Գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գրադարան, մշակութա-լուսավորական և գիտա-օժանդակ հիմնարկ՝ տպագիր արտադրանքի հասարակական օգտագործումը կազմակերպելու համար։ Գրադարանների դերն է տպագիր արտադրանքի հավաքումը, պահպանումը, գրքի պրոպագանդան, ընթերցողներին գիրք սպասարկելը, ինչպես նաև ինֆորմացիոն մատենագիտական աշխատանքը։ ԽՍՀՄ-ում, ըստ նշանակության և գրքային ֆոնդերի կազմի ու աշխատանքի մեթոդի, գրադարանները բաժանվում են երկու հիմնական տեսակի, ա) մասսայական և բ) գիտակաև ու մասնագիտական։ Մասսայական գրադարանների թվին են պատկանում մշակույթի նախարարության կազմում գտնվող քաղաքային ու գյուղական, ինչպես և ձեռնարկությունների, ակումբների, մշակույթի տների գրադարանները։ Գիտական և մասնագիտական գրադարանները հիմնականում սպասարկում են գիտության, ժողտնտեսության և մշակույթի տարբեր ճյուղերի գիտնականներին ու մասնագետներին, ապահովում բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատությունների պահանջները, կատարում տեղեկատու-մասնագիտական և գրադարանագիտության վերաբերյալ գիտահետազոտական աշխատանք, մեթոդական-մասնագիտական օգնություն են ցույց տալիս մասսայական գրադարաններին, հրատարակում մատենագիտական և գրադարանագիտական գրականություն։ Գիտական գրադարանների թվին են դասվում հանրապետական, ակադեմիաների, համալսարանների, տարբեր ճյուղային մասնագիտացված ձեռնարկությունների, ԳՀԻ-ների, բուհերի գրադարանները։ Ըստ գրականության կազմի գրադարանները լինում են համընդհանուր, բազմաճյուղ և ճյուղային։ Ժամանակակից գիտատեխնիկական առաջընթացի պայմաններում գրադարանների աշխատանքը անընդհատ բարդանում է։ Տպագիր արտադրանքի վիթխարի աճը գրադարանների առաջ դրել է հսկայական թվով հրատարակությունների ընտրության, մշակման, արդյունավետ պահպանման և ընթերցողին արագ ու ճիշտ սպասարկելու պրոբլեմներ։ Գիտնականների ու մասնագետների թվի խիստ ավելացմամբ և ամբողջ բնակչության կրթության մակարդակի բարձրացմամբ մեծանում են ընթերցողների պահանջները գիտական գրականության և մատենագիտական տեղեկատվության նկատմամբ։

Գրադարանը մշակութա-լուսավորական և գիտա-օժանդակ հիմնարկ է, որ նախատեսված է տպագիր արտադրանքի հասարակական օգտագործումը կազմակերպելու համար։ Գրադարանների դերն է տպագիր արտադրանքի հավաքումը, պահպանումը, գրքի պրոպագանդան, ընթերցողներին գիրք սպասարկելը, ինչպես նաև ինֆորմացիոն մատենագիտական աշխատանքը։ ԽՍՀՄ-ում, ըստ նշանակության և գրքային ֆոնդերի կազմի ու աշխատանքի մեթոդի, գրադարանները բաժանվում են երկու հիմնական տեսակի՝

  • մասսայական,
  • գիտական ու մասնագիտական։

Մասսայական գրադարանների թվին են պատկանում մշակույթի նախարարության կազմում գտնվող քաղաքային ու գյուղական, ինչպես և ձեռնարկությունների, ակումբների, մշակույթի տների գրադանները։ Գիտական և մասնագիտական գրադարանները հիմնականում սպասարկում են գիտության, ժողտնտնսության և մշակույթի տարբեր ճյուղերի գիտևականներին ու մասնագետներին, ապահովում բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատությունների պահանջները, կատարում տեղեկատու-մասնագիտական ն գրադարանագիտության վերաբերյալ գիտահետազոտական աշխատանք, մեթոդական-մասնագիտական օգնություն են ցույց տալիս մասսայական գրադարաններին, հրատարակում մատենագիտական ն գրադարանագիտական գրականություն։ Գիտական գրադարանների թվին են դասվում հանրապետական, ակադեմիաների, համալսարանների, տարբեր ճյուղային մասնագիտացված ձեռնարկությունների, ԳՏԻ-ների, բուհերի գրադարանները։

Ըստ գրականության կազմի՝ գրադարանները լինում են համընդհանուր, բազմաճյուղ և ճյուղային։ Ժամանակակից գիտատեխնիկական առաջընթացի պայմաններում գրադարանների աշխատանքը անընդհատ բարդանում է։ Տպագիր արտադրանքի վիթխարի աճը գրադարանների առաջ դրել է հսկայական թվով հրատարակությունների ընտրության, մշակման, արդյունավետ պահպանման և ընթերցողին արագ ու ճիշտ սպասարկելու պրոբլեմներ։ Գիտնականների ու մասնագետների թվի խիստ ավելացմամբ և ամբողջ բնակչության կրթության մակարդակի բարձրացմամբ մեծանում են ընթերցողների պահանջները գիտական գրականության և մատենագիտական տեղեկատվության նկատմամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադարանները՝ որպես գրավոր հուշարձանների հասարակական պահոցներ, առաջացել են հնագույն ժամանակներում։ Մ․ թ․ ա․ VII դարի կեսին Նինվեում, ասորական թագավոր Աշուրբանիպալի պալատին կից եղել է կավե աղյուսների մեծ հավաքածու։ Հին Եգիպտոսում տաճարներին կից եղել են գրադարաններ։ Հին Հունաստանում առաջին խոշոր գրադարանների հիմնումը վերագրվում է Արիստոտելին (մ․ թ․ ա․ IV դար)։

Անտիկ գրադարաններից առավել հայտնի են Ալեքսանդրիայի գրադարանը (մ․ թ․ ա․ I դարում, ունեցել է մինչև 700 հզ․ միավոր հատոր), Պերգամոնի գրադարանը (հիմնած մ․ թ․ ա․ III դարի, որը մ․ թ․ ա․ I դարի կեսին ունեցել է մոտ 200 հազար ձեռագիր մատյան)։ Հին Հռոմում մ․ թ․ ա.I դարից սովորույթ էր դարձել ստեղծել այսպես կոչված հանրային գրադարաններ՝ տաճարներին կից։ Վաղ միջնադարի Արևմտյան Եվրոպայում գրադարանները սովորաբար գտնվում էին խոշոր տաճարներին և վանքերին կից։ Վերածննդի դարաշրջանում (XV—XVI դարեր) մշակույթի ընդհանուր զարգացման և հատկապես տպագրությաև գյուտի կապակցությամբ գրադարանների թիվը մեծացավ, XVII —XVIII դարերում բազմաթիվ երկրներում բացվեցին գրադարաններ, որոնք հետագայում ստացան համազգային, մի քանիսը նաև՝ համաշխարհային նշանակություն (Բոդլեի գրադարանը Օքսֆորդում, 1602, թագավորական գրադարանը Բեռլինում, 1661, Բրիտանական թանգարանի գրադարանը Լոնդոնում, 1753)։ Խոշոր ազգային և համալսարանական գրադարանների առաջացման պրոցեսը շարունակվեց XIX դարում։ Ստեղծվեցին ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանը Վաշինգտոնում (1800), Հունգարական ազգային թանգարանին կից Ֆերենց Սեչենի գրադարանը (1802), Բրյուսելի թագավորական գրադարանը (1837) և այլն։

Մասսայական գրադարանների կազմակերպումը սկսվել է XIX դարի 2-րդ կեսից։ Ներկայումս տպագիր տեղեկատվության պայմաններում խոշոր գիտական գրադարանները գրականության համալրման գործում ջանում են լայնորեն իրագործել միասնացումը և կոոպերացումը, կազմակերպում են գրքային ունեցվածքի համատեղ պահպանում, օգտագործում են համահավաք գրացուցակներ, ունենում են միջգրադարանային աբոնեմենտներ այլ գրադարաններից անհրաժեշտ հրատարակություններ ստանալու համար, կիրառում են էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ՝ գրացուցակներ կազմելու համար և այլն։ Աշխարհի խոշորագույն գրադարաններից են ԱՄՆ-ի Կոնգրեսիգրադարանը Վաշինգտոնում, Մ․ Օ․ Սալտիկով-Շչեդրինի անվան պետական հանրային գրադարանը Լենինգրադում, Բրիտանական թանգարանի գրադարանը Լոնդոնում։ Հարուստ ֆոնդեր ունեն սոցիալիստական երկրների, ինչպես և Ֆրանսիայի, Շվեդիայի, Ավստրիայի ազգային գրադարանները, Վատիկանի գրադարանը, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ճապոնիայի համալսարանական գրադարանները։

Հին Ռուսաստանում պատմությանը հայտնի առաջին գրադարանը հիմնվել է 1037 թվականին Յարոսլավ Իմաստունի կողմից Կիևում՝ Սոֆիայի տաճարին կից։ XI —XII դարերում գրադարաններ են բացվել վանքերում ու տաճարներում։ XVIII դարի սկզբին Ռուսաստանում սկսում են ստեղծվել գրադարաններ աշխարհիկ և գիտական գրականությաև ֆոնդերով։ 1714 թվականին Պետրոս I-ի կարգադրությամբ ստեղծվել է գրքերի խոշոր հավաքածու Պետերբուրգում, որը 1725 թվականին տրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիային և կազմել ակադեմիական գրադարանների միջուկը։ 1755 թվականին հիմնվել է Մոսկվայի համալսարանի գիտական գրադարանը, 1795 թվականին՝ Պետերբուրգի Հանրային գրադարանը (բացվել է 1814 թվականին, այժմ՝ Լենինգրադի Մ. Շչեդրինի անվան պետական հանրային գրադարան)։ 1862 թվականին բացվել է Ռումյանցևի թանգարանի գրադարանը Մոսկվայում։

Հոկտեմբերյան հեղափոխությունը և սոցիալիզմի կառուցումը արմատապես փոխեցին գրադարանների դերը երկրի կյանքում։ 1920 թվականի նոյեմբերի 3-ին Վ․ Ի․ Լենինը ստորագրեց «ՌՍՖՍՀ-ում գրադարանային գործի կենտրոնացման մասին» դեկրետը, որով նախատեսվում էր երկրում ստեղծել գրադարանների միասնական ցանց, նրանց պլանաչափ կերպով մատակարարել նոր գրականություն։ 1924 թվականին տեղի են ունեցել ՌՍՖՍՀ գրադարանային 1-ին համագումարը և ՌՍՖՍՀ գիտական գրադարանների 1-ին կոնֆերանսը։ 1920-ական թվականների վերջից սկսել է արագ զարգանալ տեխնիկական գրադարանների ցանցը, ստեղծվել են կոլտնտեսային, արհմիութենական գրադարաններ, ընդլայնվել են պետական հանրային և գիտական գրադարանները, 1920—1930-ական թվականներին միութենական հանրապետությունների մայրաքաղաքներում ստեղծվել են հանրապետական գրադարաններ։ Ետպատերազմյան տարիներին բնորոշ է գրադարանային ցանցի արագ աճը հատկապես գյուղերում։ 1974 թվականի վերջում սովետական գրադարաններից (դպրոցականներից բացի) օգտվել է ավելի քան 180 միլիոն ընթերցող։ Աճել են սովետական գրադարանների միջազգային կապերը․ 1959 թվականից նրանք ակտիվորեն մասնակցում են գրադարանային միությունների միջազգային ֆեդերացիայի աշխատանքներին, համագործակցում են նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի գրադարանների և արխիվևերի հետ։ Առանձնապես սերտ կապ է հաստատված սոցիալիստական երկրների գրադարանների հետ։

Գրադարանները Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսանողները գրադարանում

Հայաստանում գրադարանները բազմադարյան պատմություն ունեն։ Միջնադարյան աղբյուրներում նրանք կոչվել են գրատուն, գրանոց, արկեղք գրոց, գանձատուն, մատենադարան, դիվան, երբեմն էլ՝ նշխարանոց, նշխարախուց։ Եղել են վանքերին կից, երբեմն ունեցել են առանձին շինություն (Հաղպատ, Արգինա և այլն)։ Տարածված են եղել վանքերիև մոտակա քարայրային գրապահոցները, որտեղ տեղավորվում էր հաճախ մեծ քանակությամբ գրականություն։ Որոշ գրատներում գրադարակների դեր են կատարել որմնախորշերը։ X դարում հիմնված Սանահինի և Հաղպատի վանքերը XI դարում արդեն ճանաչված էին իրենց հարուստ գրադարաններով։

Հայ գրքի կարևոր կենտրոններից է եղել նաև Տաթևի վանքի (IX դար) գրադարանը։ Հայտնի են Արգինայի և Հռոմկլայի կաթողիկոսական (X դար) և Անիի արքայական (XI դ․) գրադարանները։ Հիշատակություններ կան Կարսի արքայական, Հոռոմոս վանքի գրադարանների մասին։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հիմքը կազմող Էջմիածնի ձեռագրատունը հիմնվել է V դարում և ընդմիջումներով իր գոյությունը շարունակել ողջ միջնադարում։ Նշանավոր են եղել նաև Գետիկի վանքի, Գլաձորի, Գեղարդի, Հովհաննավանքի, Սաղմոսավանքի գրադարանները։ Գրադարաններ են եղել Արճեշի Մեծոփա վանքում, Արցախում, Կիլիկիայում (Սկևռա, Դրազարկ), Երզնկայում, Վասպուրականում (Վարագա և Նարեկա վանքեր) և այլն։ Հարուստ են եղել Կաֆայի (1366 թվականից), Նոր Ջուղայի (XVII դար), Լիմ անապատի, Ամրդոլու վանքի գրադարանները։ Մեզ են հասել Սաղմոսավանքի (կազմված XV դար) և Ամրդոլու վանքի (կազմված XVII դար) գրացուցակները։

Նախասովետական Հայաստանում աչքի էին ընկնում Երևանի արական և Հռիփսիմյան իգական գիմնազիաների, Երևանի թեմական հոգևոր դպրոցի գրադարանները։ 1902 թվականին Երևանում բացվել է հասարակական գրադարան-ընթերցարան, հետագայում ստեղծվել են մասնավոր գրադարաններ, որոնցից կարևոր էր Ավետիսյանի գրադարան-ընթերցարանը։ 1913 թվականին Հայաստանում կար 13 գրադարան՝ 9 հազար կտոր գրքով։

Ուսանողուհիները գրադարանում

Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո բուռն զարգացում է ապրում գրադարանային գործը, քաղաքներում և գավառներում կազմավորվում են նոր գրադարաններ, խրճիթ-ընթերցարաններ։ 1921 թվականին հիմնվեց Հայկական ԽՍՀ Ալ․ Մյասնիկյանի անվան Հանրապետական գրադարանը Երևանում (պաշտոնական բացումը՝ 1922 թվականին)։ 1921 թվականին կազմակերպվեց համալսարանի գրադարանը՝ Երևանի նախկին ուսուցչական սեմինարիայի ֆոնդերի հիման վրա։ 1925 թվականին Հայաստանում կար 500 գրադարան։ 1923 թվականից գործում է Խնկո Ապոր անվան հանրապետական մանկական գրադարանը, որը կոորդինացնում է բոլոր մանկական գրադարանների աշխատանքները։ 1935 թվականին հիմնվեց Երևանի քաղաքային գրադարանը։ Հայկական ԽՍՀ ԳԱ կենտրոնական գրադարանը հիմնադրվել է 1935 թվականին։ 1946 թվականին Հայաստանում կար 1125 գրադարան՝ 909 հազար գրքային ֆոնդով, այդ թվում քաղաքային վայրերում՝ 124, գյուղական վայրերում՝ 784 գրադարան։ Ստեղծվեց մասսայական, հանրապետական, գիտական, տեխնիկական, մանկական, արհմիութենական, դպրոցական գրադարանների հարուստ ցանց՝ միլիոնավոր գրքերի ֆոնդերով։ 1975 թվականին ՀԽՍՀ-ում կար բոլոր տեսակի մոտ 3300 գրադարան (47600000 միավոր ֆոնդով), այդ թվում մասսայական՝ 1305, դպրոցական՝ 1442, տեխնիկական՝ 539։ Սփյուռքում գործում են հարյուրավոր հայկական գրադարաններ, որոնցից նշանավոր են Երուսաղեմի ձեռագրատունը, Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան մատենադարանները, Փարիզի Նուսարյան մատենադարանը և ուրիշներ։

Գրադարանային շենքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրավոր հուշարձանների պահոցներն առաջացել են հին անցյալում։ Հին Արևելքի երկրներում կավե աղյուսիկները, Հին Եգիպտոսում և Հին Հունաստանում պապիրուսի փաթեթները պահպանվել են խորշավոր դարակաշարերով հատուկ շինություններում (Ալեքսանդրիայի գրադարան)։ Սովորական գրքերի համար գրապահոցները երևան են եկել XII—XIII դարերում Եվրոպայում, վանքերին և պալատներին կից, իսկ XIV—XV դարերում՝ որպես առանձին գրադարանային շինություններ։ Գրքերը պահվում էին սկզբում գրակալներում, այնուհետև պատերի երկայնքով դրված դարակներում։ Հետագայում առաջացան ընդարձակ ընթերցասրահներ, հաճախ կլոր, բազմահարկ գրապահոցներով (Բրիտանական թանգարանի գրադարանը Լոնդոնում, 1854—57 թվականներ)։ Գրադարանային ֆոնդերի հետագա ընդլայնումը հանգեցրեց հատուկ տիպի աշտարակային գրապահոցների ստեղծմանը։

Միջնադարյան Հայաստանում գրադարանների (մատենադարանների) հատուկ շենքեր կառուցվել են X դարում, հիմնականում խոշոր մշակութային կենտրոններ հանդիսացող վանքերում, որոնք իրենց ուրույն ճարտարապետությամբ տարբերվել են վանքերի աշխարհիկ մյուս շենքերից։ Առավել հայտնի են Սանահինի, Հաղպատի, Նոր Գետիկի, Հոռոմոսի, Սաղմոսավանքի գրադարանները (XI —XIII դարեր)։ Ընդհանուր է նրանց հորինվածքը․ խաչվող թաղերով, բրգաձև ծածկով, քառակուսի հատակագիծ ունեցող շենք, որի պատերում կան տարբեր չափերի և ձևի խորշեր՝ ձեռագրերը պահելու համար։ Գրադարանային շինարարությունը Հայաստանում մեծ թափ ստացավ սովետական իշխանության տարիներին, երբ կառուցվեցին նոր պայմաններին ու պահանջներին համապատասխանող շենքեր՝ ընթերցասրահներով և գրապահոցներով։ Իրենց ճարտարապետությամբ ուշագրավ և արժեքավոր են հատկապես Երևանի հանրային գրադարանի (1939, ճարտ․ Ա․ Թամանյան, 1-ին մասնաշենքը՝ 1971, ճարտ․ Գ․ Թամանյան, Ա․ Նավասարդյան) և Մատենադարանի (1957, ճարտ․ Մ․ Գրիգորյան) շենքերը։ Ժամանակակից գրադարանների շենքերն աչքի են ընկնում առավելագույն պարզությամբ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կրուպսկայա Ն․ Կ․, Գրադարանային գործի մասին, Ե․, 1961։
  • Իշխանյան Ռ․, Հայ մատենագիտության պատմություն, պրակ 1—3, Ե․, 1964 — 68։
  • Մկրտչյան Գ․, Գրադարանային գործը Հայաստանում, 1920 — 65, Ե․, 1965։
  • Չուբարյան Օ․ Մ․, Ընդհանուր գրադարանագիտություն, Ե․, 1963։
  • Васильченко В․Е․, История библиотечного дела в СССР, М․, 1958.
  • Библиотечное дело в зарубежных странах, М․, 1965.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 192 CC-BY-SA-icon-80x15.png