Ջիրոլամո Սավոնարոլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջիրոլամո Սավոնարոլա
Girolamo Savonarola.jpg
Ծնվել էսեպտեմբերի 21, 1452[1]
ԾննդավայրՖեռարա, Էմիլիա Ռոմանիա[2]
Մահացել էմայիսի 23, 1498[1] (45 տարեկանում)
Մահվան վայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[2]
ՔաղաքացիությունDuchy of Ferrara?
Flag of Florence.svg Ֆլորենցիայի Հանրապետություն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունՖերարայի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, փիլիսոփա և կրոնավոր
ԱշխատավայրՖերարայի համալսարան
Ստորագրություն
Girolamo Savonarola Signature.svg
Girolamo Savonarola Վիքիպահեստում
Սավոնարոլայի հուշարձանը հայրենի Ֆեռարա քաղաքում
Վերածննդի դարաշրջանի իտալական մեդալ Սավոնարոլայի դիմապատկերով
Հուշատախտակ Ֆլորենցիայի Պիացա դելլա Սինյորիա հրապարակում, որտեղ խարույկ է հանվել Սավոնարոլայի դին
Langenmantel Savonarola.jpg

Ջիրոլամո Սավոնարոլա (Իտալերեն: [dʒiˈrɔːlamo savonaˈrɔːla], սեպտեմբերի 21, 1452[1], Ֆեռարա, Էմիլիա Ռոմանիա[2] - մայիսի 23, 1498[1], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[2]), Վերածննդի դարաշրջանի Ֆլորենցիաում գործած դոմինիկյան կրոնավոր, քարոզիչ, հասարակության բարեփոխիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սավոնարոլան ծագումով Պադուայի մի հին տոհմից էր: Ծնվել է 1452 թվականին, Պադուային մերձակա Ֆեռարա քաղաքում: Պատանեկան հասակում փախել է տանից, 1475 թվականին ընդունվել է Բոլոնյայի դոմինիկյան վանք, երեք տարի անց ձեռնադրվել: 1482 թվականին ծառայության է անցել Ֆլորենցիայի Սուրբ Մարկոս վանքում: 1487–1488 թվականներին դասախոսել է Բոլոնյայի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետում, այնուհետև երկու տարի քարոզչությամբ զբաղվել Լոմբարդիայի քաղաքներում՝ մարգարեանալով արատների մեջ ընկղմված եկեղեցուն սպասվող պատժի և ապագա նորացման մասին: 1490 թվականին Լորենցո Մեդիչիի խնդրանքով վերադարձել է Ֆլորենցիա և հաջորդած տարվանից դարձել Սուրբ Մարկոս վանքի վանահայր: Խստացրել է վանական կանոնակարգը, հաստատակամորեն պայքարել, առաջին հերթին, ընչաքաղցության դեմ: Կարգադրել է, որ վաճառեն վանքապատկան ագարակները, արգելել է ճոխության, շքեղության ցանկացած դրսևորում վանականների հագուկապում, սննդի և ընդհանրապես կենցաղավարության մեջ, վանականներին պարտադրել է սեփական ուժերով, արդար տքնանքով վաստակել ապրուստի միջոցներ և այդ նպատակով բացել է նկարչության, քանդակագործության, մանրանկարչության, ճարտարապետության, գրչության դպրոցներ:

Սավոնարոլան քաջալերել է գիտական աշխատանքները, հատկապես՝ փիլիսոփայության և աստվածաբանության բնագավառներում ուսումնասիրությունների ծավալումը: Սուրբ գիրքն ավելի լավ ըմբռնելու և հեթանոսների շրջանում քրիստոնեությունը լավագույնս քարոզելու նպատակով ձեռնամուխ է եղել հին հունարենի, հին եբրայերենի ու մի շարք արևելյան լեզուների դասավանդման գործի կազմակերպմանը: Նրան բարձր են գնահատել Պիկո դելլա Միրանդոլլան, Անջելո Պոլիցիանոն, Սանդրո Բոտիչելլին, Միքելանջելոն և իր ժամանակի այլ անվանի արվեստագետներ, մտավորականներ:

Հասարակության վերին խավերում փթթող արատավոր սովորույթների, զեխության, անառակության անողոք ձաղկումը ի վերջո հանգեցրել է Մեդիչիների հետ Սավոնարոլայի սուր բախմանը: Ֆլորենցիայի սինյորները նրան 1493 թվականին վտարել են Բոլոնյա: 1494 թվականին, երբ Ֆրանսիայի արքա Կառլոս Ութերորդը զինական մեծ ուժով ներխուժել է Իտալիա, և նրա զորքերը մոտեցել են Ֆլորենցիային, Սավոնարոլան կապ է հաստատել ֆրանսիական միապետի հետ, և քաղաքից քշել են սինյորին՝ Պյերո Մեդիչիին: 1494–1495 թվականներին իր քարոզներում Սավոնարոլան առաջ է քաշել ու ջերմեռանդորեն պաշտպանել հանրապետության վերականգնման գաղափարը: Պյերո Մեդիչիին Ֆլորենցիայից վտարելուց հետո նրա առաջարկությամբ քաղաքում որպես բարձրագույն ղեկավար մարմին հիմնվել է Մեծ խորհուրդ, կազմավորվել է նաև Ութսունի խորհուրդ՝ որպես սինյորիային առընթեր խորհրդակցական մարմին, իրականացվել է հարկային բարեփոխում: Դրա հետ մեկտեղ արգելվել են քաղաքային բնակչության ժողովները, որոնք, Սավոնարոլայի համոզմամբ, կարող էին դեմագոգների ու բռնապետերի ձեռքին հարմար գործիք դառնալ իշխանությունը զավթելու համար:

1496 թվականին նրա նախաձեռնությամբ հիմնվել է գրավատուն՝ ցածր տոկոսադրույքներով փոխատվական բանկ, և Ֆլորենցիայից վտարվել են վաշխառուները: Բացի այդ, Սուրբ Մարկոս վանքի գրադարանը, նոր ձեռագրեր ձեռք բերելու, նորանոր գրքերով հետևողականորեն հարստանալու հետ մեկտեղ, բացել է իր դռները բոլոր ցանկացողների առջև՝ դառնալով հանրային մատչելիության տեսակետից առաջին գրադարանը Եվրոպայում: Սավոնարոլայի հիանալի նախաձեռնություններից էր նաև մոլեխաղերի արգելումը Ֆլորենցիայում: Սակայն այն էլ պետք է ասել, որ նա, ծայրահեղության մեջ ընկնելով, արգելել է նաև դիմակահանդեսներն ու կառնավալները և ընդհանրապես արվեստներում աշխարհիկ մտածելակերպի ու վարվելակերպի ցանկացած դրսևորում, իրեն պաշտող երիտասարդ հետևորդների ջոկատների միջոցով կազմակերպել է աշխարհիկ բովանդակությամբ գրքերի, կերպարվեստի ստեղծագործությունների հրկիզումներ: Սավոնարոլան հավատացնում էր ֆլորենտացիներին, որ իրենց քաղաքը դառնալու է մի Նոր Երուսաղեմ՝ քրիստոնեության համաշխարհային կենտրոն, «առավել հարուստ, հզոր ու փառավոր, քան երբևէ»[3]:

Կրոնական գործչի ձեռնարկած վերափոխումներն առաջ են բերել ինչպես Մեդիչիների, այնպես էլ ընդհանրապես արիստոկրատական կառավարման բոլոր կողմնակիցների խորին դժգոհությունը: Իսկ այն բանից հետո, երբ Սավոնարոլայի պնդմամբ Ֆլորենցիան հրաժարվել է միանալ Հռոմի պապ Ալեքսանդր Վեցերորդի նախաձեռնած հակաֆրանսիական սրբազան լիգային, ապա նաև Սավոնարոլան մերժել է պապի պահանջը՝ ներկայանալ Վատիկան և բացատրություն ներկայացնել իր վարվելակերպի վերաբերյալ, Հռոմի պապը 1497 թվականի մայիսին նրան վտարել է եկեղեցուց: Սավոնարոլան ավելի մեծ եռանդով է շարունակել քարոզչությունը Հռոմի պապերի վարած քաղաքականության ու արատավոր կենցաղավարության, հոգևոր կոռուպցիայի, բռնապետական կարգերի, աղքատների շահագործման ու այլ անարդարությունների դեմ և հանուն բարեփոխումների: Տեղի տալով պապի սպառնալիքների առջև՝ Ֆլորենցիայի սինյորիան Սավոնարոլային արգելել է զբաղվել քարոզչությամբ: Դրան հաջորդել են հակառակորդների սադրիչ գործողությունները, ընդհուպ՝ մրցակիցներից մեկի առաջարկով հանրության աչքի առաջ կրակով փորձությունը, որը Սավոնարոլայի համար անհաջող ավարտ է ունեցել: Կատաղած ամբոխը պաշարել ու գրավել է Սուրբ Մարկոս վանքը: Սավոնարոլան իր համախոհ երկու վանականների հետ մեկտեղ կալանքի է վերցվել, կտտանքների ենթարկվել, կախաղան բարձրացվել, այնուհետև՝ հրկիզվել խարույկում՝ որպես հերետիկոս: Հետագայում նրա գաղափարական պայքարը հանուն հանրապետության, հանուն ազատությունների և կրոնական բարեփոխումների շարունակել են Պիանոնիները, սակայն 1512 թվականին իշխանության վերադարձած Մեդիչիները պապի օժանդակությամբ կարողացել են ի վերջո կոտրել ըմբոստ շարժումը:

Բողոքականները Սավոնարոլային համարում են Ռեֆորմացիայի նախակարապետը. ռեֆորմիստներն օգտագործել են նրա քարոզները իրենց պայքարի ընթացքում:

Սավոնարոլան հեղինակել է բազմաթիվ բանաստեղծություններ և աստվածաբանական, կրոնական, փիլիսոփայական, քաղաքական բովանդակությամբ մի շարք աշխատություններ, այդ թվում՝ «Աշխարհիկ կյանքը քամահրելու մասին» («De contemptu mundi»), «Խաչի հաղթահանդեսը» («Triumphus Crucis»), «Իմ ուղու սփոփանքը» («Solatium iti­neris mei»), «Տրակտատ աստղաբաշխների դեմ» («Trattato contro gli astrologi»), «Տրակտատ Ֆլորենցիայի պետական կարգի մասին» («Trattato circa el reggi­men­to e governo della cittа̀ di Firenze»), «Մարգարեական ճշմարտության մասին» («De veritate prophetica») և այլ երկեր:

Ըմբոստ հոգևորականի, մարդասեր մտածողի ու քաղաքական գործչի կյանքն ու գործը մեծ հետաքրքրություն են առաջ բերել բազմաթիվ արվեստագետների շրջանում. նրա կերպարը կերտվել է օպերայում, գեղարվեստական գրականության ու կինոերկերում, կերպարվեստի ստեղծագործություններում: Ապրելով ընդամենը չորսուկես տասնամյակ՝ Սավոնարոլան կարողացել է անջնջելի հետք թողնել Իտալիայի և ընդհանրապես ողջ մարդկության պատմության մեջ. նա դարձել է արդարության համար պայքարի, անկոտրում ոգու խորհրդանիշ:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sermones Quadragesimales super Archam Noe. Venecia, Pietro de' Nicolini da Sabio per Francesco e Michele Tramezzino, 1536.
  • Deeper Experiences Of Famous Christians de James Lawson, Warner Press, (c)1911, p.73-84
  • Bonfire Songs: Savonarola's Musical Legacy (1998), de Patrick Macey, Clarendon Press, Oxford
  • New York Times, Savonarola, Second Lecture of the Course by Dr. Lord at Association Hall, January 10, 1871, Page 2 and 3.
  • Dall'Aglio, Stefano "Savonarola and Savonarolism" (Toronto, 2010)
  • Macey, Patrick Bonfire Songs: Savonarola's Musical Legacy Clarendon Press, Oxford, 1988.
  • Polizzotto, Lorenzo "The Elect Nation; The Savonarola Movement in Florence 1494–1545" (Oxford, 1994)
  • Ridolfi, Roberto "Vita di Girolamo Savonarola" 6th ed., ed. A.F. Verde, Florence, 1997).
  • Weinstein, Donald "Savonarola the Rise and Fall of a Renaissance Prophet" (New Haven, 2011) 978-0-300-11193-4
  • Roeder, Ralph Edmund LeClercq "The Man of the Renaissance: Four Lawgivers, Savanarola, Machiavelli, Castiglione, Aretino", The Viking Press, 1933.
  • Хорст Херманн, «Савонарола: Еретик из Сан-Марко» (М.: Прогресс, 1982);
  • Виллари, Паскуале, «Джироламо Савонарола и его время» (М.: АСТ, 2004);
  • Ал. Алтаев, «Костры покаяния» (М.: Композитор, 1993);
  • Тито С. Ченти, «Джироламо Савонарола. Жизнеописание. Молитвы из темницы» (М.: Изд. Францисканцев, 1998);
  • A. G. Rudelbach, «Hieronymus Savonarola und seine Zeit» (Гамб., 1835);
  • F. K. Meier, «Girolamo S.» (Берл., 1836); K. Hase, «Neue Propheten» (Лпц., 1851, 1860);
  • F. T. Perren, «Jérôme S., sa vie, ses prédications, sesécrits» (Пар., 1853);
  • R. R. Madden, «The life and martyrdom of Girolamo S.» (Л., 1854);
  • Pasquale Villari, «La Storia di Girolamo S. e de’suoi tempi, con l’ajuto di nuovi documenti» (Флоренция, 1859);
  • С. Sickinger, «S., sein Leben und seine Zeit» (Вюрцбург, 1877);
  • K. Clarck, «S., his life and times» (Л., 1878);
  • Aquarone, «Vita di Fra Jeronimo S.» (Алесс., 1857);
  • A. Cappeli, «Fra Girol. S.» (Модена, 1869);
  • M. H. Петров, «Савонарола» (в «Очерках»);
  • Н. А. Осокин, «Савонарола и Флоренция» (Казань, 1865);
  • А. К. Шеллер, «Савонарола» (биография, библиотека Павленкова, СПб., 1893).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Савонарола Джироламо // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. Weinstein Donald (22 November 2011)։ Savonarola The Rise and Fall of a Renaissance Prophet։ European History Quarterly 47 (3) (Yale University Press)։ էջ 122։ ISBN 9780300111934։ doi:10.1177/0265691417711663at 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Конский П. А., (1890–1907)։ «Савонарола, Джироламо»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ