Ֆրից Պֆեֆֆեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրից Պֆեֆֆեր
Fritz Pfeffer (1889-1944).jpg
Ծնվել էապրիլի 30, 1889(1889-04-30)
ԾննդավայրԳիսեն, Հեսսեն, Գերմանիա
Մահացել էդեկտեմբերի 20, 1944(1944-12-20) (55 տարեկանում)
Մահվան վայրՆոյենգամե համակենտրոնացման ճամբար, Գերմանիա
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտությունբժիշկ և ատամնաբույժ
Fritz Pfeffer Վիքիպահեստում

Ֆրիդրիխ Պֆեֆեր (գերմ.՝ Friedrich Pfeffer, ապրիլի 30, 1889(1889-04-30), Գիսեն, Հեսսեն, Գերմանիա - դեկտեմբերի 20, 1944(1944-12-20), Նոյենգամե համակենտրոնացման ճամբար, Գերմանիա), ծնունդով Գերմանիայից հրեական ծագմամբ հոլանդացի ատամնաբույժ, որը 1942-1944 թվականներին Աննա Ֆրանկի և նրա ընտանիքի հետ միասին թաքնվել է Երրորդ Ռայխի կողմից բռնազավթված Ամստերդամում։ Շնորհիվ Աննա Ֆրանկի օրագրի համարվում է նացիստական նացիոնալ-սոցիալիզմի ամենահայտնի զոհերից մեկը։ Աննա Ֆրանկի օրագրում Պֆեֆերը հանդես է գալիս «Ալբերտ Դյուսել» կեղծանվամբ (հոլ.՝ Albert Dussel

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիդրիխ Պֆեֆերը (Ֆրիցն անվան կարճ տարբերակն է) ծնվել է Հեսսենում[1]։ Եղել է Իգնաց Պֆեֆերի և Ժանեթ Խիրշի հինգ երեխաներից մեկը, ովքեր բնակվում էին Մարկպլաց 6 հասցեում։ Ընտանիքն ուներ տեքստիլ գործվածքների և հագուստի խանութ։ Ստանալով դպրոցական կրթություն՝ Ֆրիցը սովորել է ատամնաբուժություն և դիմածնոտային վիրաբուժություն։ 1911 թվականին ստացել է աշխատանքային լիցենզիա, իսկ մեկ տարի անց բացել սեփական աշխատասենյակը Բեռլինում։ 1925 թվականին մահացել է Ֆրիցի մայրը՝ Ժանեթը, իսկ երեք տարի անց՝ 1928 թվականին եղբայրը՝ Յուլիուսը։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ֆրիցը ծառայել է գերմանական բանակում։ 1921 թվականին նա ամուսնացել է Վերա Բյուտիների հետ (1904-1942 թվականներ)։ Վերջինս ծնվել էր Պոզնանում։ Քաղաքն այդ ժամանակ գտնվում էր Գերմանիայի կազմում։ Այդ ամուսնությունից նրանք ունեցել են որդի՝ Վերներ Պիտեր Պֆեֆերը, ով մահացել է 1995 թվականի փետրվարի 14-ին։ 1932 թվականին զույգը բաժանվել է և երեխայի խնամքի իրավունքը փոխանցվել է Ֆրիցին․ ով որդուն մենակ դաստիարակել է մինչև 1938 թվականի նոյեմբեր, երբ Գերմանիայիում նացիստական հետապնդողական քաղաքականությունը ստիպեց նրան որդուն ուղարկել Անգլիա եղբոր՝ Էրնստի մոտ։

Այն բանից հետո, երբ Ադոլֆ Հիտլերը և Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցությունը 1933 թվականին Ֆրանկֆուրտում հաղթեցին համայնքային ընտրությունները, Գերմանիայում կտրուկ աճեց հակասեմականությունը և սկսեցին ընդունվել հակահրեական խտրական օրենքներ։ Արդյունքում, Պֆեֆերի բարեկամների մեծ մասը փախան երկրից։ Եղբայրը՝ Էմիլը 1937 թվականին տեղափոխվեց Հարավաֆրիկյան Հանրապետություն, մյուս եղբայրը՝ Էրնստը՝ Անգլիա, երրորդ եղբայրը՝ Հանսը կարողացավ մեկնել Միացյալ Նահանգներ և հաստատվել Նյու Ջերսիում։ Ֆրիցի հայրը՝ Իգնացը կնոջ մահից հետո երկրորդ անգամ ամուսնացավ և մնաց Գերմանիայում, որի համար էլ հետագայում ձերբակալվեց։ Քույրը՝ Մինան հոր հետ մնաց Գերմանիայում և մահացավ նացիստական բանտարկության մեջ։ Պֆեֆերի կինը՝ Վերա Բյուտիները փախավ Հոլանդիա, սակայն 1942 թվականին ձերբակալվեց և նույն տարվա սեպտեմբերի 30-ին մահացավ Օսվենցիմում[2][3]։

1936 թվականին նա ծանոթացել է Շարլոտա Կալետի հետ (1910—1985), ով ծնունդով Թյուրինգիայի Իլմենաու քաղաքից էր։ Վերջինս, նախկինում նույնպես եղել էր ամուսնացած և նոր էր բաժանվել Լյուդվիգ Լուվենշտայնից։ Այդ ամուսնությունից նրանք ունեին որդի՝ Գուստաֆը։ Եվ Լյուդվիգը, և Գուստաֆը մահացել են պատերազմի տարիներին։ Ֆրիցը և Շարլոտան սկսեցին ապրել միասին, սակայն չկարողացան ամուսնանալ՝ 1935 թվականին ընդունված Նյուրնբերգյան ռասսայական օրենքների պատճառով, որով արգելվում էր ամուսնությունը հրեաների և ոչ հրեաների միջև։

1938 թվականին Բեռլինից Ամստերդամ փախուստի որոշումը կայացվել է Բյուրեղապակյա գիշերվանից անմիջապես հետո։ Ամստերդամի Ռիվենբյուրտ թաղամասում Ֆրիցը բացել է ատամբնաբուժական կենտրոն և հենց այստեղ էլ ծանոթացել Ֆրանկ և վան Պելս ընտանիքների հետ, որոնց հետ ունեցել է ջերմ հարաբերություններ։ Այդպիսի այցերից մեկի ժամանակ ծանոթացել է Միպ Գիզի հետ, որը դրանից հետո դարձել է Ֆրիցի պացիենտը։ Հոլանդիա գերմանական ներխուժումից հետո, Ֆրիցը և Շարլոտան ստիպված են եղել ապրել առանձին, քանի որ Հոլանդիայում ընդունված հակասեմական օրենքները արգելում էին ոչ հրեաներին ապրել հրեաների հետ։

Ապաստարան, ձերբակալություն և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականի աշնանը, երբ Ֆրանկները և վան Պելսերը թաքնվել էին Պրինսենգրախտ 263 հասցեում, որտեղ տեղակայված էր Օտտո Ֆրանկին պատկանող «Օպեկտա» ընկերությունը, Ֆրիցը նույնպես որոշում է թաքնվել և հարցնում Միպ Գիզին՝ հնարավոր հասցեների վերաբերյալ։ Գիզը խորհրդակցել է Օտտո Ֆրանկի և ապաստարանի բնակիչների հետ։ Չնայած, որ ապաստարանում հանգրվանել էր 7 անձ, բնակիչները համաձայնվել են ընդունել Պֆեֆֆերին։ Վերջինս միացել է նրանց նոյեմբերի 16-ին։ Նրա բժշկական կրթությունը ապաստարանում շատ է պետք եղել, քանի որ նրանք չէին կարող դուրս գալ ապաստարանից և անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի։

Ապաստարանում Պֆեֆֆերը ապրել է Աննա Ֆրանկի սենյակում։ Ֆրիցը քնել է այն մահճակալի վրա, որտեղ նախկինում քնում էր Մարգո Ֆրանկը (Մարգոն տեղափոխվել է ծնողների սենյակ)։ Ինչպես կարելի է դատել Աննայի օրագրից, ապաստարանի բնակիչներից ամենածանր հարաբերություններն ունեցել է Ֆրիցի հետ։ Որոշ աղբյուրներում առաջ է քաշվում այն թեզը, որ միմյանց նկատմամբ անբարեհամբույր հարաբերությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ Աննան գտնվել է սեռական հասունացման տարիքում, իսկ Պֆեֆֆերը եղել է միջին տարիքի տղամարդ։ Վիճաբանությունների պատճառ կարող էր լինել ոչ միայն անլեգալ կյանքը, այլև տարիքային տարբերությունը։ Պֆեֆֆերը համարում էր, որ օրագրի վարումն Աննայի համար անիմաստ գործ է, ի տարբերություն իր կողմից իրականացվող հետազոտությունների։ Որոշ աղբյուրներ էլ պնդում են, որ վեճի իրական պատճառը սենյակում առկա միակ սեղանն էր, որը նրանք չէին կարողանում կիսել։ Տղամարդու ուղղափառ հուդայականության արժեքներին հետևելը բախվում էր Աննայի ազատական հայացքների հետ, որի համար էլ աղջկա պատանեկան էներգիան և քմահաճությունը ազդում էին Ֆրիցի վրա, այն դեպքում, երբ Աննայի վրա էլ ազդում էին Ֆրիցի պեդանտությունը և չորությունը։ Ֆրիցի նկատմամբ ունեցած բացասական վերաբերմունքն Աննան արտահայտել է նաև օրագրում։ Այնտեղ նա Ֆրիցին նկարագրել է որպես ծիծաղաշարժ կերպարի, որի համար էլ Ֆրիցի որդին՝ Վերները և Շառլոտան վիճարկել են փաստը՝ օրագրի տպագրությունից անմիջապես հետո։

Մինչև ապաստարան տեղափոխվելը, Պֆեֆֆերը հրաժեշտի նամակ է թողել Շառլոտային, բայց անգամ ապաստարանում, Միպ Գիզի միջոցով, ամեն շաբաթ շարունակել են փոխանակվել նամակներով։ Ապաստարանում Պֆեֆֆերը սովորել է իսպաներեն, քանի որ պատերազմից հետո Շառլոտայի հետ միասին ցանկանում էր մեկնել Հարավային Ամերիկա։ Իր նամակներում նա երբեք չի բացահայտել իր թաքստոցի տեղը։ Միպը նույնպես չի խոսել այդ մասին։ Այդուհանդերձ, 1944 թվականի օգոստոսի 4-ին Պֆեֆֆերը և ապաստարանի մյուս յոթ բնակիչները մատնության են ենթարկվել անանուն մատնիչի կողմից և ձերբակալվել։ Բոլոր ութ անդամները չորս օր պահվել են վետերինգսհանս փողոցի վրա գտնվող բանտում, իսկ այնուհետ տեղափոխվել Վեստերբորկ համակենտրոնացման տրանզիտ ճամբար։ Այնտեղ Պֆեֆֆերը, ապաստարանի մյուս բնակիչների հետ միասին, տեղավորվել է «տուգանային բաժանմունքում» և ուղարկվել ամենածանր աշխատանքների։ Սեպտեմբերի 3-ին բոլոր ութը տեղափոխվել են Օսվենցիմ։ Այդ 93-րդ կազմը, որի կազմում ներառված էր 1019 մարդ, դարձավ հրեաներին մահվան ճամբար ուղարկող վերջին էշելոնը։ Դրանից հետո, Վեստերբորկից Օսվենցիմ հրեաների տեղափոխություն չի իրականացվել։ Բացի այդ, ապաստարանի ութ բնակիչները Օսվենցիմ են տեղափոխվել 1944 թվականի երկրորդ կեսին, երբ համակենտրոնացման ճամբարներում հրեաների ոչնչացումը սրացել էր։

Սեպտեմբերի 6-ին, հասնելով Օսվենցիմ, Ֆրիցը, Օտտո Ֆրանկը, Հերման և Պիտեր վան Պելսերը հեռացվել են Աննայից, Մարգոյից, Էդիթից և Ավգուստայից։ Հոկտեմբերի 29-ին տղամարդկանց բարաք է մտել հերթական սելեկցիոն խումբը և 59 այլ մարդկանց հետ միասին Ֆրից Պֆեֆֆերն ուղարկվել է Զաքսենհաուզեն համակենտրոնացման ճամբար, այնտեղից էլ՝ Նոյենգամե, որտեղ, համաձայն ճամբարի զեկույցների, մահացել է 55 տարեկան հասակում՝ 1944 թվականի դեկտեմբերի 20-ին էնտերոկոլիտից՝ ճամբարի հիվանդանոցային բարաքում։

Հեղինակությունը մահվանից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրից Պֆեֆֆերը և Շառլոտա Կալետան Նորդվեյկում, 1939 թվականի ամառ
Հիշատակի քար Ֆրիցի Բեռլինի տան առջև։

Շարլոտա Կալետան Պֆեֆֆերի ձերբակալության մասին իմացել է հաջորդ օրը՝ 1944 թվականի օգոստոսի 5-ին։ Նրան այդ մասին հայտնել է Յան Գիզը։ 1953 թվականի ապրիլի 9-ին նա, Օտտո Ֆրանկի մասնակցությամբ, հետմահու ամուսնացել է Ֆրից Պֆեֆֆերի հետ։ Ընդորում, ամուսնության վկայանը ուժի մեջ էր մտել դեռևս 1937 թվականի մայիսի 31-ին։ Ֆրիցի որդու՝ Վերների հետ հարաբերությունները այնքան էլ լավ չէին, սակայն 1947 թվականին օրագրի հրատարակությունից անմիջապես հետո, նրանք միավորել են իրենց ուժերը՝ դառնալով Պֆեֆֆերի մոլի պաշտպաններ։ Երկուսն էլ կարծում էին, որ Պֆեֆֆերի կերպարը, որը նկարագրել էր Աննան, որևէ կապ չի ունեցել այն Պֆեֆֆերի հետ, որին ճանաչել են իրենք։ Հատկապես քննադատության էր ենթարկվում Պֆեֆֆերի համար Աննայի կողմից ընտրված Դյուսել ազգանունը, որը գերմաներենից թարգմանած նշանակում է «հիմար» կամ «անբան»։ Հավանական է, որ Աննան այդ ազգանունը դրել է մտածված։ Օտտո Ֆրանկը փորձել է հանգստացնել նրանց, հիշեցնելով, որ Աննան եղել է անցումային տարիքում և ապաստարանի մյուս բնակիչներին նույնպես տվել է «ոչ նախանձելի բնութագրեր»։ Կալետան կատաղել է, երբ 1955 թվականին Ֆրենսիս Գուդրիչը և Ալբերտ Հեքեթը գրեցին «Աննա Ֆրանկի օրագիրը» պիեսը։ Հեղինակներն այս աշխատության համար ստացել են Պուլիցերյան մրցանակ։ 1959 թվականին պիեսի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմ։ Կատաղության պատճառն այն էր, որ ֆիլմում Ալբերտ Դյուսելը (պիեսի բոլոր հերոսները կրել են անունները, որոնք տվել էր Աննան) չէր տիրապետում հրեական ավանդույթներին և սովորույթներին։ Կալետան կապ է հաստատել զույգի հետ և պահանջել փոխել կերպարի բնութագիրը, որը, ըստ նրա, բավականին հեռու էր Պֆեֆֆերից։ Ըստ Կալետայի, Ֆրիցը գիտեր եբրայերեն և եղել է հավատացյալ։ Զույգը մերժել է՝ նշելով, որ պիեսի սյուժեն ամբողջությամբ չի արտացոլում իրական դեպքերը և որ ոչ հրեա դիտողներին հասկանալի լինեն հրեական ավանդույթները, ներդրվել է մի կերպար, ով չգիտեր այդ ավանդույթներն ու սովորույթները։

Չհասնելով որևէ արդյունքի՝ Շարլոտա Կալետան կտրել է կապը Օտտո Ֆրանկի և Միպ Գիզի հետ, իսկ երբ պատերազմից 10 տարի անց Աննա Ֆրանկի հեղինակությունը աճեց, Շարլոտան հրաժարվեց ցանկացած տիպի հարցազրույցներից և Պֆեֆֆերի մասին հիշողությունների հրապարակումից։ Վերներ Պֆեֆֆերը 1946 թվականին տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ և փոխել իր անունը Փիթեր Պեպպերի։ Ի տարբերություն Շարլոտայի նա կապը պահպանել է Օտտո Ֆրանկի հետ, իսկ մահվանից ոչ շատ առաջ՝ 1995 թվականին հանդիպել է Միպ Գիզի հետ և շնորհակալություն հայտնել իր հորը օգնելու փորձի համար։

Շարլոտա Կալետան մահացել է 1985 թվականին։ Նրա մահից հետո՝ Ամստերդամի աճուրդի տանը ունեցվածքի հետ միասին գնվել է նաև Պֆեֆֆերի հետ նամակագրությունը և նրա լուսանկարները։ 2007 թվականի սեպտեմբերի 12-ին Բեռլինում Պֆեֆֆերի Լիտցենբուրգերշտրասե 20b հասցեում գտնվող տան հարակից ասֆալտի վրա տեղադրվել է հուշատախտակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. www.annefrankguide.net http://www.annefrankguide.net/en-US/bronnenbank.asp?oid=3072։ Վերցված է 2019-01-06 
  2. Ludwig Löwenstein Page of Testimony at Yad Vashem
  3. Gustav Löwenstein Page of Testimony at Yad Vashem