Jump to content

Կրակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կրակով (այլ կիրառումներ)
Բնակավայր
Կրակով
լեհ.՝ Kraków
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼեհաստան Լեհաստան
ՀամայնքLesser Poland Voivodeship?
Հիմնադրված էանհայտ թ.
Առաջին հիշատակում966[1]
Մակերես327±1 կմ²
ԲԾՄ219±1 մետր
Պաշտոնական լեզուլեհերեն
Բնակչություն804 237 մարդ (հունիսի 30, 2023)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ12
Փոստային դասիչ30-001
Ավտոմոբիլային կոդKR
Պաշտոնական կայքkrakow.pl(լեհ.)(անգլ.)(ռուս.)(ֆր.)(գերմ.)(իտալ.)(իսպ.)
Կրակով (Լեհաստան)##
Կրակով (Լեհաստան)
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 29
ռուս..անգլ..ֆր.

Կրակով (լեհ.՝ Kraków [ˈkrakuf]), ամբողջական պաշտոնական անվանումը՝ Մայրաքաղաքային թագավորական քաղաք Կրակով (լեհ.՝ Stołeczne Królewskie Miasto Kraków , լատին․՝ Cracovia, գերմ.՝ Krakau) Լեհաստանի ամենահին քաղաքներից մեկն է, որը տեղակայված է Վիսլա գետի վրա։ Ըստ 2017 թվականի տվյալների՝ բնակչությունը կազմում է 766 739 մարդ, մերձակա քաղաքների հետ մեկտեղ՝ ավելի քան 1 միլիոն։ Բնակչությամբ և տարածքով Լեհաստանի երկրորդ քաղաքն է՝ Վարշավայից հետո։ Ենթադրվում է, որ հիմնադրվել է մոտավորապես 7-9-րդ դարերում, չնայած որ հնագետների կարծիքով, մարդիկ այս տարածքում ապրել են սկսած պալեոլիթից (մոտավորապես 8 հազ. տարի առաջ մ.թ.ա.)։

10-րդ դարում՝ 990 թվականին, Միեշկո I-ը Կրակովում հիմք է դրել Լեհաստանի Թագավորությանը։

Լեհաստանի մայրաքաղաքն էր 1038-1596 թվականներին, մինչև 1734 թվականը՝ լեհական թագավորների թագադրման վայր։ Հարուստ է պատմական հուշարձաններով, քաղաքի կենտրոնը գտնվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Լեհաստանի գիտական, մշակութային, տնտեսական և կրոնական խոշորագույն կենտրոններից մեկն է, զբոսաշրջության հայտնի վայր։

2000 թվականին ճանաչվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք։

Հիշատակվում է 10-րդ դարից։ Առաջացել է վիսլյաններ ցեղի 8-9-րդ դարերի բնակավայրի տեղում։ Քաղաքը լեհերեն կոչվում է Կրակուվ (լեհ.՝ Kraków)։ Ոմանք ենթադրում են, որ անվանումն առաջացել է Կրակ անձնանունից (ամրոցի հիմնադիրը կամ տերը, որը ենթադրաբար կառավարում էր 6-7-րդ դարերում), ոմանք էլ գտնում են, որ այն առաջացել է լեհերեն kruk ― «ագռավ» բառից, այսինքն՝ «ագռավատեղ»[3] կամ կելտերեն լեզուներից։

Կրակովի պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհաստանի հնագույն մայրաքաղաք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրակովի հիմնադրման մասին վկայող ժողովրդական առասպելի մասին, տես՝ Վավել։ Գիտնականներն այդ լեգենդի մեջ տեսնում են խորը անցյալի մասին վկայող պատմություն, ոմանք, հիմնվելով բանասիրական սկզբունքների վրա, դրա հիմնադրումը թվագրում են այն դարաշրջանին, երբ սլավոնական ցեղը գոյություն ուներ ամբողջական տեսքով։ Բարեհաջող տեղակայված էր այն վայրում, որտեղ Վիսլա նավարկելի է դառնում, Կրակովը արագ աճում և զարգանում էր։ 1000 թվականին Բոլեսլավ Քաջը Կրակովում եպիսկոպոսություն ստեղծեց։ Ավատատիրական ժամանակաշրջանում Կրակովում բազմաթիվ գերմանացիներ հիմնվեցին։ Կարևորելով իրենց դերը և հույս ունենալով ստանալ Սիլեզիայի իշխանների աջակցությունը՝ Կրակովի գերմանացիները 1311 թվականին ապստամբություն բարձրացրին թագավոր Վլադիսլավ Լոկետեկի դեմ, սակայն ճնշվեցին և պատժվեցին՝ զրկվելով արտոնություններից և առավելություններից, իսկ Վլադիսլավը քաղաքում հիմնադրեց իր նստավայրը։

14-րդ դարից սկսվում է Կրակովի ծաղկման շրջանը։ Վլադիսլավ 1-ին Լոկետեկը այդ քաղաքը դարձնում է իր նստավայրը (Գնեզնոյի փոխարեն) և 1319 թվականին թագադրվում է այստեղ։ Կազիմիր Մեծը քաղաքում նոր շինություններ է կառուցում և հովանավորում է արդյունաբերության և առևտրի զարգացմանը։ 1386 թվականի փետրվարի 14-ին Կրակովում կայացավ Յագայլոյի մկրտությունը և նրա պսակադրությունը Յադվիգայի հետ։ Յագելլոների դարաշրջանում Կրակովի առաջնային նշանակությունը վերջնականապես ամրապնդվում է, քաղաքը հարստանում, բնակչության թիվը հասնում է մինչև 100 հազարի։ 1610 թվականից թագավորների նստավայրը տեղափոխվում է Վարշավա, սակայն լեհ թագավորները շարունակում են թագադրվել Կրակովում։ Թշնամիների հաճախակի դարձած հարձակումները հետզհետե կործանում էին քաղաքի բարեկարգությունը, 1787 թվականին Կրակովում 9.5 հազար բնակիչ կար։

19-րդ դար, Կրակովի հանրապետություն, ավստրիական տիրակալություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1795 թվականին՝ երրորդ բաժանումից հետո, Կրակովն անցավ Ավստրիայի իշխանության տակ. 1809-1815 թվականներին պատկանում էր Վարշավայի դքսությանը։

1815 թվականի Վիեննայի վեհաժողովի համաձայն՝ Կրակովը դարձավ ազատ քաղաք (անկախ, չեզոք հանրապետություն, չեզոք հանրապետություն ազատ քաղաք Կրակով, դրա տարածքում՝ 1220 կմ², բնակվում էր 140 հազար մարդ)։ Դա դրական ազդեցություն ունեցավ քաղաքի վրա. Կրակովը սկսեց վերականգնվել։ Օրենսդիր մարմինը գտնվում է Ազգային ժողովի ձեռքում, գործադիրը՝ սենատի։ Իր անկախ կարգավիճակի հետևանքով Կրակովը ապաստան դարձավ բոլոր նրանց համար, ովքեր ճնշված էին օտարի լծի տակ գտնվող լեհական հողերի վրա գտնվելուց։ 1830-1831 թվականներին Կրակովը միացավ ապստամբությանը և ժամանակավոր գրավվեց ռուսական զորքի կողմից։ Դրանից հետո Կրակովի օկուպացիան կրկնվեց ևս երկու անգամ, չնայած հանրապետության կառուցվածքում տեղի ունեցած բարեփոխումներին 1833 թվականին։ Երբ 1846 թվականին դավադրվում էր ապստամբություն նախկին Լեհաստանի բոլոր մասերում, Կրակովը օպերացիոն կետ էր նշանակվել Գալիցայի համար։ Ծրագիրը հաջողությամբ չավարտվեց, սակայն Պրուսիայի, Ռուսաստանի և Ավստրիայի իշխանությունները ուշադրություն դարձրին այն խոչընդոտներին, որոնք նրանց համար ստեղծում է Կրակովի անկախությունը, և չնայած Անգլիայի և Ֆրանսիայի դժգոհությանը, Վիեննայի վեհաժողովի համաձայն 1846 թվականի նոյեմբերի 6-ին, քաղաքը միացրին ասվտրիական տիրույթների կազմի մեջ։

1850 թվականին քաղաքը վնասվեց ուժեղ հրդեհից, վերացվեց մոտ 160 շինություն (մոտ 10 %)։

19-րդ դարի վերջին Կրակովում 74 593 բնակիչ կար (1890), նրանցից 21 000 հրեաներ։ Արդյունաբերական իմաստով զարգանում էր հացի, փայտի, աղի, հավկիթի և կարագի արտահանումը, արտադրվում էին մեքենաներ, մահուդ, կաշի։ Քաղաքն ուներ ամրոցի ռազմական նշանակություն։

1918 թվականին՝ Լեհաստանի անկախության վերականգնումից հետո, Կրակովը նորից դառնում է վերածնված պետության կարևորագույն պետություններից մեկը։ 1923 թվականին քաղաքում ըմբոստություն է տեղի ունենում, որն առաջացել է երկրում քաղաքական և տնտեսական ճգնաժամով։

1939 - 1945 թվականներին օկուպացվեց Նացիստական Գերմանիայի կողմից։ Գեներալ - նահանգապետության մայրաքաղաքն էր, Լեհաստանի տարածքում գաղութային վարչություն։ Նացիստները ձերբակալեցին 128 կրակովցի գիտնականների, որոնք հրավիրվել էին վարչության հետ հանդիպման և նրանց ուղարկեցին համակենտրոնացման ճամբարներ։ Քաղաքում ստեղծվեց Կրակովյան գետտո («Շինդլերի ցուցակը» ֆիլմի պատմությունը տեղի է ունենում Կրակովում), որտեղ տարան հրեաներին, որոնք մինչ այդ ապրում էին Կազիմեժայի շրջանում։ Հրեաների ոչնչացումն իրականացվում էր քաղաքի տարածքում գտնվող համակենտրոնացման ճամբարում, ինչպես նաև Կրակովից 70 կմ հեռավորության վրա գտնվող Օսվենցիմում։

1945 թվականի հունվարի 18-ից Ուկրաինական առաջին ճակատի զորքերը մտան քաղաք, որը գրեթե չէր վնասվել պատերազմի ժամանակ (պայթեցվեցին միայն մի քանի կամուրջներ Վիսլա գետի վրա)[4]։ Վարկածներից մեկի համաձայն, որը ակտիվորեն առծարծվում էր ԼԺՀ-ի կողմից, դա հնարավոր դարձավ Կարմիր բանակի և լեհական Հայրենական բանակի համատեղ օպերացիայի շնորհիվ, ինչի շնորհիվ գերմանացիները չհասցրին ի կատար ածել՝ նահանջելուց Կրակովը պայթեցնելու մասին նախկինում ստացված հրամանը։ Տվյալ վարկածն արտացոլվեր էր մի շարք ֆիլմերում, սակայն սոցիալիստական բլոկի տապալումից հետո, դրա հավաստիությունը սկվեց կասկածի տակ դնվել Լեհաստանում[5]։ 1945 թվականի օգոստոսի 11-ին Կրակովում տեղի ունեցավ հրեաների ջարդ[6]։ Այդ իրադարձություններն, ինչպես նաև հակասեմիթական կոմպանիան, որն ուղեկցվեց 1968 թվականի քաղաքական ճգնաժամով, ստիպեց հրեաների մեծ մասին, որոնք կենդանի էին մնացել Հոլոքոստից հետո՝ լքել Լեհաստանը[7]։

Սոցիալիստական Լեհաստանում ուժգնացավ Կրակովի արդյունաբերական նշանակությունը, մի շարք գործարաններ կառուցվեցին, 20-րդ դարի երկրորդ կեսին քաղաքի բնակչությունն աճեց չորս անգամ։ Պատերազմից հետո Կրակովի ծայրամասում սկսվում է կառուցվել մետաղագործական գործարան Նովա Խուտան, հիմնվում է նույնանուն քաղաք (ավելի ուշ մտավ Կրակովի կազմի մեջ)։

Սոցիալիստական իշխանության կործանումից հետո սկսվում է օբյեկտների ակտիվ անվանափոխումը։ 1991 և 1993 թվականներին քաղաքում անց է կացվում Վիշեգրադի խմբի գագաթնաժողով։

2006 թվականի օգոստոսի 3-ի Լեհաստանի Սենատի որոշմամբ 2007 թվականը հայտարարվեց Կրակով քաղաքի տարի։

2014 թվականի մայիսի 25-ը կայացավ քաղաքային հանրաքվե, որի ժամանակ կրակովի բնակիչները ցանկություն հայտնեցին քաղաքում մետրոպոլիտենի կառուցման (55,11 % ձայն), տեսագրման համակարգի ստեղծման (69,73 % ձայն), նոր հեծանվագծերի կառուցման (85,2 % ձայն) մասին և Կրակովի՝ 2022 թվականին Օլիմպիական խաղերի անցկացման հայտի դեմ (69,72 % ձայն)[8]։

2016 թվականի հուլիսին Կրակովում անցկացվեց կաթոլիկական Երիտասարդության համաշխարհային օր՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասնակցությամբ։

2017 թվականի հուլիսին քաղաքում կայացավ ՅՈւՆԵՍԿՕ-յի համաշխարհային ժառանգության կոմիտեի 41-րդ նստաշրջանը[9]։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ Կրակովի վարչական բաժանում

1991 մարտի 27-ին Կրակովը բաժանված էր 18 ինքնավար շրջանների, որոնք նշվում էին հռոմեական թվերով։ 2002 թվականին քաղաքային իշխանությունների կողմից որոշում կայացվեց շրջաններին՝ թվերից հետո պաշտոնական անվանումներ ավելացնելու մասին, որոնք մինչ այդ օգտագործվում էին ոչ պաշտոնական։ Շրջանների սահմանների վերջին փոփոխություններն իրականացվել է 2014 թվականի մարտի 12-ին[10]։

Կրակովի վարչատարածքային քարտեզը

Կրակովի շրջանները.

  • I շրջան (Ստարե Մյաստո) (լեհ.՝ Dzielnica I Stare Miasto)
  • II շրջան (Գժեգուժկի) (լեհ.՝ Dzielnica II Grzegórzki)
  • III շրջան (Պրոնդնիկ Չերվոնը) (լեհ.՝ Dzielnica III Prądnik Czerwony)
  • IV շրջան (Պրոնդնիկ Բյալը) (լեհ.՝ Dzielnica IV Prądnik Biały)
  • V շրջան (Կրովոդժա) (լեհ.՝ Dzielnica V Krowodrza)
  • VI շրջան (Բրոնովիցե) (լեհ.՝ Dzielnica VI Bronowice)
  • VII շրջան (Զվեժինեց) (լեհ.՝ Dzielnica VII Zwierzyniec)
  • VIII շրջան (Դեմբնիկի) (լեհ.՝ Dzielnica VIII Dębniki)
  • IX շրջան (Լագեվնիկի - Բորեկ Ֆալենտացի) (լեհ.՝ Dzielnica IX Łagiewniki-Borek Fałęcki)
  • X շրջան (Սվոշովիցե) (լեհ.՝ Dzielnica X Swoszowice)
  • XI շրջան (Պոդգուժե Դուխացկի) (լեհ.՝ Dzielnica XI Podgórze Duchackie)
  • XII շրջան (Բեժանուվ - Պրոկոչիմ) (լեհ.՝ Dzielnica XII Bieżanów-Prokocim)
  • XIII շրջան (Պոդգուժե) (լեհ.՝ Dzielnica XIII Podgórze)
  • XIV շրջան (Չիժինը) (լեհ.՝ Dzielnica XIV Czyżyny)
  • XV շրջան (Միստշեևիցե) (լեհ.՝ Dzielnica XV Mistrzejowice)
  • XVI շրջան (Բենչիցե) (լեհ.՝ Dzielnica XVI Bieńczyce)
  • XVII շրջան (Վզգուժա Կշեսլավիցկե) (լեհ.՝ Dzielnica XVII Wzgórza Krzesławickie)
  • XVIII շրջան (Նովա Հուտա) (լեհ.՝ Dzielnica XVIII Nowa Huta)

Կիրառվում է նաև քաղաքի պատմական բաժանումը 1951-1975 թվականներին վարչական 6 շրջաններում. Ստարե Մյաստո (Հին քաղաք,լեհ.՝ Stare Miasto), Զվեժինեց (լեհ.՝ Zwierzyniec), Գժեգուշկի (լեհ.՝ Grzegózki), Պոդգուժե (լեհ.՝ Podgórze), Նովա-Հուտա (լեհ.՝ Nowa Huta), ինչպես նաև բաժանում 4 շրջանների 1975 թվականից. Շրուդմեսչյե (լեհ.՝ Śródmieście), Պոդգուժե, Կրովոդժդա (լեհ.՝ Krowodrza), Նովա Հուտա։

Կրակովի շրջանների անվանումների մեծամասնությունը ծագում են ի սկզբանե բաժանված բնակավայրերից, որոնք հարյուրամյակներ շարունակ ներառվում էին քաղաքի վարչական սահմանների մեջ։

2017 թվականին Կրակովում կային 2712 փողոց (դրանցից 38 ծառուղի և 8 պուրակ) և 47 հրապարակ (դրանցից 6 ունեին «շուկա» անունը,լեհ.՝ rynek)[11]:

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի կազմված է ներքին քաղաքից և 7 արվարձաններից։ 15-րդ դարի ամրոցի ավերակներ. 39 կոստյոլ, բազմաթիվ մատուռներ, 25 մենաստաններ, 7 սինագոգ։ Լայն տարածում գտած 14-րդ դարի Ստանիսլավ և Վացլավ սրբերի մայր տաճարը, լեհ թագավորների, եպիսկոպոսների և հերոսների դամբարանը, Սբ Մարիամի գոթական կոստյոլը (13-րդ դար), Սբ Աննայի կոստյոլը, 13-րդ դարի հսկայական ամրոց՝ լեհ թագավորների նստավայր, Յան Մատեյկոյի կտավներով ազգային թանգարան, տեխնո-արդյունաբերական թանգարան, արքեպիսկոպոսի պալատ, Չերտորիսկիների թանգարան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Yaqub I. i. (unspecified title)
  2. https://stat.gov.pl/obszary-tematyczne/ludnosc/ludnosc/ludnosc-stan-i-struktura-ludnosci-oraz-ruch-naturalny-w-przekroju-terytorialnym-stan-w-dniu-30-czerwca,6,35.html
  3. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  4. FORTYCK.PL — Forty CK Twierdzy Kraków(լեհ.)
  5. Mit ocalonego Krakowa legł w gruzach Արխիվացված 2016-08-25 Wayback Machine(լեհ.)
  6. «СОБИРАТЕЛЬНЫЙ ВИХРЬ Русский курьер». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  7. Моисей Дорман. И было утро, и был вечер
  8. «REFERENDUM LOKALNE NIEDZIELA 25 MAJA 2014 R.» (լեհերեն). Biuletyn Informacji Publicznej Miasta Krakowa. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
  9. «41st session of the Committee» (անգլերեն). UNESCO. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 14-ին.
  10. «UCHWAŁA NR XCIX/1500/14» (լեհերեն). Biuletyn Informacji Publicznej Miasta Krakowa. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
  11. «Rejestr TERYT» (լեհերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրակով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 673