Գոթական ճարտարապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեյմսի տաճարը, Ֆրանսիայում
Ռեյմս տաճարի ներքին տեսքը

Գոթական ճարտարապետություն, գոթական ոճ կամ գոթիկա (< իտալ․ gotico ― գոթական), Արևմտյան, Կենտրոնական Եվրոպայի 12-րդ դարի կեսից մինչև 15-16-րդ դարերի արվեստի իշխող ոճ։ Կազմավորվել է Հյուսիսային և Կենտրոնական Ֆրանսիայում, 12-րդ դարի կեսին, ծաղկման է հասել 13-րդ դարում։ Տարածվել և զարգացել է կաթոլիկ դավանանքի երկրներում։ Հիմնականում զարգացել է որպես քաղաքատիպ ճարտարապետություն։ Առաջատար տիպը եղել է տաճարը՝ ճարտարապետության, քանդակի, գեղանկարչության (առավելապես՝ վիտրաժներ) համադրման բարձրագույն ձևը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոթիկոյի տաճարները (հիմնականում 3―5-նավանի բազիլիկներ) ունեն բազմաթիվ տարբերակներ։ Ռիթմիկ հարստությամբ, ճարտարապետական հորինվածքի և քանդակային հարդարանքի կատարելությամբ առանձնանում են «հասուն գոթիկոյի» մեծածավալ, վեհաշուք կառույցներ՝ Ռեյմսի (1211-1311), Ամյենի (1220-1288) տաճարները, բարձրարվեստ վիտրաժներով՝ Սեն-Շապել մատուռը (Փարիզ, 1243-1248)։

13-րդ դարի կեսից ֆրանսիական գոթիկոյի տիպի տաճարներ են կառուցվել Գերմանիայում, Նիդերլանդներում, Իսպանիայում, Անգլիայում և այլուր։ Գոթական ոճի կառուցվածքային հիմնական առանձնահատկությունը երկկենտրոն կամարի, փոխհատվող կամարներով և ջլաղեղով խաչային թաղի, կոնտրֆորս-արկբուտան համակարգի բանական համադրումն է, որի շնորհիվ որմը դադարել է կրող տարր լինելուց, հաստատվել է քարե հիմնակմախքային տեկտոնիկ համակարգ, ստեղծվել նոր արխիտեկտոնիկ կերպար։ 19-րդ և 20-րդ դարերում հետազոտողները (Մ․ Դյոլֆաուա, Վիոլլե լը Դյուկ, Ֆ․ դը Դարտելն, Է․ Կոռուայե, Օ․ Շուազի, Յու․ Բալտրուշայտիս և ուրիշներ) բազմիցս անդրադարձել են գոթական ոճի հիմնական նկարագրի, ծագման հարցերի, սաղմնավորման աղբյուրների պարզաբանմանը։

Գոթիկան հայկական ճարտարապետության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոթիկոյի կազմավորման ընթացքում նրանում միաձուլվել են տարբեր ոճեր (հռոմեական, լոմբարդական, ֆրանսիական), «սակայն գոթական կառուցվածքի առաջացման ուժերի ամբողջության մեջ Հայաստանի արվեստն ունեցել է իր վճռական դերը»[1]։ Այս մտքին է հանգեցնում հայկական ճարտարապետության գիտական ուսումնասիրությունը (Յոզեֆ Ստրժիգովսկի, Օգյուստ Շուազի, Թորոս Թորամանյան, Անրի Ֆոսիյոն, Պ․ Տոեսկա և ուրիշներ)։

Գոթական ոճին բնորոշ բազմաթիվ տարրեր, սկզբունքներ (երկենտրոն սլաքային կամարներ, ջլաղեղներ, սյունկակախուրձ, փոխհատվող կամարների համակարգ և այլն) տակավին մինչև նրա կազմավորումը առկա էին Հայաստանում՝ իրագործված մեծ կարատելությամբ (Անիի Մայր տաճար, 10-ր դար, Հովվի եկեղեցի, 11-րդ դար, Անիի Առաքելոց եկեղեցու գավիթ, 12-րդ դար, Հոռոմոսի վանք, 10-11-րդ դարեր, Հաղպատի ժամատուն, 1257, Սանահինի գրադարան, 1063, Խորակերտ, 1252 և այլն)[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բալտրուշայտիս Յու․, «Հատվող կամարների պրոբլեմը և Հայաստանը», 1973, էջ 7։
  2. ՀԽՀ խմբ․ կոլեգիա՝ Կ․ Ս․ Խուդավերդյան (գլխ․ խմբ և ուրիշ), Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 1 (ՀԽՀ գլխավոր խմբագրություն), Երևան, «ՀԽՍՀ», 1990, էջ 681 — 768 էջ. — 150000 հատ, ISBN 5-89700-003-4։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թորամանյան Թորոս, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, [հ․] 1, Երևան, 1942, էջ 93 ― 101։