթոսին։

Հունաստանի հերոսները Միսիայում[խմբագրել | խմբագրել կոդը]