Պոլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պոլիս, Քաղաք-պետություն, հասարակության սոցիալ–տնտեսական և քաղաքական կազմակերպություն յուրահատուկ ձև Հին Հունաստանում և Հին Իտալիայում։ Առաջացել է դասակարգային հասարակության կազմավորման շրջանում։ Պոլիսը կազմված էր քաղաքի և շրջակա երկրագործական բնակավայրի տարածքից։ Տնտեսության հիմքը հողի սեփականությունն էր, գոյություն ուներ պետական և մասնավոր սեփականություն։ Մասնավոր սեփականության իրավունք ունեին միայն Պոլիսի լիիրավ քաղաքացիները, այդպիսին էին իրենց ծագումով։ Սահմանված էր հողատիրության առավելագույն չափ, որի խախտումը պատժվում էր օրենքով։ Լիիրավ քաղաքացիներից զատ Պոլիսի տարածքում բնակվում էին նաև ազատ, սակայն ոչ լիիրավ քաղաքացիներ՝ մետոյկները (վերաբնակիչներ), պերիոյկները (հարևանությամբ բնակվողներ), ստրկալուծներ և ստրուկներ։ Պոլսեցիները կա՛մ դեմոկրատական էին, կա՛մ օլիգարխական։ Պոլիսով ղեկավարում էին լիիրավ քաղաքացիների ժողովը, խորհուրդը և ընտրովի պաշտոնյաները։ Կար ժողովրդական աշխարհազոր, որը կազմված էր 17-18–ից մինչև 60 տարեկան ազատ քաղաքացիներից։ Պոլսային հարաբերությունների յուրահատկությունը նպաստել է պոլիսային գաղափարախոսության, պոլսային հայրենասիրության ձևավորմանը։ Պոլսային համակարգը Հին Հունաստանում ծաղկում է ապրել մ.թ.ա.V դ, Հին Իտալիայում՝ մ.թ.ա.V-III դդ։ Ստրկատիրական հասարակարգի հետագա զարգացմամբ Պոլիսը դարձել է ստրկատիրական պետության ձև, սակայն նրա քայքայումը առաջ է բերել պոլսային համակարգի ճգնաժամ, որը Հին Հունաստանում սկսել է արտահայտվել մ.թ.ա.IV դ սկզբից, Հին Իտալիայում՝ մ.թ.ա.I–III դդ։ Դասական պոլիսցիներից տարբեր են հելլենիստական պոլսեցիները, որոնք հիմնդրվել են Արևելքի հելլենիստական պետություններում՝ Ալեքսանդր Մակեդոնացու և նրա հետնորդների կողմից։ Իրենց սոցիալական և վարչական կառուցվածքով կրկնօրինակելով դասական պոլսեցիներին՝ սրանք սակայն ոչ թե քաղաք–պետություններ էին, այլ միապետների հպատակ քաղաքներ։ Օժտված էին որոշ արտոնություններով, այդ թվում՝ ներքին գործերը ինքնուրույն տնօրինելու իրավունքով։ Լիիրավ քաղաքացիները և նրանց համայնքները թագավորական իշխանության կարևոր հենարանն էին։ Հելլենիստական պոլսեցիները իրենց կառուցվածքի և պետության համակարգում ունեցած դերի առումով որոշակի ազդեցություն են գործել Արևելքի հինավուրց քաղաքների, տաճար–քաղաքների վրա և փոխադարձաբար կրել նրանց ազդեցությունը։ Պոլսային կարգի ազդեցությունը նկատվում է նաև Հին Հայաստանում (մ.թ.ա.I-մ.թ.IV դդ)։