Սաղմոսավանք
Սաղմոսավանք | |
---|---|
![]() Սաղմոսավանքը 2019 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Արագածոտնի մարզ, Սաղմոսավանք |
Դավանանք | Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Արագածոտնի թեմ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Կազմված է | Եկեղեցի Սբ. Աստվածածին, Գավիթ, Եկեղեցի Սբ. Սիոն, Գրապահոց, Միաբանության շենք և Գերեզմանոց |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Ճարտարապետական նկարագրություն | |
Ճարտարապետ | անհայտ |
Ճարտարապետական ոճ | Հայկական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 1215 թ. |
Կառուցման ավարտ | 1221 թ. |
Հիմնադրված | անհայտ |
![]() | |
![]() | |
Սաղմոսավանք, հայկական առաքելական վանական համալիր Հայաստանի Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում[2]: Կառուցվել է 13-րդ դարում Այրարատյան կողմնակալության կողմնակալ Վաչե Ա Վաչուտյանի և իր իշխանական ընտանիքի կողմից։ Սաղմոսավանքի վանական համալիրը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում, Քասախ գետի ձախ, բարձրադիր գեղատեսիլ հատվածում, Երևանից 37 կմ հեռավորության վրա:
Սաղմոսավանք բառի հիմքում սաղմոսն է: Սաղմոսը հոգևոր երգն է: Աշխարհում միակ վանքն է, որ այստեղ հնչած սաղմոսների անունով Սաղմոսավանք է կոչվել: Եվ իսկապես, վանական այս համալիրը հրաշալի ակուստիկա ունի:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավանդության համաձայն հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարում Արագածի գագաթից նկատելով այս վայրը՝ գալիս է այստեղ և եկեղեցի է կառուցում: Այնուհետև, նույն տեղում հոգևորականներ հավաքելով, նրանց սաղմոսներ է սովորեցրել:
Գրավոր աղբյուրներում Սաղմոսավանքը հիշատակվում է 12-րդ դարի 2-րդ կեսից, երբ Հովհաննես Մունջ վարդապետը վերանորոգել է այն և ստեղծել դպրոց, որը դարձել է նշանավոր գրչության կենտրոն:
13-րդ դարում Զաքարյան իշխանների կողմից Արևելյան Հայաստանը ազատագրելուց հետո այստեղ հաստատվում է Վաչուտյան իշխանական տոհմը: Վաչուտյանները ծագում էին Լոռիից, բայց իրենց ողջ գործունեությունը կապված էր Արագածոտնի հետ, որի տերերն էին նրանք: Վաչե Վաչուտյան իշխանը տոհմի առավել ակնառու ներկայացուցիչներից էր: Նա աչքի է ընկել բազում հաղթական պատերազմներում և շինարարական գործունեությամբ: Վաչե Վաչուտյանը կառուցել է Սանահինի բաց գավիթը, Կեչառիսի Սուրբ Նշան եկեղեցին, Մակարավանքի գավիթը, Հոռոմոսի գրատունը, իջևանատներ, աշխարհիկ և հոգևոր այլ շինություններ:
1215 թվականին Վաչե Վաչուտյանն իր կնոջ՝ Մամախաթունի հետ միասին կառուցում են Սաղմոսավանքի գլխավոր` Սուրբ Սիոն եկեղեցին, որն արտաքինից ուղղանկյուն, ներսից խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցի է, բոլոր անկյուններում ունի երկհարկ ավանդատներ: Սուրբ Սիոն եկեղեցու ճարտարապետի անունը Մոմիկ էր:
Սաղմոսավանքի գավիթը կառուցվել է 13-րդ դարի առաջին քառորդում դարձյալ Վաչե Վաչուտյանի կողմից: Ինքնատիպ են գավիթի հարավային ճակատի զույգ խոշոր լուսամուտները և երդիկի վրա բարձրացող վեց սյունանի ռոտոնդան:
Սուրբ Սիոն եկեղեցուց հարավ Սուրբ Աստվածածին եկեղեցին է՝ կառուցված Վաչե Վաչուտյան իշխանի որդու՝ Քուրդ Վաչուտյանի կողմից 1235 թվականին: Այն ուղղանկյուն հատակագծով, արևելյան մասում խորանով թաղիքածածկ շինություն է: Պատի վրա պատկերված է ծագող արևի և ճառագայթների հարթաքանդակը, հրեշտակը և իշխանական զինանշանը՝ գառանը ճանկած արծիվը: Ճարտարապետը օգտագործել է նաև գունային ձևավորում: Որոշ մասերը կարմիր և սև քարերով շարվելուց բացի, ներկվել են նաև սպիտակ, դեղին և կարմիր ներկերով, ինչը շինությանը հաղորդել է շքեղություն:
1255 թվականին Քուրդ Վաչուտյան իշխանը կառուցել է գրատուն-եկեղեցին: Այն իր հորինվածքով պատկանում է յուրօրինակ հայկական կառույցների թվին: Գրատունը Քուրդ իշխանը կառուցել է կնոջ՝ Խորիշահի մասնակցությամբ՝ իրենց վաղամեռիկ դստեր՝ Մամախաթունի հիշատակին: Նրա արևելյան մասում գտնվում է խորանը, իսկ հարավ-արևելյան անկյունում` երկհարկանի ավանդատունը, ինչը բացառիկ երևույթ է նման նշանակության կառույցներում: Գրատնից երկու մուտք է բացվում դեպի գավիթ և 1235 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցի: Ընդ որում այդ եկեղեցի կարելի է մտնել միայն գրատնից: 13-րդ դարում այս գրատանը 120 ձեռագիր մատյան է պահվել:
Սաղմոսավանքի վանական համալիրը միջնադարյան ամենահարուստ և նշանավոր հոգևոր կենտրոններից է եղել:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թադևոս Հակոբյան, Ստեփան Մելիք-Բախշյան, Հովհաննես Բարսեղյան, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 5, Երևան, 2001, էջ 482-483:
- Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10, Երևան, 1984, էջ 152-153:
- Հարությունյան Վ., Հայկական ճարտարապետության պատմություն, Երևան, 1992:
- Յակոբսոն Ա., Սաղմոսավանք, Երևան, 1984:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սաղմոսավանք կատեգորիայում։ |