Ջորջո Վազարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Ջորջո Վազարի
Giorgio Vasari Selbstporträt.jpg
Ծնվել է հուլիսի 20, 1511[1][2]
Ծննդավայր Արեցո[3]
Վախճանվել է հունիսի 17, 1574[2] (62 տարեկանում)
Մահվան վայր Ֆլորենցիա, Իտալիա[3]
Քաղաքացիություն Flag of Italy.svg Իտալիա[4]
Մասնագիտություն նկարիչ, ճարտարապետ, արվեստագետ և գրող
Ոճ Վերածնունդ
Թեմաներ Վերածննդի գեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներ Ուֆֆիցի և Lives of the Most Excellent Painters, Sculptors, and Architects
Ուսուցիչ Guillaume de Marcillat
Աշակերտներ Peter Candid և Ջովանի Բատիստա Նալդինի
Պարգևներ Ոսկե խթանի պարգև
Ազգականներ Լուկա Սինյորելլի
Giorgio Vasari Վիքիպահեստում

Ջորջո Վազարի (իտալ.՝ Giorgio Vasari, հուլիսի 20, 1511[1][2], Արեցո[3] - հունիսի 17, 1574[2], Ֆլորենցիա[3]), իտալացի գեղանկարիչ, ճարտարապետ և գրող է, հայտնի «Կյանքի նկարագրությունների» հեղինակը։ Ժամանակակից արվեստաբանության հիմնադիրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վազարիի հայրը` Անտոնիոն, եղել է բրուտ: Ամբողջ կյանքում գեղանկարիչը ներկայացել է որպես «Ջորջո Վազարի Արեցցոյից»: Վազարիի առաջին ուսուցիչը տասներկու տարեկան հասակում եղել է ֆրանսիացի նկարիչ Գիլյոմ դե Մարսիլյան, ով նկարում էր Արեցցոյի տաճարի վիտրաժները: 1524 թվականին Վազարին տեղափոխվում է Ֆլորենցիա, սովորում Անդրեա դել Սարտոյի, Միքելանջելոյի, Բաչո Բանդինելիի մոտ: Երիտասարդ Վազարիին հովանավորում են Ալեքսանդր և Իպոլիտո Մեդիչիները, որոնք շուտով ստիպված լքում են Ֆլորենցիան: Վազարին վերադառնում է Արեցցո, որտեղ ստանում է մի քանի պատվեր և նույնիսկ ստեղծում ֆրեսկոներ:

Այն ժամանակներում հայտնի քանդակագործ, նկարիչ և ճարտարապետ Ֆիորենտինո Ռոսսոն, լինելով Արեցցոյում, մի քանի խորհուրդներ է տալիս երիտասարդ Վազարիին: Որպես երախտագիտության նշան` Վազարին հետագայում մանրամասն նկարագրում է նրա կյանքն ու ստեղծագործությունը իր աշխատությունում: Վազարին նկարներ է ստեղծում Ռոսսոյի նկարներով: Վազարին այդ տարիներին նյութական վատ վիճակում էր. հայրը մահացել էր` նկարչին թողնելով երեք քույրերի և երկու եղբայրների հոգսը: Որոշ ժամանակ Վազարին ոսկերչություն և արծաթագործություն է ուսանում, ինչը այն ժամանակներում արվեստի համարում ուներ:

Ֆլորենցիան, ուր Վազարին արդեն մի քանի ամիս այդ գործով էր զբաղվում, 1529 թվականին ասպատակության է ենթարկվում: Դրա հետևանքով նկարիչը տեղափոխվում է Պիզա, որտեղ կրկին գեղանկարչությամբ է զբաղվում: Այդ ժամանակ նա 17 տարեկան էր: Նա սկսում է ճամփորդել ողջ Իտալիայում` փնտրելով աշխատանք: Հենց այդ ժամանակ էլ երջանիկ պատահականությամբ հանդիպում է իր հովանավորներից մեկին` Իպոլիտո Մեդիչիին: Վերջինս Վազարիին իր հետ Հռոմ է տանում, ուր և սկսում է ջանադրությամբ աշխատել` հովանավորից ստանալով «Վեներա և Քարիտներ» նկարի պատվերը:

Երբ Կառլոս V կայսրը 1531 թվականին վերականգնում է Մեդիչիների իշխանությունը Ֆլորենցիայում, Վազարին վերադառնում է այնտեղ` հերցոգ Ալեքսանդրի մոտ, ով գեղանկարչության մեծ սիրահար էր: Հերցոգի պալատում Վազարին մի քանի նկարներ է ստեղծում, այդ թվում` Ալեքսանդրի դիմանկարը, ինչպես նաև դասավանդում է ճարտարապետություն: Իր տաղանդը դրսևորելու առաջին հնարավորություններից մեկը ընձեռվեց այն ժամանակ, երբ Կառլոս V-ը հանդիսավոր մտավ Հռոմ (1536). դեկորատիվ տարբեր կառույցներ ստեղծելու անհրաժեշտություն առաջացավ: Այդ ժամանակ Վազարին Արեցցոյի Սուրբ Կլարա եկեղեցու համար նկարում է «Ավետում» կտավը: Լուվրում պահվում է այս նույն թեմայով Վազարիի կտավը. հնարավոր է, որ դա հենց Արեցոյի «Ավետումն» է:

1537 թվականին Ալեքսանդր Մեդիչին սպանվում է, և Վազարին կրկին մնում է առանց հովանավորի: Չնայած երիտասարդ տարիքին` Վազարին արդեն մեծ հռչակ էր ձեռք բերել` ստանալով տարբեր հրավերներ: 1540 թվականին նա Բոլոնիայում աշխատում է «Սուրբ Գրիգորի ընթրիքը» կտավի ստեղծման վրա: Թեմայով և կատարմամբ այն նկարչի լավագույն գործերից է: Կտավը ներկայումս գտնվում է Բոլոնիայում: Նկարի բոլոր կերպարները Վազարիի ժամանակակիցներն են, որոնց անունները նա ներկայացրել է իր գրքում:

Վազարի-գեղանկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վազարիի գեղանկարչությունը տոսկանյան մաներիզմի վառ դրսևորում է: Վազարիի մեզ հասած առաջին կտավը «Հիսուսի թաղումն» է (1532, Վազարիի տուն-թանգարան, Արեցցո): Վազարին շատ արագ է աշխատել երիտասարդ շատ նկարիչների օգնությամբ, որոնց անունները պահպանվել են: Իր կենսագրությունում նա ամենայն մանրամասնությամբ նկարագրել է սեփական ստեղծագործությունները: Չնայած Վազարին լավ նկարիչ է եղել, սակայն նրա կերպարներում անճշտություններ են նկատվում: Նրա կտավները ստեղծված են սառը գույներով:

Վազարիի միջանցքը. տեսարան Ուֆֆիցի թանգարանից

Վազարի-ճարտարապետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վազարիի` ճարտարապետության մեջ ունեցած հաջողությունները փոփոխական են եղել: Նա տաղանդավոր էր դեկորներում, սակայն այդքան էլ հաջողակ չէր մոնումենտալ ճարտարապետության մեջ: Նա անհաջող վերակառուցել է մի քանի շենքեր` չպահպանելով ճարտարապետական միասնությունը: Նրա կառուցած նոր շենքերը աչքի են ընկնում առանձնահատուկ գեղեցկությամբ և յուրօրինակությամբ: Ուֆֆիցի շենքը Ֆլորենցիայում և Հուլիոս 3-րդ պապի համար նախատսված շենքը Հռոմում վկայում են Վազարիի ճարտարապետական տաղանդի մասին: Նրա նախագծով են կառուցվել մի շարք շինություններ Պիզայում:

«Կյանքի նկարագրություններ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Վազարիի ամենաարժեքավոր ժառանգությունը «Առավել հայտնի նկարիչների, քանդակագործների կյանքի նկարագրություններն» է, որն ավարտել է 1550 թվականին: Երկրորդ վերամշակված հրատարակությունը` նկարիչների դիմանկարներով, լույս է տեսել 1568 թվականին: «Կյանքի նկարագրությունները» հարուստ փաստական նյութ է` Վերածննդի դարաշրջանի արվեստի առաջադիմական դերի գնահատանքով:

Վազարին բարեխղճորեն է կատարել իր գործը: Երբ ձեռագրի մի մասը պատրաստ է եղել, Վազարին այն հանձնել է իտալացի գրող Հանիբալ Կարոյին, ով օգնել է իր դիտողություններով` խորհուրդ տալով ավարտել աշխատանքը: Ավելի ուշ Մատեո Ֆաետանին, ով գրական կրթություն ուներ, Վազարիի հանձնարարությամբ շտկումներ է արել գրքում: Այդ պատճառով գիրքը պատրաստ է եղել 1550 թվականին միայն: Բայց Վազարին, կրկին չբավարարվելով, առաջարկում է լրացուցիչ տեղեկություններ հավաքել ժամանակակից նկարիչների մասին: Այդ պատճառով առաջին հրատարակությունից միայն 18 տարի անց գիրքը ավարտուն տեսք է ստանում: Երկրորդ հրատարակությունը զարդարված էր նկարիչների դիմանկարներով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]