Բելգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելգիայի Թագավորություն
Koninkrijk België (հոլ․)
Le Royaume de Belgique (ֆր․)
Das Königreich Belgien (գերմ․)

Flag of Belgium.svg
Դրոշ

Great coat of arms of Belgium.svg
Զինանշան

EU-Belgium.svg

Հիմնական տեղեկություններ
Պետական լեզուներ նիդերլանդերեն (միայն Ֆլանդրիայում), ֆրանսերեն (միայն Վալոնիայում), գերմաներեն
Մայրաքաղաք Բրյուսել[1][2]
Պետական կարգ Սահմանադրական միապետություն
Մակերես 30 528 կմ²
Ազգաբնակչություն. 10 444 268 (362/կմ²)
Պետական ատրիբուտներ
Հիմն Brabançonne
Կարգախոս BIUR
Արժույթ Եվրո (IRD)
Ժամային գոտի +1
Վեբ | ISO | Հեռ. .be | BEL | +32
Be-map-de.png

Բելգիա (ֆր.՝ Le Royaume de Belgique, հոլ.՝ Koninkrijk België, գերմ.՝ Das Königreich Belgien), դաշնային թագավորություն Եվրոպայում։ Բելգիան կառավարում է թագավորը, բայց նրա իշխանությունը սահմանափակված է խորհրդարանով։ Սահմանակցում է Նիդերլանդներին, Գերմանիային, Լյուքսեմբուրգին և Ֆրանսիային։ Բելգիան Եվրոպական միության հիմնադիր անդամ է, ինչպես նաև Բելգիայում են գտնվում Եվոր միության, ՆԱՏՕ-ի և այլ միջազգային կառույցների նստավայրերը։

Բելգիայի տարածքը կազմում է 30.528 կիլոմետր քառակուսի, իսկ բնակչությունը կազմում է 11 150 516 մարդ (հունվարի 1, 2014)[3]:

Լինելով Գերմանական և Լատինական Եվրոպայի մշակութային սահմանագծին, Բելգիայում տարածված է երկու հիմնական լեզու. հոլանդերեն, որով խոսում են ֆլամանդացիները, որոնք կազմում են բնակչության 59%-ը և ֆրանսերեն, որով խոսում են հիմնականում վալոնները և կազմում են բնակչության 41%-ը։ Բացի այդ Բելգիայում ապրում է փոքրաթիվ գերմանախոս բնակչություն։

Բելգիան ֆեդերատիվ սահմանադրական միապետություն է կառավարության պառլամենտական համակարգով: Այն բաժանված է երկու հիմնական տարածաշրջանի. հյուսիում հոլադախոս ֆլամանդացիներն են, իսկ հարավում ֆրանսախոս Վալոնիան: Բրյուսելը պաշտոնապես երկլեզու է, այստեղ մեծամասնություն են ֆրանսախոսները, և հանդիսանում է անկլավ ֆլամանդական տարածաշրջանում[4]: Գերմանախոս համայնքները հիմնականում տեղակայված են Վալոնիայի երևելքում[5][6]: Բելգիայի պատմության մեջ եղել են բազմաթիվ հակամարտություններ լեզվային տարբերություննների պատճառով[7][8]:

Պատմականորեն Բելգիան, Նիդերլանդները և Լյուքսեմբուրգը հայտնի են եղել «Ստորին երկրներ» անվանմամբ, այն զբաղեցրել է ավելի մեծ տարածք քան ներկայիս Բենելյուքսի երկնրեը միասին։ Տարածաշրջանը լատիներենով կոչվել է Բելգիկա, Հռոմեական պրովինցիա Գալիա Բելգիկայից հետո, այն զբաղեցրել է մոտավոր ներկայիս Բելգիայի համահունչ տարածք։ Միջնադարի վերջում միչև 17-րդ դարը Բելգիայի տարածքը բարգավաճել է և եղել է առևտրի և մշակույթի կենտրոն։ 16-րդ դարից միչև 1830 թվականի Բելգիական հեղափոխությունը Բելգիան եղել է Նիդերլանդների կազմում։ Տարածքը եղել է շատ եվրոպական տերությունների համար կռվադաշտ[9], ինչը եղավ նաև երկու համաշխարհային պատերազմների ժամանակ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Բելգիայի պատմություն

Մ.թ.ա.[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ․ թ․ ա․ մոտ 300-ին Բելգիայում բնակություն են հաստատել բելգերի կելտական ցեղերը (այստեղից էլ՝ երկրի անվանումը)։ Մ․ թ․ ա․ 57-ին Բելգիան գրավվեց Հուլիոս Կեսարի կողմից։ Մ․ թ․ 3—5 դդ․ Բելգիայի տարածքը բնակեցրին գերմանական ցեղերը (ֆրանկներ, ֆրիզներ, սաքսեր)։ V—IX դդ․ Բելգիան մտնում էր Ֆրանկական պետության կազմի մեջ։ Ֆեոդալիզմի զարգացման ընթացքում Բելգիայի տարածքում առաջացան Ֆլանդրիա, Նամյուր, Գեննեգաու (Էնո) կոմսությունները, Լիեժ եպիսկոպոսությունը, Բրաբանտ դքսությունը։

XII—XIII դդ.[խմբագրել | խմբագրել կոդը]

XII— XIII դդ․ բելգիական տարածքները, հատկապես Ֆլանդրիան, վերածվեցին Եվրոպայի «արհեստանոցի» և միջազգային առևտրի կարևոր հանգույցի։ Բարգավաճեցին քաղաքները, որոնցից շատերը ձեռք բերեցին ինքնավար իրավունք։ Երկար ժամանակ Բելգիան Ֆրանսիայի, Անգլիայի և այսպես կոչված «Սրբազան Հռոմեական կայսրության» մրցակցության ասպարեզ էր։ 1384 թ.-ին Ֆլանդրիան, 1430 թ.-ին Բրաբանտը մտան Բուրգունդական պետության կազմի մեջ։ Բրաբանտը դարձավ այդ պետության միջուկը, Բրյուսելը՝ բուրգունդական դքսերի նստավայրը։

1477 թ.-ին (վերջնականապես 1482 թ.-ին) Բելգիայում հաստատվեց Հաբսբուրգների դինաստիան։ «Սրբազան Հռոմեական կայսրության» բաժանումից հետո (1555 թ.) Բելգիան անցավ Իսպանիային։ Բելգիայում կապիտալիստական հարաբերությունները ծնունդ առան շատ վաղ։

XVI դ.[խմբագրել | խմբագրել կոդը]

XVI դ․ Անտվերպենը դարձավ համաշխարհային առևտրի խոշորագույն կենտրոն։ Սակայն կապիտալիստական հարաբերությունների հետագա զարգացմանը խոչընդոտում էր իսպանական բացարձակ միապետությունը։ Այդ հակասությունները հանգեցրին Նիդերլանդներում, որի բաղկացուցիչ մասն էր կազմում նաև ժամանակակից Բելգիայի տարածքը, վաղ բուրժուական հեղափոխության ծավալմանը, որի շնորհիվ անկախություն ստացան միայն Հյուսիսային Նիդերլանդները (Հոլանդական Հանրապետություն)։

Բեռլինի կոնգրեսի մասնակից պետությունների ներկայացուցիչները

Սկսած XIX դ․ 70-ական թթ․ Բելգիայի կառավարող շրջանները Լեոպոլդ II-ի (1865—1909) գլխավորությամբ մասնակցեցին Աֆրիկայի գաղութային բաժանմանը։ 1884—1885 թ.-ի Բեռլինի կոնգրեսը ճանաչեց Բելգիայի հատուկ շահերը «Կոնգո ազատ պետությունում» (1908 թ.-ից՝ Բելգիայի գաղութը)։

XX դ.[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դ․ սկզբներին Բելգիան փոքր իմպերիալիստական երկիր էր՝ գաղութային ընդարձակ տիրապետություններով։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Գերմանիան խախտեց Բելգիայի չեզոքությունը և օկուպացրեց երկիրը մինչև 1918 թվականը։ Բելգիական կառավարությունը փախավ Հավր (Ֆրանսիա)։ Այդ նույն ժամանակ բելգիական զորքերը անգլիական և ֆրանսիական զորամասերի հետ միասին մասնակցում էին Գերմանիայի աֆրիկյան տիրապետությունների զավթմանը։

Լեոպոլդ III թագավոր (աջից)

Վերսալյան հաշտության պայմանագրով (1919) Գերմանիայից Բելգիային անցան Էյպենը, Մալմեդին, Մորենեն։ Բելգիան ստացավ նաև Ռուանդա-Ուրունդիի մանդատը և Գերմանիայից ռազմատուգանք ստանալու իրավունք։ 1920 թ.-ին Բելգիան ռազմական դաշինք կնքեց Ֆրանսիայի, 1921 թ.-ին մաքսային դաշինք՝ Լյուքսեմբուրգի հետ։ Բելգիական մոնոպոլիաները կարևոր դիրքեր գրավեցին Լեհաստանի, Ռումինիայի, Հարավսլավիայի, ինչպես նաև Աֆրիկայի ու Ասիայի մի շարք երկրների տնտեսության մեջ։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության ազդեցությամբ Բելգիայում ուժեղացավ հեղափոխական շարժումը։ 1921 թ.-ին հիմնադրվեց Բելգիայի կոմունիստական կուսակցությունը (ԲԿԿ)։ Բանվորական շարժման վերելքը կառավարող շրջաններին ստիպեց 1919—1921 թթ.-ին զիջումներ կատարել (ընտրական ռեֆորմը, 8-ժամյա աշխատանքային օր սահմանելու մասին օրենքը ևն)։

Բելգիան Առաջին համաշխարհային պատերազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

1935 թվականի հուլիսի 12-ին Բելգիայի և ՍՍՀՄ-ի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ։ 1940 թվականի մայիսի 10-ին գերմանական բանակը ներխուժեց Բելգիա։ Չնայած ագրեսորին դիմադրելու բելգիական ժողովրդի վճռականությանը, Լեոպոլդ III թագավորը՝ բելգիական բանակի գլխավոր հրամանատարը, 1940 թվականի մայիսի 28-ին ստորագրեց կապիտուլյացիայի պայմանագիր։ Նույն օրը Բելգիայի կառավարությունը փախավ Լոնդոն, որտեղ մնաց մինչև 1944 թվականի սեպտեմբերը։ ԲԿԿ-ն միակ քաղաքական կուսակցությունն էր, որ գլխավորեց Բելգիայի հայրենասիրական ուժերը և երկրում կազմակերպեց դիմադրության շարժում։ Օկուպացիայի առաջին տարիներին ստեղծվեց «Բելգիայի Անկախության ճակատ» հայրենասիրական կազմակերպությունը։ 1944 թվականի սեպտեմբերին անգլո-ամերիկյան զորքերը ազատագրեցին Բելգիայի տարածքը։ 1944—1947 թթվականին Բելգիայի կառավարություններում ներկայացված էին նաև համայնքները։ Դեմոկրատական շարժման վերելքը, որը գլխավորում էին համայնքները, Բելգիայի կառավարող շրջաններին ստիպեց իրականացնել մի շարք բարենորոգումներ (1947 թվականի սոցիալական ապահովագրության օրենքը, կանանց ընտրական իրավունք տրամադրելը ևն)։ Սակայն հետադիմական ուժերը, համախմբվելով սոցիալ-քրիստոնեական կուսակցության և լիբերալ կուսակցության շուրջը, հարձակման անցան։

1947 թվականի մարտին կոմունիստները հարկադրված դուրս եկան կառավարությունից։ 1950 թվականի հուլիսին, Լեոպոլդ III-ի՝ Բելգիա վերադառնալու կապակցությամբ (1950 թվականի օգոստոսին թագավորական գահը հանձնեց իր որդուն՝ Բոդուենին), տեղի ունեցավ աշխատավորների համատեղ գործադուլ, որին մասնակցեց 500 հազար մարդ։

Բելգիայի գաղութների անկախացումն ու ազգային հարց[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկայում ծավալվող ազգային-ազատագրական պայքարը Բելգիային ստիպեց անկախություն տալ Կոնգոյին (1960) և Ռուանդա-Ուրունդիին (1962)։ Սակայն բելգիական գաղութարարները Կոնգոյի Հանրապետությունում (հռչակվեց 1960 թ.-ին) հրահրեցին արյունահեղ ընդհարումներ և վարում էին երկրի անդամահատման քաղաքականություն։ Կոնգոյի ճգնաժամի հետևանքով Բելգիայում ստեղծվեց ներքաղաքական անկայուն դրություն։ Միմյանց փոխարինող կառավարություններն ընդունում էին հակադեմոկրատական օրենքներ։

Բելգիայում սրվեց նաև ազգային հարցը, որը կառավարական երկարատև ճգնաժամի պատճառ դարձավ։ 1968 թ.-ի հունիսին կաթոլիկներից և սոցիալիստներից կազմվեց կառավարություն Գ․ էյսկենսի գլխավորությամբ։

ՆԱՏՕ֊ի անդամ երկրները. Բելգիան այս կառույցին է անդամակցել 1949 թվականին

Բելգիան ՄԱԿ-ի անդամ է 1945 թ.-ից, 1949 թ.-ին՝ ՆԱՏՕ մասնակից։ 1950 թ.-ին Բելգիայի և ԱՄՆ-ի միջև կնքվեց «ռազմական օգնության» համաձայնագիր։ 1955 թ.-ին բելգիական խորհրդարանը հավանություն տվեց Փարիզի համաձայնագրերին և Բելգիան միացավ Արևմտա-եվրոպական դաշինքին։

Բելգիան Քարածխի և պողպատի եվրոպական միավորման (1951 թ.-ից), «Ընդհանուր շուկայի» (1957 թ.-ից) մասնակից է։ 1964 թ.-ին Բելգիան հրաժարվեց ՆԱՏՕ-ի բազմակողմանի միջուկային ուժերի ստեղծմանը մասնակցելուց, բայց իր տարածքը տրամադրեց Ֆրանսիայից հեռացած ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարության շտաբը և ՆԱՏՕ-ի խորհուրդը տեղավորելու համար (1967ԱՄՆ-ից Բելգիան տեղափոխվեց ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն (1967

1969—1970 թթ.-ին Բելգիայի կառավարությունը բազմիցս հանդես եկավ Եվրոպայի անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների լուծման, մասնավորապես համաեվրոպական խորհրդակցություն հրավիրելու օգտին։

Պետական կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելգիայի ներկայից արքայազն Ֆիլիպ I֊ը

Բելգիան սահմանադրական միապետություն է։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1831 թ.-ին։ Պետության գլուխը՝ թագավորը, ձևականորեն օժտված է լայն լիազորություններով, սակայն դրանք իրականացնում է կառավարությունը)։ Օրենսդրական իշխանությունն իրականացնում է երկպալատ (ներկայացուցիչների պալատ և սենատ) խորհրդականը։

1969 թ.-ից ընտրական իրավունքից օգտվում են 18 տարին լրացրած բոլոր քաղաքացիները։ Գործադիր իշխանությունը պատկանում է կառավարությանը։ Յուրաքանչյուր նահանգի բնակչություն 4 տարի ժամանակով ընտրում է նահանգային խորհուրդ, որի գործադիր մարմինը՝ մշտական պատգամավորությունը, գլխավորում է նահանգապետը։

Բելգիայի վարչական բաժանման ստորին միավորներում՝ համայնքներում, 6 տարի ժամանակով ընտրվում է համայնքային խորհուրդ, որի գործադիր մարմնին՝ ավագների կոլեգիային, բուրգոմիստրի գլխավորությամբ, նշանակում են կենտրոնական իշխանությունները։

Բելգիայի դատական բարձրագույն մարմինը վճռաբեկ դատարանն է։ Կան նաև ապելյացիոն դատարաններ։ Ամբողջ երկիրը բաժանված է 26 դատական շրջանների, որոնցից յուրաքանչյուրում կազմված է առաջին ատյանի դատարան։ Գլխավոր քաղաքներում գործում են առևտրական դատարաններ։ Բոլոր դատավորներին նշանակում է թագավորը՝ ցմահ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելգիան քարտեզի վրա
Անտվերպեն՝ Ֆլանդրիա տարածաշրջանի մայրաքաղաքը
Նամյուր՝ Վալոնիա տարածաշրջանի մայրաքաղաքը
Բրյուսել՝ Բելգիայի մայրաքաղաքը

Բելգիան Եվրոպայում գտնվող փոքր երկիր է, նրա տարածքը գրեթե հավասար է Հայաստանի տարածքին։ Ավտոմեքենայով կարելի է չորս-հինգ ժամում կտրել-անցնել նրա մի ծայրից մյուսը։

Բելգիայի տարածքը տարբեր ժամանակներում պատկանել է Ֆրանսիային, Գերմանիային, Իսպանիային, Ավստրիային և Հոլանդիային։ Բելգիան անկախ պետություն է դարձել 1830 թ. միայն։

Բելգիայում ապրում են երկու ազգեր՝ վալոնները և ֆլամանդացիները։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելգիան ընկած է Հյուսիսային ծովի ափին։ Ծովից փչող խոնավ քամիները մեղմացնում են ձմեռային ցուրտն ու ամառային շոգը։ Գետերը չեն սառչում։ Ձմռանը մեծ մասամբ ամպամած է, մառախլապատ, ամռանը զով է, հաճախ տեղում են հորդ անձրևներ։ Ծովափից դեպի երկրի խորքը հարթավայր է ձգվում։ Այն հատում են գետերն ու ջրանցքները, որոնց երկայնքով բարդիներ են աճում։ Շուրջը մուգ կանաչ մարգագետիններ են, արածում են կովերի նախիրներ։ Այնուհետև հարթավայրն սկսում է բարձրանալ և վերածվել բլրաշատ տեղանքի։

Երկրի հարավում, սահմանի մոտ, հարթավայրը փոխակերպվում է անտառապատ լեռների։ Կենտրոնական Բելգիան պատված է երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, գետերի և ջրանցքների խիտ ցանցով, որոնց շուրջը եռում է կյանքը։ Այստեղ արդյունահանում են քարածուխ, ծխնելույզներից ծուխ են արձակում խոշոր գործարաններն ու ֆաբրիկաները, և երկինքը պայծառ օրերին անգամ հաճախ մշուշապատվում է։ Գետահովիտների երկայնքով գրեթե անընդմեջ ձգվում են քաղաքներն ու ավանները։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խտությամբ Բելգիայում գրավում է առաջին տեղերից մեկը (1 կմ2 վրա՝ 550 մարդ)։ Ըստ ազգային կազմի բաժանվում է ֆլամանդացիների (մոտ 5, 5 մլն) և վալոնների (մոտ 4 մլն, 1970)։ Ապրում են նաև գերմանացիներ, հրեաներ և այլք։

Պետական լեզուներն են՝ նիդեռլանդերենը (ֆլամանդերեն), ֆրանսերեն (վալոնները խոսում են ֆրանսերեն) և գերմաներենը։ Բնակչության մեծ մասը կաթոլիկ է, պաշտոնական տոմարը՝ Գրիգորյան։ Բնակչության դինամիկային բնորոշ է դանդաղ աճը (1968 թ.-ին 1000 բնակչին՝ 2 մարդ)։ Տնտեսական ակտիվ բնակչությունը 3, 8 միլիոն է (1968), քաղաքային բնակչությունը՝ 2/3-ից ավելին։

Մեծ քաղաքներն են Բրյուսելը, Անտվերպենը, Լիեժը, Գենտը, Շառլերուան, Լյովենը, Բրյուգգեն։

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելգիան արտադրում է թուջ, պողպատ, պղինձ, ավտոմոբիլներ, հաստոցներ, քիմիկատներ, ապակի, գործվածքներ, գորգեր։ Այդ ապրանքներով Բելգիան առևտուր է անում բազմաթիվ երկրների հետ։ Բելգիացիները շատ աշխատանք են կատարում նաև գյուղատնտեսության մեջ։ Նրանք մշակում են հացահատիկ, կարտոֆիլ, բանջարեղեն։

Երկրում բուծում են կովերի այնպիսի ցեղեր, որոնք առատ կաթ են տալիս։

Հայ֊բելգիական հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. մարտի 10-ին։

2009 թ. մայիսի 26-ին Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Ավետ Ադոնցը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/be.html Ստուգված է հունիսի 1-ին 2015:
  2. 2,0 2,1 http://www.traveldir.org/belgium/ Ստուգված է հունիսի 1-ին 2015:
  3. Statistics Belgium.
  4. Leclerc, Jacques, membre associé du TLFQ (հունվարի 18, 2007)։ «Belgique • België • Belgien—Région de Bruxelles-Capitale • Brussels Hoofdstedelijk Gewest»։ L'aménagement linguistique dans le monde (French)։ Host: Trésor de la langue française au Québec (TLFQ), Université Laval, Quebec։ Արխիվացված օրիգինալից հունիսի 9, 2007-ին։ Վերցված է հունիսի 18, 2007։ «C'est une région officiellement bilingue formant au centre du pays une enclave dans la province du Brabant flamand (Vlaams Brabant)» 
    * «About Belgium»։ Belgian Federal Public Service (ministry) / Embassy of Belgium in the Republic of Korea։ Վերցված է հունիսի 21, 2007։ «the Brussels-Capital Region is an enclave of 162 km2 within the Flemish region.» 
    * «Flanders (administrative region)»։ Microsoft Encarta Online Encyclopedia։ Microsoft։ 2007։ Արխիվացված օրիգինալից-ից հոկտեմբերի 31, 2009-ին։ Վերցված է հունիսի 21, 2007։ «The capital of Belgium, Brussels, is an enclave within Flanders.» 
    * McMillan, Eric (October 1999)։ «The FIT Invasions of Mons»։ Capital translator, Newsletter of the NCATA, Vol. 21, No. 7, p. 1։ National Capital Area Chapter of the American Translators Association (NCATA)։ Արխիվացված օրիգինալից-ից հունիսի 26, 2007-ին։ Վերցված է հունիսի 21, 2007։ «The country is divided into three autonomous regions: Dutch-speaking Flanders in the north, mostly French-speaking Brussels in the center as an enclave within Flanders and French-speaking Wallonia in the south, including the German-speaking Cantons de l'Est 
    * Van de Walle, Steven, lecturer at University of Birmingham Institute of Local Government Studies, School of Public Policy։ «Language Facilities in the Brussels Periphery» (PDF)։ KULeuven—Leuvens Universitair Dienstencentrum voor Informatica en Telematica։ Արխիվացված օրիգինալից-ից հոկտեմբերի 31, 2009-ին։ Վերցված է հունիսի 21, 2007։ «Brussels is a kind of enclave within Flanders—it has no direct link with Wallonia.» 
  5. The German-speaking Community at Belgium.be
  6. «The German-speaking Community»։ The German-speaking Community։ Արխիվացված օրիգինալից մայիսի 30, 2007-ին։ Վերցված է մայիսի 5, 2007  The (original) version in German language (already) mentions 73,000 instead of 71,500 inhabitants.
  7. Morris, Chris (մայիսի 13, 2005)։ «Language dispute divides Belgium»։ BBC News։ Վերցված է մայիսի 8, 2007 
  8. Petermann, Simon, Professor at the University of Liège, Wallonia, Belgium—at colloquium IXe Sommet de la francophonie—Initiatives 2001—Ethique et nouvelles technologies, session 6 Cultures et langues, la place des minorités, Bayreuth (սեպտեմբերի 25, 2001)։ «Langues majoritaires, langues minoritaires, dialectes et NTIC» (French)։ Վերցված է մայիսի 4, 2007 
  9. Haß, Torsten, Head of the Fachhochschule (University of Applied Sciences) of Kehl Library, Kehl, Germany (փետրվարի 17, 2003)։ «Rezension zu (Review of) Cook, Bernard: Belgium. A History ISBN 0-8204-5824-4» (German)։ FH-Zeitung (journal of the Fachhochschule)։ Արխիվացված օրիգինալից-ից հունիսի 9, 2007-ին։ Վերցված է մայիսի 24, 2007։ «die Bezeichnung Belgiens als „the cockpit of Europe” (James Howell, 1640), die damals noch auf eine kriegerische Hahnenkampf-Arena hindeutete» —The book reviewer, Haß, attributes the expression in English to James Howell in 1640. Howell's original phrase "the cockpit of Christendom" became modified afterwards, as shown by:
    * Carmont, John։ «The Hydra No.1 New Series (November 1917)—Arras And Captain Satan»։ War Poets Collection։ Napier University's Business School։ Վերցված է մայիսի 24, 2007 —and as such coined for Belgium:
    * Wood, James (1907)։ «Nuttall Encyclopaedia of General Knowledge—Cockpit of Europe»։ Վերցված է մայիսի 24, 2007։ «Cockpit of Europe, Belgium, as the scene of so many battles between the Powers of Europe.»  (See also The Nuttall Encyclopaedia)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png