Օսվենցիմ համակենտրոնացման ճամբար և Օսվենցիմ մահվան ճամբար (Աուշվից համակենտրոնացման և մահվան ճամբար (գերմ.՝ Konzentrationslager Auschwitz, լեհ.՝ Obóz Koncentracyjny Auschwitz), Բիրկենաու համակենտրոնացման և մահվան ճամբար, (գերմ.՝ Konzentrationslager Birkenau, լեհ.՝ Obóz Koncentracyjny Birkenau), Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման և մահվան ճամբար (գերմ.՝ Konzentrationslager Auschwitz-Birkenau, լեհ.՝ Obóz Koncentracyjny Auschwitz-Birkenau)), Նացիստական Գերմանիայիհամակենտրոնացման և մահվան ճամբարների համալիր, որն իր գործունեությունը ծավալել է 1940-1945 թվականներն ընկած ժամանակահատվածում օկուպացվածԼեհաստանիՕսվենցիմ քաղաքում։ Համաշխարհային պրակտիկայում ընդունված է այս ճամբարը կոչել «Աուշվից»[5], իսկ լեհերենով՝ «Օսվենցիմ». գերմանական կողմը ճամբարը կոչել է հենց Աուշվից։ Խորհրդային և ռուսական տեղեկատուներում[6] ու մամուլում[7][8] համակենտրոնացմանը ճամբարը կոչվել է Օսվենցիմ[9]։
Շուրջ 1.4 միլիոն մարդ, որոնցից 1.1 միլիոնը ազգությամբ հրեաներ, սպանվեցին Օսվենցիմում 1941-1945 թվականների ընթացքում[10]։ Աուշվից-Բիրկենաունն ամենամեծ ու ամենաերկարակյաց մահվան ճամբարն էր՝ ստեղծված Երրորդ ռայխի կողմից։ Այսօր այն Հոլոքոստի գլխավոր խորհրդանիշներից մեկն է համարվում։
Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարը բաղկացած էր երեք հիմնական ճամբարներից՝ Աուշվից 1, Աուշվից 2 և Աուշվից 3։ Ճամբարի ընդհանուր տարածքը կազմում էր ավելի քան 500 հա։
Այն բանից հետո, որբ 1939 թվականին Լեհաստանի այս տարածքն անցավ գերմանական զորքերի վերահսկողության ներքո, Օսվենցիմ քաղաքն անվանափոխվեց և դարձավ Աուշվից։ Օսվենցիմում առաջին համակենտրոնացման ճամբարը դարձավ Աուշվից 1-ը[11], որը ծառայեց որպես ամբողջ ճամբարի վարչական կենտրոն։ Այն հիմնադրվել է 1940 թվականի մայիսի 20-ին աղյուսից միհարկանի և երկհարկանի զորանոցների հենքի վրա, որոնք առավելապես ավստրիական էին, հետո՝ լեհական։ Աուշվից 1-ի շինարարները սկզբնական շրջանում Օսվենցիմ քաղաքի հրեական համայնքի բնակիչներն էին։ Նախկին զորանոցի բանջարեղենի պահեստը վերակառուցվել էր որպես I դիակիզարան և դիարան։
Շինարարության մեկնարկի ժամանակ որոշվեց, որ բոլոր միհարկանի շինություններին պետք է ավելացնել նաև երկրորդ հարկը։ Կառուցվեցին նաև լրիվ նոր մի քանի երկհարկանի կառույցներ։ Աուշվից I ճամբարում ընդհանուր առմամբ հաշվվում էր 24 երկհարկանի շինություններ (բլոկներ)։ № 11 բլոկում («Մահվան բլոկ») գտնվում էր ճամբարային բանտը. այստեղ ամիսը երկու-երեք անգամ գումարում էին արտակարգ նիստեր, որի ժամանակ որոշում էին մահվան դատավճիռները։ 1941 թվականի սեպտեմբերի 6-ից սկսած մինչև 1942 թվականի փետրվարի 28-ը № 1, 2, 3, 12, 13, 14, 22, 23 բլոկներում տեղաբաշխվել են խորհրդային ռազմագերիները, որոնց հետագայում տեղափոխեցին Աուշվից II/Բիրկենաու։
Այն բանից հետո, երբ որոշվեց Օսվենցիմում կառուցել համակենտրոնացման ճամբար, քաղաքի լեհ բնակիչներին արտաքսեցին քաղաքից։ Սա տեղի ունեցավ երկու փուլով։ Առաջինը 1940 թվականի հունիսին էր, երբ արտաքսվեցին ավելի քան 2 հազար լեհեր։ Երկրորդ փուլը 1940 թվականի հուլիսն էր, երբ արտաքսեցին Կորոտկայա, Պոլնայա և Լեգիոներների փողոցների բնակիչներին։ Նույն թվականի նոյեմբեր ամսին տեղի ունեցավ արտաքսման երրորդ փուլը, երբ արտաքսվեց Զասոլե շրջանի բնակչությունը։ Արտաքսման երևույթը շարունակվեց մինչև 1941 թվականը. մարտ և ապրիլ ամիսներին վտարվեցին Բաբիցե, Բուդի, Ռայսկո, Բժեզինկա, Բրոշչկովիցե, Պլավի և Խարմենժե գյուղերի բնակիչները։ Ընդհանուր առմամբ բռնի կերպով գաղթեցին 40 կմ² տարածքիում ապրող բնակիչներ. այդ տարածքը համարվեց «Աուշվից ճամբարի հետաքրքությունների ոլորտ»։ 1941-ից 1943 թվականներին այստեղ ստեղծվեցին օժանդակ ճամբարներ գյուղատնտեսական տիպի՝ ձկնային տնտեսություն, թռչնաբուծարան և անասնաֆերմա։ Գյուղատնտեսական ողջ մթերքն առաքվում էր ՍՍ-ի զորքերին։ Համակենտրոնացման ճամբարը շրջափակված էր բարձր լարման կրկնակի ցանկապատերով։
1942 թվականի գարնանը Աուշվից I ճամբարը երկու կողմից երիզվեց երկաթբետոնե ցանկապատով։ Աուշվից, իսկ հետո նաև Աուշվից II/Բիրկենաու, Աուշվից III/Մոնովիցի ճամբարների պահպանությունն իրականացնում էին ՍՍ-ի զինծառայողները՝ «Մեռած գլուխ» միավորումից։
Կալանավորների առաջին խումբը, որը բաղկացած էր 728 լեհ քաղբանտարկյալներից, ճամբար բերվեց 1940 թվականի հունիսի 14-ին։ Առաջին երկու տարիների կալանավորների թիվը տատանվում էր 13-ից 16 հազարը, իսկ 1942 թվականին հասավ 20․000-ի։ Ճամբարի կալանավորները բաժանվում էին դասերի, որը երևում էր նաև նրանց հագուստից․ հագուստի վրա կարված էր համապատասխան նշանը։ Շաբաթվա վեց օրերը, բացի կիրակիից, բոլոր կալանավորնեը պարտադիր պետք է աշխատեին։ Սաստիկ հոգնեցնող աշխատանքային գրաֆիկն ու աղքատիկ սնունդը պատճառ հանդիսացան, որ մահացության մակարդակն արագորեն աճի։ Աուշվից I ճամբարում կային առանձին բլոկներ, որոնք տարբեր նպատակներկ համար էին ծառայում։ № 11 բլոկում տեղի էր ունենում ճամբարի կարգը խախտողների պատիժները։ Այստեղ չորս կարգազանցներին տեղափոխում էին այսպես կոչված «կանգնած խցեր», որոնց մակերեսը ընդամենը 90x90 սմ էր։ Այստեղ նրանք ստիպված պետք է կանգնած մնային ամբողջ գիշեր։ Առավել դաժան ձևեր էին կիրառում մահվան ճամբարում, որոնք հանգեցնում էին դանդաղ մահվան։ Մեղավորներին կամ փակում էին հերմետիկ բանտախցում, որտեղ նրանք մահանում էին թթվածնի պակասից, կամ էլ պարզապես սովամահ էին անում։ 10 և 11 բլոկների միջև գտնվում էր կտտանքների բակը, որտեղ կալանավորներին ենթարկում էին կտտանքների, ապա՝ գնդակահարում։ Պատը, որի տակ կատարվում էր գնդակահարությունը, մինչև պատերազմի ավարտը ապամոնտաժվեց։ № 24 բլոկի երկրորդ հարկում, մինչև 1943 թվականը գործում էր հասարակաց տուն։
1941 թվականի սեպտեմբերի 3-ին, ճամբարի պարեկի տեղակալ օբերշտուրմֆյուրերԿարլ Ֆրիչի հրամանով առաջին անգամ կիրառվեց Ցիկլոն B գազը․ համար 11 բլոկի նկուղային խցերում այդ գազով թունավորեցին կալանավորներին։ Դրա արդյունքում սպանվեցին 600 ռազմագերիներ ԽՍՀՄ-ից և 250 լեհ քաղբանտարկյալներ՝ հիմնականում հիվանդ[12]։ Փորձը համարվեց հաջողված և I դիակիզարանի շենքը վերաձևափոխվեց գազի խցիկի։ Այդ խուցը գործեց 1941-ից 1942 թվականները, որից հետո դարձավ ՍՍ-ի ռմբապաստարանը։ Արդյունքում խուցն ու I դիակիզարանը վերակառուցվեցին իրականի նման և այսօր էլ ցուցադրվում են թանգարանի տարածքում՝ որպես նացիստական դաժանությունն արտացոլող հուշարձան։
Աուշվից 2 (հայտնի է նաև Բիրկենաու կամ Բժեզինկա) ճամբարը հենց այն վայրն է, որը բոլորը պատկերացնում են Օսվենցիմ ասելիս։ Այստեղ, միհարկանի փայտաշեն բարաքներում պահվել են հարյուր հազարավոր հրեաներ, լեհեր, ԽՍՀՄ ռազմագերիներ, գնչուներ և այլազգի կալանավորներ։ Այս ճամբարի բնակիչների թիվը հասել է շուրջ մեկ միլիոնի։ Այս հատվածի շինարարությունը սկսվել է 1941 թվականի հոկտեմբերին։ 1942 թվականին շահագործման հանձնվեց I հատվածը, որտեղ գտնվում էին տղամարդկանց ու կանանց ճամբարները։ 1943-ից 1944 թվականներին շահագործման հանձնվեց II հատվածը, որտեղ գտնվում էին գնչուական ճամբարը, տղամարդկանց կարանտինը, տղամարդկանց հիվանդանոցը, հրեական ընտանեկան ճամբարը, ամբարային տարածքներն ու «Դեպոճամբարը»՝ Հունգարիայի հրեաների ճամբարը։ 1944 թվականին կառուցվեց նաև III հատվածը։ Կիսակառույց շինություններում 1944 թվականի հունիս և հուլիս ամիսներին տեղավորել էին հրեուհիներ, որոնք գրացված չէին ճամբարի գրանցամատյանում։ Այս ճամբարն անվանում էին նույնպես «Դեպոճամբար», իսկ հետո՝ «Մեքսիկա»։
Առաջին խմբին, որը կազմում էր եկածների մոտավորապես ¾-ը, ուղարկեցին գազի խցիկներ մի քանի ժամերի ընթացքում։ Այդ խմբի կազմի մեջ էի մտնում բոլոր նրանք, ովքեր որակվել էին անաշխատունակ՝ հիվանդները, ծեր մարդիկ, հաշմանդամները, երեխաները, զառամյալները։
Աուշվից 1-ի գնդակահարության պատը
Աուշվից 2 ճամբարում կային 4 գազի խցիկ ու 4 դիակիզարան։ Բոլոր չորս դիակիզարանները կառուցվեցին 1943 թվականին։ 24 ժամվա ընթացքում՝ բացի երեքժամյա ընդմիջումից, որի ժամանակ վառարաններն էին մաքրում, 30 վառարանում այրում էին մոտավորապես 5000 մարդու, իսկ 16 վառարաններում՝ I և II դիակիզարաններում՝ 3 հազար մարդու։ Երբ 1944 թվականի ամռանը Բիրկենաու ճամբարի IV և V դիակիզարաններում տեղը չէր բավարարում, մահացածներին այրում էին խրամատներում։
Ռայխսֆյուրեր Հայնրիխ Հիմլերը Օսվենցիմ եմ ուղարկում կուսակցության և ՍՍ-ի գործակատարների, որպեսզի նրանք անձամբ տեսնեն, թե ինչպես են վերացնում հրեաներին։ Բոլորը խորը տպավորություն էին ստանում։
Կալանավորների երկրորդ խումբը ստրկական աշխատանքի ուղարկվեց զանազան արտադրամասերում։ 1940 թվականից մինչև 1945 թվականը Աուշվից համալիրին կցված ֆաբրիկաներում աշխատում էին 405 հազար կալանավորներ։ Նրանցից 340 հազարը մահացել են կա՛մ հիվանդություններից, կա՛մ ծեծից, կա՛մ գնդակահարությունից։ Հայտնի է այն դեպքը, երբ Օսկար Շինդլերը փրկեց շուրջ հազար մարդու կյանք իր գործարանում աշխատելու համար։ Այդ ցուցակից թվով 300 կանայք սխալմամբ հայտնվեցին Օսվենցիմում. Շինդլերը կարողացավ նրանց դուրս հանել ու տեղափոխել Կրակով։
Երրորդ խումբը երկվորյակներն էին ու թզուկները, որոնց բժշկական զանազան փորձերի էին ուղարկում։ Այդ փորձերը հիմնականում կատարում էր Յոզեֆ Մենգելեն, որին անվանում էին «մահվան հրեշտակ»։
1939 թվական, նոյեմբեր՝ Ապագա համակենտրոնացման ճամբարի նախագծի ներկայացումը անվտանգության ոստիկանության և անվտանգության ծառայության տեսուչ, ՍՍ-ի օբերֆյուրեր Արպադ Վիգանդի զեկույցում:
1940 թվական, ապրիլի 27՝ ՍՍ-ի ռայխսֆյուրեր Հիմլերի կարգադրությունը լեհական Օսվենցիմ (Աուշվից) քաղաքի արվարձանում համակենտրոնացման ճամբար ստեղծելու մասին:
1940 թվական, մայիսի 20՝ Հիմլերի հրամանով ճամբարի հիմնադրումը լեհական բանակի զորանոցների բազայի վրա: Առաջին 728 կալանավորները Օսվենցիմ են բերվել 1940 թվականի հունիսի 14-ինՏարնուվի բանտից, սակայն մինչ այդ Զաքսենհաուզենից տեղափոխվել էր 30 գերմանացի քրեական հանցագործ: Ճամբարի առաջին պետը դարձավ Ռուդոլֆ Հյոսը: Նրա տեղակալն էր Կառլ Ֆրիցշը:
Պահպանված դիակիզարան Աուշվից 1-ում1940 թվական, հուլիսի 6՝ Առաջին փախուստը Օսվենցիմից: Հաջողությամբ փախուստի դիմեց Թադեուշ Վիեյովսկին, սակայն 1941 թվականի վերջին նա կրկին ձերբակալվեց և գնդակահարվեց:
1941 թվական, մարտ՝ ՍՍ-ի ռայխսֆյուրեր Հիմլերի կարգադրությունը՝ ընդլայնել ճամբարը մինչև 30 000 կալանավորի համար, ինչպես նաև Բժեզինկա գյուղի (գերմանական անվանումը՝ Բիրկենաու) շրջակայքում կառուցել ճամբար 100 000 ռազմագերու համար:
1941 թվական, մարտի 1՝ Հիմլերի առաջին տեսչական այցը Օսվենցիմ: Նրա կողմից կարգադրություն տրվեց ընդլայնել գոյություն ունեցող ճամբարը և ճամբար կազմակերպել Բժեզինկա գյուղի տարածքում:
1941 թվական, հուլիս՝ Աուշվից բերվեցին և ոչնչացվեցին խորհրդային առաջին ռազմագերիները, որոնք Կարմիր բանակի քաղաշխատողներ ու հրամանատարներ էին։
1941 թվական, օգոստոս՝ ՍՍ-ի ռայխսֆյուրեր Հիմլերը հրամայում է պարետ Ռուդոլֆ Հյոսին նախապատրաստել ճամբարը եվրոպական հրեաների զանգվածային ոչնչացման համար և մշակել սպանության համապատասխան մեթոդներ:
1941 թվական, օգոստոսի 14՝ Օսվենցիմում զոհվեց կաթոլիկ քահանա Մաքսիմիլիան Մարիա Կոլբեն, ով կամավոր գնաց մահվան՝ հանուն բախտակից ընկերոջ՝ սերժանտ Ֆրանցիշեկ Գայովնիչեկի փրկության։ Հետագայում այս սխրանքի համար Մաքսիմիլիան Կոլբեն դասվեց սուրբ նահատակների շարքը։
1941 թվական, սեպտեմբերի 3՝ Կառլ Ֆրիչի հրամանով № 11 բլոկում իրականացվեց մեծ թվով մարդկանց «Ցիկլոն Բ»-ով ոչնչացնելու առաջին փորձարկումը, որը դարձավ գազախցիկի նախատիպը: Փորձարկումների արդյունքում զոհվեց 600 խորհրդային ռազմագերի և 250 լեհ կալանավոր:
1941 թվական, հոկտեմբերի 6՝ Աուշվից է բերվում խորհրդային ռազմագերիների առաջին խոշոր խմբաքանակը (2000 մարդ) № 308 շտալագից (ճամբարից)՝ Աուշվից II/Բիրկենաու նոր ճամբարի կառուցման համար:Բարաքներ Բիրկենաուում
1941 թվական, հոկտեմբեր՝ Մեկ ամսվա ընթացքում № 308 և № 318 շտալագներից 5 փոխադրումներով Աուշվից բերվեց մոտ 10 000 խորհրդային ռազմագերի:
1941 թվական, հոկտեմբեր՝ Սկսվեց Աուշվից II/Բիրկենաուի շինարարությունը:
1942 թվական, հունվար՝ Բիրկենաուում իրականացվում են հրեաների (բերված Վերին Սիլեզիայից) առաջին զանգվածային սպանությունները:
1942 թվական, հունիսի 24՝ Կնոջ կողմից իրականացված առաջին հաջող փախուստը. փախուստի դիմեց Յանինա Նովակը: 1943 թվականի մարտին նա կրկին ձերբակալվեց և 1943 թվականի մայիսի 8-ին բերվեց ճամբար: Ավելի ուշ տեղափոխվեց Ռավենսբրյուկ, որտեղ կարողացավ ողջ մնալ՝ սպասելով պատերազմի ավարտին:Հունգարիայի հրեաների սելեկցիան 1944 թվականի մայիսին Բիրկենաուում
1942 թվական, հուլիս՝ Բիրկենաուում զանգվածային ոչնչացման համար նախատեսված չորս մեծ կառույցնի շինարարության սկիզբը:
1942 թվական, հուլիսի 17-հուլիսի 18՝ Հիմլերը երկրորդ անգամ է այցելում Օսվենցիմը և մասնակցում Բիրկենաուում գազով սպանության տեխնոլոգիայի ցուցադրմանը։
1943 թվական՝ ԳինեկոլոգԿառլ Կլաուբերգի ղեկավարությամբ սկսվեցին բժշկական փորձարկումները հրեա և գնչու կանանց վրա: Փորձարկումները ներառում էին արգանդի և ձվարանների հեռացում, ճառագայթահարում, դեղագործական ընկերությունների պատվերով պատրաստուկների փորձարկում:
1943 թվական՝ Բժիշկ Յոզեֆ Մենգելեի ղեկավարությամբ սկսվեցին բժշկական փորձարկումները կալանավորների վրա:
1944 թվականի օգոստոս։ Զոնդերկոմանդայի անդամներն այրում են գազով խեղդամահ արված կալանավորների մարմինները։1943 թվական, մարտ-հունիս՝ Բիրկենաուում շահագործման հանձնվեցին 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ գազախցիկներն ու դիակիզարանները:
1943 թվական, նոյեմբեր՝ ՕսվալդՊոլի (ՍՍ-ի գլխավոր վարչատնտեսական վարչության պետ) առաջարկով Օսվենցիմի ճամբարը բաժանվեց երեք մասի:
1944 թվական, գարուն՝ Հիմլերի երրորդ տեսչական այցը, որից հետո նա հրամայեց վերացնել ճամբարի բոլոր գնչուներին՝ նախապես առանձնացնելով աշխատունակներին:
1944 թվական, մայիս՝ Էշելոններով ճամբար են սկսում բերել Հունգարիայի հրեաներին․ հրեաների զանգվածային ոչնչացման ամենախոշոր գործողությունը:
1944 թվական, օգոստոս՝ Աուշվիցը (Օսվենցիմ) դառնում է Երրորդ ռայխի ամենամեծ համակենտրոնացման ճամբարը՝ ունենալով 130 000 կալանավոր:
1944 թվական, հոկտեմբերի 6՝ Աուշվից II-Բիրկենաուում զոնդերկոմանդայի անդամների ապստամբությունը, որի ժամանակ ավերվեց IV դիակիզարանը:
1944 թվական, նոյեմբեր՝ Առաջխաղացող խորհրդային զորքերի պատճառով Հիմլերը հրամայում է ոչնչացնել գազախցիկներն ու դիակիզարանները: Այդ պահին Օսվենցիմում զոհվել էր 1.4 միլիոնից մինչև 4 միլիոն մարդ, հիմնականում՝ հրեաներ:
1945 թվական, հունվարի 18՝ Աշխատունակ կալանավորների մի մասը (58 հազար մարդ) մահվան երթերով տարհանվեց Գերմանիայի խորքերը:
Զոհերի ակնոցները1945 թվական, հունվարի 27՝ Մարշալ Կոնևի հրամանատարության տակ գտնվող խորհրդային զորքերը մտան Աուշվից, որտեղ այդ պահին կար մոտ 7,6 հազար կալանավոր: Հունվարի 27-ին, ցերեկվա ժամը 3-ի սահմաններում, ճամբարում հայտնվեցին 60-րդ բանակի 107-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Վասիլի Պետրենկոյի զինվորները: Որոշ տվյալներով՝ գեներալ Պետրենկոյի ստորաբաժանումները ազատեցին մոտ 6 հազար կալանավորի, սակայն Օտա Կրաուսի և Էրիխ Կուլկայի գրքում նշվում է 2189 մարդ, որոնց թվում՝ 6-ից 14 տարեկան 200 երեխա:
1945 թվական, հունվարի 31՝ 60-րդ բանակի բանակային թունաբան, մայոր Իոսիֆ Ֆրիդլյանդի առաջարկով սանիտարական ծառայության պետ, փոխգնդապետ Մ. Ա. Ուսպենսկին Աուշվից ուղարկեց 2 թերապևտիկ հոսպիտալ (պետեր՝ Վեյտկով և Մելայ):
1947 թվական, ապրիլ՝ Նախկին Աուշվից I ճամբարի տարածքում գտնվող I դիակիզարանի մուտքի մոտ, կատարած հանցագործությունների համար դատարանի դատավճռով կախաղան բարձրացվեց Օսվենցիմի առաջին պարետը՝ Ռուդոլֆ Հյոսը, ում լեհական կողմին էին հանձնել բրիտանական զինվորականները:
1967 թվական՝ Բիրկենաուի տարածքում կանգնեցվեց զոհերի միջազգային հուշարձանը: Դրա վրայի արձանագրությունները արվել են այն ժողովուրդների լեզուներով, որոնց ներկայացուցիչները տանջամահ են արվել այստեղ։
Խորհրդային զորքերի կողմից ճամբարի ազատագրումից հետո Աուշվից 1-ի բարաքների և շենքերի մի մասն օգտագործվել է որպես հոսպիտալ ազատված կալանավորների համար: Դրանից հետո ճամբարի մի մասը, մինչև 1947 թվականը, օգտագործվել է ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի և Լեհաստանի հասարակության անվտանգության նախարարության կողմից որպես բանտ: Քիմիական գործարանը հանձնվել է լեհական կառավարությանը և հիմք է հանդիսացել տարածաշրջանի քիմիական արդյունաբերության զարգացման համար:
1947 թվականից հետո Լեհաստանի կառավարությունը ձեռնամուխ եղավ ստեղծել թանգարան:
2009 թվականի դեկտեմբերի 18-ի՝ ուրբաթ գիշերը, չուգունե «Arbeit macht frei» («Աշխատանքը ազատում է») մակագրությունը, որը գտնվում էր Աուշվից 1-ի մուտքի վերևում, գողացվել էր և հայտնաբերվել երեք օր անց: Այն սղոցվել էր երեք մասի և պատրաստվել Շվեդիա տեղափոխման համար: Ձերբակալվեցին հանցագործության մեջ կասկածվող 5 տղամարդ[14][15]։ Գողությունից հետո մակագրությունը փոխարինվել է պատճենով, որը պատրաստվել էր 2006 թվականին՝ բնօրինակի վերականգնման ժամանակ:
Կալանավորների և Յոզեֆ Մենգելեի փորձարկումների լուսանկարները, որոնք արվել էին կալանավորներից մեկի՝ Վիլհելմ Բրասեի կողմից, հետագայում դարձան ճամբարում տեղի ունեցած հանցագործությունների ապացույցներ[16]:
Ըստ կալանավորների և ճամբարի աշխատակիցների հուշերի՝ Օսվենցիմում օգտագործվում էին հետևյալ ժարգոնային բառերն ու արտահայտությունները[17].
Ճամբարի բարձր լարման փշալարերը«կանադա»՝ սպանվածների իրերի պահեստ։ Գոյություն են ունեցել երկու «կանադա»՝ առաջինը գտնվում էր մայր ճամբարի տարածքում (Աուշվից 1), երկրորդը՝ Բիրկենաուի արևմտյան մասում
«կապո»՝ կալանավոր, որը կատարում էր վարչական աշխատանք և հսկողություն իրականացնում աշխատանքային բրիգադի նկատմամբ
«մուսուլման (ուհի)»՝ ծայրահեղ հյուծվածության փուլում գտնվող կալանավոր. նրանք կմախք էին հիշեցնում, որոնց ոսկորները հազիվ էին ծածկված մաշկով, հայացքը մշուշոտ էր, իսկ ընդհանուր ֆիզիկական հյուծվածությանն ուղեկցում էր նաև հոգեկան հյուծվածությամբ
«կազմակերպություն»՝ սննդամթերք, հագուստ, դեղորայք և կենցաղային այլ իրեր հայթայթելու միջոց գտնել՝ ոչ թե ընկերներին թալանելով, այլ դրանք գաղտնի գողանալով գերմանական պահեստներից
«գնալ փշալարերին»՝ ինքնասպանություն գործել՝ դիպչելով բարձր լարման տակ գտնվող փշալարերին (հաճախ կալանավորը չէր էլ հասցնում հասնել փշալարերին. նրան սպանում էին պահակային աշտարակներում հերթապահող էսէսական ժամապահները):
Համակենտրոնացման ճամբարների կալանավորներին նշագրում էին տարբեր գույների եռանկյունիներով («վինկելներով»)՝ կախված նրանից, թե ինչ պատճառով էին նրանք հայտնվել ճամբարում։ Օրինակ՝ քաղաքական բանտարկյալներին նշում էին կարմիր եռանկյունիներով, քրեական հանցագործներին՝ կանաչ, հակահասարակական տարրերին՝ սև, Եհովայի վկաներին՝ մանուշակագույն, համասեռականներին՝ վարդագույն։ Հրեաները, բացի այդ ամենից, պետք է կրեին դեղին եռանկյունի. «վինկելի» հետ համադրվելիս այս երկու եռանկյունիները ձևավորում էին Դավթի աստղը[19]։
Օսվենցիմում զոհվածների ստույգ թիվը հնարավոր չէ պարզել, քանի որ բազմաթիվ փաստաթղթեր ոչնչացվել են։ Բացի այդ, գերմանացիները չէին հաշվառում այն զոհերին, ում անմիջապես տեղափոխում էին գազախցիկներ՝ ժամանելուն պես։ Համացանցում առկա՝ զոհված կալանավորների տվյալների բազան պարունակում է 180 հազար անուն։ Ընդհանուր առմամբ, պահպանվել են անհատական տվյալներ 650 հազար կալանավորի վերաբերյալ[22]։
Ռուդոլֆ Հյոսը, ով 1940-1943 թվականներին եղել է Օսվենցիմի պարետը, Նյուրնբերգյանդատարանում իր տված ցուցմունքում զոհվածների թիվը գնահատել է 2,5 միլիոն մարդ, թեև պնդում էր, որ ստույգ քանակն իրեն հայտնի չէ, քանի որ ինքը գրառումներ չի վարել[23]։ Ահա թե ինչ էր նա ասում իր հուշերում.
Ես երբեք չեմ իմացել ոչնչացվածների ընդհանուր թիվը և որևէ հնարավորություն չեմ ունեցել այդ թիվը պարզելու համար։ Իմ հիշողության մեջ պահպանվել են միայն որոշ թվեր, որոնք վերաբերում են ոչնչացման ամենախոշոր գործողություններին. այդ թվերն ինձ մի քանի անգամ նշել է Ադոլֆ Այխմանը կամ նրա օգնականը.
1940 թվականից սկսած՝ օկուպացված տարածքներից և Գերմանիայից օրական մինչև 10 էշելոն մարդ էր ժամանում Օսվենցիմի համակենտրոնացման և մահվան ճամբար։ Յուրաքանչյուր էշելոնում կար 40-50, իսկ երբեմն նույնիսկ ավելի շատ վագոն։ Յուրաքանչյուր վագոնում գտնվում էր 50-ից 100 մարդ։ Բոլոր բերված հրեաների մոտ 70%-ը մի քանի ժամվա ընթացքում ուղարկվում էր գազի խցիկներ[24]։ Գործում էին դիակների այրման հզոր դիակիզարաններ, բացի դրանցից, մարմինների հսկայական քանակությամբ այրումներ իրականացվում էին հատուկ խարույկների վրա։ Դիակիզարանների մոտավոր թողունակությունը եղել է.
Մանկական կոշիկ
№ 1 (24 ամսվա ընթացքում)՝ 216 000 մարդ
№ 2 (19 ամսվա ընթացքում)՝ 1 710 000 մարդ
№ 3 (գոյության 18 ամսվա ընթացքում)՝1 618 000 մարդ
№ 4 (17 ամսվա ընթացքում)՝ 765 000 մարդ
№ 5 (18 ամսվա ընթացքում)՝ 810 000 մարդ
Ժամանակակից պատմաբանները համակարծիք են, որ Օսվենցիմում ոչնչացվել է 1,1-ից մինչև 1,6 միլիոն մարդ, որոնց մեծ մասը՝ հրեաներ[25]: Այս գնահատականը ստացվել է անուղղակի ճանապարհով, ինչի համար իրականացվել է տեղահանվածների ցուցակների ուսումնասիրություն և Օսվենցիմ ժամանած երկաթուղային շարժակազմերի տվյալների հաշվարկներ:
Ֆրանսիացի պատմաբան Ժորժ Վելլերը 1983 թվականին առաջիններից մեկն օգտագործեց տեղահանվածների վերաբերյալ տվյալները՝ դրանց հիման վրա Օսվենցիմում սպանվածների թիվը գնահատելով 1 613 000 մարդ, որոնցից 1 440 000-ը հրեաներ էին, իսկ 146 000-ը՝ լեհեր[26]]։ Լեհ պատմաբան Ֆրանցիշեկ Պիպերի ավելի ուշ շրջանի աշխատությունում, որն այսօր համարվում է ամենահեղինակավորներից, բերվում է հետևյալ գնահատականը[27].
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակին նվիրված վիճակագրական ժողովածուում Լեհաստանի պետական վիճակագրական վարչությունը հրապարակել է հետևյալ տվյալները[28].
Զոհվածների ընդհանուր թիվը՝ 1,1 միլիոն մարդ, այդ թվում՝
հրեաներ՝ 960 հազար (այդ թվում՝ լեհական հրեաներ՝ 300 հազար),
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 567)։