Վերգիլիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերգիլիոս

Պուբլիոս Վերգիլիոս[1] (կամ Վիրգիլիոս[1]) Մարո (լատիներեն` Publius Vergilius Maro; մ.թ.ա. 70 թ. 15 հոկտեմբերի, Անդես, Մանտովա — մ.թ. 21 թ. սեպտեմբերի 19, Բրինդիզի), Հին Հռոմի մեծագույն բանաստեղծներից մեկը, հռոմեացիների ծագումը գովերգող «Էնեական» պոեմի և այլ ստեղծագործությունների հեղինակ:

Կյանքը[խմբագրել]

Ծնվել է Հարավային Իտալիայում` Անդես գյուղում, որտեղ նրա հայրը փոքր հողատեր էր։ Կրթություն է ստացել նախ Կրեմոնայում, ապա Հռոմում, ուր հմտացել է ճարտասանական արվեստում։ Գերադասելով գյուղական կյանքը՝ 28 տարեկանում վերադարձել է իր ծննդավայրը։ Մ.թ.ա. 41 թ. նրա հայրական հողամասը բռնագրավվում է հօգուտ կայսերական բանակի զինվորների, սակայն շուտով մտավորականների հայտնի հովանավոր Մեկենասի միջնորդությամբ Վերգիլիոսը նոր հողակտոր է ստանում։ Այնուհետև մինչև կյանքի վերջը վայելել է Օգոստոս կայսեր բարյացակամությունը։ Մահացել է անժամանակ՝ մ.թ.ա. 19 թ.` 49 տարեկան հասակում:

Ստեղծագործությունները[խմբագրել]

Վերգիլիոսը գրել է երեք մեծ պոետիկ ստեղծագործություն` բոլորը հեկզամետրիկ (վեցաչափյան) հանգով։ Դրանք են՝ «Բուկոլիկներ» («Հովվականք», «Հովվական բանաստեղծություններ»), գրության թվականը՝ մ.թ.ա. 42–39 (կամ 37)թթ, «Գեորգիկներ» («Մշակականք», մ.թ.ա. 37-30թթ.) և «Էնեական» (մ.թ.ա. 29–19 թթ)։ Միջնադարում Վերգիլիոսին վերագրվում էին ևս մի քանի փոքր պոևմներ (Appendix Vergiliana)։

«Բուկոլիկներ» հովվերգական պոեմում Վերգիլիոսը նկարագրում է գյուղական կենցաղը, գավառի գունավետ և ծաղկավետ աշխարհը, հովվական խաղաղ ապրելակերպը։

«Գեորգիկներ» պոեմը դիդակտիկ բնույթ ունի, նախորդի տրամաբանական շարունակությունն է, նվիրված է գավառի ստեղծարար կյանքին, գյուղատնտեսությանը։ Պոեմը բաղկացած է չորս մասից, առաջինը նվիրված է հողագործությանը, երկրորդը՝ այգեգործությանը, երրորդը՝ անասնապահությանը և չորրորդը՝ մեղվաբուծությանը։ Նկարագրում է գյուղատնտեսական աշխատանքները, տալիս բազմաթիվ օգտակար գործնական խորհուրդներ։

Վերգիլիոսի լավագույն երկը և հին հռոմեական գրականության գլուխգործոցը «Էնեական» էպիկական պոեմն է։ Պոեմում էպիկական լայն կտավի վրա պատմվում է հռոմեացիների ծագման, նրանց առասպելական նախահոր՝ Էնեասի թափառումների, քաջագործությունների և հերոսական կերպարի մասին։ Պոեմը բաղկացած է 12 գրքից, որոնց վերջնական տեսքի բերել հեղինակը չի հասցրել։ Պոեմի առաջին վեց երկերը պատմում են Էնեասի թափառումների, իսկ մյուսները՝ Իտալիայի բնիկների հետ նրա ունեցած կռիվների մասին։ Հատկապես հռչակավոր է պոեմի այն հատվածը, որտեղ պատմվում է Կարթագենում Էնեասի ապաստանելու և Դիդոնե թագուհու հետ նրա սիրային կապի մասին։

Վերգիլիոսը չի ցանկացել իր երկն անավարտ վիճակով հրապարակել ու մահվանից առաջ պատվիրել է այն ոչնչացնել, սակայն Օգոստոս կայսրը, հակառակ բանաստեղծի վերջին կամքի, հրապարակել է «Էնեականը»։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. 1,0 1,1 Հովհաննես Բարսեղյան (2006)։ "Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում", Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք, 58։ ISBN 99941-56-03-9։