Թեսևս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեսևս
Թեսևը Մինոտավրոսին սպանելիս, կողքին Աթենասը, մ.թ.ա. 425-410 թթ. աշխատանք
ՏեսակՀին հունական դիցաբանության կերպար
ԴիցաբանությունՀին հունական
Սեռարական
Սպանված էLycomedes?
ՀայրԷգեյ և Պոսեյդոն
ՄայրԷֆրա
ԱմուսինՓեդրա, Անտիոպե[1], Արիադնե, Հիպոլիտա[2] և Հեղինե Չքնաղ
ԿողակիցPerigune?, Aegle? և Pirithous?
ԶավակներԻպպոլիտ, Դեմոֆոն, Ակամանտ
Թաղման վայրՍկիրոս
 Theseus Վիքիպահեստում

Թեսևս (հին հունարեն՝ Θησεύς, լատին․՝ Theseus), ըստ հին հունական դիցաբանության[3] Աթենքի արքա Էգևսի (կամ Պոսեյդոն[4] աստծո) և Էթրեի որդին, Աթենքի 11-րդ արքան։ Ատտիկայի դիցաբանության կենտրոնական կերպարն է, ինչպես նաև ողջ հունական դիցարանի ամենահայտնի կերպարներից մեկը։ Հիշատակվել է «Իլիական»-ում (1-ին 265) և «Ոդիսական»-ում (11-րդ 323, 631)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեսևսի ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեսևսը ուժի խորհրդանիշն է։ Թեսևսը մինչտրոյական պատերազմի հերոսների սերնդից է։ Թեսևսի ծնունդը արտառոց էր։ Հոր կողմից նրա նախնիներն էին Էրիքտոնիոսը, ով Հեփեստոսի որդին էր, որը մեծացել և դաստիարակվել էր Աթենասի տաճարում։ Թեսևսի նախնիները իմաստուն կիսաօձ-կիսամարդիկ էին։ Սակայն ինքը՝ Թեսևսը, բացարձակ հերոսության մարմնավորումն է, նա միաժամանակ և մարդու, և աստծո որդին է։ Մայրական կողմից Թեսևսը սերում է Պելոպսի, նշանակում է նաև Տանտալոսի, ի վերջո անձամբ Զևսի զարմից։

Էգևսը, որ անզավակ էր, գնում է պատգամախոսի մոտ, բայց նա չի կարողանում գուշակել պատասխանը։ Սակայն գուշակել էր Թրոեզենի արքա Պիտփեին, ով հասկացել էր, որ Աթենքի իշխանությունը կպատկանի Էգևսի հետնորդներին և հարբեցնելով նրան՝ քնեցնում է իր դուստր Էթրեի հետ։ Այդ նույն գիշերը, կամ մեկ օր առաջ Էթրեն Սֆերոս կղզում կենակցել էր Պոսեյդոնի[5] հետ։ Այդպես Էթրեյի որդին (ինչպես վայել է հերոսին) ունենում է երկու հայր՝ երկրային Էգևսը և աստվածային Պոսեյդոնը։

Թեսևսի սխրանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռանալով Էթրեից՝ էգևսը խնդրում է նրան, որ որդուն մեծացնի առանց հոր անունը ասելու։ Նրան թողնում է թուրը և սանդալները, որոնք դնում է մի մեծ քարի տակ, որպեսզի, երբ որդին մեծանա, հոր սանդալներով և թրով ճանապարհվի Աթենք, բայց այնպես, որ այդ մասին ոչ ոք չիմանա։ Էգևսը վախենում էր իր փոքր եղբոր զավակներից՝ Պալանտիդներից, ովքեր, օգտվելով Էգևսի անզավակությունից, ձգտում էին իշխանության։ Էթրեն թաքցնում է որդու իսկական ծագումը, Պիտփեն էլ լուրեր է տարածում, որ տղան Պոսեյդոնի որդին է։

Երբ տղան մեծանում է, Էթրեն բացում է նրա ծննդյան գաղտնիքը և պատվիրում է վերցնել Էգևսի իրերը և ճանապարհվել դեպի Աթենք՝ հոր մոտ։ Թրոեզենից հեռանալուց առաջ երիտասարդ Թեսևսը մազերի փունջը աբատների նման առջևում հավաքելով՝ նվիրաբերում է Ապոլլոնին այսպիսով ասես իրեն ևս հանձնում է աստծուն՝ նրա հետ դաշինք կապելով։ Այդ սանրվածքը կոչվում է «Թեսևսյան»։ Երբ լրանում է նրա 16 տարին, քարի[6] տակից հանում է հոր սանդալներն ու թուրը։ Թեսևսի ժայռը (նախկինում Զևսի զոհարանը) գտնվում էր Թրոեզենից դեպի Էպիդավր[7] գնացող ճանապարհին։

Թեսևսը Աթենք է գնում հեշտ ճանապարհով՝ ծովով, իսկ ցամաքով՝ Կորնթոսի նեղուցով, չափազանց վտանգավոր մի ճանապարհ, որը հսկում էին ավազակները և հրեշների սերունդները։ Թեսևսը հաղթում և սպանում է.

  • Պերեփեստեսին՝ Հեփեստոս աստծո հսկայամարմին որդուն, որն իր երկրով անցնողներին սպանում էր պղնձե ձողով։
  • Ավազակ Սինիսին, ով ապրում էր եղևնիների պուրակում։ Նա ծառերը գագաթներից ձգում էր ներքև, նրանց ծայրերին կապում անմեղ զոհին և բաց թողնում։
  • Ավազակ Սկիրոնին, ով պարտադրում էր անցորդներին ձորի պռնկին լվանալ իր ոտքերը, ապա նրանց հրում և գցում էր անդունդը, որտեղ այդ դժբախներին ուտում էր հսկայամարմին կրիան։
  • Ավազակ Կերկիոնին, ով ստիպում էր մարդկանց կռվել մինչև մահ։
  • Ավազակ Պրոկրուստեսին, ով մարդկանց տանջամահ էր անում՝ ձգել-երկարացնելով կամ կտրելով մարմինները։

Պլուտարքոսը, նկարագրելով Թեսևսի սխրագործությունները, նշում է հատկապես նրա արդարամտությունը.

«Թեսևսը պատժում էր չարագործներին՝ նրանց ենթարկելով այնպիսի տանջանքների, ինչպիսի տանջանքների ենթարկում էին նրանք ուրշներին։ Այդպիսով արդար պատիժ էր տալիս նրանց անարդար վարմունքի համար »

Աթենքում Էգևս արքան ընկել էր կախարդուհի Մեդեայի իշխանության տակ։ Նա հույս ուներ, որ իր որդի Մեդը կժառանգի Էգևսի գահը։ Մի զրույց կա այն մասին, որ Թեսևսի Աթենք հասնելու ժամանակ կառուցվում էր Ապոլլոնի Դելֆյան տաճարը։ Աշխատողները ծաղրում են Թեսևսին՝ նրան անվանելով աղջիկ։ Այդ ժամանակ նա ցուցադրում է իր ուժը[8]։ Թեսևսը Աթենքում հայտնվել էր, որպես հրեշներից ու ավազակներից երկիրն ազատող մի հրաշալի երիտասարդ հերոս։ Սակայն Էգևսը նրան չէր ճանաչում։ Մեդեան հավաստիացնում է ամուսնուն, որ հյուրը վտանգավոր է և ստիպում է նրան թունավորել երիտասարդին։ Այն ժամանակ, երբ Էգևսը պատրաստվում էր թունոտ բաժակը որդուն տալ, Թեսևսը հանում է թուրը, որ միսը կտրի, արքան ճանաչում է որդուն և թունոտ բաժակը թափում է։

Թեսևսը կռվում է նաև 50 Պալլանտիդների հետ։ Ոչնչացնելով և հալածելով նրանց կողմնակիցներին՝ Թեսևսը հաստատվում է որպես Էգևսի որդի և դառնում Աթենքի արքայի ժառանգը։

Ճանապարհորդություն դեպի Կրետե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեսևսը իրեն դրսևորում է որպես արքայի արժանի հետնորդ։ Երբ նա հեռացել էր Աթենքից, Կրետեի արքան՝ Մինոսը, ծանր հարկեր էր դրել Աթենքի վրա։ Աթենքը յուրաքանչյուր 9 տարին մեկ պետք է Կրետե ուղարկեր 7 տղա և 7 աղջիկ[9], որպես կեր Մինոտավրոսին։ Այսպիսով նա ուզում էր վրեժխնդիր լինել իր որդի Անդրոգեի մահվան համար։ Երբ Մինոսը մեկ օրվա մեջ երրորդ անգամ գալիս է տուրքի ետևից, Թեսևսը որոշում է անձամբ գնալ Կրետե, որպեսզի հրեշ Մինոտավրոսի հետ չափի ուժը։

Ըստ Հելանիկուսի՝ վիճակահանություն չի լինում, Մինոսը ինքն է գալիս Աթենք և ընտրում Թեսևսին[10]։ Թեսևսի նավը լողում էր սև առագաստով, բայց նա իր հետ վերցրել էր նաև սպիտակ առագաստ, որի ներքո պիտի վերադառնար տուն հրեշին հաղթելուց հետո։ Կրետեի ճանապարհին Թեսևսը Մինոսին ապացուցում է իր՝ Պոսեյդոնի որդի լինելը։ Նա ծովի հատակից հանում է այն մատանին, որը Մինոսը նետում է ծովի խորքերը։ Թեսևսը և իր ուղեկիցները տեղավորվում են մի լաբիրինթոսում, որտեղ և Թեսևսը սպանում է Մինոտավրոսին։ Լաբիրինթոսից Թեսևսը և իր ուղեկիցները դուրս են գալիս Արիադնայի օգնությամբ, ով սիրահարվել էր Թեսևսին։ Ըստ որոշ կարծիքների՝ նրանք փրկվել են Արիադնայի[11] պսակի փայլի շնորհիվ։ Գիշերը Թեսևսը և աթենքցի երիտասարդները Արիադնայի հետ միասին գաղտնի փախչում են Նաքսոս կղզի։ Թեսևսը, չցանկանալով Արիադնային իր հետ տանել Աթենք, լքում է նրան, երբ նա քնած էր։ Թեսևսը հարկադրված էր այդպես վարվել, որովհետև երազում տեսել էր Դիոնիսոսին, ով ասել էր, որ աղջիկը պիտի պատկանի իրեն։

Կրետեում Դեդալոսը Թեսևսին և նրա ուղեկիցներին սովորեցնում է սրբազան պարը[12]։

Վերադառնալով Կրետեից՝ Թեսևսը կազմակերպում է մրցույթ՝ ի պատիվ Ապոլլոնի և հաղթողներին շնորհում է դափնպսակներ[13]։ Ապոլլոնին ձոնում է Աֆրոդիտեի անդրին, որը քանդակել էր Դեդալոսը։ Այն Կրետեից[14] հափշտակել էր Արիադնան։

Թեսևսը շարունակում է ճանապարհը՝ մոռանալով փոխել առագաստները, ինչը դառնում է Էգևսի մահվան պատճառը։ Վերջինս, տեսնելով սև առագաստները, կարծում է, թե որդին զոհվել է և իրեն նետում է ծովը։ Լեգենդի համաձայն նրա անունով էլ ծովը կոչվում է Էգեյան։ Ըստ մեկ այլ տարբերակի՝ Մինոսը աստվածներին զոհ է մատուցում, և Ապոլլոնը անսպասելի փոթորիկ է բարձրացնում, որը պոկում է հաղթանակ խորհրդանշող սպիտակ առագաստները, և Թեսևսը ստիպված սև առագաստներն է կապում։ Իսկ ըստ Սիմոնիոդոսի՝ Էգևսը սպասում էր ոչ թե սպիտակ այլ «ալ կարմիր առագաստների՝ ներկված սաղարթախիտ կաղնու գույներով»[10] : Վերադառնալով Կրետեից՝ Թեսևսը կառուցում է Արտեմիսի տաճարը։ Թեսևսի 30 թիանավերը, լեգենդի համաձայն, պահպանվել են Աթենքում մինչև Դեմետրիա Ֆալերսոյի ժամանակաշրջանը։

Այլ սխրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա. 1259-1258[15] թվականներին Թեսևսը հաստատում է պետական կարգ և դեմոկրատիա։ Այլ տվյալների համաձայն՝ Մելիկերտի[16] պատվին կազմակերպում է իսթեմական խաղերը։ Պոսեյդոնը խոստացել էր կատարել նրա երեք ցանկությունները[17]։

Ըստ աթենական տարբերակի՝ գլխավորելով Աթենքի զորքը՝ կոտորում է Թեբեի բնակիչներին, ովքեր հրաժարվում էին վերադարձնել ընկածների դիակները։

Հերակլեսի հետ մասնակցում է ամազոնուհիների գոտիների համար կազմակերպված արշավին[18]։

Որոշ հեղինակներ Թեսևսին համարում են արգոնավորդենրից մեկը, ինչը կասկածելի է, ինչպես նաև այն, որ Թեսևսի խորթ մայրը եղել է Մեդեան՝ արգոնավորդեների առաջնորդ Յասոնի մայրը։

Մասնակցել է կենտավրոսների[19] դեմ պայքարին, ովքեր Թեսևսի մտերիմ ընկերոջ՝ Պիրիփոյի հարսանիքին անկարգություններ էին անում։ Թեսևսի և Պիրիֆոյի ընկերության ապացույցները թաղված են Կոլոնայի[20] մոտ գտնվող խոռոչներից մեկում։

Թեսևսը չի եղել արգոնավորդների[21] մեջ, որովհետև նա այդ ժամանակ օգնում էր Պիրիֆոյին առևանգել մեռյալների թագավորության աստվածուհի Պերսեփոնեին։ Այդ արարքով Թեսևսն անցնում է այն սահմանագիծը, որը գծել էին աստվածները հերոսների համար։ Նա դառնում է հանդուգն և ըմբոստ հերոս։

Նա այդպես էլ կմնար Հադեսի[22] խավարչտին թագավորությունում, որտեղ ընդմիշտ ժայռին գամված էր Պիրիֆոն, եթե չլիներ Հերակլեսը, ով փրկեց Թեսևսին և ուղարկեց Աթենք։

Այդպիսի հանդուգն արարք էր նաև Թեսևսի կողմից Հեղինեի առևանգումը, ով հետագայում դարձավ Տրոյական պատերազմի պատճառը։ Ամուսնանալով Հեղինեի հետ՝ Թեսևսը Թրոեզենի[7] մոտակայքում կառուցում է Աֆրոդիտեի տաճարը։

Հադեսի թագավորությունից վերադառնալիս նա տեսնում է, որ գահը գրավված է Մենելայոսի կողմից։ Եվ քանի որ չէր կարողանում սանձահարել թշնամիներին, հարկադրաբար հեռանում է։ Նա Աթենքից ուղևորվում է դեպի Կրետե, բայց քամիների պատճառով հայտնվում է Սկիրոսում[23]։ Թեսևսը երեխաներին գաղտնի տեղափոխում է Եվբեա, իսկ ինքը, անիծելով աթենացիներին, լողում է դեպի Սկիրոս[24] կղզի, որտեղ, ինչ-որ ժամանակ հայրը՝ Էգևսը, հողեր ուներ։ Բայց Սկիրոսի արքա Լիկոմեդը, չցանկանալով զրկվել իր հողերից, նենգորեն սպանում է Թեսևսին՝ ժայռից ցած գլորելով։ Նրան թաղում են Սկիրոսում։

Մեկ այլ պատմություն կա, որի սյուժեի համաձայն Թեսևսի կինը՝ Ֆեդրան, սիրահարված էր իր խորթ որդուն՝ Իպպոլիտին։ Չկարողանալով հասնել իր նպատակին՝ նա չարախոսում է որդուն հոր մոտ, և Թեսևսը անիծում է նրան։ Որդին մահանում է, իսկ Ֆեդրան ինքնասպանություն է գործում։ Հետո Թեսևսը իմանում է ճշմարտությունը։

Պատմական նախատիպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիկ դարաշրջանի հեղինակները հակված էին այն տեսակետին, որ Թեսևսը ոչ թե դիցաբանական հերոս է, այլ իրական պատմական անձնավորություն (հիմնական աղբյուրը՝ Պլուտարքոս)։ Նրանք դա մեկնաբանում էին այսպես.

Եվսեբիոս Կեսարացին իր ժամանակագրության մեջ նշում է, որ Թեսևսը եղել է Աթենքի 10-րդ արքան, որը կառավարել է Էգևսից հետո 30 տարի մ.թ.ա. 1234 թվականից մինչև 1205 թվականը։ Պլուտարքոսը «Թեսևս» կենսագրական աշխատության մեջ վկայում է, որ Աթենքը ունեցել է մի այդպիսի արքա։ Պլուտարքոսը բազմաթիվ մանրամասնություններ վերցրել է մ.թ.ա. 3-րդ դարի հեղինակ Ֆիլոհորից։

Թեսևսի կառավարության ժամանակ աթենացիները սպանում են Մինոսի որդի Անդրոգեյին, որի համար հարկադրված էին որպես հարկ աթենացի տղաներ տալ Կրետեին։ Սակայն Թեսևսը անձամբ գնում է որդու հիշատակի համար Մինոսի կողմից կազմակերպված մրցույթին, հաղթում է հսկա Մինոտավրոսին, որի արդյունքում Աթենքը ազատվում է այդ հարկից։

Թեսևսը միավորում է երկրի տարբեր կողմերում սփռված աթենացիներին մի համայնքում և դառնում է Աթենքի իրական հիմնադիրը։ Ահա թե ինչ է գրում այդ մասին Պլուտարքոսը («Թեսևս»).

«Նա հավաքեց Ատտիկայի բնակիչներին՝ դարձնելով նրանց մեկ ժողովուրդ, մեկ քաղաքի քաղաքացիներ այն դեպքում, երբ նրանք նախկինում ցրված էին, և դժվարությամբ էր հաջողվում նրանց համախմբել նույնիսկ այն ժամանակ, երբ խոսքը նրանց ընդհանուր բարեկեցության մասին էր, և հաճախ էին նրանց միջև բռնկվում հակամարտություններ և իսկական պատերազմներ։ Անցնելով տնից տուն՝ նա բացատրում էր ամենքին իր պլանը։ Հասարակ քաղաքացիները և աղքատները հակվեցին նրա գաղափարներին, իսկ ազդեցիկ մարդկանց նա խոստացավ պետություն՝ առանց արքայի, դեմոկրատական համակարգ, որը անձամբ իրեն՝ Թեսևսին, կտար միայն զորահրամանատարի և օրենքները վերահսկողի իրավունք, իսկ մյուսներին կտար հավասարություն։ Մի մասին նա կարողացավ համոզել, իսկ մյուսները, վախենալով նրա քաջությունից և ուժից, գերադասեցին հոժարակամ ենթարկվել։ (…) Նա քաղաքի հին հատվածում հիմնադրեցեց միասնական խորհրդարան՝ ընդհանուր բոլորի համար և քաղաքը կոչեց Աթենք (…)

Ձգտելով ավելի հզորացնել քաղաքը՝ Թեսևսը այնտեղ հրավիրեց բոլոր ցանակացողներին՝ առաջարկելով նրանց քաղաքացիության իրավունք(…) Բայց նա թույլ չտվեց, որ անկարգ ամբոխը պետության մեջ խառնաշփոթ առաջացնի։ Նա սկզբում առանձնացրեց ազնվականներին, հողատերերին և արհեստավորներին, ազնվականներին հնարավորություն տվեց գրավելու բարձր պաշտոններ, սովորելու աստվածների և մարդկանց օրենքները, ինչպես նաև մեկնաբանել դրանք, թեև ընդհանուր առմամբ կարծես հավասարեցրեց բոլոր երեք դասերը։ Արիստոտելի խոսքերով Թեսևսը առաջինն էր, որ հասարակ մարդու նկատմամբ բարեհաճ վերաբերմունք ցուցաբերեց, հրաժարվեց միապետությունից։ Այս հանգամանքը վկայում է, ինչպես նաև Հոմերոսն է անվանում իր «Նավերի ցանկը» աշխատության մեջ, «ժողովուրդ» են միայն աթենացիները»։

Թեսևսը առևանգում է ամազոնուհիներից մեկին՝ Անտիոպեին, որից ունենում է մի որդի՝ Իպպոլիտին։ Անտիոպեի առևանգման պատճառով ամազոնուհիները ներխուժում են Ատտիկա։ Աթենացիները մեծ դժվարությամբ են կարողանում հաղթել նրանց։ Անտիոպեի մահից հետո Թեսևսը կնության է առնում Ֆեդրային։ Հետո արդեն 50 տարեկան հասակում Թեսևսը ընկերների հետ ուղևորվում է դեպի Էպիր այդ երկրի արքայի աղջկա ետևից։ Այնտեղ նրան բռնում են և գցում զնդանը։ Երբ կարողանում է վերադառնալ Աթենք, տեսնում է Մենեսթևսի կողմից իր դեմ հրահրված և դժգոհող ժողովրդին։ Թշնամիների դեմ պայքարում պարտվելով՝ Թեսևսը հեռանում է Սկիրոս կղզի և այնտեղ մահանում է, կամ սպանվում է Լիկոմեդ արքայի կողմից, կամ պարզապես ժայռից ցած է գլորվում։

Ըստ Եվսեբիոսի՝ Թեսևսը արտաքսվում է Աթենքից դաժանության համար, մի օրենք, որը ինքն էր ստեղծել։ Աթենքի գահը գրավում է Մենեսթևսը։

Պաշտամունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատտիկայում գոյություն ուներ Թեսևսի՝ որպես հերոս-նախնու պաշտամունքը։

Կերպարը արվեստում և գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեսևսի անունով կա համաստեղություն։

Էսքիլեսի «Եվմենիդները» ողբերգության գործող անձանցից մեկն է, որը բանակցությունների միջոցով հասավ այն բանին, որ վերադարձրին Թեբեի[25] մոտ ընկածների դիակները։ Գործող անձ է Սոֆոկլեսի «Էդիպը Կոլոնայում», «Թեսևս», Եվրիպիդեսի «Իպպոլիտ», Ախեյա Էրեթրեյսկու «Թեսևս», Հերակիլիդայի «Թեսևս», Սենեկայի «Ֆեդրա», «Հերակլեսը ցասման մեջ», Ռասինի «Ֆեդրա» ողբերգություններում։

Ու. Մ. Ցվետաևան գրել է «Արիադնա» պիեսը (1924

Մերի Ռենոյի «Թեսևս» ֆիլմաշարը («Արքան պետք է մեռնի» և «Ցուլը ծովից» վեպերի հիման վրա) վերաբերում է Թեսևսի կյանքին բացարձակապես պատմական իրողության տեսանկյունից։

1971 թ. ԽՍՀՄ-ում նկարահանվեց Թեսևսին նվիրված մուլտֆիլմ՝ «Լաբիրինթոս»։

Ա. Բուշկովը Թեսևսին նվիրված երկու գիրք է գրել՝ «Լաբիրինթոս», «Գավառական ժամանակագրությունը աշնան սկզբին»։

Հին հունական առասպելների մոտիվներով Թեսևսի և Մինոտավրոսի մասին 2011 թվականին ԱՄՆ-ում ռեժիսոր Տարսեմոն Սինկխի կողմից նկարահանվեց գեղարվեստական ֆիլմ «Աստվածների պատերազմը.Անմահները»։ Հենրի Կևելոմը՝ Թեսևսի և Միկի Ռուրկը՝ Հիպերիոն արքայի դերերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Антіопа (ռուս.) // Энциклопедический лексиконСПб.: 1835. — Т. 2. — С. 372.
  2. Iustinus M. I. Liber historiarum Philippicarum et totius mundi origines et terrae situs, Pompei Trogi Epitoma historiarum (լատ.) — 0222.
  3. Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.2. С.502-504, Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т.3. С.393-394
  4. Диодор Сицилийский. Историческая библиотека IV 59, 1
  5. Диодор Сицилийский. Историческая библиотека IV 59, 1
  6. Павсаний. Описание Эллады I 27, 8
  7. 7,0 7,1 Павсаний. Описание Эллады II 32, 7
  8. Павсаний. Описание Эллады I 19, 1
  9. Еврипид. Геракл 1327
  10. 10,0 10,1 Կաղապար:PlutThes
  11. Псевдо-Эратосфен. Катастеризмы 5; Гигин. Астрономия II 5, 1
  12. Схолии к Гомеру. Илиада XVIII 590; Евстафий // Лосев А. Ф. Мифология греков и римлян. М., 1996. С.246
  13. Կաղապար:PlutThes, ссылка на Дикеарха; Застольные беседы VIII 4, 3; Павсаний. Описание Эллады VIII 48, 3
  14. Павсаний. Описание Эллады IX 40, 3-4
  15. Паросская хроника 20
  16. Гигин. Мифы 273
  17. Еврипид. Ипполит 46
  18. Еврипид. Умоляющие 650-724
  19. Псевдо-Гесиод. Щит Геракла 182; Павсаний. Описание Эллады I 17, 2
  20. Софокл. Эдип в Колоне 1593
  21. Аполлоний Родосский. Аргонавтика I 100-103
  22. Еврипид. Геракл 619
  23. Павсаний. Описание Эллады I 17, 6
  24. Ликофрон. Александра 1326
  25. Плутарх. Тесей 29
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 173