Jump to content

Իռլանդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իռլանդիա (այլ կիրառումներ)
Իռլանդիա
Éire
Իռլանդիայի Հանրապետություն
Իռլանդիայի դրոշ
Դրոշ
Իռլանդիայի պետական զինանշան
Զինանշան
Ազգային օրհներգ՝ «Զինվորի երգը» (իռլանդերեն՝ Amhrán na bhFiann)
Իռլանդիայի դիրքը
Իռլանդիայի դիրքը
Իռլանդիայի տեղադիրքը
Մայրաքաղաք Դուբլին
պաշտոնական լեզուներ իռլանդերեն, անգլերեն
Էթնիկ խմբեր (2022)
● 76.6%՝ սպիտակ իռլանդացիներ
● 10.8%՝ այլ սպիտակամորթներ
● 3.3%՝ ասիացիներ
● 1.5%՝ սևամորթներ
● 1.7%՝ այլ
● 6.1%՝ չհայտարարած
Կրոն (2022)
└ 4.1%՝ այլ քրիստոնեական ուղղություններ
● 14.5%՝ անկրոն
● 3.1%՝ այլ կրոններ
● 6.7%՝ չհայտարարած
Կառավարում ունիտար խորհրդարանական հանրապետություն
 -  նախագահ Քեթրին Քոնոլի
 -  տիշեկ Միխոլ Մարտին
 -  փոխվարչապետ (թոնիշտ) Սայմոն Հարիս
 -  գլխավոր դատավոր Դոնալ Օ'Դոնել
Անկախություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորությունից
Հանրապետության հռչակում ապրիլի 24, 1916 
Անկախության հռչակում հունվարի 21, 1919 
Անգլո-իռլանդական պայմանագիր դեկտեմբերի 6, 1921 
Իռլանդական ազատ պետության ստեղծում դեկտեմբերի 6, 1922 
Հանրապետության հռչակում ապրիլի 24, 1916 
 -  Ջրային (%) 2.0
Բնակչություն
 -  ապրիլ, 2026 նախահաշիվը ▲ 5,525,600[1]  (119-րդ)
 -  2022 մարդահամարը ▲ 5,149,139[2] 
ՀՆԱ (ԳՀ) 2026 գնահատում
 -  Ընդհանուր ▲ $884.699 մլրդ[3] (41-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով ▲ $159,129[3] (3-րդ)
ՀՆԱ (անվանական) 2026 գնահատում
 -  Ընդհանուր ▲ $779.381 մլրդ[3] (22-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով ▲ $140,186[3] (2-րդ)
Ջինի (2022) 27.9 
ՄՆԶԻ (2023) 0.949 (11-րդ)
Արժույթ եվրո (€)[Ն 2] (EUR)
Ժամային գոտի GMT (ՀԿԺ±0)
 -  Ամռանը (DST)  (ՀԿԺ+1)
Ազգային դոմեն .ie
Վեբկայք
gov.ie
Հեռախոսային կոդ +353

Իռլանդիա (իռլանդերեն՝ Éire), հաճախ անվանվում է նաև Իռլանդիայի Հանրապետություն (իռլանդերեն՝ Poblacht na hÉireann), պետություն Հյուսիսարևմտյան Եվրոպայում, որը զբաղեցնում է Իռլանդիա կղզու 32 ավանդական կոմսություններից 26-ը։ Հյուսիսարևելյան վեց մնացյալ կոմսությունները կազմում են Հյուսիսային Իռլանդիան՝ Միացյալ Թագավորության չորս բաղկացուցիչ երկրամասերից մեկը։ Իռլանդիայի Հանրապետության միակ ցամաքային սահմանը Միացյալ Թագավորության հետ է (Հյուսիսային Իռլանդիայի միջոցով)։ Մնացած կողմերից երկիրը շրջապատված է Ատլանտյան օվկիանոսի ջրերով, հարավում՝ Կելտական ծովով, հարավ-արևելքում՝ Սուրբ Գևորգի նեղուցով, իսկ արևելքում՝ Իռլանդական ծովով։

Իռլանդիայի տարածքը 70,273 կմ² է, իսկ բնակչությունը 2026 թվականի ապրիլի տվյալներով կազմել է 5,525,600 մարդ[1]։ Մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը արևելյան ափին գտնվող Դուբլինն է, որտեղ բնակվում է շուրջ 1.6 միլիոն մարդ՝ երկրի բնակչության գրեթե 29%-ը[4]։ Մյուս խոշոր քաղաքներն են Կորկը, Լիմերիկը, Գոլուեյը և Ուոթերֆորտը։ Երկիրը հայտնի է կանաչապատ լեռնային հարթավայրերով, տորֆային ճահիճներով, գետերով, լճերով և խիստ մասնատված ատլանտյան ափերով։ Կղզու կենտրոնական մասը հիմնականում ցածրադիր է, իսկ ծայրամասերում բարձրանում են լեռնաշղթաները։ Գոլֆստրիմի և Ատլանտյան օվկիանոսի ազդեցությամբ կլիման մեղմ օվկիանոսային է՝ համեմատաբար զով ամառներով, մեղմ ձմեռներով և ամբողջ տարվա ընթացքում առատ տեղումներով։

Իռլանդիան ունիտար խորհրդարանական հանրապետություն է։ Օրենսդիր իշխանությունն իրականացնում է Օյրախտասը, որը կազմված է համաժողովրդական քվեարկությամբ ընտրվող նախագահից և երկպալատ խորհրդարանից՝ ստորին Դոյլ Էրենից ու վերին Շոնադ Էրենից։ Նախագահը արարողակարգային գործառույթներով պետության գլուխն է, սակայն ունի նաև սահմանադրական որոշ ինքնուրույն լիազորություններ։ Կառավարությունը գլխավորում է տիշեկը, որն ընտրվում է Դոյլի կողմից և պաշտոնապես նշանակվում նախագահի կողմից։

Իռլանդիայի տարածքում կելտական լեզվամշակութային աշխարհը ձևավորվել է դեռևս հնադարում։ 5-րդ դարից քրիստոնեության տարածումը նպաստել է վանական կրթության, ձեռագրային արվեստի և լատինական գիտության զարգացմանը։ Միջնադարյան իռլանդական վանքերը դարձել են եվրոպական ուսման կարևոր կենտրոններ։ 12-րդ դարից սկսվել է անգլո-նորմանդական ներխուժումը, որից հետո Անգլիայի իշխանությունն աստիճանաբար ընդարձակվել է կղզու վրա։ 16–17-րդ դարերի նվաճումները, հողերի բռնագրավումները և բողոքական բնակեցումը հատկապես խոր ազդեցություն են ունեցել երկրի քաղաքական, կրոնական և ժողովրդագրական պատմության վրա։ 1801 թվականին Իռլանդիան ընդգրկվել է Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորության կազմում։ 1840-ական թվականների Իռլանդական մեծ սովը հանգեցրել է զանգվածային մահացության և արտագաղթի՝ երկարաժամկետ կերպով փոխելով երկրի ժողովրդագրությունը։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ուժեղացել են ինքնակառավարման ու անկախության շարժումները։ 1916 թվականի Զատկի ապստամբությունից, 1919–1921 թվականների անկախության պատերազմից և անգլո-իռլանդական պայմանագրից հետո 1922 թվականին ստեղծվել է Իռլանդական ազատ պետությունը՝ բրիտանական դոմինիոնի կարգավիճակով։ Պետության ստեղծումն ուղեկցվել է կղզու բաժանմամբ․ հիմնականում բողոքական և յունիոնիստական բնակչություն ունեցող հյուսիսարևելյան վեց կոմսությունները մնացել են Միացյալ Թագավորության կազմում։ 1937 թվականին ընդունված նոր սահմանադրությունը պետությունը պաշտոնապես անվանել է «Իռլանդիա», ստեղծել համաժողովրդական քվեարկությամբ ընտրվող նախագահի պաշտոն և էապես վերացրել մնացած սահմանադրական կապերը բրիտանական միապետության հետ։ 1949 թվականին «Հանրապետության մասին» օրենքի ուժի մեջ մտնելով՝ Իռլանդիան պաշտոնապես հաստատվել է որպես հանրապետություն և դուրս եկել Ազգերի համագործակցությունից։

20-րդ դարի երկրորդ կեսին Հյուսիսային Իռլանդիայի կարգավիճակը և այնտեղի միջհամայնքային հակամարտությունը շարունակել են կենտրոնական տեղ զբաղեցնել իռլանդական քաղաքականության մեջ։ 1960-ական թվականների վերջից մինչև 1998 թվականը Հյուսիսային Իռլանդիան ապրել է բռնի հակամարտության շրջան, որը հայտնի է որպես Հյուսիսիռլանդական հակամարտություն։ Իռլանդիայի և Միացյալ Թագավորության կառավարությունների, ինչպես նաև հյուսիսիռլանդական քաղաքական ուժերի բանակցությունների արդյունքում 1998 թվականին ստորագրվել է Ավագ ուրբաթի համաձայնագիրը։ Այն հաստատել է, որ Հյուսիսային Իռլանդիայի սահմանադրական կարգավիճակը կարող է փոփոխվել միայն բնակչության մեծամասնության համաձայնությամբ և ստեղծել է Հյուսիս–Հարավ համագործակցության հաստատություններ։ 20-րդ դարի երկրորդ կեսին Իռլանդիան հիմնականում գյուղատնտեսական և արտագաղթով բնութագրվող տնտեսությունից վերածվել է բարձր եկամուտ ունեցող, արտահանմանն ու օտարերկրյա ներդրումներին կողմնորոշված պետության։ 1990-ական թվականների կեսից մինչև 2007 թվականը արձանագրված արագ աճի շրջանը հայտնի է որպես «Կելտական վագր»։ Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը և անշարժ գույքի շուկայի փլուզումը ծանր անկում են առաջացրել, սակայն 2014 թվականից Իռլանդիայի տնտեսությունը վերադարձել է աճի ուղի։

Իռլանդիան ներկայումս դեղագործական, բժշկական տեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսական ծառայությունների և թվային առևտրի համաշխարհային կենտրոններից է։ Դուբլինում կամ երկրի այլ շրջաններում կենտրոնացած են բազմաթիվ ամերիկյան և եվրոպական բազմազգ ընկերությունների տարածաշրջանային գլխավոր գրասենյակներն ու արտադրական հզորությունները։ Երկրի պաշտոնական ՀՆԱ-ի ցուցանիշները զգալիորեն մեծացվում են բազմազգ ընկերությունների ակտիվների, մտավոր սեփականության և ներխմբային գործարքների հաշվառմամբ, ինչի պատճառով բնակչության իրական եկամուտներն ու ներքին տնտեսության չափը գնահատելու համար կիրառվում են նաև փոփոխված համախառն ազգային եկամտի և այլ լրացուցիչ ցուցանիշներ։

Իռլանդական մշակույթը նշանակալի ազդեցություն է ունեցել համաշխարհային գրականության, երաժշտության, թատրոնի և ժողովրդական ավանդույթների վրա։ Իռլանդացի գրական գործիչներից են Ջոնաթան Սվիֆթը, Օսկար Ուայլդը, Ուիլյամ Բաթլեր Յեյթսը, Ջեյմս Ջոյսը, Սեմյուել Բեքեթը և Շեյմաս Հինին։ Իռլանդական ավանդական երաժշտությունը, պարերը, կելտական առասպելաբանությունը և Սուրբ Պատրիկի օրը երկրի ամենաճանաչելի մշակութային խորհրդանիշներից են։ Իռլանդիան հայտնի է նաև գելական (կելտական) ֆուտբոլով և ռեգբիով, իսկ Գելական մարզական ասոցիացիան կարևոր դեր ունի ազգային մարզական ու համայնքային կյանքում։

Չնայած իռլանդերենը (գելգա) սահմանադրությամբ առաջին պաշտոնական և ազգային լեզուն է, բնակչության մեծ մասի առօրյա հիմնական լեզուն անգլերենն է։ Իռլանդերենը որպես համայնքային խոսակցական լեզու առավելապես պահպանվում է արևմտյան ու հարավային Գելթախտ շրջաններում։ Պետությունը կրթության, հեռարձակման և հանրային կառավարման միջոցով իրականացնում է լեզվի պահպանման ու վերականգնման քաղաքականություն։ Իռլանդերենը նաև Եվրոպական միության պաշտոնական լեզուներից է։ Դարեր շարունակ զանգվածային արտագաղթի հետևանքով ձևավորվել է մեծ իռլանդական սփյուռք, հատկապես Միացյալ Նահանգներում, Միացյալ Թագավորությունում, Կանադայում և Ավստրալիայում։ Սփյուռքը կարևոր դեր է ունեցել Իռլանդիայի մշակութային ճանաչման, տնտեսական կապերի և քաղաքական ազդեցության ձևավորման գործում։ Իռլանդական ծագումը համաշխարհային մակարդակով հաճախ կապվում է կելտական ժառանգության, Սուրբ Պատրիկի օրվա, իռլանդական երաժշտության և կանաչ գույնի խորհրդանշական կիրառության հետ։

Իռլանդիան 1955 թվականից անդամակցում է Միավորված ազգերի կազմակերպությանը, իսկ 1973 թվականից՝ Եվրոպական միությանը։ Այն Եվրոպայի խորհրդի և ՏՀԶԿ-ի հիմնադիր անդամներից է, մտնում է Եվրագոտու և ԵՄ միասնական շուկայի մեջ, սակայն չի մասնակցում Շենգենյան համաձայնագրին և Միացյալ Թագավորության հետ պահպանում է Ընդհանուր ճանապարհորդական տարածքը։ Երկիրը վարում է ռազմական չեզոքության և ռազմական դաշինքներին չմիանալու քաղաքականություն, ուստի ՆԱՏՕ-ի անդամ չէ, բայց մասնակցում է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին և Եվրոպական միության անվտանգության որոշ նախաձեռնությունների։

«Իռլանդիա» անվանումը գալիս է պետության և համանուն կղզու անգլերեն անվանումից (Ireland), որը կազմված է իռլանդերեն «Էիրե» (Éire, Իռլանդիա պետության և կղզու իռլանդական անվանումը) բառից կամ դրանից բխած ցեղանունից և անգլերեն «-լանդ»՝ «երկիր» իմաստով վերջածանցից։ «Էիրե» իռլանդերեն անվանումն առաջացել է հին իռլանդերեն «Էրիու» (Ériu) բառից, որն Իռլանդիա կղզու՝ ինչպես նաև իռլանդական առասպելաբանության աստվածուհիներից մեկի անունն է։ Մեկ վարկածի համաձայն՝ «Էրիու» անունը բխում է կելտական նախալեզվի *Φīweryū բառից, որն էլ գալիս է հնդեվրոպական *piHwerjon- («պտղաբեր երկիր» կամ «լիաբեր երկիր» իմաստով) բառից, որի արմատն է *peyH- («յուղ, ճարպ»)[5][6]։ Մեկ այլ մեկնաբանությամբ «Էրիու» անունը ծագում է հնդեվրոպական *h₂uer («հոսող ջուր») արմատից[5][7]։ Անցյալում Իռլանդիա անվանումը մեկնաբանվել է որպես «արևմտյան կղզի», ինչը գիտականորեն հիմնավորված չէ[8][9]։

Իռլանդիան Միացյալ Թագավորության մաս կազմող Հյուսիսային Իռլանդիայից տարբերակելու համար երբեմն կոչվում է Իռլանդիայի Հանրապետություն, թեև Իռլանդիայի սահմանադրության համաձայն՝ պետության պաշտոնական անվանումը «Իռլանդիա» է, իսկ «Իռլանդիայի Հանրապետություն» պետության նկարագրությունն է։ Ոչ ֆորմալ համատեքստում պետությունը երբեմն կոչվում է «Հարավային Իռլանդիա», «հարավը», «հանրապետությունը» կամ «26 կոմսությունները»[Ն 3][10][11]։

Մարդը Իռլանդիայում բնակություն է հաստատել մ. թ. ա. 6-րդ հազարամյակում։ Մ. թ. ա. 5-րդ կամ 4-րդ դարում Իռլանդիայի տարածք ներխուժեցին կելտական ցեղերը։ 5-րդ դարում քրիստոնեության տարածման հետևանքով ուժեղացավ ֆեոդալիզմի զարգացումը։ 795-ից սկսվել է վիկինգների ներխուժումը։ Երկարատև պայքարն ավարտվել է 1014-ին, երբ գերագույն արքա Բրիան Բորուն, քիչ թե շատ միավորելով Իռլանդիայի տարբեր իշխանությունները, Քլոնտարֆի ճակատամարտում պարտության մատնեց վիկինգներին, թեև ինքը թագավորը զոհվեց մարտում։ 1169-1171 թվականներին անգլո-նորմանական ֆեոդալների ներխուժումով Իռլանդիայի հարավարևելյան ափերին առաջացել են անգլիական գաղութներ, որոնք հետագայում ստացել են Փեյլ (անգլ.՝ Pale) անունը։ 1297-ից գումարվել է պառլամենտը, որը կազմված էր անգլիացի բարոններից և պրելատներից։ 1495-ին այն ենթարկվել է անգլիական պառլամենտին և թագավորին։ Իռլանդիայի գաղութացման ընթացքում ձևավորվել է անգլո-իռլանդական վերնախավը։ 1541-ին Անգլիայի թագավոր Հենրի VIII-ին շնորհվել է Իռլանդիայի թագավորի տիտղոսը։ Իռլանդիայում անգլիական Ռեֆորմացիա տարածելու պատրվակով բռնագրավվել են իռլանդական հողերը, գաղութացվել Փեյլի մեջ չմտնող տարածքները։ Գաղութային քաղաքականության հետևանքով 16-րդ դարում ապստամբություններ բռնկվեցին։ 16-րդ դարի կեսից մինչև 17-րդ դարի սկիզբը մեծ թվով անգլիացի և շոտլանդացի բողոքականներ են բնակեցվել իռլանդացի կաթոլիկներից բռնագրավված տարածքներում, հատկապես կղզու հյուսիսարևելյան մասում (Օլստեր)։ 1641-1652 թվականների ապստամբությունից հետո, որը զուգադիպեց Անգլիական հեղափոխությանը և դաժանորեն ճնշվեց Օլիվեր Քրոմվելի կողմից, Իռլանդիան վերածվեց անգլիական գաղութի։ 17-րդ դարի վերջից մինչև 18-րդ դարի կեսը անգլիական իշխանությունները հրապարակել են մի քանի պատժիչ օրենքներ, որոնց համաձայն իռլանդական կաթոլիկները զրկվում էին քաղաքական և քաղաքացիական իրավունքներից։ 1801-ին վերացվել է Իռլանդիայի պառլամենտական ինքնավարությունը։ 19-րդ դարում Իռլանդիան ամբողջովին վերածվեց Անգլիայի ագրարային կցորդի։ Մասամբ իռլանդացի իրավաբան Դանիել O'Քոնելի գլխավորած շարժման շնորհիվ՝ 1829 թվականին ընդունվել է քաթոլիկների ազատագրության մասին օրենքը, որով վերացվեցին կաթոլիկների դեմ ուղղված պատժիչ օրենքերը և կաթոլիկների՝ Մեծ Բրիտանիայի պառլամենտի անդամ լինելու վրա արգելքը։ 1845-1849 թվականների աղետալի սովի հետևանքով Իռլանդիայի բնակչությունն նվազել է 20-25 տոկոսով։ Մոտ մեկ միլիոն մարդ մահացավ և մոտավորապես նույնքան մարդիկ արտագաղթեցին Իռլանդիայից 1845-1849 սովի ընթացքում։

Գաղութային և սոցիալական դաժան հարստահարման հետևանքով ուժեղացել է իռլանդական ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը։ Ազգային շարժման մեջ 19-րդ դարի մեծ ազդեցություն էին ձեռք բերել մանրբուրժուական հեղափոխականները՝ ֆենիները (անգլ.՝ Fenians)։ 1869-ին Իռլանդիայում ստեղծվեցին Առաջին Ինտերնացիոնալի սեկցիաներ։ 19-րդ դարի 70-80-ական թթ. ուժեղ պայքար էր գնում ինքնավարության (անգլ.՝ Home Rule, հոմրուլ) համար։ Բանվոր դասակարգն սկսում էր ակտիվորեն մասնակցել ազգային շարժմանը։ 1896-ին Ջեյմս Քոնոլին հիմնադրեց մարքսիստական Իռլանդական սոցիալիստական հանրապետական կուսակցությունը։ 1905-ին ստեղծվեց շինֆեյներների կուսակցությունը, որը հանդես էր գալիս Իռլանդիայի քաղաքական և տնտեսական ինքնուրույնության օգտին։ 1912-ին ձևավորվեց լեյբորիստական կուսակցությունը։ 20-րդ դարի սկզբին Իռլանդիայում մեծ թափ ստացավ գործադուլային պայքարը։ Ամենաուժեղը Դուբլինի գործադուլն էր (1913-1914), որի ընթացքում ստեղծվեց «Իռլանդական քաղաքացիական բանակ» պրոլետարական զինված կազմակերպությունը։ Հեղափոխական իրադրությունն Իռլանդիայում անգլիական կառավարությանն ստիպեց 1914-ին մտցնել հոմրուլը, որի կենսագործումը հետաձգվեց Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելու պատճառով։ 1916-ի ապստամբությունը, որի նպատակն էր իռլանդական ազգային պահանջներն իրագործել հեղափոխական ճանապարհով, ավարտվեց պարտությամբ։ Իռլանդիայում հեղափոխական պայքարը նոր ուժով ծավալվեց 1919-1921-ին։ Երկրում սկսվեց անկախության պատերազմ, որը կրում էր բուրժուա-դեմոկրատական հեղափոխության բնույթ։ 1921-ի դեկտեմբերին Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միջև կնքվեց հաշտության պայմանագիր, համաձայն որի Իռլանդիան (բացառությամբ Հյուսիսային Իռլանդիայի) ստանում էր դոմինիոնի կարգավիճակ՝ այնպիսին, ինչպիսին այն ժամանակ ունեին Կանադան, Ավստրալիան և այլն։ Հաշտության պայմանագրով վերացվում էր 1919 թվականին հռչակված Իռլանդական Հանրապետությունը և ստեղծվում էր այսպես կոչված Իռլանդական Ազատ Պետությունը։ Երկրում սկսվեց քաղաքացիական պատերազմ (1922-1923) պայմանագրին դեմ և պայմանագրին կողմ հանդես եկող ուժերի միջև։ Մեծ Բրիտանիայի օգնությամբ՝ Իռլանդական Ազատ Պետության կառավարությունը, որը կազմված էր աջ շինֆեյներներից, հաղթանակ տարավ։

1932-ին՝ իշխանության գլուխ անցավ Ֆիանա ֆայլ կուսակցությունն Իմոն դե Վալերայի գլխավորությամբ, որը կազմված էր քաղաքացիական պատերազմում պարտված կողմի ներկայացուցիչներից։ Ֆիանա Ֆայլի կառավարության նպատակն էր աստիճանաբար հրաժարվել 1921 թվականի Անգլո-իռլանդական պայմանագրից։ 1939-1945-ի երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Իռլանդիան չեզոքություն պահպանեց։ 1949-ին Իռլանդիան հռչակվեց անկախ հանրապետություն։ Սակայն կախումը անգլիական կապիտալից չթուլացավ։ 1950-ական թվականներին Իռլանդիայի իշխանությունները հրաժարվեցին պրոտեկցիոնիստական քաղաքականությունից և հետամուտ եղան տնտեսության մեջ օտարերկրյա կապիտալի ակտիվ ներգրավման։ 1960-ական թվականներին ուժեղացավ ամերիկյան և գերմանական կապիտալի թափանցումը Իռլանդիա։ Իռլանդիայի կառավարությունը պաշտոնապես վարում է չեզոքության և ռազմական խմբավորումներին չմիանալու քաղաքականություն։ Իռլանդիայում 1930-ական թվականներից մինչ օրս երկու գերակշիռ կուսակցություններն են Ֆինե գելը և Ֆիանա ֆայլը, որոնց ակունքները քաղաքացիական պատերազմի հակամարտող երկու կողմերի մեջ են (2020 թվականին նրանք առաջին անգամ կազմեցին կոալիցիոն կառավարություն)։ Իռլանդիան ՄԱԿ-ի անդամ է 1955-ից, Եվրոպական միության անդամ՝ 1973-ից։ 1990-ական թվականներին Իռլանդիայի տնտեսությունն աշխարհի ամենաարագորեն աճողներից էր։ Այս տնտեսական վերելքի կամ «Կելտական վագռի» շրջանը շարունակվեց մինչև 2007 թվականին սկսված համաշխարհային տնտեսական ճգնաժամը։

1969-ին սկսված Հյուսիսային Իռլանդիայում հակամարտության կապակցությամբ Իռլանդիայի իշխանությունները հանդես էր գալիս հյուսիսիային-իռլանդական խնդրի քաղաքական կարգավորման օգտին։ 1998 թվականին Իռլանդիայի մասնակցությամբ կնքվել է Ավագ ուրբաթի կամ Բելֆաստի համաձայնագիրը, որն ամրագրել է Հյուսիսային Իռլանդիայի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և հաստատվել է հանրաքվեով Իռլանդիայում և Հյուսիսային Իռլանդիայում։ Բելֆաստի համաձայնագրի պայմաններով Իռլանդիան պարտավորեցվեց փոփոխել իր սահմանադրության առաջին և երկրորդ հոդվածները, որոնք Հյուսիսային Իռլանդիայի նկատմամբ տարածքային պահանջներ էին պարունակում։ Փոփոխված հոդվածներում նշվում է, որ միացյալ Իռլանդիան իռլանդացի ազգի կամքն է և որ այն կարող է հաստատվել միայն խաղաղ ճանապարհով և կղզու երկու մասերի բնակչությունների մեծամասնության կամարտահայտությամբ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշոր գետը Շանոնն է, որից բացի խոշոր են Լի, Բլեկուոտեր, Շուր, Նոր, Էրն, Բանն գետերը, իսկ լճերից՝ Լոխ Նեյը, Լոխ-Դերգը, Լոխ-Մասկը, Կիլլարնինը։ Տարածքի 15%-ը զբաղեցնում են տորֆաբեր ճահիճները։

Կլիման բարեխառն օվկիանոսային է։ Կղզու արևմտյան ափերը ողողում է Հյուսիսատլանտյան տաք հոսանքը, որի շնորհիվ Իռլանդիայի կլիման մեղմ է։ Տարին բոլոր օվկիանոսից փչում են տաք և խոնավ քամիներ, արևոտ օրերը քիչ են։

Իռլանդիայի բուսական աշխարհը համեմատած Մեծ Բրիտանիայի հետ աղքատ է։ Այստեղ աճում է 1300 տեսակի բույս, որոնք հանդիպում են նաև Եվրոպայում։ Իռլանդիայի կենդանական աշխարհը ավելի աղքատ է քան Եվրոպայում և Մեծ Բրիտանիայում։ Այնտեղ կարելի է հանդիպել սողունների և երկկենցաղների 4, կաթնասունների՝ 22 և ձկների՝ 10 տիպ, թռչունների 380 տեսակ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային կազմը միատարր է. 98%-ը իռլանդացիներ են, ապրում են նաև անգլիացիներ, շոտլանդացիներ, հրեաներ և այլք։ Իռլանդիայի բնակչության մոտ կեսը ապրում է քաղաքներում։ Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինը կարևոր փոխադրական հանգույց է և երկրի գլխավոր ծովային նավահանգիստը, միաժամանակ մշակութային խոշոր կենտրոն է։ Պետական լեզուներն են իռլանդերենը և անգլերենը։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական ինքնուրույնություն նվաճելուց հետո, չնայած տնտեսության կախվածությանը բրիտանական էկոնոմիկայից, Իռլանդիայի տնտեսության կառուցվածքում նկատվել է նշանակալից վերելք։ Իռլանդիան ագրարային երկրից վերածվեց ագրարային-ինդուստրիալ երկրի։ Տնտեսության մեջ կապիտալ ներդրումների գրեթե 1/2-ը բաժին է ընկնում անգլիական ընկերություններին։ Մեծ ներդրում ունեն ամերիկյան և արևմտաեվրոպական մոնոպոլիաները։ 2014-ին Համախառն Ներքին Արդյունքի կառուցվածքում արդյունաբերությանը բաժին էր ընկնում 27%[12], գյուղատնտեսությանը՝ 1,6%[12]:

Արդյունաբերություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական էներգետիկ ռեսուրսը տորֆն է։ 1972-ին ներմուծվող նավթի բազայի վրա կառուցվել է ՋԷԿ։ էլեկտրաէներգիայի 80%-ը տալիս են ԶԷԿ-երը։ Արդյունահանվում է ոչ մեծ քանակությամբ քարածուխ, երկաթի, անագի, ցինկի հանքաքար, պիրիտ, ֆոսֆորիտ։ Արդյունաբերությունը կապված է հիմնականում գյուղատնտեսական արտադրանքի մշակման հետ։ Ինչպես Հյուսիսային Եվրոպայի բոլոր երկրներում(բացի Իսլանդիայից)այնպես էլ Իռլանդիայում արդյունաբերության կառուցվածքում առաջատարը մեքենաշինությունն է:Սննդարդյունաբերությանը բաժին է ընկնում համախառն արտադրանքի ինքնարժեքի ավելի քան 1/2-ը։ Զարգացած են տեքստիլ և կարի ճյուղերը։ Ունի հանքային պարարտանյութերի արտադրություն, նավաշինություն, գյուղատնտեսական մեքենաշինություն, ավտոմոբիլների և տրակտորների հավաքման, էլեկտրատեխնիկայի, քիմիական, նավթավերամշակման, շինանյութերի և պոլիգրաֆ արդյունաբերություն։ Քորկի մոտ է գտնվում երկրի սև մետալուրգիայի միակ գործարանը։

Գյուղատնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսության հողատարածության ավելի քան 40%-ը և խոշոր եղջերավոր անասունների 30%-ից ավելին կենտրոնացած է խոշոր անասնապահական ֆերմերների ձեռքին, որոնք տնտեսությունը վարում են կապիտալիստական հիմունքով։ Գյուղատնտեսական մեքենաները գլխավորապես ֆերմերների սեփականությունն են։ Գյուղատնտեսական արտադրանքի ինքնարժեքի ավելի քան 3/4-ը տալիս է անասնապահությունը։ Մեկ շնչին ընկնող անասունների գլխաքանակով և կենդանի անասունների արտահանությամբ Իռլանդիան Եվրոպայում գրավում է առաջին տեղը, տավարի և հորթի մսի արտահանությամբ՝ առաջին տեղերից մեկը կապիտալիստական աշխարհում։ Բուսաբուծությունը հիմնականում բավարարում է անասնապահության կարիքները։ Մշակում են ցորեն, գարի, կարտոֆիլ, շաքարի և կերի ճակնդեղ, վարսակ։

Արտաքին առևտուր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտահանում է միս, խոշոր եղջերավոր անասուն, կաթնամթերք, գունավոր մետաղների հանքաքար, քիմիական, տեքստիլ արտադրանք և հագուստ, արդյունաբերական սարքավորումներ։ Ներմուծում է մեքենաներ և սարքավորումներ, նավթ և նավթամթերքներ, քիմիկատներ, տեքստիլ գործվածքեղեն։ Առևտրական հիմնական գործընկերը Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Գերմանիան, Նիդեռլանդները, Շվեյցարիան, Չինաստանը[13]։

Երկաթուղային ճանապարհների երկարությունը 3,237 կմ[14] է, ավտոճանապարհներինը՝ 96,036 կմ[14]։ Ծովային նավատորմի ընդհանուր տոննաժը 202 հզ. բրուտտո ռեգիստրային տ է։ Գլխավոր ծովային նավահանգիստներն են Դուբլինը և Քորկը։ Դուբլինն ունի միշազգային օդանավակայան։

1922-ին Իռլանդիայի կառավարությունը հսկողության տակ է վերցրել մասնավոր դպրոցները, որոնք ստեղծվել էին ըստ դավանանքի։ Տարրական դպրոցները պետականացվել են, բոլոր միջնակարգ դպրոցները մնացել են մասնավոր։ Ուսուցումը պարտադիր է 6—14 տարեկանների համար։ Նախադպրոցական ինքնուրույն հիմնարկներ չկան, երեխաները (4—6 տարեկան) հաճախում են տարրական դպրոցների կից նախադպրոցական բաժիններ։ Չնայած տարրական դպրոցները 90%-ով ֆինանսավորում է պետությունը, դրանք գտնվում են եկեղեցական կազմակերպությունների խիստ հսկողության տակ։ Գյուղական վայրերում գործում են միակոմպլեկտ և երկկոմպլեկտ տարրական դպրոցներ։ Միջնակարգ դպրոցներն (5—6 տարի) ունեն 2 ցիկլ, հիմնական (3—4 տարի), իրավունք է տալիս բարձր տիպի մասնագիտացված ուսումնական հաստատություն ընդունվելու, բարձր կուրս և Իռլանդիայի Ազգային համալսարանները։ Խոշորագույն գրադարաններն են. Ազգային գրադարանը (Դուբլին, հիմնադրվել է 1877-ին), Դուբլինի հանրային գրադարանը։ Մայրաքաղաքում են գանվում Իռլանդիայի Ազգային թանգարանը. (հիմնադրվել է 1731-ին), Իռլանդիայի ազգային պատկերասրահը (հիմնադրվել է 1864-ին), ժամանակակից արվեստի պատկերասրահը, Քաղաքացիական թանգարանը (հիմնադրվել է 1953-ին)։

Գիտական հիմնարկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իռլանդիայի հնագույն գիտական կազմակերպություններն են

  • Դուբլինի արքայական ընկերությունը (1731)
  • Իռլանդական արքայական ակադեմիան (1786)
  • Արքայական կենսաբանական ընկերությունը (1830)
  • Դուբլինի համալսարանի կենսաբանական ընկերությունը (1874)
  • Բժշկագիտության արքայական ակադեմիան (1882)
  • Իռլանդական աստղագիտական ընկերությունը (1937)
  • Իռլանդիայի քիմիական ինստիտուտը (1950)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգանում է իռլանդերեն և անգլերեն։ Հնագույն գրական հուշարձանը հերոսական էպոսն է՝ գրառված VIII—IX դդ.: Միջին դարերում բարձր մակարդակի է հասել բարդերի պոեզիան։ Իռլանդիայի պատմությունը և գրականությունն արմատական փոփոխություն են կրել XVI —XVIII դդ.: Աշխարհիկ ու կրոնական գրականությունում գերիշխել է հայրենասիրության թեման։ XVII դ. հավաքվել և արտագրվել են ոչնչացման վտանգի տակ եղած հին ձեռագրերը, որի հիման վրա ստեղծվել է բազմահատոր «Չորս մագիստրոսների տարեգրությունները» (1632—1636)։ XVIII դ. վերջերից ավելի մեծ տեսակարար կշիռ է ստացել անգլերենով իռլանդական գրականությունը։ XIX դ. 40-ական թթ. ծաղկել է հեղափոխական բնույթի ռոմանտիզմը՝ կապված ազգային-ազատագրական շարժման հետ (Թ. Դևիս, Ջ. Մանգան, Զ. Գրիֆին, Զ.Բեյնիմ, Մ. էջուորտ, Ու.Կառլտոն)։ 50—60-ական թթ. 2-րդ կեսի գրականությանը բնորոշ էր ազգայնական գաղափարների մերժումը և ուշադրությունը սոցիալական խնդիրների նկատմամբ է. Միլն (ծն. 1903), Պ. Կևանախ (1905—1967), Մ. Լևին (ծն. 1912), Պ. Հելվին (ծն. 1925), Ռ. Մերֆի (ծն. 1927), Ջ. Մոնտեգյու (ծն. 1929), Ս. Ւփնի (ծն. 1930), Զ. Մակ-Հախերն (ծն. 1935) և ուրիշներ։

Ճարտարապետություն և Կերպարվեստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իռլանդիայի տարածքում հայտնաբերվել են բրոնզի դարի դոլմեններ, կրոմլեխներ, դամբարանաբլուրներ։ Քրիստոնեության տարածումից հետո V—XII դդ. կառուցվել են վանքային համալիրներ, բարձր (մինչև 40 մ) պահակային աշտարակ-զանգակատներ, XI—XII դդ.՝ ռոմանական կապելլաներ, եկեղեցիներ, XII—XIV դդ.՝ գոթական ոճի տաճարներ։ Քարե խաչերին, բրոնզյա գավազաններին և, հատկապես, մանրանկարչությանը բնորոշ է զարդաքանդակի ճոխությունը։ Անգլիական գաղութատիրության պատճառով Իռլանդիայի արվեստի զարգացումը արգելակվել է։ XVII—XIX դդ. սկզբին Դուբլինում անգլիական կլասիցիզմի ոճով կառուցվել են վարչական շենքեր, պալատներ, մենատներ, իսկ 1829-ից՝ նեոգոթիկայի ոգով եկեղեցիներ։ XIX—XX դդ. նավահանգստային քաղաքներում ստեղծվել են էկլեկտհն բնույթի շենքերով կանոնավոր կառուցապատված շրջաննևր։ ժամանակակից ոճով կառուցվել են մի շարք ճարտարապետական համալիրներ, արդյունաբերական կառույցներ, ավաններ։ XVIII դ. իռլանդական նկարիչներ Ձ. Ջերվասը, Ն. Հոուն Ավագը, Հ. Դ. Համիլտոնը, Ջ. Բառետը և Ռ. Բարկերը ստեղծագործել են հիմնականում Անգլիայում։ 1840-ական թվականներից ազգային ինքնորոշման պայքարը նպաստել է ռեալիզմի զարգացմանը։ XX դ. սկզբին ձևավորվել է ազգային ռեալիստական դպրոցը (Զոն Բ. Ցիտս, Պ. Տյուոհի, Ջ. Կիսփնգ, Ձ. Լեմբ)։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իռլանդական ժողովրդական երաժշտության պահպանված նմուշները հիմնականում միաձայն են՝ հիմնված 7-աստիճանոց դիատոնիկ լադերի վրա։ ժողովրդական պարերից են՝ ժիգան, ռիլը։ Հիմնական երաժշտական գործիքը բազմալար տավիղն է։ Երաժշտական արվեստի նշանավոր ներկայացուցիչներից են՝ կատարող-կոմպոզիտորներ Դ. Մյորֆին, Մ. Կելլին, դաշնամուրային նոկտյուրնի ժանր ստեղծող Զ. Ֆիլդը, կոմպոզիտորներ Մ. Բալֆը, Չ. Ստանֆորդը, Ա. Բաքսը։ Իռլանդիայում գործում են՝ իռլանդական երաժշտական ակադեմիան, սիմֆոնիկ նվագախմբեր, երգչախմբեր և այլն։ 1963-ին Դուբլինում կազմակերպվել է Իռլանդիայի ազգային օպերային թատերախումբը։

XVI դ. Դուբլինում անգլիական համքարական գիլդիաները կազմակերպել են միստերիաների ներկայացումներ։ XVII դ. անգլիացի վերնախավի համար ստեղծվել են թատրոններ։ 1899-ին բանաստեղծ Ու. Բ. Ցիտսը և Ա. Գրեգորին Դուբլինում ստեղծել են Իռլանդական գրական թատրոն (1899—1901, այժմ՝ Աբբայության թատրոն)։ 1922-ին հիմնվել է Դրամատիկական միություն։ 1929-ին է. Հիլտոնը և Մ. Մակ- Լիամոիրը Դուբլինում կազմակերպել են ժամանակակից խաղաոճի թատրոն։

  1. ↑ Մինչև 2002 թվականի եվրոյի կանխիկ շրջանառության մեկնարկը Իռլանդիայի արժույթը իռլանդական ֆունտն էր։
  2. ↑ [Ն 1]
  3. ↑ Իռլադիան պատմականորեն բաղկացած է եղել 32 կոմսություններից։ Հյուսիսային Իռլանդիան մոտավորապես համապատասխանում է դրանցից վեցին, հետևաբար երբեմն կոչվում է «վեց կոմսությունները», իսկ Իռլանդիա պետությունը՝ «քսանվեց կոմսությունները»։ Վերջինս առավելապես գործածում են իռլանդական հանրապետականները, որոնք չեն ընդունում Իռլանդիայի բաժանումը և չեն ճանաչում ներկայիս Իռլանդիա պետության լեգիտիմությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 «Population and Migration Estimates, April 2026» (անգլերեն). Իռլանդիայի կենտրոնական վիճակագրական ծառայություն. 2026 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2026 թ․ օգոստոսի 25-ին.
  2. ↑ «Remote work up, Catholic numbers down in Census data» (անգլերեն). RTÉ. 2023 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2026 թ․ օգոստոսի 25-ին.
  3. 1 2 3 4 «World Economic Outlook Database (April 2026 Edition)». IMF Data (անգլերեն). Արժույթի միջազգային հիմնադրամ. 2026 թ․ ապրիլի 14. Վերցված է 2026 թ․ ապրիլի 19-ին.
  4. ↑ «Key Findings: Population and Migration Estimates, April 2026» (անգլերեն). Իռլանդիայի կենտրոնական վիճակագրական ծառայություն. 2026 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2026 թ․ օգոստոսի 25-ին.
  5. 1 2 Isaac, G. R. (2009). «A Note on the Name of Ireland in Irish and Welsh». Ériu. 59: 49–55. ISSN 0332-0758.
  6. ↑ Koch John T. (2005)։ Celtic Culture: A Historical Encyclopedia, ABC-CLIO։ pp. 709-710
  7. ↑ Ní Mhurchú, Síle (2017). «Ériu». In Echard, Sian; Rouse, Robert (eds.). The Encyclopedia of Medieval Literature in Britain, 4 Volume Set (անգլերեն). Chichester: John Wiley & Sons. էջ 750. ISBN 978-1-118-39698-8. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 26-ին.
  8. ↑ Pictet, Adolphe (1857). «Inquiry into the Origin of the Name of Ireland». Ulster Journal of Archaeology. 5: 52–60. ISSN 0082-7355.
  9. ↑ Forbes John (1848)։ The Principles of Gaelic Grammar (2nd ed.)։ Edinburgh: Oliver and Boyd, p. 160
  10. ↑ Acciano, Reuben (2005). Western Europe. Lonely Planet. էջ 616. ISBN 1740599276. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  11. ↑ Daly Mary (2007)։ "The Irish Free State/Éire/Republic of Ireland/Ireland: A Country by Any Other Name?"։ Journal of British Studies, Volume 46, Issue 1, pp.72-90։ doi:10.1086/508399
  12. 1 2 «Իռլանդիայի ՀՆԱ-ի Կառուցվածք». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
  13. ↑ «Իռլանդիայի Առևտրաշջանառություն». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
  14. 1 2 «Իռլանդիայի Տրանսպորտային համակարգ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իռլանդիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 385)։