Ջուզեպպե Վերդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուզեպպե Վերդի
Verdi.jpg
(կոմպոզիտոր)
ԱԱՀ՝ Ջուզեպպե Վերդի
Բնագիր
ԱԱՀ՝
Giuseppe Fortunino
Francesco Verdi
Ծննդյան օր՝ Հոկտեմբեր 10, 1813
Ծննդավայր՝ Իտալիա
Վախճանի օր՝ Հունվար 27, 1901

Ջուզեպպե Վերդի (իտալերեն՝ Giuseppe Fortunino Francesco Verdi, 1813, հոկտեմբեր 10 - 1901, հունվար 27), նշանավոր իտալացի կոմպոզիտոր։ [1] Համարվում է 19 դարի առավել ազդեցիկ օպերային երգահաններից մեկը։ Գրել է 28 օպերա, որոնցից շատերը, այդ թվում՝ «Ռիգոլետտո», «Տրավիատա», «Տրուբադուր», «Աիդա», «Օթելլո» օպերաները, ընդգրկված են ժամանակակից խոշորագույն օպերային թատրոնների մշտական խաղացանկերում։

Կյանքի վաղ շրջանը[խմբագրել]

Ջուզեպպե Վերդին ծնվել է 1813 թվականին (ինչպես և Ռիխարդ Վագները՝ հետագայում նրա գլխավոր մրցակիցը և գերմանական օպերային դպրոցի առաջնորդ կոմպոզիտորը), Լը Ռոնկոլեում, Բուսետոյից ոչ հեռու (Պարմի դքսություն)։ Կոմպոզիտորի հայրը՝ Կարլո Վերդին ուներ գյուղական մի պանդոկ։ Մայրը՝ Լուիջա Ուտտինին մանող բանվորուհի էր։ Վերդին դժվար մանկություն է ունեցել։ Ընտանիքը խեղճ էր ապրում։ Գյուղի եկեղեցում նա մասնակցում էր պատարագի մատուցմանը։ Նոտաճանաչություն ձեռք բերել և երգեհոն նվագել սովորել է Պիետրո Բայստրոկիի մոտ։ Տեսնելով որդու առաջադիմությունը երաժշտության ասպարեզում, ծնողները Ջուզեպպեին սպինետ նվիրեցին (սպինետը ստեղնաշարային նվագարան է՝ կլավեսինի նման)։ Այս խիստ անկատար գործիքը կոմպոզիտորը պահպանեց ամբողջ կյանքի ընթացքում։

Giuseppe Verdi signature.jpg
ԽՍՀՄ փոստային նամականիշ՝ նվիրված Ջուզեպպե Վերդիին, 1963 թ.

Երաժշտության մեջ շնորհալի պատանուն ուշադրություն դարձրեց Անտոնիո Բարեցցին՝ մի հարուստ վաճառական հարևան Բուսետո քաղաքից։ Նա հավատում էր, որ Վերդին կդառնա ոչ թե պանդոկապան կամ եկեղեցական երգեհոնահար, այլ մեծ կոմպոզիտոր։ Բառեցցիի խորհրդով տասնամյա Վերդին տեղափոխվեց Բուսետո՝ ուսման։ Այսպես սկսվեց նոր, կյանքի էլ ավելի դժվար շրջանը՝ պատանեկությունն ու երիտասարդությունը։ Կիրակի օրերը Ջուզեպեն գնում էր Լը Ռոնկոլե, որտեղ երգեհոն էր նվագում պատարագի ժամանակ։ Վերդիի համար կոմպոզիցիայի դասատու էլ հայտնվեց՝ Ֆերնանդո Պրովեզին, ով Բուսետոյի «Ֆիլհարմոնիկ հասարակության» տնօրենն էր։ Պրովեզին Վերդիին սովորեցնում էր ոչ միայն կոնտրապունկտ (մեղեդային երկու կամ ավելի ձայների համադրում), այլև լրջորեն զբաղվում էր նրա նոտա կարդալով։ Ջուզեպեի ուշադրությունը կենտրոնացնում էր համաշխարհային գրականության վրա՝ Շեքսպիր, Դանթե, Գյոթե, Շիլլեր։ Նրա ամենասիրած ստեղծագործություններից էր իտալացի մեծ գրող Ալեսանդրո Մանձոնիի «Նշանվածները» վեպը։

Միլանում, ուր Վերդին գնաց քսան տարեկան հասակում՝ կրթությունը շարունակելու նպատակով, նրան կոնսերվատորիա (այսօր կրում է Վերդիի անունը) չընդունեցին՝ դաշնամուր վատ նվագելու պատճառով։ Բացի դրանից կոնսերվատորիայում տարիքային սահմանափակում կար։ Վերդին սկսեց կոնտրապունկտի մասնավոր դասեր ստանալ՝ միաժամանակ անցկացնելով միջոցառումներ և պարզապես համերգներ։ Շփվելով Միլանի հասարակության վերնախավի հետ, նա որոշեց թատերական կոմպոզիտորի լուրջ գործունեություն ծավալել։

Վերադառնալով Բուսետո՝ Վերդին ամուսնացավ Մարգարիտա Բարեցցիի հետ։ Նրանց երկու երեխաները մահացան դեռ մանուկ հասակում։

Ճանաչում[խմբագրել]

Վերդիի օպերայի առաջին բեմադրությունը («Օբերտո, կոմս Բոնիֆաչո») Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում հաջող անցավ, ինչից հետո թատրոնի իմպրեսարիո (պրոդյուսեր) Բարտոլոմեո Մերելլին Վերդիին առաջարկեց նոր պայմանագիր՝ երկու օպերայի համար։ Դրանք էին «Արքա մեկ ժամով» (Un giorno di regno) և «Նաբուկո» (Նաբուգոդոնոսոր - Nabucco) օպերաները։ Սակայն “Նաբուգոդոնոսորը”, որ առաջին անգամ ներկայացվեց 1842 թվականին, նրան ճանաչում բերեց։ «Նաբուգոդոնոսորին» հաջորդեցին միանգամից մի քանի օպերաներ, այդ թվում «Լոմբարդցիները խաչակրաց արշավանքներում» և «Էռնանի», որոնք ներկայացվեցին և հաջողություն ունեցան Իտալիայի մի քանի քաղաքներում։

1847 թվականին «Լոմբարդցիները»՝ վերափոխված և վերանվանված «Երուսաղեմ», ներկայացվեց Փարիզի օպերայում։ Դրա հետ կապված կոմպոզիտորը հետևեց բեմադրման փարիզյան ավանդույթներին, և «Երուսաղեմը» դարձավ Վերդիի «մեծ օպերա» ոճի առաջին ստեղծագործությունը։

Վարպետը[խմբագրել]

Ջուզեպպինա Ստրեպոնին

38 տարեկանում Վերդին սիրավեպ ունեցավ երգչուհի (սոպրանո) Ջուզեպինա Ստրեպոնիի հետ։ Նրանք ամուսնացան միայն 11 տարի անց, իսկ նրանց համատեղ կյանքը մինչ ամուսնությունը հաճախ դիտվում էր որպես սկանդալային այն վայրերում, որտեղ նրանք ապրում էին։ Ջուզեպինան շուտով դադարեց ելույթ ունենալ, և Վերդին հետևելով Ջոակինո Ռոսինիի օրինակին, որոշեց կարիերան դադարեցնել կնոջ հետ։ Նա հարուստ էր, հանրաճանաչ և սիրահարված։ Հնարավոր է՝ հենց Ջուզեպինան համոզեց նրան շարունակել օպերաներ գրել։ “Հանգստից հետո” Վերդիի գրած առաջին օպերան դարձավ նրա առաջին գլուխգործոցը՝ «Ռիգոլետոն»։ Օպերայի լիբրետոն, գրված Վիկտոր Հյուգոյի «Արքան զվարճանում է» պիեսի մոտիվներով էական փոփոխության ենթարկվեց գրաքննության արդյունքում և կոմպոզիտորը մի քանի անգամ մտադրվեց թողնել աշխատանքը, մինչև վերջապես օպերայի ստեղծման ավարտը։ Առաջին բեմադրությունը տեղի ունեցավ Վենետիկում 1851 թվականին և ունեցավ խոշոր հաջողություն։

«Ռիգոլետոն» հավանաբար երբևէ գրված լավագույն օպերան է։ Վերդիի արտիստիկ շռայլությունը նրանում արտահայտված է լիովին։ Հիանալի մեղեդիներով հագեցած ամբողջ պարտիտուրան, ձայնային ելևէջումները հնչում են իրապես երկնային գեղեցկությամբ, չկրկնվելով, բազմաթիվ արիաներն ու նվագախմբի կատարումները հետևում են միմյանց երաժշտական հանճարի այս անդադար տոնակատարության մեջ, խթանում են ապրումները՝ միահյուսելով ողբերգականն ու կատակերգականը։

Վերդիի հաջորդ նշանավոր օպերան՝ «Տրավիատան» արավեց և բեմադրվեց «Ռիգոլետոյից» երկու տարր անց։ Սրա լիբրետոն գրվեց Ալեքսանդր Դյումա – որդու «Կամելիազարդ տիկինը» պիեսի հիման վրա։

Այնուհետև հաջորդեցին ևս մի քանի օպերաներ, որոնց շարքում այսօր հաճախ կատարվող «Սիցիլիական ժամերգություն»-ը (Les vêpres Siciliennes, գրված Փարիզի օպերայի պատվերով), «Տրուբադուր»-ը (Il Trovatore),, «Դիմակահանդես»-ը (Un ballo in maschera), «Ճակատագրի ուժը» (La forza del destino, գրված Սանկտ-Պետերբուրգի Մարինյան թատրոնի պատվերով), «Մակբեթ»-ի (Macbeth) երկրորդ հրատարակությունը։ 1869 թվականին Վերդին գրեց «Libera Me»-ն՝ Ջոակինո Ռոսինիի հիշատակին նվիրված Ռեքվիեմի համար (մյուս մասերը գրել էին ժամանակի ոչ այնքան հայտնի իտալացի կոմպոզիտորները)։ 1874 թվականին գրող Ալեսանդրո Մանձոնիի մահվան կապակցությամբ Վերդին գրեց իր Ռեքվիեմը՝ դրան միացնելով նախկինում գրած «Libera Me»-ի վերափոխված տարբերակը։

Վերդիի վերջին նշանավոր օպերաների մեկը՝ «Աիդա»-ն նրան պատվիրվել էր Սուեզի ջրանցքի բացման առթիվ։ Ըստ որոշ տվյալների՝ երբ տոնակատարության կազմակերպիչներն առաջին անգամ դիմեցին կոմպոզիտորին, նա հրաժարվեց պատվերն ընդունելուց։ Կազմակերպիչները Վերդիին զգուշացրել են, որ նույն առաջարկով կդիմեն Շարլ Գունոյին։ Վերդին հույս է հայտնեց, որ Գունոն կհամաձայնի օպերա գրել։ Եվ միայն երբ կազմակերպիչները սպառնացել են, որ պատվերը կստանա Ռիխարդ Վագները, Վերդին համաձայնել է ծանոթանալ պայմանագրի կետերին։

Վերդին և Վագները, յուրաքանչյուրը լինելով իր ազգային օպերային դպրոցի առաջնորդը, չէին սիրում միմյանց։ Ամբողջ կյանքում նրանք երբեք չհանդիպեցին։ Վագների և նրա երաժշտության մասին Վերդիի գրած մեկնաբանությունները պահպանվել են փոքր քանակով, որոնք անբարյացակամ են («Նա միշտ բոլորովին անտեղի ընտրում է չտրորված արահետ՝ փորձելով թռչել այնտեղ, ուր նորմալ մարդը պարզապես գնում է ոտքով՝ հասնելով շատ ավելի լավ արդյունքների»)։ Այնուամենայնիվ, Վերդին իմանալով Վագների մահվան մասին՝ ասել է. «Ինչ տխուր է… Այդ անունը մեծ հետք թողեց արվեստի պատմության մեջ»։ Իսկ Վագներից հայտնի է միայն մեկ արտահայտություն՝ Վերդիի երաժշտության մասին։ Լսելով Ռեքվիեմը, մեծ գերմանացին՝ մշտապես պերճախոս, միշտ շռայլ, բայց ոչ շողոքորթող մյուս շատ կոմպոզիտորների մասին արած մեկնաբանություններում, ասել է. «Ավելի լավ է՝ ոչինչ չասել»։ «Աիդա»-ն մեծ հաջողությամբ բեմադրվեց Կահիրեում 1871 թվականին։

Մթնշաղ[խմբագրել]

Ջուզեպպե Վերդին

Հաջորդ տասներկու տարին Վերդին շատ քիչ աշխատեց՝ դանդաղորեն խմբագրելով իր նախկինում գրած մի քանի ստեղծագործություններ։

«Օթելլո» օպերան՝ գրված Վիլյամ Շեքսպիրի պիեսի հիման վրա, բեմադրվեց Միլանում 1887 թվականին։ Այդ օպերայի երաժշտությունն «անվերջանալի է»։ Այն չի պարունակում իտալական ավանդական օպերայի՝ արիաների բաժանումն ու վոկալ երաժշտական կաղապարները։ Այս նորարարությունը կատարվել էր Վագների օպերային բարեփոխումների ազդեցությամբ՝ վերջինիս մահից հետո։ Բացի դրանից՝ դարձյալ Վագների բարեփոխումների ազդեցությամբ Վերդիի ուշ շրջանի ոճը բարձրացավ վոկալ երաժշտական առավել բարձր մակարդակի։ Դա օպերան դարձրեց ավելի իրատեսական, չնայած վախեցնում էր իտալական ավանդական օպերայի երկրպագուներին։

Վերդիի վերջին՝ «Ֆալստաֆ» (Falstaff) օպերան, որի լիբրետոն կոմպոզիտոր և լիբրետոների հեղինակ Արիո Բոյտոն գրեց Շեքսպիրի «Վինձորի չարաճճի կանայք» (Merry Wives of Windsor) կատակերգության ֆրանսերեն թարգմանության հիման վրա, որը կատարել էր Վիկտոր Հյուգոն։ Այդ կատակերգության փայլուն պարտիտուրան ավելի հարազատ էր վագներյան «Մեյստերզինգերամ» օպերային, քան Ռոսինիի ու Մոցարտի կատակերգական օպերաներին։ Եռուն մեղեդին թույլ է տալիս չդանդաղեցնել սյուժեի զարգացումը և ստեղծում է շիլաշփոթի տպավորություն, որն այնքան հարազատ է շեքսպիրյան կատակերգությանը։ Օպերան ավարտվում է յոթհնչյուն ֆուգայով, որով Վերդին լիովին ցույց է տալիս կոնտրապունկտին տիրապետելը։

Կաթվածահար լինելով նա կարողանում էր ներքին լսողությամբ կարդալ Պուչինիի «Բոհեմ», «Տոսկա», Լեոնկավալոյի «Ծաղրածուները», Չայկովսկու «Պիկովայա դամա» օպերաների պարտիտուրաները։ Բայց այն, ինչ նա մտածում էր այդ օպերաների մասին՝ գրված իր ուղղակի և արժանի ժառանգների կողմից, մնաց անհայտ։ Վերդին մահացավ 1901 թվականի հունվարի 27-ին։

Ոճը[խմբագրել]

Ջուզեպպե Վերդի

Վերդիի նախորդներից նրա ստեղծագործության վրա ազդել են Ռոսսինին, Բելլինին, Մեյերբերը և ամենակարևորը՝ Դոնիցետտին։ Վերջին երկու օպերաներում («Օթելլո» և «Ֆալստաֆ») նկատելի է ՌիխարդՎագների ազդեցությունը։ Հարգելով Գունոյին, ում ժամանակակիցները համարում էին դարի մեծագույն կոմպոզիտորը, Վերդին այնուամենայնիվ ոչինչ չի վերցրել մեծ ֆրանսիացուց։ «Աիդա» օպերայի որոշ հատվածներ ցույց են տալիս, որ կոմպոզիտորը ծանոթ է եղել ռուս կոմպոզիտոր Միխայիլ Գլինկայի (1804-1857) ստեղծագործություններին։ Գլինկային Արևմտյան Եվրոպայում հանրաճանաչ դարձրեց Ֆրանց Լիստը՝ վերադառնալով ռուսաստանյան համերգաշրջանից։

Իր գործունեության ողջ ընթացքում տենորի համար նախատեսված գործերում Վերդին հրաժարվեց օգտագործել բարձր օկտավայի “դո”-ն՝ նկատի ունենալով, որ հենց այդ հնչյունը լիքը դահլիճի առջև կատարելու առիթը շեղում է կատարողներին և՛ կատարումից առաջ, և՛ հետո, և՛ հենց կատարման պահին։

Չնայած նրան, որ Վերդիի մոտ նոտայագրումը կատարված է վարպետորեն, սակայն կոմպոզիտորը հերոսների զգացմունքներն ու գործողության դրամատիզմն արտահայտելու համար մեծ մասամբ հիմնվում է իր երաժշտական շնորհի վրա։ Ի դեպ, շատ հաճախ Վերդիի օպերաներում, հատկապես վոկալ մենակատարումների համարներում հարմոնիան դիտմամբ ավելի ժուժկալ է, և ամբողջ նվագախումբը հնչում է ինչպես մեկ գործիք (Վերդիին է վերագրվում “Նվագախումբը մեծ կիթառ է” արտահայտությունը)։ Որոշ քննադատներ պնդում են, որ Վերդին տեխնիկական տեսանկյունից քիչ ուշադրություն է դարձրել պարտիտուրային, քանզի նա անցած դպրոցի և հմտության պակաս ուներ։ Ինքը՝ Վերդին մի անգամ ասել է. «Ես դա լրջորեն եմ ասում, բայց “գիտելիք” ասելով ես ամենևին չեմ հասկանում երաժշտական գիտելիքներ»։ Այնուամենայնիվ, սխալ կլիներ պնդել, թե Վերդին թերագնահատել է նվագախմբի արտահայտչականության ուժը և չի կարողացել այն կիրառել ամբողջականությամբ, երբ իրեն պետք է եղել։ Բացի դրանից, նվագախմբում և կոնտրապունկտում կատարված նորարարությունները բնութագրական են Վերդիի ստեղծագործության համար, բնութագրական են այնքանով, որ ուրիշ կոմպոզիտորներ չէին համարձակվում փոխառել որոշ համարձակ հնարքներ՝ դրանց ակնթարթորեն ճանաչվելու պատճառով։

Վերդին առաջին կոմպոզիտորն է, ով հատուկ որոնում էր լիբրետոյի այնպիսի սյուժե, որն ամենից լավ կհամապատասխաներ իր կոմպոզիտորական տաղանդի առանձնահատկություններին։ Սերտ համագործակցելով լիբրետիստների հետ և գիտենալով, որ հենց դրամատիկական արտահայտչականությունն իր տաղանդի գլխավոր ուժն է, նա ձգտում էր սյուժեից վերացնել “անպետք տարրերը” և “ավելորդ հերոսներին”՝ բեմում թողնելով միայն խիստ զգացմունքային կերպարներին ու հարուստ դրամատիզմ։

Օպերաները[խմբագրել]

Վերդիի արձանը Բուսետո բնակավայրում

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Ռ. Եսայան, Ն. Ավետիսյան, Երաժշտության աշխարհում. Օպերա, Երևան, «Արևիկ», 2003, էջ 7։