Հակասեմականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուշադրություն․ հոդվածը կամ հոդվածի բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարան-ից և կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից

Հակասեմիտիզմ, հակասեմականություն, ազգային և կրոնական անհանդուրժողություն հրեաների նկատմամբ։ Սկիզբ է առել Հին աշխարհում, երբ Բաբելոնում, Եգիպտոսում, Ասորեստանում և այլուր սփռված հրեական համայնքների վերնախավը, հետևելով «աստծու ընտրյալ ժողովրդի» ցեղապաշտ դոգմային, հրեաներին դարձրեց ինքնապարփակ և նրանց ու տեղաբնիկ ժողովուրդների միջև ստեղծեց պատվարներ։ Դրա հետևանքով հրեաների նկատմամբ առաջացան դարից դար խորացող սոցիալ-կենցաղային նախապաշարումներ։ Հրեական համայնքների ստվարացման և տեղաբնիկների հետ տնտեսական ու քաղաքական մրցակցության պայմաններում հակասեմիտիզմ սուր բնույթ ստացավ (մ.թ. սկզբին Ալեքսանդրիայում, Անտիոքում և Հռոմեական կայսրության այլ կենտրոններում հրեաների հալածանք սկսվեց)։ Միջին դարերում հակասեմիտիզմն ավելի սրվեց, երբ Արևմտյան Եվրոպայի երկրներում հրեաների նկատմամբ տնտեսական, քաղաքական անհանդուրժողությանը ավելացավ և կրոնականը։ Քրիստոնեական եկեղեցու գործիչները հրեաներին դիտում էին որպես այլակրոններ և նրանց վերագրում մտացածին առասպելներ (Քրիստոսին խաչ հանած հրեաները հատուկ ծիսակատարություններով վերախաչել են նրան, ժամանակին առաքյալներին հալածելով՝ հետագայում ոտնահարել եկեղեցու սրբությունները, քրիստոնյա երեխաների արյունով թխել զատկական հացը և այլն)։ 11-րդ դարի վերջից գործադրվեցին հակահրեական արյունալի բռնություններ։ XIII-XIV դարեր, ապրանքադրամային հարաբերությունների զարգացման պայմաններում, Եվրոպայում աշխուժացավ հակասեմիտիզմի տնտեսական դրդապատճառը։ Հակասեմիտիզմի այնպիսի դրսևորում, ինչպիսին հրեաների զանգվածային արտաքսումն էր (1290 թ. Անգլիայից, 1394 թ. Ֆրանսիայից, 1492 թ. Իսպանիայից և այլն), կատարվում էր պարտամուրհակների ոչնչացման, հրեաների շարժական և անշարժ հարստությունների բռնագրավման նպատակով։ Այն երկրներում, որտեղ շարունակեցին գոյատևել հրեական համայնքները, հակասեմիտիզմն առավելապես դրսևորվեց ազգային խտրականության ձևերով՝ խառնամուսնությունների արգելում, որոշակի արտահագուստների պարտադրում, հատուկ թաղամասերում (գետտո) ապրելու բռնադատում և այլն։ XVI-XIX դարերում բուրժուական, առաջին հերթին ֆրանսական, հեղափոխությունների շնորհիվ հրեաների իրավական և այլ սահմանափակումներ զգալի չափով վերացվեցին։ Սակայն XIX դարում, հատկապես վերջին տասնամյակներին, Արևմտյան Եվրոպան ցնցող տնտեսական տագնապների, մանավանդ մանր բուրժուազիայի քայքայման և խոշոր, այդ թվում հրեական, կապիտալի դեմ տրամադրությունների սրման պայմաններում, XIX դարում հակասեմիտիզմը նոր թափ ստացավ Գերմանիայում, Ավստրո-Հունգարիայում, Ֆրանսիայում։ Այդ ժամանակ էլ հրապարակ եկավ և տարածում գտավ «Հակասեմիտիզմ» տերմինը (հրեաները ենթադրվում են աստվածաշնչական Սեմի հետնորդներ), Դրեզդենում նույնիսկ գումարվեց (1882) հակասեմական 1-ին միջազգային կոնգրեսը։ Հակասեմիտիզմի դեմ եվրոպական առաջավոր մտավորականության ուժեղացող պայքարը (օրինակ, Ֆրանսիայում «Դրեյֆուսի գործի» կապակցությամբ) դժվարանում էր սիոնիզմի (որպես հրեական խոշոր բուրժուազիայի հետադիմական գաղափարախոսության ու քաղաքական կազմակերպության) աշխուժացման պատճառով։ Ռուսաստանում հակասեմիտիզմը, որ սնվում էր տնտեսական դրդապատճառներից (Մոսկվայի առևտրականների պահանջով 1796 թ. հրեաների «նստակեցության սահմանագծի» օրենք ընդունվեց) և խավարամիտ նախապաշարումներից, ցարիզմի կողմից լայնորեն օգտագործվեց ժողովրդական զանգվածներին հեղափոխական շարժումներից ետ պահելու համար (հրեական ջարդերը Ալեքսանդր II-ի սպանությունից հետո, 1905-1907 թթ. հեղափոխության ժամանակ, քաղաքացիական պատերազմի տարիներին)։ Բոլշևիկները մերկացրել են հակասեմիտիզմի ռեակցիոն էությունը և պայքարը նրա դեմ դիտել որպես ազատագրական ընդհանուր պայքարի ու ազգային հարցի դեմոկրատական լուծման բաղկացուցիչ մասը։ Վլադիմիր Իլյիչ Լենինն ընդգծել է հակասեմիտիզմի «անկասկածելի կապը ազգաբնակչության հենց բուրժուական և ոչ թե աշխատավորական խավերի շահերի հետ»։ Հոկտեմբերյան խորհրդային մեծ հեղափոխությունից հետո, ԽՍՀՄ-ում ազգային հարցի լուծմամբ, հրեաները ևս ձեռք բերեցին լիակատար իրավահավասարություն՝ կյանքի բոլոր բնագավառներում՝ ՌՍՖՍՀ ժողկոմխորհի 1918 թ. հուլիսի 25-ի որոշմամբ հակասեմիտիզմի բոլոր դրսևորումները հայտարարվեցին օրենքից դուրս։ Նորագույն ժամանակներում հակասեմիտիզմն աննախնթաց թափ ստացավ իմպերիալիստական երկրներում։ 1930-1940-ական թվականներ հակասեմիտիզմի գլխավոր օջախ դարձավ ֆաշիստական Գերմանիան, որտեղ հակասեմիտիզմն «հիմնավորվելով» ցեղապաշտական տեսություններով, պետականորեն կազմակերպված գենոցիդի բնույթ ստացավ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիայում և նրա օկուպացրած երկրներում հատկապես կառուցված «մահվան ճամբարներում» ոչնչացվեց շուրջ 6 միլիոն հրեա։ Հիտլերականների ջախջախումից և Նյուրնբերզյան դատավարությունում հակասեմիտիզմը մարդկության դեմ հանցագործություն հայտարարվելուց հետո, միառժամանակ թուլացած հակասեմիտիզմը, հետագա աշխուժացում ապրեց ԱՄՆ-ում, Անգլիայում և կապիտալիստական մի շարք երկրներում։ Սոցիալիզմի երկրներում, անկախ ցեղային ծագումից և ազգային պատկանելությունից, մարդկանց իրավահավասարության պայմաններում, հակասեմիտիզմը կորցրել է իր բոլոր հիմքերը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սիոնիզմի և իմպերիալիզմի առավել հետադիմական շրջանների հակակոմունիստական, հակասովետական դաշինքի և Իսրայելի կառավարող շրջանների ռազմա-իմպերիալիստական քաղաքականության պայմաններում հակասեմիտիզմը օգտագործում են հենց սիոնիստական ղեկավարները՝ «Հավերժական հակասեմիտիզմի» առասպելով տարբեր երկրների հրեա աշխատավորներին մոլորեցնելու և նրանց իրենց քայքայիչ գործունեության հենարան դարձնելու նպատակով։ Միաժամանակ, սիոնիստական-իմպերիալիաոական շրջանները ջանում են սիոնիզմի դեմ առաջադեմ ուժերի պայքարը ներկայացնել որպես հակասեմիտիզմ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 62 CC-BY-SA-icon-80x15.png