Պարիս (հին հունարեն՝ Πάρις), Հոմերոսի «Իլիական» դյուցազներգության հերոս։ ՏրոյայիՊրիամոս թագավորի և Հեկաբեի որդին։ Ծնվելուց հետո ծնողները նրան նետել են անտառի թավուտը (Իդա լեռան վրա), որովհետև ըստ պատգամախոսի գուշակության, նա դառնալու էր Տրոյայի կործանման պատճառը։ Սկզբում Պարիսին սնել է արջը, այնուհետև հովիվների խնամքի ներքո հասակ առնելով՝ կարգվել է թագավորական հովիվ։ Զևսի ընտրությամբ եղել է Հերա, Աթենաս և Աֆրոդիտե դիցուհիների միջև վեճի դատավորը, ոսկե կռվախնձորը տալով Աֆրոդիտեին՝ նրան ճանաչել է ամենագեղեցիկը։ Այնուհետև դիցուհին ամենուր հովանավորել է նրան, օգնել է առևանգել Հեղինեին (Սպարտայի Մենելայոս թագավորի կնոջը), որը և առիթ է ծառայել Տրոյական պատերազմի համար։ Պատերազմի վերջում Պարիսը սպանել է Աքիլլեսին, իսկ ինքը զոհվել Փիլոկտետեսի թունավոր նետից։ Անտիկ արվեստում Պարիսը պատկերված է որպես գեղեցիկ պատանի՝ փռյուգիական բնորոշ գդակով։ Պարիսի կերպարն արտացոլված է նաև նոր ժամանակների արվեստում (Լուկա Կրանախ, Պիտեր Պաուլ Ռուբենս, Անտուան Վատտո և այլն)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։