Jump to content

Աքիլլես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աքիլլես
ՏեսակՀին հունական դիցաբանության կերպար
ԴիցաբանությունՀունական դիցաբանություն
Սեռարական
Հունական գրաձևἈχιλλεύς
Լատինական գրաձևAchilles
Սպանված էՊարիս[1]
ՀիշատակումներԻլիական, Ոդիսական
ՀայրՊելեյ
ՄայրԹետիս
ԱմուսինDeidamia? և Հեղինե Չքնաղ
ԿողակիցՊատրոկլուս, Diomede?, Պենթիսլեյա, Briseis? և Հեղինե Չքնաղ
ԶավակներEuphorion?[2] և Նեոպտոլեմոս
Թաղման վայրAchilleion?
 Achilles Վիքիպահեստում

Աքիլլես[3] (հին հունարեն՝ Ἀχιλλεύς, լատին․՝ Achilles), հին հունական առասպելական հերոս, Փթիայի (Թեսալիա) միրմիդոնների Պելևս (հին հունարեն՝ Πηλεύς, լատին․՝ Peleus) մահկանացու թագավորի և ծովային անմահ դիցուհի Թետիսի որդին, Էակոսի թոռը, Տրոյական պատերազմի մասնակից, Հոմերոսի «Իլիական» վիպերգի գլխավոր հերոսներից մեկը։

Աքիլլեսի ծննդի նախնական տարբերակում ասվում է, որ Թետիսը, ձգտելով Աքիլլեսին անմահ դարձնել և աստվածացնել, ցերեկները նորածնի մարմինը օծում էր ամբրոսիայով (հին հունարեն՝ ἀμβροσία - անմահություն), իսկ գիշերները պահում էր Հեփեստոսի վառարանի վրա՝ բռնելով կրունկից (գարշապարից)[4]։

Մեկ այլ ավանդապատման համաձայն՝ («Հոմերոս»-ում հիշատակված չի) մայրը, որդու անմահությունը ստուգելու համար ցանկացել է իր նախորդ երեխաների նման նորածնին եռման ջրի մեջ ընկղմել[4]։ Մի անգամ Պելևսը տեսել է այդ և, ահաբեկված խլել է երեխային կրակից։ Թետիսը լքել է Պելևսին։

Ըստ մեկ այլ զրույցի, Թետիսը մանկանը թաթախել է Ստիքս (լատիներեն՝ Styx - հրեշ) գետի կախարդական ջրերի մեջ, որից Աքիլլեսի մարմինը դարձել է անխոցելի. սուրը չի մտել նրա մարմնի մեջ։ Ըստ ավանդույթի Աքիլլեսի մայրը մանկանը բռնել է գարշապարից, որպեսզի ջրի հոսանքը չտանի։ Մարմնի այդ մասը չի լվացվել կախարդական ջրով և դարձել է Աքիլլեսի մարմնի միակ խոցելի տեղը (այստեղից՝ «Աքիլլեսյան գարշապար» արտահայտսւթյունը)։

Անվանափոխություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աքիլլեսի նախնական անունը եղել է Պիրիսիոս, որը թարգմանաբար նշանակում է սառցային, բայց կրակից նրա շրթունքն այրվել է, և նրան վերանվանել են Աքիլլ (անշրթունք)[5]։ Մանկան անվանափոխությունը կատարվել է ձեռնադրման ծիսակարգով պայմանավորված, երբ երեխան վնասվում կամ հերոսական արարք էր կատարում (ճիշտ այդպես, «Իլիական»-ում Ալկիդես անունը Կիֆերոն քաղաքում առյուծին սպանելուց հետո վերանվանվեց Հերակլես

Թետիսի հեռանալուց հետո Պելևսը Աքիլլեսին հանձնել է կենտավրոս Քիրոնի դաստիարակությանը, որը նրան կերակրել է առյուծի և վարազի փորոտիքով, եղնիկների և այլ կենդանիների ոսկրածուծով (այստեղից էլ ա-քիլլես՝ առանց կերակուր, նկատի ունենալով կրծքով չկերակրված[6]։ Ծերունին Աքիլլեսին սովորեցրել է բժշկություն, գեղեցիկ արվեստներ, ճարտասանություն և ռազմական գործ։ Վեց տարեկանում Աքիլլեսը կարողացել է սպանել վարազներ և առյուծներ, հասնել եղջերուների ետևից։ Երբ Աքիլլեսին հնարավորություն է տրվել ընտրություն կատարել երկար, բայց անփառունակ կյանքի ու կարճ, բայց փառալից կյանքի միջև, նա ընտրել է վերջինը։

Տրոյական պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աքիլլեսը սիրահոժար համաձայնվել է մասնակցել Տրոյայի դեմ պատերազմին, երբ Նեստորը և Ոդիսևսը ժամանել են Փթիա նրան այդ մասին խնդրելու։ Պատրոկլեսի, իր ուսուցիչ Փենիքսի (կամ Փոյնիքս, հունարեն՝ Φοῖνιξ) և միսմիդոնյան զորքերի հետ հիսուն նավով Աքիլլեսը մեկնել է տրոյական արշավանքի։

Հետհոմերոսյան զրույցները այլ կերպ են հաղորդում պատերազմին Աքիլլեսի մասնակցելու մասին առասպելը։ Այդ զրույցներում պատմվում է, թե գուշակ Կալխասը պատգամել է, որ միայն Աքիլլեսի օգնությամբ հույները կնվաճեն Տրոյան, բայց ինքը հերոսը, այնժամ կսպանվի։ Ցանկանալով որդուն փրկել Թետիսը նրան թաքցրել է Սկիրոս կղզում, որտեղ, կանացի զգեստ հագած, Աքիլլեսը հասակ է առել Լիկոմեդես թագավորի աղջիկների հետ որոնցից մեկը՝ Դեիդամիան, դարձել է Աքիլլեսի Նեոպալեմոս որդու մայրը։ Իմանալով Աքիլլեսի թաքստոցի մասին, խորամանկ Ոդիսևսը, Փենիքսի և Նեստորի (կամ Դիոմեդես) հետ միասին, վաճառականների տեսքով եկել են Սկիրոս կղզի։ Արքայադուստրերի առաջ դարսելով կանացի զարդերը, նրանք դրանց կողքին դրել են նաև նիզակ և վահան։ Հանկարծ ռազմական աղմուկ և ճիչեր են լսվել (Ոդիսևսի հրամանով) և կանայք սարսափահար փախել են, իսկ Աքիլլեսը, զենքերը խլելով, նետվել է դեպի թշնամին, որով և մատնել է իրեն և ստիպված էր մասնակցել հույների արշավին դեպի Տրոյա։ Հերոսը արհամարհել է իր մահվան մասին Կալխասի նախազգուշացումը։

Հոմերոսի պոեմներում պատմվում է Տրոյայի պաշարման ժամանակ Աքիլլեսի սխրագործությունների մասին։ Տասներորդ տարում Աքիլլեսը, վիճելով Ագամեմնոնի հետ, դադարել է պատերազմին մասնակցել։ Վեճի առիթ հանդիսացել է գերի վերցված չքնաղ Բրիսեիսը, որին Ագամեմնոնը խլել էր Աքիլլեսից (այս վեճը և նրա հետ կապված դեպքերը կազմում են «Իլիականի» գլխավոր բովանդակությունը)։ Զայրացած Աքիլլեսը հրաժարվել է այլևս մասնակցել պատերազմին։ Օգտվելով Աքիլլեսի և նրա զորքերի հեռանալուց, տրոյացիները ջարդել են հույներին։ Ոչ մի կերպ չեն կարողացել մեղմել հերոսի զայրույթը։ Միայն, երբ տրոյացիները ներխուժել են հույների ճամբար, նա Պատրոկլուսին թույլատրել է միրմիդոնցիներին տանել հույներին օգնության և սարսափազդու լինելու համար հրամայել է նրան հագնել իր զենքն ու զրահը։ Բայց Հեկտորը սպանել է Պատրոկլուսին և Աքիլլեսի զենքն ու զրահը վերցրել՝ որպես ավար։ Այդ ժամանակ անզեն Աքիլլեսը դուրս է եկել կռվի դաշտ և նրա միայն տեսքից սարսափահար փախել են տրոյացիները։

Հաջորդ առավոտյան Թետիսը նրա համար բերել է նոր զենք ու զրահ՝ պատրաստված Հեփեստոսի հմուտ ձեռքով, և Աքիլլեսը վրեժով լցված դուրս է եկել տրոյացիների դեմ։ Նա հետապնդել և սպանել է Հեկտորին, և մերկացրել։

Վերջին գրոհի օրը Ապոլլոնը, իմանալով Աքիլլեսի թույլ կողմը, Պարիսի աղեղը ուղղորդել է դեպի Աքիլլեսի գարշապար։ Նետահարելուց առաջացած աննշան վնասվածքից մահացել է անխոցելի Աքիլլեսը։

Որոշ տարբերակներում ասվում է, որ Աքիլլեսը եկել է Տրոյայի մոտակայքում գտնվող Ապոլլոնի տաճար, որպեսզի ամուսնանա Պոլիքսենոսի հետ և սպանվել է Պարիսի կողմից[7]։

Աքիլլեսյան գարշապար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր հետհոմերոսյան առասպելըԱքիլլեսյան գարշապարիմասին լայնորեն կիրառվում է և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ ֆիզիկական, և՛ բարոյական ու այլ բնագավառներում և նշակում է ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի խոցելի, ցավոտ տեղ, թուլություն, մաս, որն անպաշտպան է, խեղճ է։

Ամերիկյան քաղտեխնոլոգ Ջին Շարպը գունավոր հեղափոխությունների կնքահայրն է համարվում։ Նա իր Բռնապետությունից ժողովրդավարություն գրքում զուգահեռներ է անցկացնում.

Տրոյական պատերազմի ժամանակ թշնամու զինվորը՝ ուղեցույց ստանալով Աքիլլեսի թուլությունն իմացողից, իր նետն ուղղեց նրա անպաշտպան գարշապարին, միակ տեղին, որը հնարավոր էր խոցել։ Վերքը մահացու էր... Նույն սկզբունքը գործում է դաժան բռնապետությունների նկատմամբ։ Դրանք նույնպես հնարավոր է ջախջախել արագ և նվազագույն կորուստներով, եթե դրանց թուլությունները պարզված են և հարվածը կենտրոնացված է հենց այդ տեղին։
- [8]

Մարդու մարմնի առավել հզոր և ամուր ջիլը կոչվում է աքիլլեսյան ջիլ։ Այն կարող է դիմանալ մինչև 400 կգ ծանրության։ Միաժամանակ այն ամենահաճախ վնասվող ջիլն է, որը պայմանավորված է նրա հետ սկիզբ առնող մկաններով։

Աքիլլեսի մասին ֆիլմեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ոդիսևսը (ֆիլմ, 1997), Աքիլեսի դերում` Ջեյսոն Լյուիսը
  • 2003 թվականին նկարահանվել է երկսերիանանոց Հելեն Տրոյացի հեռուստաֆիլմ (անգլերեն «HELEN OF TROY»), որտեղ Աքիլլեսի դերը կատարում է Ջո Մոնթանան (անգլերեն JOE MONTANA)։
  • 2004 թվականին նկարահանվել է «Տրոյա» (Troy) ֆիլմը, որտեղ գլխավոր դերում Բրեդ Փիթն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Encyclopædia Britannica
  2. Φώτιος Π. Bibliotheca (հին հունարեն.)
  3. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 57. ISBN 99941-56-03-9.
  4. 4,0 4,1 Гесиод. Теогония 1007
  5. Аргонавтика. М., 2001. էջ 213
  6. Плутарх. Застольные беседы IV 1, 1 (намек), .ср. Гомер. Илиада XXII 501 (Астианакс питался костным мозгом овец)
  7. http://annales.info/ant_lit/gigin/gigin01.htm Гигин. Мифы 110
  8. Джин Шарп От диктатуры к демократии Концептуальные основы освобождения
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 165
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աքիլլես» հոդվածին։