Ռումինիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռումինիա
România
Ռումինիայի դրոշ
Դրոշ
Ռումինիայի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝
Deşteaptă-te, române!
Ռումինիայի դիրքը
Մայրաքաղաք
Ամենամեծ քաղաք
Բուխարեստ
Պետական լեզուներ ռումիներեն
Անկախություն
Տարածք
 -  Ընդհանուր 238,392 կմ² 
 -  Ջրային (%) 3
Բնակչություն
 -  2007 նախահաշիվը 22,276,056 
 -  2002 մարդահամարը 21,680,974 
 -  Խտություն 91 /կմ² 
236 /մղոն²
Ժամային գոտի (UTC+2)
 -  Ամռանը (DST)  (UTC+3)
Վերին մակարդակի ազգային դոմենն .ro
Հեռախոսային կոդ +40


Ռումինիա (ռում.՝ România), երկիր է արևելյան Եվրոպայում։ Ռումինիան գտնվում է Եվրոպայի հարավ-արևմտյան մասում՝ այն դեմոկրատական կիսա-նախագահական պետություն է։ Մայրաքաղաքը՝ Բուխարեստ։ Պետության անվանումը առաջացել է լատիներեն romanus բառից։

Աշխարհագրրական դիրք[խմբագրել]

Ռումինիայի քարտեզը
Կարպատները տիեզերքից

Հյուսիսում և արևելքում պետությունը սահմանակից է Ուկրաինային, հյուսիս-արևելքում Մոլդովային, հարավում Բուլղարիային, արևմուտքում Սերբիային և Հունգարիային, արևելքում Ռումինիան սահմանափակվում է Սև ծովով։ Ռումինիան գտնվում է հարավ-արևելյան Եվրոպայում, Սև ծովի ափին, Բուլղարիայի և Ուկրաինայի միջև։ Ռումինիայի կոորդինատներն են 46 00° հս.լ, 25 00° ար.լ։

Տարածք[խմբագրել]

Ընդհանուր տարածքը 237500 կմ², որից ցամաքը ՝230340 կմ², իսկ ջուրը՝ 7160 կմ²։ Սահմանի ձգվածությունը 2508 կմ է։ Երկրում հավասարապես տարածված են միջին բարձրության լեռները, բլրային կամ սարավանդային բարձրությունները և դաշտավայրերը։ Հիմնական լեռնահամակարգը Կարպատներն են, որը Ռումինիայի սահմաններում բաժանվում է Արևելյան Կարպատների, Հարավային Կարպատների (Մոլդովյանու լեռ, 2543 մ, երկրի ամենաբարձր կետը) և Արևմտառումինական լեռների։ Կարպատների հարավային ստորոտներին է Ստորին - Դանուբյան հարթավայրը։ Երկրի ընդերքում կան նավթի և գազի հարուստ պաշարներ, բոքսիտների, բազմամետաղների, պղնձի, ոսկու, քարաղի հանքավայրեր։ Գլխավոր գետը Դանուբն է, որն ավելի քան 1000 կմ երկարությամբ հոսում է Ռումինիայի տարածքով։ Ուկրաինայի և Մոլդովայի սահմանով անցնում է նրա վտակ Պրուտը։ Ռումինիայի տարածքի մոտ կեսը մշակովի հողեր են։ Անտառներն զբաղեցնում են տարածքի ավելի քան 1/4-ը՝ առավելապես տարածված լեռնային շրջաններում ու գետերի ողողատներում։

Ֆաունա[խմբագրել]

Անտառներում տարածված են գայլը, աղվեսը, լուսանը, կզաքիսը, նապաստակը, սկյուռը, տափաստաններում՝ արջամուկը, դաշտամուկը, գետնասկյուռը, թռչուններից՝ արծիվը, ճուռակը, արոսը, կան մողեսներ և օձեր։ Դանուբի ափերին բնադրում են մեծաթիվ ճահճային և ջրլող թռչուններ, իսկ ամռանը Հյուսիսային Աֆրիկայից այստեղ են չվում հավալուսններ և կարմրաթևիկներ։ Գետերն ու լճերը հարուստ են ձկներով։

Կլիմա[խմբագրել]

Կլիման՝ մեղմ է, ցուրտ։ Ձմեռն ամպամած է՝ հաճախակի ձյուն է և մառախուղ, ամռանն արևոտ է՝ հաճախակի անձրևներով և որոտով։ Բարեխառն է։

Պատմություն[խմբագրել]

Ռումինիան 1941 թվականին
Վալախիան Ռումինիայի քարտեզի վրա

Ռումինական առաջին պետական կազմավորումները ձևավորվել են 14-րդ դարում, երբ երևան եկան 2 ավատատիրական իշխանություններ՝ Վալախիան և Մոլդովան, որոնք ղեկավարվում էին իշխանների՝ հոսպոդարների կողմից։ 16-րդ դարում, չնայած համառ դիմադրությանը, սկզբում՝ Վալախիայի, ապա Մոլդովայի իշխանությունները կախման մեջ ընկան Օսմանյան կայսրությունից։

1859–1861 թթ-ին այդ իշխանությունները, որոնք դեռևս 1829 թ-ին Ռուսաստանի օգնությամբ հասել էին որոշակի ինքնավարության, միավորվեցին մեկ միասնական պետության մեջ, որը կոչվեց Ռումինական իշխանություն, սակայն շարունակում էր վասալական կախման մեջ մնալ Օսմանյան կայսրությունից։

1877–1878 թթ-ի ռուս-թուրքական պատերազմի արդյունքում Ռումինիան ստացավ անկախություն, իսկ 1881 թ-ին հռչակվեց թագավորություն։ 1940 թ-ին Ռումինիայում հաստատվեց ռազմական բռնապետություն, երկիրը միացավ ֆաշիստական պետությունների Բեռլինյան դաշինքին և 1941 թ-ին Գերմանիայի կողմից սկսեց պատերազմել Խորհրդային Միության դեմ։ 1944 թ-ին Ռումինիա մտան խորհրդային զորքերը։ Պատերազմից հետո Ռումինիայում հաստատվեցին սոցիալիստական կարգեր, և երկիրը, պահպանելով սոսկ ձևական անկախությունը, կախման մեջ ընկավ Խորհրդային Միությունից։ 1990-ական թվականների սկզբին, ԽՍՀՄ փլուզումից հետո, Ռումինիան ձեռք բերեց լիակատար ինքնիշխանություն։

Տնտեսություն և արդյունաբերություն[խմբագրել]

Կլուժ Նապոկա
Տիմիշոարա

Ռումինիան ունի զարգացած արդյունաբերություն և գյուղատնտեսություն։ Արդյունաբերության մեջ առաջատար են հանքարդյունահանումը, նավթավերամշակումը, սև ու գունավոր մետաղաձուլությունը, մեքենաշինությունը, քիմիական արդյունաբերությունը։ Արտադրվում են տարատեսակ սարքավորումներ, հաստոցներ, ավտոբուսներ, բեռնատար ու մարդատար ավտոմեքենաներ, երկաթուղային տրանսպորտի միջոցներ, նավեր, տրակտորներ, կահույք և այլն։ Գյուղատնտեսության մեջ գերակշռում է բուսաբուծությունը. մշակում են եգիպտացորեն, ցորեն, տարեկան, արևածաղիկ, շաքարի ճակնդեղ և այլն։ Զարգացած են նաև բանջարաբուծությունը, պտղաբուծությունը, խաղողագործությունը, մսատու անասնապահությունը, մեղվաբուծությունը, շերամապահությունը, ձկնորսությունը։

Բնական հանածոներ[խմբագրել]

Բնական հանածոները՝ նավթ, փայտ, բնական գազ, ածուխ, երկաթի հանքանյութ, աղ, վարելահող, հիդրոէլեկտրակայաններից ստացվող էլեկտրականություն։

Բնակչություն[խմբագրել]

Ռումին գրող Միհայիլ Էմինեսկու

Բնակչության թիվը՝ 22.2 մլն (2008)։ Ծնելիությունը՝ 10.6 (1000 մարդու հաշվով), իսկ մահացությունը՝ 11.8 (1000 մարդու հաշվով)։ Էթիկական կազմը՝ ռումինացիներ 89.5℅ (որոնց կազմավորմանը մասնակցել են Դակիա և Մեզիա նահանգներում բնակվող ռոմանացված ցեղերը՝ դակերը, գոթերը, ինչպես նաև չռոմանացված ազատ դակերը և սլավոնները), հունգարացիներ՝ 6.6℅, գնչուներ՝ 2.5℅, ուկրաինացիներ՝ 0.3℅, գերմանացիներ՝ 0.3℅, ռուսներ՝ 0.2℅, թուրքեր՝ 0.2℅, այլ ազգեր՝ 0.4℅ (2002 թ.)։ Կրոնական կազմը՝ 86.8 ℅-Ռումինական Օրթոդոքս եկեղեցին, 7.5℅-բողոքական, 4.7℅՝ կաթոլիկ, 0.9℅՝ այլ կրոններ։

Խոշոր Քաղաքներ[խմբագրել]

Խոշոր քաղաքներն են Բուխարեստը, Յասսին, Տիմիշոարան, Կլուժ Նապոկան, Գալացը։ Ծովային գլխավոր նավահանգիստը Կոնստանցան է։

Մշակույթը[խմբագրել]

Ռումինիան հին մշակույթի երկիր է։ Հայտնի են ռումին գրող Միհայիլ Էմինեսկուն, հեքիաթագիր Յոն Կրյանգեն, դրամատուրգներ Յոն Կարաջալեն, Մարիա Բանուշը, նկարիչ Նիկոլայե Գրիգորեսկուն, քանդակագործ Դմիտրի Չիպարուսը, տիեզերագնաց Դումիտրու Պրինարիուն, քաղաքական գործիչներ Նիկոլայե Չաուշեսկուն, Յոն Իլիեսկուն, մարմնամարզուհի Նադյա Կամանեչին և այլք։

Հայերը Ռումինիայում[խմբագրել]

Ռումինիայի հայկական համայնքը հնագույններից է Հարավարևելյան Եվրոպայում։ Հայերի հոսքը Ռումինիա ուժեղացել է հատկապես Անիի, ապա՝ Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո։ Հայերը կառուցել են քարաշեն եկեղեցիներ, ունեցել իրենց հոգևոր թեմը։ 1946–48 թթ-ին ռումինահայերի զգալի մասը ներգաղթել է Հայաստան, նրանց մի մասն արտագաղթել է նաև այլ երկրներ։ Ներկայումս Ռումինիայում բնակվում է մոտ 2,5 հզ. հայ՝ կենտրոնացած Բուխարեստում և Կոնստանցայում։ Հիմնականում մտավորականներ են, կան նաև ձեռնարկատերեր։

Հայերը Ռումինիայում հաստատվել են դեռևս 5-12-րդ դարերում, որի մասին վկայում են Ռումինիայում պահպանված հայկական բազմաթիվ տեղանուններն ու երբեմնի հայաշատ քաղաքներում հայկական թաղամասերի և փողոցների առկայությունը։ Մասնավորապես, 18-րդ դարում հայ գաղթականների հիմնել են Գեռլա ռումինական քաղաքը։

Յասիի 1395 թ. Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
Կարապետ Իբրըիլյանու, ծագումով հայ ռումինական գրող

Ռումինիայում հայերի պաշտոնական հաստատման տարեթիվը համարվում է 1350 թ. որն առաջին հայկական եկեղեցու հիմնադրման տարեթիվն է։ Ռումինահայերն ունեցել են իրենց հոգևոր թեմը, որը 1365 թ. ենթարկվել է Լվովի հայկական եպիսկոպոսությանը։

14-րդ դարում հայերի թիվն այնքան է աճել, որ իշխան Ալեքսանդր Բարեպաշտի հրովարտակով 1401 թ. Սուչավա մայրաքաղաքում ռումինահայերի համար հիմնվել է առաջնորդական թեմ, որը գլխավորել է Հովհաննես եպիսկոպոսը։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռումինիայի և Բուլղարիայի թեմի առաջնորդական նստավայրը Բուխարեստում է (առաջնորդանիստը՝ 1915 թ. կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցի, հոգևոր առաջնորդ՝ Տիրայր արք. Մարտիկյան)։

Հայ Առաքելական եկեղեցիներ գործում են նաև Կոնստանցայում, Պիտեշտում, Բրեյլայում, Գալացում, Յաշում։ Հայ Կաթողիկե եկեղեցիներ գործում են Տրանսիլվանիայի Գերլա, Գեորգեն, Դումբրավեն, Ֆրումոսա քաղաքներում, որոնց համայնքները հիմնականում կազմված են հայկական ծագումով հունգարացիներից։ Եկեղեցական արարողությունների մի մասը կատարվում է հայերենով։

Ռումինիայի սենատոր, Լիբերալ ազատական կուսակցության փոխնախագահ, 2007-2008 թթ. էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Վարուժան Ոսկանյան

Ռումինիայի հայ համայնքը գործում է Բուխարեստում, Ռումինիայի գյուղերում։

Համայնքը ներկայացված է «Ռումինահայոց միություն» կազմակերպությամբ, որն իր գործունեությունը վերսկսելու հնարավորություն է ստացել միայն 1989 թ. ռումինական հեղափոխությունից հետո։

1992 թ. Բուխարեստում վերաբացվել է հայկական դպրոցը՝ կիրակնօրյա կարգավիճակով և ունի 20-30 սան՝ նախկին 400-ի փոխարեն։ Կիրակնօրյա դպրոցներ են գործում Կոնստանցայում, Կլուժ Նապոկոյում, Գերլայում։

«Ռումինահայոց միությունը» բաժանմունքներ ունի երկրի 17 քաղաքներում, կազմակերպում է մշակութային միջոցառումներ, կարևոր տեղ է հատկացնում հրատարակչական գործունեությանը. լույս է ընծայում «Նոր Կյանք» հայերեն ու ռումիներեն և «Արարատ» ռումիներեն թերթերը, ունի տպարան և «Արարատ» հրատարակչություն, որը տարեկան 10-15 անուն գիրք է հրատարակում հայկական թեմայով (հիմնականում ռումիներեն)։ «Ռումինահայոց միությունն» իր պատվիրակություններով մասնակցել է Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովներին, տնտեսական, մշակութային ձեռնարկներին։

Բուխարեստում գործում է Ռումինիայում հայտնի՝ ռումինական պետությանը պատկանող «Գրիգոր Զամբախչյան» պատկերասրահը։ Ռումինիայում անցկացված վերջին մարդահամարի (2002թ.) պաշտոնական տվյալներով՝ հայերի թիվը 1780 է, սակայն մեծ թիվ են կազմում նաև այն անձինք, ովքեր իրենց հայկական ծագումը պաշտոնապես չեն նշում։

Ռումինիայի հայերի միության նախագահն է Ռումինիայի սենատոր, Լիբերալ ազատական կուսակցության փոխնախագահ, 2007-2008 թթ. էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Վարուժան Ոսկանյանը։ Միության գլխավոր քարտուղարն է Բերսի (Պերճ) Մարգարյանը։

Խորհրդարանում հայ համայնքը ներկայացնում է Ռումինիայի հայերի միության կողմից առաջադրված Վարուժան Փամբուկչյանը, որը խորհրդարանի Պատգամավորների պալատի ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբի նախագահն է։

Ռումինիայի կառավարությունը ֆինանսավորում է ազգային փոքրամասնությունների միությունները, այդ թվում նաև՝ «Ռումինահայոց միությանը» և Հայոց եկեղեցու սպասավորներին։