Jump to content

Ուիլյամ Շեքսպիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շեքսպիր (այլ կիրառումներ)
Ուիլյամ Շեքսպիր
անգլ.՝ William Shakespeare
Ծնվել էապրիլ 1564[1]
ԾննդավայրՍտրատֆորդ ըփոն Էյվոն, Անգլիայի թագավորություն[2][3]
Վախճանվել էապրիլի 23 (մայիսի 3), 1616[4][2][5][…]
Վախճանի վայրՍտրատֆորդ ըփոն Էյվոն, Անգլիայի թագավորություն[2][6]
ԳերեզմանՍուրբ Երրորդություն եկեղեցի[7]
Մասնագիտությունդրամատուրգ
Լեզուվաղ ժամանակակից անգլերեն և անգլերեն
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
ԿրթությունԱրքա Էդվարդ VI-ի դպրոց
Ժանրերպիես և պոեզիա
Ուշագրավ աշխատանքներՀամլետ[8], Ռոմեո և Ջուլիետ[8], Ինչպես կուզեք[8], Մակբեթ[8], Միջամառնային գիշերվա երազ[8], Շեքսպիրի սոնետներ[8], Անսանձ կնոջ սանձահարումը, Վերոնացի երկու ազնվական, Ջոն արքա, Ռիչարդ II, Հենրի IV, մաս 1-ին, Հենրի IV, մաս 2, Հենրիխ V, Հենրի 6-րդ, մաս 1, Henry VI, Part 2?, Henry VI, Part 3?, Ռիչարդ 3-րդ, Henry VIII?, Սիրո անպտուղ ջանքեր, Վենետիկի վաճառականը, Մեծ աղմուկ ոչնչից, Վինձորի զվարճասեր կանայք, Տասներկուերորդ գիշեր, Լավ է այն, ինչ լավ է վերջանում, Չափն ընդդեմ չափի, Տիտոս Անդրոնիկոս, Հուլիոս Կեսար, Օթելլո, Արքա Լիր, Անտոնիոս և Կլեոպատրա (ողբերգություն), Կորիոլան, Տիմոն Աթենացի, Տրոիլուս և Կրեսիդա, Սիմբելին, Ձմեռային հեքիաթ, Պերիկլես, Փոթորիկ, Երկու ազնիվ հարազատներ և Սխալների կատակերգություն
Ստեղծագործությունների ցանկՈւիլյամ Շեքսպիրի ստեղծագործությունների ցանկ
ԱմուսինԷնն Հաթաուեյ[9]
ԶավակներՍուսաննա Հոլ[10][9], Հեմնեթ Շեքսպիր[11][9] և Ջուդիթ Ուինի[12][9]
Изображение автографа
Ուիլյամ Շեքսպիր Վիքիքաղվածքում
Ուիլյամ Շեքսպիր Վիքիդարանում
 William Shakespeare Վիքիպահեստում

Ուիլյամ Շեքսպիր (անգլ.՝ William Shakespeare[19], ապրիլ 1564[1], Ստրատֆորդ ըփոն Էյվոն, Անգլիայի թագավորություն[2][3] - ապրիլի 23 (մայիսի 3), 1616[4][2][5][…], Ստրատֆորդ ըփոն Էյվոն, Անգլիայի թագավորություն[2][6])[20], անգլիացի բանաստեղծ, դրամատուրգ և դերասան, որ հաճախ համարվում է խոշորագույն անգլիալեզու գրողն ու աշխարհի լավագույն դրամատուրգը[21][22][23]։ Հաճախ կոչվում է Անգլիայի ժողովրդական բանաստեղծ և Էյվոնի երգիչ[24][Ն 1]։ Նրա պահպանված ստեղծագործությունները, որոնց շարքում կան համահեղինակությամբ գրված մի քանի աշխատանքներ, ներառում են մոտավորապես 39 պիես[Ն 2], 154 սոնետ, երկու ծավալուն պոեմներ և մի քանի այլ բանաստեղծություններ, որոնց մի մասի հեղինակային պատկանելությունը հստակ չէ։ Շեքսպիրի պիեսները թարգմանվել են ժամանակակից բոլոր հիմնական լեզուներով և բեմադրվում են ավելի հաճախ, քան այլ դրամատուրգների ստեղծագործություններ[26]։

Շեքսպիրը ծնվել և հասակ է առել Ստրատֆորդ ըփոն Էյվոնում (Ուորիքշիր)։ Տասնութ տարեկանում նա ամուսնացել է Էնն Հաթաուեյի հետ և ունեցել երեք երեխա՝ Սյուզանան և երկվորյակներ Համնետն ու Ջուդիթը։ Շեքսպիրն իր կարիերան սկսել է Լոնդոնում 1585 թվականից մինչև 1592 թվականն ընկած ժամանակահատվածում՝ հաջողությամբ հանդես գալով որպես դերասան, գրող և «Լորդ սենեկապետի ծառաները» (անգլ.՝ Lord Chamberlain's Men, այլ թարգմանությամբ՝ «Լորդ սենեկապետի մարդիկ»[27]) անունը կրող թատերական ընկերության բաժնետեր, որը հետագայում հայտնի է դարձել «Թագավորի մարդիկ» (անգլ.՝ King's Men) անունով։ Քառասունինը տարեկանում (մոտ 1613 թվականին) Շեքսպիրը հավանաբար վերադարձել է Ստրատֆորդ, որտեղ էլ մահացել է երեք տարի անց։ Շեքսպիրի անձնական կյանքի մասին քիչ տեղեկություններ են պահպանվել, ինչը բազմաթիվ տարակարծությունների տեղիք է տվել նրա արտաքին տեսքի, սեռական կողմնորոշման, կրոնական հայացքների վերաբերյալ, ինչպես նաև բարձրացվել է այն հարցը, թե նրան վերագրվող ստեղծագործությունները գրվել են ուրիշների կողմից[28][29][30]։ Այդ վարկածները հաճախ քննադատության են ենթարկվում այն պատճառաբանությամբ, թե այդ ժամանակաշրջանի ոչ ազնվականների մասին ընդհանրապես քիչ տեղեկություններ են պահպանվել։

Շեքսպիրի ստեղծագործությունների մեծ մասը գրվել են 1589-1613 թվականներին[31][32][Ն 3]։ Նրա վաղ ստեղծագործությունները եղել են հիմնականում կատակերգություններ և պատմական պիեսներ, որոնք դասվում են այդ ժանրերի լավագույն նմուշների շարքում։ Մինչև մոտավորապես 1608 թվականը նա գրել է մեծ մասամբ ողբերգություններ, այդ թվում՝ «Համլետ (ողբերգություն)», «Օթելլո», «Արքա Լիր» և «Մակբեթ» ստեղծագործությունները, որոնք բոլորը համարվում են անգլերենով ստեղծված լավագույն գրական նմուշներից[21][22][23]։ Իր կյանքի վերջին շրջանում Շեքսպիրը գրել է տրագիկոմեդիներ (հայտնի են նաև որպես ռոմանտիկական դրամաներ) և համագործակցել այլ դրամատուրգների հետ։

Շեքսպիրի բազմաթիվ պիեսներ հրատարակվել են տարբեր որակի ու ճշտության խմբագրություններով դեռ նրա կյանքի օրոք։ 1623 թվականին նրա երկու ընկերները՝ դերասաններ Ջեն Հեմինգեսն ու Հենրի Քոնդելը տպագրել են նրա ստեղծագործությունների առավել ճշգրիտ տեքստերը, որը հայտնի է որպես «Առաջին ֆոլիո» և եղել է Շեքսպիրի դրամատիկական ստեղծագործությունների հետմահու ժողովածուն, որ ներառել է նրա բոլոր պիեսները, բացառությամբ երկուսի[33]։ Որպես գրքի նախաբան տպագրվել է Բենջամին Ջոնսոնի բանաստեղծությունը, որում նա Շեքսպիրի մասին գրել է, թե նա «ոչ թե մի դարաշրջանի համար է, այլ բոլոր ժամանակների» (անգլ.՝ not of an age, but for all time)[33]։

20-րդ և 21-րդ դարերում Շեքսպիրի ստեղծագործությունները մշտապես բեմադրվում են և վերաբացահայտվում գիտական և թատերական նոր շարժումների կողմից։ Նրա պիեսները շարունակում են մեծ ժողովրդականություն վայելել և ուսումնասիրվում, բեմադրվում և վերամեկնաբանվում են մշակութային ու քաղաքական տարբեր համատեքստերում ամբողջ աշխարհում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամ Շեքսպիրը ծնվել է քաղաքային վարչության անդամ և հաջողակ ձեռնոցագործ Ջոն Շեքսպիրի (մոտ 1531-1601, ծագումով եղել է Սնիթերֆիլդից) և հարուստ կալվածատիրոջ դուստր Մերի Արդենի ընտանիքում (մոտ 1537-1608)[34]։ Ուիլյամ Շեքսպիրը ծնվել է Ստրատֆորդ ըփոն Էյվոնում (Ուորքշիր կոմսություն) և այնտեղ էլ կնքվել է 1564 թվականի ապրիլի 26-ին։ Նրա ծննդյան ստույգ ամսաթիվն անհայտ է, սակայն ավանդաբար համարվում է, որ նա ծնվել է ապրիլի 23-ին` Յուրիի օրը[35]։ Այդ ամսաթիվը, որը կարող է լինել 18-րդ դարում մի գիտականի թույլ տված սխալի հետևանք, հավանության է արժանացել կենսագիրների կողմից, որովհետև Շեքսպիրը մահացել է նույն օրը 1616 թվականին[36][37]։ Նա եղել է ընտանիքի ութ երեխաներից երրորդը և չափահասության տարիքի հասած որդիներից ավագը[38]։

Ջոն Շեքսպիրի տունը Ստրատֆորդ ըփոն Էյվոնում, որտեղ, ըստ ավանդության, ծնվել է Շեքսպիրը

Չնայած ոչ մի գրավոր վկայություն չկա այդ ժամանակաշրջանում Շեքսպիրի՝ դպրոց հաճախելու վերաբերյալ, սակայն կենսագիրների մեծ մասը հանգում են այն կարծիքին, որ նա հավանաբար կրթություն է ստացել Ստրատֆորդի Թագավորական նոր դպրոցում[39][40][41], որը եղել է 1553 թվականին հիմնադրված անվճար դպրոց[42] և գտնվել է նրա տնից շուրջ 400 մ հեռավորության վրա։ Միջնակարգ դպրոցն աչքի է ընկել իր որակով Եղիսաբեթյան դարաշրջանում, սակայն դպրոցի ուսումնական պլանները հիմնականում նման էին․ լատիներեն հիմնական տեքստը ստանդարտացվել է թագավորի հրամանով[43][44], և դպրոցը կարող էր ապահովել ինտենսիվ քերականական կրթություն լատիներենով ստեղծագործած դասական հեղինակների աշխատանքների հիման վրա[45]։

Տասնութ տարեկանում Շեքսպիրն ամուսնացել է քսանվեցամյա Էնն Հաթաուեյի հետ։ Վուսթերի դիոցեզի կոնսիստորիական դատարանը ամուսնության թույլտվությունը տվել է 1582 թվականի նոյեմբերի 27-ին։ Հաջորդ օրը Հաթաուեյի երկու հարևաններ ներկայացրել են երաշխիք, որ ոչ մի օրինական պահանջ չի խանգարում նրանց ամուսնությանը[46]։ Հավանաբար արարողությունը կազմակերպվել է շտապով, քանի որ Վուսթերի կանցլերը թույլ է տվել ամուսնության կնքման արգելքները կարդալ մեկ անգամ սովորական երեքի փոխարեն[47][48], իսկ ամուսնությունից վեց ամիս անց ծնվել է նրանց դուստրը՝ Սյուզանան, որը մկրտվել է 1583 թվականի մայիսի 26-ին[49]։ Երկվորյակները՝ Համնետ որդին ու Ջուդիթ դուստր ծնվել են մոտ երկու տարի անց և մկրտվել 1585 թվականի փետրվարի 2-ին[50]։ Համնետը մահացել է անհայտ պատճառներով 11 տարեկան հասակում և թաղվել 1596 թվականի օգոստոսի 11-ին[51]։

Շեքսպիրի զինանշանը, ինչպես այն պատկերված է Ջոն Շեքսպիրին զինանշան շնորհելու մասին դիմումի սևագրում․ այն պարունակում է նիզակ՝ որպես բառախաղ ազգանվան վերաբերյալ[Ն 4][Ն 5]

Շեքսպիրի կյանքի՝ երկվորյակների ծննդին հաջորդած մի քանի տարիների մասին ստույգ տվյալներ չկան։ Դրանից հետո միայն 1592 թվականին հիշատակվում է, որ նա հանդես է գալիս Լոնդոնի թատերական բեմում։ Բացառություն է Շեքսպիրի անվան հայտնվելը «բողոքների օրինագծում» Վեսթմինստրում Թագուհու դատարանում 1585 թվականից մինչև 1589 թվականի հոկտեմբերի 9-ը տևած դատական գործում[52]։ Գիտնականները 1585 թվականից մինչև 1592 թվականն ընկած ժամանակահատվածը կոչում են Շեքսպիրի «կորած տարիներ»[53]։ Այդ ժամանակաշրջանի վերաբերյալ տեղեկություններ հայթայթելու կենսագիրների փորձերը հանգեցրել են մի շարք անստույգ պատմությունների հայտնվելուն։ Շեքսպիրի առաջին կենսագիր Նիկոլաս Ռոուն ներկայացրել է Ստրատֆորդյան լեգենդն այն մասին, թե Շեքսպիրը քաղաքից հեռացել է Լոնդոն, որպեսզի խուսափի տեղացի սքվայր Թոմաս Լյուսիի կալվածքում եղջերուի որսագողության համար պատժից։ Համարվում է, որ Շեքսպիրը վրեժ է լուծել Լյուսիից՝ նրա մասին գրելով անպատշաճ բալլադ[54][55]։ Ըստ 18-րդ դարի մեկ այլ պատմության՝ Շեքսպիրն իր թատերական կարիերան սկսել է Լոնդոնի թատրոնի հովանավորների ձիերին խնամելով[56]։ Ջոն Օբրին գրել է, թե Շեքսպիրը եղել է ուսուցիչ դպրոցում[57]։ 20-րդ դարի մի շարք գիտնականներ ենթադրել են, թե Շեքսպիրը՝ որպես դպրոցի ուսուցիչ, աշխատանքի է ընդունվել Լանկաշիրում Ալեքսանդր Հոգթոնի կողմից, որը եղել է կաթոլիկ կալվածատեր և իր կտակում հիշատակել է ոմն Ուիլյամ Շեյկշաֆթի[58][59]։ Այդ վարկածը հաստատող քիչ հիմքեր կան, բացի բանավոր վկայություններից, որ հավաքվել են Շեքսպիրի մահվանից հետո, բացի այդ՝ Շեյքշաֆթը բավական տարածված ազգանուն է եղել Լանկաշիրում[60][61]։

Լոնդոն և թատերական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստույգ հայտնի չէ, թե երբ է Շեքսպիրն սկսել ստեղծագործել, սակայն ժամանակակից աղբյուրներն ու ներկայացումների գրանցումները ցույց են տալիս, որ նրա մի շարք պիեսներ ներկայացվել են Լոնդոնում մինչև 1592 թվականը[62]։ Մինչ այդ նա Լոնդոնում արդեն հայտնի էր այնքան, որ դրամատուրգ Ռոբերտ Գրինը նրան քննադատի իր «Groats-Worth of Wit» պամֆլետում։ Գրինը չարամտորեն է խոսել Շեքսպիրի մասին՝ չնշելով նրա ազգանունը, բայց ծաղրանքով նրան կոչելով «բեմը ցնցող» (shake-scene) և նրա «Հենրի VI» երրորդ մասից «Օ, վագրի սիրտ է այս կանացի մորթի մեջ» տողը վերաշարադրելով «վագրի սիրտը կեղծավորի մորթու մեջ»[63][64]։ Գիտնականները տարբեր կարծիքներ են հայտնել Գրինի խոսքերի ստույգ նշանակության վերաբերյալ[63][65], բայց մեծ մասը համաձայն է այն մտքին, թե Գրինը մեղադրում է Շեքսպիրին, թե նա ձգտում է հասնել ավելի բարձր աստիճանի՝ հավասարվելով համալսարանական կրթություն ստացած այնպիսի գրողների հետ, ինչպիսի են Քրիստոֆեր Մառլոն, Թոմաս Նեշն ու հենց ինքը՝ Գրինը (այսպես կոչված «համալսարանական խելքեր»)[66]։ Ինչպես ասված է այդ երկում, Յոհանես Ֆակտոտումը («Jack of all trades») ավելի շատ երկրորդական մակարդակի արհեստավոր է, քան «համաշխարհային հանճար»[63][67]։

Գրինի քննադատությունը պահպանված ամենավաղ հիշատակումն է թատրոնում Շեքսպիրի աշխատանքի վերաբերյալ։ Կենսագիրները ենթադրում են, որ նրա կարիերան կարող էր սկսվել 1580-ական թվականների կեսերից սկսած մինչև Գրինի հիշատակումն ընկած ցանկացած ժամանակահատվածում[68][69][70]։ 1594 թվականից հետո Շեքսպիրի պիեսները ներկայացվել են միայն Լորդ սենեկապետի ծառաների կողմից․ այդ ընկերությունը պատկանել է մի շարք դերասանների, որոնց թվում էր Շեքսպիրը, և շուտով դարձել է Լոնդոնի առաջատար թատերական ընկերությունը[71]։ 1603 թվականին Եղիսաբեթ թագուհու մահվանից հետո ընկերությունն ստացել է թագավորական արտոնագիր նոր գահակալի՝ Հակոբ Ա-ի կողմից և վերանվանվել Թագավորի ծառաները[72]։

Ամբողջ աշխարհը բեմ է,
իսկ մարդիկ` սոսկ դերասաններ.
Նրանք ունեն իրենց ելքերն ու մուտքերը,
Եվ մարդն իր բաժին ժամանակում
շատ դերեր է խաղում
տարիքային խմբերի յոթ արարներում։

«Ինչպես կամենաք», գործողություն II[73]

1599 թվականին թատերական ընկերության անդամների համագործակցությունը կառուցել է իր սեփական թատրոնը Թեմզա գետի հարավային ափին և այն կոչել «Գլոբուս»։ 1608 թվականին համագործակցությունը ձեռք է բերել նաև «Բլեքֆրայերս» փակ թատրոնը։ Շեքսպիրի կողմից անշարժ գույք գնելու և ներդրումներ կատարելու վերաբերյալ նշումները վկայում են, որ համագործակցության շնորհիվ նա դարձել էր հարուստ մարդ[74]․ 1597 թվականին նա գնել է Ստրատֆորդի երկրորդ ամենամեծ տունը՝ Նյու Փլեյս (անգլ.՝ New Place), իսկ 1605 թվականին ներդրում է կատարել Ստրատֆորդի ծխական տասանորդում[75]։

Շեքսպիրի պիեսների մի մասը տպագրվել է In-quarto հրատարակություններում՝ սկսած 1594 թվականից, և մինչև 1598 թվականը նրա անունը դարձել է ճանաչված և սկսել է հայտնվել հրատարակությունների տիտղոսաթերթերին[76][77][78]։ Որպես դրամատուրգ հաջողության հասնելուց հետո Շեքսպիրը շարունակել է խաղալ իր սեփական և ուրիշների պիեսներում։ Բենջամին Ջոնսոնի աշխատանքների 1616 թվականի հրատարակության մեջ Շեքսպիրի անունը հիշատակվել է այն դերասանների ցանկում, որոնք մասնակցել են Every Man in His Humour (1598) և Sejanus His Fall (1603) պիեսների ներկայացումներին[79]։ Ջոնսոնի «Վալպոնե» պիեսի 1605 թվականի ներկայացման մասնակիցների ցանկում Շեքսպիրի անվան բացակայությունը մի շարք գիտնականների թույլ է տվել եզրակացնելու, որ նրա դերասանական կարիերան մոտեցել էր իր ավարտին[68]։ 1623 թվականի Առաջին ֆոլիոն, սակայն, Շեքսպիրին կոչել է «գլխավոր դերասաններից մեկն այդ բոլոր պիեսներում», որոնցից մի քանիսն առաջին անգամ բեմադրվել են «Վալպոնեից» հետո, չնայած ներկայում հայտնի չէ, թե դրանցում ինչ դեր է կատարել Շեքսպիրը[80]։ 1610 թվականին Ջոն Դևիսը գրել է, թե «բարի Ուիլը» կատարել է «թագավորական» դերեր[81]։ 1709 թվականին Ռոուն գրի է առել մինչ այդ արդեն ձևավորված ավանդությունը, թե Շեքսպիրը կատարել է Համլետի հոր ուրվականի դերը[55]։ Հետագայում ավանդություններում նշվել է, թե նա մարմնավորել է նաև Ադամին «Ինչպես կամենաք» և Քորոսին «Հենրի V» պիեսների բեմադրություններում[82][83], սակայն գիտնականները վստահելի չեն համարում այդ տեղեկությունների աղբյուրները[84]։

Իր կարիերայի ընթացքում ՇԵքսպիրն ապրել է Լոնդոնում, սակայն իր ժամանակի մի մասն անցկացրել է Ստրատֆորդում։ 1596 թվականին՝ Ստրատֆորդում Նյու Փլեյսն իր ընտանիքի բնակության համար ձեռք բերելուց մեկ տարի առաջ, Շեքսպիրը բնակվել է Սուրբ Հեղինեի ծխում՝ Բիշոփսգեյթում, որ տեղակայվված էր Թեմզա գետից հյուսիս[85][86]։ 1599 թվականին նա տեղափոխվել է գետի մյուս ափ՝ Սաութուարք, որտեղ նույն տարում կառուցվել է Գլոբուս թատրոնը[85][87]։ 1604 թվականին նա նորից անցել է գետի մյուս ափ՝ այս անգամ հաստատվելով Սուրբ Պողոսի տաճարից հյուսիս ընկած տարածքում, որտեղ տեղակայված էին մեծ թվով գեղեցիկ տներ։ Այնտեղ նա սենյակներ է վարձել ֆրանսիացի հուգենոտ Քրիստոֆեր Մաունթջոյի մոտ, որ պատրաստում էր կանանց կեղծամներ ու այլ գլխազարդեր[88][89]։

Ուշ տարիներ և մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Շեքսպիրի շիրմաքարը Ստրատֆորդ ըփոն Էյվոնում

Նիկոլաս Ռոուն եղել է Շեքսպիրի առաջին կենսագիրը, որ գրի է առել հետագայում Սեմյուել Ջոնսոնի կողմից կրկնված այն ավանդությունը, թե Շեքսպիրը վերադարձել է Ստրատֆորդ «իր մահվանից մի քանի տարի առաջ»[90][91]։ Նա դեռևս աշխատել է որպես դերասան Լոնդոնում 1608 թվականին․ ի պատասխան 1635 թվականին բաժնետերերի ներկայացրած խնդրագրի՝ Քութբերտ Բյորբեջը ներկայացրել է, որ 1608 թվականին Հենրի Էվանսից «Բլեքֆրայերս» թատրոնի վարձակալումից հետո «Թագավորի ծառաներն» այնտեղ «տեղավորել են դերասանների», որոնց թվում եղել են Հեմինգեսը, Քոնդելը, Շեքսպիրը և այլք[92]։ Սակայն հավանական է, որ բուբոնյան ժանտախտը մոլեգնել է Լոնդոնում 1609 թվականին[93][94], և Լոնդոնի հանրային թատրոնները բազմիցս փակվել են ժանտախտի տևական բռնկումների ընթացքում (ընդհանուր առմամբ փակ են եղել 60 ամիս 1603 մայիսից մինչև 1610 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում)[95], ինչը նշանակում է, որ հաճախ դերասաններն աշխատանք չեն ունեցել։ Այդ ժամանակ ընդհանրապես պաշտոնը թողնելը տարածված չի եղել[96]։ Շեքսպիրը շարունակել է մեկնել Լոնդոն 1611-1614 թվականներին[90]։ 1612 թվականին նա հանդես է եկել որպես վկա Բելոտն ընդդեմ Մաունթջոյի դատական գործում, որը վերաբերում էր Մաունթջոյի դստեր՝ Մերիի ամուսնությանը[97][98]։ 1613 թվականի մարտին նա գնել է տուն նախկին Բլեքֆրայերս մենաստանում[99] և 1614 թվականի նոյեմբերից եղել է Լոնդոնում մի քանի շաբաթով իր փեսայի՝ Ջոն Հոլի հետ[100]։ 1610 թվականից հետո Շեքսպիրը գրել է քիչ թվով պիեսներ, իսկ 1613 թվականից հետո ընդհանրապես դադարել է գրել պիեսներ[101]։ Իր վերջին երեք պիեսները Շեքսպիրը գրել է այլ հեղինակների, հավանաբար Ջոն Ֆլեթչերի հետ համագործակցությամբ[102], որը հաջորդել է Շեքսպիրին՝ դառնալով «Թագավորի ծառաների» գլխավոր դրամատուրգ[103]։

Շեքսպիրը մահացել է 1616 թվականի ապրիլի 23-ին, 52 տարեկան հասակում[Ն 6]։ Նա մահացել է իր կտակն ստորագրելուց մեկ ամիս չանցած, իսկ այդ փաստաթուղթը նա սկսել էր իրեն նկարագրելով որպես «կատարյալ առողջ» վիճակում գտնվող։ Ներկայում չկա մի աղբյուր, որը բացատրի, թե ինչից կամ ինչպես է նա մահացել։ Կես դար անց Ստրատֆորդի ծխական քահանա Ջոն Ուարդն իր նոթատետրում գրել է․ «Շեքսպիրը, Դրեյթոնն ու Բեն Ջոնսոնն ունեցած ուրախ հանդիպում, և հավանաբար նա շատ էր խմել, որովհետև Շեքսպիրը մահացավ տենդից, որ այնտեղ էր վարակվել» (անգլ.՝ «Shakespeare, Drayton, and Ben Jonson had a merry meeting and, it seems, drank too hard, for Shakespeare died of a fever there contracted»)[104][105], ինչն անհնար չէ, որովհետև Շեքսպիրը ծանոթ է եղել Ջոնսոնի ու Դրեյթոնի հետ։ Շեքսպիրին նվիրված ձոներից մեկը վերաբերում է նրա հանկարծակի մահվանը․ «We wondered, Shakespeare, that thou went'st so soon / From the world's stage to the grave's tiring room» (բառացի՝ «Մենք զարմացած ենք, Շեքսպիր, որ դու հեռացար այդքան արագ / Աշխարհի բեմից գերեզմանի զգեստարան-սենյակը»)[106][Ն 7]։

Սուրբ Երրորդության եկեղեցին (Ստրատֆորտ ըփոն Էյվոն), որտեղ Շեքսպիրը մկրտվել է և թաղվել

Շեքսպիրի ավագ դուստրը՝ Սյուզաննան, ամուսնացել է բժիշկ Ջոն Հոլի հետ 1607 թվականին[107], իսկ Ջուդիթը՝ գինեգործ Թոմաս Քուինիի հետ Շեքսպիրի մահվանից երկու ամիս առաջ[108]։ Շեքսպիրն իր կտակն ստորագրել է 1616 թվականի մորտի 25-ին․ հաջորդ օրը պարզվել է, որ նրա փեսան՝ Թոմաս Քուինին, եղել է Մարգարետ Ուիլերի ապօրինածին երեխայի հայրը, որը մահացել է ծննդաբերության ժամանակ։ Թոմասը եկեղեցական դատարանի կողմից պարտավորվել է կատարել հրապարակային ապաշխարանք, ինչը մեծ խայտառակություն էր Շեքսպիրի ընտանիքի համար[108]։

Շեքսպիրն իր խոշոր ունեցվածքի մեծ մասը կտակել է իր ավագ դստերը՝ Սյուզաննային[109] այն պայմանով, որ նա այդ ամբողջն անվնաս փոխանցի իր առաջին որդուն[110]։ Քուինիներն ունեցել են երեք երեխա, որոնք բոլորը մահացել են առանց ամուսնանալու[111][112]։ Հոլերն ունեցել են մեկ երեխա՝ Էլիզաբեթը, որն ամուսնացել է երկու անգամ, բայց երեխաներ չի ունեցել և մահացել է 1670 թվականին․ նա եղել է Շեքսպիրի վերջին ուղղակի ժառանգը[113][114]։ Շեքսպիրի կտակում հազիվ է հիշատակվում նրա կինը՝ Էննը, որը հավանաբար առանց այդ էլ ժառանգել է նրա ունեցվածքի մեկ երրորդը[Ն 8]։ Սակայն նա որոշել է կնոջը թողնել «իմ երկրորդ լավագույն մահճակալը», ինչը բազմաթիվ ենթադրությունների տեղիք է տվել[116][117][118]։ Մի շարք գիտնականներ դա համարում են վիրավորանք Էննի հասցեին, սակայն մյուսները կարծում են, որ երկրորդ լավագույն մահճակալն ամուսնական մահիճն է և հետևաբար, ունեցել է մեծ նշանակություն[119]։

Շեքսպիրի գերեզմանը (նրա կողքին թաղված են կինը՝ Էնն Շեքսպիրը, և Թոմաս Նեշը՝ թոռնուհու ամուսինը

Շեքսպիրը թաղվել է Սուրբ Երրորդության եկեղեցում իր մահվանից երկու օր անց[120][121]։ Նրա շիրմաքարին փորագրված է էպիտաֆիա, որը անեծքով արգելում է շարժել նրա ոսկորները, ինչից հնարավորինց խուսափել են 2008 թվականին եկեղեցու վերականգնման աշխատանքների ժամանակ[122]

Good frend for Iesvs sake forbeare,
To digg the dvst encloased heare.
Bleste be Middle English the.svg man Middle English that.svg spares thes stones,
And cvrst be he Middle English that.svg moves my bones[123].

Թարգմանաբար՝ «Բարի ընկեր, հանուն Հիսուսի, զերծ մնա փորելուց աճյունը, որ ամփոփված է այստեղ։ Թող օրհնվի այն մարդը, որ խնայում է այս քարերը, և անիծված լինի նա, ով կշարժի իմ ոսկորները»։

1623 թվականից քիչ առաջ հյուսիսային պատի վրա տեղադրվել է գերեզմանաքար-հուշարձան, որը պատկերում է Շեքսպիրին ստեղծագործելու ժամանակ։ Դրա էպիտաֆիայում Շեքսպիրը համեմատվում է Պիլոսի թագավոր Նեստորի, Սոկրատեսի և Վերգիլիոսի հետ[124]։ 1623 թվականին, երբ հրատարակվել է Առաջին ֆոլիոն, հրապարակվել է Մարտին Դրուշաութի հեղինակած փորագրանկարը[125]։

Շեքսպիրի հիշատակը հավերժացվել է աշխարհի տարբեր երկրներում ստեղծված բազմաթիվ հուշարձաններում ու քանդակներում, որոնց թվում են շիրմաքարերը Սաութվարքի տաճարում և Ուեստմինստերյան աբբայության Պոետների անկյունում[126][127]։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուիլյամ Շեքսպիրի արձանը Չիկագոյում

Շեքսպիրը հրապարակ է իջել այն ժամանակ, երբ Ջեֆրի Չոսերի, Թոմաս Մորի, Ջոն Սպենսերի, Ֆ․ Սիդնիի կողմից արդեն ձևավորվել էին արձակ և բանաստեղծական հիմնական ժանրերը ժամանակակից կյանքին և պատմությանը դիմելու կայուն ավանդույթներ։ Նրանք և մասնավորապես դրամատուրգ-դերասանների (Քրիստոֆեր Մառլո, Թ․ Քիդ, Ջ․ Լիլի, Ջ․ Գրին) խումբը, որ հայտնի էր «Համալսարանական մտքեր» անունով, հենասյուներ դարձան Շեքսպիրի հանճարի դրսևորման համար[128]։ Շեքսպիրն իր երկերը գրելիս օգտվել է անտիկ աշխարհի, միջնադարի և Վերածննդի (հատկապես իտալական ու ֆրանսիական), փիլիսոփայական, պատմագրական, գեղարվեստական գանձարանից, մայրենի բանահյուսությունից, իր ժամանակի իրադարձություններից։ Անցյալ ու արդի այդ կուտակումները մշակելով սեփական մտքի ու երևակայության խառնարանում՝ Շեքսպիրը ստեղծել է դրամատուրգիական ու պոետական հրաշալի ձուլվածք, որը դարձել է անհաս օրինակ[128]։ Այժմ կազմված է այսպես կոչված «շեքսպիրյան կանոնը»՝ պիեսների ստեղծման ու բեմադրման ժամանակագրական ցանկը։ Ըստ գրական սեռերի՝ Շեքսպիրի ստեղծագործությունը բաժանվում է․

  • Քնարավիպերգական պոեմներ («Վեներան և Ադոնիսը», 1593, «Լուկրեցիայի բռնաբարությունը», 1594, «Սիրահարի տրտունջը», 1609, «Կրքավառ ուխտագնացը»), որոնցում արժանապատվության, սիրո և զգայական վայելքների մեծարման տեսանկյունից հետևել է Վերածննդի դարաշրջանում լայնորեն տարածված պատմա-դիցաբանական նյութերի մշակմանը,
  • Քնարական, 154 սոնետ (հրատարակվել են 1609 թվականին, ժողովածու), որոնցից լավագույններում (№ 30, 66, 130 և այլն) Շեքսպիրը ժանրի անձուկ սահմաններում անձնական հույզերը միահյուսել է հասարակական, փիլիսոփայական մտորումներին,
  • Դրամատիկական (37 պիես՝ քրոնիկներ, կատակերգություններ, ողբերգություններ, ողբերգակատակերգություններ)[128]։

Շեքսպիրի գործունեությունը բաժանվում է երեք շրջանի։ Որոշ շեքսպիրագետներ այն բաժանում են չորսի՝ առաջին շրջանը բաժանելով երկուսի (1590-1594 և 1595-1600 թվականներ)։

Ռոմեո և Ջուլիետ
Շեքսպիրի պիեսների հերոսները, 19-րդ դարի անհայտ նկարչի աշխատանք

Շեքսպիրի ժամանակաշրջանի դրամատուրգներից շատերը սովորաբար համագործակցել են այլ հեղինակների հետ, և քննադատները համակարծիք են այն հարցում, որ Շեքսպիրը վարվել է նույն կերպ՝ այլոց հետ համագործակցելով հատկապես իր ստեղծագործական գործունեության սկզբում և վերջում[129]։ Որոշ ստեղծագործությունների վերաբերյալ, ինչպիսիք են «Տիտոս Անդրոնիկոս» և վաղ շրջանի պատմական պիեսները, հաստատված չէ, թե արդյոք դրանք գրվել են համահեղինակությամբ, սակայն «Երկու ազնվական ազգականներ» և չպահպանված «Կարդենիո» ստեղծագործությունների՝ համահեղինակությամբ ստեղծված լինելու վերաբերյալ կան փաստաթղթային վկայություններ։ Տեքստերի ուսումնասիրությունը նույնպես վկայում է, որ Շեքսպիրի ստեղծագործությունները ենթարկվել են փոփոխությունների հեղինակի կողմից ստեղծվելուց հետո։

Շեքսպիրի ամենավաղ ստեղծագործություններն են «Ռիչարդ III» պիեսն ու «Հենրի VI» պիեսի առաջին երեք մասերը, որ գրվել են 1590-ական թվականների սկզբին, երբ նորաձև էին պատմական դրամաները։ Շեքսպիրի պիեսների ստեղծման ստույգ թվականը որոշելը դժվար է[130][131], և տեքստերի ուսումնասիրությունից ենթադրվել է, որ «Տիտոս Անդրոնիկոս», «Սխալների կատակերգություն», «Անսանձ կնոջ սանձահարումը» և «Վերոնացի երկու ազնվական» պիեսները նույնպես կարող են վերաբերելՇեքսպիրի ստեղծագործության վաղ շրջանին[132][130]։ Նրա առաջին քրոնիկները, որ հավանաբար հիմնված են Ռաֆայել Հոլինշեդի՝ «Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի ժամանակագրությունների» 1587 թվականի հրատարակության վրա[133], դրամատիկ կերպով ներկայացնում են թույլ և այլասերված իշխանավորների ղեկավարման ավերիչ արդյունքներն ու ծառայում են որպես Թյուդորների դինաստիայի՝ իշխանության գլուխ անցնելու արդարացում[134]։ Շեքսպիրի վաղ շրջանի պիեսները կրել են Եղիսաբեթյան ժամանակաշրջանի դրամատուրգների, մասնավորապես Թոմաս Քիդի և Քրիստոֆեր Մառլոյի, միջնադարյան դրամայի ավանդույթների ու Սենեկայի դրամաների ազդեցությունը[135][136][137]։ «Սխալների կատակերգությունը» հիմնված է նաև դասական մոդելի վրա, իսկ «Անսանձ կնոջ սանձահարումը» պիեսի համար աղբյուրներ չեն գտնվել, թեև թեև այն կապված է նույն խորագիրը կրող և 1590-ական թվականներին Լոնդոնում բեմադրված[138] մեկ այլ պիեսի հետ և կարող է ունենալ բանահյուսական արմատներ[139][140]։ Ինչպես «Վերոնացի երկու ազնվականնեը», որտեղ երկու ընկերներ արդարացնում են բռնաբարությունը[141][142][143], «Անսանձ կնոջ սանձահարումը» պիեսը, որը պատմում է տղամարդու կողմից անկախ կնոջ հնազանդեցման մասին, երբեմն արժանանում է ժամանակակից քննադատների, ռեժիսորների ու հանդիսատեսի ուշադրությանը[144]։

Օբերոնը, Տիտանիան ու Պակը պարում են հավերժահարսերի հետ, Ուիլյամ Բլեյք, մոտ 1786, Թեյթ բրիտանական պատկերասրահ

Շեքսպիրի վաղ շրջանի դասական և իտալական կատակերգությունները, որ ունեցել են երկակի սյուժեներ ու հստակ կոմիկական դրվագներ, 1590-ական թվականներին իրենց տեղը զիջել են նրա ամենահայտնի ռոմանտիկական ստեղծագործություններին[145]։ «Միջամառային գիշերվա երազ» պիեսը ռոմանտիզմի, հեքիաթային կախարդանքի ու կենցաղային կատակերգական տեսարանների սրամիտ խառնուրդ է[146]։ Շեքսպիրի հաջորդ կատակերգությունը՝ նույնպես ռոմանտիկական «Վենետիկի վաճառականը», ներկայացնում է հրեա վրեժխնդիր վաշխառու Շեյլոկի կերպարը, որն արտացոլում է Եղիսաբեթյան դարաշրջանի անգլիացիաների ռասայական նախապաշարմունքները, որոնք կարող են թվալ ստորացուցիչ ժամանակակից լսարանի համար[147][148]։ Սրամիտ և բառախաղերով հարուստ «Շատ աղմուկ ոչնչից» (անգլ.՝ Much Ado About Nothing)[149], գյուղական հիանալի կյանքը պատկերող «Ինչպես կամենաք» (անգլ.՝ As You Like It) և կենդանի ուրախությունն արտացոլող «Տասներկուերորդ գիշեր» պիեսները լրացնում են Շեքսպիրի խոշորագույն կատակերգությունների շարքը[150]։ Քնարական «Ռիչարդ II» պիեսից հետո, որը գրեթե ամբողջությամբ գրել է չափածո, Շեքսպիրն 1590-ական թվականների վերջին ստեղծել է «Հենրի IV» (մաս 1, 2) և «Հենրի V» քրոնիկները։ Նրա կերպարները դարձել են ավելի բարդ ու նուրբ, իսկ ստեղծագործություններում միմյանց հաջորդում են կատակերգական ու լուրջ տեսարանները, արձակն ու չափածոն, և հեղինակն իր հասուն շրջանի ստեղծագործություններում հասնում է պատմողական բազմազանության[151][152][153]։ Այս շրջանն սկսվում և ավարտվում են երկու ողբերգություններ՝ պատանու և աղջկա սիրո ու մահվան մասին պատմող «Ռոմեո և Ջուլիետ» հայտնի ռոմանտիկ ողբերգությունը[154][155] և «Հուլիոս Կեսար» պիեսը, որ գրվել է Պլուտարքոսի «Զուգահեռ կենսագրությունների»՝ սըր Թոմաս Նորթի կողմից 1579 թվականին կատարված թարգմանության հիման վրա և ներկայացնում է դրամայի նոր տեսակ[156][157]։

Համլետը, Հորացիոսը, Մարցելլոսն ու Համլետի հոր ուրվականը, Հենրի Ֆյուզելի, 1780-1785, Կունստհաուս, Ցյուրիխ

17-րդ դարի սկզբին Շեքսպիրը գրել է այսպես կոչված «պրոբլեմային պիեսները»՝ «Չափն ընդդեմ չափի» (անգլ.՝ Measure for Measure), «Տրոիլուս և Կրեսիդա» (անգլ.՝ Troilus and Cressida) և «Լավ է այն, ինչ լավ է վերջանում» (անգլ.՝ All's Well That Ends Well) և իր ամենահայտնի ողբերգություններից մի քանիսը[158][159]։ Բազմաթիվ քննադատներ այն կարծիքին են, որ այս շրջանի ողբերգությունները Շեքսպիրի ստեղծագործության գագաթնակետն են։ Շեքսպիրի խոշորագույն ողբերգություններից մեկի հերոսը՝ Համլետը, քննարկվել է նրա բոլոր հերոսներից ամենաշատը հատկապես իր մենախոսության շնորհիվ, որ սկսվում է «Լինել, թե՞ չլինել. այս է խնդիրը» (անգլ.՝ To be or not to be; that is the question) արտահայտությամբ[160]։ Հակառակ ինտրովերտ Համլետի, որի ճակատագրական սխալի պատճառը նրա անվճռականություն է, հաջորդ ողբերգությունների հերոսները՝ Օթելլոն ու Լիր արքան, տուժում են շուտափույթ կայացված որոշումների պատճառով[161]։ Շեքսպիրի ողբերգությունների սյուժեները հաճախ են կառուցվում նրանց հերոսների ճակատագրական սխալների ու թերությունների հիման վրա, ինչի պատճառով կործանվում են այդ հերոսներն ու նրանց սիրելիները[162]։ «Օթելլո» ողբերգությունում չարագործ Յագոն Օթելլոյի խանդի հասցնում է մի այնպիսի աստիճանի, որ նա սպանում է անմեղ կնոջը, որ սիրում էր իրեն[163][164]։ «Արքա Լիր» ողբերգությունում ծեր թագավորը կատարում է ողբերգական սխալ՝ հրաժարվելով իր լիազորություններից և պատճառ դառնում մի շարք իրադարձություններկ, որոնք հանգեցնում են Գլոստերի կոմսի տանջանքներին ու կուրացմանը և իր կրտսեր դստեր՝ Կորդելիայի սպանությանը։ Ըստ քննադատ Ֆրենկ Կերմոդի՝ «պիեսը չի առաջարկում իր դրական հերոսներին կամ իր հանդիսատեսին ոչ մի թեթևացում դրա դաժանություններից»[165][166][167]։ «Մակբեթ» պիեսում, որ ամենակարճն ու ամենասեղմն է Շեքսպիրի ողբերգությունների շարքում[168], Մակբեթի ու նրա կնոջ՝ Լեդի Մակբեթի անվերահսկելի փառասիրությունը նրանց ստիպում է սպանել օրինական թագավորին և գրավել գահը, սակայն սեփական մեղքի զգացումն ի վերջո կործանում է նրանց[169]։ Այդ պիեսում Շեքսպիրը ողբերգական կառուցվածքին ավելացնում է գերբնական տարր։ Նրա վերջին խոշոր ողբերգությունները՝ «Անտոնիոս և Կլեոպատրա» ու «Կորիոլան», պարունակում են Շեքսպիրի ամենահիանալի բանաստեղծություններից և համարվում են ամենամեծ հաջողություն ունեցած ողբերգությունները բանաստեղծ և քննադատ Թոմաս Սթեռնս Էլիոթի կողմից[170][171][172]։

Իր ստեղծագործական գործունեության եզրափակիչ շրջանում Շեքսպիրը դիմել է ռոմանտիկական դրամաներին կամ տրագիկոմեդիային և ավարտին հասցրել ևս երեք խոշոր պիեսներ՝ «Սիմբելին», «Ձմեռային հեքիաթ» և «Փոթորիկ», ինչպես նաև մեկ այլ դրամատուրգի հետ համագործակցությամբ ստեղծել է «Պերիկլես» պիեսը (անգլ.՝ Pericles, Prince of Tyre) պիեսը։ Այս շրջանի ստեղծագործությունները պակաս մռայլ են, քան դրանց նախորդած ողբերգությունները, բայց ավելի լուրջ տոն ունեն, քան 1590-ական թվականների կատակերգությունները, և ավարտվում են հաշտությամբ ու դժբախտություններից ազատվելով[173]։ Որոշ ուսումնասիրողներ այդ փոփոխությունների պատճառը համարում են Շեքսպիրի հայացքներում տեղի ունեցած փոփոխությունները, սակայն հնարավոր է նաև, որ դրանցում ուղղակի արտացոլվել են ժամանակի թատերական կյանքում տիրող միտումները[174][175][176]։ Շեքսպիրը մեկ այլ դրամատուրգի, հավանաբար Ջոն Ֆլեթչերի հետ համագործակցության ստեղծել է ևս երկու պիես՝ «Հենրի VIII» և «Երկու ազնվական ազգականներ»[177]։

Ներկայացումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայում ստույգ հայտնի չէ, թե որ թատերական ընկերությունների համար է Շեքսպիրը գրել իր վաղ շրջանի պիեսները։ «Տիտոս Անդրոնիկոս» պիեսի՝ 1594 թվականի հրատարակության տիտղոսաթերթում նշվել է, որ այն բեմադրվել է երեք տարբեր թատերախմբերի կողմից[178]։ 1592-1593 թվականների ժանտախտի համաճարակից հետո Շեքսպիրի պիեսներն արդեն բեմադրվել են նրա սեփական «Թատրոնում» և «Կուրտինում» (Շորդիչ, Թեմզայի ձախ ափին)[179]։ Լոնդոնի բնակիչներն այնտեղ դիտել են «Հենրի IV» պիեսի առաջին մասի ներկայացումը, որն, ըստ Լեոնարդ Դիգզի, վայելել է մեծ հաջողություն[180]։ Երբ ընկերությունը կոնֆլիկտ է ունեցել վարձակալի հետ, նրանք քանդել են Թատրոնը, որի փայտանյութով Թեմզայի հարավային ափին՝ Սաութուարքում, կառուցվել է «Գլոբուս» թատրոնը՝ առաջին թատրոնը, որ կառուցվել է դերասանների կողմից դերասանների համար կառուցման համար[181][182]։ «Գլոբուսը» բացվել է 1599 թվականի աշնանը, և այնտեղ բեմադրված առաջին պիեսներից մեկը եղել է «Հուլիոս Կեսարը»։ 1599 թվականից հետո ստեղծված Շեքսպիրի լավագույն պիեսները գրվել են «Գլոբուսի» համար, որոնց թվում են եղել՝ «Համլետ», «Օթելլո» և «Արքա Լիր»[181][183][184]։

Վերակառուցված «Գլոբուս» թատրոնը Թեմզայի հարավային ափին, Լոնդոն

1603 թվականին «Լորդ սենեկապետի ծառաները» թատերախումբը վերանվանվել է «Թագավորի մարդիկ» և հատուկ հարաբերություն է ունեցել Հակոբ Ա նոր թագավորի հետ։ Չնայած ներկայացումների մասին տեղեկությունները միանշանակ չեն, հայտնի է, որ Թագավորի մարդիկ 1604 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 1605 թվականի հոկտեմբերի 31-ն արքունիքում ներկայացրել են Շեքսպիրի յոթ պիեսներ, այդ թվում երկու անգամ ներկայացրել են «Վենետիկի վաճառականը»[83]։ 1608 թվականից հետո նրանք ներկայացումներ են տվել «Բլեքֆրայերս» թատրոնի ներսում ձմռանը և «Գլոբուսում»՝ ամռանը[185]։ Շենքի ներսում ներկայացումներ կազմակերպելը, ինչպես նաև բեմական շքեղ դիմակների Յակոբինյան նորաձևությունը Շեքսպիրին թույլ են տվել կիրառել ավելի բարդ բեմական սարքավորումներ։ «Սիմբելին» ներկայացման մեջ, օրինակ, Յուպիտերն իջնում է «որոտի ու կայծակի միջով՝ արծվի վրա նստած․ նա նետում է կայծակի հարվածներ։ Ուրվականները ծնկի են գալիս»[186][187]։

Շեքսպիրի ընկերությունում հանդես են եկել այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք են Ռիչարդ Բյորբեջը, Ուիլյամ Կեմպը, Հենրի Քոնդելը և Ջոն Հեմինգեսը։ Ռիչարդ Բյորբեջը կատարել է գլխավոր դերեր Շեքսպիրի բազմաթիվ պիեսների առաջին ներկայացումներում, այդ թվում՝ «Ռիչարդ III», «Համլետ», «Օթելլո» և «րքա Լիր»[188]։ Հայտնի կոմիկ դերասան Ուիլյամ Կեմպը կատարել է սպասավոր Փիթերի դերը «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման մեջ, Դոգբերիի դերը «Շատ աղմուկ ոչնչից» ներկայացման մեջ և այլն[189][190]։ Շուրջ 1600 թվականին նրան փոխարինել է Ռոբերտ Արմինը, որը կատարել է այնպիսի դերեր, ինչպիսիք են Փորձաքարը «Ինչպես կամենաք» և ծաղրածուն «Արքա Լիր» ներկայացումներում[191]։ 1613 թվականին սըր Հենրի Վոտտոնը գրել է, որ «Հենրի VIII» պիեսի ներկայացումն ուղեկցվել է բազմաթիվ արտակարգ դեպքերով[192]։ Հունիսի 29-ին թնդանոթի կրակից բռնկվել է «Գլոբուսի» ծղոտե տանիքը, և թատրոնն այրվել է հիմնահատակ․ սա այն եզակի դեպքերից է, երբ հայտնի է Շեքսպիրի պիեսի ստեղծման ստույգ ժամանակը[192]։

Տեքստային աղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին ֆոլիոյի տիտղոսաթերթը, 1623, Մարտին Դրուշաութի հեղինակած փորագրանկարը

1623 թվականին Ջոն Հեմինգեսն ու Հենրի Քոնդելը՝ Շեքսպիրի երկու ըկերները «Թագավորի մարդիկ» թատերախմբից, հրատարակել են Առաջին ֆոլիոն՝ Շեքսպիրի պիեսների ժողովածուն։ Այն ներառել է 36 տեքստ, որոնցից տասնութը տպագրվել են առաջին անգամ[193]։ Պիեսներից շատերը նախկինում արդեն հրատարակվել էին in-quarto տարբերակով (բարակ գրքեր, երբ թերթը ծալվել է երկու անգամ, որպեսզի ստացվի չորս թերթ)[194]։ Չկան փաստեր այն մասին, որ Շեքսպիրը հավանության է արժանացրել այդ հրատարակությունները, որոնք Առաջին ֆոլիոյում կոչվել են «գողացված և գաղտնի պատճեններ» (stol'n and surreptitious copies)[195]։ Շեքսպիրը չի նախատեսել ու չի սպասել, որ իր ստեղծագործությունները կպահպանվեն որևէ ձևով․ այդ աշխատանքները հավանաբար կկորչեին, եթե չլիներ հեղինակի մահվանից հետո նրա ընկերների հապճեպ որոշումը՝ ստեղծել և հրատարակել Առաջին ֆոլիոն[196]։

Ալֆրեդ Փոլարդը 1623 թվականից առաջ հրատարակված տարբերակների մի մասը համարում է «վատ քվարտոներ», որովհետև դրանց տեքստերը հարմարեցվել են, վերաշարադրվել և աղավաղվել, իսկ տեղ-տեղ էլ հավանաբար վերականգնվել հիշողությամբ[194][195][197]։ Եթե պահպանվել են պիեսի մի քանի տարբերակներ, ապա դրանք բոլորը տարբեր են միմյանցից։ Տարբերությունները կարող են պայմանավորված լինել պատճենման ու տպագրման սխալներով, դերասանների ու հանդիսատեսի նշումներով կամ Շեքսպիրի թղթերով[198][199]։ Որոշ դեպքերում, օրինակ, «Համլետ», «Տրոիլուս և Կրեսիդա» և «Օթելլո» պիեսներում, Շեքսպիրը կարող էր վերանայել տեքստերը քվարտոյի ու ֆոլիոյի հրատարակությունների միջև ընկած ժամանակահատվածում։ «Արքա Լիր» պիեսի դեպքում, թեև ժամանակակից հրատարակությունների մեծ մասը հակադրում է դրանք, սակայն 1623 թվականի ֆոլիո տարբերակն այնքան տարբեր է 1608 թվականի քվարտո տարբերակից, որ Oxford Shakespeare-ը տպագրել է դրանք երկուսն էլ՝ պատճառաբանելով, որ դրանք չեն կարող միավորվել առանց խառնաշփոթության[200]։

1593 և 1594 թվականներին, երբ ժանտախտի համաճարակի պատճառով թատրոնները փակվել են, Շեքսպիրը հրատարակել է երկու քնարաէպիկական պոեմներ՝ «Վեներան և Ադոնիսը» (1593) և «Լուկրեցիայի առևանգումը» (1594), որ նվիրել է Սաութհեմփթոնի կոմս Հենրի Ռիզլիին։ «Վեներան և Ադոնիսը» պոեմում անմեղ Ադոնիսը մերժում է սեռական կապ ունենալ Վեներայի հետ, իսկ «Լուկրեցիայի առևանգումը» պեոմում Լուկրեցիան, որ հավատարիմ կին է, բռնաբարվում է Տարքվինիոսի կողմից[201]։ Կրելով Օվիդիոսի «Կերպարանափոխությունների»[202] ազդեցությունը՝ պոեմները վույց են տալիս մեղքի զգացումը և բարոյական խռովքը, որ առաջանում են չվերահսկվող կրքի հետևանքով[203]։ Երկու պոեմներն էլ ժողովրդականություն են վայելել և բազմիցս վերատպագրվել են Շեքսպիրի կենդանության օրոք։ Երրորդ քնարաէպիկական պոեմը՝ «Սիրահարի տրտունջը», որում երիտասարդ կինը գանգատվում է իր նախկին սիրեկանից, որը հետապնդել է ու գայթակղել իրեն, ապա լքել, տպագրվել է «Սոնետների» առաջին հրատարակությունում 1609 թվականին։ Ուսումնասիրողների մեծ մասը ներակայում ընդունում է, որ «Սիրահարի տրտունջը» գրել է Շեքսպիրը, իսկ քննադատները կարծում են, որ նրա լավագույն որակները մռայլված են ճնշող էֆեկտներով[204][205][206]։ «Փյունիկն ու տատրակը» պոեմը, որ տպագրվել է Ռոբերտ Չեստերի՝ 1601 թվականին հրատարակված «Love's Martyr» ժողովածուում, ողբում է առասպելական փյունիկի ու նրա սիրելիի՝ հավատարիմ տատրակի մահը։ 1599 թվականին 138 և 144 սոնետների երկու վաղ տարբերակները ներառվել են «Կրքավառ ուխտագնացը» (անգլ.՝ The Passionate Pilgrim) աշխատանքում, որ հրատարակվել է Շեքսպիրի անունից, բայց առանց նրա թույլտվության[204][206][207]։

Շեքսպիրի սոնետների (անգլ.՝ Shake-Speares Sonnets) 1609 թվականի հրատարակության տիտղոսաթերթը

Շեքպիրի Սոնետները, որ հրատարակվել են 1609 թվականին, եղել են նրա վերջին ոչ դրամատիկակական ստեղծագործությունները, որ տպագրվել են։ Ստույգ հայտնի չէ, թե երբ է գրվել 154 սոնետներից յուրաքանչյուրը, բայց կան վկայություններ, որ Շեքսպիրը սոնետներ գրել է իր ամբողջ ստեղծագործական կյանքի ընթացքում մասնավոր ընթերցանության համար[208][209]։ Նախքան 1599 թվականին «Կրքավառ ուխտագնացում» երկու սոնետների՝ առանց հեղինակի թույլտվության տպագրվելը Ֆրենսիս Մերեսը 1598 թվականին նշել է, որ Շեքսպիրի սոնետները տարածված են նրա ընկերների շրջանում[210]։ Քիչ ուսումնասիրողներ են այն կարծիքին, որ սոնետների հրատարակությունը հետևել է հեղինակի առաջարկած հաջորդականությանը[211]։ Հավանաբար նա նախատեսել է միմյանց հակադրվող երկու շարքեր, որոնցից մեկը նվիրված է դեմքի թուխ գույն ունեցող ամուսնացած կնոջ նկատմամբ անվերահսկելի կրքի (անգլ.՝ dark lady), մյուսը՝ երիտասարդ մարդու նկատմամբ կոնֆլիկտային սիրուն (անգլ.՝ fair youth)։ Հայտնի չէ, թե արդյոք այդ ստեղծագործությունների հերոսները եղել են իրական անձինք, ինչպես նաև այն, թե արդյոք հեղինակային «Ես»-ը ներկայացնում է Շեքսպիրին, չնայած Ուիլյամ Վորդսվորթը ենթադրել է, որ սոնետներում Շեքսպիրը բացել է իր սիրտը[210][209]։

Կարիք կա՞ արդյոք քեզ համեմատել ամռան օրվա հետ,
Օ՜, դու ավելի չնաշխարհիկ ես, շա՜տ ավելի մեղմ։

Հատված Շեքսպիրի «Սոնետ 18»-ից[212][213]

1609 թվականի հրատարակությունը նվիրվել է Mr. W.H.-ին, որը համարվել է այդ ստեղծագործությունների «միակ սկզբնապատճառ»։ Հայտնի չէ, թե արդյոք դա գրվել է Շեքսպիրի, թե հրատարակչի՝ Թոմաս Թորպի կողմից, որի անվան ու ազգնվան սկզբնատառերը գրվել են ընծայականի էջի ներքևում, և ոչ էլ հայտնի է, թե ով է Mr. W.H.-ն, չնայած կան մի շարք վարկածներ, ինչպես նաև հայտնի չէ, թե արդյոք Շեքսպիրն արտոնել է այդ հրատարակությունը[214]։ Քննադատները բարձր են գնահատում Շեքսպիրի սոնետները՝ դրանք համարելով սիրո բնույթի, սեռական կրքի, ծննդյան, մահվան ու ժամանակի թեմաներին նվիրված խորիմաստ խորհրդածություններ[215]։

Շեքսպիրի առաջին պիեսները գրվել են այդ ժամանակին բնորոշ ոճով։ Նա դրանք գրել է ոճավորված լեզվով, որը միշտ չէ, որ բխում էր կերպարի կամ դրամայի բնույթից[216]։ Պոեզիան ծանրաբեռնված է ընդարձակ, երբեմն մանրամասն մտածված փոխաբերություններով, և լեզուն հաճախ հռետորական է և գրված է դերասանների կողմից արտասանվելու, ոչ թե ասելու համար։ «Տիտոս Անդրոնիկոսի» հանդիսավոր խոսքերը հաճախ դանդաղեցնում են գործողությունները, իսկ «Վերոնացի երկու ազնվական» պիեսի չափածոն համարվել է անբնական[217][218]։

Գթություն, Ուիլյամ Բլեյք, 1795, Թեյթ բրիտանական պատկերասրահ․ երկու համեմատությունների պատկերումը «Մակբեթ» ողբերգությունում․

Եվ գթությունը, որպես մորեմերկ նորածին մանուկ,
Փոթորկի վրա աշտանակելով,
Կամ թե երկնքի ահեղ քերովբեն
Հեծնելով օդի անտեսանելի երիվարները,
Այնպես կփչեն ահռելի գործը ամեն մի աչքի,
Որ արցունքները կխեղդեն հողմը:

Սակայն շուտով Շեքսպիրն սկսել է ավանդական ոճերը համապատասխանեցնել իր նպատակներին։ «Ռիչարդ III» պիեսի սկզբի մենախոսությունը իր արմատներով գալիս է միջնադարյան դրամաներում Արատ կոչվող կերպարի ինքնաներկայացումից։ Միևնույն ժամանակ Ռիչարդի մենախոսությունընման է Շեքսպիրի հասուն շրջանի պիեսների մենախոսություններին[220][221]։ Ոչ մի առանձին պիեսում արտահայտված չէ անցումն ավանդականից ավելի ազատ ոճի։ Շեքսպիրը միավորել է դրանք իր հետագա ողջ ստեղծագործական գործունեության ընթացքում, և «Ռոմեո և Ջուլիետ» պիեսը ոճերի միավորման լավագույն օրինակն է[222]։ Մինչ 1590-ական թվականները, երբ ստեղծվել են «Ռոմեո և Ջուլիետ», «Ռիչարդ II» և «Միջամառային գիշերվա երազ» պիեսները, Շեքսպիրին սկսել է ստեղծել ավելի բնական ոճ ունեցող պոեզիա։ Նա գնալով փոխաբերություններն ու կերպարներն ավելի է հարմարեցրել տվյալ դրամայի պահանջներին։

Շեքսպիրի երկերը նրա ստեղծագործության սկզբնաշրջանում եղել են հանգավորված, երկրորդ կեսին մեծ մասամբ դարձել են անհանգ[223]։ Դրանք հիմնականում գրված են հնգոտնյա յամբով։ Գործնականում դա նշանակում էր, որ նրա ոտանավորը, որպես կանոն, եղել է չհանգավորված և մեկ տողը ներառել է տասը վանկ, որոնցից շեշտված էր յուրաքանչյուր երկրորդը։ Նրա վաղ շրջանի պիեսների անհանգ ոտանավորը զգալիորեն տարբերվում է ուշ շրջանի անհանգ ոտանավորից։ Դրանք գեղեցիկ են, սակայն նրա նախադասությունները միտում ունեն սկսվելու, ընդմիջվելու կամ ավարտվելու տողի վերջում, ինչն առաջացնում է միօրինակություն[224]։ Ավանդական անհանգ ոտանավորի յուրացնելուց հետո Շեքսպիրն սկսել է ընդմիջել և փոխել այն։ Այդ տեխնիկայի օգտագործումը նոր հզորություն և ճկունություն է տվել նրա պոեզիային այնպիսի պիեսներում, ինչպիսիք են՝ «Հուլիոս Կեսար» և «Համլետ» ստեղծագործությունները։ Օրինակ՝ Շեքսպիրն օգտագործել է այն Համլետի գիտակցության մեջ տիրող խառնաշփոթը փոխանցելու համար[225]

Sir, in my heart there was a kind of fighting
That would not let me sleep. Methought I lay
Worse than the mutines in the bilboes. Rashly—
And prais'd be rashness for it—let us know
Our indiscretion sometimes serves us well ...[225]

Հայերեն՝ Լսիր, սրտիս մեջ կարծես մի տեսակ պայքար էր մղվում և թույլ չէր տալիս, որ քուն մտնեի։ Ես ինձ ավելի վատ էի զգում, քան տաժանակիր ապստամբները շղթաների տակ։ Աճապարանքով, և օրհնյալ լինի աճապարանքը, քանի որ հաճախ, թող գիտենանք այդ, անխոհեմությունն ավելի լավ է մեր բանին գալիս․․․

«Համլետից» հետո Շեքսպիրը շարունակել է փոփոխել իր պոետական ոճը, մասնավորապես դա իր արտահայտություն է գտել ուշ շրջանի ողբերգությունների զգացմունքային հատվածներում։ Գրաքննադատ Էնդրյու Սեսիլ Բրեդլին այդ ոճը նկարագրել է որպես «ավելի կենտրոնացված, արագ, բազմազան և կառուցվածքի տեսանկյունից՝ պակաս կանոնավոր»[226]։ Իր գրական գործունեության վերջին շրջանում Շեքսպիրն այդ էֆեկտին հասնելու համար օգտագործել է բազմաթիվ մեթոդներ, այդ թվում՝ անժամբեմանը, ոչ կանոնավոր ընդմիջումներն ու դադարները և նախադասության կառուցման ու երկարության խիստ տարբեր ձևեր[227]։ «Մակբեթում», օրինակ, մի փոխաբերությունից կամ համեմատությունից անցում է կատարվում դրա հետ կապ չունեցող մեկ այլ մետաֆորի կամ համեմատության, օրինակ՝ «Հարբա՞ծ էր, ուրեմն, այն հույսը, որով զարդարվել էիր» (անգլ.՝ was the hope drunk/ Wherein you dressed yourself?, 1.7.35–38), «Եվ գթությունը, որպես մորեմերկ նորածին մանուկ, Փոթորկի վրա աշտանակելով, Կամ թե երկնքի ահեղ քերովբեն Հեծնելով օդի անտեսանելի երիվարները...» (անգլ.՝ ․․․pity, like a naked new-born babe/ Striding the blast, or heaven's cherubim, hors'd/ Upon the sightless couriers of the air ..., 1.7.21–25)։ Ունկնդիրը երբեմն ստիպված է լինում ինքն ավարտին հասցնել միտքը[227]։ Ուշ շրջանի ռոմատիկական պիեսներում, որոնց հատուկ են տեղափոխությունները ժամանակի մեջ և սյուժեի կտրուկ շրջադարձները, ներշնչել են վերջին շրջանի պոետական ոճի ձևավորումը, որում երկար ու կարճ նախադասությունները հակադրվում են միմյանց, սուբյեկտն ու օբյեկտը փոխում են տեղերը, իսկ բառերը բաց են թողնվում՝ ստեղծելով ինքնաբերականության տպավորություն[228]։

Շեքսպիրը բանաստեղծական հանճարը համատեղել է թատրոնի գործնական ընկալման հետ[229]։ Իր ժամանակի բոլոր դրամատուրգների նման նա թատերականացրել է այնպիսի հեղինակների աշխատանքներ, ինչպիսիք են Պլուտարքոսն ու Ռաֆայել Հոլինշեդը[230]։ Նա փոփոխությունների է ենթարկել այդ սյուժեները, որպեսզի ստեղծի հետաքրքրության մի քանի կենտրոն և պատմությունը հանդիսատեսին ներկայացնի հնարավորինս շատ կողմերից։ Դրա շնորհիվ նրա ստեղծագործությունները կարող են թարգմանվել, կրճատվել կամ վերամեկնաբանվել՝ չկորցնելով իր հիմնական իմաստն ու դրաման[231]։ Շեքսպիրի վարպետության զարգացմանը զուգահեռ նա իր կերպարներին տվել է ավելի հստակ ու բազմազան մոտիվացիաներ և խոսքի հատկանշական ձևեր։ Սակայն նա պահպանել է իր վաղ շրջանի ոճի որոշ գծեր ուշ շրջանի պիեսներում։ Իր ուշ շրջանի ռոմանտիկական դրամաներում Շեքսպիրը վերադարձել է ավելի արհեստական ոճին, որպեսզի ընդգծի թատրոնի պատրանքային, երևակայական բնույթը[232][233]։

Ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մակբեթը տեսնում է զինված գլուխը, Հենրի Ֆյուզելի, 1793-1794, Ֆոլջերի Շեքսպիրի գրադարան, Վաշինգտոն

Շեքսպիրը ստեղծագործությունը տևական ազդեցություն է թողել հետագայում թատրոնի և գրականության վրա։ Մասնավորապես նա ընդլայնել է բնութագրման, սյուժեի, լեզվի և ժանրի դրամատիկական ներուժը[234]։ Նախքան «Ռոմեո և Ջուլիետ» պիեսը, օրինակ, ռոմանտիկան չի դիտարկվել որպես արժանի թեմա ողբերգության համար[235]։ Մենախոսություններն օգտագործվել են հիմնականում կերպարների ու իրադարձությունների մասին տեղեկություններ հաղորդելու համար, բայց Շեքսպիրը դրանց օգնությամբ ներկայացրել է կերպարների մտքերը[236]։ Նրա ստեղծագործություններն ուժեղ ազդեցություն են թողել հետագա պոեզիայի վրա։ Ռոմանտիզմի ներկայացուցիչ բանաստեղծները փորձել են վերականգնել շեքսպիրյան չափածո դրաման, բայց մեծ հաջողություն չեն ունեցել։ Քննադատ Ջորջ Սթայներն անգլիական չափածո դրամաները, որ ստեղծվել են Սամուել Քոլրիջից մինչև Ալֆրեդ Թեննիսոնի ապրած ժամանակաշրջանում, կոչել է «թույլ վարիացիաներ շեքսպիրյան թեմաներով»[237]։

Շեքսպիրի ազդեցությունը կրել են այնպիսի գրողներ, ինչպիսիք են Թոմաս Հարդին, Ուիլյամ Ֆոլքներ և Չարլզ Դիքենսը։ Ամերիկացի գրող Հերման Մելվիլի մենախոսությունները շատ բանով պարտական են Շեքսպիրին․ նրա «Մոբի Դիք» վեպի հերոս Կապիտան Ահաբը դասական ողբերգական հերոս է, որի կերպարի ստեղծումը ներշնչվել է Լիր արքայից[238]։ Գիտնականներն հաշվել են Շեքսպիրի երկերի հետ կապված 20 000 երաժշտական ստեղծագործություններ։ Դրանց թվում են Ջուզեպպե Վերդիի հեղինակած երեք օպերաները՝ «Մակբեթ», «Օթելլո և «Ֆալստաֆ», որոնք քննադատների կողմից նույն գնահատականին են արժանացել, ինչ իրենց համար հիմք հանդիսացած գործերը[239]։ Շեքսպիրը ոգեշնչել է նաև բազմաթիվ նկարիչների, որոնց թվում եղել են ռոմանտիկներ և պրեռաֆայելիտներ։ Շվեյցարացի ռոմանտիկ նկարիչ Հենրի Ֆյուզելի՝ Ուիլյամ Բլեյքի ընկերը, նույնիսկ թարգմանել է «Մակբեթը» գերմաներեն[240]։ Հոգեվերլուծաբան Զիգմունդ Ֆրոյդը հիմնվել է շեքսպիրյան հոգեբանության վրա, մասնավորապես օգտագործել է Համլետի կերպարը մարդու էության վերաբերյալ իր տեսության համար[241]։

Շեքսպիրի օրոք անգլերենի քերականությունը, ուղղագրությունն ու առոգանությունն այնչափ խիստ կանոնակարգված չի եղել, ինչպես ներկայում[242], և Շեքսպիրի լեզուն նպաստել է ժամանակակից անգլերենի ձևավորմանը[243]։ Սեմյուել Ջոնսոնն իր «Անգլերենի բառարանում» (անգլ.՝ A Dictionary of the English Language), որ եղել է առաջին լուրջ աշխատանքն իր տեսակի մեջ, Շեքսպիրից ավելի շատ մեջբերումներ է կատարել, քան որևէ այլ հեղինակից[244]։ Նրա բառապաշարն աշխարհի բոլոր գրողներից ամենահարուստն է[245]։ Այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ with bated breath («շունչը պահած», «Վենետիկի վաճառականը») և a foregone conclusion (, «Օթելլո») դարձել են անգլերենի խոսակցական ամենօրյա բառապաշարի մաս[246][247]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ոչ թե մի դարաշրջանի համար է,
այլ բոլոր ժամանակների։
He was not of an age, but for all time.

Շեքսպիրը չի մեծարվել իր կենդանության օրոք, բայց նրա ստեղծագործություններն արժանացել են բազմաթիվ գովասանությունների[249][250]։ 1598 թվականին հոգևորական և գրող Ֆրենսիս Մերիսը Շեքսպիրին առանձնացրել է անգլիացի գրողների շարքում՝ նրա համարելով «ամենագերազանցը» (անգլ.՝ the most excellent) ինչպես կատակերգության, այնպես էլ ողբերգության բնագավառում[251][252]։ Քեմբրիջի Սուրբ Ջոնի քոլեջի «Parnassus» պիեսների ժողովածուի հեղինակները նրան դասել են նույն շարքում Ջեֆրի Չոսերի, Ջոն Գաուերի և Էդմունդ Սպենսերի հետ[253]։ Առաջին ֆոլիոյում Բենջամին Ջոնսոնը Շեքսպիրին կոչել է«Դարաշրջանի հոգին, ծափահարությունների, հիացմունքի արժանի, մեր բեմի հրաշք (անգլ.՝ Soul of the age, the applause, delight, the wonder of our stage), չնայած մի այլ տեղ նա գրել է, թե «Շեքսպիրը փնտրել է արվեստ» (անգլ.՝ Shakespeare wanted art)[248]։

1660 թվականին միապետության վերականգնումից մինչև 17-րդ դարի վերջը բարձր են գնահատվել կլասիցիզմի գաղափարները։ Որպես արդյունք, այդ ժամանակաշրջանի քննադատները Շեքսպիրին ավելի ցածր են դասել, քան Ջոն Ֆլեթչերին ու Բեն Ջոնսոնին[254]։ Թոմաս Ռիմերը, օրինակ, Շեքսպիրին քննադատել է կատակերգականը ողբերգականի հետ խառնելու համար։ Այնուամենայնիվ, բանաստեղծ և քննադատ Ջոն Դրայդենն ավելի բարձր է գնահատել Շեքսպիրին՝ Ջոնսոնի մասին ասելով․ «Ես հիանում եմ նրանով, բայց սիրում եմ Շեքսպիրին[255]։ Մի քանի տասնամյակների ընթացքում գերակշռել Ռիմերի հայացքները, բայց 18-րդ դարում քննադատներն սկսել են ըստ արժանվույն գնահատել Շեքսպիրին և ողջունել նրան՝ կոչելով բնածին հանճար։ Նրա ստեղծագործությունների գիտական հրատարակությունների շարքերը, որոնցից նշանակալի են հատկապես 1765 թվականին Սեմյուել Ջոնսոն և 1790 թվականին Էդմոնդ Մալոունի կատարածները, էլ ավելի են խթանել են նրա հեղինակության բարձրացմանը[256][257]։ Մինչև 1800 թվականը նա արդեն հաստատապես համարվել է Անգլիայի ազգային բանաստեղծ[258]։ 18-րդ և 19-րդ դարերում նրա հեղինակությունը տարածվել է նաև օտար երկրներում։ Ի թիվս այլոց նրան բարձր են գնահատել Վոլտերը, Գյոթեն, Ստենդալը և Վիկտոր Հյուգո[259][Ն 9]

Վիլյամ Շեքսպիրի արձանը Չիկագոյի Լինքոլն այգում (ստեղծվել է 19-րդ դարին և 20-րդ դարի սկզբին հատուկ ձևով)

Ռոմանտիզմի դարաշրջանում Շեքսպիրին գովաբանել է բանաստեղծ և գրականության փիլիսոփա Սամուել Քոլրիջ, իսկ քննադատ Ավգուստ Վիլհելմ Շլեգելը թարգմանել է նրա պիեսները գերմանական ռոմանտիզմի ոգով[261]։ 19-րդ դարում Շեքսպիրի հանճարով սքանչացումը հաճախ սահմանափակվել է քծնանքով[262]։ Էսսեիստ Թոմաս Քարլայլը 1840 թվականին գրել է, թե «այդ թագավոր Շեքսպիրը չի փայլում․․․ բոլորից վեր» որպես ազնվագույնը, բայց ամենահաստատունն է ու «անխորտակելի»[263]։ Վիկտորյական դարաշրջանում Շեքսպիրի ստեղծագործությունները ներկայացվել են որպես մեծ մասշտաբով շքեղ պատկերներ[264]։ Դրամատուրգ և քննադատ Ջորջ Բեռնարդ Շոուն քննադատել է Շեքսպիրի երկրպագությունը՝ այն կոչելով «բարդոլատրիա» (անգլ.՝ bardolatry) և հայտարարել, որ Հենրիկ Իբսենի դրամաների նոր նատուրալիզմը Շեքսպիրի պիեսները դարձնում է հնացած[265]։

20-րդ դարի սկզբում արվեստում տեղի ունեցած մոդեռնիստական հեղափոխությունից հետո Շեքսպիրի ստեղծագործությունները համարվել են ավանգարդիստական։ Գերմանիայում էքսպրեսիոնիստները և Մոսկվայում ֆուտուրիստները բեմադրել են նրա պիեսները։ Մարքսիստ դրամատուրգ և ռեժիսոր Բերտոլդ Բրեխտը Շեքսպիրի ազդեցությամբ մշակել է էպիկական թատրոն։ Բանաստեղծ և քննադատ Թոմաս Սթեռնս Էլիոթը ընդդիմացել է Բեռնարդ Շոուին՝ նշելով, որ Շեքսպիրի «պարզությունը» (անգլ.՝ primitiveness) նրան դարձնում է իրապես ժամանակակից[266]։ Էլիոթը Գ․ Ուիլսո Նայթի ու նոր քննադատության դպրոցի ներկայացուցիչների հետ միասին գլխավորել է Շեքսպիրի ստեղծած պատկերների ավելի մանրամասն մեկնաբանության շարժում։ 1950-ական թվականներին նոր քննադատական մոտեցումները փոխարինել են մոդեռնիզմին և ուղի հարթել Շեքսպիրի ստեղծագործության պոստմոդեռնիստական ուսումնասիրության համար[267]։ Մինչև 1980-ական թվականներ Շեքսպիրի ստեղծագործություններն ուսումնասիրվել են այնպիսի ուղղությունների կողմից, ինչպիսիք են ստրուկտուրալիզմը, ֆեմինիզմը, նոր պատմականությունը, աֆրոամերիկացիների ուսումնասիրություններն ու քվիր ուսումնասիրությունները[268][269]։ Բազմակողմանիորեն ուսումնասիրելով Շեքսպիրի ստեղծագործություններն ու նրա գրական ձեռքբերումները համեմատելով փիլիսոփայության ու աստվածաբանության առաջատար գործիչների ձեռքբերումների հետ՝ Հարոլդ Բլումը նշել է, թե «Շեքսպիրը եղել է ավելի մեջ, քան Պլատոնն ու Օգոստինոս Երանելին»[270]։

Երկերի դասակարգում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուիլյամ Շեքսպիրի պիեսները, Ջոն Գիլբերտ, 1849

Շեքսպիրի երկերը ներառում են 36 պիեսներ, որ 1623 թվականին տպագրվել են Առաջին ֆոլիոյում, որոնք դրան համապատասխան դասակարգվում են որպես կատակերգություններ, քրոնիկներ ու ողբերգություններ[271]։ Առաջին ֆոլիոյում չեն ընդգրկվել երկու պիեսներ՝ «Երկու ազնվական ազգականներ» և «Պերիկլես», որոնք ներկայում դիտարկվում են որպես կանոնի մաս, և գիտնականները կարծում են, որ Շեքսպիրը մեծ ներդրում է ունեցել այդ երկու պիեսների ստեղծման գործում[272][273]։ Շեքսպիրի պոեմներից ոչ մեկը չի ընդգրկվել Առաջին ֆոլիոյում։

19-րդ դարի վերջին Էդվարդ Դոուդենը Շեքսպիրի ուշ շրջանի կատակերգություններից չորսը դասակարգել է որպես ռոմանտիկական, և չնայած բազմաթիվ գիտնականներ դրանք համարում են ողբերգակատակերգություններ, Դոուդենի տերմինը նույնպես օգտագործվում է[274][275]։ 1896 թվականին Ֆրեդերիկ Բոասը ներմուծել է պրոբլեմային պիես տերմինը՝ բնութագրելու համար Շեքսպիրի չորս պիեսներ՝ «Լավ է այն, ինչ լավ է վերջանում», «Չափն ընդդեմ չափի», «Տրոիլուս և Կրեսիդա» և «Համլետ»[276]։ «Դրամաները, որոնք եզակի են իրենց թեմայով ու բնույթով, չեն կարող կտրականապես կոչվել կատակերգություններ կամ ողբերգություններ,– գրել է նա։– Այդ պատճառով էլ մենք կարող ենք վերցնել տերմին ժամանակակից թատրոնից կամ դրանք միասին դասակարգել որպես Շեքսպիրի պրոբլեմային պիեսներ»[277]։ Տերմինը բազմաթիվ քննարկումների տեղիք է տվել ու երբեմն վերագրվում է այլ պիեսների ու մնում գործածական, բայց «Համլետ» պիեսը վերջնական արդյունքում դասակարգվել է որպես ողբերգություն[278][279][280]։

Վարկածներ Շեքսպիրի անձի վերաբերյալ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակության հարց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեքսպիրի մահվանից շուրջ 230 տարի անց սկսել են կասկածներ հայտնվել Շեքսպիրին վերագրվող ստեղծագործությունների հեղինակության վերաբերյալ[281]։ Ենթադրյալ այլընտրանքային հեղինակների թվում նշվել են Ֆրենսիս Բեկոնը, Քրիստոֆեր Մառլոն և Օքսֆորդի 17-րդ կոմս Էվարդ դե Վերը[282]։ Ըստ մի շարք վարկածների՝ Շեքսպիրի ստեղծագործությունները գրել է ոչ թե առանձին անհատ, այլ հեղինակների խումբ[283]։ Գիտնականների միայն մի փոքր մասն է համակարծիք, թե պատճառ կա կասկածի տակ դնելու ավանդական ակադեմիական մոտեցումները[284], բայց այդ հարցի, մասնավորապես Շեքսպիրի հեղինակության օքսֆորդյան տեսության վերաբերյալ հետաքրքրությունը շարունակվում է մինչև 21-րդ դար[285][286][287]։

Տեսություններից մեկը հիմնվում է այն փաստի վրա, որ չեն պահպանվել տեղեկություն Շեքսպիրի ուսումնառության վերաբերյալ, այնինչ նրա ստեղծագործությունների բառապաշարը, ըստ տարբեր հաշվարկների, կազմում է 17 500-29 000 բառ[288], ինչպես նաև նրանցում արտահայտություն են գտել հեղինակի խորը գիտելիքները պատմության և գրականության բնագավառում։ Քանի որ չի պահպանվել Շեքսպիրի ձեռքով գրված ոչ մի ձեռագիր, ավանդական տարբերակի հակառակորդները պնդում են, որ նրա գրական կարիերան կեղծվել է։

Կրոնական հայացքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեքսպիրը հետևել է պետական պաշտոնական կրոնին, բայց կրոնի նկատմամբ ունեցած նրա անձնական հայացքները եղել են բանավեճերի թեմա։ Շեքսպիրի կտակում օգտագործվել է բողոքական բանաձև[289], և նա եղել է անգլիկան եկեղեցու անդամ, որտեղ ամուսնացել է, կնքել իր երեխաներին ու թաղվել։ Որոշ գիտնականներ պնդում են, որ Շեքսպիրի ընտանիքի անդամները եղել են կաթոլիկներ, թեև այդ ժամանակ կաթոլիկությունն Անգլիայում եղել է անօրինական[290]։ Շեքսպիրի մայրը՝ Մերի Արդենը, սերել է բարեպաշտ կաթոլիկների ընտանիքից։ Կարևոր վկայություն կարող է լինել կաթոլիկ լինելու հայտարարությունը, որ ստորագրվել է Շեքսպիրի հոր՝ Ջոն Շեքսպիրի կողմից և գտնվել 1757 թվականին Հենլի Սթրիթում գտնվող նրա նախկին տանը։ Այնուամենայնիվ, այդ փաստաթուղթը ներկայում կորած է, և գիտականները կասկած են հայտնում նրա իսկության վերաբերյալ[291][292]։ 1591 թվականին իշխանությունները հայտնել են, որ Ջոն Շեքսպիրը չի հաճախում եկեղեցի[293][294][295]։ 1606 թվականին Շեքսպիրի դստեր՝ Սուսաննայի անունը հայտնվել է այն մարդկանց ցուցակում, որոնք ներկա չեն գտնվել Զատկի հաղորդությանը Ստրատֆորդում[293][294][295]։ Այլ հեղինակներ պնդում են, թե վկայություններ չկան Շեքսպիրի՝ պաշտոնական կրոնից շեղվելու վերաբերյալ։ Գիտնականները գտնում են Շեքսպիրի կաթոլիկ, բողոքական լինելը հաստատող կամ դա բացառող փաստեր, ինչպես նաև վկայություններ այն մասին, որ նրա ստեղծագործություններում կրոնն արտացոլված չէ, բայց ճշմարտությունը ստույգ հայտնի չէ[296][297]։

Սեռական կողմնորոշում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեքսպիրի սեռական կողմնորոշման վերաբերյալ քիչ տվյալներ են հայտնի։ Տասնութ տարեկանում նա ամուսնացել է քսանվեցամյա Էննա Հաթաուեյի հետ, որը հղի էր։ Սուսաննան՝ նրանց ավագ դուստրը, ծնվել է ամուսնությունից վեց ամիս անց՝ 1583 թվականի մայիսի 26-ին։ Դարեր անց որոշ ընթերցողներ Շեքսպիրի սոնետները համարում են ինքնակենսագրական[298] և դրանք ներկայացնում որպես երիտասարդ տղամարդու նկատմամբ նրա սիրո վկայություններ։ Ուրիշներն այդ հատվածները համարում են մտերիմ ընկերության, ոչ թե ռոմանտիկ սիրո արտահայտություն[299][300][301]։ Այսպես կոչված «Թուխ տիկնոջը» (անգլ.՝ Dark Lady) նվիրված 26 սոնետները, որ ուղղված են ամուսնացած կնոջ, ներկայացվում են որպես նրա հետերոսեքսուալ կողմնորոշման ապացույց[302]։

Շեքսպիրի արտաքինի ոչ մի գրավոր նկարագրություն (արված նրա կենդանության օրոք) չի պահպանվել, և ոչ մի վկայություն չկա այն մասին, թե նա երբևէ պատվիրել է դիմանկար, այդ պատճառով էլ Մարտին Դրուշաութի հեղինակած փորագրանկարը, որի մասին Բեն Ջոնսոնն ասել է, թե այն շատ նման է Շեքսպիրին[303], ինչպես նաև նրա գերեզմանին տեղադրված արձանը նրա արտաքինի վերաբերյալ լավագույն վկայություններն են։ 18-րդ դարից սկսած տարբեր նկարներ են ներկայացվել որպես Շեքսպիրի դիմանկարներ։ Շեքսպիրի դիմանկարը գտնելու ձգտումն ստիպել է ստեղծել մի շարք կեղծ դիմանկարներ, ինչպես նաև այլ մարդկանց նկարները վերագրել Շեքսպիրին[304]։

Շեքսպիրը հայ իրականության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ իրականության մեջ Շեքսպիրի ստեղծագործությանը առաջինն անդրադարձել է Հովսեփ Էմինը։ Նրա հուշերում՝ «Հովսեփ Էմինի՝ մի հայի կյանքն ու արկածները» (անգլերեն, 1792), նշված են Շայլոքն ու Օթելլոն։ Էմինի գրքի մի գլուխը վերնագրված է «Էմինը Օթելլոյի դերում»։

1822 թվականին Կալկաթայի «Շտեմարան» հանդեսում հիշատակվել են Շեքսպիրի «Համլետ», «Վերոնացի երկու ազնվականներ», «Միջամառնային գիշերվա երազ», «Չափն ընդդեմ չափի», «Տասներկուերորդ գիշեր», «Շատ աղմուկ ոչնչից», «Օթելլո» գործերը և նրանցից թարգմանվել առանձին տողեր[305]։ 1839 թվականին Շեքսպիրը հիշվել է Մ․ Մաղաք-Թեոփիլյանցի «Կենսագրություն երևելի արանց» գրքի 2-րդ հատորում։

Թարգմանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերեն (աշխարհաբար) առաջին թարգմանությունը տպագրվել է 1853 թվականին, «Արփի Արարատյան» հանդեսում («Կատակերգություն սխալանաց», թարգմանիչ՝ Կ․ Տետեյան)։ Շեքսպիրի երկերի առաջին լրիվ թարգմանությունները նույնպես կատարել է Կ․ Տետեյանը՝ «Վենետիկի վաճառականը» (1862, «Հավերժահարս» հանդես), «Հռոմեոս և Ճիւլլեէդդա» (1866), նրան է պատկանում նաև «Համլետի» թարգմանությունը՝ հատվածաբար տպագրված «Դիմակ» հանդեսում։

Հետագա տարիներին Շեքսպիր են թարգմանել Գ․ Բարխուդարյանը («Վենետիկի վաճառականը», 1879), Ս․ Սուլխանյանը («Օթելլո», 1880), Ս․ Արծրունին («Համլետ», բեմ․ 1880, հրտ․ 1889, «Լիր արքա», 1883), Հ․ Լալայանը («Զուր տեղը մեծ աղմուկ», 1888), Ս․ Մալխասյանը («Լիր թագավոր», 1888, «Մակբեթ», 1892), Ա․ Համբարգաբթանը («Աստղիկ և Ասանիս», 1886), Ա․ Մանդինյանը («Անսանձի սանձահարումը», բեմադրվել է 1880 թվականին, հրատարակվել է 1918 թվականին), Գ․ Բաբազյանը («Համլետ», 1899, «Օթելլո», 1904), Մաթիլդ Պաղտասարյանը («Հուլիոս Կեսար», 1910), Մ․ Նուպարյանը («Ռոմեո և Ջուլիետ», 1910), Գ․ Ֆնտըքլյանը («Անտոնիոս և Կլեոպատրա», 1911)։ Մի քանի ավարտուն թարգմանությունների հեղինակ է նաև նկարիչ Վ․ Սուրենյանցը, որոնցից հրատարակված է «Միջամառնային գիշերվա երազը» (1912)։

Շեքսպիրի անգերազանց թարգմանիչն է Հովհաննես Մասեհյանը։ Բացառիկ տեղ են գրավում նրա թարգմանությունների ընդարձակ առաջաբանները և ծանոթագրությունները, որոնցում թարգմանիչը հանդես է եկել նաև իբրև համաշխարհային շեքսպիրագիտության պատմաբան։ Հետագա տասնամյակների հայտնի թարգմանիչներից են Վ․ Թերզիբաշյանը, Խաչիկ Դաշտենցը, Հ․ Սևանը, Ս․ Ալաջաջյանը։ Նորագույն շրջանի թարգմանիչներից է բանասիրական գիտությունների դոկտոր Արամ Թոփչյանը։ Նրա թարգմանությամբ լույս են տեսել «Համլետը» (2013), «Լիր արքան» (2015) և «Օթելլոն» (2018) ու «Ռոմեո և Ջուլիետը» (2020)։ Նա իր թարգմանություններն օժտել է ընդարձակ ուսումնասիրություններով ու մանրակրկիտ ծանոթագրություններով, որոնցում արտացոլված է համաշխարհային շեքսպիրագիտության արդի մակարդակը։

Սոնետների առաջին հայերեն ամբողջական թարգմանությունը (Դ․ Դավթյան, Հ․ Քելեշյան) տպագրվել է 1961 թվականին։

Շեքսպիրի ստեղծագործությանն անդրադարձել են մեծ թվով հայ մտավորականներ, գրականագետներ, գրողներ՝ Ս․ Տիգրանյան, Խաչատուր Աբովյան, Ստեփանոս Նազարյան, Միքայել Նալբանդյան, Պետրոս Դուրյան, Պետրոս Ադամյան, Սիրանույշ, Ղազարոս Աղայան, Հովհաննես Հովհաննիսյան, Լևոն Մանվելյան, Լեո, Վ․ Նալբանդյան, Հովհաննես Թումանյան, Մանուկ Աբեղյան, Թեոդիկ, Ռուբեն Որբերյան, Վահան Թեքեյան, Արշակ Չոպանյան և շատ ուրիշներ։ Խորհրդային շրջանում Շեքսպիրի և նրա հայկական առնչությունների մասին գրել են Ս․ Հակոբյանը, Հարություն Սուրխաթյանը, Վահրամ Թերզիբաշյանը, Հայկ Գյուլիքևխյանը, Ա․ Ադամյանը, Լևոն Քալանթարը, Ս․ Հարությունյանը, Ս․ Մելիքսեթյանը, Հ․ Մամիկոնյանը, Լ․ Սամվելյանը, Ա․ Արմենյանը, Ռ․ Զարյանը, Վ․ Փափազյանը, Ս․ Սողոմոնյանը և ուրիշներ։

Կլասիցիզմի սկզբունքների դիտանկյունից XIX դարի կեսերին և հետո Շեքսպիրին գնահատել են Մխիթարյան գիտնականներ Ա․ Քասկանտիլյանը, Գ․ Զարբհանալյանը և ուրիշներ։

Շեքսպիրը հայկական բեմի վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պետրոս Ադամյանը Համլետի դերում

Շեքսպիրի դրամատիկ երկերի հայկական բեմադրությունների պատմությունն սկսվել է 1866 թվականի մայիսից՝ Թովմաս և Պայծառ Ֆասուլաճյանների հատվածաբար ներկայացրած «Վենետիկի վաճառականով» (Թիֆլիս)։ Շեքսպիրյան երկի անդրանիկ ամբողջական բեմադրությունը իրականացրել է Հակոբ Վարդովյանը 1867 թվականին («Մակբեթ», գլխ․ դերում՝ Հակոբ Վարդովյան)։ Հայ առաջին Օթելլոն Գևորգ Չմշկյանն է (1867)։ 1880 թվականին տեղի է ունեցել «Անսանձի սանձահարումը» կատակերգության առաջին բեմադրությունը (Պետրուչչո՝ Մարտիրոս Մնակյան, Կատարին՝ Աստղիկ)։ Անգերազանց Համլետ (1880), ինչպես և անկրկնելի Լիր (1886) ու նորօրինակ Օթելլո (1885) է եղել Պետրոս Ադամյանը։

1910 թվականին առաջին անգամ հայ բեմ է բարձրացել «Ռիչարդ III»-ը (գլխ․ դերում՝ Ամո Խարազյան), ապա՝ «Ռոմեո և Ջուլիետ»-ը (գլխ․ դերերում՝ Արշավիր Շահխաթունի և Սաթենիկ Ադամյան)։ Հետագայում շեքսպիրյան ակնառու դերակատարներ են եղել Հովհաննես Զարիֆյանը (Համլետ, Օթելլո, Յագո, Մերկուցիո), Կ․ Գալֆայանը (Համլետ, Օթելլո), Վահրամ Փափազյանը (Օթելլո, Համլետ, Լիր)։ Տպավորիչ յագոներ ու շայլոքներ են եղել Ա․ Արմենյանը, Մ․ Մանվելյանը, Օ․ Սևումյանը։

1890-ական թվականներին շեքսպիրյան նոր դերակատարներ են հրապարակ իջնում․ Սիրանույշը՝ հայ առաջին և անգերազանց Օֆելիան, փայլուն Կատարինը, մտացի Պորցիան, հերոսական Համլետը․ Հովհաննես Աբելյանը՝ Էդգար, Օթելլո, Լիր։

Սովետական շրջանում շեքսպիրյան ներկայացումների ռեժիսորական մի նոր փուլ է սկսվում Հայաստանում․ Լևոն Քալանթարի «Անսանձի սանձահարումը» (1923) և «Վենետիկի վաճառականը» (1937), Արշակ Բուրջալյանի «Համլետը» (1924, 1942) և «Վենետիկի վաճառականը» (1926), Վարդան Աճեմյանի «12-րդ գիշերը» (1944)։ Շեքսպիրի պիեսների հիման վրա ստեղծված օպերաներ է բեմադրել Ալ․ Սպենդիարյանի անվան թատրոնը՝ «Օթելլո» (1942, 1959), «Ռոմեո և Ջուլիետ» (1955) ևն։

Այս շրջանում շեքսպիրյան ներկայացումների նկարչական ձևավորումով աչքի են ընկել Գեորգի Յակուլովը («Վենետիկի վաճառականը»), Ա․ Սարգսյանը («Համլետ), Միքայել Արուտչյանը («Օթելլո)», Մելիքսեթ Սվախչյանը («12-րդ գիշեր»), Սարգիս Արուտչյանը («Սխալների կատակերգությունը», «Երկու վերոնացի ազնվականներ», «Օթելլո», «Մակբեթ»), տարազների ձևավորումով՝ Ա․ Արուտչյանը («Մակբեթ», «Ռիչարդ III», «Կարմիր և սպիտակ վարդերի պատերազմը», իսկ «Շատ աղմուկ ոչնչից»-ը՝ Գ. Արուտչյանի հետ)։

Սովետահայ բեմում հանդես են եկել Շեքսպիրի կերպարների նոր մարմնավորողներ՝ Արուս Ոսկանյան (Կատարին, Պորցիա, Դեզդեմոնա, միսիս Ֆորդ), Հրաչյա Ներսիսյան (Համլետ, Օթելլո, Ֆալստաֆ, Լիր), Մկրտիչ Ջանան (Ցագո, Մակբեթ), Լևոն Զոհրաբյան (Շայլոք, Թոբի), Ցոլակ Ամերիկյան (Շայլոք, Մալվոլիո), Գուրգեն Ջանիբեկյան (Օթելլո, Քենտ), Դավիթ Մալյան (Կլավդիո, Յագո), Մարգարիտա Սիմոնյան (Դեզդեմոնա, Կորդելիա), Խորեն Աբրահամյան (Կորիոլանուս)։

Շեքսպիրին առաջինը հայ կերպարվեստ է բերել Պետրոս Ադամյանը 1880-ական թվականների կեսերին։ Նա ստեղծել է Համլետի, Լիրի, Օթելլոյի ինքնատիպ տարազներ, շեքսպիրյան հերոսներին վերարտադրող կտավներ (Համլետ, Օֆելյա, Լիր), կատարել գունավոր փորագրումներ, նկարազարդումներ պնակների վրա (Լիր, Օթելլո), ինքնանկարներ շեքսպիրյան դերերում (Համլետ, Օթելլո, Լիր)։ 1921 թվականին Վիեննայում Մասեհյանի հրատարակած «Համլետ»-ը պատկերազարդել է Զապել Պոյաճյանը։ Շեքսպիրի դիմանկարի, ինչպես նաև 1944 թվականի համամիութենական շեքսպիրյան VI կոնֆերանսի էմբլեմային հեղինակն է Երվանդ Քոչարը։ Ալ․ Գրիգորյանը ստեղծել է Շեքսպիրի գլուխգործոցների գրքային նկարազարդումների շարք («Համլետ», 1971, «Մակբեթ», 1971 և այլն)։

Շեքսպիրի պիեսների համար երաժշտություն են գրել Ալեքսանդր Սպենդիարյանը («Օթելլո»), Արամ Խաչատրյանը («Օթելլո», «Մակբեթ», «Լիր արքա»)։ Անկախ թատերական ներկայացումներից՝ Շեքսպիրի երկերի հիման վրա («Ռիչարդ III») բալետային երաժշտություն են գրել Ավետ Տերտերյանը, Լորիս Ճգնավորյանը («Օթելլո») և վեց սոնետների համար՝ Մարտին Վարդազարյանը։

1965 թվականին Հայաստանի գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտում կազմակերպվել է Շեքսպիրագիտական կենտրոն, որը պարբերաբար հրատարակում է ժողովածուներ «Շեքսպիրական» խորագրով։ 1944 թվականին Երևանում կայացել է համամիութենական շեքսպիրյան VI կոնֆերանսը, որտեղ զեկուցել են Մոսկվայի, Լենինգրադի և Հայաստանի գիտնականները, և շեքսպիրյան ներկայացումների փառատոն, որին մասնակցել են Հայաստանի 5 թատրոններ՝ 6 ներկայացումով։ 1981 թվականին Երևանում տեղի է ունեցել շեքսպիրյան ներկայացումների համամիութենական փառատոն և շեքսպիրագիտական կոնֆերանս։ Հայաստանից հանդես են եկել 5 թատրոններ, 8 ներկայացումով։ Նույն տարում ԽՍՀՄ պետական մրցանակ է ստացել «Կորիոլանուս» (բեմ․ Հրաչյա Ղափլանյան, նկարիչ՝ Եվգենի Սաֆրոնով) ներկայացումը։

  1. Շեքսպիրի «ազգային պաշտամունքն» ու «երգիչ» համարվելը սկիզբ են առել 1769 թվականի սեպտեմբերից, երբ դերասան Դևիդ Գարիկը կազմակերպել է մեկ շաբաթ տևողությամբ դիմակահանդես Սրտատֆորդում՝ նշելով քաղաքային խորհրդի կողմից իրեն պատվավոր քաղաքացու կոչման շնորհումը։ Քաղաքում Շեքսպիրի արձանը կանգնեցնելուց բացի նա գրել է բանաստեղծություն, որը տպագրվել է Լոնդոնի թերթերում, և որում նա Էյվոնի ափերը կոչել է անզուգական երգչի ծննդավայր[25]։
  2. Ստույգ թիվն անհայտ է։
  3. Առանձին պիեսների ստեղծման թվականներն ու դրանց վրա աշխատելու տևողություններն անհայտ են։
  4. «Shake-speare» կամ «Shak-spear» (փաստացի «Նիզակ ճոճող»)։
  5. Արծաթագույն բազեն բռնել է նիզակը, իսկ նշանաբանն է՝ Non Sanz Droict (ֆրանսերենից՝ ոչ առանց իրավունքի
  6. Նրա շիրմաքարին լատիներենով գրված է․ AETATIS 53 DIE 23 APR (Իր 53-րդ տարում նա մահացավ ապրիլի 23-ին)։
  7. Ջեյմս Մաբեի բանաստեղությունը, որ տպագրվել է Առաջին ֆոլիոյում[106]։
  8. Charles Knight, 1842, Տասներկուերորդ գիշեր ստեղծագործություն նշումներում[115]։
  9. Հյու Գրեյդին մեջբերումներ է կատարում Վոլտերի «Փիլիսոփայական նամակներից» (1733), Գյոթեի Wilhelm Meister's Apprenticeship (1795), Ստենդալի Racine et Shakespeare երկու մասանոց պամֆլետից (1823-1825) և Վիկտոր Հյուգոյի «Կրոմվել» պիեսից (1827) ու «Վիլյամ Շեքսպիր» էսսեից (1864)[260]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.shakespeare.org.uk/explore-shakespeare/shakespedia/william-shakespeare/when-was-shakespeare-born/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Аникст А. А., Левин Ю. Д. Шекспир (ռուս.) // Краткая литературная энциклопедияМ.: Советская энциклопедия, 1975. — Т. 8. — С. 659—678.
  3. 3,0 3,1 3,2 http://web.archive.org/web/20170323041519/http://jeugdliteratuur.org/auteurs/william-shakespeare
  4. 4,0 4,1 4,2 http://www.bbc.co.uk/history/people/william_shakespeare/
  5. 5,0 5,1 5,2 https://www.uh.edu/engines/epi2368.htm
  6. 6,0 6,1 6,2 JSTOR — 1995.
  7. Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 http://shakespeare.mit.edu
  9. 9,0 9,1 9,2 9,3 Kindred Britain
  10. http://www.oxfordreference.com/view/10.1093/acref/9780198117353.001.0001/acref-9780198117353-e-2595
  11. http://www.oxfordreference.com/view/10.1093/acref/9780191740763.001.0001/acref-9780191740763-e-619?rskey=rOTUsb&result=1
  12. http://www.oxfordreference.com/view/10.1093/acref/9780191740763.001.0001/acref-9780191740763-e-622?rskey=iv2h53&result=2
  13. 13,0 13,1 https://internetshakespeare.uvic.ca/Library/SLT/drama/classical%20drama/plautus.html
  14. 14,0 14,1 https://internetshakespeare.uvic.ca/doc/Plutarch_Intro/complete/index.html
  15. 15,0 15,1 Petty A. C. Identifying England's Lonnrot — 2004. — Vol. 1, Iss. 1. — P. 69—84. — doi:10.1353/TKS.2004.0014
  16. 16,0 16,1 https://internetshakespeare.uvic.ca/Library/SLT/drama/early%20tragedies/kyd2.html
  17. 17,0 17,1 Tosh W. https://www.shakespearesglobe.com/discover/blogs-and-features/2021/09/22/shakespeare-and-ovids-metamorphoses/ — 2021.
  18. 18,0 18,1 Spearing E. M. The Elizabethan Translations of Seneca's TragediesCambridge: Heffers, 2011.
  19. Biography: or, Third division of… — Google Книги
  20. Schoenbaum, Samuel (1987), William Shakespeare: A Compact Documentary Life (Revised ed.), Oxford: Oxford University Press, ISBN 0-19-505161-0 .
  21. 21,0 21,1 Greenblatt, 2005, էջ 11
  22. 22,0 22,1 Bevington, 2002, էջեր 1–3
  23. 23,0 23,1 Wells, 1997, էջ 399
  24. Dobson, 1992, էջեր 185–186
  25. McIntyre, 1999, էջեր 412–432
  26. Craig, 2003, էջ 3
  27. Շեքսպիրի «Համլետի» առաջին հրատարակության շուրջ(չաշխատող հղում)
  28. Shapiro, 2005, էջեր xvii–xviii
  29. Schoenbaum, 1991, էջեր 41, 66, 397–398, 402, 409
  30. Taylor, 1990, էջեր 145, 210–223, 261–265
  31. Chambers, 1930a, էջեր 270–271
  32. Taylor, 1987, էջեր 109–134
  33. 33,0 33,1 Greenblatt, Abrams, էջ 1168
  34. Schoenbaum, 1987, էջեր 14–22
  35. Schoenbaum, 1987, էջեր 24–26
  36. Schoenbaum, 1987, էջեր 24, 296
  37. Honan, 1998, էջեր 15–16
  38. Schoenbaum, 1987, էջեր 23–24
  39. Schoenbaum, 1987, էջեր 62–63
  40. Ackroyd, 2006, էջ 53
  41. Wells, Taylor, էջեր xv–xvi
  42. Baldwin, 1944, էջ 464
  43. Baldwin, 1944, էջեր 179–180, 183
  44. Cressy, 1975, էջեր 28–29
  45. Baldwin, 1944, էջ 117
  46. Schoenbaum, 1987, էջեր 77–78
  47. Wood, 2003, էջ 84
  48. Schoenbaum, 1987, էջեր 78–79
  49. Schoenbaum, 1987, էջ 93
  50. Schoenbaum, 1987, էջ 94
  51. Schoenbaum, 1987, էջ 224
  52. Bate, 2008, էջ 314
  53. Schoenbaum, 1987, էջ 95
  54. Schoenbaum, 1987, էջեր 97–108
  55. 55,0 55,1 Rowe, 1709
  56. Schoenbaum, 1987, էջեր 144–145
  57. Schoenbaum, 1987, էջեր 110–111
  58. Honigmann, 1999, էջ 1
  59. Wells, Taylor, էջ xvii
  60. Honigmann, 1999, էջեր 95–117
  61. Wood, 2003, էջեր 97–109
  62. Chambers, 1930a, էջեր 287, 292
  63. 63,0 63,1 63,2 Greenblatt, 2005, էջ 213
  64. С. Шенбаум. Шекспир.
  65. Schoenbaum, 1987, էջ 153
  66. Ackroyd, 2006, էջ 176
  67. Schoenbaum, 1987, էջ 151–153
  68. 68,0 68,1 Wells, 2006, էջ 28
  69. Schoenbaum, 1987, էջեր 144–146
  70. Chambers, 1930a, էջ 59
  71. Schoenbaum, 1987, էջ 184
  72. Chambers, 1923, էջեր 208–209
  73. Wells, Taylor, էջ 666
  74. Chambers, 1930b, էջեր 67–71
  75. Bentley, 1961, էջ 36
  76. Schoenbaum, 1987, էջ 188
  77. Kastan, 1999, էջ 37
  78. Knutson, 2001, էջ 17
  79. Adams, 1923, էջ 275
  80. Schoenbaum, 1987, էջ 200
  81. Schoenbaum, 1987, էջեր 200–201
  82. Ackroyd, 2006, էջ 357
  83. 83,0 83,1 Wells, Taylor, էջ xxii
  84. Schoenbaum, 1987, էջեր 202–203
  85. 85,0 85,1 Hales, 1904, էջեր 401–402
  86. Honan, 1998, էջ 121
  87. Shapiro, 2005, էջ 122
  88. Honan, 1998, էջ 325
  89. Greenblatt, 2005, էջ 405
  90. 90,0 90,1 Ackroyd, 2006, էջ 476
  91. Wood, 1806, էջեր ix–x, lxxii
  92. Smith, 1964, էջ 558
  93. Ackroyd, 2006, էջ 477
  94. Barroll, 1991, էջեր 179–182
  95. Bate, 2008, էջեր 354–355
  96. Honan, 1998, էջեր 382–383
  97. Honan, 1998, էջ 326
  98. Ackroyd, 2006, էջեր 462–464
  99. Schoenbaum, 1987, էջեր 272–274
  100. Honan, 1998, էջ 387
  101. Schoenbaum, 1987, էջ 279
  102. Honan, 1998, էջեր 375–378
  103. Schoenbaum, 1987, էջ 276
  104. Schoenbaum, 1991, էջ 78
  105. Rowse, 1963, էջ 453
  106. 106,0 106,1 Kinney, 2012, էջ 11
  107. Schoenbaum, 1987, էջ 287
  108. 108,0 108,1 Schoenbaum, 1987, էջեր 292–294
  109. Schoenbaum, 1987, էջ 304
  110. Honan, 1998, էջեր 395–396
  111. Chambers, 1930b, էջեր 8, 11, 104
  112. Schoenbaum, 1987, էջ 296
  113. Chambers, 1930b, էջեր 7, 9, 13
  114. Schoenbaum, 1987, էջեր 289, 318–319
  115. Schoenbaum, 1991, էջ 275
  116. Ackroyd, 2006, էջ 483
  117. Frye, 2005, էջ 16
  118. Greenblatt, 2005, էջեր 145–146
  119. Schoenbaum, 1987, էջեր 301–303
  120. Schoenbaum, 1987, էջեր 306–307
  121. Wells, Taylor, էջ xviii
  122. BBC News, 2008
  123. Schoenbaum, 1987, էջ 306
  124. Schoenbaum, 1987, էջեր 308–310
  125. Cooper, 2006, էջ 48
  126. Westminster Abbey, n.d.
  127. Southwark Cathedral, n.d.
  128. 128,0 128,1 128,2 128,3 Շեքսպիր – ՀՍՀ
  129. Thomson, 2003, էջ 49
  130. 130,0 130,1 Frye, 2005, էջ 9
  131. Honan, 1998, էջ 166
  132. Schoenbaum, 1987, էջեր 159–161
  133. Dutton, Howard, էջ 147
  134. Ribner, 2005, էջեր 154–155
  135. Frye, 2005, էջ 105
  136. Ribner, 2005, էջ 67
  137. Bednarz, 2004, էջ 100
  138. У. Шекспир. Комедии. Вступительная статья О. Постнова. — М. Эксмо, 2008. с. 18. ISBN 978-5-699-28192-3
  139. Honan, 1998, էջ 136
  140. Schoenbaum, 1987, էջ 166
  141. Frye, 2005, էջ 91
  142. Honan, 1998, էջեր 116–117
  143. Werner, 2001, էջեր 96–100
  144. Friedman, 2006, էջ 159
  145. Ackroyd, 2006, էջ 235
  146. Wood, 2003, էջեր 161–162
  147. Wood, 2003, էջեր 205–206
  148. Honan, 1998, էջ 258
  149. Ackroyd, 2006, էջ 359
  150. Ackroyd, 2006, էջեր 362–383
  151. Shapiro, 2005, էջ 150
  152. Gibbons, 1993, էջ 1
  153. Ackroyd, 2006, էջ 356
  154. Wood, 2003, էջ 161
  155. Honan, 1998, էջ 206
  156. Ackroyd, 2006, էջեր 353, 358
  157. Shapiro, 2005, էջեր 151–153
  158. Bradley, 1991, էջ 85
  159. Muir, 2005, էջեր 12–16
  160. Bradley, 1991, էջ 94
  161. Bradley, 1991, էջ 86
  162. Bradley, 1991, էջեր 40, 48
  163. Bradley, 1991, էջեր 42, 169, 195
  164. Greenblatt, 2005, էջ 304
  165. Bradley, 1991, էջ 226
  166. Ackroyd, 2006, էջ 423
  167. Kermode, 2004, էջեր 141–142
  168. McDonald, 2006, էջեր 43–46
  169. Bradley, 1991, էջ 306
  170. Ackroyd, 2006, էջ 444
  171. McDonald, 2006, էջեր 69–70
  172. Eliot, 1934, էջ 59
  173. Dowden, 1881, էջ 57
  174. Dowden, 1881, էջ 60
  175. Frye, 2005, էջ 123
  176. McDonald, 2006, էջ 15
  177. Wells, Taylor, էջեր 1247, 1279
  178. Wells, Taylor, էջ xx
  179. Wells, Taylor, էջ xxi
  180. Shapiro, 2005, էջ 16
  181. 181,0 181,1 Foakes, 1990, էջ 6
  182. Shapiro, 2005, էջեր 125–131
  183. Nagler, 1958, էջ 7
  184. Shapiro, 2005, էջեր 131–132
  185. Foakes, 1990, էջ 33
  186. Ackroyd, 2006, էջ 454
  187. Holland, 2000, էջ xli
  188. Ringler, 1997, էջ 127
  189. Schoenbaum, 1987, էջ 210
  190. Chambers, 1930a, էջ 341
  191. Shapiro, 2005, էջեր 247–249
  192. 192,0 192,1 Wells, Taylor, էջ 1247
  193. Wells, Taylor, էջ xxxvii
  194. 194,0 194,1 Wells, Taylor, էջ xxxiv
  195. 195,0 195,1 Pollard, 1909, էջ xi
  196. Mays, Swanson
  197. Maguire, 1996, էջ 28
  198. Bowers, 1955, էջեր 8–10
  199. Wells, Taylor, էջեր xxxiv–xxxv
  200. Wells, Taylor, էջեր 909, 1153
  201. Roe, 2006, էջ 21
  202. Frye, 2005, էջ 288
  203. Roe, 2006, էջեր 3, 21
  204. 204,0 204,1 Roe, 2006, էջ 1
  205. Jackson, 2004, էջեր 267–294
  206. 206,0 206,1 Honan, 1998, էջ 289
  207. Schoenbaum, 1987, էջ 327
  208. Wood, 2003, էջ 178
  209. 209,0 209,1 Schoenbaum, 1987, էջ 180
  210. 210,0 210,1 Honan, 1998, էջ 180
  211. Schoenbaum, 1987, էջ 268
  212. Շեքսպիր, Սոնետ 18
  213. Mowat, Werstine
  214. Schoenbaum, 1987, էջեր 268–269
  215. Wood, 2003, էջ 177
  216. Clemen, 2005a, էջ 150
  217. Frye, 2005, էջեր 105, 177
  218. Clemen, 2005b, էջ 29
  219. de Sélincourt, 1909, էջ 174
  220. Brooke, 2004, էջ 69
  221. Bradbrook, 2004, էջ 195
  222. Clemen, 2005b, էջ 63
  223. Շեքսպիր, ՀՍՀ, էջ 491
  224. Frye, 2005, էջ 185
  225. 225,0 225,1 Wright, 2004, էջ 868
  226. Bradley, 1991, էջ 91
  227. 227,0 227,1 McDonald, 2006, էջեր 42–46
  228. McDonald, 2006, էջեր 36, 39, 75
  229. Gibbons, 1993, էջ 4
  230. Gibbons, 1993, էջեր 1–4
  231. Gibbons, 1993, էջեր 1–7, 15
  232. McDonald, 2006, էջ 13
  233. Meagher, 2003, էջ 358
  234. Chambers, 1944, էջ 35
  235. Levenson, 2000, էջեր 49–50
  236. Clemen, 1987, էջ 179
  237. Steiner, 1996, էջ 145
  238. Bryant, 1998, էջ 82
  239. Gross, 2003, էջեր 641–642
  240. Paraisz, 2006, էջ 130
  241. Bloom, 1995, էջ 346
  242. Cercignani, 1981
  243. Crystal, 2001, էջեր 55–65, 74
  244. Wain, 1975, էջ 194
  245. Շեքսպիր, ՀՍՀ, էջ 491։
  246. Johnson, 2002, էջ 12
  247. Crystal, 2001, էջ 63
  248. 248,0 248,1 Jonson, 1996, էջ 10
  249. Dominik, 1988, էջ 9
  250. Grady, 2001b, էջ 267
  251. Grady, 2001b, էջ 265
  252. Greer, 1986, էջ 9
  253. Grady, 2001b, էջ 266
  254. Grady, 2001b, էջ 269
  255. Dryden, 1889, էջ 71
  256. Grady, 2001b, էջեր 270–272
  257. Levin, 1986, էջ 217
  258. Grady, 2001b, էջ 270
  259. Grady, 2001b, էջեր 272–74
  260. Grady, 2001b, էջեր 272–274
  261. Levin, 1986, էջ 223
  262. Sawyer, 2003, էջ 113
  263. Carlyle, 1841, էջ 161
  264. Schoch, 2002, էջեր 58–59
  265. Grady, 2001b, էջ 276
  266. Grady, 2001a, էջեր 22–26
  267. Grady, 2001a, էջ 24
  268. Grady, 2001a, էջ 29
  269. Drakakis, 1985, էջեր 16–17, 23–25
  270. Bloom, 2008, էջ xii
  271. Boyce, 1996, էջեր 91, 193, 513.
  272. Kathman, 2003, էջ 629
  273. Boyce, 1996, էջ 91
  274. Edwards, 1958, էջեր 1–10
  275. Snyder, Curren-Aquino
  276. Schanzer, 1963, էջեր 1–10
  277. Boas, 1896, էջ 345
  278. Schanzer, 1963, էջ 1
  279. Bloom, 1999, էջեր 325–380
  280. Berry, 2005, էջ 37
  281. Shapiro, 2010, էջեր 77–78
  282. Gibson, 2005, էջեր 48, 72, 124
  283. McMichael, Glenn, էջ 56
  284. The New York Times, 2007
  285. Kathman, 2003, էջեր 620, 625–626
  286. Love, 2002, էջեր 194–209
  287. Schoenbaum, 1991, էջեր 430–440
  288. Nevalainen, Terttu Early Modern English Lexis and Semantics. — Cambridge University Press, 1999. — С. 332—458. — ISBN 978-0-521-26476-1
  289. Rowse, 1988, էջ 240
  290. Pritchard, 1979, էջ 3
  291. Wood, 2003, էջեր 75–78
  292. Ackroyd, 2006, էջեր 22–23
  293. 293,0 293,1 Wood, 2003, էջ 78
  294. 294,0 294,1 Ackroyd, 2006, էջ 416
  295. 295,0 295,1 Schoenbaum, 1987, էջեր 41–42, 286
  296. Wilson, 2004, էջ 34
  297. Shapiro, 2005, էջ 167
  298. Lee, 1900, էջ 55
  299. Casey, 1998
  300. Pequigney, 1985
  301. Evans, 1996, էջ 132
  302. Fort, 1927, էջեր 406–414
  303. Cooper, 2006, էջեր 48, 57
  304. Schoenbaum, 1981, էջ 190
  305. Շեքսպիր հայ իրականության մեջ

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Շեքսպիր» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Շեքսպիր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Շեքսպիր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 490