Նյու (ժանր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նյու (ֆր.՝ nu, ֆր.՝ nudité «մերկություն» բառի կրճատ ձևը), գեղարվեստական ժանր քանդակագործության, գեղանկարչության, լուսանկարչության և կինեմատոգրաֆիայի մեջ, որը պատկերում է մարդու մերկ մարմնի գեղեցկությունն ու գեղագիտությունը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Նախնադարյան արվեստ

Նախնադարյան արվեստը թվագրվում է քարե դարից, այդ ժամանակ էլ ի հայտ են գալիս առաջին նշանները, որոնք կարելի է դիտարկել որպես մարդու պատկերման արվեստ:

Անտիկ արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենահին հունական քանդակը վերագրվում է վաղ բրոնզե դարին: Կիկլադյան քաղաքակրթության ժամանակաշրջանում մարդու պատկերները ներկայացված են հիմնականում տղամարդկային ֆիգուրներով (չնայած հայտնի են և մի քանի կանացի մարմիններ), որոնք ենթադրաբար մերկ են: Կյանքի դժվարին պայմանները մարդուց նախ և առաջ դիմացկություն էին պահանջում: Հին Հունաստանում հատուկ ուշադրություն էր դարձվում ֆիզիկական դաստիարակությանը: Ըստ հին ժամանակների ձևավորված սովորույթի, մրցող մարզիկները մերկ էին հանդես գալիս: Նրանց մարմինների գեղեցկությունը հիացմուքնի առարկա էր մեծաթիվ երկրպագուների համար: Արխաիկ Հունաստանի ժամանակաշրջանում (մ. թ. ա. 7-6-րդ դարերում) հայտնվում են ռեալիստական արձաններ, որոնց համար օրինակ են հանդիսացել եգիտպական քարե արձանները[1]: Արխաիկ ժամանակաշրջանի մոնումենտալ քանդակների հիմնական տեսակներն են. տղամարդկանց համար` կուրոս (հուն․՝ κοῦρος), կանանց համար` կորա (հուն․՝ κόρη): Դրանք օգտագործվել են կա՛մ աստվածների ուղեկցորդներին պատկերելիս, կա՛մ` որպես գերեզմանի հուշարձաններ, սակայն որևէ փորձ չի արվել նրանց նմանեցնել մահացածների արտաքինին: Կուրոսը, մերկ երիտասարդ տղամարդը, գրեթե պատանի, պատկերում էր դաժան տղամարդկություն, ֆիզիկական մեծ ուժ, ինչը կարևորագույն որակ էր հասարակության համար: Վերջինս գնահատում էր ֆիզիկական ուժն ամեն ինչից առավել, քանի որ դրանից էր կախված նրա գոյությունը[2]: Որպես կանոն, քարե այս արձանների մեջքերն առավել լավ էին մշակված, քան նրանց դիմային հատվածները: Կուրոսի ձախ ոտքը առաջ էի եկած. այսպես նկարիչներն առաջին անգամ փորձում էին մարդուն պատկերել շարժման մեջ: Ֆիգուրի խիստ ճակատային դիրքն ընդգծելու համար առաջ եկած ոտքը երկար էր աջ ոտքից[3]: Ամենահին կուրոսներն անկաշկանդվածությամբ զիջում են իրենց եգիպտական նախատիպներին: Ժամանակի ընթացքում տղամարդկանց հունական արձանները փոփոխությունների են ենթարկվել, մոտեցել են գեղեցկության եվրոպական ընկալմանը, որոնք մինչև օրս էլ գրեթե անփոփոխ են մնացել[4]: Ի տարբերություն տղամարդկային մարմինների, կորան միշտ հագնված է եղել, միայն նրա զգեստի ձևավորումն ընդգծում է կուրծքը: Դիմագծերը չեն տարբերվում տղամարդու դիմագծերից, երկուսն էլ ժպտում են խորհրդավոր արխայիկ ժպիտով: Սակայն կանանց արձաններն ունեն առավել բարդ սանրվածք ու հարուստ ոսկե զարդարանքներ: Նրա առաջնային նշանակությունը արձանի պատվիրատուի դիրքն ընդգծելն է[5][6]: Մինչև մ. թ. ա. 6-րդ դարը հայտնի չէ մերկ կնոջ որևէ արձան, իսկ մ. թ. ա. 5-րդ դարում դրանք շատ չէին: Այն ժամանակ, երբ տղամարդու մերկությունը մրցույթներին սովորական էր հասարակության համար, և երիտասարդները շրջում էին միայն մի կարճ վարտիքով, հունական կանայք ծածկված էին ոտքից գլուխ: Իր դերն ուներ նաև երկու երիտասարդ տղամարդկանց սիրո բանաստեղծականացումը, իսկ հակառակ սեռերի միջև սերը համարվում էր ոչ այնքան ազնիվ արարք[7]: Հունական քանդակագործները հաջողությամբ էին պատկերում կանացի մարմինը բարակ շղարշի տակ, որը ոչ այնքան ծածկում, որքան ընդգծում էր մարմնի գեղեցկությունը: Մ. թ. ա. 5-րդ դարում փիլիսոփաների կողմից դրսևորվող հետաքրքրությունը մարդու հանդեպ ազդեցություն է ունեցել նաև այդ դարաշրջանի քանդակագործության զարգացման վրա: Նկարիչներն ստեղծում էին իրենց աշխատանքները` հիմնվելով կենդանի մարդու ուսումնասիրության վրա: Քանդակագործությունը մեծ ազատություն էր ձեռք բերել, մարմնի ձևերը դարձել էին առավել իրական, իսկ շարժումներն անկաշկանդ էին[8]: Ըստ Քեննեթ Քլարքի, հենց մ. թ. ա. 5-րդ դարում հույներն ստեղծել են գեղարվեստական նոր ձև` մերկ մարմնի պատկերումը[9][10] Հելլենիզմի դարաշրջանում փոխվել է գեղեցկության իդեալը: Մերկ տղամարդկանց պատկերներում առաջնային էր ոչ թե ֆիզիկական ուժի գովերգումը, այլ` կատարյալ մարմնով հիացումը: Մարմնակազմվածքը դառնում է առավել սլացիկ: Մարմարյա քանդակների զգայունությունն ավելանում է նյութի նոր մշակմամբ, որը հարթություն ու փայլ է տալիս դրա արտաքին մակերեսին[11]: Փոփոխությունների են ենթարկվում նաև կանացի արձանները: Կանացի ամենահին մերկ արձանը համարվում է Պրաքսիտելեսի Աֆրոդիտեի արձանը (մոտավորապես մ. թ. ա. 350 թվական): Մինչև 5 դար աստվածուհիները պատկերվում էին միայն հագուստով, հավանաբար ըստ դարերից եկող ավանդույթի, իսկ Աֆրոդիտեի մերկ արձաններն արևելյան ազդեցության հետևանք էին: Սլացիկ աղջկա արձանը, ում մարմինը պատկերում է հայելու բռնակ, պահվում է Մյունխենի թանգարանում և իր ձևով հիշեցնում է ավելի շուտ եգիպտական արձաններ և հեռու էին դասական հունական քանդակներից[12][13]:

Միջնադար[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերկությունը դադարել է հիացմունքի առարկա լինել և դուրս է մղվել արվեստից գրեթե մեկ դար ավելի վաղ, քան Եվրոպայում կհաստատվել քրիստոներությունը: Բյուզանդիայում, որը համարվում է Հունաստանի հաջորդողը, չէր զարգանում կերպարվեստի այս տեսակը, սակայն մերկ մարմինը հակակրանք չէր առաջացնում: Այդ մասին է վկայում Աֆրոդիեի արձանը պատմությունը, որն ընկել է Կոստանդնուպոլիս: Կոնստանդին Ծիրանածիր կայսրը բարձր է գնահատել այդ քանդակը[14]

Վերածնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերածննդի ժամանակաշրջանում, երբ անտիկ կերպարների հանդեպ մեծ ձգտում կար, մարդու մերկ մարմինը յուրաքանչյուր գաղափար իրականացնելու համընդհանուր միջոց էր դարձել[15]: Առաջին պատկերները սահմանափակված էին դիցաբանական, փոխաբերական, պատմական ու կենցաղային կերպարներով: Ջորջոնեն, Տիցիանը, Կորեջիոն և այդ դարաշրջանի այլ նկարիչներ իրենց ստեղծագործության մեջ ներկայացնում էին կանացի գեղեցկության իրենց իդեալական պատկերացումները` միևնույն ժամանակ հաճախ ավելացնելով փիլիսոփայական-բանաստեղծական երանգներ:

Բարոկկո[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարոկկո ոճին հատուկ էին արդեն առավել ճոխ ձևերը, ինչպես նաև` ծաղկող երիտասարդ գեղեցկության կենսական հմայքը: Այս ոճի ստեղծագործությունները պատմում են աշխարհի զգայական, լիարժեք ընկալման մասին: Բարոկկո ոճում նյու ժանրի ամենավառ ներկայացուցիչներից մեկը Պիտեր Պաուլ Ռուբենսն է:

Ռոկոկո[խմբագրել | խմբագրել կոդը]

12-րդ դարում նյուն հայտնվում է արդեն ռոկոկո ոճում: Կտավներում հայտնվում են նրբագեղ, կոկտ, զգայական կերպարներ (Ֆրանսուա Բուշե):

Նոր ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլասիցիզմի ժամանակաշրջանում նկարիչները փորձում էին վերադարձնել գեղեցկության անտիկ կանոնները (Ժակ Լուի Դավիդ, Դոմինիկ Էնգր «Ակունք», 1820-1856): Սկսած 19-րդ դարի կեսերից մի շարք նկարիչներ (Ուիլյամ Բուրգո և այլն) օգտագործել են «նյու»-ն էկլեկտիկ ստեղծագործություններում, որոնք հետագայում ճանաչվել են չափազանց նուրբ ու քնքուշ: Արվեստի ստեղծագործությունների մեջ մերկությունը դիցաբանական համառեքստում կարող էր հանրային ցուցադրվել: Միևնույն ժամանակ տղամարդու մերկությունը դիմադրության էր հանդիպում: Այսպես, 1870 թվականին Անգլիացի ջրանկարիչների միության ցուցահանդեսի կազմակերպիչները պահանջել են ցուցահանդեսից հանել Բերն-Ջոնսի «Ֆիլլիդա և Դեմոֆոնտ» կտավը` Դեմոֆոնտի մերկությունը համարելով անհարմար[16]: Դիցաբանական համատեքստից դուրս գալը, մերկությունն ամենօրյա կյանքի հետ կապելը դիտարկվում էր որպես հասարակական բարոյական կարգի խախտում: Դրանով է բացատրվում այն ընդունելությունը, որին արժանացան Էդուարդ Մանեի «Օլիմպիա» և «Նախաճաշ խոտի վրա» կտավները 1863 թվականին: Միայն 40 տարի անց, երբ կտավը դադարել է ընկալվել որպես կենցաղային և իր հերթին դարձել է «դիցաբանական», «Օլիմպիա»-ն տեղ է գտել Լուվրում[17]: 20-րդ դարի սկզբում «նյու» ժանրը հայտնվում է թատրոնում: Օլգա Դեսմոնտի «Կատարյալ մշակույթի համընկերությունը» կազմակերպում էր «գեղեցկության երեկոներ», որտեղ մերկ Օլգան ներկայացրել է կենդանի պատկերներ` ներկայացնելով Վեներայի կենդանացած արձանը: 1908 թվականին նա առաջին անգամ ներկայացրել է մերկ կերպարը ռուսական բեմում` տալով միակ ներկայացումը Սանկտ-Պետերբուրգում, որին հաջորդած սկանդալի պատճառով հաջորդ ներկայացումներն արգելվել են քաղաքային ղեկավարության կողմից: 20-րդ դարում «նյու» ժանրն իր տարածվածության պատճառով սկսում է սպառել իրեն, այդ պատճառով նկարիչները սկսել են ակտիվորեն փնտրել նոր արտահայտչամիջոցներ:

Սրբապատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյուն երկար ժամանակ ստիպված էր արտահայտվել դիցաբանության կամ կրոնական համատեքստի միջոցով: Դիցաբանության համար սրբապատկերային աղբյուրներն են հունա-հռոմեական դասական հեղինակները (Հոմերոս և այլ), իսկ կրոնականի համար` Աստվածաշունչը[18]: Սրբապատկերներում հանդիպող առավել հայտնի կերպարներն են.

Երեք գրացիա
Հունական քանդակի հռոմեական պատճեն
Ռաֆայել, Շանտիյի (1504).
Լեդան և կարապը
Օգյուստ Կլեզենժե, Պիկարդի թանգարան, Ամյեն (1864).
Գյուստավ Մորո, Գյուստավ Մորոյի թանգարան, Փարիզ (1865-1875).
Պուտտո
Ամուրը հախճապակե գնդակով (1650—1655), Ցեզար վան Էվերդինգեն, մասնավոր հավաքածու.
Վեներայի հարդարանքը (1751), Ֆրանսուա Բուշե, Մետրոպոլիտենի թանգարան, Նյու Յորք.
Ամուրը և Փսիխեան մանուկ ժամանակ (1890), Ուիլյամ Բուգո.
Պարիսի դատաստանը
Լուկաս Կրանախ Ավագ, Դանիայի ազգային պատկերասրահ, (1527).
Անտոն Ռաֆայել Մենգս, Էրմիտաժ, Սանկտ-Պետերբուրգ (1757).
Սիմոնե Էնրիկե, Գեղեցիկ արվեստների թանգարան, Մալագա (1904).
Պիեռ-Օգյուստ Ռենուար, Հիրոսիմայի արվեստի թանգարան (1908—1910).
Էռնստ Լյուդվիգ Կիրխներ, Վիլհելմ Հակի անվան թանգարան, (1912).


Լուսանկարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմության մեջ այս ժանրի ստեղծման վերաբերյալ որևէ որոշակի ամսաթիվ չկա: Հայտնի է, որ 1840-ականների սկզբին Փարիզում կայացել է մերկ բնորդների «դագերոտիպիկ պատկերների» ցուցահանդես: Մոտավորապես այս նույն ժամանակահատվածում գեղանկարիչներն սկսել են օգտագործել մերկ մարմինների լուսանկարներ: 1850-ականներին ժանրի առաջատար նկարիչներից մեկը Վալլու դե Վիլնևն էր. նրա աշխատանքները ազդեցություն են ունեցել շատ այլ նկարիչների, հատկապես` Գյուստավ Կուրբեի, ստեղծագործությունների վրա: Որպես կանոն, լուսանկարներն սկզբից իրենցից ներկայացնում էին միայն ալբումինի կամ կալոտիպային հետքեր: Նկարահանման տարածքը սովորաբար լիքն էր լինում նեյտրալ ֆոնով անտիկ քանդակներով: Եվ միայն դարավերջում հայտնվել են բաց տարածքում արված մերկ մարմինների լուսանկարներ: 1851 թվականին ֆոտոմոնտաժի բացահայտումից հետո մի փոքր ավելացել են նյու ժանրի հեղինակների հնարավորությունները: Նկարի մի քանի կոլլոդիկ նեգատիվ տպման միջոցով ստեղծվում էին տարբեր անիրական կերպարներ (օրինակ, ջրահարս): Սկանդալային հանրաճանաչություն է ձեռք բերել Օսկար Ռեյլանդերի «Կյանքի երկու ուղիներ» (1857) համայնապատկերը, հասարակությունն այն ընդունել է որպես բացահայտ պոռնոգրաֆիա: Շոտլանդիայի լուսանկարչական համայնքը հրաժարվել է այն ցուցադրել իր ցուցահանդեսի ժամանակ, որոշ ցուցահանդեսներում նկարի ձախ կողմը փակվել է: Նյու ժանրով 6 լուսանկար է պահպանվել սիրողական լուսանկարիչ Լյուիս Քէրոլի աշխատանքներից: Դարավերջում տեղի են ունեցել նաև դատական գործեր, որոնք կապված էին մերկ մարմինների տարածման ու ցուցահանդեսների հետ: Պոռնոգրաֆիայի ու էրոտիկայի սահմանը մինչև օրս քննարկվող հարց է, այդ պատճառով էլ ժանրի հանդեպ հանրության վերաբերմունքն անընդհատ փոխվում է: Փոխվել է նաև կանացի գեղեցկության հանդեպ ընկալումը. 19-րդ դարի վերջում շեշտը դրվում է թախծոտ օրիորդների վրա, 20-րդ դարի սկզբին պատկերվում էին կաբարեի պարուհիներ, իսկ 20-ական թվականներին նրանց փոխարինելու են գալիս գեղեցիկ մարզուհիները: 40-ական թվականներին ի հայտ է գալիս ժանրի նոր թեմատիկա` նյուն շարժման մեջ: Դրա առաջին պատկերողը Գերհարդ Ռիբիկեն էր: Նյու ժանրի լուսանկարները որպես իր նկարների էտյուդներ օգտագործել է լատիշ նկարիչ Յանիս Ռոզենտալսը (1886-1906, «Ցնծացող երեխաներ»): 2016 թվականին Լատվիայի ազգային գեղարվեստական թանգարանում անց է կացվել նկարչի ստեղծագործությանը նվիրված ամենամեծ ցուցահանդեսը, այնտեղ ներկայացված էին ոչ միայն նրա նկարները, այլև` նկարների համար արված նրա լուսանկարները: Նյու ժանրը մեծ արտացոլում է գտել ճապոնացի Խադզիմէ Սավատարիի լուսանկարչական աշխատանքներում: 1973 թվականին նա ստեղծել է «Ալիսա» ֆոտոալբոմը, որը նա նմանեցրել է Քէրոլի լուսանկաների ոճին և 7-ամյա երեխային լուսանկարել է մերկ: Ալբոմը մեծ աղմուկ է բարձրացրել, իսկ դրա հեղինակին մեղադրել են մանկական պոռնոգրաֆիայի համար: Սավատարիի նոր` «Ալիսան ծովից» ալբոմը խիստ պուրիտանական ավանդույթներով էր[19]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Вайс Ш. Фотография обнаженной натуры: книга для профессионалов: 371 иллюстрация = Profibuch Aktfotografie / пер. с нем. В. Унагаева. — СПб.: БХВ-Петербург, 2012. — 315 с. — ISBN 978-5-9775-0762-2
  • Кларк К. Нагота в искусстве : исследование идеальной формы / Пер. с англ.: М. В. Куренной и др.. — СПб.: Азбука-классика, 2004.
  • Теория культуры: учебное пособие для студентов высших учебных заведений, обучающихся по специальности 031401.65 «Культурология» / под ред. С. Н. Иконниковой, В. П. Большакова. — Москва [и др.]: Питер, 2008. — 592 с. — ISBN 978-5-388-00112-2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Кларк К. Нагота в искусстве : исследование идеальной формы / Пер. с англ.: М. В. Куренной и др.. — СПб.: Азбука-классика, 2004.
  2. Холлингсворт М. Искусство в истории человека / вступ. Джулио Карло Аргана. — М.: Искусство, 1993. — С. 55.
  3. Балицкая Т. Искусство: [энциклопедия]. — М.: РОСМЭН, 2007. — С. 280.
  4. Кларк К. Нагота в искусстве : исследование идеальной формы / Пер. с англ.: М. В. Куренной и др.. — СПб.: Азбука-классика, 2004.
  5. Холлингсворт М. Искусство в истории человека / вступ. Джулио Карло Аргана. — М.: Искусство, 1993. — С. 55.
  6. Балицкая Т. Искусство: [энциклопедия]. — М.: РОСМЭН, 2007. — С. 280.
  7. Кларк К. Нагота в искусстве : исследование идеальной формы / Пер. с англ.: М. В. Куренной и др.. — СПб.: Азбука-классика, 2004.
  8. Холлингсворт М. Искусство в истории человека / вступ. Джулио Карло Аргана. — М.: Искусство, 1993. — С. 59.
  9. Кларк К. Нагота в искусстве : исследование идеальной формы / Пер. с англ.: М. В. Куренной и др.. — СПб.: Азбука-классика, 2004.
  10. Քլարքն այստեղ պնդում է, որ «մերկությունը ոչ թե արվեստի առարկան է, այլ` դրա ձևը»:
  11. Холлингсворт М. Искусство в истории человека / вступ. Джулио Карло Аргана. — М.: Искусство, 1993. — С. 64.
  12. Кларк К. Нагота в искусстве : исследование идеальной формы / Пер. с англ.: М. В. Куренной и др.. — СПб.: Азбука-классика, 2004.
  13. Холлингсворт М. Искусство в истории человека / вступ. Джулио Карло Аргана. — М.: Искусство, 1993. — С. 64.
  14. Кларк К. Нагота в искусстве : исследование идеальной формы / Пер. с англ.: М. В. Куренной и др.. — СПб.: Азбука-классика, 2004.
  15. Кларк К. Нагота в искусстве : исследование идеальной формы / Пер. с англ.: М. В. Куренной и др.. — СПб.: Азбука-классика, 2004, с. 18.
  16. Мировое искусство. Прерафаэлизм / Сост. И. Г. Мосин. — СПб.: Кристалл, 2006. — С. 21.)
  17. еория культуры : учебное пособие для студентов высших учебных заведений, обучающихся по специальности 031401.65 «Культурология» / Под ред. С. Н. Иконниковой, В. П. Большакова. — М., 2008. — С. 363—364.
  18. Rynck, Patrick de. Cómo leer la mitología y la Biblia en la pintura. — Barcelona: Electa, 2009. — P. 7—11.
  19. Kato, Masaki. Hajime Sawatari. Interviewed by Mika Kobayashi ((անգլ.)).Рurple Magazine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]