Սիրահարի տրտունջը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիրահարի տրտունջը
անգլ.՝ A Louers Complaint
A Lover's Complaint, 1609.jpg
1609 թվականին լույս տեսած Շեքսպիրի սոնետների կազմում «Սիրահարի տրտունջը» սոնետի առաջին էջը
Տեսակգրական ստեղծագործություն և բանաստեղծություն
Ժանրպոեմ
ՀեղինակՈւիլյամ Շեքսպիր
Բնագիր լեզուանգլերեն
Հրատարակություն1609
A Lover's Complaint

«Սիրահարի տրտունջը» (անգլ.՝ A Lover's Complaint), Ուիլյամ Շեքսպիրի պոեմ, որը հրատարակվել է 1609 թվականին լույս տեսած Շեքսպիրի սոնետների կազմում․ հրատարակվել է Թոմաս Թորպի կողմից։

«Սիրահարի տրտունջը» կնոջ կողմից բարձրացված գանգատ է, որը հաճախակի է հանդիպում սոնետների շարքում։ Գանգատների այլ օրինակներ են Սեմյուել Դանիելի «Գանգատ Ռոզամունդին» սոնետը, որը հաջորդել է նույն հեղինակի «Դելիային» (1592), Թոմաս Լոջի «Էլստրեդի գանգատը» և դրան հաջորդած «Ֆիլիսը» (1593), Մայքլ Դրեյթոնի «Matilda the Faire» և դրան հաջորդած «Ideas Mirrour» (1594), ինչպես նաև Ռիչարդ Բարնֆիլդի «Կասանդրան» ու դրան նախորդած «Սիրառատ հովիվը» սոնետները[1]։

Ձև և բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոեմը բաղկացած է քառասունյոթ յոթտողանի ստանզաներից, որոնք գրված են «արքայական հանգավորում» անվամբ հայտնի ABABBCC հանգավորման սխեմայով․ նույն մետրական հանգավորմամբ է գրված նաև «Լուկրեցիայի բռնաբարությունը» պոեմը։

Պոեմն սկսվում է գետեզրին լացող երիտասարդ կնոջ նկարագրությունից, որը գետն է նետում պատռած նամակներ, մատանիներ և սիրո այլ խորհրդանշաններ։ Մոտակայքով անցնող մի ծերունի մոտենում է կնոջն ու հարցնում նրա տխրության պատճառը։ Կինը նրան պատմում է իր նախկին սիրեկանի մասին, որը հետապնդել, գայթակղել ու վերջում լքել է նրան։ Նա հանգամանորեն կրկնում է սիրահարի՝ իրեն գայթակղած խոսքերը։ Նա եզրափակում է իր պատմությունը խոստովանելով, որ կրկին ընկնելու է երիտասարդի կեղծ խոսքերի թակարդը։

Հեղինակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սիրահարի տրտունջը» սոնետի առաջին պատկերզարդումը Շեքսպիրի ստեղծագործությունների՝ Ջոն Բելի 1774 թվականի հրատարակության մեջ

Քչերն են վիճարկել պոեմի հեղինակությունը։ Շեքսպիրի՝ հեղինակ լինելու հանգամանքը կասկածի տակ չի դրվել մինչև 19-րդ դարի սկիզբը, երբ Ոիլյամ Հեզլիտն առաջին անգամ կասկած է արտահայտել։ 1917 թվականին Ջոն Ռոբերտսոնը ենթադրել է, որ պոեմն ու մի քանի պիես գրվել են Ջորջ Չապմընի կողմից։ Այս գաղափարը լայնորեն չի ընդունվել, իսկ պոեմի ընդհանուր գեղագիտական տպավորությունների վրա հիմնված վերագրումներն այդ ժամանակից ի վեր ավելի քիչ են դարձել գրականագետների շրջանում[2]։ «Սիրահարի տրտունջը» պոեմում առկա են այնպիսի բառեր և արտահայտչամիջոցներ, որոնք բացակայում են Շքսպիրի այլ աշխատանքներում, այդ թվում՝ հնաբանություններ ու լատիներեն բառեր։ Էդմոնդ Մալոնը պոեմը «գեղեցիկ» է անվանել և ենթադրել, որ հնարավոր է՝ Շեքսպիրը փորձել է մրցել Էդմունդ Սպենսերի հետ[3]։ Քննադատները տեսել են իրավիճակների թեմատիկ զուգահեռներ Շեքսպիրի «Լավ է այն, ինչ լավ է ավարտվում» և «Չափն ընդդեմ չափի» պիեսների հետ[3]։

Շեքսպիրը լայնորեն ընդունված է որպես պոեմի հեղինակ։ Դա են հաստատում Քենեթ Մուրի, Էլիոթ Սլեյթերի ու ՄաքԴոնալդ Պ․ Ջեքսոնի ուսումնասիրությունները[3]։

Այլընտրանքային տեսակետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ գրող ենթադրել է, որ պոեմի հեղինակն էլիզաբեթյան դարաշրջանի անանուն գրող է[4]։

2007 թվականին Բրայան Վիքերսը տեսակետ է հայտնել, որ պոեմը գրվել է աստվածաբանական գրքույկների հեղինակ Ջոն Դեյվիս Հերեֆորդցու կողմի[5]։ Նա մանրամասնել է բանաստեղծության ոչ շեքսպիրյան բնույթի փաստարկները և թվարկել բազմաթիվ բանավոր զուգահեռներ «Տրտունջի» և Դեյվիսի հայտնի ստեղծագործությունների միջև։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Roche, Thomas P. Petrarch and the English Sonnet Sequences. AMS Press. New York 1989. 978-0404622886. p. 343
  2. Sharon-Zisser, Shirley & Whitworth, Stephen. "Generating Dialogue on Shakespeare’s Lover’s Complaint". Sharon-Zisser, Shirley, editor. Critical Essays on Shakespeare’s A Lover’s Complaint: Suffering Ecstasy. Sharon-Zisser, Whitworth, Stephen. "Generating Dialogue on Shakespeare’s Lover’s Complaint". Routledge (2017) 9781351947350. pp. 1–4.
  3. 3,0 3,1 3,2 Shirley Sharon-Zisser & Whitworth, Stephen. "Generating Dialogue in Shakespeare's A Lover's Complaint", Critical Essays on Shakespeare's 'A Lover's Complaint': Suffering Ecstasy, Ashgate Publishing, 2006, pp. 1–55.
  4. Marina Tarlinskajam "Who Did NOT Write A Lover's Complaint", Shakespeare Yearbook 15, 2005.
  5. Vickers, John, Shakespeare, 'A Lover's Complaint', and John Davies of Hereford, Cambridge University Press, 2007.


External links[խմբագրել | խմբագրել կոդը]