Մեդիչիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարի Մեդիչի

Մեդիչիներ (Medici), տոհմ Ֆլորենցիայում։ Կարևոր դեր է կատարել միջնադարյան Իտալիայի քաղաքների՝ տնտեսական և մշակութային կյանքում։ Տոհմի ներկայացուցիչները 15-րդ դարում հիմնել են Եվրոպայի խոշորագույն առևտրա-բանկային ընկերություններից մեկը, եղել են Ֆլորենցիայի կառավարողներ (1434-1737, ընդմիջումներով), Հռոմի պապեր, պայքարել են ֆեոդալական ավագանու դեմ (14-րդ դար)։

Մեդիչիներից նշանավոր են (հիմնական ճյուղի ներկայացուցիչներից) Ջովաննի դի Բիչչին(1360-1429), խոշոր դրամատեր, Կոզիմո Ավագը (1389-1464)։ Ֆլորենցիայի Փաստական կառավարիչը 1434 թվականից, Լորենցո Սքանչելին (1449-1492), կառավարել է 1469 թվականից, բանաստեղծ և փիլիսոփա, Ջովաննին (1475-1521), 1513 թվականից՝ Հռոմի պապ (Լևոն 10-րդ), Եկատերինան (1519-1589), դարձել է Ֆրանսիայի թագուհի (Հենրի II-ի կինը), Ջուլիոն (1477-1534), 1523 թվականից՝ Հռոմի պապ (Կղեմես 7-րդ), Ալեսսանդրոն (1511-1537), Ֆլորենցիայի դուքս՝ 1532 թվականից նրա սպանությունից հետո Մեդիչիների հիմնական ճյուղը վերացել է։ Մեդիչիների կողմնային ճյուղի գլխավոր ներկայացուցիչներն են՝ Կոզիմո 1-ին (1519-1574), Ֆլորենցիայի դուքս՝ 1537 թվականից, միավորել է ամբողջ Տոսկանան և 1569 թվականից կոչվել է Տոսկանայի մեծ դուքս, Կոզիմո 2-րդ (1590-1621), Տոսկանայի մեծ դուքս՝ 1609 թվականից, Ջան Գաստոնեն (1671-1737), Տոսկանայի վերջին մեծ դուքսը Մեդիչիների տոհմից։ Մեդիչիների այս ճյուղին է պատկանել Ֆրանսիայի թագուհի (Հենրի IV-ի կինը) Մարի Մեդիչին (1573-1642), Կոզիմո 1-ինի թոռը։