Տիցիանը 10 տարեկանում Վենետիկում խճանկարչության դասեր է առել Սեբաստիան Ձուկատոյից, մի քանի տարի անց աշակերտել է նկարիչ Ջովաննի Բելլինիին՝ Ջորջոնեի և ապագա նշանավոր այլ նկարիչների հետ։ Մոտ 1508 թ-ին Ջորջոնեին օգնել է ստեղծելու Վենետիկի գերմանական իջևանատան որմնանկարները, իսկ վերջինիս մահից (1510 թ.) հետո ավարտել է նրա «Քնած Վեներան» կտավը։
Տիցիանն աշխատել է հիմնականում Վենետիկում, նաև Պադուայում (1506 թ.), Ֆեռարայում (1516 և 1523 թթ.), Մանտուայում (1536-37 թթ.), Ուրբինոյում (1542-44 թթ.), Հռոմում (1545-46 թթ.) և Աուգսբուրգում (Գերմանիա, 1548 և 1550-1551 թթ.)։ Ստեղծել է աստվածաշնչյան և դիցաբանական թեմաներով նկարներ, հայտնի է նաև որպես դիմանկարիչ։
Տիցիանը 30 տարեկանում Վենետիկի լավագույն նկարիչն էր։ Նրա արվեստն աչքի է ընկնում կյանքի բազմակողմանի ընդգրկումով, դարաշրջանի դրամատիկ բախումների խոր բացահայտմամբ։
1510-ական թվականների կեսից Տիցիանը մշակել է ուրույն ոճ. նրա կերպարներին բնորոշ է հանգստությունը, իսկ կտավներին՝ մաքուր գույների ներդաշնակությունը։ 1510-1530-ական թվականներին նկարիչն առավելապես ստեղծել է պաթոսով և դինամիկայով օժտված գործեր՝ «Սալոմե» (1515 թ.), «Ֆլորա» (մոտ 1515 թ.), «Երկնային և երկրային սեր» (մոտ 1515-1516 թթ.), «Աստվածամոր համբարձվելը» (1518 թ.), «Կեսարի դինարը» (1518 թ.), կենսալի կերպարներ, սլացիկ շարժումներով հորինվածքներ («Բաքոսը և Արիադնան», 1523 թ.)։ Տիցիանը կրոնական և դիցաբանական թեմայով նկարներում հաճախ ներմուծել է ճարտարապետական ֆոն և կենցաղային մանրամասներ («Պեզարո ընտանիքի տիրամայրը», 1526 թ., և այլն)։
1519-1526 թթ-ին որմնանկարել է մի շարք Ավագ խորաններ։
Տիցիանի դիմանկարչական արվեստը ծաղկել է 1530-40-ական թվականներին. ժամանակակիցների կերպարներում ընդգծել է նրանց բնավորության գծերը, յուրաքանչյուրի համար գտել հորինվածքային հնարամիտ, գունային յուրօրինակ լուծումներ («Հիպպոլիտո Մեդիչի», 1532-33 թթ., «Վեներա», 1538 թ., «Պիետրո Արետինո», 1545 թ., «Պողոս III պապը Ալեսսանդրո և Օտտավիո Ֆառնեզեների հետ», 1545-46 թթ., և այլն)։
XVI դարի կեսից՝ ստեղծագործության ուշ շրջանում, Տիցիանը հասել է կատարյալ գեղանկարչականության և կրոնական ու դիցաբանական թեմաների մեկնաբանման բացառիկ խորության։ Մարդու մարմնի գեղեցկությունը նկարչի գործերի առանձնահատուկ թեմաներից է («Դանայա», մոտ 1554 թ., «Վեներան հայելու առջև», 1550-ական թվականներ, «Եվրոպայի առևանգումը», մոտ 1559 թ., և այլն)։
Այդ շրջանի կրոնական թեմայով նկարներին («Սուրբ Հիերոնիմոս», մոտ 1552 թ., «Ապաշխարող Մարիամ Մագդաղենացին», 1560-ական թթ., «Սուրբ Սեբաստիանոս», 1570 թ., և այլն) բնորոշ են գունային նուրբ ելևէջներն ու ազատ կերպավորումը։
Տիցիանը գեղանկարչության մեջ մշակել է նոր տեխնիկա. ներկերը կտավին քսել է և՜ վրձնով, և՜ մատներով, և՜ քսաթիակով։ Նա ստեղծել է նաև գծանկարներ։
Տիցիանի նկարներն ուսումնասիրել են տարբեր երկրների ու դարաշրջանների նկարիչներ (Տինտորետո, Էլ Գրեկո, Ռեմբրանդ, Էդուարդ Մանե, Դիեգո Վելասկեզ, Պիտեր Ռուբենս և ուրիշներ)։ Նրան անվանել են Աստվածային Տիցիան։
Տիցիանի գործերից պահվում են Լոնդոնի ազգային, Բեռլինի, Հռոմի Բորգեզե, Ֆլորենցիայի Պալատին պատկերասրահներում, Փարիզի Լուվր, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ և այլ թանգարաններում։
Նրա անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա։
Իսպանիայի Կառլոս V թագավորը Տիցիանին հրավիրել է իր մոտ և արժանացրել հատուկ պատվի ու հարգանքի։ «Ես կարող եմ ունենալ հերցոգ, սակայն չեմ կարող գտնել երկրորդ Տիցիան», - ասել է նա։
Մի անգամ նկարելու ժամանակ Տիցիանի ձեռքից վրձինն ընկել է։ Կառլոս V-ը բարձրացրել է այն և ասել. «Տիցիանին ծառայելը պատիվ է նույնիսկ թագավորի համար»։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 19)։