Շվեդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շվեդիա
Շվեդիայի դրոշ Զինանշան
Flag of Sweden.svg
Shield of arms of Sweden.svg
EU-Sweden.svg
Կարգավիճակ ինքնիշխան պետություն, երկիր, Եվրոպական Միության անդամ երկրներ և ՄԱԿ անդամ-պետություն
Մտնում է Շվեդ-նորվեգական միություն
Ներառում է Blekinge County, Dalarna County, Gotland County, Gävleborg County, Halland County, Jämtland County, Jönköping County, Kalmar County, Kronoberg County, Նորրբոտտեն, Skåne County, Ստոկհոլմի լեն, Սյոդերմանլանդ, Ուփսալա, Värmland County, Västerbotten County, Västernorrland County, Västmanland County, Västra Götaland County, Örebro County և Östergötland County
Պետական լեզու շվեդերեն, սաամյան լեզուներ, ֆիններեն, Մեյանկիելի, գնչուական լեզու և իդիշ
Մայրաքաղաք Ստոկհոլմ
Պետական կարգ սահմանափակ միապետություն և ներկայացուցչական ժողովրդավարություն
Օրենսդիր մարմին Ռիքսդագ
Երկրի ղեկավար Կառլ XVI Գուստաֆ
Կառավարության ղեկավար Ստեֆան Լյովեն
Ազգաբնակչություն 9 954 420[1]
Հիմն Շվեդիայի հիմն
Առաջին հիշատակում {{{առաջին հիշատակում}}} թ.
Արժույթ Swedish krona
Ազգային տոն Նոր տարվա օր, Հայտնություն, Ավագ Ուրբաթ, Զատիկ, Զատկի երկուշաբթի, Մայիսի մեկ, Համբարձում, Հոգեգալուստ, Շվեդիայի ազգային օր, Midsummer's Day, All Saints, Second Day of Christmas և Natalis Domini
Ժամային գոտի Կենտրոնական եվրոպական ժամանակ, UTC+1, UTC+2 և Եվրոպա/Ստոկհոլմ
Հեռախոսային կոդ +46
Ինտերնետ-դոմեն .se
Կոորդինատներ: 61° հս․ լ. 15° ավ. ե. / 61° հս․. լ. 15° ավ. ե. / 61; 15
http://www.sweden.se/

Շվեդիա[2] (շվեդ.՝ Sverige), պաշտոնապես Շվեդիայի Թագավորություն (շվեդ.՝ Konungariket Sverige), պետություն է Հյուսիսային Եվրոպայում՝ Սկանդինավյան թերակղզու արևելքում և հարավում։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիային են պատկանում Գոթլանդ, Էլանդ և մի շարք փոքր կղզիներ։ Ափերը ողողում են Բալթիկ և Հյուսիսային ծովերը։ Երկրի մակերևույթը հիմնականում հարթավայրային է։ Առավել բարձր է հյուսիսարևմտյան՝ Նորվեգիային սահմանակից մասը, որտեղ տարածվում են Սկանդինավյան լեռները (բարձրությունը՝ մինչև 2123 մ, Կեբնեկասե լեռ)։ Խիստ մասնատված ափերին շատ են մանր կղզիները՝ շխերները։ Տարածքում են Նորլանդ սարահարթը և Միջինշվեդական դաշտավայրը։ Կլիման հյուսիսում ցամաքային է, ձմեռները խիստ են (Բոտնիկական ծոցը 4 ամիս սառչում է), հարավում՝ մեղմ և խոնավ։ Հարուստ է ջրաէներգետիկ պաշարներով։ Գետերը կարճ են ու ջրառատ։ Ինդալսէլվեն, Օնգերմանէլվեն գետերից յուրաքանչյուրի վրա գործում են 10-ից ավելի ջրէկներ։ Հարավային հարթավայրերում շատ են լճերն (Վենեռն, Վեթեռն, Էլմարեն, Մելարեն) ու ճահիճները։ Տարածքի 54 %-ը ծածկված է սոճու և եղևնու անտառներով։ Կենդանիներից կան որմզդեղն, գորշ արջ, գայլ, աղվես, բևեռաղվես, կզաքիս, լուսան և այլն։ Շատ են ջրլող թռչունները, բազմատեսակ ձկները։ Կան բազմաթիվ արգելոցներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիայի տարածքում մարդու բնակության հետքերը մ․ թ․ ա․ VIII—IX հազարամյակներից են։ Մոտ II հազարամյակում եվրոպական մայրցամաքից Շվեդիա են ներխուժել անասնապահ ցեղեր, որոնք ենթարկել են բնիկներին։ Մ․ թ․ առաջին դարերում Շվեդիայում բնակվել են հյուսիսային գերմանական ցեղեր՝ սվիոններ, գաուաներ և այլն։ Մ․ թ․ VI—VII դդ․ տեղի է ունեցել շվեդ, ցեղերի միավորում, անցում նախնադարյան համայնականից՝ դասակարգային հասարակարգի։ Շվեդիացի վիկինգները առեարի և թալանի նպատակով ասպատակել են հարևան երկրները։ XI դ․ սկզբին Շվեդիայում տարածվել է քրիստոնեությունը, երկիրը միավորվել է միասնական թագավորության մեջ։ Մինչև XIV դ․ ֆեոդալական հարաբերությունները զարգացել են դանդաղ, պահպանվում էին տոհմացեղային մնացուկները։ XII դ․ կեսից շվեդ, ֆեոդալները խաչակրաց արշավանքներ են ձեռնարկել դեպի արևելք՝ Ֆինլանդիա, Մերձբալթիկա, Ռուսիայի հյուսիս-արևմուտք, որտեղ շվեդները պարտվել են Ալեքսանդր Նևսկուց։ 1389-ին ֆեոդալական երկպառակություններից թուլացած Շվեդիան Դանիայի հետ կնքել է ունիա, որին 1397-ին միացել է նաև Նորվեգիան։ Այդ միությամբ Շվեդիայում ուժեղացել է հարկային լուծը, Շվեդիայի ենթարկվածությունը Դանիային։ 1434-ին Շվեդիայում բռնկել է գյուղացիական պատերազմ, որը շուտով վերաճել է հակադանիական պայքարի և ունիայի խզման։ Դանիական տիրապետությանը վերջ է տվել 1521-ին Դուստավ էրիկսոնի գլխավորած ժողովրդական ապստամբությունը։ 1527—1539-ին Շվեդիայում անց է կացվել Ռեֆորմացիա, որն ուժեղացրել է թագավորական իշխանությունը։ XVI դ․ վերջից, և հատկապես XVII դ․, շվեդական ֆեոդալական պետությունը բազմաթիվ պատերազմներ է մղել Բալթիկային տիրելու համար, որի հետևանքով Շվեդիան զավթել է Արևելյան Մերձբալթիկան, Պոմերանիաև ու այլն, և դարձել Եվրոպայի հզոր պետություններից մեկը։ Շվեդիայի արտաքին քաղաքական հաջողությունները ամրապնդել են թագավորական իշխանությունը երկրի ներսում։ Թագավորները անց են կացրել հողերի ռեդուկցիա, որը առաջընթաց քայլ էր երկրի բուրժուականացման ճանապարհին։ Շվեդիայում հաստատվեց բացարձակ միապետություն, որի հիմնական հենարանն էին միջին ազնվականությունը, սպայությունը և առևտրամանուֆակտուրային բուրժուազիան։ 1700—1721Հյուսիսային պատերազմում Շվեդիան ժամանակավոր հաջողության հասավ, սակայն խոշոր պարտություն կրեց Ռուսաստանում և կորցրեց իր տիրույթները Արևելյան Մերձբալթիկայում և Հարավ-Արեմտյան Կարելիայում։ Կարլ XV-ի մահով (1781) ավարտվեց շվեդիայի բացարձակապետության շրջանը։ Շվեդիայի փորձերը ռևանշ վերցնելու Ռուսաստանից, ավարտվեցին շվեդական զորքերի նոր պարտությամբ։

Միջին դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1805—1810-ի և 1813—1814-ի պատերազմներին Շվեդիան մասնակցեց հակաֆրանսիական կոալիցիայի կազմում։ Դանիայի հետ կնքված Քիլլի պայմանագրով (1814) Շվեդիան ստացավ Նորվեգիան։ Անընդմեջ պատերազմները հանգեցրին Շվեդիայի տնտեսական քայքայման։ Բայց արդեն XIX դ․ 50—60-ական թթ․ Շվեդիայում սկսեց արագորեն զարգանալ արդյունաբերական կապիտալիզմը։ Կապիտալիստական հարաբերությունները մեծ չափով զարգացան նաև գյուղատնտեսության մեջ։ Քաղաքական ակտիվ ուժ դարձավ արդյունաբերական բուրժուազիան։ XIX դ․ 70-ական թթ․ բանվորական շարժումը ընդունեց կազմակերպված ձևեր, առաջացան արհմիություններ։ Օսկար II-ի օրոք (1872—1907) Շվեդիան դարձավ ավանդական չեզոքության երկիր, բայց որոշակի գերմանական կողմնորոշմամբ, որը պահպանվեց նաև առաջին համաշխարհային պատերազմի (1914—1918) ժամանակ։ 1918—1920-ին երկրում ծավալվեց հուժկու գործադուլային շարժում, կառավարությունը ստիպված էր անցկացնել ընտրական բարեփոխումներ, ընդունել օրենք 8-ժամյա աշխատանքային օրվա մասին։ 1920-ական թթ․ ավարտվեց շվեդական կապիտալիզմի անցումը մոնոպոլիստական փուլին։ Շվեդիան դարձավ կապիտալի խոշոր արտահանող։ 1920—1922-ին Շվեդիայի կառավարությունը հիմնականում ղեկավարում էին լիբերալները։ 1930-ական թթ․ սկզբի համաշխարհային տնտեսական ճգնաժամը ցնցեց նաև Շվեդիան, անկում ապրեց արդյուաբերական արտադրությունը, աճեց գործազրկությունը, ծավալվեց գործադուլային շարժումը։

Երկրորդ աշխարհամարտ և հետպատերազմյան շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939—1945) ժամանակ Շվեդիան չեզոքություն հայտարարեց, բայց հաճախ էր այն խախտում հօգուտ Գերմանիայի և Ֆինլանդիայի։ 1946-ին Շվեդիան ընդունվեց ՄԱԿ, 1948—1952-ին մասնակցեց։ 1967—1968-ին միջոցներ ձեռնարկվեցին տնտեսության մեջ պետական կարգավորման դերը ուժեղացնելու ուղղությամբ, բայց շարունակվում էր պահպանվել գործազրկության բարձր մակարդակը, ավելանալ գործադուլների թիվը։ 1974—1976-ին ռիկսդագը օրենքներ ընդունեց միջին և ցածր եկամուտ ունեցողների պետական հարկերը, ի հաշիվ ձեռնարկատերերից գանձվող հարկերի, նվազեցնելու մասին։ 1970-ական թթ․ 2-րդ կեսի համաշխարհային տնտեսական ճգնաժամը հարվածեց նաև Շվեդիայի տնտեսությանը, դանդաղեց արդյունաբերական զարգացումը, ավելացավ գործազրկությունը։ Շվեդիան կապիտալիստական երկրներից առաջինը ճանաչեց ՎԴՀ-ին, տնտեսական օգնություն ցույց տվեց նրան, դատապարտեց Իսրայելի ագրեսիան արաբական երկրների դեմ, ճանաչեց Օդեր-Նայսե սահմանագիծը, 1975-ին ստորագրեց Հելսինկիի եզրափակիչ ակտը։

Պետական կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիան սահմանադրական միապետություն է։ Գործող սահմանադրությունն ուժի մեջ է 1975-ից։ Պետության գլուխը թագավորն է, որն իրականացնում է ներկայացուցչական ֆունկցիաներ։ Ընտրական իրավունքից օգտվում են 18 տարին լրացրած բոլոր քաղաքացիները։ Օրենսդիր բարձրագույն մարմինը ռիկսդագն է (միապալատ խորհրդարան), որն ընդունում է օրենքներ, պետության բյուջեն, ընտրում վարչապետին, հաստատում կառավարության կազմը, ընտրում օմբուդսմեններին և այլն։ Լեներում կենտրոնական իշխանությունը ներկայացնում է նահանգապետը, որը գլխավորում է հատուկ վարչական բյուրոն, վերահսկում տեղական ինքնավարության մարմինները՝ լանդստինգները լեներում, լիազորների ժողովները՝ քաղաքներում և գյուղական կոմունաներում։ Դատական համակարգը կազմում են գերագույն դատարանը, ապելյացիոն դատարանները, քաղաքային և օկրուգային դատարանները։ Կան հատուկ դատարաններ՝ գույքի բաժանման, հողային գործերի, ոստիկանական և այլն։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիան գտնվում է Ֆենոսկանդինավիայում։ Գերակշռում են ոչ բարձր, ժայռոտ ափերը՝ մանր կղզիներով ու շխերներով, որոնք դժվարացնում են մերձափնյա նավագնացությունը։ Բոտնիկի ծոցի ափերը ցածրադիր են, գլխավորապես՝ ավազային։ Շվեդիայի հյուսիսային և արևմտյան շրջանները զբաղեցնում են Սկանդինավյան լեռները (բարձրությունը՝ մինչև 2123 մ, Կեբնեկայսե լեռ), որոնք լեռնաշղթաների, սարահարթերի և միջլեռնային գոգավորությունների զուգակցում են։ Սառցադաշտերը (ավելի քան 200) գրավում են մոտ 400 կմ2։ Երկրի հյուսիսում տարածված է խիստ մասնատված Նորլանդ սարահարթը (բարձրությունը՝ 200—800 մ)։ Ավելի հարավ գտնվում է Միջին-շվեդական դաշտավայրը՝ իրար հաջորդող թմբաշարերով և գոգավորություններով, որոնց զգալի մասն զբաղեցնում են լճերը։ Տարածված են ռելիեֆի սառցադաշտային ձևերը (օզեր, մորեններ և այլն)։ Երկրի հարավում Ամոլանդ բարձրությունն է, որը շառավղաձև հովիտներով կտրտված է առանձին բլրաշարերի և լեռնազանգվածների։

Երկրաբանական կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիան գտնվում է Արևելա-Եվրոպական պլատֆորմի Բալթիական վահանի սահմաններում և Շրջափակված է կալեդոնյան ծալքավորման կառուցվածքներով։ Ծածկված է քեմբր-սիլուրի մնացորդներով և առավելապես անթրոպոգենի սառցադաշտային նստվածքներով։

Օգտակար Հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտակար հանածոներից կան երկաթ, պղինձ, կապար, ցինկ, վոլֆրամ, հազվագյուտ մետաղներ և ֆլյուորիտի ոչ խոշոր հանքավայրեր, հանքային աղբյուրներ։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման բարեխառն է, խիստ զգացվում է գոլֆստրիմի ազդեցությունը։ Հյուսիսային շրջաններում կլիման ավելի խիստ է, միջին և հարավային շրջաններում՝ անցումային ծովայինից ցամաքայինի։ Հունվարի միջին ջերմաստիճանը հարավում 0—5 °C է, հյուսիսում՝ —6 °C-ից մինչև — 14 °C, հուլիսինը՝ համապատասխանաբար 15—17 և 10— 11 °C։ Տարեկան տեղումները լեռներում 1500—1700 մմ են, հարթավայրերում՝ 700—800 մմ, հյուսիս-արևելքում՝ 300—600 մմ։ Հյուսիսային լեռներում ձնածածկույթի տևողությունը 6—7 ամիս է, հարավում՝ մինչև 1 ամիս, որոշ շրջաններում ձնածածկույթը բացակայում է։

Ներքին ջրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետերը կարճ են, ջրառատ, սնումը՝ ձնաանձրեային։ Մեծ գետերն են էսթերդալելվենը, Տուռնելվենը, Կլարէլվենը, Օնգերմանէլվենը, Գյոթաէլվը։ Գետերն ունեն մեծ անկում, սահանքավոր են, առաջացնում են ջրվեժներ։ Առավելագույն հոսքը լինում է գարնանը և ամռանը։ Գետերի սառցակալման տևողությունը հարավում 3—4 շաբաթ է, հյուսիսում՝ 5—6 ամիս։ Հիդրոէներգիայի պաշարներով Շվեդիան Արևմտյան Եվրոպայում գրավում է 2-րդ տեղը (Նորվեգիայից հետո)։ Երկրի տարածքի 9%-ը զբաղեցնում են լճերը։ Խոշոր լճերն են Վենեռնը, Վեթեռնը, էլմարենը, Մելարենը։

Հողեր, բուսականություն և կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքի 50%-ը զբաղեցնում են անտառները։ Հյուսիսում, պոդզոլային հողերի վրա տարածված է տայգան, հարավում, ճմապոդզոլային հողերի վրա՝ խառն անտառները, Սկոնե թերակղգում, անտառային գորշ հողերի վրա՝ լայնատերև անտառները։ Տարածքի մոտ 14%-ը զբաղեցնում են ճահիճները, 15%-ը՝ տունդրային բուսականությունը։ Ծովափնյա շրջաններում և հարթավայրերում հանդիպում են մացառուտներ, մարգագետնային տեղամասեր։ Կենդանիներից կան որմզդեղն, գորշ արջ, գայլ, աղվես, լուսան, սկյուռ, նապաստակ, կզաքիս, ոզնի, բևեռաղվես, լեմինգ։ Շատ են ջրլող թռչունները։ Գետերն ու լճերը հարուստ են ձկներով։ Շվեդիայում կա 16 ազգային պարկ և 850 արգելոց։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

96%-ը շվեդներ են, բնակվում են նաև սաամներ, ֆիններ։ Պաշտոնական լեզուն շվեդերենն է, կրոնը՝ լյութերականությունը, տոմարը՝ գրիգորյանը։ Միջին խտությունը 1 կմ2 վրա 22 մարդ է (2015), քաղաքային բնակչությունը՝ 86%[3] (2015)։ Առավել խիտ են բնակեցված երկրի միջին և հարավային շրջանները։ Խոշոր քաղաքներն են Ստոկհոլմը, Գյոտեբորգը, Մալմյոն։

Տարի Բնակչություն
1750 1 780 678
1775 2 020 847
1800 2 347 303
1825 2 771 252
1850 3 482 541
1875 4 383 291
1900 5 136 441
1925 6 053 562
1950 7 041 829 [4]
1960 7 484 656 [5]
1961 7 519 998 [5]
1962 7 561 588 [5]
1963 7 604 328 [5]
1964 7 661 354 [5]
1965 7 733 853 [5]
1966 7 807 797 [5]
1967 7 867 931 [5]
Տարի Բնակչություն
1968 7 912 273 [5]
1969 7 968 072 [5]
1970 8 042 801 [5]
1971 8 098 334 [5]
1972 8 122 300 [5]
1973 8 136 312 [5]
1974 8 159 955 [5]
1975 8 192 437 [5]
1976 8 222 286 [5]
1977 8 251 540 [5]
1978 8 275 599 [5]
1979 8 293 678 [5]
1980 8 310 531 [5]
1981 8 320 503 [5]
1982 8 325 263 [5]
1983 8 329 033 [5]
1984 8 336 605 [5]
Տարի Բնակչություն
1985 8 350 386 [5]
1986 8 369 829 [5]
1987 8 397 804 [5]
1988 8 436 489 [5]
1989 8 492 964 [5]
1990 8 558 835 [5]
1991 8 617 375 [5]
1992 8 668 067 [5]
1993 8 718 561 [5]
1994 8 780 745 [5]
1995 8 826 939 [5]
1996 8 840 998 [5]
1997 8 846 062 [5]
1998 8 850 974 [5]
1999 8 857 874 [5]
2000 8 872 109 [5]
2001 8 895 960 [5]
Տարի Բնակչություն
2002 8 924 958 [5]
2003 8 958 229 [5]
2004 8 993 531 [5]
2005 9 029 572 [5]
2006 9 080 505 [5]
2007 9 148 092 [5]
2008 9 219 637 [5]
2009 9 298 515 [5]
2010 9 378 126 [5]
2011 9 449 213 [5]
2012 9 519 374 [5]
2013 9 600 379 [5]
2014 9 747 355 [6]
2015 9 804 082
2016 9 954 420 [1]
2017 10 000 000 [7]

[[Файл:Swedishpopdensity.svg

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիան Հյուսիսային Եվրոպայի զարգացած կապիտալիստական ինդուստրիալ երկրներից է՝ ինտենսիվ գյուղատնտեսությամբ և արտաքին տնտեսական լայն կապերով։ Շվեդիայի տնտեսությունում առաջատար են մեքենաշինությունը, հատկապես նավա և ավտոմոբիլաշինությունը, ինքնաթիռաշինությունը, էլեկտրատեխնիկան և էլեկտրոնիկան, թեև Շվեդիան շարունակում է մնալ երկաթի հանքանյութի, որակյալ պողպատի, սղոցանյութերի, թաղանթանյութի-թղթի աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկը։ Տնտեսությունը բնութագրվում է արտադրության և կապիտալի բարձր աստիճանի կենտրոնացմամբ։ Արդյունաբերության և բանկերի վերահսկողությունը կենտրոնացած է շվեդական ֆինանսական օլիգարխիայի 20—25 ընտանիքների ձեռքում։ Պետական սեկտորին բաժին է ընկնում ազգային համախառն արդյունքի ավելի քան 15%-ը և ներդրված կապիտալի մինչև 30-40%-ը։

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունաբերության ճյուղերից առանձնանում են մետաղաձուլությունը (բարձրորակ պողպատ, գունավոր մետաղներ) և մեքենաշինությունը (նավեր, ինքնաթիռներ, էլեկտրատեխնիկա, էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ)։ Երկրի ընդերքում հայտնաբերվել են բարձրորակ երկաթաքարի համաշխարհային նշանակության պաշարներ։ Կան նաև ցինկի, կապարի, պղնձի, վոլֆրամի հանքավայրեր։

Ստոկհոլմը 17-րդ դարում

Մեքենաշինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավտոմեքենաշինության մեջ հայտնի է «Վոլվո» վերազգային մենատիրությունը՝ համանուն ավտոմեքենաների արտադրությամբ։

Փայտամշակման արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացած է փայտամշակման արդյունաբերությունը, արտադրվում է կահույք, թուղթ և այլն։

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսությունն ապահովում է Շվեդիայի մթերքների պահանջի 80 %-ը, այդ թվում՝ կաթի, մսի, սննդամթերքի, հացահատիկի պահանջը ամբողջությամբ։ Զարգացած է նաև ձկնորսությունը։

Առողջապահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014-ին ծնունդը կազմել է 1000 բնակչին 12[8], մահացությունը՝ 9,4[8]։ Մահացության հիմնական պատճառները սիրտ-անոթային համակարգի, թոքերի հիվանդություններն են և չարորակ նորագոյացությունները։ Տարածված են գրիպը, մանկական վարակիչ հիվանդությունները, վարակիչ դեղնախտը և վեներական հիվանդությունները։ Առողջապահության ծառայությունը գտնվում է Սոցիալական գործերի նախարարության և Առողջապահության ու սոցիալական ապահովագրության ազգային խորհրդի ենթակայության ներքո։

Գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդները մեծ ներդրում ունեն գիտությունների զարգացման բնագավառում։ Դրան մեծապես նպաստել է Ուփսալայում և Լունդում առաջին համալսարանների (համապատասխանաբար՝ 1477 և 1668 թվականներին) ու աստղադիտարանների (1650 և 1670 թվականներին) հիմնադրումը։ Համաշխարհային ճանաչում ունի բնախույզ Կարլ Լիննեյը, որը եղել է Շվեդական գիտությունների թագավորական ակադեմիայի առաջին նախագահը։ Քիմիկոս Շեելեն ստացել է քլորը, գլիցերինը, Լ. Նիլսոնը՝ սկանդիում քիմիական տարրը, Ա. Կրոնստեդտը՝ նիկելը, Գ. Պաշը՝ անվտանգ, այսպես կոչված, «շվեդական լուցկիները»։ Հանրահայտ է գյուտարար և արդյունաբերող Նոբելների ընտանիքը։ Ալֆրեդ Նոբելը (հայտնագործել է պայթուցիկ նյութեր դինամիտը և բալիստիտը) սահմանել է Նոբելյան մրցանակը, որը տրվում է ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, գրականության, 1968 թվականից՝ նաև տնտեսագիտության բնագավառների աշխատանքների և խաղաղության ամրապնդման գործում ունեցած ծանրակշիռ ավանդի համար։ Հանրահայտ են նաև աստղագետ-ֆիզիկոս Անդերս Ցելսիուսը, գրողներ Աստրիդ Լինդգրենը, Յուհան Ավգուստ Սթրինդբերգը, կինոռեժիսոր Ինգմար Բերգմանը, կինոդերասաններ Ինգրիդ Բերգմանը, Գրետա Գարբոն և ուրիշներ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիայի տարածքում դպրոցները կազմավորվել են XIII դ․։ XVI դ․ կար 20 եկեղեցական ու վանական և 10 քաղաքային դպրոց։ Լյութերական ռեֆորմը (XVI դ․) նպաստեց գրագիտության տարածմանը։ Մինչև XIX դ․ կեսը դպրոցը ենթարկվում էր եկեղեցուն։ 1842-ին օրենք ընդունվեց պարտադիր ժողովրդական դպրոցների մասին, որոնք ստորին դասի երեխաներին տալիս էին տարրական պատրաստականություն։ 1936-ին օրենք է ընդունվել 7-ամյա, 1962-ին՝ 9-ամյա պարտադիր կրթության մասին։ Ժողովրդական կրթությունը ղեկավարում է կրթության նախարարությունը։ Կրթական համակարգի մեջ մտնում են մանկապարտեզները և խաղային դպրոցները (3—6 տարեկանների համար), 9-ամյա պարտադիր դպրոցներ, և միավորված գիմնազիաները 22 բաժանմունքով, որոնցից 5-ը՝ տեխնիկական, գիտական, հումանիտար, տնտեսական և հասարակագիտական (3—4 տարվա ուսուցմամբ), իրավունք են տալիս բուհ ընդունվելու, իսկ մյուսները (2-ամյա ուսուցմամբ) տալիս են պրոֆտեխնիկական պատրաստականություն։ Բարձրագույն կրթության համակարգում կա 35 բուհ (ուսման տևողությունը՝ 3—6 տարի)։ Խոշորներից են․ Ստոկհոլմի (հիմնադրվել է 1877-ին), Օլփսալայի (1477), Լունդի (1668), Գյոթեբորգի (1891), Ումեոյի (1963), Լինչյոպինգի (1970) համալսարանները, Թագավորական բարձրագույն տեխնիկական դպրոցը (1827, Ստոկհոլմ), Պոլիտեխնիկական (1829, Գյոտեբորգ), Կարոլինյան բժշկավիրաբուժական (1810, Ստոկհոլմ) և այլ ինստիտուտները։ Խոշորագույն գրադարաններն են․ Թագավորականը (Ստոկհոլմ, 1 մլն գիրք), Ուփսալայի (ավելի քան 2 մլն գիրք), Լունդի (ավելի քան 1,3 մլն գիրք), Գյոտեբորգի (1,25 մլն գիրք) համալսարանների, Ստոկհոլմի (ավելի քան 1,4 մլն գիրք), Գյոտեբորգի (ավելի քան 1 մլն գիրք) քաղաքային և այլ գրադարաններ։ Թանգարաններից են․ Ազգային ժամանակակից արվեստի, Ազգագրության, Ստոկհոլմ քաղաքի (Ստոկհոլմ), Ծովային (Գյոտեբորգ) և այլն։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահպանված հուշարձաններից ամենահինը ռունական վիմագիր արձանագրություններն են։ Ֆեոդալիզմի կազմավորման և քրիստոնեության տարածման շրջանում առաջացել է լատիներենով կրոն, գրականությունը։ XIV—XV դդ․ տարածվել են բալլադ-երգերը։ XIV դ․ սկզբներին երևան են եկել պատմական ժամանակագրություններն ու ասպետական պոեզիան, XVII դ․՝ դրամատուրգիան ու քնարերգությունը։ XVIII դ․ սկզբներին կազմավորվել է Լուսավոր ականության գրականությունը։ XX դ․ սկզբներին երևան եկան Մ․ Կոկի (1882—1940), Գ․ Հեդենվինդ-էրիկսոնի (1880—1967), Դ․ Անդերսոնի (1880-1920) բանվոր դասակարգի մասին պատմող առաջին նշանակալի ստեղծագործությունները։ Լ․ Նուրդստրյոմը (1882—1942), Գ․ Հելստրյոմը (1882—1953) և էլին Վեգները (1882—1949) ստեղծեցին շվեդ, հասարակության տարբեր խավեր ներկայացնող կենցաղային վեպեր։ Առաջին համաշխարհային պատերազմի ծնած շփոթության ու սարսափի տրամադրություններն են արտահայտված Պ․ Լագերկվիստի (1891—1974) «Սարսափ» (1916) էքսպրեսիոնիստական բանաստեղծությունների ժողովածույում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939—1945) նախօրեին և պատերազմի տարիներին ստեղծվեցին հակաֆաշիստական երկեր։ ժամանակակից մարդու բարոյական որոնումներն են պատկերված Լագերկվիստի աստվածաշնչային սյուժեներով վեպերի շարքում («Վարավվա», 1950 և այլն)։ Շվեդիայի գրողների միությունը, որ գոյություն ունի 1893-ից, պրոֆեսիոնալ կազմակերպություն է և կոչված է պաշտպանելու գրողների տնտեսական ու ստեղծագործական շահերը։

Ճարտարապետություն և Կերպարվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրոնզի դարին են վերաբերում Բոխուսլենում հայտնաբերված սխեմատիկ ժայռապատկերները, զարդապատ զենքերն ու կահկարասին, երկաթի դարին և մ․ թ․ I հազարամյակին՝ քարե ստելաները, մետաղի և Փայտի վրա կատարված կենդանակերպ զարդանախշերը, մարդկանց և կենդանիների պատկերները, «վիկինգների շրջանին»՝ հիմնակմախքային կառույցները։ XI—XII դդ․ կառուցվել են ռոմանական ոճի քարե ծանրանիստ եկեղեցիներ, XIII—XV դդ․՝ գոթական տաճարներ, XVI դ․՝ Վերածննդի ճարտարապետությանը բնորոշ գծերով դղյակներ։ Միջին դարերում աճել են փողոցների մանր ցանցով քաղաքներ, զարգացել է դեկորատիվ գեղանկարչությունը և քանդակագործությունը, գրքի մանրանկարչությունը։ XVII դ․ բարոկկոյի և կլասիցիզմի ոգով կառուցվել են քաղաքային պալատներ, պուրակներով քաղաքամերձ նստավայրեր, Քաղաքային նոր շրջանները ստեղծվել են կանոնավոր հատակագծով։ XIX դ․1-ին կեսի կերպարվեստում անցում է կատարվել դեպի ռոմանտիզմը, աճել է հետաքրքրությունը երկրի անցյալի, բնության և մարդկանց նկատմամբ։ Զարգացել է նաև պատմական գունանկարչությունը։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև XIX դ․ Շվեդիայի երաժշտությունը զարգացել է սկանդինավյան երաժշտական մշակույթների ընդհանուր հոսանքին համընթաց։ XX դ․ այն ձեռք է բերել ազգային ինքնատիպության գծեր։ Հնագույն ժողովրդակն նվագարաններից են՝ լուր, զանգակներ, ավելի ուշ գեղջկական անսամբլներում կիրառվել են նաև ջութակը, կլառնետը, ֆլեյտան, տավիղը։ Մինչև XIII դ․ երաժշտական արվեստի ներկայացուցիչները եղել են սկաչդերը, մինչև XVI դ․ սկիզբը՝ շրջիկ երաժիշտները՝ «լեկարները»։ XIV—XV դդ․ ստեղծվել են երգ-բալլադներ և քաղաքական հակաֆեոդալական երգեր, ռեֆորմացիայից հետո՝ ավետարանական սաղմոսներ։ Պրոֆեսիոնալ երաժշտության ձևավորման վրա ազդել է գրիգորյան խորալը, ռեֆորմացիայի ժամանակներից՝ բողոքական խորալը։ Աշխարհիկ երաժշտական կյանքի կենտրոնը թագավորական պալատն էր Ստոկհոլմում, ուր 1526-ից հանդես էր գալիս պալատական կապելլան։

Բալետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1638-ից Ստոկհոլմում ֆրանսիացի արտիստները կազմակերպել են բալետային ներկայացումներ։ Առաջին մշտական թատերախումբը ստեղծվել է շվեդական Թագավորական օպերային կից, որը բացվել է 1773-ից։ Առաջին շվեդ, բալետմայստեր Ա․ Սելինդերը 1843-ին բեմադրել է Ֆ․ Տալյոնիի «Սիլֆիդա» բալետը։ Շվեդիայի բալետը նշանակալից վերելք է ապրել Մ․ Մ․ Ֆոկինի օրոք, որը 1913-ին բեմադրել է մի շարք բալետներ։ 1920-ական թթ․ ստեղծվել է «Շվեդ, բալետ» թատերախումբը։ Շվեդ, խորեոգրաֆները օգտագործել են նաև ազատ պարը։ 1967-ից բալետմայստեր Ի․ Կրամերը գլխավորում է իր ստեղծած «Կրամեր-բալետտեն» թատերախումբը, որի ներկայացումները նշանակալից չափով հիմնված են ժողովրդական բանահյուսության վրա։ Մշտական բալետային թատերախմբեր են գործում նաև Գյոտեբորգում և Մալմյոյում։

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

XV-XVI դդ․ Շվեդիայում տարածվել են դպրոցական թատրոնները։ XVI դ․ վերջից թագավորական դղյակներում կազմակերպվել են ներկայացումներ։ Առաջին պալատական թատրոնը բացվել է 1649-ին, Ստոկհոլմում։ Մինչև XIX դ․ սկիզբը այնտեղ խաղացել են կոմեդիա դել արտեի, գերմանական և մի քանի ֆրանսիական թատերախմբեր։ Առաջին մշտական ազգային բեմը եղել է ուփասլայի Ուսանողական թատրոնը (1682—16911737-ին երիտասարդ ազնվականներից և չինովնիկներից կազմված սիրողական թատերախումբը անվանվել է «Թագավորական շվեդ, բեմեր»։ 1753-ին այդ թատրոնը իր տեղը զիջել է ֆրանսիական և իտալական թատերախմբերին։ Գյոտեբորգում (1779), Ստոկհոլմում (1778) Գուստավ III-ի օրոք ստեղծվել են առաջին հանրամատչելի շվեդական թատրոնները։ XIX դ․ 70-ական թթ․ կապված հասարակական, տնտեսական և կուլտուրական վերելքի հետ մասնավոր և պետական թատրոնների խաղացանկ է թափանցել «նոր դրաման»։

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիայում վավերագրական առաջին նկարահանումները իրագործել է գերմանացի կինեմատոգրաֆիստ Մ․ Սկլադանովսկին։ 1897-ին շվեդ Ն․ Պետերսոնը մտեղծել է մի քանի վավերագրական և խաղարկային ֆիլմեր։ Կինոնկարների կանոնավոր արտադրությունն սկսվել է 1907-ին։ 1910—1920-ական թթ․ շվեդական դասական կինոդպրոցը համաշխարհային կինեմատոգրաֆի վրա ունեցել է նշանակալից ազդեցություն։ 1930-ական թթ․ թողարկվել են մելոդրամներ և կոմեդիաներ, 1940-ական թթ․՝ ֆաշիզմը մերկացնող կինոնկարներ։ 1940—1950-ական թթ․ ստեղծվել են բանվոր դասակարգի մասին Հ․ Ֆաուստմանի ֆիլմերը։

Հայերը Շվեդիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ-շվեդական առնչությունները սկիզբ են առել վաղ միջնադարից։ Շվեդիայում հայտնաբերված մի շարք հնություններ, շվեդ մասնագետների կարծիքով, Սկանդինավիա են հասել հայկական Պարտավ (Բարդա) քաղաքից (Ուտիքի նահանգ)։ Հայերի բնակեցումը Շվեդիայում տեղի է ունեցել տարերայնորեն. եկել են Ռուսաստանից, Թուրքիայից, Մերձավոր Արևելքից։ Շվեդահայ համայնքը կազմավորվել է 1970-ական թվականներին՝ Լիբանանից, Պաղեստինից, Սիրիայից, Իրանից գաղթած հայերով։ Ներկայումս հայերի թիվը Շվեդիայում շուրջ 7-8 հզ. է, որից 5 հազարը բնակվում է Ստոկհոլմում և Ուփսալայում։ Հայերի թվի ստվարացմանը զուգընթաց ձևավորվել է համայնքի ազգային կյանքը։ 1974 թվականին Ստոկհոլմում հիմնվել է շվեդահայ անդրանիկ կազմակերպությունը՝ Հայ մշակութային միությունը։ Հետագայում ևս ստեղծվել են հայկական տարբեր ընկերություններ և միություններ (Ուփսալայի հայ մշակութային, Հայ-շվեդական, «Րաֆֆի», «Արարատ» և այլն)։ Գործում են երգչախմբեր, գրական խմբակներ, գեղագիտական դաստիարակության կենտրոններ։ Աշխույժ է հայ առաքելական եկեղեցու գործունեությունը։ Շվեդիայում գործող օրենքի համաձայն՝ երկրի ազգային փոքրամասնությունների, այդ թվում և հայերի երեխաներին ընձեռված է պետական դպրոցներում մայրենի լեզու սովորելու հնարավորություն։ Կան նաև մշակութային միություններին կից գործող շաբաթօրյա դպրոցներ։ 1910–1920-ական թվականներին Շվեդիայում լույս են տեսել Հայկական հարցին և Հայոց ցեղասպանությանը նվիրված տասնյակ հրատարակություններ։ 2000 թվականին Շվեդիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Շվեդ ճանաչված կինոռեժիսոր Փ. Հոլմքվիաթը նկարահանել է «Վերադարձ դեպի Արարատ» վավերագրական կինոնկարը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Folkmängd i riket, län och kommuner 30 september 2016 och befolkningsförändringar 1 juli–30 september 2016Statistics Sweden. Ստուգված է հունվարի 20-ին 2017:
  2. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 55. ISBN 99941-56-03-9. http://issuu.com/5420/docs/texekatu?e=3902245/2725897. 
  3. Շվեդիայի Ուրբանիզացման մակարդակ
  4. [http://www.scb.se/H/Historisk%20statistik%20f%c3%b6r%20Sverige%201700-1900-tal/Befolkning-1720-1967.pdf Historical Statistics of Sweden. Part 1, Population 1720-1967. Second edition, Historisk statistik för Sverige. Del 1, Befolkning 1720-1967. Andra upplagan] — Statistics Sweden, -00T.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 5,19 5,20 5,21 5,22 5,23 5,24 5,25 5,26 5,27 5,28 5,29 5,30 5,31 5,32 5,33 5,34 5,35 5,36 5,37 5,38 5,39 5,40 5,41 5,42 5,43 5,44 5,45 5,46 5,47 5,48 5,49 5,50 5,51 5,52 5,53 World Bank database
  6. Folkmängd i riket, län och kommuner 30 juni 2014 och befolkningsförändringar 1 januari - 30 juni 2014Statistics Sweden.
  7. Nu är vi 10 miljoner invånare i SverigeStatistics Sweden, -20T. Ստուգված է հունվարի 20-ին 2017:
  8. 8,0 8,1 Շվեդիայի Առողջապահություն
Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «Շվեդիա» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։