Հունական դիցաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Իրիս և Յուպիտեր», Միշել Կորնելի (1701 թ.)

Հունական դիցաբանությունը (Հին Հունաստանի դիցաբանություն), հին հույների առասպելաբանությունն ու դիցաբանությունն է, նրանց հավատալիքների, ծիսակատարությունների, աստվածների և աստվածությունների մասին բազմազան պատմությունների ամբողջությունը: Այն մեծ ազդեցություն է գործել հին աշխարհի մշակույթի վրա, սկիզբ է դրել մարդու, հերոսների, աստվածների վերաբերյալ շատ պատկերացումների:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունական դիցաբանության հնագույն փուլը հայտնի է Եգեյան մշակույթի սալիկներից: Այս շրջանի համար բնորոշ է աստվածների սակավությունը, որոնցից շատերը այլաբանական անուններ ունեն, ոմանք էլ՝ կանացի համարժեքներ (օր.՝ di-wi-o-jo — Diwijos, Զևսը և կանացի համարժեքը՝ di-wi-o-ja): Արդեն կրետե-միքենյան շրջանում հայտնի են Զևսը, Աթենասը, Դիոնիսոսը և այլք, սակայն նրանց աստիճանակարգը (հիերարխիա) կարող էր տարբերվել հետագա վիճակից:

Կրետե-միքենյան քաղաքակրթության անկման և անտիկ հունական քաղաքակրթության ձևավորման շրջանի դիցաբանությունը հայտնի է միայն հետագա աղբյուրներից:

Հունական առասպելների տարբեր սյուժեները առկա են հույն պատմիչների ու գրողների ստեղծագործություններում, իսկ հելլենիզմին նախորդող շրջանում ձևավորվում է դրանց հիման վրա սեփական այլաբանական առասպելներ ստեղծելու ավանդույթը: Հունական թատերգությունում (դրամատուրգիա) զարգանում և հետագա դրսևորում են ստանում շատ առսպելային պատումներ:

Հիմնական աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հեսիոդոսի «Թեոգոնիա»,
  • Կեղծ-Ապոլոդորոսի «Գրադարան»,
  • Գիգինոսի «Առասպելներ»,
  • Օվիդիոսի «Մետամորֆոզներ»,
  • Նոննոսի «Դիոնիսոսի սխրանքները»:

Հին հույների դիցաբանությունը համարվում է նրանց մշակույթի վաղնջական հենքը (տես Հին Հունաստանի մշակույթը):

Աստվածների ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունական դիցարանի հնագույն աստվածները սերտ կապված են կրոնական հավատալիքների համահնդեվրոպական համակարգին, դիտարկվում են անունների զուգահեռներ, օր. հնդկ. Վարունան համապատասխանում է հուն. Ուրան(ոս)ին և այլն: Հին հույների կրոնն իր դիցաբանական համակարգով կարելի է բաժանել հետևյալ փուլերի. կրետե-մինոսյան (30-15-րդ դդ); վաղնջական (15-11-րդ դդ), օլիմպիական (11-4-րդ դդ), հելլենիստական (3-1-րդ դդ):

Համարվում էր, որ աստվածների հայր Զևսը և նրա կին Հերան ղեկավարում են աստվածների ընտանիքը, որի տունը՝ պանթեոնը գտնվում է Հունաստանի հյուսիսային սահմանում գտնվող Օլիմպոս լեռան վրա։
Այդ ընտանիքի անդամներն էին Ապոլոն, Արտեմիս, Աթենաս Պալլաս, Արես, Պոսեյդոն, Հերմես, Դիոնիսոս, Դեմետրա, Պլուտոն և Պերսեփոնե աստվածներն ու աստվածուհիները։
Օլիմպիացիների ընտանիքը լրացնում էին բազմաթիվ տեղական աստվածությունները, սատիրները, ոգիները, նիմփերը, փերիներն ու մուսաները։ Հույներն այդ բոլորին կատարում էին զոհաբերություններ՝ հիմնականում կենդանիների տեսքով։
Չնայած նրան, որ աստվածներն օժտված էին քմահաճ բնավորությամբ, իսկ նրանցից ոմանք, ինչպես պատերազմի աստված Արեսն ու ծովի աստված Պոսեյդոնը, կարող էին լինել վրիժառու։ Հին հույների հավատալիքներում չկային ոչ սատանաներ և ոչ խավարի և մեղքի այլ ուժեր, որոնց սնում են մարդկանց խորքային վախերը։
Մարդու հիմնական արատ էր համարվում «ինքնաբավ հպարտությունը» (ὕβρις), որի համար սովորաբար պատիժ էր լինում աստվածների ցասումը։[1]

Հին հունական աստվածուհի Գեան (երկիր) ունեցավ իր առաջին որդուն՝ Ուրանոսին (երկինք) և ամուսնացավ նրա հետ։ Նրանք երկուսով ունեցան «Տիտան» աստվածներին։ Նրանց որդիներից մեկը՝ Քրոնոսը ամուսնացավ Հռեայի հետ և ունեցավ 6 հայտնի օլիմպիական աստվածներին՝ Զևսին, Հադեսին, Հեստիային , Դեմետրային, Հերային և Պոսեյդոնին։

Հունական աստվածներ Հայկական աստվածներ
Զևս երկնքի, ամպրոպի, կայծակի Արամազդ
Ապոլոն արեգակի, բժշկության, լույսի Տիր
Արես ռազմի Վահագն
Արտեմիս լույսի Անահիտ
Հերմես հովիվների, առևտռականների Տիր
Ափրոդիտե սիրո, գեղեցկության Աստղիկ
Աթենաս իմաստության, արհեստի Նանե
Հեփեստոս կրակի, դարբնության Տիր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Norman Devies. EUROPE. A history.