Ուրբինյան Վեներա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուրբինյան Վեներա
տեսակգեղանկար
նկարիչՏիցիան[1]
տարի1538[1][2]
բարձրություն119 սանտիմետր
լայնություն165,5 սանտիմետր
ստեղծման վայրՎենետիկ
ստեղծման երկիր Վենետիկի հանրապետություն
ուղղությունԲարձր վերածնունդ և Վենետիկի գեղարվեստի դպրոց[3]
ժանրդիցաբանական գեղանկարչություն և նյու
նյություղաներկ[4] և կտավ[4]
գտնվում էՈւֆֆիցի
հավաքածուՈւֆֆիցի
պատվիրատուԳվիդոբալդո II դելլա Ռովերե, Ուրբինոյի դուքս
ներշնչված էՔնած Վեներան
հիմնական թեմաՎեներա[5]
կայք
Ծանոթագրություններ
 Venus of Urbino Վիքիպահեստում

Ուրբինյան Վեներա, իտալացի մեծ նկարիչ Տիցիանի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավը պատկերվել է Ուրբինոյի հերցոգ Գվիդոբալդո 2-րդ դելա Ռովերեի պատվերով։ Հնարավոր է` Ուրբինյան Վեներայի նախատիպ է ծառայել Գվիդոբալդոյի երիտասարդ հարսնացու Ջուլիա Վարանոն։ Ըստ մեկ այլ վարկածի` կտավի համար բնորդուհի է եղել Տիցիանի սիրելին, ում նա պատկերել է ամենաքիչը երեք կտավներում։ Վարկած կա նաև, որ կտավի վրա պատկերվել է Գվիդոբալդոյի մայրը, Էլեոնորա Գոնզագան. այս տարբերակի համար հիմք է հանդիսացել այն նմանությունը, որ կա Էլեոնորայի դիմանկարի ու «մերկ կնոջ» միջև, ինչպես նաև` երկու կտավներում էլ պատկերված է միևնույն դիրքում կծկված շնիկը։

Անոլո Բրոնզինո. Գվիդոբալդո դելա Ռովերեի դիմանկանը, Ֆլորենցիա, 1532

1538 թվականի մարտի 9-ին Գվիդոբալդոն սուրհանդակ է ուղարկում Վենետիկ` պահանջելով բերել Տիցիանին պատվիրած իր երկու կտավները։ Սուրհանդակը չպետք է վերադառնար առանց կտավների, անգամ եթե ստիպված լիներ սպասել 2 ամիս։ Կտավներից մեկն իր դիմանկարն էր, մյուսը` la donna nuda` մերկ կնոջ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավի առաջին պլանում, ճոխ հարդարանքների մեջ պատկերված է պառկած մերկ կին, ում նույնացնում են աստվածուհի Վեներայի հետ։ Նրա վրա միայն մի քանի զարդարանքներ կան` մատանի, թևնոց և ականջօղեր։ Կնոջ բաց հայացքն անմիջականորեն ուղղված է դեպի հանդիսատեսը։ Աջ ձեռքում Վեներան ծաղիկներ է բռնել, ձախ ձեռքը փակում է գիրկը` այդպիսով ստեղծելով նկարի կենտրոնը։ Վեներայի ոտքերի մոտ քնած է փոքրիկ շնիկը։ Աջ կողմում, նկարի հետին պլանում պատկերված են սպասուհիներ, ովքեր զբաղված են զգեստների սնդուկներով։ Տիցիանի մերկ գեղեցկուհու վերաբերյալ մի քանի բացատրություն կա։ Ըստ դրանցից մեկի, նկարը խորհրդանշում է ամուսնական կապեր։ Զգեստներով սնդուկը հետին պլանում խորհրդանշում է մերկ աղջկա օժիտը։ Այլ ուսումնասիրողներ կարծում են, որ «Ուրբինյան Վեներան» կուրտիզանուհու դիմանկար է, ով փաստացի իրեն առաջարկում է հանդիսատեսին։ Հնարավոր է` Տիցիանը ցանկացել է իր կտավում պատմել ամուսնության մեջ սեքսուալության մասին` միավորելով հուզիչ էրոտիկան հավատարմության հետ, ինչը խորհրդանշում է կտավի վրա պատկերված շնիկը։ Սակայն վերածննդյան կտավի գեղագիտական իդեալները թույլ են տալիս Վեներայի մերկության մեջ տեսնել առավել գաղափարական թեմատիկա։ Մերկ կինը մերկ տղամարդու հետ միասին 15-16-րդ դարերի Իտալիայում ձեռք են բերում գեղարվեստական չափանիշի նշանակություն։ Մերկությունը չի ընկալվում ուղղակի որպես առանց հագուստի մարդ։ Մերկության մեջ նկարիչները տեսնում են մարդու բնական վիճակը, նրա գեղարվեստական միտքը։ Մերկությունը որպես բարոյական մաքրության, խելամտության ու ճշմարտության մարմնավորում Վերածննդի նկարիչների կողմից հակադրվում էին հագնված կերպարներին, ինչպես «մերկ ճշմարտությունը» «զարդարված ճշմարտությանը»[8]։ Հնարավոր է` «Ուրբինյան Վեներա» կտավի վերաբերյալ նման վերամբարձ բացատրությունների պատճառը նաև դրա գեղանկարչական առանձնահատկությունների հետ է կապված. «Վեներան կարծես առանձնացված է սենյակի տարածությունից, ինչի շնորհիվ այն գոյություն ունի իր սեփական աշխարհում, որտեղ իդեալականի ու իրականի սահմանը շատ երերուն է»[9], «Տիցիանը Վեներայի մարմնի պատկերման մեջ տաք ու սառը երանգների համադրությամբ լույսի ու գույների անընդհատ խառնուրդ է ստեղծում, և այդ հավերժ շարժման մոտիվը ոչ միայն եզրագծում է մարմնի ձևը, այլև բացում է դրա մեջ կյանքի շնչառությունը։ Միևնույն ժամանակ, Վեներայի հետևում բարձրանում է պատի աբստրակտ սև գույնը, ոչ մի տեղ չգնացող ուղղահայացը։ Այդ սև կերպարի կողքին լուսամուտը ստեղծում է կապույտի ու սևի համադրություն, ինչը հոգեկան տարածության, տրանսցենդենտալ զգացողություն է առաջացնում»[10]

Կանացի գեղեցկության իդեալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիցիանի կտավում կինը ձեռքին վարդ ունի, ինչը Վեներայի խորհրդանիշն է։ Ով էլ որ լինի կինը, Վեներան թե donna nuda (մերկ կին), նրա մարմինը ցուցադրում է գեղեցկության իդեալ ու համարվում է բարձր Վերածննդի դարաշրջանի խորհրդանիշ։ Բարձր ճակատը, որը միջնադարում գեղեցկության խորհդրանիշ էր, և հանուն ինչի կանայք հանում էին ճակատի մազերը, դադարել էր գեղեցկության չափանիշ համարվել։ Այժմ մազերը շրջանակում են դեմքը` մեղմացնելով դիմագծերը։ Մազերի նախընտրած գույնը ոչ թե սևն էր, ինչպես շատ իտալուհիների մոտ է ի ծնե, այլ բաց գույնը։ Վերածննդի ժամանակաշրջանում պատկերված գրեթե բոլոր դիցաբանական կերպարները բաց գույնի մազեր ունեն։ Կուրծքը գեղեցիկ էր համարվում, եթե այն փոքր էր, կլոր ու ձիգ։ Կնոջ փորը Տիցիանը պատկերել է փոքր-ինչ կլոր։ Գոթական կտավներում կանանց փորը պատկերվում էր առավել ուռուցիկ։ Վերածննդի ժամանակաշրջանում նկարիչները հրաժարվել են այդ փորձից և փնտրում էին առավել բնական ձևեր։ Ամեն դեպքում, փորը համարվում էր կանացի մարմնի կենտրոնը, պտղաբերության ու մարդկության շարունակության խորհրդանիշը։

Նախատիպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1508-1510 թվականներին հայտնվել է Ջորջոնեի «Քնած Վեներան», որի ստեղծմանը, ըստ հետազոտողների, մասնակցել է Ջորջոնեի աշակերտ Տիցիանը։ Երկու կտավների տիպային համընկնումն ակնհայտ է։ Միևնույն ժամանակ, ըստ Ալպատովի, Տիցիանը «Ուրբինյան Վեներա»-ով «ոչ միայն հետ է մնում Ջորջոնեից մանրամասներում», այլև փոխում է դրա ողջ կերպարային կառուցվածքը. «Տիցիանի ճոխ մերկությունը փոխարինում է Ջորջոնեի կուսական-խելամիտ մերկությանը, ինչպես ծաղկող ամառը փոխարինում է ամաչկոտ գարնանը»[8]։

Ջորջոնե. Քնած Վեներան, 1508-1510, Դրեզդենի պատկերասրահ

Տեխնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ուրբինյան Վեներա» կտավում իրենց ամբողջական արտացոլումն են գտել Տիցիանի գեղանկարչական բոլոր հատկանիշները։ Մասնավորապես մազերը, մաշկը, մորթիները, գույները, կտորներն ու թանկարժեք քարերը նկարչի կողմից պատկերվել են բնական կերպով, տեսողական խաբկանքին մոտ։ Կրոնական թեմաներով կտավներից բացի Տիցիանը պատկերել է նաև պատմական կերպարներ ու չճանաչված անձանց։ Տիցիանի ստեղծագործության մեջ մի ամբողջ շարք նվիրված է անհայտ կանանց, որտեղ Տիցիանը սիմվոլների լեզվով պատմում է կանացի ձգողականության ուժի մասին։ Կտավներում կարող են հանդիպել վենետիկյան կուրտիզանուհիներ, ովքեր 17-րդ դարում բարձր սոցիալական դիրք ունեին։

Էդուարդ Մանե, Տիցիանի «Ուրբինյան Վեներայի» պատճենը

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տիցիանի «Ուրբինյան Վեներա»-ն ներշնչել է Էդուարդ Մանեին ստեղծել իր հայտնի «Օլիմպիա»-ն։
Էդուարդ Մանե, Օլիմպիա, 1863, Փարիզի Օրսե թանգարան

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

«Էլ Գրեկո» (2007) ֆիլմում կա դրվագ, որտեղ ցուցադրվում է Տիցիանը «Ուրբինյան Վեներա»-ն պատկերելիս։ Ըստ սյուժեի, իսպանացի սուրհանդակները, որ եկել են Վենետիկ, այցելում են Տիցիանի արվեստանոցը հենց այն պահին, երբ նա աշխատում էր «Ուրբինյան Վեներա» կտավի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  2. https://www.uffizi.it/en/artworks/venus-urbino-titian
  3. Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  4. 4,0 4,1 https://rkd.nl/explore/images/297545
  5. Bildindex der Kunst und Architektur
  6. 6,0 6,1 http://www.economist.com/node/21559586
  7. 7,0 7,1 Hale S. Titian: His Life — 1 — Harper, 2012. — ISBN 978-0-06-059876-1
  8. 8,0 8,1 Միխայիլ Ալպատով. «Венера» Джорджоне / Этюды по всеобщей истории искусств. — М., Советский художник (серия "Библиотека искусствознания"), 1979. — 43-67 с.
  9. Маркова В. Э. Выставочная экспликация к картине «Венера Урбинская».
  10. Тавьев М. Ю. «Венера Урбинская». Опыт зрительского восприятия / От Венецианова до Ван Гога. Этюды о живописи. — М., Издательский дом Руденцовых, 2012. — 24-29 с.