Ֆլորենցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ֆլորենցիա
Firenze
Դրոշ Զինանշան
Flag of Florence.svg FlorenceCoA.svg

Medicibib.jpg
Կոորդինատներ: 43°47′0″ հս․ լ. 11°15′0″ ավ. ե. / 43.78333° հս․. լ. 11.25000° ավ. ե. / 43.78333; 11.25000
Երկիր Իտալիա Իտալիա
Տարածաշրջան Տոսկանա
Նահանգ ՖլորենցիաՖլորենցիա (նահանգ)|Ֆլորենցիա
Ներքին բաժանում Ֆլորենցիայի 1-ին շրջան, Ֆլորենցիայի 2-րդ շրջան, Ֆլորենցիայի 5-րդ շրջան և Ֆլորենցիայի 4-րդ շրջան
Մակերես 102 կմ²
ԲԾՄ 50 մ
Խոսվող լեզուներ իտալերեն
Բնակչություն 382 775 մարդ (2016)
Խտություն 3740 մարդ/կմ²
Կրոնական կազմ կաթոլիկներ
Ժամային գոտի UTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ +39 055
Փոստային ինդեքս 50100
Փոստային ինդեքսներ 50100 և 50121–50145
Ավտոմոբիլային կոդ FI
Պաշտոնական կայք comune.firenze.it
##Ֆլորենցիա (Իտալիա)
Red pog.png
##Ֆլորենցիա (Տոսկանա)
Red pog.png

Ֆլորենցիա (Իտալերեն՝ Firenze), քաղաք Իտալիայում, Տոսկանա շրջանի մայրաքաղաքը։ Նախկինում եղել է Ֆլորենցիայի հանրապետության կենտրոնը, Մեդիչի հերցոգների և Իտալիայի թագավորության մայրաքաղաքը:

Չնայած ծովից ու քաղաքական մշտական հուզումներից հեռու լինելուն` Ֆլորենցիան 13-17-րդ դարերում հսկայական ավանդ է ունեցել եվրոպական ու համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում: Քաղաքն աշխարհին տվել է այնպիսի մեծեր, ինչպիսիք են Լեոնարդո դա Վինչին, Միքելանջելոն, Դոնատելլոն, Նիկոլո Մաքիավելին, Դանթեն և Գալիլեյը: Տեղի բարբառն ընկած է գրական իտալերենի հիմքում[1]: Ֆլորենտական դրամը` ֆլորինը, չափանիշ է դարձել ողջ Եվրոպայի համար, ֆլորենտացի նկարիչները մշակել են հեռանկարի օրենքները, ֆլորենտացի ծովագնաց Ամերիգո Վեսպուչիի անունով կոչվել է երկու աշխարհամաս, իսկ ֆլորենտացի մտածողները հիմք են դրել Վերածննդի դարաշրջանին, ինչով պայմանավորված էլ քաղաքն անվանել են «Վերածննդի օրրան»:

Ֆլորենցիան իտալական նորաձևության կարևոր կենտրոն է և աշխարհի նորաձև մայրաքաղաքների վարկանիշում 31-րդն է եղել[2][3]: Բացի այդ` Ֆլորենցիան Իտալիայի ազգային տնտեսական, զբոսաշրջային ու արդյունաբերական կենտրոն է, որը 2008 թվականին բարձր եկամուտ ունեցող իտալական քաղաքների ցանկում զբաղեցրել է 17-րդ տեղը[2][4]:

Այն քաղաք-թանգարան է, Եվրոպայի ամենահայտնի և հին մշակութային կենտրոններից մեկը, հաճախ անվանվում է իտալական Վերածննդի հայրենիք կամ «Իտալիայի Աթենք»[5]: Քաղաքը գրավում է միլիոնավոր զբոսաշրջիկների, իսկ նրա պատմական կենտրոնը 1982 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է Համաշխարհային ժառանգություն[6]: Քաղաքն ունի բազմաթիվ թանգարաններ և պատկերասրահներ, որոնցից են, օրինակ` Ուֆֆիցին ու Պիտտին, և այն դեռ զգալի ազդեցություն է թողնում արվեստի, մշակույթի ու քաղաքականության վրա[7]:

Տեղակայված է Արնո գետի վրա։ Բնակչությունը՝ 382,775 մարդ (2016)։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս քաղաքը զբաղեցնում է մոտ 103 կմ² մակերեսով տարածք Առնո գետի շրջակա բլուրների վրա: Ֆլորենցիան գտնվում է մի տարածքում, որը երեք կողմից շրջապատված է գեղատեսիլ հարթություններով: Նրա տարածքով հոսում են Առնո, Մունյոնե, Տերցոլե և Գրեվե գետերը:

Քաղաքի հովանավորն է համարվում Հովհաննես Մկրտիչը, հունիսի 24-ին նշվում է նրա օրը:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլորենցիայի կլիման միջերկրածովյան և մերձարևադարձային խոնավ կլիմայի միջին ցուցանիշներով բնորոշվող եղանակ է[8]: Ձմեռները մեղմ են և անձրևոտ, չնայած առանձին տարիների գրանցվում են խիստ ցրտեր[9]: Ամառները շոգ են, ձգվում են ապրիլի վերջից մինչև հոկտեմբերի կես:

Nuvola apps kweather.svg Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Ֆլորենցիայի (1981—2010)
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 19 23 26,1 28,9 35 40 42 41,1 36 31,7 27 20,4 42
միջին առավելագույնը (°C) 10,5 12 15,4 19 24,3 28,5 32,1 31,9 26,9 21,5 15,2 11,2 20,7
միջին ջերմաստիճանը (°C) 6,5 7,5 10,8 14 18,9 22,9 25,9 25,6 21,1 16,4 10,7 7,1 15,6
միջին նվազագույնը (°C) 2,8 3,1 6,1 9,1 13 16,3 18,8 18,7 15 11,5 6,7 3,5 10,4
բացարձակ նվազագույնը (°C) -21,4 -9,4 -7 -3,2 2,2 6 10 9 4 -2,2 -6 -9 -21,4
տեղումների քանակը (մմ) 68 52 60 88 76 57 33 47 76 104 124 92 876
Աղբյուր՝ Եղանակ և կլիմա

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ. թ. ա. 59 թվականին ներկայիս Ֆլորենցիայի տեղում բնակավայր են հիմնել հռոմեական վետերանները, որն ստացել է Ֆլորենցիա («ծաղկող») անվանումը[10]: Հետագայում այն վերածվել է քաղաքի, որը մ. թ. 4-րդ դարում դարձել է եպիսկոպոսի նստավայրը: Հետագայում քաղաքն ընկել է օստգոթերի, բյուզանդացիների, լանգոբարդների և ֆրանկների տիրապետության տակ: Այս ասպատակությունների հետևանքով բնակչությունը զգալիորեն կրճատվել է:

Միջնադար[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի վերածնունդն սկսվել է 10-րդ դարում: 1116 թվականին Ֆլորենցիան վերածվել է անկախ կոմունայի: 11-12-րդ դարերում կառուցվել են բապտիստերիան և Սան Մինիատո Ալ Մոնտե եկեղեցին:

13-րդ դարում Առնոլֆո դի Կամբիոյի ղեկավարությամբ սկսել են կառուցել Սանտա Մարիա դել Ֆիորեն, ինչպես նաև պալացցո Վեկկիոն:

13-րդ դարում կոմունան ներքաշվել է գվելֆների ու գիբելինների հակամարտության մեջ: Կոնֆլիկտը, սակայն, չի խանգարել քաղաքի զարգացմանը: 1252 թվականին Ֆլորենցիան շրջանառության մեջ է դրել սեփական ոսկեդրամները, ֆլորինը դարձել է Եվրոպայի ամենակայուն դրամական միավորներից մեկը: Քաղաքի տնտեսությունը հիմնվում էր անգլիական բրդից պատրաստվող կտորների արտադրության վրա: 1340-ական թվականներին քաղաքի բնակրությունը կազմում էր 80.000 մարդ, սակայն հետո, ժանտախտի համաճարակով պայմանավորված, այդ թիվը զգալիորեն կրճատվել է:

Ալիգիերի Դանթեն, ով ծագումով Ֆլորենցիայից էր, իր «Աստվածային կատակերգության» մեջ, որ գրվել է 14-րդ դարի սկզբին, խոսակցական լեզվին այնպիսի արժեք է հաղորդել, որ այն դարձել է գրական իտալերենի հիմքը: Այսպիսով, հենց Տոսկանայի բարբառն է ընկած ժամանակակից իտալերենի հիմքում:

14-րդ դարում ճարտարապետության մեջ գերիշխել է գոթական ոճը, գրականության մեջ` Բոկաչչոյի «Դեկամերոնը»: 1348 թվականի սարսափելի ժանտախտը (այն իր արտացոլումն է գտել հարյուր նովելներից բաղկացած այդ գրքում) հազարավոր կյանքեր է խլել` վերածվելով մեծ ողբերգության:

1434 թվականին իշխանության է գալիս Մեդիչի տոհմը: Կոզիմո Մեդիչին գրագետ ղեկավար էր և մեկենասի, արվեստների ու նկարիչների հովանավոր էր համարվում: Նրա կառավարման շրջանում Ֆլորենցիան վերածվել է արվեստների մայրաքաղաքի, և նրա ու իր թոռան` Լորենցոյի (նա շարունակել է պապի գործը) անունների հետ է կապված քաղաքի ծաղկման ժամանակաշրջանը: Իտալիայի բոլոր ծայրերից Կոզիմոն հրավիրում է նկարիչների, քանդակագործների, ճարտարապետների, փիլիսոփաների ու գրականագետների: Նա խրախուսում էր արվեստով զբաղվելը, մեծ գումարներ էր ներդնում զարգացնելու համար դպրոցները, ակադեմիաները, վարպետանոցները: Երախտագետ սերունդները Կոզիմո Մեդիչիին անվանել են «հայրենիքի հայր» («Pater Patriae»): Կոզիմոյի պատվերով լավագույն նկարիչները հազարավոր գլուխգործոցներ են ստեղծել: Իր թոռան` Ֆլորենցիայի ապագա կառավարիչ Լորենցոյի տնային ուսուցիչ է նշանակվել փիլիսոփա, հումանիստ, թարգմանիչ, իր ժամանակի նշանավոր մտածող Մարսիլիո Ֆիչինոն. նրա անվան հետ է կապվում հումանիստական մտքի պատմության մեջ վճռական հեղափոխությունը Վերածննդի ուղղությամբ:

1462 թվականին Մեդիչին Ֆիչինոլին նվիրում է կալվածք Կարեջիում, ինչպես նաև Պլատոնի և մի քանի այլ հին հեղինակների ստեղծագործությունների հունական ձեռագրեր: Ֆիչինոյի շուրջ համախմբվել էր համակիրների խումբ, որոնց միավորում էր նորպլատոնականությունը, որ հետագայում ճանաչվեց Պլատոնյան ակադեմիա անունով: Ակադեմիան մոտ երեք տասնամյակ եղել է Եվրոպայի ինտելեկտուալ կարևորագույն կենտրոններից մեկը: Նրա մեջ են մտել ամենատարբեր խավերի ու կոչումների տեր մարդիկ` ազնվականներ, դիվանագետներ, առևտրականներ, հումանիստներ, աստիճանավորներ, աստվածաբաններ, պոետներ, նկարիչներ, արվեստագետներ: Բացի Մարսիլիո Ֆիչինոյից` ակադեմիայի անդամներ են եղել ժամանակի նշանավոր այլ մարդիկ` Միքելանջելոն, Սանդրո Բոտիչելլին, Լորենցո Մեդիչին, Ջովաննի Պիկո Դելլա Միրանդոլան, Անջելո Պոլիցիանոն և այլք: Ակադեմիայում տեղի են ունեցել բանավեճեր, որոնցից մեկի թեման գեղագիտությունն էր` որպես գեղեցիկի մասին գիտություն: Ակադեմիայում իշխում էր գիտական ազատ մտքի մթնոլորտ, գիտելիքի բնագավառների միավորման ձգտում:

Հանդիպումներին մասնակից լինելու կարևոր նախապայման էր խոսքի, փիլիսոփայության, Աստծու, մարդկանց նկատմամբ ունեցած սերը: Ահա թե ինչն էր միավորում այդ մեծ մարդկանց ոչ մեծ քաղաքում` Ֆլորենցիայում (այն ժամանակ քաղաքի բնակչությունը մոտակա բնակավայրերի հետ կազմում էր մոտ 30.000 մարդ): Պլատոնյան ակադեմիան դարձավ եվրոպական փիլիսոփայական մտքի և գեղարվեստական ավեստի կենտրոն: Հենց Ակադեմիայի պատերից են դուրս եկել առաջավոր շատ մտքեր, տարածվել Իտալիայում, ապա ողջ Եվրոպայում` մարդկությանը պարգևելով նոր դարաշրջան, որն այժմ անվանում ենք Վերածնունդ: Այդ պատճառով հենց Ֆլորենցիան է կոչվում «Վերածննդի օրրան», իսկ Մարսիլիո Մեդիչին` նրա նախահիմքերում կանգնած մարդ: Լորենցո Մեդիչին` Կոզիմոյի թոռը, շարունակել է պապի սկսած գործը` նպաստելով հումանիստական գաղափարների, փիլիսոփայության, գրականության, գիտության ու արվեստի զարգացմանը:

Սավոնարոլայի այրումը, 1498

Սակայն Մեդիչիների իշխանությունը երկար չի տևել: Արդեն դարավերջին` Լորենցոյի մահից հետո, ժողովուրդը քշում է նրանց` հռչակելով Ֆլորենցիայի հանրապետություն: Հանրապետական շրջանում Ֆլորենցիայի պատմության մեջ իրենց անունն են թողել այնպիսի մեծություններ, ինչպիսիք են Լեոնարդո դա Վինչին, Սավոնարոլան, Մաքիավելին, Միքելանջելոն: Մեդիչիները` ի դեմս Կոզիմո I-ի, Ֆլորենցիայի իշխանությունը վերադարձնում են 16-րդ դարում` էականորեն ամրապնդելով իրենց կողմից ստեղծված Տոսկանայի մեծ հերցոգությունը:

1448 թվականը քաղաքի պատմության ամենասարսափելի տարեթվերից մեկն է. Ֆլորնցիայում բռնկվում է ժանտախտի համաճարակ և սով: Պատմությունից մեզ են հասել Ֆլորենցիայի եպիսկոպոս սուրբ Անտոնիոսի աշխատանքները, ով քաղաքացիներին ոչ միայն օգնում էր ոչ միայն աղոթքներով ու բարի գործերով, այլև փորձում էր հիվանդության դեմ պայքարելու միջոցներ պատրաստել, որ կբարձրացներ մարդկանց իմունիտետը:

Ռիսորզիմենտոյի ազգային-ազատագրական շարժումը վեց տարով Ֆլորենցիան դարձնում է Իտալիայի թագավորության մայրաքաղաք (1865-1871) Թուրինից հետո մինչև Իտալիայի Պապական մարզի ու Հռոմի վերջնական միավորումը: Այս շրջանը և քաղաքի նոր կարգավիճակը մեծ և ոչ միանշանակ հետքն են թողել Ֆլորենցիայի կերպարանքում. քանդվել է պատմական կենտրոնի մի մասը (քաղաքի «արգանդը»)` հրեական գետոյով, շուկայով և բազմաթիվ բնակելի բարձր աշտարակներով: Այդ տեղում (ներկայումս` Հանրապետության հրապարակ) որոշում են ֆլորենտական ճարտարապետությանը խորթ ոճով թաղամաս կառուցել` պիեմոնտա-թուրինյան ոճով: Այդ ծրագիրը մասնակիորեն կյանքի է կոչվել մայրաքաղաքի կարգավիճակը կորցնելուց հետո միայն` 1887 թվականին և ավելի ուշ (ներկայիս հրապարակում հրեական նախկին թաղամասի մասին վկայում են միայն «Պաշկովսկի» սրճարանի և «Համբրինուս» կինոթատրոնի անվանումները): Բացի դրանից` Պիտտի պալացոյի մոտ` Բոբոլի այգիների հետևում, սկսվում է արքայական ձիանոցի ու կրկեսային ասպարեզի շինարարությունը, ուր ներկայումս զգալի վերանորոգումներից հետո հաստատվել է իտալական քանդակագործության գիպսե կրկնօրինակների ստեղծման ուսումնա-ինժեներական հաստատությունը` Արվեստների ինստիտուտը:

Նոր ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքին զգալի վնաս են հասցրել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների ռմբակոծությունները: Քաղաքից նահաջելիս գերմանական զորքերը պայթեցրել են Առնո գետի վրա եղած քաղաքի բոլոր պատմական կամուրջները` բացի Դիմադրության շարժման ուժերի կողմից փրկված Պոնտե Վեկյոն:

Մշակութային մեծ աղետ է պատուհասել Ֆլորենցիային 1966 թվականի նոյեմբերի 4-ին, երբ Առնո գետից մեծ ծավալի ջուր (մոտ 250.000.000 մ³) հեղեղել է քաղաքը: Ֆլորենցիայի ջրհեղեղը, որ 2-3 մ-ով ծածկել էր քաղաքի կենտրոնը, 34 մարդու մահվան պատճառ է հանդիսացել, 5.000 ընտանիք զրկվել է արյունից: Ամենահամեստ հաշվարկներով մոտ 3.000.000 գիրք ու ձեռագիր և մոտ 14.000 արվեստի այլ գործեր են ոչնչացել, մեկընդմիշտ ոչնչացել են ողողված շինությունների առաջին հարկերի թանկագին ֆրեսկոները: Ֆլորենցիայի գանձերի փրկումը (որոնում, մաքրում տոննաներով ցեխից, պահպանում) հետագա մի քանի օրերին Իտալիայից և ամբողջ աշխարհից բազմաթիվ կամավորների հերոսությունն է դարձել:

Ֆլորենցիա քաղաքի համայնապատկեր

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցիներ, տաճարներ, բազիլիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սանտա Մարիա դել Ֆիորե տաճար (Դուոմո) (Cattedrale di Santa Maria del Fiore): Նրա գմբեթի կառուցումից անցել է 600 տարի, սակայն այն մնում է աղյուսից կառուցված ամենամեծ գմբեթն աշխարհում[11]: Պալացցո Վեկկիոյի հետ իշխում է քաղաքի համայնապատկերի վրա[12]:
  • Բազիլիկա Սան Լորենցո (Basilica di San Lorenzo)
  • Սան Մարկո բազիլիկ (Basilica di San Marco)
  • Սանտա Կրոչե բազիլիկ (Basilica di Santa Croce)
  • Սանտա Մարիա Նովելա բազիլիկ (Basilica di Santa Maria Novella)
  • Սանտա Տրինիտա բազիլիկ (Basilica di Santa Trinita)
  • Օնյիսանտի եկեղեցի (Chiesa di Ognissanti)
  • Օրսանմիկելե ելեղեցի (Chiesa di Orsanmichele)
  • Սանտիսիմա Անունցիատա եկեղեցի (Basilica della Santissima Annunziata)
  • Սան Սալվի եկեղեցի
  • Սանտո Սպիրիտո եկեղեցի (Basilica di Santo Spirito)
  • Քրիստոսի ծննդյան և Նիկոլայ Հրաշագործի եկեղեցի (ուղղափառ եկեղեցի)


Թանգարաններ, պատկերասրահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիտտի պալացո

Պալատներ (պալացո)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակներ (պյացա)[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլաժ Ֆլորենցիայի տեսարաններով
  • Սինյորինայի հրապարակ (իտալ.՝ Piazza della Signoria)
  • Հանրապետության հրապարակ (իտալ.՝ Piazza della Repubblica) (նախկին Մերկատո Վեկիո, քանդվել է XIX դարում
  • Սանտիսիմա Անունցիատայի հրապարակ (իտալ.՝ Piazza della Santissima Annunziata)
  • Ազատության հրապարակ (իտալ.՝ Piazza della Liberta)
  • Բոլոր սրբերի հրապարակ (իտալ.՝ Piazza Ognissanti)
  • Սուրբ Մարկոսի հրապարակ (իտալ.՝ Piazza San Marco)
  • Սուրբ Երրորդության հրապարակ (իտալ.՝ Piazza Santa Trinita)

Կամուրջներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի ոգին[խմբագրել | խմբագրել կոդը]

14-րդ դարում, երբ Ֆլորենցիայում քաղաքացիական կյանքը վերելք էր ապրում, հումանիստներն ու հասարակական գործիչները հանրապետական Հռոմում ամենից առաջ հասարակական կառուցվածքի օրինակ էին տեսնում և անթերի քաղաքացիների դաստիարակման անսպառ աղբյուր:

Հիմնականում հենց անտիկ Հռոմի իդեալականացման ու վաղ Վերածննդի դարաշրջանի ստորին դիրքում հայտնվելու հակասության վրա է ձևավորվել այն ըմբռնումը, որ Ֆլորենցիան երկրորդ Հռոմն է: Այսպիսի բնորոշում տվողներից առաջիններից մեկը պատմագիր, քաղաքական գործիչ Ջովանի Վիալանին էր, ով գրել է «Ֆլորենցիա քաղաքի պատմությունը»:

Եթե 14-րդ դարում գերիշխում էր բարի նախանձի զգացումը, ապա կվատրոչենտոյի առաջին տարիներից տիրում է մրցակցության և նույնիսկ գերազանցության ըմբռնումը: «Տոսկանայի ծաղիկ, Իտալիայի հայելի, գլխավոր քաղաք Հռոմի մրցակից, որից նա ծագել է և որի անտիկ մեծությունն է կրկնօրինակում` պայքարելով Իտալիայի փրկության և նրա ազատության համար»,— գրել է հումանիստ Կոլյուչո Սալյուտատին:

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին մեծ Ֆլորենցիայի բնակչությունը (արվարձաններով` ներառյալ Պրատոն) կազմում էր 957.949 մարդ, որի 93.3 %-ը իտալացիներ էին: Ներգաղթյալները կազմում էին 6.7 %: 64.421 ներգաղթյալից 27.759-ը եվրոպական ծագում ունեին: Նրանց մեծամասնությունը ալբանացիներ, ռումիններ և գերմանացիներ էին: 10.364 մարդ հյուսիսաֆրիկյան ծագում ունեին (արաբներ):

Բնակչության տարիքային կազմ[13]

  • 00 — 14 (115 175) = 12,02 %
  • 15 — 64 (619 961) = 64,63 %
  • 65+ — (223 613) = 23,34 %

Թոշակառուների թիվը քաղաքում աճում է (բնակչության ծերացում):

Հայտնի ֆլորենտացիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնունդով Ֆլորենցիայից են՝

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլորենցիան հետևյալ քաղաքների քույր քաղաքն է[14].

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամուրջներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատներ ու շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "storia della lingua in "Enciclopedia dell'Italiano"". Treccani.it. Retrieved 28 October 2017.
  2. 2,0 2,1 FASHION: Italy's Renaissance // Time. — 1952-02-04. — ISSN 0040-781X.
  3. «Top 2012 Global Fashion Capital – The Global Language Monitor» (en-US)։ The Global Language Monitor։ Վերցված է 2016-09-19 
  4. «La classifica dei redditi nei comuni capoluogo di provincia: - Il Sole 24 ORE»։ www.ilsole24ore.com։ Վերցված է 2016-09-19 
  5. Spencer Baynes, L.L.D., and W. Robertson Smith, L.L.D., Encyclopædia Britannica. Akron, Ohio: The Werner Company, 1907: p.675
  6. "Florence (Italy)". Britannica Concise Encyclopedia. Britannica.com. Retrieved 22 January 2010.
  7. "FASHION: Italy's Renaissance". TIME. 4 February 1952. Retrieved 9 October 2013.
  8. "World map of Köppen – Geiger Climate Classification". koeppen-geiger.vu-wien.ac.at. April 2006. Retrieved 28 September 2010.
  9. "Clima en Firenze / Peretola Históricos desde 1964 hasta 2016 (METAR)". tutiempo.net (in Spanish). Retrieved 29 May 2016.
  10. Leonardo Bruni, History of the Florentine People I.1, 3
  11. Ross King, Brunelleschi's Dome, The Story of the great Cathedral of Florence, Penguin, 2001
  12. "Florence (Italy)". Britannica Concise Encyclopedia. Britannica.com. Retrieved 22 January 2010.
  13. Statistiche demografiche ISTAT
  14. «City Partnerships» (անգլերեն)։ Comune di Firenze։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-02-ին։ Վերցված է 2012-07-24 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]