Յան Գիզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յան Գիզ
հոլ.՝ Jan Augustus Gies
Jan Gies.jpg
Ծնվել էօգոստոսի 18, 1905(1905-08-18)[1]
ԾննդավայրԱմստերդամ, Նիդերլանդներ
Մահացել էհունվարի 26, 1993(1993-01-26) (87 տարեկանում)
Մահվան վայրԱմստերդամ, Նիդերլանդներ
ՔաղաքացիությունFlag of the Netherlands.svg Նիդերլանդներ
ՄասնագիտությունԴիմադրության մարտիկ
ԱմուսինՄիպ Գիզ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխարհի արդարակյացներ և Յան Կարսկու մրցանակ
Jan Gies Վիքիպահեստում

Յան Ավգուստ Գիզ (հոլ.՝ Jan Augustus Gies, օգոստոսի 18, 1905(1905-08-18)[1], Ամստերդամ, Նիդերլանդներ - հունվարի 26, 1993(1993-01-26), Ամստերդամ, Նիդերլանդներ), հոլանդական դիմադրության շարժման անդամ, որը կնոջ՝ Միպ Գիզի հետ միասին օգնել է թաքնվել Աննա Ֆրանկին, Մարգո Ֆրանկին, նրանց ծնողներին Օտտո և Էդիթ Ֆրանկներին, վան Պելս ընտանիքին և Ֆրից Պֆեֆֆերին, ովքեր թաքնվել էին Հոլանդիայում հաստատված ֆաշիստական ռեժիմի հետապնդումներից։

Աննայի օրագրի գրական տարբերակում Յան Գիզը հանդես է գալիս «Հենք վան Սանտեն» կեղծանվամբ (հոլ.՝ Henk van Santen), սակայն տպագրական տարբերակում նա պահպանել է իր իրական անուն-ազգանունը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիզը ծնվել և մեծացել է Ամստերդամի հարավային մասում[2]։ 1933 թվականին նա հանդիպել է իր ապագա կնոջը՝ ավստրիացի Միպ Գիզին, երբ աշխատում էր տեքստիլ ընկերությունում որպես հաշվապահ։ Այդտեղ Միպն աշխատում էր որպես կառավարչի օգնական։ Ավելի ուշ, նրանք երկուսն էլ հեռացվել են աշխատանքից և Յանն աշխատանքի է անցել Ամստերդամի սոցիալական ծառայությունում, իսկ Միպը՝ Օտտո Ֆրանկին պատկանող «Օպեկտա» ընկերությունում։ Տարբեր տեղերում աշխատելու ժամանակ, նրանք շարունակել են կապ պաշտպանել։ Միպը և Յանը ամուսնացել են 1941 թվականի հուլիսի 16-ին Ամստերդամում, այն բանից հետո, երբ Միպին գերմանական հյուպատոսությունը սպառնում էր արտաքսել Վիեննա (նա մինչ ամուսնությունը շարունակում էր մնալ Ավստրիայի քաղաքացի)։ Որպես արտաքսման պատճառ նշվում էր, որ ժամանակին Միպ Գիզը հրաժարվել է անդամակցել Աղջիկների միությանը։ Վերջինս, երիտասարդական կազմակերպություն էր, որը գործում էր Հիտլերյուգենդի կազմում[3]: Նրանց հարսանիքին ներկա են եղել Օտտո և Աննա Ֆրանկները, Հերման վան Պելսը և նրա կինը՝ Ավգուստա վան Պելսը, գործընկերներ Վիկտոր Կուգլերը, Բեպ Վոսկիյլը և Յոհանես Քլեյմանը, ովքեր հետագայում նույնպես օգնել են Ֆրանկների ընտանիքին։ Ամուսնանալով Յանի հետ՝ Միպը ավտոմատաբար ստացել է հոլանդական քաղաքացիություն, որից հետո արտաքսման վտանգը վերացել է։

1943 թվականի սկզբին Յանը միացել է հոլանդական դիմադրության շարժմանը։ Երբ Ամստերդամի հրեական բնակչության նկատմամբ բռնաճնշումներն ուժեղացան, նա իրեն նվիրեց հրեաների և ազգային մյուս փոքրամասնություններին օգնելուն։ Դիմադրության շարժման մարտիկների հետ միասին, անլեգալների համար հայթայթել է մթերային քարտեր, օգնել նրանց գտնելու ապաստարաններ և մատակարարել բրիտանական թերթեր, որոնք ազատ էին նացիոնալ-սոցիալիստական պրոպագանդայից։ Քանի որ Գիզը սոցիալական աշխատող էր, նա կարող էր ազատորեն շրջել քաղաքով, առանց կասկած հարուցելու[4]։

Գիզը օգնել է կահավորել «ապաստարանը», որը գտնվում է մերձափնյա Պրինսենգրախտ փողոցում։ Այստեղ 1942-1944 թվականներին թաքնվել են Աննա Ֆրանկն ընտանիքով և այլ հրեաներ։ Երկու տարվա ընթացքում Յանն ամեն օր ընդմիջման ժամերին այցելել է նրանց։ Նա անլեգալների հետ կիսվում էր նորություններով, բերում մթերքներ և սև շուկայից գնված ծխախոտներ։ Բացի այդ, նա բերում էր նաև գրքեր՝ իր ընկերոջ անձնական գրադարանից[5]։ Մի անգամ Յանը և Միպը նույնիսկ գիշերել են ապաստարանում[6]։

«Օպեկտայում» բացի Ֆրից Պֆեֆֆերին, Ֆրանկների և վան Պելս ընտանիքներին թաքցնելուց՝ 1943 թվականի գարնանը Միպ և Յան Գիզերը իրենց տանը թաքցրել են մի ուսանողի, ով հրաժարվել էր հավատարմության երդում տալ նացիստական ռեժիմին[3]։ 1944 թվականի օգոստոսին «ապաստարանը» բացահայտվել է, այնտեղ թաքնված բոլոր հրեաները ձերբակալվել են և տեղափոխվել Երրորդ Ռայխի համակենտրոնացման ճամբարներ։ Սակայն Միպ Գիզին հաջողվեց փրկել Աննա Ֆրանկի օրագիրը, մինչև այն կկողոպտվեր հոլանդական գաղտնի ոստիկանության կողմից[7]։

Յան (կենտրոնում) և Միպ Գիզերը, 1989 թվական

Ութ մարդկանցից, ում Յանը և Միպն օգնել են թաքնվել, կենդանի է մնացել միայն Օտտո Ֆրանկը։ 1945 թվականի հունիսին Ամստերդամ վերադարձից հետո՝ Օտտոն հյուրընկալել է Գիզ ամուսինների մոտ և մոտ 7 տարի բնակվել նրանց հետ։ Այնուհետ տեղափոխվել է Շվեյցարիա, որ մոտ լինի մորը։

1947 թվականին Աննա Ֆրանկի օրագրի տպագրումից և, հատկապես, օրագրի անգլերեն թարգմանությունից ու մեծ էկրանի համար նախատեսված ադապտացիայից հետո, ԶԼՄ-ները մեծ ուշադրություն են դարձրել Յանի և Միպւ վրա։ Նրանք այցելել են մեմորիալ արարողությունների և դասախոսություններ կարդացել Աննա Ֆրանկի և հակաֆաշիստական գործունեության վերաբերյալ[8][7]։ 1972 թվականի մարտի 8-ին Յադ Վաշեմը Յանին և Միպին հռչակել է աշխարհի արդարակյացներ[5]։

1993 թվականին, 87 տարեկան հասակում, Յան Գիզը մահացել է իր տանը։ Նրա կինը՝ Միպը մահացել է 2010 թվականին՝ 100 տարեկան հասակում։ Նրանք ունեն որդի՝ Պաուլ Գիզը, ով ծնվել է 1950 թվականին և երեք թոռնիկներ[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://archief.amsterdam/inventarissen/inventaris/5009.nl.html#A15590000007
  2. «Jan Gies»։ Официальный сайт Дома-музея Анны Франк 
  3. 3,0 3,1 «Jan Gies biography»։ Официальный сайт Мип Гиз 
  4. Melissa Müller (1998)։ Anne Frank: The Biography։ Henry Holt and Company։ էջ 216։ ISBN 0805059962 
  5. 5,0 5,1 «"Our Helpers" in the Secret Annex: Hermine (Miep) & Jan Augustus Gies»։ Официальный сайт Яд ва-Шем 
  6. Анна Франк (2015)։ «Вторник, 20 октября 1942 года»։ Убежище. Дневник в письмах. 12 июня 1942 – 1 августа 1944։ Текст։ ISBN 978-5-7516-1134-7 
  7. 7,0 7,1 «Miep Gies, the Last of Those Who Hid Anne Frank, Dies at 100»։ The New York Times։ 2010 
  8. 8,0 8,1 «Jan Gies Dies at 87; Helped Anne Frank Hide in Amsterdam»։ The New York Times։ 1993 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Анна Франк Убежище. Дневник в письмах. 12 июня 1942 – 1 августа 1944. — Текст, 2015. — 347 с. — ISBN 978-5-7516-1134-7
  • Melissa Müller Anne Frank: The Biography. — Henry Holt and Company, 1998. — 330 с. — ISBN 0805059962
  • Miep Gies Anne Frank Remembered. — Simon and Schuster, 2011. — 256 с. — ISBN 1439127476

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]