Լուկրեցիայի բռնաբարությունը
Լուկրեցիայի բռնաբարությունը անգլ.՝ The Rape of Lucrece | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | քնարապատմողական |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Ուիլյամ Շեքսպիր |
Բնագիր լեզու | անգլերեն |
Կերպարներ | Լուկրեցիա, Sextus Tarquinius?, Լուցիոս Յունիոս Բրուտոս, Լուկիոս Տարքվինիոս Գոռոզ, Lucius Tarquinius Collatinus? և Spurius Lucretius Tricipitinus? |
Հրատարակվել է | 1594 |
The Rape of Lucrece |
«Լուկրեցիայի բռնաբարությունը» (անգլ.՝ The Rape of Lucrece, 1594), Ուիլյամ Շեքսպիրի քնարավիպերգական պոեմ, որը պատմում է առասպելական հռոմեացի ազնվականուհի Լուկրեցիայի մասին։ Իր նախորդ՝ «Վեներա և Ադոնիս» պոեմում (1593) Շեքսպիրը նամակ - ձոն էր ներառել՝ ուղղված իր հովանավոր Սաութհեմփթոնի կոմսին, որում խոստացել էր ստեղծել «ավելի ազդեցիկ աշխատանք»։ Հետևաբար, «Լուկրեցիայի բռնաբարությունն» ամբողջովին լուրջ բնույթ ունի։
Պոեմը բաղկացած է 1,855 տողից, որոնք բաժանված են յամբական հնգաչափ յոթտողանի 265 ստանզաների։ Յուրաքանչյուր ստանզան ունի ABABBCC հանգավորման սխեմա, որը հայտնի է որպես «արքայական հանգավորում» և օգտագործվել է նաև Ջեֆրի Չոսերի, Ջոն Միլթոնի և Ջոն Մեյսֆիլդի կողմից[1]։
Միջավայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոեմի իրադարձությունները տեղի են ունենում նախքան մ․թ․ա․ 509 թվականին Հռոմեական հանրապետության հաստատումը, Հռոմում, Հռոմից քսանչորս մղոն դեպի հարավ գտնվող Արդեա և տասը մղոն դեպի արևելք գտնվող Կոլացիում քաղաքներում։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լուկրեցիա - պատվարժան կին
- Կոլատին - Լուկրեցիայի ամուսինը, Հռոմեական բանակի զինվոր
- Տարքվին (Տարքվինիուս Սեքստոս) - հռոմեացի զինվոր, որը բռնաբարումէ Լուկրեցիային
- Լուկրոցիոս - Լուկրեցիայի հայրը
- Ջունիոս Բրուտոս - Կոլատինի ու Լուկրեցիայի ընկերը
- Սուրհանդակ
- Լուկիոս Տարքվինիոս (Տարքվին Գոռոզ) - Հռոմի թագավոր, Տարքվինի հայրը
- Սերվիոս Թուլիոս - Լուցիուս Թարքվինիուսի աները
- Պուբիլոս Վալերիոս - Կոլատինի ու Լուկրեցիայի ընկերը
Համառոտ ամփոփում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի երեկո Արդեա քաղաքում, որտեղ ճակատամարտ էր տեղի ունենում, հռոմեական բանակի երկու առաջատար զինվորներ Տարքվինն ու Կոլատինը զրուցում են։ Կոլատինը սիրագորով նկարագրում է իր կնոջը՝ Լուկրեցիային․ նա գեղեցիկ է և առաքինի։ Հաջորդ առավոտյան Տարքվինը գնում է Կոլատինի տուն։ Լուկրեցիան ողջունում է նրան, վերջինս էլ նրան պատմում է ռազմի դաշտում նրա ամուսնու քաջագործությունների մասին։
Տարքվինը մնում է գիշերը և այրվում Լուկրեցիայի հանդեպ կրքից։ Անկարող լինելով զսպել այն՝ նա գնում է Լուկրեցիայի հարկաբաժինը, որտեղ վերջինս արդեն քնած էր։ Նա մեկնում է ձեռքը և շոշափում նրա կուրծքը, որից Լուկրեցիան արթնանում է։ Նա վախեցած է։ Տարքվինը նրան ասում է, որ պետք է տրվի իրեն, այլապես կսպանի նրան։ Նա նաև սպառնում է պատվազրկել նրան, սպանել մի ստրուկի ու նրանց մարմինները միմյանց գրկում տեղադրել, հետո տարածել, թե սպանել է Լուկրեցիային ստրուկի գրկում տեսնելու պատճառով։ Սակայն եթե նա տրվի իրեն, նա խոստանում է դա գաղտնի պահել։ Լուկրեցիան նրան աղաչում է, սակայն ապարդյուն․ Տարքվինը բռնաբարում է նրան։
Ամոթի ու մեղքի զգացումով համակված՝ Տարքվինը փախչում է։ Լուկրեցիան վիրավորված է, բարկացած ու ինքնասպանության մտքերով տարված։ Նա ամուսնուն նամակ է գրում ու խնդրում տուն վերադառնալ։ Երբ նա գալիս է, Լուկրեցիան պատմում է ամբողջ եղելությունը, սակայն չի ասում՝ դա ով է արել։ Կոլատինն ուզում է անպայման իմանալ։ Նախքան ասելը Լուկրեցիան իրենց տանը գտնվող զինվորներին ստիպում է խոստանալ, որ վրեժ կլուծեն այդ հանցագործության համար ու ամուսնուն ասում անունը, որից հետո անմիջապես հանում է դաշույնը և ինքնասպանություն գործում։ Կոլատինը մեծ վիշտ է ապրում, նա էլ է ուզում ինքնասպանություն գործել, սակայն նրա ընկեր Բրուտոսը համոզում է, որ վրեժխնդիր լինելն ավելի ճիշտ է։ Զինվորները Լուկրեցիայի մարմինը տանում են Հռոմի փողոցներով, ու զայրացած քաղաքացիները վտարում են Տարքվինին ու նրա ընտանիքին։
Հրատարակություն և վերնագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Լուկրեցիայի բռնաբարությունը» գրանցվել է Stationers' Register գրանցամատյանում 1594 թվականի մայիսի 9-ին ու քառորդ ֆորմատով հրատարակվել ավելի ուշ նույն տարվա մեջ գրավաճառ Ջոն Հարիսոն Ավագի համար։ Տիտղոսաթերթին գրված էր պարզապես «Լուկրեցիա» վերնագիրը, թեև ամբողջական վերնագիրը եղել է «Լուկրեցիայի բռնաբարությունը»[1]։ 1614 թվականին Հարիսոնի հեղինակային իրավունքը փոխանցվել է Ռոջեր Ջեքսոնին, որը 1616 թվականին թողարկել է վեցերորդ հրատարակությունը։ Ութաչափ ֆորմատով տարբերակներ լույս են տեսել 1624, 1632 և 1655 թվականներին[2]։ Նախքան 1641 թվականը պոեմն ունեցել է ութ հրատարակություն։
Պատմական նախադրյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուկրեցիայի բռնաբարությունը նկարագրված է և՛ Օվիդիուսի «Fasti» պոեմում, և՛ Լիվիոսի «Հռոմի պատմություն» աշխատության մեջ։ Երկու հեղինակներն էլ իրադարձության մասին գրել են դրա տեղի ունենալուց մի քանի դար անց, և նրանց նկարագրությունները խիստ ճշգրիտ չեն համարվում, մասամբ նաև այն պատճառով, որ հռոմեական գրառումները ոչնչացվել էին գալլերի կողմից մ․թ․ա․ 390 թվականին, իսկ դրան նախորդող պատմությունը միախառնվել էր լեգենդների հետ։
Հռոմեացիների թագավորը Լուկիոս Տարքվինիոսն էր կամ Տարքվինը։ Իր ամբարտավանության և բռնակալության պատճառով հայտնի էր նաև Տարքվին Գոռոզ անունով։ Նրա որդի ու գահաժառանգ Սեքստոս Տարքվինիոսը պատմության բռնաբարողն է։ Պոեմի սկզբում հռոմեական բանակը պատերազմ է մղում վոլսցիան ցեղի դեմ, որոնք նվաճել են Հռոմից հարավ գտնվող տարածքը։ Հռոմեացիները պաշարել են Հռոմից քսան մղոն դեպի հարավ գտնվող նրանց Արդեա քաղաքը։
Մ․թ․ա․ 509 թվականին Սեքստոս Տարքվինիոսը՝ Հռոմի թագավորի որդին, բռնաբարում է թագավորի ազնվական վասալներից մեկի՝ Կոլատինի կնոջը՝ Լուկրեցիային, որի արդյունքում վերջինս ինքնասպանություն է գործում։ Նրա մարմինն ի ցույց է դրվում Հռոմի հրապարակում թագավորի եղբորորդու կողմից, ինչը Լուցիոս Յունիոս Բրուտոսի առաջնորդությամբ լայնամասշտաբ ապստամբություն է հրահրում Տարքվինիոսի դեմ, որի արդյունքում թագավորական ընտանիքը վտարվում է և հիմնադրվում է Հռոմեական հանրապետությունը։
Ակնարկներ Լուկրեցիայի մասին Շեքսպիրի այլ գործերում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Տիտոս Անդրոնիկոս»
[խմբագրել | խմբագրել կոդը]«Լուկրեցիայի բռնաբարությունը» սերտորեն կապված է հռոմեական մեկ այլ ողբերգության՝ «Տիտոս Անդրոնիկոսի» հետ (մոտավորապես 1590–1594 թվականներ)։ Այս պիեսում, երբ բռնաբարված և խեղված Լավինիան բացահայտում է իրեն բռնաբարողների ինքնությունը, նրա հորեղբայր Մարկոսը վկայակոչում է Լուկրեցիայի պատմությունը՝ հանցագործության վրեժը լուծելու երդում պահանջելով։
«Անսանձ կնոջ սանձահարումը»
[խմբագրել | խմբագրել կոդը]«Անսանձ կնոջ սանձահարումը» պիեսի 2-րդ գործողության առաջին տեսարանում Պետռուչիոն խոստանում է Կատերինեի (անսանձի) հորը՝ Բապտիստային, որ երբ ինքն ամուսնանա Կատերիանեի հետ, «իր համբերությամբ նա կդառնա երկրորդ Գրիզել, իսկ իր առաքինությամբ՝ հռոմեական Լուկրեցիա» (2.1.292–293)։
«Տասներկուերորդ գիշեր»
[խմբագրել | խմբագրել կոդը]«Տասներկուերորդ գիշեր» պիեսում Օլիվիայի՝ Մալվոլիոյին իր սերը խոստովանելու անկարողությունը սպանում է նրան, ինչպես Լուկրեցիայի ինքնասպանության դաշույնը։
«Մակբեթ»
[խմբագրել | խմբագրել կոդը]Բռնաբարող Տարքվինը հիշատակված է նաև «Մակբեթ» ողբերգության 2-րդ գործողության առաջին տեսարանում՝ Մակբեթի մենախոսության մեջ (2.1.52–56)։ Տարքվինի գործողություններն ու խորամանկությունը համեմատվում են Մակբեթի անվճռականության հետ. և՛ բռնաբարությունը, և՛ արքայասպանությունն աններելի հանցագործություններ են։
«Սիմբելին»
[խմբագրել | խմբագրել կոդը]Շեքսպիրը պահպանում է դասական պատմության էությունը, ներառելով Լիվիոսի մեկնաբանությունը, որ Տարքվինի կիրքը Լուկրեցիայի հանդեպ առաջացել է վերջինիս ամուսնու՝ կնոջ գովերգումից[3]։ Հետագայում Շեքսպիրը նույն գաղափարն օգտագործել է «Սիմբելին» (մոտավորապես 1609–10 թվականներ) պիեսում։ Այս պիեսում Յակիմոն գրազ է գալիս Պոստհումոսի հետ (Իմոջենի ամուսնու), որ կարող է վերջինիս ստիպել իր հետ դավաճանել ամուսնուն։ Դա նրան չի հաջողվում, սակայն Յակիմոն հակառակի մեջ է համոզում Պոստհումոսին՝ օգտագործելով տեղեկություններ Իմոջենի մահճակալի ու մարմնի մասին։ Յակիմոն որոշ ոսկերչական իրեր պահելու պատրվակով թաքնվել է Իմոջենի հարկաբաժին առաքված ճամպրուկի մեջ։ Տեսարանը, որտեղ նա դուրս է գալիս ճամպրուկից (2.2), կրկնօրինակում է «Լուկրեցիայի բռնաբարությունը»․ Յակիմոն իրեն համեմատում է Տարքվինի հետ (2.2.12–14)։
Վերլուծություն և քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շեքսպիրի վաղ գործերից մեկը՝ «Լուկրեցիայի բռնաբարությունը» տպագրվել է «Վեներա և Ադոնիս» պոեմից մեկ տարի անց։ Այն համարվել է ողբերգական պոեմ, որը չափազանց հարուստ է բանաստեղծական պատկերներով, մտապատկերներով ու փոխաբերություններով։ Այն պատմում է վատ արարքի, դրա պատճառի, իրագործման ու ողբերգական հետևանքի մասին[4]։
Պոեմի պոստստրուկտուրալ վերլուծության մեջ Ջոել Ֆայնմենը պնդել է, որ Շեքսպիրի սոնետների նման «Լուկրեցիայի բռնաբարությունը» պոեմն ապակառուցում է գովեստի ավանդական պոետիկան[5]։ Ֆայնմեմը գտնում է, որ պոեմի ողբերգական իրադարձությունները գործի են դրվում Կոլատինի կողմից Լուկրեցիայի չափազանցեցված փառաբանության պատճառով․ նրա պարծենալն է հարուցում Տարքվինի անբարո ցանկությունը[6]։ Բանը Լուկրեցիայի առաքինությունը չէ, այլ այն փաստը, որ նրա ամուսինը գովում է նրա «մաքրաբարո» լինելը, ինչն էլ հիմք է հանդիսանում Տարքվինի հանցագործության համար։ Այլ կերպ ասած՝ պոեմի բացումն ընդգծում է բանաստեղծական գովեստի լեզվի և սեռական բռնության միջև ներքին կապը։
Ջեյն Նյումենի՝ պոեմի ֆեմինիստական վերլուծությունը կենտրոնացած է Օվիդիուսի «Մետամորֆոզների» վեցերորդ գրքում նկարագրված Ֆիլոմելայի և Պրոքնիի մասին առասպելի հետ պոեմի կապի վրա[7]։ Նյումենի մեկնաբանության համաձայն՝ բռնաբարության համար կանանց կատաղի վրեժ լուծելու ցանկությունը, որը ներկայացված է Ֆիլոմելայի առասպելի մեջ, Շեքսպիրի «Լուկրեցիայի բռնաբարությունը» պոեմում ճնշված է։ Շեքսպիրի պոեմը թույլ ակնարկում է Օվիդիուսի առասպելի մասին, բայց Ֆիլոմելայի ու Պրոքնիի վրեժի մեթեդը չի համարում իրական տարբերակ Լուկրեցիայի համար։ Չնայած բռնաբարությունից հետո Լուկրեցիան պահպանում է խոսելու ունակությունը (ի հակադրություն խեղված Ֆիլոմելայի, որի լեզուն բռնաբարողը պոկում է), Նյումենը պնդում է, որ պոեմն իրականում սահմանափակում է Լուկրեցիայի ճիշտ գործելու ունակությունը, նշելով նրա անձնազոհությունը․ «Համրացած Ֆիլոմելայի ակնհայտ հակադրությունը արդյունավետորեն դիտում է Լուկրետիայի ինքնասպանությունը որպես կանանց համար մատչելի քաղաքական միջամտության միակ ձև»[8]։ Զավեշտալիորեն Լուկրեցիայի մասին հռետորական պերճախոսությունն արգելափակում է հնարավորությունը, որ նա ինքը կարող էր ավելի ակտիվ, բռնի հատուցում որոնել իրեն բռնաբարողի ու միապետական ռեժիմի համար։ Դրա փոխարեն նրա վրեժը նրա անունից պետք է իրականացնեն տղամարդիկ, մասնավորապես Հռոմեական հանրապետության հիմնադիր Բրուտոսը, որը Լուկրեցիայի ինքնասպանությունն օգտագործում է Տարքվինի հոր՝ Հռոմի թագավորի դեմ ապստամբությունը ղեկավարելիս։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Duncan-Jones, Katherine, and H. R. Woudhuysen (eds). Shakespeare, William. Shakespeare's Poems: Third Series. Arden Shakespeare (2007) 978-1903436875.
- ↑ Halliday, p. 402.
- ↑ Titus Livius. Ab Urbe Condita (History of Rome), Book I. 49–60.
- ↑ Prince, F. T. ed. Shakespeare. The Poems. Arden Shakespeare (1960) 0416476104
- ↑ Fineman, Joel (1991). «Shakespeare's Will: The Temporality of Rape». The Subjectivity Effect in Western Literary Tradition: Essays Toward the Release of Shakespeare's Will. Cambridge: MIT Press. էջեր 170–171. ISBN 0-262-06136-8.
- ↑ Fineman 172.
- ↑ Newman, Jane (1994). «And Let Mild Women to Him Lose Their Mildness': Philomela, Female Violence and Shakespeare's The Rape of Lucrece». Shakespeare Quarterly. 45 (3): 304–326. doi:10.2307/2871233. JSTOR 2871233.
- ↑ Newman 308
Գրականության ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Charney, Maurice (2000). Shakespeare on Love & Lust. New York: Columbia University Press. ISBN 0-231-10429-4.
- Halliday, F. E. (1964). A Shakespeare Companion 1564–1964. Baltimore: Penguin.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Digital Facsimile at Folger Library Արխիվացված 2022-04-07 Wayback Machine*
- The Rape of Lucrece at Open Source Shakespeare
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկրեցիայի բռնաբարությունը» հոդվածին։ |
|