Ադրբեջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ադրբեջան (այլ կիրառումներ)
Ադրրբեջանի Հանրապետություն
Azərbaycan Respublikası
Ադրբեջանի դրոշ
Դրոշ
Ադրբեջանի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝
Azərbaycan Marşı
Ադրբեջանի քայլերգ  (տառադարձություն)
Ազերբայչան մարշը


Ադրբեջանի դիրքը
Ադրբեջանի Հանրապետության տեղագրական քարտեզը
ՄայրաքաղաքBaku seal.PNG Բաքու
Ամենամեծ քաղաք մայրաքաղաք
Պետական լեզուներ ադրբեջաներեն
Էթնիկ խմբեր  ադրբեջանցիներ, լեզգիներ, ռուսներ, թալիշներ և այլն[1]
Կառավարում Նախագահական հանրապետություն[2]
 -  Նախագահ Իլհամ Ալիև
 -  Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևա
 -  Վարչապետ Նովրուզ Մամեդով
Ձևավորում
 -  Մուսավաթական Ադրբեջանի ստեղծում մայիսի 28, 1918 
 -  Խորհրդային Ադրբեջանի ստեղծում ապրիլի 28, 1920 
 -  Անկախացումը Խորհրդային Միությունից օգոստոսի 30,1991 (հռչակված) 
 -  Անդամակցումը Միավորված Ազգերի Կազմակերպությանը մարտի 2, 1992 
 -  Սահմանադրության ընդունում նոյեմբերի 12, 1995 
 -  Ջրային (%) 1.6
Բնակչություն
 -  2018 նախահաշիվը 9,911,646[3]  (91-րդ)
ՀՆԱ (ԳՀ) 2018 գնահատում
 -  Ընդհանուր $175 միլիարդ[4] (72-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $17,857[4] (71-րդ)
ՀՆԱ (անվանական) 2018 գնահատում
 -  Ընդհանուր $39.207 billion [4] (110-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $4,097[4] (110-րդ)
Ջինի (2018) 31.8 
ՄԶՀ (2018) 0.759 (78-րդ)
Արժույթ Մանաթ (₼) (AZN)
Ժամային գոտի AZT (UTC+04)
Ազգային դոմեն .az
Հեռախոսային կոդ +994

Ադրբեջան, պաշտոնական անվանումը՝ Ադրբեջանի Հանրապետություն (ադրբ.՝ Azərbaycan Respublikası), ինքնիշխան պետություն Հարավային Կովկասում՝ արևելյան Եվրոպայի և հարավարևմտյան Ասիայի խաչմերուկում։ Արևելքում ափերը ողողում են Կասպից ծովի ջրերը, հյուսիսում սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, հյուսիս-արևմուտքում՝ Վրաստանին, արևմուտքում՝ Հայաստանին և Արցախի Հանրապետությանը, իսկ հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Խորհրդային տարիներին Ադրբեջանին բռնակցված Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, որպես էքսկլավ, հյուսիսում և արևելքում շրջապատված է Հայաստանով, հարավում և արևելքում սահմանակցում է Իրանին, իսկ հյուսիս-արևմուտքում ձգվում է շուրջ տաս կմ երկարությամբ սահմանը ռազմավարական դաշնակից Թուրքիայի հետ։

Ադրբեջանական առաջին պետական միավորումը՝ Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը, ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ Անդրկովկասյան սեյմի փլուզման հետևանքով։ Մուսավաթական Ադրբեջանը դարձել է ժողովրդավարական առաջին երկիրն իսլամադավան աշխարհում։ 1920 թվականին Ադրբեջանը գրավվել է խորհրդային կարմիր բանակի կողմից[5]՝ վերածվելով Ադրբեջանական ԽՍՀ-ի։ Խորհրդային իշխանությունների օրոք՝ 1921 թվականի մարտի 16-ին, Կրեմլի իշխանության կողմից Խորհրդային Ադրբեջանին է բռնակցվում պատմական Հայաստանի մաս կազմող Նախիջևանը, իսկ հուլիսին՝ Արցախը։ Ադրբեջանի ներկայիս հանրապետությունը ստեղծվել է 1991 թվականի դեկտեմբերի 30-ին ընդունված անկախության հռչակագրի համաձայն՝ Խորհրդային Միության կազմալուծման նախօրեին[6]։ 1988 թվականին սկսվում է Արցախյան շարժումը, որը վերաճում է բաց պատերազմի։ Արցախյան պատերազմի ավարտից հետո Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն ու հարակից յոթ շրջանները միավորվում են դե ֆակտո անկախ Արցախի Հանրապետության կազմի մեջ։ Արցախյան հիմնահարցն ու երկրի միջազգային ճանաչումը ներկայումս համարվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության առանցքային խնդիրը[7][8][9][10]։

Ադրբեջանը կիսանախագահական կառավարմամբ ունիտար պետություն է[2], որը համարվում է Միավորված Ազգերի Կազմակերպության, Եվրախորհրդի, Նավթ արտահանող երկրների կազմակերպության, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի, Թյուրքական խորհրդի և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների անդամ[11][12][13][14]։ Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ ունի ՄԱԿ-ի անդամ 158 պետությունների հետ[13]։ Գլխավոր ռազմաքաղաքական դաշնակիցներն են Թուրքիան, Թուրքմենստանը, Ղազախստանը, Իրանը, Ռուսաստանը և Վրաստանը։ Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական հարաբերությունները խզված են։ Հայաստանի քաղաքացիների Ադրբեջան մուտք գործելն արգելված է։ Ադրբեջանի ներկայիս անվանումը Իրանի հետ հակասությունների առիթ է հանդիսանում, քանի որ վերջինիս կողմից իրանական երկրամասի անվան կրկնօրինակումը ենթադրում է տարածքային հավակնություններն այդ հողերի նկատմամբ։ Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91%), որոնք դավանում է շիա իսլամ[15]։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ Ալկոհոլն ու մուսուլմանական կրոնում անթույլատրելի համարվող մյուս սահմանափակումներն Ադրբեջանում թույլատրելի են և նույնիսկ ենթակա են վաճառքի[16][17][18][19]։

Ադրբեջանը զարգացած արդյունաբերական երկիր է՝ տնտեսական զարգացման[20] և գրագիտության[21] բարձր ցուցանիշով, ինչպես նաև գործազրկության ցածր մակարդակով[22]։ Երկրի տնտեսությունը հիմնված է նավթարդյունաբերության և արտասահմանյան ներդրումների վրա։ Ազգային արժույթը մանաթն է։ Այնուամենայնիվ, երկրի իշխող կուսակցությունը՝ «Նոր Ադրբեջան»-ը, բազմիցս մի շարք միջազգային կառուցների կողմից մեղադրվել է պատմակեղծարարության, ավտորիտարիզմի և մարդու իրավունքների խախտման մեջ[23]։ Ժողովրդավարությունն Ադրբեջանում ունի բավականին ցածր մակարդակ։

Բովանդակություն

Անվան ծագումնաբանություն

Համաձայն ընդունված վարկածի՝ Ադրբեջանի անվանումը կապված է հնագույն ժամանակներում վերջինիս ներկայիս տարածքում գոյություն ունեցած Ատրպատականի և Աղվանից թագավորությունների անվան հետ։ Հայց պատմիչներ Մովսես Կաղանկատվացին գրել է․

Aquote1.png Հայոց Վաղարշակ թագավորը հաստատել է «արևելյան հյուսիսային կողմի մեծ, անվանի, բազմաբյուր կողմնակալությունը», որի իշխան է սահմանում Սյունիքի իշխանական հարստությունից Առան անունով մի իշխանի։ Այս Առանից է սերվել Առանշահիկների տոհմը, որի ժառանգությունն է դարձել Արաքսի և Կուրի միջագետքը,«Հայկական Աղվանքը»՝ Հնարակերտ ամրոցից մինչև այդ երկու գետերի միախառնման կետը։ Եվ Առան իշխանի քաղցր բնավորության պատճառով այս երկրամասը կոչվել է Աղուանք (հին հայերեն լեզվով «աղու» նշանակում է հեզ, բարի, լավ, քաղցր) Aquote2.png

Ատրպատականը որպես Աքեմենյան տիրակալության ենթակա թագավորություն գոյություն է ունեցել ներկայիս Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Մեծ Հայքի թագավորությունից արևելք։ Երկրանվանումն ունի իրանական ծագում և կապված է Ատրպատականի զրադաշտական ավանույթների հետ։ Վերջինիս անվանումը հիշատակված է նաև Զրադաշտական կրոնի սուրբ գրքի՝ Ավեստայի «Խնամակալ հրեշտակների երգեր» գլխում։ «Ատրպատական» բառը իրանական ծագում ունեցող նույնաբովանդակ բառի հին հունարեն թարգմանությունն է։ Հունական աղբյուրներում երկրամասը հայտնի էր «Ատրոպատենե» անվանումով։ Այն անվանված էր Մարաստանի սատրապ Ատրոպատեսի անունով։ Ատրպատականի մասին իրենց աշխատություններում գրել են հին աշխարհի նշանավոր պատմիչներ Դիոդորոս Սիցիլիացին և Ստրաբոնը։

Բնօրինակ ադրբեջաներենով երկիրը կոչվում է «Ազերբայջան», որը կազմված է պարսկերեն «ազեր» (թարգմանաբար՝ «կրակ») և «բայջան» (թարգմանաբար՝ «երկիր») բառերի միացումից: Հետևաբար՝ երկրի անվանումը ադրբեջաներենից թարգմանաբար նշանակու է «կրակե երկիր» կամ «կրակի երկիր»։ Ենթադրվում է, որ այդ անվանումը կապված է գետնի տակից դուրս եկող գազերի այրման երևույթի հետ (այդ գազերի այրման վայրերում հնագույն ժամանակներում ստեղծվել են զրադաշտական տաճարներ՝ ատրուշաններ)։‌

Երկրի հայերեն անվանման հիմքում ընկած է պարսկերեն «ադուր» բառը, որը նույնպես նշանակում է «կրակ» (հայերենի սղման օրենքով բարդության սկզբում դարձել է «ադր»)։

Անվան վիճարկումներ և տարածքային հավակնություններ

    1rightarrow.png Հիմնական հոդվածներ՝ Իրանական Ադրբեջան և Արևմտյան Ադրբեջան
Ազարիների կամ իրանական ադրբեջանցիների մասին

Ի տարբերություն Հարավային Կովկասում գտնվող Ադրբեջանի՝ ազարիներն իրանցիներ են, ովքեր ժամանակին Օսմանյան կայսրության ձուլման քաղաքականության հետևանքով կորցրել են իրենց մայրենի իրանական լեզուն, սակայն պահպանել են սեփական իրանական մշակույթը, ուստիև իրենց համարում են իրանցիներ։ Իրանի հյուսիսային հատվածը, որտեղ բնակվում են ազարիները, կոչվում է Իրանական Ադրբեջան, իր մեջ ներառելով 4 ազարիաբնակ նահանգներ։ Ազարիները բնակվում են նաև այլ նահանգներում և Իրանից դուրս։ Պանթյուրքական և Ադրբեջանի քաղաքականության հետևանքով ազարիների շրջանում տարածվել է այն գաղափարը, որի համաձայն իրենք նույն ադրբեջանցիներն են, և միևնույն երկրի՝ հարավային հատված

Պարսկական ծագմամբ «Ադրբեջան» եզրը 1918 թվականին դառնում է Ռուսական կայսրության տրոհման հետևանքով ձևավորված ժողովրդավարական իսլամադավան պետության պաշտոնական անվանում։ Մինչ այդ, «Ադրբեջան» եզրը բացառապես վերաբերվում էր Շահական Իրանի պատմական երկրամասին։ Հենց այս պատճառով էլ պարսից կառավարությունը բողոքարկում է նորանկախ երկրի կողմից պատմական Իրանի անբաժան մաս կազմող ադրբեջանական երկրամասի անվան կիրառումը՝ որն ինքնին ներկայացնում է վերջիններիս տարածքային հավակնությունները այդ երկրամասի նկատմամբ։ Ժամանակակից Իրանական Ադրբեջանն ընդգրկում է հիմնականում պատմական Ատրպատականի տարածքը, ինչպես նաև Մեծ Հայքի նահանգներից Վասպուրականի արևելքն ու Պարսկահայքը, որոնք անջատվել էին Հայաստանի առաջին բաժանման հետևանքով։

Ատրպատական-Ադրբեջան պատմաաշխարհագրական տարածքը հիմնականում բնակեցված է մուսուլմաններով։ 2016 թվականի տվյալներով՝ իրանաբնակ ադրբեջանցիների (հայտնի են ազարիներ անվանմամբ) ընդհանուր թիվը հասնում է 17 միլիոնի, որոնց մոտ կեսը բնակվում է Իրանական Ադրբեջանում։ Իրանի շահական կառավարման ընթացքում «Ադրբեջան» անվան տակ հայտնի է եղել պետության հյուսիսը, որն այժմ բաժանված է երեք ոստանների՝ Արդաբիլ, Արևելյան Ադրբեջան և Արևմտյան Ադրբեջան։ Մերօրյա Ադրբեջանի Հանրապետությունն Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող Ադրբեջանի պատմական երկրամասը համարում է իր պատմական տարածքը՝ հարավային Ադրբեջան անվանումով։ Դա կապված է պանթուրքական ծրագրերի հետ, որով նախատեսվում էր Փոքր Ասիայից մինչև Միջին Ասիա ընկած տարածքները վերածել թյուրքական պետության։ Մինչ 1918 թվականը, աշխարհի որևէ կետում գոյություն չի ունեցել Ադրբեջան անվանումով պետություն, իսկ Իրանի հյուսիսը ժամանակակից Ադրբեջանի հետ միասնական պետություն երբևէ չի ձևավորել։ Այս ֆոնի վրա էլ հաճախ առաջանում են ադրբեջանա-իրանական հակասություններ, որի գլխավոր պատճառը Ադրբեջանի կողմից իրանական ադրբեջանցիների շրջանում անջատողական գաղափարախոսության և ազգային անկախ պետականության քարոզչությունն է։

«Ադրբեջան» անվան հերթական վիճարկումը կապված է երկրի ներկայիս կառավարության իրենդենտական քաղաքական ձգտումների հետ։ Մասնավոր այս դեպքը ադրբեջանցի պատմիչների կողմից «Արևմտյան Ադրբեջան» եզրի օգտագործումն է՝ նկատի ունենալով Հայաստանի ներկայիս տարածքը։ Ադրբեջանցի ազգայնականները հայաստանյան հողերը (ներառյալ՝ Սևանա լճի ավազանը, Սյունիքը, Երևանը և Արարատյան դաշտավայրը) համարում են պատմական Ադրբեջանի անքակտելի մաս՝ ձգտելով դրա վերադարձին։ Այս հասկացությունը ունի պաշտոնական թույլտվություն, ինչպես նաև լայնորեն կիրառվում է Ադրբեջանի Հանրապետության ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի ծայրահեղական հայտարարություններում:

Պատմություն

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ադրբեջանի պատմություն

HSSection sign.svg Զգուշացում նախքան ընթերցելը՝

Առաջիկա չորս բաժիններում ներկայացված տեղեկատվությունը ներկայացնում է Ադրբեջանի ժամանակակից տարածքում տեղի ունեցած պատմական իրադարձությունները, այլ ոչ թե Ադրբեջանի պատմությունը։

Հնագույն ժամանակներից մինչև Ատրպատականի թագավորություն

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ատրպատական

Ադրբեջանի մերօրյա տարածքը բնակեցված է եղել դեռևս հնագույն ժամանակներից ի վեր։ Գյոյգյոլի շրջանից հայտնաբերվել են հնագիտական գտածոներ, որոնք վկայում են, որ երկրամասը բնակեցված է եղել վերին պալեոլիթի ժամանակաշրջանում։ Հնագիտական արժեք են ներկայացնում հատկապես Գոբուստանի, Բեյուքդաշի, Քիչիքդաշի, Ջինգիրդաղի, Շոնղարդաղի և Շիհգայի քարանձավները, որտեղ պահպանվել են քարի դարի և հաջորդող ժամանակաշրջանների բնակիչների բնակության մասին հավաստող ժայռապատկերներ, անթրոպոգեն բրածոներ, տապանաքարեր և այլն։ Քարանձավներից ամենանշանավորը Գոբուստանի հնագիտական արգելոցն է, որը ներառված է Ադրբեջանում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Գոբուստանի ժայռապատկերներում հանդիպում են հնագույն մարդկանց ժայռապատկերներ։ Տղամարդիկ պատկերված են որսորդական հագուստով, աղեղով և նետով և որպես կանոն ունեն բարձր հասակ և ամրակազմ մարմին։ Պահպանվել են նաև կնոջ պատկերներ։

Նախնադարյան համայնական հասարակարգից ստրկատիրության անցումն ուղեկցվում է առաջին պետական միավորումների ի հայտ գալով։ Մ․թ․ա․ 9-րդ դարում Ադրբեջանի մերօրյա տարածքում հաստատվում են սկյութները, որոնց գերիշխանությունը երկրամասում տևում է շուրջ քառորդ հազարամյակ։ Հաջորդիվ տարածաշրջանը նվաճվում է արիական ծագում ունեցող մարերի կողմից և ներառվում Ասորեստանից անկախացած Մարաստանի հզոր պետականության կազմի մեջ։ Շուտով Մարաստանը դառնում է Աքեմենյան տիրակալության վասալը և սկսվում է երկրամասի պարսկական տիրապետության շրջափուլը։ Պարսից տիրապետության տարիներին Ադրբեջանի տարածքում տարածվում է զրադաշտականությունը և վերջինս դառնում է կրակապաշտական կրոնի սրբատեղիներից մեկը։ Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքի ժամանակ Ատրպատականը պաշարում են հունամակեդոնական զորքերը, իսկ «մեծ արքայի» մահից հետո այս տարածքն անցնում է Մակեդոնիայի թագավորության իրավահաջորդ հանդիսացող Սելևկյաննների կայսրությանը։ Մ․թ․ա․ 7-րդ դարում մարական սատրապության հյուսիսում ստեղծվում է Ատրպատականի հնագույն պետությունը։ Նախքան ներկայիս Ադրբեջանի տարածքում առաջին խոշոր բնակավայրի՝ Գանձակի հիմնադրումը, կիսանկախ թագավորության մայրաքաղաքը եղել է Փրաասպան։ Ատրպատականի երկրամասը տարածվում էր Ուրմիո լճի և Կասպից ծովի միջև՝ հարավից սահմանակցելով Մեծ Մարաստանին, արևմուտքից և հյուսիսից՝ Մեծ Հայքի Նոր Շիրական, Վասպուրական և Փայտակարան նահանգներին։ Մ.թ.ա. 321 թվականին Ատրպատականն ամբողջովին անկախանում է և հարստության հիմնադիր Ատրոպատես I-ի անունով կոչվում Ատրպատական։ Հենվելով սեփական ռազմական ներուժի վրա՝ Ատրպատականի թագավորները վարում եռանդուն արտաքին քաղաքականություն՝ ստեղծելով կայուն և մարտունակ բանակ։ Հույն պատմիչ Պոլիբիոսի վկայությամբ, Ատրպատականի զորեղ թագավոր Արտաբազանեսը փորձում էր հափշտակել Մեծ Հայքի թագավորության հարավարևելյան հողերը, սակայն Անտիոքոս Մեծի պատժիչ արշավանքից հետո այդ պլանները հոդս են ցնդում։

Վաղմիջնադարյան ժամանակահատված

Շաբրան քաղաքի շրջակայքում գտնվող Չիրաղ Կալայի ամրոցը կառուցվել է 5-րդ դարի սկզբերին։

Հելլենիստական ժամանակաշրջանում նախնադարյան-համայնական հասարակարգը քայքայվելով տեղի է տալիս դասակարգային հասարակությունների առաջացմանը։ Արդյունքում՝ Կասպից ծովի հարակից շրջաններում բնակվող 26 ցեղերի միության հիմքի վրա մ.թ.ա. 1-ին դարի սկզբերին առաջացնում է Աղվանքի վաղ ստրկատիրական պետությունը։ Աղվանից թագավորությունը դաշնակցային կապեր ուներ Մեծ Հայքի հետ և կրում էր վերջինիս սոցիալ-քաղաքական և մշակութային ազդեցությունը։ Այդ համագործակցությունն առավել ակնառու է դառնում հայոց արքա Տիգրան II Մեծի գահակալության ժամանակահատվածում, երբ հայ-հռոմեական պատերազմների շրջանակում աղվանաց հեծելազորը զինակցում է Արտաշեսյան բանակին։ Աղվանների պայքարն ընդդեմ հանրապետական Հռոմի շարունակվում է նաև հետագա տարիներին, որի արդյունքում՝ մ.թ.ա. 36 թվականին Կանիդիոս Կրասոս զորավարը ներխուժում է տարածաշրջան և արյունալի պատերազմների արդյունքում հպատակեցնում Աղվանքը՝ այն դարձնելով վասալական տերություն։

Կում գյուղի եկեղեցու ավերակները, որը ներկայումս պահպանվել է Ադրբեջանի Շաքի-Զաքաթալայի երկրամասում։

Հայոց Արտաշես II արքայի հետ համագործակցության արդյունքում մ.թ.ա. 20-ին Աղվանքը փաստացիորեն անկախանում է։ Նույն տարում Աղվանից թագավորությունում հաստատվում են ունեցող Մազքթաց Արշակունիները, որոնք սերվում էին Պարթև Արշակունիներից։ Ի տարբերություն հայոց Արշակունիների, որոնք սկզբից ևեթ ջանում էին իրենց երկիրը պահել Պարթևստանից անկախ, Աղվանքի Արշակունի թագավորները, 4-րդ դարից սկսած, սովորաբար ենթակա էին արյաց արքունիքի քաղաքական ազդեցությանը և հաճախ նրա հրահրումով ասպատակում էին սահմանամերձ հայկական գավառները։ Այնուամենայնիվ, Սանեսան և Ուռնայր թագավորների նման փորձերը ձախողվում են։ 370-ական թվականներին Ուռնայր թագավորն ընդունում է քրիստոնեությունը որպես Աղվանից թագավորության պետական կրոն, իսկ նրա հաջորդներից Եսվաղենը, որը սերտ բարեկամական կապերի մեջ էր Արշակունյաց Հայաստանի արքունիքի հետ, Մեսրոպ Մաշտոցի հետ միասին ստեղծում է աղվանական գիրը։ Մեծ Հայքի առաջին բաժանումից հետո Արցախ և Ուտիք նահանգները Սասանյան Իրանը միացնում է Աղվանքին՝ ստեղծելով առանձին կուսակալություն։ Պատմության թատերաբեմ է դուրս գալիս Աղվանքի մարզպանությունը՝ որպես Սասանյան Պարսկաստանի ենթակա թագավորություն։ 5-րդ դարում տարածաշրջանը ենթարկվում է Արաբական խալիֆայության զավթողական արշավանքներին։ Արաբական տիրապետության հաստատումից հետո Աղվանքը մտնում էր խալիֆայության Արմինիա վարչական միավորման մեջ։ 885 թվականին Բագրատունիները Մեծ Հայքում, իսկ 893 թվականին Առանշահիկները՝ Աղվանքում, իրենց հռչակում են անկախ պետությունների արքայատոհմեր։ Սահլ-Սմբատ Առանշահիկի թոռ Գրիգոր-Համամն իր իշխանության սահմանները հյուսիսում հասցնում է մինչև Կովկասյան լեռնաշղթան՝ տիրելով Շաքիին և Ծանարաց աշխարհին։ Գրիգոր-Համամի մահվանից հետո Աղվանքը դառնում է Բագրատունյաց Հայաստանի վասալը և այդ կարգավիճակը պահպանում է մինչև Գրիգորի որդի Փիլիպպեի ուխտադրաժ սպանությունը Գանձակի ամիրա Փադլունի կողմից։ Դրանից հետո Աղվանքը կառավարվում է Լոռու Կյուրիկյանների կողմից՝ մինչև Դավիթ Շինարարի կողմից վերջինիս միացումը Վրաց թագավորությանը։ Այնուամենայնիվ, արաբները շարունակում էին տարածել իրենց վերահսկողությունը Պարտավի և Գանձակի ամիրայություններում։

Սելջուկների և մոնղոլ-թաթարների արշավանքներ

Կույսի աշտարակն ու Շիրվանշահերի ապարանքը ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում գրանցված Բաքվի պատմական կենտրոնում
Կույսի աշտարակը հին բերդային կառույց է Բաքվի պատմական կենտրոնում
Ապարանքը եղել է Շիրվանշահերի պետության թագավորանիստը

8-րդ դարում Արաբական խալիֆայությունում անկում է ապրում Օմայյանների ժառանգական հարստությունը, իսկ 750 թվականին արդեն երկրի գահը զբաղեցնում են Աբբասյանները։ Ավելի ուշ Միջին Ասիայից տարածաշրջան են ներխուժում սելջուկ-թյուրքերը (շատ փորձագետներ վերջիններիս համարում են ժամանակակից ադրբեջանցիների նախնիններ)։ 1037 թվականին Արաբական խալիֆայությանն ու Բյուզանդական կայսրությանը մարտի դաշտում պարտության մատնած թյուրքերը ստեղծում են Սելջուկյան սուլթանությունը։ 1067 թվականին սելջուկ-օղուզներն ամբողջովին գրավում են Ադրբեջանի մերօրյա տարածքը և բռնակցում իրենց կայսրությանը։ Ժամանակի պատմիչները ահ ու սարսափով են գրում սելջուկների արշավանքների մասին։ 11-րդ դարի հայ պատմիչ Արիստակես Լաստիվերացին սելջուկների Հայաստան և Աղվանք արշավանքների մասին գրել է հետևյալը․

Aquote1.png Թուրքեստանից եկան բազմաթիվ զորքեր, որոնց երիվարները սրընթաց էին արծիվների պես. նրանց սմբակներն ամուր էին ինչպես ապառաժ։ Նրանք սաստիկ սպառազինված էին. աղեղները լարված, նետերը միշտ սուր. երբեք չարձակեցին իրենց կոշիկների կապերը։ Հասնելով Վասպուրական գավառը՝ քաղցած ու անհագուրդ գայլերի նման հարձակվեցին քրիստոնյաների վրա Aquote2.png

Նախքան թյուրքերի երևան գալը, Ադրբեջանի ներկայիս տարածքի բնակիչները խոսել են հնդեվրոպական լեզուներով, մեծամասամբ՝ հայերենով, պարսկերենով և ազարերենով։ Իրանական ադրբեջանցիների լեզուն՝ ազարերենը, թուրքական տիրապետության օրոք ձևափոխվելով ձևավորել է ադրբեջաներենը։ 1136 թվականին Շամսադդին Ելտկուզը սելջուկներից գրավում է Ատրպատականի և Պարսկաստանի որոշ հարավային շրջաններ։ Արդյունքում՝ Ելտկուզյանները Սելջուկյան սուլթանության կազմում ստեղծում են ենթակա թագավորություն։ Երկրի սահմաններն ընդարձակելու նպատակով վերջիննռրդ 1170 թվականին նվաճում են են Սյունիքի թագավորությունը, ապա հասել Դվին։ Սյունյաց աշխարհում բարբարոսները թալանում են եկեղեցիներն ու սրբատեղիները, կողոպտում բնակչությանը, ոչնչացնում տեղի մշակութային ժառանգությունը։ Բաղաբերդի անկումը պատմիչը համեմատում է Նաբուգոդոնոսոր արքայի կողմից Երուսաղեմն ավիրելու հետ։ Ելտկուզի որդու՝ Մուհամմադ Փահլավանի, օրոք Ելտկուզյանների մայրաքաղաքը տեղափոխվում է Համադան։ Զաքարյանների գլխավորությամբ սկսված հայկական հողերի միավորման ընթացքում Ելտկուզյանները վտարվում են Արաքսից ավազանի հյուսիսային շրջաններից։ 1207-1208 թվականներին Ելտկուզյանները հարձակվել են Բագրատունիների հենակետ համարվող Անիի վրա։

Այս շրջանում է ապրել և ստեղծագործել պարսկական գրականության ամենահայտնի դասական Նիզամի Գյանջիևը։ Ադրբեջանական իրականությունում աշխարհահռչակ պոետը հայտնի է որպես ադրբեջանական գրականության հիմնադիր։ Մինչև 1231 թվականը ժամանակակից Ադրբեջանի արևելքը միավորվել է Խորեզմշահերի պետության կազմում։ Դառնալով իսլամական աշխարհի տիրակալը՝ խորեզմշահերը փորձել են արշավել Չինաստան, սակայն վերջիններիս առաջխաղացումը կասեցրել է Չինգիզ խանը։ Սելջուկյան տիրապետության քայքայումից հետո իր իշխանությունն ու սուվերենությունն է վերականգնում Շիրվանշահերի պետությունը։ 12-13-րդ դարերում Շիրվանշահերը Ապշերոնի թերակղզում կառուցել են մի քանի ամրություններ, որոնք պահպանվել են մինչև մեր օրերը։ Երկրում կառուցվել են նաև քարվանսարաներ, մզկիթներ, այլ շինություններ։ Մինուչիհր III-ը 12-րդ դարում կառուցում է Բաքվի պարիսպները, ինչի մասին նշված է համապատասխան արձանագրությունում։ 13-րդ դարի առաջին կեսերին սկսվում է մոնղոլ-թաթարների արշավանքներն արևմուտք։ 1236-1245 թվականներին մոնղոլական զորքերը գրավում են Շիրվանն ու գրեթե ամբողջ Մերձավոր Արևելքը։ Մոնղոլներին հաջորդում են թուրքմենները, որոնք Լենկթեմուր զորավարի գլխավորությամբ փլատակների են վերածում Ոսկե հորդան։ 1392 թվականին թուրքմենները գրավում են Կասպիական տարածաշրջանը և ապա՝ Հայաստանն ու Վրաստանը։ 1405 վականին Լենկթեմուրը մահանում է, իսկ նրա ստեղծած աշխարհակալ տերությունը՝ մասնատվում։

Բաքու քաղաքի և հարակից շրջանների միջնադարյան պատմական ժառանգությունը
Քառանկյուն ամրոց
Տեղագրություն՝ Մարդակյան
Կառուցվել է 14-րդ դարում Քեսրանյան տոհմի ներկայացուցիչ Շիրվանշահ Մանուչեհր III-ի որդի Ախսիթան I-ի կողմից:

Ամրոցը կառուցվել է ի պատիվ թշնամիների դեմ մղվող Ախսիթանի տարած փայլուն հաղթանակի: Բերդի բարձրությունը կազմում է 22 մետր: Ամրոցը ներսից բաժանված է 5 հարկաշարքերի:

Ռամանայի ամրոց

Տեղագրություն՝ Ռամանա

Կառուցվել է 14-րդ դարում։ Ամրոցը քառանկյունն է: Բերդի բարձրությունը կազմում է 15 մետր: Կենտրոնում գտնվող Աշտարակը 15 մետր բարձրության վրա է:

Ամրոցը ներսից բաժանված է 5 հարկաշարքերի: Ռամանայի ամրոցը շատ նման է Ապշերոնի մյուս պաշտպանական ամրություններին, հատկապես՝ Մարդակյանի ամրոցին:

Մուհամմեդ մզկիթ
Տեղագրություն՝ Բաքու
Կառուցվել է 10-11-րդ դարերում։

Մզկիթի հաճախ անվանում են նաև Սինիգգալան։ Երկրորդ անվանումը մզկիթին շնորհվել է 1723 թվականին ռուսների կողմից Բաքվի գրավումից հետո: Մզկիթը կառուցվել է Մուհամմեդ Աբու Բեքիրի կողմից՝ 1078-1079 թվականներին: Կառուցված է Շիրվան-Ապշերոնյան ճարտարապետական ոճով։

Կարա և ակ-կոյունլուների տիրապետություն

Դիվանխանեն 15-րդ դարում կառուցված տաղավար է Շիրվանշահերի պալատի հյուսիս-արևմտյան հատվածում։

Լենկթեմուրի հետ Առաջավոր Ասիա էին տեղափոխվել նորանոր միջինասիական, գլխավորապես՝ թուրքմենական ցեղեր։ Միջինասիական ցեղերի ներգաղթը սկսվել էր դեռ սելջուկ-թուրքական արշավանքների ժամանակ՝ 11–րդ դարում: Լենկթեմուրի ժառանգների միջև ծայր առան գահակալական արյունալի կռիվներից օգտվում են կարա-Կոյունլու և ակ-Կոյունլու թուրքմենական ցեղերի առաջնորդները, որոնց մի մասը դեռ 13-րդ դարի վերջին Միջին Ասիայից ներգաղթել էին Փոքր Ասիա և Ատրպատական։ Նրանք ունեին ահարկու վարքագիծ, սիկ դրոշների վրա պատկերված էին սպիտակ (ակ) և սև (կարա) ոչխարներ (ակ-կոյունլու նշանակում է «սպիտակ ոչխարաբույծներ», իսկ կարա-կոյունլու՝ «սև ոչխարաբույծներ»)։ Օգտվելով ստեղծված խառնակ իրավիճակից՝ 1378 թվականին Կարա-Մուհամմադը միավորում է Ալաշկերտում և Կոգովիտում հաստատված կարա-կոյունլուների բոլոր ցեղերը և ստեղծել ինքնուրույն ամիրայություն։ Նրա որդին՝ Կարա-Յուսուֆը, իրեն է ենթարկել Հայաստանի ու Ատրպատականի մեծ մասը, սակայն 1393 թվականին պարտվում Լենկթեմուրի բանակին։ 1405 թվականին ակ-կոյունլուները վերականգնում են իր իշխանությունը, իսկ արդեն 1411 թվականին պաշարում Բաղդադը։

1435 թվականին կարա-կոյունլուների պետության ղեկը ստանձնում է Ջհանշահը, որն էլ պարտության է մատնում թեմուրինաներին և նվաճում ամբողջ Պարսքը։ Կարա-Կոյունլուների պետությունը հենվում էր քոչվորական ռազմաֆեոդալական ավագանու և մուսուլմանական հոգևորականության վրա։ Հետագայում նաև նույն քաղաքականությունն են որդեգրում ակ-կոյունլուները, ովքեր պարտության մատնելով կարա-կոյունլուներին փոխարինում են նրանց։ 1501 թվականին թուրքմենները պարսիկներից կրած ջախջախիչ պարտությունից վերջնականապես լքում են Ատրպատականը, որն էլ նպաստավոր պայմաններ է ստեղծում պարսից հովանու ներքո Շիրվանշահերի վերահաստատման համար։ Շիրվանշահերի պետությունը դասական արևելյան միապետություն էր, որը կառավարվում էր շահի կողմից՝ շարիաթական օրենքների առաջնորդությամբ։ 1476-ին այստեղ եղած Ջոսաֆաթ Բարբարոն Շիրվանշահերի մայրաքաղաք Շամախիի մասին ասել է․

Aquote1.png Շամախին լավ քաղաք է. ունի չորսից հինգ հազար տներ, արտադրում է մետաքս, բամբակ և այլ հումք՝ իր սովորույթներով: Այն գտնվում է Մեծ Հայքում, իսկ բնակչության մեծամասնությունը հայերն են
- Ջոսաֆաթ Բարբարո
Aquote2.png


Սեֆյանների նվաճումներ և թուրք-պարսկական մրցակցություն

Հաջի Ռուֆայի բեյի մզկիթը՝ կառուցված 18-րդ դարում։ Ունի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության անշարժ մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ։

Շամախիի խանը մշտապես նշանակվում էր Իրանի շահի կողմից և ուղարկվում Սպահանից։ Շիրվանշահերն Ատրպատականում իրենց հարաբերական ինքնիշխանությունը կարողանում են պահպանել մինչև 1538 թվականը, երբ շահական արքունիքը վերջինիս զրկում է ինքնիշխանությունից։ Շիրվանշահերի պետությունը բազմաթիվ ընդհատումներով գոյություն է ունենում 799-1538 թվականներին։ Վերջինիս հիմնադրումով փակվում է Աղվանքի պատմության քրիստոնեական էջը։ Գոյության յոթ դարերի ընթացքում այստեղ թափանցել են զանազան իսլամադավան ցեղեր ու ժողովուրդներ՝ արաբներ, սելջուկներ, պարսիկներ, թուրքեր, որի արդյունքում տեղաբնիկ աղվանները վերջնականապես ձուլվում են նրանց մեջ և դառնում իսլամադավան։ Պարսից կուսակալության տարիներին արաբների կողմից տարածված սուննի իսլամը բնակչության շրջանում փոխարինվում է շիայով։

Նախիջևանի խաների պալատը կառուցվել է 18-րդ դարի վերջին։ Եղել է օսմանցիների կողմից նվիրակոչված Նախիջևանի խանության գահակալների նստավայրը։

Նրանց փոքր հատվածները՝ ուդիներն ու լեզգիները, որոշ բնակավայրերում մինչ օրս շարունակում են պահպանել քրիստոնեական սովորույթները, կրոնը և գիրը։ Սեֆյանների արքունիքը գլխավորապես կազմված էր ղզլբաշներից, ովքեր էլ իրենց ձեռքն էին վերցրել շահական իշխանությունը։ 15-16-րդ դարերում տարածաշրջանում առաջացել էր նոր գերտերություն, ի դեմս՝ Օսմանյան կայսրության։ Վերջիններս նպատակ ունեին ի կատար ածել օղուզների զավթողական հավակնություններն արտացոլող պանթյուրքիզմի գաղափարախոսությունը, իսկ այդ ճանապարհին վերջիններիս գլխավոր խոչընդոտը Սեֆյան Պարսկաստանն էր, որն արևելքում տիրապետում էր զգալի ընդարձակ տարածքների։ 1532-1555 թվականների թուրք-պարսկական պատերազմներից հետո կնքված Ամասիայի պայմանագրով Ատրպատականը մնում էր Սեֆյանների վերահսկողության տակ։ Ամասիայի հաշտությունից հետո տարածաշրջանում շուրջ երկու տասնամյակ տիրում է հարաբերական խաղաղություն։ 1578 թվականին Լալա Մուստաֆա փաշայի ղեկավարած թուրքական բանակը նավարկում է Սև ծովով և ափ իջնում Վիրքում։

Խախտելով զինադադարը թուրքերն առանց որևէ դիմադրության գրավում են վրաց մայրաքաղաք Թբիլիսին, իսկ ամռան վերջին զավթում Շիրվանը։ 1587 թվականին Սեֆյան Իրանը դաշինք կնքելու մասին բանակցություններ է վարում Ցարական Ռուսաստանի հետ՝ խոստանալով վերջինիս զիջել Կասպից ծովի ավազանը՝ Դերբենդն ու Շիրվանը, սակայն դրանք ընթանում են ապարդյուն։ Արդյունքում՝ պարսից շահ Աբբաս I Սեֆին հարկադրված ծայրահեղ անշահավետ հաշտություն կնքել Օսմանյան կայսրության հետ: 1590 թվականին կնքված Ստամբուլի պայմանագրով Շիրվանը (այդ ժամանակահատվածում գրեթե ամբողջությամբ զբաղեցնում էր մերօրյա Ադրբեջանի տարածքը), Վրաստանի և Արևելյան Հայաստանի հետ միասին, բռնակցվում է Օսմանյան Թուրքիային։ Շուրջ երեք հարյուրամյակ Ատրպատականը շարունակում է մնալ թուրքական տիրապետության տակ։ 1605 թվականին պարսից գահակալ Շահ Աբասը իրականացնում է Նախիջևանի հայ բնակչության բռնագաղթը, որն էլ նպաստավոր պայմաններ է ստեղծում մուսուլման թաթարների կողմից տարածաշրջանի բնակեցման համար։ 1723-1728 թվականներին Քարթլի-Կախեթի թագավորությունը, Երևանի ու Գանձակի կուսակալությունները գրավելուց հետո թուրքերը շարժվում են Ատրպատական, որի բնակչությունը օսմանյան քաղաքականության և անընդհատ կրկնվող պատերազմների ընթացքում կամ թուրքացել էր, կամ սատարում էր թուրքական սուլթաններին։ Օժանդակություն ստանալով Ատրպատականի մուսուլման բնակչությունից, օսմանյան զորքերը մեկը մյուսի հետևից գրավում են Մարաղան, Խոյը, Նախիջևանը, Օրդուբադը, Թավրիզը, Ուրմիան և այլ քաղաքներ։ Այս նվաճումները լրջորեն վտանգել են Ռուսաստանի շահերը, որը 1722-1723 թվականներին գրավել էր Կասպից ծովի արևմտյան ափերը՝ Դերբենդից մինչև Էնզելի։ Ռուս-թուրքական պատերազմի վտանգը կանխվում է 1724 թվականի հունիսի 13-ին կնքված պայմանագրով։ Դրա համաձայն Շամախիից արևմուտք ընկած տարածքները անցնում էին Օսմանյան կայսրությանը, իսկ Կասպից ծովի ափամերձ շրջանները՝ Ռուսաստանին։

Ռուս-պարսկական պատերազմներ և Թուրքմենչայի պայմանագիր

Ղարաբաղի նորահաստատ խանության համար կարևոր քաղաքական հարց էր մուսուլմանական ազգաբնակություն կազմելը երկրի այն կողմերում, ուր չկար այնպիսի տարր, որը պիտի խանական իշխանության նեցուկը դառնար: Փանահ խանը, դավաճանությամբ սողոսկելով զուտ հայաբնակ Խամսայի երկրի սիրտը, շուտ զգաց, որ Շուշու ժայռերը դեռ բավարար հիմք չեն տիրապետություն հաստատելու համար, և նա շտապեց թուրք թափառական ցեղեր գրավել դրսից` հարևան խանություններից, խոստանալով նրանց զանազան արտոնություններ:

«
»

Նադիր շահի գահ բարձրանալը հիմնովին փոխում է իրանահպատակ երկրների այս ժամանակահատվածի պատմությունը, քանզի վերջիններս ազատվեցին պարսկական և թուրքական զավթիչների մշտական արյունալի և կործանարար հարձակումներից և վերջ գտավ ֆեոդալական տարանջատվածությունը։ Նադիրը կարողանում է մի քանի կարևոր հաղթանակներ տոնել թուրքերի և հյուսիսային Իրանում հաստատված աֆղանների նկատմամբ և Պարսկաստանի տիրակալությունում հաստատել Աֆշարների հարստությունը։

Շամախի Ջումա մզկիթը համարվում է Ադրբեջանի տարածքում պահպանված ամենահին կրոնական կառույցներից մեկը, միաժամանակ նաև հնագույններից մեկը Մերձավոր Արևելքում և Կովկասյան տարածաշրջանում։

Հաղթանակ տոնելով Օսմանյան կայսրության նկատմամբ՝ Նադիրը հաշվեհարդար է տեսնում թրքեմետ շիրվանշահների նկատմամբ և Արցախն անջատում Գանձակի խանությունից (զբաղեցրել է Մեծ Հայքի Ուտիք նահանգի հյուսիսային շրջաններները՝ Գարդմանա, Շակաշեն գավառները, մասամբ՝ Փառիսոսը): Այնուամենայնիվ, Գանձակի իսլամադավան կուսակալները ժամանակ առ ժամանակ ասպատակում էին Արցախն ու Սյունիքը, որն էլ հանգեցնում էր արյունարբու բախումների։ 1747 թվականին Նադիրի շահի մահվանից հետո Պարսկաստանում վերստին սկսում է տիրել քաղաքական անկայունությունը․ երկրում ստեղծվում են նորանոր ինքնավարություններ, որոնք թուլացնում են կենտրոնական իշխանությունը։ Նման պայմաններում փոխվում է Ռուսական կայսրության գահակալ Պետրոս I-ի դիրքորոշումը երկու դրացի մրցակիցների՝ Օսմանյան կայսրության և շահական Պարսկաստանի նկատմամբ, որը պայմանավորված էր Անդրկովկասյան տարածաշրջանին տիրանալու ռուսաց արքայի անթաքույց ձգտումով։ Քանի որ Անդրկովկասը մեծապես գտնվում էր պարսից տիրապետության տակ, անխուսափելի դարձավ ռուս-պարսկական ռազմական բախումը։ Հայկական և վրացական աշխարհազորայինների օժանդակությամբ՝ 1772 թվականին սկսվում է Պետրոս I-ի նշանավոր Կասպիական արշավանքը։ Ի տարբերություն քրիստոնյա հարևանների՝ Շիրվանի խանությունը նպատակ չուներ թոթափել պարսից լուծը և զինակցում էր շահական բանակին։ Արշավանքի ընթացքում ռուսները պաշարում են Շիրվանի երկրամասի մեծ մասը՝ ներառյալ Դերբենդն ու Բաքվի խանությունը։ Շարունակելով նվաճումները՝ կայսերական բանակը հաստատվում է Կասպից ծովի հարավային շրջաններում՝ Գիլանում, Ռաշթում, Գորգանում և Մազանդարանում։

Այսպիսով՝ Ադրբեջանի ներկայիս տարածքն անցնում է Ռուսաստանի տիրապետության տակ։ Տարածքների հստակեցման նպատակով, այս անգամ ցար Ալեքսանդր I-ի նախաձեռնությամբ, 1804 թվականին բռնկվում է ռուս-պարսկական հերթական պատերազմը, որն ավարտվում է Պարսկաստանի խայտառակ պարտությամբ։ Հոկտեմբերի 24-ին Արցախի Գյուլիստան գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր, որով Ռուսաստանին են անցնում արևելյան Վրաստանն ու Հայաստանը, ինչպես նաև Բաքվի, Ղարաբաղի, Շիրվանի, Դերբենդի ու Թալիշի խանությունները։ Ռուսաստանը ստանում է Կասպից ծովումռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունք։ 1826 թվականին կորցրած տարածքները ետ վերադարձնելու համար Իրանը սանձազերծում է նոր պատերազմ, որտեղ ևս ռուսները տանում են փայլուն հաղթանակ։ 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով տարածաշրջանը վերջնականապես հաստատվում է Ռուսական կայսրության կազմում, իսկ Պարսկաստանն անցնում է ռուսական ազդեցության տակ։

Մուսավաթական Ադրբեջանի ստեղծում

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Ռուսական կայսրությունը բռնում է հետադիմական ռեակցիայի ուղին։ Տարածաշրջանային ուժերի ներգործությամբ, քաղաքական լուրջ ճգնաժամի պայմաններում՝ կապված երկրամասի քաղաքական կուսակցությունների միջև տարաձայնությունների և հասունացող թուրքական ագրեսիայի վտանգի հետ, Անդրկովկասում ստեղծվում է ռուսական կառավարությունից անկախ միասնական անկախ պետականություն, որը միավորում էր տարածաշրջանի երեք ժողովուրդներին՝ հայերին, վրացիներին և կովկասյան թաթարներին (այս ժամանակաշրջանում դեռևս վերջիններս հայտնի չէին ադրբեջանցի անվանմամբ): Այնուամենայնիվ, Անդրկովկասյան սեյմը երկար կյանք չի ունենում և մայիսի 26-ին փլուզվում է։ Վրաստանի դեմոկրատական հանրապետության անկախացումից մեկ օր անց՝ մայիսի 27-ին, տեղի Մուսավաթական կուսակցությունը՝ Մամեդ Էմին Ռասուլզադեի ջանքերով, Ռուսական կայսրության նախկին Բաքվի և Ելիզավետպոլի նահանգների տարածքում ստեղծվում է Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը։

Այսպիսով, կովկասյան թաթարները որպես երկրանվանում ընտրում են Իրանի պատմական «Ադրբեջան» երկրամասի անվանումը, որը հետագայում միջազգային ատյաններում քննադատության է ենթարկվում պարսկական կառավարության կողմից։ Այսպիսով, պատմության մեջ առաջին անգամ Կասպից ծովի ափին ստեղծվում են բուն ադրբեջանական պետականություն։ Մահմեդ Ռասուլզադեի ստեղծած Ադրբեջանը դառնում է իսլամադավան աշխարհի առաջին աշխարհիկ ժողովրդավարական պետությունը, որտեղ կանանց շնորհվում է ընտրական իրավունք։ Հիմնադրման առաջին իսկ օրվանից ի վեր ներկովկասյան հարաբերությունները զարգանում են փոխադարձ թշնամանքի, մրցակցության և վիճարկումների ֆոնի վրա։ Դա հատկապես պայմանավորված էր սահմանային անորոշությամբ, քանզի երեք հանրապետություններն ունեին փոխադարձ տարածքային հավակնություններ։

Այս հենքի վրա սանձազերծվում է հայ-ադրբեջանական պատերազմը, որը մղվում էր հանուն Արցախի, Նախիջևանի և Զանգեզուրի։ Հակասություններ կային նաև վրաց մենշևիկների և մուսավաթականների միջև, քանզի Ադրբեջանն ամեն կերպ ցանկանում էր յուրացնել վրացաբնակ Զաքաթալայի շրջանը։ Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունում մշտապես գերակայել է արտաքին ազդեցությունը։ 1918 թվականի հոկտեմբեր-մայիս ամիսներին հանրապետությունն ամբողջությամբ վերահսկվել է թուրքական կայազորների կողմից, իսկ 1918 թվականի նոյեմբերից մինչև 1919 թվականի օգոստոսը Բաքվում և երկրի արևելյան մասում իր գործուն դերն ուներ էր բրիտանական բանակը։ Այնուամենայնիվ, 1919 թվականին հիմնադրվում է Ադրբեջանի մայր բուհը՝ Բաքվի պետական համալսարանը։ Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունն առաջին անկախ պետական միավորումն էր Ադրբեջանի պատմության մեջ։ Երկիրը գոյատևում է 23 ամիս և անկում ապրում 1920 թվականի ապրիլի 27-ին։

Խորհրդային Ադրբեջան

1919-1920 թվականներին Ադրբեջանի անկախ Հանրապետությունն ապրում էր խոր քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամ: Երկրի տարբեր շրջաններում տեղի էին ունենում զինված հակամարտություններ տարբեր քաղաքական և սոցիալական խմբավորումների միջև: Միաժամանակ, ընդհատակում, 1920 թվականի փետրվարի 12-ին Բաքվի աշխատավորները ձեռնամուխ են լինում Ադրբեջանի կոմունիստական կուսակցության հիմնադրմանը։ 1920 թվականի մարտին խորհրդային 11-րդ կարմիր բանակը հյուսիսից ներխուժում է Ադրբեջան և շարժվում դեպի Ապշերոն։ Մինչ այդ, Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Վլադիմիր Լենինը հայտարարել էր, որ ռուսական ներխուժումն արդարացի է, քանզի իրենք չեն կարող գոյատևել առանց Բաքվի հարուստ նավթային պաշարների։ Երկրի պաշտպանության նպատակով մուսավաթականները հայտարարում են զորակոչ և մարտի դուրս բերում ձևավորված 30 հազարանոց բանակը։ Ապրիլի 28-ին խորհրդային զինուժն ամբողջովին բռնազավթում է Ադրբեջանը և տապալում Մուսավաթականների իշխանությունը։ Նույն օրը Ադրբեջանը հռչակվում է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։ Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատումը տեղի չի ունեցել միանշանակ կերպով, քանզի ներխուժման պես ձևավորվել է դիմադրության շարժում, որը ռուս զավթիչների դեմ պայքարել է մինչև վերջին րոպեն։

Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատումից հետո 11-րդ բանակը շարժվում է դեպի Երևան և դեկտեմբերին խորհրդայնացնում Հայաստանը։ 1921 թվականի հոկտեմբերի 13-ին Խորհրդային Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հանրապետությունները Թուրքիայի հետ ստորագրում են հաշտության պայմանագիր։ Կարսի պայմանագրով Նախիջևանը, որպես ինքնավար հանրապետություն, անցնում էր Ադրբեջանական ԽՍՀ-ին, իսկ Հայկական ԽՍՀ-ն ստանում էր Զանգեզուրն ու Գյումրին։ Անդրֆեդերացիայի վերացումից հետո, 1936 թվականի դեկտեմբերի 5-ին, Ադրբեջանը հռչակվում է միութենական հանրապետություն, իսկ 1937 թվականի մարտի 14-ին ընդունվում է հանրապետության նոր սահմանադրությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ադրբեջանը կարևոր դերակատարություն է ունենում պետության էներգետիկ քաղաքականության մեջ, քանզի ԽՍՀՄ արևելյան ճակատ մարատակարվող նավթի 80 տոկոսն ապահովում էր Բաքուն։ 1942 թվականի փետրվարին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշմամբ Ադրբեջանում նավթարդյունաբերությամբ զբաղվող ավելի քան 500 աշխատակիցներ պարգևատրվում են պատվոգրերով և խրախուսական մեդալներով: Հայրենական մեծ պատերազմի ընթացքում գերմանա-ֆաշիստական հրամանատարությունը նպատակ ուներ շրջափակել և ջախջախել հարավային ռազմաճակատում գոյացած ռուսական զորքերը՝ նվաճելով Ռոստովից հարավ ընկած կովկասյան տարածքները՝ ի դեմս Բաքվի նավթառատ շրջանների։ Հայրենական մեծ պատերազմում ֆաշիստական Գերմանիայի դեմ է դուրս գալիս ԱԽՍՀ-ի բնակչության մեկ հինգերորդը, այդ թվում՝ շուրջ 100 հազար կանայք։ Ադրբեջանի և Խորհրդային պետության պաշտպանության համար պայքարող 130 ադրբեջանցիներ արժանանում են ԽՍՀՄ Ազգային հերոսի կոչման, իսկ Ազի Ասլանովը՝ կրկնակի հերոսի կոչման։ Բազմաթիվ ադրբեջանցիների միջոցներով ստեղծվում են տանկային շարասյուներ և ավիացիոն էսկադրիլիաներ։ Վերջիններիս եռանդուն ջանքերի շնորհիվ ռազմաճակատն ապահովվում է վառելիքով, ռազմամթերքով և սնունդով։ Ետպատերազմյան տարիներին սկսվում է Ադրբեջանի տնտեսության ու մշակույթի զարթոնքի ժամանակաշրջան։

Լեռնային Ղարաբաղի հակամարտություն


Հանրապետության հռչակում

Աշխարհագրություն

Ռելիեֆ

Կլիմայական պայմաններ

Կենսաբազմազանություն

Պետական և քաղաքական համակարգ

Արտաքին քաղաքականություն

Իրավական համակարգ

Մարդու իրավունքներ

Ռազմական ոլորտ

Վարչատարածքային բաժանում

Տնտեսություն

Էներգետիկ արդյունաբերություն

Գյուղատնտեսություն

Զբոսաշրջություն

Տրանսպորտային ենթակառուցվածքներ

Ազգաբնակչություն

Էթնիկական կազմ

Լեզուներ

Կրոն

Ուրբանիզացիա

Ծանոթագրություններ

  1. The State Statistical Committee of the Azerbaijan Republic, The ethnic composition of the population according to the 2009 census.
  2. 2,0 2,1 LaPorte Jody (2016)։ «Semi-presidentialism in Azerbaijan» (PDF)։ in Elgie Robert, Moestrup Sophia։ Semi-Presidentialism in the Caucasus and Central Asia։ London: Palgrave Macmillan (published 15 May 2016)։ էջեր 91–117։ ISBN 978-1-137-38780-6։ Վերցված է 13 October 2017 
  3. «Аzərbаycаndа dеmоqrаfik vəziyyət» (ադրբեջաներեն)։ Azərbaycan Respublikasının Dövlət Statistika Komitəsi։ հոկտեմբերի 31, 2017 
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Ադրբեջան»։ Արժույթի միջազգային հիմնադրամ 
  5. Pipes Richard (1997)։ The Formation of the Soviet Union: Communism and Nationalism 1917–1923 (2nd ed.)։ Cambridge, Massachusetts: Harvard University Press։ էջեր 218–220, 229։ ISBN 978-0-674-30951-7 
  6. King David C. (2006)։ Azerbaijan։ Marshall Cavendish։ էջ 27։ ISBN 978-0761420118 
  7. Резолюция СБ ООН № 822 от 30 апреля 1993 года (ռուսերեն)։ United Nations։ Արխիվացված օրիգինալից-ից 3 May 2011-ին։ Վերցված է 4 January 2011 
  8. Резолюция СБ ООН № 853 от 29 июля 1993 года (ռուսերեն)։ United Nations։ Վերցված է 4 January 2011 
  9. Резолюция СБ ООН № 874 14 октября 1993 года (ռուսերեն)։ United Nations։ Արխիվացված օրիգինալից-ից 3 May 2011-ին։ Վերցված է 4 January 2011 
  10. Резолюция СБ ООН № 884 от 12 ноября 1993 года (ռուսերեն)։ United Nations։ Արխիվացված օրիգինալից-ից 3 May 2011-ին։ Վերցված է 4 January 2011 
  11. Europa Publications Limited (1998)։ Eastern Europe and the Commonwealth of Independent States։ Routledge։ էջ 154։ ISBN 978-1-85743-058-5 
  12. «Elections & Appointments – Human Rights Council»։ United Nations։ Արխիվացված օրիգինալից 20 December 2008-ին։ Վերցված է 3 January 2009 
  13. 13,0 13,1 «Azerbaijan: Membership of international groupings/organisations»։ British Foreign & Commonwealth Office։ Արխիվացված օրիգինալից 9 June 2007-ին։ Վերցված է 26 May 2007 
  14. «The non-aligned engagement»։ The Jakarta Post։ Վերցված է 26 May 2011 
  15. Cornell Svante E. (2010)։ Azerbaijan Since Independence։ M.E. Sharpe։ էջեր 165, 284 
  16. «WHO ranks Azerbaijan 38th on alcohol use»։ 18 November 2011 
  17. What Alabamians and Iranians Have in Common. Gallup. Retrieved on 30 June 2017.
  18. Islam and Secularism: the Azerbaijani experience and its reflection in France. Prweb.com (17 June 2013). Retrieved on 30 June 2017.
  19. Muslims and Islam: Key findings in the U.S. and around the world | Pew Research Center. Pewresearch.org (26 May 2017). Retrieved on 30 June 2017.
  20. «Interactive Infographic of the World's Best Countries»։ Newsweek։ 15 August 2010։ Արխիվացված օրիգինալից 22 July 2011-ին։ Վերցված է 24 July 2011 
  21. «Literacy rate among schoolchildren in Azerbaijan is 100% – UN report»։ News.Az։ 28 October 2011 
  22. «Employment statistics in Azerbaijan»։ The State Statistical Committee of the Republic of Azerbaijan։ Վերցված է 26 May 2007 
  23. «Human Rights Watch: Azerbaijan»։ Human Rights Watch։ Վերցված է 6 March 2014