Jump to content

Հայկական ճարտարապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայկական ճարտարապետություն, ճարտարապետական ոճ է, որ ստեղծվել և օգտագործվում է հայ ժողովրդի կողմից Հայկական լեռնաշխարհում և նրա սահմաններից դուրս[1]։

Հայկական ճարտարապետությանը բնորոշ են զարգացման բարձր մակարդակը, գեղարվեստական հարուստ ավանդույթները և հատկապես ազգային ինքնատիպությունը, որը, բացի բնական պայմաններից, կացութաձևից և ժողովրդական ակունքներից, պայմանավորված է նաև տեղական շինանյութերի, հատկապես տուֆի բազմազանությամբ ու գեղարվեստաֆիզիկական հատկանիշներով։

Հայկական ճարտարապետությունը խարսխված է ազգային մշակույթի հարուստ ավանդույթների վրա։ Կարևոր են նաև այլ ժողովուրդների հետ մշակութային շփումներն ու փոխազդեցությունները։ Հայրենի (Թորոս Թորամանյան և ուրիշներ) և օտար (Ֆրեդերիկ Դյուբուա, Շառլ Դիհլ, Յոզեֆ Ստրժիգովսկի, Նիկողայոս Մառ և ուրիշներ) հեղինակներից շատերը նշել են հայկական միջնադարյան ճարտարապետության ազդեցությունը Արևմտյան Եվրոպայի ճարտարապետության վրա։ Հայկականն էլ իր հերթին ազդեցություն է կրել այլ երկրների ճարտարապետությունից, ինչպես մ. թ. ա. III դարում՝ հայկական հելլենիզմի շրջանում՝ Հին Հունաստանի ճարտարապետությունից. լավագույն օրինակը հունա-հռոմեական պերիպտեր տիպի Գառնիի տաճարն է (I դար)։

Հայկական ճարտարապետության հուշարձաններից Էջմիածնի եկեղեցիներն (Սուրբ Էջմիածին, Հռիփսիմե եկեղեցի, Սուրբ Գայանե, Սուրբ Շողակաթ), Զվարթնոցը, Գեղարդավանքը, Հաղպատը, Սանահինը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում»[2]։

Հայկական ճարտարապետության փուլեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնադարյան ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Շենգավիթ հնավայրը

Հայկական լեռնաշխարհում վաղ հին քարի դարի աշելյան շրջանից սկսած մարդը որպես կացարան օգտագործել է քարայրերը[3], որոնք ավելի ուշ՝ վաղ հին քարի դարի վերջում և ուշ հին քարի դարում լրացվել են արհեստական հնագույն շինվածքներով (Երևան՝ 1-ին քարայր, Ղարաղաշ՝ Արածանիի հովտում)։

Ճարտարապետության զարգացման համար հիմնարար նշանակություն է ունեցել «նեոլիթյան հեղափոխության» ժամանակաշրջանը, երբ հայտնագործվել են կավաշաղախի կապակցող հատկությունները, ստեղծվել է առաջին արհեստական շինանյութը՝ հում աղյուսը, իսկ քարայրը, որպես հիմնական կացարան իր տեղը զիջել է բացօթյա բնակարաններին։ Սկսվել է ճարտարապետության արագընթաց կատարելագործում, որը Հայկական լեռնաշխարհում առայժմ վկայված է Արղանա ավանի մոտ (այժմ՝ Թուրքիայում)՝ Չայոնու–Թեփեսի բնակավայրի (մ.թ.ա. VIII հազարամյակ) պեղումներով։ Վերջինիս ճարտարապետության զարգացման համեմատաբար բարձր մակարդակը շեշտվում է ստանդարտ ձևերի կառույցների առկայությամբ. բացվել են շինարարական տարբեր տեխնիկաների կիրառությամբ կառուցված ուղղանկյուն հատակաձևով բնակելի և տնտեսական շինությունների չորս տիպ։ Այսպիսով Հայաստանում հաստատագրվում է գործառական սահմանափակ, մասնագիտացված նշանակության կառույցների հատուկ ձևերի ստեղծման հնագույն փաստերից մեկը։

Հայաստանի տարածքում գտնվող հնագույն բնակատեղիներից Մասիս բլուրի, Խաթունասարի, Թեղուտի, Շրեշ բլուրի, Շենգավիթի, Հառիճի, Այգեվանի, Մոխրաբլուրի, Սևանի ավազանի (Լճաշեն, Կամո, Մարտունի), Շամշադինի, Իջևանի, Շամիրամի, Հոռոմի և Լոռիի բազմաթիվ բնակավայրերը[3]։

Մ.թ.ա. IV հազարամյակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական լեռնաշխարհում, ներառյալ մ.թ.ա. IV հազարամյակի առաջին կեսը, զարգացել են նեոլիթյան և էնեոլիթյան վաղ երկրագործական մի շարք հնագիտական մշակույթներ, որոնց ուսումնասիրությամբ վերակազմվում են ճարտարապետական տարբեր ավանդույթներ։ Այդ ավանդույթների բազմապիսի յուրահատկությունները հիմնականում դրսևորվել են բնակավայրերի կառուցապատման եղանակների և բնակարանաշինության (շինանյութեր, հատակաձևեր, տան առանձին բջիջների դասավորություն, ներքին և արտաքին ծավալների կազմակերպում) մեջ։ Լեռնաշխարհի հյուսիսում բացարձակապես գերիշխողը հում աղյուսից կառուցված շինությունների կլոր հատակաձևն էր[3], իսկ հարավ և հարավ–արևելյան ծայրամասերում՝ քառանկյուն տների կառուցման ավանդույթը։ Արարատյան դաշտում տարբեր ժամանակաշրջաններում այդ ավանդույթները փոխարինել են մեկը մյուսին։

Մեծ սենյակների դեպքում քարե ծածկերը հենվել են փայտյա սյուներից ու հեծաններից կազմված հիմնակազմիչ համակարգի վրա (օրինակ Լճաշենի և Վանաձորի ստորգետնյա դամբարաններ)։

Քարակերտ նման բնակավայրերի կարելի է հանդիպել տարբեր հատակագծերով՝

  • շրջանաձև՝ Օշական, Աղավնատուն, Լճաշեն
  • օվալաձև և ուղղանկյուն՝ Օշական, Զորաքար և այլն[3]։

Մ.թ.ա. III հազարամյակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա. III հազարամյակի սկզբին Հայկական լեռնաշխարհը ամբողջությամբ ընդգրկվել է մշակութային մեկ ընդհանրության մեջ, որի միջուկը վաղ բրոնզի դարի շենգավիթյան մշակույթն է։ Վերջինիս բնորոշ է ճարտարապետության ֆունկցիոնալ ճյուղավորման խորացում, ճարտական նոր ձևերի առաջացում։ Տոհմական համայնքների բնակավայրերի կողքին առաջացել են քաղաքային քաղաքակրթության տարրեր կրող հնագույն նախաքաղաքներ։ Բնաաշխարհագրական տարբեր միջավայրերում կազմավորվել են յուրահատուկ հարթավայրային և լեռնային տիպերի բնակավայրեր։ Արմատապես փոխվել է բնակարանաշինությունը։ Շենգավիթյան մշակույթի ժամանակագրական սահմաններում ավարտվել է կլոր հատակաձևի կիրառումը, որը վերջնականապես փոխարինվել է քառանկյուն կառույցներից կազմված բնակելի համալիրներով։ Առաջացել են հայկական ժողովրդական բնակարանի՝ գլխատան ծածկի նախատիպը, տանիքը կրող բազմասյուն կառուցվածքներ, տների երկհարկայնություն։ Երևան է եկել մոնումենտալ ճարտարապետություն, որի հնագույն հուշարձաններն են պաշտամունքային (Մոխրաբլուր կամ Թեփե)[3] և ամրոցաշինական կառույցները։ Պաշտպանական հնագույն համակարգերը ձևավորվել են դաշտավայրային շրջաններում, կառուցվել են հում աղյուսից (Յանիք–Թեփե, Մոխրաբլուր, Շրեշ–բլուր և այլն), այնուհետև տարածվել են նաև լեռնային գոտում, կառուցվելով հսկայական անմշակ ժայռաբեկորներից՝ «կիկլոպյան» տեխնիկայով (Գառնի, Ձյանբերդ և այլն)։

Կիկլոպյան տեխնիկայով կառուցված հնագույն ամրոցներից են համարվում Շենգավիթը, Քաղսին, Գեղարոտը, Այրումը։

Ըստ Թորոս Թորամանյանի կիկլոպյան տեխնիկայով կառուցված պատերը դասակարգվում են[4][5].

  1. պատեր, որոնք կառուցված են մեծազանգված քարերից և դրանց վրա գործիքների հետքեր չկան, լարաձիգ ուղղություն չունեն, ավելի շուտ քարակուտակումներ են, քան կանոնավորությամբ հյուսած պատեր։
  2. պատեր, որոնք նույնպես կառուցված են մեծազանգված քարերից, սակայն ունեն պատահյուսություն, քիչ թե շատ կատարելագործական հատկանիշներ։ Անկանոն ձևի քարերով կատարված շարվածքում առաջացած դատարկությունները լրացվել են մանր քարերով։
  3. պատեր, որոնց քարերը համեմատաբար փոքր են, նկատելի է լարաձիգ ուղղությամբ շարելու և մետաղական գործիքներով քարերին ձև տալու ճիգեր։ Ձևավոր քարերը օգտագործվում են պատերի և մուտքերի անկյուններում, վերջիններիս բարավորներում։

Մ.թ.ա. III հազարամյակի երկրորդ կեսին Հայկական լեռնաշխարհի մշակութային միասնությունը տրոհվել է։ Հարավ–արևմուտքում վաղ բրոնզի դարի վերջին փուլում շարունակվել է քաղաքային մշակույթի զարգացումը, որի հանգուցային ճարտարապետական հուշարձանը Նորշուն–Թեփեի պալատական կամ տաճարային համալիրի մառաններն են։

Մ.թ.ա. II հազարամյակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնաշխարհի կենտրոնական և հյուսիսային մասում նկատվում է նստակյաց կյանքի անկում, ուստի ճարտարապետական հուշարձանները մինչև մ.թ.ա. II հազարամյակի կեսը ներկայանում են ոչ թե բնակավայրերով, այլ դամբարաններով։ Այդ ժամանակաշրջանի իշխանական դամբանաբլուրները հսկայական կառույցներ են մինչև 150 մ2 մակերես ունեցող գերանածածկ դամբանասրահներով, ծածկված մի քանի հազար մ3 ծավալով թմբերով։ Սալային «կեղծ թաղ», հարթ կամ երկթեք ծածկ ունեցող փոքր ծավալի քարաշեն դամբանասրահների հոծ ու կանոնավոր դասավորության դեպքում առաջանում էին «մեռյալների քաղաքներ», որոնց լավագույն օրինակը Զորաքարն է (Ղոշուն–դաշ) Սիսիանի մոտ։

Մ.թ.ա. II հազարամյակի 3-րդ քառորդում համատարած կայունացել է Հայաստանի բնակչության նստակեցությունը։ Սկսվել է Հայկական լեռնաշխարհի վաղ քաղաքային մշակույթի ձևավորման երկրորդ փուլը։ Լեռնաշխարհի արևմտյան կողմը ընդգրկվել է խեթական թագավորության, իսկ հարավայինը՝ Միտաննիի պետության սահմաններում։ Իշուվա պետությունում (Խարբերդի դաշտ) իշխել են խեթական ճարտարապետության ավանդույթները, որոնց ազդեցությունը հասել է մինչև Արարատյան դաշտ։ Մ.թ.ա. II հազարամյակի 2-րդ կեսին և I հազարամյակի սկզբին Կուրի և Արաքսի միջագետքի առավելապես զարգացած շրջաններում առաջացել են տասնյակ հեկտարներով մակերես զբաղեցնող հնագույն քաղաքներ, խոշոր ժայռաբեկորների օգտագործմամբ «միդիս» շինարարական տեխնիկայով կառուցված պարիսպներով, հզոր միջնաբերդերով, լայն ու նեղ փողոցներով (Լճաշեն, Լազարավան, Մոտկանբերդ և այլն)։ Նոր որակի է հասել դամբարանային ճարտարապետությունը, ուր նկատելի են ճարտարապետության և քանդակի սինթեզի փորձեր (Շամիրամ, Մեծամոր և այլն)[6]։

Մ.թ.ա. IX–VI դարեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վանա բերդի ավերակները (մ.թ.ա. IX դար)

Մ.թ.ա. IX–VI դարերում ճարտարապետությունը հիմնվելով Հայկական լեռնաշխարհի բրոնզե դարի կառուցողական ավանդույթների վրա, զարգացել է Փոքր Ասիայի և Միջագետքի պետական միավորումների մշակութային փոխազդեցությունների ոլորտում։

Քաղաքաշինությունը մ.թ.ա. IX դարում, լինելով համապետական խնդիր, հասել է զարգացման նոր աստիճանի։ Նախորդ դարաշրջանի ամրոց–բնակատեղիների (բերդ–շենների) փոխարեն, հաճախ նույն տեղերում կառուցվել են առավել հզոր քաղաքներ և ամրոցներ, որոնք միմյանց հետ կազմել են երկրի պաշտպանական հենակետերի միասնական ցանց։ Ամրոցներով շրջարկվել են Տուշպան, Մենուախինիլին, Սարդուրիխուրդան և այլ քաղաքներ, որոնց տեղային պայմանները պաշտպանական տեսակետից թելադրել են այդ անհրաժեշտությունը։

Քաղաքի բնակելի թաղամասերը որպես կանոն տարածվել են բնական բարձունքի ստորոտին, որի գագաթին հիմնարկված էր պարսպապատ միջնաբերդը։ Մեկից ավելի, որոշակի հեռավորությամբ բարձունքների առկայության դեպքում հաճախ ստեղծվել է բազմակորիզ քաղաքաշինական համակարգ՝ նույնքան միջնաբերդերով (Արգիշտիխինիլի, Անզաֆ, Հայկաբերդ, Տուշպա–Ռուսախինիլի)։ Քաղաքի կառուցապատման հատակագծային հորինվածքները դրսևորվել են ազատ, կանոնավոր ցանցի, խառը, նաև դարավանդաձև համակարգային սկզբունքներով։ Քաղաքն ընդգրկել է մոտ 50–200 հա տարածություն և շրջարկված է եղել մշակելի հողատարածությամբ, այգիներով, բազմաթիվ գյուղավաններով են։ Թաղումները կատարվել են քաղաքամերձ տարածքում, ինչպես նաև հատուկ կառուցված վերգետնյա կամ ստորգետնյա դամբարաններում[7]։

Պահպանվել են օրինակներ ու պատմական տեղեկություններ քաղաքային բարեկարգման տարրերի՝ ջրմուղի (Արին Բերդ), ջրամբարի (Արգիշտիխինիլի, Ազնավուր), կամուրջների (Թեյշեբաինի) և այլի վերաբերյալ։

Էրեբունի քաղաքի միջնաբերդի (հիմնադրվել է մ.թ.ա. 782 թ.) հատակագիծը

Ուրարտական քաղաքաշինությանը բնորոշ է սոցիալական տարբեր խավերին պատկանող թաղամասերի տարածքային որոշակի առանձնացումը։ Համապատասխանաբար տարբեր են նաև բնակելի տների հատակագծային և ծավալային հորինվածքները։

Պեղված (հիմնականում՝ Թեյշեբաինի, Արագած, Արգիշտիխինիլի) բնակելի տների տիպերից են.

  1. միմյանց կից կառուցված, մեկ մեծ և նրա հետ հաղորդվող 2–3 սենյականոց, մինչև 100 մ2 ընդհանուր մակերեսով բնակարաններ,
  2. 7–10 սենյականոց, 500–700 մ2 ընդհանուր մակերեսով առանձնատներ,
  3. կցաշար 4 միօրինակ բնակարաններ՝ յուրաքանչյուրը բաղկացած 11 բաժանմունքից և 550 մ2 ընդհանուր մակերեսով (միակ հայտնի օրինակը՝ Թեյշեբաինիում)։

Բոլոր տիպերի համար ընդհանրականը հորինվածքային կորիզը կազմող ընդհանուր սենյակը կամ դահլիճն Է, որը գործառական իմաստով իրեն է ենթարկում բնակելի, տնտեսական և օժանդակ մյուս բաժանմունքների փոխդասավորությունը։

Միջնաբերդերը բաղկացած են եղել պալատական, պաշտամունքային, զորանոցային և տնտեսական բաժանմունքներից, ունեցել են հզոր, հաճախ 2–3 շարք պարիսպներ՝ (մոտ 15 մ բարձրությամբ, 3, 5–4 մ հաստությամբ), ռիթմիկ կրկնվող աշտարակներով կամ կոնտրֆորսներով։ Պաշտպանական հնարանքներով օժտված, հաճախ կրկնակի դարպասներով (Էրեբունի, Արգիշտիխինիլի) մուտքերը տեղադրվել են երկու աշտարակի միջև (Թեյշեբաինի, Քեֆկալեսի) կամ պարսպի անկյունային թաքնված հատվածում (Էրեբունի, Արգիշտիխինիլի, Արագած)։ Պարսպի բնականորեն չպաշտպանված մասերում ստեղծվել են խրամային արգելակումներ։ Երբեմն միջնաբերդի պալատական, պաշտամունքային և այլ ստորաբաժանումները սահմանազատվել են պաշտպանական պարիսպներով (Թեյշեբաինի, Արգիշտիխինիլի)։

Թեյշեբանիի բնակելի տների հատակագծեր. a, b - մենատներ, c - բազմասեկցիոն

Միջնաբերդերն իրենց ծավալատարածական հորինվածքով եղել են առանձին, տարաբնույթ շենքերից բաղկացած հզոր պարսպապատ համալիրներ, որ առավել բնորոշ է մ.թ.ա. IX–VIII դդ. (Տուշպա, էրեբունի, Արգիշտիխինիլի, Բաստամ, Կայալիդերե) կամ աշտարակներ ու կոնտրֆորսներ ունեցող պաշտպանական պարսպով ամբողջական շենքեր (Արագած, Թեյշեբաինի)։ Եղել են մեկ կամ երկու հարկանի։ Ի տարբերություն միջագետքյան մոնումենտալ շենքերի, որոնք կառուցվել են նախապես հարթեցված հրապարակների վրա, հայկական միջնաբերդերը ներդաշնակվել են տեղանքի ռելիեֆին, և առաջացած ծավալային աստիճանաձև փոխանցումներն ավելի հարստացրել են նրանց ճարտարապետական կերպարը։

Ըստ պահպանված հնագիտական օրինակների՝ միջնաբերդի ծավալային զգալի մասը զբաղեցնում է պալատը, որի հորինվածքային կենտրոնը կազմում է բնակելի, տնտեսական, տաճարային և այլ բնույթի շենքերով շրջագծված հրապարակը (դահլիճի կամ պերիստիլ բակի ձևով)։ Թեյշեբաինիի միջնաբերդն ամբողջությամբ ներկայանում է երկհարկանի պալատով, որի ստորին հարկում եղել են տնտեսական և արտադրական բաժինները, իսկ վերին հարկում՝ բնակելի, հանդիսավոր և պաշտոնական սենյակները[8]։

Խալդի աստծո տաճարը Էրեբունիում։ Մ.թ.ա. 782, Վերակզմություն Կ. Հովհաննիսյանի

Հնագիտական նյութերով բացահայտվել են տաճարային երեք հորինվածքային տիպեր.

  1. քառակուսի հորինվածքով և անկյունային աշտարակներով (Թոփրակկալե, Ազնավուրթեփե, Կայալիդերե, Չաուշթեփե, Ալթընթեփե և այլն),
  2. պարզ ուղղանկյուն հատակագծով, երկայնական առանցքով տեղադրված մուտքով (Էրեբունի, հավանաբար՝ Մուսասիր),
  3. ուղղանկյուն, լայնական ուղղությամբ ձգված հատակագծով (միակ հայտնի օրինակը Էրեբունիի Խալդի աստծո տաճարն է)։

Հավանաբար պաշտամունքային նշանակություն են ունեցել նաև «ուրարտական կոթողները», որոնցից շատերը կանգնեցված են եղել զոհարանների մոտ։ Թոփրակկալեում պեղված մի կնիք պատկերում է երկրպագություն կոթողների խմբի և սրբազան ծառի առջև։ Կոթողների սեպաձև արձանագրերը բովանդակում են որոշակի փաստեր երկրի պատերազմական, շինարարական գործունեության, նաև՝ ասավածներին մատուցած զոհաբերությունների վերաբերյալ։

Պահպանվել են տարբեր նշանակության արհեստական քարայրեր (պաշտամունքային, դամբարանային, բնակելի և այլն), «աստծո դռներ», սանդղուղիներ։ Վանա ժայռի քարայրերը (Խորխորյան մեծ ու փոքր, Իչկալա, Նաֆտկույու, «Մեծ») ուղղանկյուն հատակաձևերով, հարթ կամ թաղանման առաստաղներով, իրար հաղորդակցվող դահլիճ–սենյակների տարբեր հորինվածքներ են։ Այս ժամանակաշրջանում ստեղծված մեծ քանակությամբ ջրանցքների նպատակահարմար ընտրված ուղեգծերը վկայում են տեղանքի առանձնահատկությունները վարպետորեն օգտագործելու մասին։ Անհրաժեշտության դեպքում կառուցվել են ջրանցույցներ (աքվեդուկ) և փորվել թունելներ։ Այդ ջրանցքներից մի քանիսը («Շամիրամի»՝ 70 կմ երկարությամբ, Վանի մոտակայքում, «Դալմայի» և «Կարմիր բլուրի»՝ Երևանի մոտակայքում) գործում են ցայսօր։

Ուրարտական ժամանակաշրջան ճարտարապետական առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տուշպայի պատի գծանկար՝ հիմնված ուրարտական արտեֆակտի վրա

Ուրարտական ժամանակաշրջանի շինարարական տեխնիկան պայմանավորվել է Հայկական լեռնաշխարհում ավանդաբար կիրառվող քարի, փայտի կառուցվածքների համադրումով։ Անմշակ կամ կոպտատաշ քարերով են շարվել որմերի և մույթերի ստորին շարքերը, սրբատաշ են եղել սյունախարիսխները, որոշ հանդիսավոր և պաշտամունքային կառույցների որմերը, արձանագրված ու քանդակված քարերը։ Հարդաշաղախ հում աղյուսը կառույցների հիմնական շինանյութն էր։ Սյուները, բարավորները, հեծանային կառուցվածքները եղել են փայտից։ Ինտերիերում կիրառվել է սվաղը, որմնանկարչությունը կամ մարմարյա սալապատումը, գունավոր քարերի ընդելուզումը։ Հատուկ խնամքով են երեսարկվել հատակները։ Բոլոր շինարարական չափումների հիմքում ընկած է կանգունը (47,7 սմ, 51,8 սմ, 52,5 սմ)։

Հենարանների և ծածկերի համար լայնորեն օգտագործվել է փայտանյութը։ Նման կերպ իրականացված կառույցների պատկերացում են տվել Թեյշաբաինին պեղումները։

Ուրարտական ժամանակաշրջանի ճարտարապետության ու կառուցողական արվեստի առանձնահատկությունները ավանդաբար ժառանգել է Հայաստանի հետագա դարերի մշակույթը[9]։

Մ.թ.ա. VI – մ. թ. III դարեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գառնու հեթանոսական տաճարը

Մ.թ.ա. VI դարից Հայկական բարձրավանդակում քաղաքաշինությունն ու ճարտարապետությունը թևակոխել են զարգացման նոր փուլ, ի հայտ բերելով որակական նոր հատկանիշներ։ Հայկական ժողովրդական բնակելի տան հիմնական տիպի՝ գլխատան նախօրինակների նկարագրությունը բերված է Քսենոփոնի «Անաբասիսում»։

Վաղ հայկական պետության ժամանակաշրջանի քաղաքների՝ Արմավիրի, Երվանդաշատի, Երվանդակերտ դաստակերտի, Արտաշատի, Վաղարշապատի, Աշմուշատի, Արկաթիակերտի (Կարկաթիակերտի), Զարիշատի, Զարեհավանի, Մծուրնի, Տիգրանակերտի առաջացումը որպես վարչական և առևտրաարհեստավորական կենտրոններ, տեղի է ունեցել մ.թ.ա. Ill–I դարերում։ Դրանք, ինչպես և նույն ժամանակաշրջանի ամրոցներն (Գառնի, Արտագերս, Անի–Կամախ, Օշական, Դարույնք և այլն) ու հեթանոսական սրբավայրերը (Բագավան, Բագրևանդ, Աշտիշատ, Երիզա, Անի–Կամախ և այլն) հանդիսացել են քաղաքաշինության և ճարտարապետության կազմավորման հիմնական օղակները։ Ըստ գրավոր աղբյուրների, մասամբ նաև Գառնիի, Արմավիրի, Արտաշատի և անտիկ այլ հնավայրերի պեղումներից ստացված նյութերի, Հայաստանի ավանդական քաղաքաշինությունն ու ճարտարապետությունը մ.թ.ա. IV դ–ից զարգացել են հունահելլենիստական, իսկ մ.թ.ա. I դ–ից նաև հռոմեական մշակույթի ազդեցությունների ներքո, կազմելով «հայկական հելլենիզմ» կոչված մշակույթի բաղադրիչ մասը։

Գառնու տաճարի զոհասեղան

Քաղաքաստեղծ գործոնները, այդ թվում պաշտպանական նկատառումները, որոշակի նմանություն են ունեցել հելլենիստականին։ Քաղաքի կառուցապատման համար տեղանքը ընտրվել է գետերի (Երասխ, Արածանի և այլն) ափին, որոնք քաղաքի կենսական կարիքները բավարարելուց բացի, նրա պաշտպանական համակարգի մասն էին կազմում։ Քաղաքատարածության բնական պաշտպանվածությունը լրացվել է արհեստական շինություններով (պարիսպներով, հողաթմբերով, ջրլեցուն խանդակներով), որոնցով առանձին–առանձին շրջապատվում էին քաղաքի երկու բաղադրիչ մասերը՝ միջնաբերդն ու բուն քաղաքը։

Արմավիր մայրաքաղաքի համար միջնաբերդ է ծառայել Արգիշտիխինիլի քաղաքի արևելյան միջնաբերդը, որը ընդարձակվել է նոր շենքերով ու կառույցներով, լրացվել պարիսպների նոր հատվածներով[10]։ Երվանդաշատի միջնաբերդը տեղադրվել է Երասխի ձախափնյա անմատչելի մի ժայռազանգվածի վրա։ Տեղանքի թելադրանքով միանգամայն տարբեր լուծում է ստացել Արտաշատ մայրաքաղաքի բարդ պաշտպանական համակարգը։ Այն ընդգրկել է պարիսպներով շրջափակված մեծ և փոքր 9 բլուրներ (մեկի վրա միջնաբերդը), որոնք իրար և բլուրների միջև սփռված քաղաքատարածության հետ հաղորդակցվել են պարսպապատերով պաշտպանված ճանապարհներով։ Բլուրներից մեկի վրա մինչ այժմ պահպանվել է Խոր Վիրապ վանական համալիրը։ Արտաշատ քաղաքը շրջափակված է եղել պարիսպներով, որոնք ստորին շարքերն ըստ պեղումների արդյունքի ունեցել են 2.2-4.4 մ հաստություն[11]։

Արմավիրի, Երվանդաշատի և Արտաշատի մոտով հոսող Երասխի ջրերը պաշտպանական դեր են կատարել։ Վաղարշապատում այդ դերը իրականացվել է ջրլեցուն «Պարկեն–փոս»-ի միջոցով։

Առանձնապես հզոր և հուսալի են եղել Տիգրանակերտի պարիսպները, որոնց բարձրությունը 25 մ-ից ավելի էր, իսկ հաստությունն այնքան, որ հնարավոր է եղել տեղավորել հեծելազորի ձիերի փարախները, պահեստներ[12]։ Տեղանքի նպատակահարմար ընտրությամբ և պաշտպանական շինությունների հզորությամբ աչքի է ընկնում նաև թագավորական ամառանոց Գառնին (մ.թ.ա. III-II դդ.), որի՝ բնականից չպաշտպանված հատվածները (հատկապես հյուսիս) ողջ երկայնքով պատված են ամրակուռ բրգավոր պարիսպներով[13]։ Երվանդաշատը և Տիգրանակերտը ունեցել են թագավորական դաստակերտներ (Տիգրանակերտում՝ զբոսավայրերով և որսատեղերով)։

Էջմիածնի Մայր Տաճար, 301-303 թ., վերականգնվել է 484 թ.-ին և XVII դարում

Ֆեոդալական հարաբերությունների կազմավորման սկզբից քաղաքաշինությունն ու ճարտարապետությունը թևակոխել են զարգացման նոր փուլ։ Անտիկ քաղաքների մեծ մասը տնտեսական անկում է ապրել, իրենց նշանակությունը կարճատև պահպանել են միայն Արտաշատը և Տիգրանակերտը։ Դրանց փոխարինել են Դվինը և Կարինը։ IV դարի սկզբին Արշակ Բ–ի հիմնադրած Արշակավան քաղաքի կառուցումը մնացել է թերավարտ։

Դվինն ու Կարինը (Թեոդոսուպոլիսը) բնութագրվում են քաղաքաշինական հատկանիշների (հատակագծային կառուցվածք, պաշտպանական միջոցների համակարգ և այլն) ընդհանրությամբ։ Երկուսն էլ ունեցել են քաղաքաշինական եռամաս կառուցվածք (միջնաբերդ, շահաստան, արվարձան) և ապահովված էին պարիսպների ինքնուրույն համակարգով։ Անտիկ քաղաքների համեմատությամբ միջնաբերդի որոշ ֆունկցիաներ անցել են շահաստանին, ընդգծելով նրա նշանակությունը, որպես գաղափարապաշտամունքային և առևտրաարհեստագործական կենտրոն։ Դվինում և Կարինում իր ժամանակի համար պատշաճ մակարդակով լուծված են եղել քաղաքային բարեկարգման (ջրամատակարարում, ջրահեռացում, կոմունալ շենքեր), ինչպես նաև միկրոկլիմայի բարելավման (շրջապատում արհեստական անտառատարածությունների ստեղծում) հարցերը։

Եկեղեցիների շինարարության սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծիծեռնավանք (IV–V դդ.)

Քրիստոնեությունը կյանքի է կոչել նորատիպ պաշտամունքային շենքերի ճարտարապետություն, որը սկզբնապես սնվել է անտիկ ճարտարապետության ավանդույթներից։ IV–V դարերում եկեղեցական շենքերը հիմնականում բազիլիկատիպ են եղել, միանավ կամ եռանավ, արլևելքից կիսաշրջան աբսիդով, կողմնային մեկ կամ երկու ավանդատնով։ Մույթաշարով (4–7 զույգ) նավերի բաժանված աղոթասրահի յուրաքանչյուր նավը (միջինը՝ լայն, կողմնայինները՝ նեղ), ծածկված են եղել ինքնուրույն թաղերով, իսկ երեքը միասին՝ ամփոփված երկլանջ կտուրի տակ (Քասախի, IV–V դդ., Աշտարակի, V դ., Աղցի, IV դ., Եղվարդի, V դ. եռանավ բազիլիկները)։

Եռանավ բազիլիկների «արևելյան տիպին» պատկանող նկարագրված խմբից բացի, Հայաստանի մի քանի եռանավ բազիլիկներ (Տեկոր` V դ., Երերույք` IV–V դդ., Դվինի Ս. Գրիգոր` 470, Ծիծեռնավանք` IV–V դդ.), ունենալով բազիլիկ կտրվածք, պատկանում են բազիլիկների «արևմտյան տիպին»։ Անհամեմատ ավելի շատ են պահպանվել միանավ կամ «թաղածածկ դահլիճ» կոչված ոչ մեծ չափերի եկեղեցիները, որոնց աղոթասրահները ծածկված են միասնական թաղով և ամփոփված երկլանջ կտուրի տակ (Կառնուտի` V դ., Եղվարդի` V դ., Գառնիի` IV դ., Զովունիի` V դ. 1-ին քառորդ, Ծաղկավանքի` VI դ., Դվինի` 553–557, Թալինի` V դ., Թանահատի` 491, Զարջառիսի` IV–V դդ., Լեռնակերտի` IV–V դդ. և այլ եկեղեցիներ)։ Որոշ եռանավ ու միանավ եկեղեցիներ ունեցել են արտաքին սյունասրահներ (եռանավերը՝ 1–3, միանավերը՝ միայն 1, գերազանցապես հվ. կողմից)։ Հորինվածքային և արտահայտչամիջոցների կիրառման տեսակետից Հայաստանի բազիլիկ եկեղեցիները որոշ ընդհանրություններ ունեն վաղ քրիստոնեական ժամանակաշրջանի Սիրիայի և Վրաստանի բազիլիկների հետ։

Գմբեթավոր եկեղեցիների շինարարության սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

V դարի վերջից բազիլիկ եկեղեցիներին փոխարինել են գմբեթավոր եկեղեցիներն իրենց բազմազան տարբերակներով։ Դրանցից են գմբեթավոր դահլիճները (Պտղնիի՝ VI–VII դդ., Արուճի՝ 661–666թթ.), գմբեթավոր բազիլիկները (վերակառուցված Տեկորի՝ 478–490թթ., Օձունի՝ VI դ., Մրենի՝ 613–640թթ., Գայանեի՝ 630թ., Բագավանի՝ 631 – 639թթ.), ինչպես նաև եռաբսիդ գմբեթավոր բազիլիկները (Դվինի վերակառուցված Ս. Գրիգորի՝ 608–615թթ., Թալինի մեծ տաճարը՝ VII դ.) սերում են եռանավ բազիլիկներից։

Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (VII դ.)

Առավել հարուստ են ու բազմազան VI–VII դդ. խաչաձև կենտրոնագմբեթ տաճարները, որոնց հորինվածքային գաղափարը զարգացման է ենթարկվել Ավանի (588–597թթ.), ապա դասական կատարելության հասցվել Հռիփսիմեի (618թ.) և համատիպ տաճարներում (Գառնհովիտ՝ VI–VII դդ., Թարգմանչաց վանք՝ VII դ., Արամուս՝ VI դ. վերջ, Սիսավան՝ VII դ. վերջ, Արծվաբեր՝ VII դ.)։ Դրանցում առավելագույն պարզությամբ և կուռ տրամաբանությամբ են լուծված հատակագծային և ծավալատարածական հորինվածքների փոխկապվածությունը, մեկի պայմանավորվածությունը մյուսով, ողջ հորինվածքի միասնականությունը։

Հռիփսիմեատիպ տաճարներում ներքին խաչաձևությունը ստեղծված է փոխուղղահայաց երկու առանցքներով տեղադրված կիսաշրջան չորս խորաններով։ Առաջացած չորս անկյունները լրացնող քառակուսի (Ավանի տաճարում՝ շրջանաձև) ավանդատների և խորանների միջև անկյունագծային առանցքներով տեղավորված են հատակագծում 3/4 շրջանաձև խորշեր։ Հռիփսիմեատիպ տաճարի ներքին տարածությունը բնութագրվում է հատակագծից բխող ծավալատարածական հետաքրքիր անցումներով, ընդհանուր բարեկազմությամբ։ Այդ հատկանիշները արտահայտված են խորշավոր ճակատներում, համաչափ, հավասարակշռված ու արտահայտչականության պարզագույն միջոցներով լուծված ծավալատարածական ընդհանուր հորինվածքում։ Ձորադիրի Սուրբ Էջմիածին եկեղեցին (Վասպուրականի Աղբակ գավառ՝ VI դ. I-ին կես) դիտարկվող տիպի տարատեսակն է։

Խաչաձև կենտրոնագմբեթ տաճարների մի այլ տարատեսակ է Մաստարայի (V-VIդդ.) և համանման՝ Արթիկի մեծ (VII դ.), Հառիճավանքի Ա. Գրիգոր (VII դ.) և Ոսկեպարի (VI –VII դդ.) քառաբսիդ եկեղեցիների տիպը, որում ի տարբերություն հռիփսիմեատիպ եկեղեցիների, խաչաթևերը կազմող աբսիդներն իրենց հնգանիստ ծավալներով ստեղծում են ծավալատարածական արտաքին ձևերի խաչաձևություն։ Այս տիպի տաճարներում գմբեթի բազմանիստ թմբուկը, որ հենվում է պատերի և գմբեթատակ քառակուսու անկյունների տրոմպերի վրա, ունի խիստ մարմնեղ ծավալ։ Դրա հաղթահարման օրինակ է Բագարանի Ս. Թեոդորոս տաճարը (624–631թթ.), որտեղ, ինչպես Էջմիածնի Մայր Տաճարում, գմբեթակիր կամարները հենվում են աղոթասրահի կենտրոնական չորս մույթերի վրա։

Խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցիների նոր հորինվածքներ ստեղծելու ձգտումը VII դարի կեսին պսակվել է դարաշրջանի ճարտարապետության գլուխգործոց Զվարթնոցով (641–652թթ.)։ Այդ տաճարում խաչաձև քառաբսիդ կորիզը ներգծված է ոչ թե ուղղանկյուն, այլ բազմանիստ շրջանաձև պարագծի մեջ և ամփոփված է եռաստիճան ծավալում։ Դարաշրջանի ընդհանուր առմամբ պարզ ու անպաճույճ ճարտարապետությանյան մեջ Զվարթնոց տաճարով արմատավորվել է դեկորատիվ սկզբունքը։

VII դարի 2-րդ կեսին հորինվել է ըստ էության խաչաձև կենտրոնագմբեթ տաճարներից սերող մեկ այլ՝ բազմախորան (6, 8) եկեղեցու տիպը (Եղվարդի Զորավար՝ 661–685թթ., Իրինդի՝ VII դ. 2-րդ կես և Արագածի՝ VI դ. եկեղեցիներ)։ V–VI դդ–ից զուգահեռաբար մշակվել է խաչաձև հատակագծով փոքր եկեղեցիների տիպը իր բազմազան տարբերակներով VI–VII դդ. կատարելագործվելով, այս տիպը մարմնավորվել է եկեղեցիների մի ամբողջ շարքով՝ Աշտարակի Կարմրավոր (VI դ.), Թալինի փոքր (VII դ.), Լմբատավանքի Ս. Ստեփանոս (VI դ.), Բջնիի Ս. Սարգիս (VII դ.), Կոշի Ս. Ստեփանոս (VII դ.), Ագարակի (VII դ.), Ալամանի (637թ.), Արզնիի (VI դ.), Ձագավանքի (Գետարգելի) Ս. Նշան (VII դ.), Օշականի Մանկանոց (Ս. Սիոն, VII դ.) և այլ եկեղեցիներ։

Աշխարհիկ շենքեր և հուշակոթողներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհիկ շենքերի ճարտարապետությունը ուշագրավ է զարգացլքան միանգամայն ինքնուրույն ուղիով, ժողովրդական բնակելի տան ճարտարապետությունից սերված հորինվածքային և կառուցվածքային լուծումներով։ Դվինի երկու (V դ. և VII դ.), Զվարթնոցի (VII դ.) և Արուճի երկու (VII դ.) պալատները ունեն հատակագծային լուծման միասնականություն։ Դրանցում կենտրոնական տեղ են գրավել սյունազարդ դահլիճները՝ քարե սյուների վրա հենվող «հազարաշեն» տիպի Փայտե ծածկերի համակարգերով։ Ժողովրդաիան ճարտարապետության ազդեցությունն իր արտահայտությունն է գտել հիշյալ պալատական շենքերի նաև ճարտարապետական մանրամասներում, հատկապես քարակերտ խոյակների ձևերում, որոնք հիշեցնում են Հայաստանում ստեղծված փայտե խոյակները (Սևանավանք)։ Աշխարհիկ հուշարձանների խումբը լրացնում են Դվինում, Զվարթնոցում և այլ տեղերում պեղումներով հայտնաբերված բնակելի սենյակները, բաղնիքները, հասարակական և արտադր. կառույցները, այդ թվում՝ Զվարթնոցում և Հռիփսիմեի տաճարի մոտ բացված հնձանները։

Մեմորեալ, փոքր ձևերի ճարտարապետական հուշարձանները, քարակոթողները, հուշասյուները, դամբարանները, մահարձանները և խաչքարերը, որոնք կապված էին նոր հավատքի պրոպագանդման, թաղման, հիշարժան դեպքերը հավերժացնելու հետ՝ վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության մի ինքնուրույն և հարուստ բնագավառ են կազմում։

Օձունի տաճարի բակում գտնվող մահարձան

Քարակոթողներն իրենց ընդհանուր հորինվածքով շարունակելով Վանի թագավորության և «հայկական հելլենիզմի» ժամանակաշրջանների ավանդույթները, IV–V դարերում գաղափարական նոր բովանդակությամբ կերտվել են Հայաստանի տարբեր վայրերում՝ Արարատյան դաշտում (Դվին, Ավան), Արագածոտնում (Արուճ, Թալին), Շիրակում (Արթիկ, Հառիճ) և Գուգարքում (Դսեղ, Դանուշավան, Արդվի, Օձուն, Կողես, Կողբ, Խոժոռնի, Բրդաձոր)։ Դրանք խորանարդաձև կամ աստիճանավոր պատվանդանների վրա կանգնեցված քառանիստ կոթողներ են (1–5 մ բարձրությամբ), որոնց նիստերը (երբեմն նւսև խորանարդաձև պատվանդանների կողերը) պատվում էին կրոնական կամ առասպելական բովանդակությամբ բարձրաքանդակներով։ Հուշասյուները (գտնված Դվինում, Օշականում, Ողջաբերդում, Գեղամա լեռների «Ուղտի ակունք» կոչված տեղամասում, Հովհաննավանքում) նույնպես կանգնեցվում էին պատվանդանների (հիմնականում աստիճանաձև) վրա։ Գլանաձև, բազմանիստ կամ փնջաձև սյուները պսակվում էին խոյակներով, որոնք կրում էին քրիստոնեության խորհրդանշանը՝ խաչը։

VI–VII դարերում խաչը պրոպագանդող մոնումենտալ հուշարձանները փոխարինել են փայտակերտ խաչերին, որպիսիք Հայաստանում և Վրաստանում կանգնեցվում էին քրիստոնեության տարածման սկզբնական շրջանում։ Քարակերտ «թևավոր» խաչերը նշանավորում են հայկական խաչքարերի զարգացման վաղագույն փուլը։

Դամբարանաշինություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դամբարանների ճարտարապետության ավանդույթները գալիս են վաղնջական՝ նախնադարյան համայնատիրական, Արարատյան թագավորության և հելլենիզմի ժամանակներից։ Դրա հետ մեկտեղ դամբարանների ճարտարապետական աղերսներ ունի նույն դարաշրջանի վաղ սիրիական և փոքրասիական վկայարանների ճարտարապետության հետ։ Վաղագույններից են Արշակունիների դամբարանը՝ Աղցում (IV դ.) և Գրիգորիսինը (489)՝ Ամարասի վանքում (Արցախ)։ Այդ դամբարաններից առաջինի տապանատունը ստորգետնյա է (հավանաբար ունեցել է նաև վերգետնյա հարկ), իսկ երկրորդինը տեղավորված է հին եկեղեցու (հետագայում վերակառուցված) ավագ խորանի տակ։ Նույնպիսի տեղադրություն ունեն Հռիփսիմե և Գայանե կույսերին վերագրվող դամբարանները VII դ. կառուցված նույնանուն տաճարներում։ Զովունիի դամբարանը (V դ.) տեղավորված է Ս. Վարդան փոքրաչափ մատուռի հվ. պատին կից։ VI–VII դդ. մահարձանների ճարտարապետությունը ներկայանում է Օձունի և Աղուդիի բարձրարվեստ հուշարձաններով, որոնք, ունենալով հորինվածքային որոշ ընդհանրություն, իրենց մանրամասներով էապես տարբեր են։

IV–VII դարերի ճարտարապետական առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

IV–VII դարերում ճարտարապետա–գեղարվեստական արտահայտչամիջոցները համահնչյուն են օգտագործված շինանյութին (բնական քար), դարաշրջանի ճարտարապետության իշխող սկզբունքներին, գեղագիտական պատկերացումներին ու հորինվածքային լուծումներին։ Կերպարների մեկնաբանման հիմքում ընկած են եղել հատակագծային և ծավալատարածական փոխկապված լուծումները, ծավալների ու ճակատների պարզ վեհությունը, հավասարակշռությունը, համամասնական ներդաշնակությունն ու արխիտեկտոնիկան ճշմարտացի միջոցներով արտահայտելու միտումը։ Հարթ պատի բազմերանգ քարերով շարվածքը, որ կառուցվածքայինից բացի ուներ նաև գեղարվեստական նշանակություն, տվյալ ժամանակաշրջանի ճարտարապետության հիմնական հատկանիշներից է։ Շենքի արտաքին և ներքին պարզությանը հասնելու ձգտումով է պայմանավորվել հարդարման միջոցների զուսպ կիրառումը։ Դրանք կոչված էին ծառայելու շենքի առանձին դրվագների՝ դռների և լուսամուտների բացվածքների ընդգծմանը, պատերի որոշ հատվածների պլաստիկական հարստացմանը, ճակատների հարթությունների պսակմանը։ Նախասիրված էր դռների բացվածքները շեշտել գեղեցիկ շքամուտքով, լուսամուտները պսակել կամարունքերով (թե մեկում և թե մյուսում կիրառելով զարդարվեստի բուսական և երկրաչափական մոտիվներ), իսկ ճակատների, ճակտոնների և գմբեթի թմբուկի հարթությունները ճարտարապետորեն ավարտել տարբեր ձևերի (կամարիկավոր, ատամնազարդ, հյուսվածքազարդ են) քիվերով։ Դրանցում քարի գեղարվեստական մշակման արվեստն իր բազմազան դրսևորումներով հասել է բարձր կատարելության։ Այդ մասին են վկայում Մրենի, Թալինի տաճարների, Զվարթնոցի և այլ ճարտարապետական կոթողների քանդակները։ Ճարտարապետա–քանդակային հնարանքների հետ միասին շենքերի գաղափարական բովանդակության բացահայտմանն են ծառայել նաև խճանկարչությունն ու որմնանկարչությունը, որի նմուշները, տարբեր պատկերագրությամբ պահպանվել են եկեղեցիների ավագ խորաններում և պատերի հարթությունների վրա։ Խճանկարների բեկորներ են հայտնաբերվել Էջմիածնի Մայր տաճարի, Դվինի Ս. Գրիգոր եկեղեցու և Զվարթնոցի պեղումներից։ Ամբողջական վիճակում VI դարում հոյակապ խճանկար է պահպանվել Երուսաղեմի Ս. Հակոբ հայկական եկեղեցու հատակին։ Վաղ միջնադարի որմնանկարներ կան Աղցի դամբարանում, Քասախի, Երերույքի և Աշտարակի Ծիրանավոր բազիլիկներում, Էջմիածնի Մայր տաճարում, Տեկորի, Զվարթնոցի (բեկորներով կամ հատվածներով), Արուճի, Թալինի մեծ, Աշտարակի Կարմրավոր, Լմբատի Ս. Ստեփանոս, Եղվարդի Զորավար, Կոշի և այլ եկեղեցիներում։

Շինարվեստի ասպարեզում տեղի է ունեցել արմատական հեղաշրջում։ Հայաստանում լայնորեն կիրառվող անշաղախ (չոր) շարվածքը փոխարինվել է նորատիպ շարվածքով՝ կապակցող միջոցների (կրաշաղախի, կրաբետոնի) օգտագործմամբ։ Կառուցման նոր եղանակը, բարձրացնելով շարվածքի ամրությունը, այն օժտելով հակասեյսմիկ հատկանիշներով, նաև հիմք է հանդիսացել թաղային և գմբեթային համակարգերի զարգացման համար, ընդարձակել ճարտարապետության ձևաստեղծման հնարավորությունները՝ համապատասխանաբար վերափոխելով և հարստացնելով կառույցների ծավալատարածական հորինվածքները։

Բացառիկ իմաստավորվածությամբ և ինժեներական խորամտությամբ է կիրառվել քարե պատի նոր տիպի շարվածքը։ Նրանում քարերը լոկ երեսապատման միջոց չեն, այլ կրաբետոնե միջուկի հետ միասին կազմում են մոնոլիտ զանգված, բեռնվածությունը կրող ողջ կառուցվածքի բաղկացուցիչ մասը։ «Միդիս» կոչվող եռաշերտ շարվածքում ներքին կապն ուժեղացնելու նպատակով հաճախ դրվել են «լայնակ» և «երկայնակ», դրսից սրբատաշ, կանոնավոր ձևի քարեր։ Պատի երկու երեսների միջև կապ ստեղծելու նպատակով, առանձին դեպքերում (Երերույք), նրա ողջ հաստությամբ դրվել են թափանց միակտուր քարեր։ Եռաշերտ «միդիս» շարվածքի միջուկը կազմել է կրաբետոնը։ Այն պատրաստվել է հեղուկ կրաշաղախի ու հիդրավլիկական հավելույթի (տուֆի, հրաբխային խարամի կամ պեմզայի կտորտանք) միախառնումով։ Կրաբետոնի հետ ավելի ուժեղ կապակցելու նպատակով մշակվել է ուղղանկյուն քարի միայն արտաքին երեսը։ Վաղ միջնադարում կառուցված պատերին բնորոշ է շարքերում մեծաչափ քարերի կիրառումը (բարձրությունը՝ մինչև 70–80 սմ, երկարությունը՝ մինչև 3–3, 5 մ)։ Քարերի տեղադրման ժամանակ անկյունները կոտրվելուց զերծ պահելու նպատակով հորիզոնական եզրերը շեղակի տաշվել են, ստեղծելով զեհեր։ Տաշած քարերի վրա վարպետները հայերեն և հունարեն տառերով կամ տարբեր գծանկարներով իրենց նշաններն են դրել (կատարած աշխատանքի հաշվառման ու վարձատրման համար)։

Կամարների, թաղերի և գմբեթների շարվածքը կատարվել է նախօրոք պատրաստված փայտակերտ ողնարկների վրա՝ սեպաձև քարերով։ Առանձին հուշարձաններում (Մաստարա, Հռիփսիմե, Գառնհովիտ, Թալինի մեծ տաճար) գմբեթը ներսից ջլակամարավոր է։ Այս դարերի շինարարական աշխատանքներին բնորոշ է բացառիկ բարձրորակությունը և ճշգրտությունը, քարի մշակման բարձր վարպետությունը։ Մշակվել է ու հետզհետե բարձր կատարելության հասցվել գմբեթային կառուցվածքի ողջ համակարգը, ներառյալ գմբեթի թմբուկը (ներսից և դրսից), գմբեթատակ քառակուսուց թմբուկի բազմանիստ հիմքին անցնելու կառուցվածքային միջոցները՝ տրոմպներն ու առագաստները։ Գմբեթի արտաքին ծավալաձևերը արխիտեկտոնիկ են և ճշմարտորեն արտապատկերում են ներքին կառուցվածքը։ Վաղ միջնադարյան եկեղեցիներում տանիքները, վեղարը ծածկվել են կղմինդրներով, որոնք շարվել են կրաշաղախի հիմքի վրա, առանձին դեպքերում (Զվարթնոց) երկաթե գամերի միջոցով ամրացվել շաղախին։ Կառուցվածքային դիմադրողականության ապահովումը սեյսմիկ ուժերի նկատմամբ եղել է շինարարների ուշադրության կենտրոնում։ Դրան է նպատակաուղղվել եկեղեցական շենքերի առավել կայուն հորինվածքի ընտրությունը, կառույցը թեթևացնելու տարբեր միջոցների («հայկական խորշեր», թեթև լցանյութեր, գաղտնարաններ, բեռնաթափող կարասներ և այլն) կիրառումը, պատերի մեջ գերանների տեղադրումով և այլ հնարանքներով հակասեյսմիկ գոտիներ ստեղծելու սովորությունը։ Հաճախ կառուցվածքային և հակասեյսմիկ միջոցները միաժամանակ ճարտարապետա-գեղարվեստական առումով ակտիվ դեր են կատարել, նպաստելով արտաքին ձևերում ներքին կառուցվածքի բացահայտմանը, ճակատները լուսաստվերով հարստացնելուն (օրինակ, «հայկ. խորշերը»)։ Վաղ միջնադարյան հայկական ինքնատիպ ճարտարապետության ամենաբնորոշ հատկանիշներից է հորինվածքային, գեղարվեստական և կառուցվածքային փոխպայմանավորվածությունը։ Այս դարերի ճարտարապետությունը հիմք է հանդիսացել հայկական շինարվեստի զարգացման հաջորդ փուլերի համար։

Տաթևի վանքի (հիմնադրվել է IX դ.) ընդհանուր տեսքը

VIII դարի սկզբին արաբական խալիֆաթի տիրապետության հաստատման պատճառով Հայաստանում գրեթե կանգ առավ շինարարությունը։ Որոշ կառուցումներ կատարվում էին առանձին իշխանական տիրույթներում (Արտավազդ Կամսարականի ստորգետնյա դամբարանը), նաև ժողովրդական ճարտարապետության բնագավառում։ Ըստ մատենագրական տվյալների, շինարարություն են ծավալել նաև կաթողիկոսները (Դավիթ Ա Արամոնեցին իր հայրենի գյուղում կառուցել է եկեղեցի և պալատ)։ Դվինում կառուցվել է միջնաբերդի պալատական շենքը և կաթողիկեի արևմտյան կողմին գրեթե կից աշխարհիկ մի շենք։ Այս ժամանակաշրջանում է սաղմնավորվել, իսկ IX դարում արդեն որոշակի հորինվածքով երևան եկել խաչքարը։

Անիի պարիսպներ

885 թ.-ին Բագրատունիների գլխավորությամբ հայկական պետականության վերականգնումից հետո քաղաքների աճը, աշխարհիկ մտածողության վերելքը պայմանավորեցին աշխարհիկ ճարտարապետության առաջատար դերը։ Թագավորանիստ քաղաքներում կառուցվել են IV–VII դարերի ճարտարապետական հորինվածքներն ընդօրինակող նոր շենքեր։ Ոճով միասնական ճարտարապետական մշակույթի հիման վրա առանձին թագավորություններում առաջացել են Սյունիքի, Վասպուրականի, Անի–Շիրակի, Տաշիր–Ձորագետի ճարտարապետական դպրոցները, որոնցից յուրաքանչյուրն անցել է զարգացման իր ուղին։

Վանքային համալիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքներից զատ, ճարտարապետությունը զարգացել է առանձին իշխանական տիրույթներում, ամրոցներում և հատկապես, վանական համալիրներում, որոնք արագորեն աճելով վերածվել են ժամանակի կարևոր մշակութային կենտրոնների։ Արաբական լծից աստիճանաբար ազատագրվող երկրում սկզբում կառուցվել են ոչ մեծ չափերի շենքեր, որոնցից առավել վաղը հանդիսանում են լեռնային Սյունիքի, հատկապես Սևանի ավազանի առափնյա շրջանների, Զանգեզուրի կառույցները։ IX դարի 2-րդ կեսին փորձեր են արվել ընդօրինակելու վաղ միջնադարյան առավել պարզ հորինվածքները՝ միանավ դահլիճները (Մաքենյաց վանք), քառաբսիդ կենտրոնագմբեթ հորինվածքները (Հայրավանք)։

Համեմատաբար ավելի բարդ հորինվածքով են Սևանի կղզու տաճարները (874) և Շողագավանքը (877–885), որոնք արդեն դրսևորում են ստեղծագործական նոր մոտեցումներ։ Աղոթատեղիների ավելացման ձգտումը բերեց եկեղեցու արևմտյան կողմի սենյակների ավելացմանը, հանգամանք, որն իր անմիջական ազդեցությունն ունեցավ ճարտարապետական նոր տիպի հորինվածքների մշակման համար։ IX–X դարերի սահմանագծին մշակվել է ուղղանկյուն ծավալում պարփակված՝ ներքուստ քառաթև, չորս անկյուններում սենյակներ ունեցող գմբեթավոր կառույցի տարածական հորինվածքը (Կոթավանք, Մաքենյաց վանք, Քարկոփ), որը և դարձել է հետագա դարերի պաշտամունքային կառույցների տարածված հիմնական տիպը։ Նույն ժամանակաշրջանում հայ ճարտարապետները համարձակորեն ձեռնարկել են վաղ միջնադարյան բարդ հորինվածքների վերարտադրումը, ընդ որում այս կարգի հուշարձանները վեր են խոյացել թագավորական նստոցներում կամ նշանավոր վանական համալիրներում։ Նույն IX–X դարերի սահմանագծին Սյունիքում վերարտադրվել է նաև Հռիփսիմեի տիպը (Արծվանիստ) և գմբեթակիր մույթերով, խաչաձև–գմբեթավոր հորինվածքը (Տաթև, 895–906)։

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի

X–XI դարերում Սյունիքում կազմավորված վանքային համալիրներից (Մաքենյաց վանք, Որոտնավանք, Վահանավանք և այլն) ամենանշանավորը Սյունիքի եպիսկոպոսանիստ կենտրոնն էր՝ անդնդախոր կիրճերով պաշտպանված Տաթևի վանքը, որը վանական համալիրների զարգացման բնորոշ օրինակներից է։ Արդեն X դարի սկզբին այն մի ֆեոդալական կազմավորում էր՝ իր հազարի հասնող միաբաններով, հարյուրավոր գյուղերով և բարձր տիպի դպրոցով։ Նրանից ոչ հեռու, նրա մշակութային ոլորտում գտնվող Բղենո Նորավանքում է գրվել և նկարազարդվել հայկական միջնադարյան մանրանկարչության ամենանշանավոր ձեռագրերից մեկը, 989թ.-ի «Էջմիածնի ավետարանը», իսկ այդ փոքրիկ եկեղեցու պատերի XI դարի քանդակագործությունը հայկական արվեստի ուշագրավ գործերից է։ Սյունիքում քաղաքներ չեն առաջացել, այստեղ չկան թագավորանիստ կենտրոններին բնորոշ տաճարներ, կառույցները համեստ են, անպաճույճ, սակայն համահնչուն լեռնաշխարհի խիստ և զուսպ բնությանը։

X դարի սկզբին կազմավորվել է Արծրունյաց թագավորությունը և Գագիկ թագավորը իր գահանիստը հիմնադրել է Վանա լճի Աղթամար կղզում։ Թովմա Արծրունու նկարագրած միջնաբերդի կառույցներից, արհեստական նավահանգստից, պալատից, որը նրա խոսքերով ուներ քառասուն կանգուն լայնություն, նույնքան երկարություն և բարձրություն, միայն պահպանվել է ճարտարապետ Մանուելի կառուցած Ս. Խաչ եկեղեցին (915–921), որն իր հատակագծային հորինվածքով նման է Ձորադիրի Ս. Էջմիածնին (VI դ.)։ Աղթամարի ծավալը պարուրող հինգ քանդակային գոտիներից առաջինի մեծադիր բարձրաքանդակները խորհրդանշում են Արծրունյաց տոհմի հավատամքն ու աննկուն կորովը, կենտրոնացված հզոր թագավորություն ստեղծելու գաղափարը իրենց՝ Արծրունիների գլխավորությամբ։

Սուրբ Առաքելոց եկեղեցի

Անհամեմատ ավելի երկարակյաց և բազմաբեղուն է եղել Բագրատունիների տիրույթներում կազմավորված Անի–Շիրակի ճարտարապետական դպրոցը, որը շուտով իր մշակութային ոլորտի մեջ է առել Բագրատունյաց պետության շատ շրջաններ։ Սկզբում թագավորանիստ քաղաքը Բագարանն էր, ապա՝ Շիրակավանը, որտեղ IX դարի վերջին Արուճի տաճարի (VII դ.) օրինակով Սմբատ թագավորը տաճար է կառուցել։ Այնուհետև, Կարսում Աբաս թագավորը Մաստարայի տաճարի (VI դ.) օրինակով կենտրոնագմբեթ եկեղեցի է կառուցել։

961 թ.-ին Բագրատունյաց թագավորության մայրաքաղաքը դարձել է Անին, որը վաղ միջնադարում Կամսարականների ամրոցն էր։ Նրա բնական դիրքը, ամրաշինական կառույցների (Աշոտաշեն, 963–964, Սմբատաշեն, 989, և այլ պարիսպներ) և ամրացված մատույցների (Տիգնիս, Մաղասբերդ, Գուսանագյուղ) հետ կազմելով պաշտպանական ամբողջական համակարգ, ապահովում էին քաղաքի անառիկությունը։ Լինելով Առաջավոր Ասիայի նշանավոր քաղաքներից, Անիով էին անցնում տարանցիկ առևտրի մի քանի ուղիներ։

Անիի պեղումներն ու հիմնական ուսումնասիրությունը 1892–1893 թթ.-ին, 1904–1917 թթ.-ին կատարել են Նիկողայոս Մառի գլխավորած գիտական արշավախմբերը, որոնց նաև մասնակցել են Հ. Օրբելին, Թորոս Թորամանյանը, Ն. Բունիաթյանը և ուրիշներ։ Հնագիտական հետազոտումը հարուստ նյութ տվեց հայկական միջնադարյան քաղաքի առանձնահատկությունները, նրա կառուցվածքն ու ճարտարապետությյան զարգացման ուղիներն ըմբռնելու համար։ Հայտնաբերվել են քաղաքի սկզբնական պարսպապատը, միջնաբերդը, առանձին թաղամասեր, պաշտամունքային բազմաթիվ կառույցներ, մեծ քանակությամբ բնակելի շենքեր։ Միջնաբերդը, միջանցքով բաժանված երկու մասի, բաղկացած է եղել մի քանի մեծ դահլիճներից, բնակելի և օժանդակ սենյակներից, ունեցել է բաղնիք, ստորգետնյա ջրամբար և այլն։ Մեծ մասամբ երկհարկ տների առաջին հարկում արհեստանոցներ էին, խանութներ, պահեստներ, իսկ երկրորդ հարկում՝ բնակելի սենյակները, որոնց բնորոշ էր ճոխ հարդարանքը, պատրհանների, բուխարիների քանդակազարդ շրջանակները։ Քաղաքի յուրահատուկ թաղամասերից էր «ժայռափոր Անին»՝ կիրճի եզրով ձգված ժայռափոր բնակարաններով, խանութներով, եկեղեցիներով, դամբարաններով։ Միջնադարյան ամրաշինության կատարելություն էին Անիի երկշարք պարիսպները։ Միջազգային առևտրի կարևոր կենտրոն Անին քարավանների անցուդարձն ապահովել է կիրճերի վրա ձգված լայնաթռիչք կամուրջներով։

Անիի ճարտարապետական կերպարի կազմավորմանը մեծապես նպաստել են պաշտամունքային կառույցները, որոնցից հնագույնը Միջնաբերդի միանավ եկեղեցին է (կառուցվել է Անին մայրաքաղաք դառնալուց առաջ)։ Արքունիքի Անի տեղափոխվելու հետ մայրաքաղաք են տեղափոխվել նաև նշանավոր իշխանական տներից շատերը և կառուցել իրենց պալատներն ու տոհմական եկեղեցիները։ Այս կարգի գողտրիկ կառույցներից է Աբուղամրենց տոհմի վեցաբսիդ եկեղեցին (Xդ.)։ Անիի Մայր տաճարի (989–1001թթ.) հնավանդ, քառամույթ գմբեթավոր հորինվածքը Տրդատ ճարտարապետի հանճարով նոր կերպար է մարմնավորել։ Ներքին սլացիկ ծավալներով, սյունախուրձերով մշակված հզոր վերամբարձ մույթերով, լայնաթռիչք երկկենտրոն կամարներով, ներքին տարածության վրա գերիշխող բարձրադիր գմբեթով կառույցը լավագույնն էր մայրաքաղաքի եկեղեցիներից, իր ժամանակի բարձրարվեստ ստեղծագործությունը։ Սկզբունքային նորույթ էր տաճարի արտաքին ճակատների մշակումը վերսլաց նրբագեղ որմնակամարաշարերով, որոնցով պարուրված են տաճարի չորս ճակատները։

Տրդատի մյուս գործը՝ Գագիկ արքայի հիմնադրած Գրիգոր Լուսավորչի տաճարն էր (1001 –1010թթ.), որը Անի պետք է տեղափոխեր ավանդույթներով և ժամանակով սրբագործված Զվարթնոցի փառքը։ Սակայն «Գագկաշեն» տաճարը չի եղել նշանավոր կառույցի պարզ ընդօրինակումը։ Տրդատը զգալիորեն մեծացրել էր գմբեթատակ տարածությունը, ցածրանիստ սյուները փոխարինել բարձր և սլացիկ սյուներով։ Ինչ–ինչ պատճառներով այս հոյակերտ կառույցը երկար կյանք չի ունեցել։ Տրդատի ճարտարապետական դպրոցի կնիքն են կրում XI դարի 1-ին կեսին կառուցված Փրկչի և Առաքելոց եկեղեցիները։ Վերջինի քառաբսիդ հորինվածքի չորս անկյունների ավանդատները կերտված են որպես փոքրիկ գմբեթավոր եկեղեցիներ։ Անիում մշակված ճարտարապետական ձևերն իրենց որոշակի դրսևորումն են գտել իշխանական տիրույթների վանական համալիրներում (Մարմաշեն, Խծկոնք), Անիի մատույցները վերահսկող ամրոցներում կառուցված շենքերում։

Ամրոցաշինություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամբերդի ամրոց

Ռազմագիտական մտքի ու կառուցողական արվեստի բարձր իմացություն են դրսևորում Հայաստանի ամրոցները (Տիգնիս, Ամբերդ, Մաղասբերդ և այլն), որոնց ձևերը պայմանավորվել են տեղանքի առանձնահատկություններով, իսկ տեղաբաշխումը՝ երկրի ռազմավարական հանգույցների անվտանգությունն ապահովելու նկատառումներով։ XI դարում հայկական թագավորությունները մեկը մյուսի ետևից ընկել են Բյուզանդիայի տիրապետության տակ, իսկ դարի 2-րդ կեսից սելջուկյան արշավանքները ի վերջո ավարտվել են օտար նվաճողների տիրապետության հաստատումով, որը տևել է մինչև XII դարի վերջը։

XII դարավերջ - XIII դար

[խմբագրել | խմբագրել կոդը]

XII դարի վերջին քառորդում հայկական ճարտարապետության նոր վերելքը սկսվել է Զաքարյանների իշխանության ներքո գտնվող հյուսիս–արևելքում նահանգներում։ 1181 թ.-ին Սանահինում կառուցվել է հայկական ճարտարապետության ամենանշանավոր գործերից մեկը՝ քառասյուն դամբարան–գավիթը (ճարտ. Ժամհայր)։

Հառիճավանք

XII դ. վերջ –XIII դ. 1-ին տարիների կառույցները (Հառիճի վանք, 1201թ.) ապացուցում են, որ մեկ դարից ավել տևած սելջուկյան տիրապետությունը ճարտարապետության զարգացման բնագավառում որևէ խզում չի առաջացրել։ Ոճական բնորոշ նոր գծերը, մշակված X–XI դարեր, համեմատաբար փոքրաչափ կառույցների շինարարական պրակտիկայի շրջանակներում, լիովին պահպանվել են, դեկորատիվ ձևերը ավելի նրբացել, մանրացել և նրանցում տեղ են գտել որոշ արևելյան ընդհանուր մոտիվներ։

XIII դարի Անիի ճարտարապետությունը նոր վերելք է ապրել։ Կառուցվել են որմնանկարազարդ շքեղ դահլիճներ, եկեղեցիներ, վերաշինվել է միջնաբերդի պալատը։ Աշխարհիկ կառույցներից իրենց չափերով և հարուստ մշակումով ուշագրավ են Պարոնի պալատը և հյուրատները։ Իրենց շքեղությամբ առանձնացել են Անիի մեծատունների մենատները։ Աշխարհիկ ճարտարապետության շքեղազարդ ոճի որոշակի ազդեցությունը կրել են Անիի պաշտամունքային կառույցները (Գրիգոր Լուսավորչի (Տիգրան Հոնենցի), Աղջկա բերդի և այլ եկեղեցիներ), ինչպես և երկրի իշխանական տիրույթներում կառուցված վանական համալիրների (Հովհաննավանք, Գոշավանք, Նորավանք և այլն) շենքերը։

Սանահինի վանք

Վանական համալիրները XIII դարում արագորեն աճել են և համալրվել նորատիպ կառույցներով։ Չնայած նրան, որ XIII դարի պաշտամունքային ճարտարապետությունը ներկայանում է հիմնականում երկու կանոնիկ տիպերով (գմբեթավոր դահլիճ և ուղղանկյուն, ներքուստ քառաթև հորինվածքներով), այդուհանդերձ կառույցները օժտված են ձևերի բազմազանությամբ և աչքի են ընկնում կառուցողական վարպետությամբ (Գանձասարի (1216–1238թթ.), Մակարավանքի (1205թ.), Հովհաննավանքի (1216–1221թթ.) և շատ ուրիշ համալիրների գլխավոր եկեղեցիները)։ Վանական անսամբլների կազմավորման տարրերը եկեղեցիներից բացի գավիթներն էին, տոհմային գավիթ–դամբարանները, գրատները, սեղանատները, զանգակատները, ինչպես նաև մեմորիալ կառույցները։ Հնագույն գավիթները հիմնականում երկայնական թաղածածկ դահլիճներ էին (Վահանավանքի, X դ., Գնդեվանքի, 999թ. և այլն գավիթները), սակայն, արդեն Հոռոմոսի վանքի գավիթը կառուցվել է (1038թ.) քառասյուն, կենտրոնակազմ հորինվածքով, որը, հավանաբար, վաղ միջնադարյան տոհմային դամբարանական ձևերի անդրադարձն էր։ XII դարից տարածում է գտել գավիթների հատկապես այս հորինվածքը, թեև փոխհատվող կամարների համակարգը, կիրառված Հաղպատի զավթում (1210թ.), հնարավորություն էր ընձեռում սյուներով չմասնատել ներքին ամբողջական տարածությունը։ Հայաստանում մշակված քարային կառուցվածքի փոխհատվող կամարների համակարգը կիրառվել է նաև սեղանատների (Հաղարծին, 1248թ.), գրատների (Սաղմոսավանք, 1255թ.) և այլ շենքերում։ Հայաստանի վանական համալիրները իրենց տեղադրաթյամբ, կառուցապատմամբ, շենքերի տիպերով բազմապիսի են և, չնայած նույն անսամբլի շենքերի միջև ընկած կառուցողական հաճախ մեծ ժամանակահատվածների, աչքի են ընկնում կառույցների փոխադարձ ներդաշնակությամբ և ընդհանուր հավասարակշռությամբ (Սանահին, Հաղպատ, Դադիվանք և այլն)։

Քաղաքների, արհեստների զարգացումը, այլ երկրների հետ կապերի ուժեղացումը, երկրի մասնակցությունը տարանցիկ առևտրին՝ տվյալ դարերում պայմանավորել են քարավանատների և կամուրջների շինարարության վերելքը։ Սելիմի քարավանատունը ձգված համաչափություններով ցածրանիստ եռանավ դահլիճ է, մարդկանց, գրաստների և բեռների համար նախատեսված առանձին բաժանմունքներով։ Իր համարձակ ինժեներական մտահղացմամբ աչքի են ընկնում Անիի (X–XI դդ.) և Սանահինի (XII դ.) կամուրջները։

Մեծ է եղել հայ ճարտարապետների մասնակցությունն ու ներդրումը սելջուկյան ճարտարապետության ձևավորման գործում։ XII – XIV դարերում իսլամադավան երկրների հետ կապերի ուժեղացման հետևանքով Հայաստան են ներթափանցել արևելյան առանձին զարդաձևեր՝ միաձուլվելով տեղական ավանդական մոտիվներին։

XII–XIV դարերում հայկական ճարտարապետության մեջ իրենց որոշակի տեղն ունեն հուսակառույցները՝ սկսած գողտրիկ խաչքարերից մինչև խաչքար–մոնումենտները, իշխանական երկհարկ դամբարան–եկեղեցիներն ու մոնումենտալ տոհմային դամբարանները։ Այս ժամանակաշրջանի հուշակառույցները հիմնականում ներկայանում են խաչքարերով, որոնք բնորոշ են միայն հայկական մշակույթին և կանգնեցվել են ամենատարբեր նշանակությամբ (հանգուցյալի հիշատակին, որպես կոթող հաղթանակի կամ շինարարության ավարտի և այլն)։ Խաչքարեր կերտել են և՝ ժողովրդական վարպետները, և՝ նշանավոր ճարտարապետները, նկարիչ–քանդակագործները (Պողոս, Սիրանես, Մոմիկ)։

XIII դարավերջ - XIV դար

[խմբագրել | խմբագրել կոդը]

XIII –XIV դարերում որոշակի զարգացում են ունեցել իշխանական երկհարկ դամբարան–եկեղեցիները, ձևավորվելով որպես կենտրոնակազմ վերսլաց կառույցներ (Եղվարդի եկեղեցի, 1301թ., Նորավանք, 1339թ., Կապուտան, 1349թ.)։

Հայկական մշակույթը XIII դ. վերջին – XIV դ. 1-ին տասնամյակին վերելք է ապրել Վայոց ձորում, որտեղ գործել է Գլաձորի նշանավոր համալսարանը իր բարձրարվեստ մանրանկարչական դպրոցով։ Այստեղ վեր են խոյացել Արփայի, Եղեգիսի, Սպիտակավորի, Նորավանքի բարձր գեղարվեստականությամբ օժտված կառույցներն ու համալիրները։

Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Սակայն օտար բռնակալների արյունալի լուծը կործանման եզրին էր հասցրել երկրի տնտեսությունը, ուժեղացել էր ժողովրդի արտագաղթը, կանգ էր առել մոնումենտալ շինարարությունը։ Երկրի տարբեր շրջանների պատմական ճակատագիրը նույնը չէր։ XII–XIV դարերում ամրացել և ծաղկել է Կիլիկիայի հայկական թագավորությունը, որի շինարվեստը բուն Հայաստանի ճարտարապետական ավանդույթները զարգացրել է ըստ երկրի տեղական առանձնահատկությունների, սերտորեն առնչվելով Բյուզանդիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և այլ երկրների մշակութային կյանքին։ Ճարտարապետության զարգացումը մեծապես պայմանավորվել է քաղաքների զարգացմամբ, որոնք իրենց հերթին կանխորոշել են աշխարհիկ ճարտարապետության բուռն վերելքը։ Հայկական քաղաքաշինության համար նորույթ էր նավահանգիստ–քաղաքների հիմնադրումը։ Լեռնային շրջանների բնակավայրերի կազմավորման սկզբունքները գրեթե նույնն էին, ինչ բուն Հայաստանում։ Քաղաքն ունեցել է իր միջնաբերդը, որի մի կողմում կամ շուրջը ձգվել է բնակավայրը՝ նույնպես շրջապատված հզոր պարսպապատով։ Միջնաբերդում է եղել թագավորական պալատը, որը գերիշխել է քաղաքի ամբողջ տարածքի վրա։ Պալատները երկու–երեք հարկանի շենքեր էին՝ տարբեր գույնի մարմարներով երեսապատված, որմնանկարազարդ, սյունազարդ դահլիճներով, խճանկարազարդ հատակներով են (Անարզաբայի, Սսի, Տարսոնի և այլ պալատներ)։ Բուն քաղաքը կառուցապատվել է իշխանական ապարանքներով, հյուրատներով, քարավանատներով, առևտրա–արհեստավորական շենքերով, բաղնիքևերով և այլն։ Քաղաքների ջրամատակարարումը կատարվել է զգալի հեռավորությունից բերված ջրմուղի գծերով։ Տեղանքի լեռնային բնույթով էր պայմանավորված կամրջաշինության լայն զարգացումը։

Կիլիկիայի պաշտամունքային ճարտարապետությանը բնորոշ էին թաղածածկ դահլիճ (ծավալից դուրս աբսիդով) և եռանավ բազիլիկ տիպի հորինվածքները (Անարզաբա, Կոռիկոս)։ Կառուցվել են նաև քառամույթ գմբեթավոր տաճարներ (Սիս)։ Վանական համալիրները (Հռոմկլա, Դրազարկ, Ակներ, Մլիճո վանք, Սկևռա և այլն), որոնք միաժամանակ մշակութային և գիտական կարևոր կենտրոններ էին, կազմավորվել են տարբեր տիպի եկեղեցական շենքերով, որոնցում իրենց որոշակի տեղն ունեին զանգակատները, գրատները, բնակելի և օժանդակ կառույցները։ Վանական համալիրները նույնպես ամրացվել են և վտանգի պահին օժանդակ ամրոցների ղեր կատարել։ Կիլիկիայի վարպետները բարձր մակարդակի են հասցրել ամրաշինության արվեստը, որի սկզբունքները մեծապես կիրառվել են խաչակիրների կառուցած բազմաթիվ ամրոցներում։ Ամրաշինական արվեստի կատարյալ նմուշներ են Լևոն Բ–ի կառուցած բերդը (Լևոնկլա), Թումլուբերդը։ Ասի ամրոցը բաղկացած էր ներքին դարպասների միջոցով հաղորդակցվող, տարբեր մակարդակների վրա կառուցված 7 մասերից։ Կոռիկոսն ու Այասը բաղկացած էին երկուական ամրոցների համակարգից՝ ծովափնյա և ծովային (կառուցված կղզու վրա)։ Կիլիկիայի բազմաթիվ ամրոցները (Լամբրոն, Մուդ, Գուգլակ, Վահկա, Պապեռոն և այլն) իրենց փոխդիրքավորմամբ կազմել են միասնական ռազմական համակարգ։

Հայկական ճարտարապետության համար XIV դարի 2-րդ կեսից սկսվել է ծանր ժամանակաշրջան՝ քաղաքական և տնտեսական անբարենպաստ պայմանների հետևանքով շինարարական կյանքը երկրում ընդհատվել է։ XV–XVI դարերում Հայաստանում ոչ մի մոնումենտալ շենք չի կառուցվել։ Բարձր զարգացման հասած հայկական քարկոփության արվեստը այս դարերում կիրառում է գտել միայն ճարտարապետական փոքր ձևերում՝ խաչքարեր, օրորոցաձև տապանաքարեր, մատուռներ։ Հայ ճարտարապետներն ու շինարար վարպետները այս ժամանակաշրջանում լայնորեն ընդգրկվել են երկրում իշխող մուսուլմանական վերնախավի համար պալատներ, բերդեր, դղյակներ, դամբարաններ կառուցելու գործում։ XV–XVI դարերում հայ ճարտարապետները կարևոր դեր են ունեցել օսմանյան Թուրքիայի շինարարական կյանքում։ Հայազգի ճարտարապետ Սինանը (1490–1588թթ.) Կ. Պոլսում կառուցել է բազմաթիվ շենքեր, որոնք նշանավորել են օսմանյան ճարտարապետության զարգացումն ու գագաթնակետը։ XVIII դարից Կ. Պոլսում սկսվել է հայ ճարտարապետների հռչակավոր գերդաստանի՝ Պալյանների գործունեությունը (մինչև XIX դարի վերջ)։ Կրելով պալատական ճարտարապետի տիտղոսը, այս ընտանիքի ներկայացուցիչները Թուրքիայի մայրաքաղաքում կառուցել են տեղական գեղագիտական պահանջներից թելադրված բազմաթիվ շինություններ, եվրոպականացրել թուրքական ճարտարապետությունը, ուղի հարթել նրա հետագա զարգացման համար։

XIV դարի 2-րդ կեսից, երբ բուն Հայաստանում ընդհատվել էր շինարարական կյանքը, հայկական ճարտարախետության որոշ առանձնահատկություններով գոյատևել է բազմաթիվ գաղթավայրերում՝ Ռուսաստանում, Վրաստանում, Ուկրաինայում, Ղրիմում, Լեհաստանում, Մոլդովայում, Պարսկաստանում և այլուր։

XIV–XVI դարերում Ղրիմի հայաշատ գյուղերում ու քաղաքներում՝ Կաֆայում (Թեոդոսիա), Սուրխաթում (Ստարի Կրիմ), Բախչելիում կառուցվել են բազմաթիվ եկեղեցիներ և աշխարհիկ շենքեր։ Միայն Թեոդոսիայում գործել է 24 հայկական եկեղեցի (պահպանվել է 7-ը)։ Ղրիմի հայկական ճարտարապետության արժեքավոր հուշարձաններից են. Սուրբ Խաչ վանքը (1358), Թեոդոսիայի Հովհաննես Մկրտիչ (1348), Միքայել և Գաբրիել հրեշտակապետաց (1408թ.), Ս. Գևորգ (XIV–XV դդ.) եկեղեցիները, Բախչելի գյուղի Ս. Փրկիչ վանքը (XIV դ.), որոնք իրենց մի շարք առանձնահատկություններով հանդերձ հիմնականում կառուցվել են հայկական ազգային ճարտարապետության ավանդներով։ XIV դարի 2-րդ կեսին գմբեթավոր բազիլիկ հորինվածքով խոշոր տաճար է կառուցվել Լվովում, ուր նույնպես հաջողությամբ զուգակցված են հայկական ճարտարապետության սկզբունքները տեղական շինարվեստի առանձնահատկությունների հետ։ XIV–XVII դարերում հայկական գաղթավայրեր են առաջացել Մոլդովայի մի շարք քաղաքներում՝ Բոտոշանում, Յաշում, Սուչավայում ևն։ Այս քաղաքներում ազգայաին ոճով կառուցված հայկական եկեղեցիները որոշ ազդեցություն են ունեցել Մոլդավիայի, ինչպես և Ռումինիայի ճարտարապետության զարգացման վրա։ XVI–XVII դարերում բազմաթիվ եկեղեցիներ ու աշխարհիկ շենքեր են կառուցվել Վրաստանի հայ գաղթավայրերում, նախ՝ Թիֆլիսում և Գրեմիում։ Հայկական և պարսկական ճարտարապետական ոճերի ինքնատիպ սինթեզով առանձնանում են Նոր Ջուղայի գաղթավայրի հուշարձանները, որոնք Արևելքի ժողովուրդների արվեստում եզակի նմուշներ են. քրիստոնեական տաճարի հորինվածքը զուգակցված է իսլամական ճարտարապետության ձևերի հետ։

XVII դարի 2-րդ քառորդից Հայաստանի համար սկսվել է համեմատաբար խաղաղ ժամանակաշրջան և երեքդարյա ընդմիջումից հետո երկրում ստեղծագործ աշխատանքի, շինարարական կյանքի հնարավորություն է ստեղծվել։

Շինարարությունը տարվել է հիմնականում երեք ուղղությամբ.

  1. վերականգնման աշխատանքներ,
  2. նոր եկեղեցիների, վանքերի ու անապատների կառուցում,
  3. նախկինում կառուցված եկեղեցիների, վանքային համալիրների լրացում նոր շինությունների՝ զանգակատների, գավիթների, սրահների, պարսպապատերի և այլ տիպի կառույցներով։

Շինարարական խոշոր աշխատանքներ են տարվել Վաղարշապատում. վերակառուցվել է Մայր տաճարը, նորոգվել են Գայանե եկեղեցին, Հռիփսիմեի տաճարը։ Եկեղեցական նոր շենքեր կառուցվել են ոչ թե նախորդ՝ X–XIV դդ. հուշարձանների հորինվածքների, այլ IV–VII դարերի հայկական ճարտարապետության սկզբնավորման շրջանում տարածում գտած գմբեթավոր բազիլիկ, թաղածածկ դահլիճ, գմբեթավոր դահլիճ և, հատկապես, եռանավ բազիլիկ հորինվածքային տիպերի օրինակներով։ XVII դարի կառուցված եռանավ բազիլիկները, ի տարբերություն վաղ միջնադարի համանման կառույցների, արտաքուստ անպաճույճ են, առանց որևէ դեկորատիվ հարդարանքի, հաճախ անմշակ քարով կառուցված (Սյունիք), ներսի տարածությունը երեք նավի է բաժանվում հիմնականում երկու զույգ (Գառնի, XVII դ., Տաթև, 1646թ., Գնդեվազ, 1686թ., Եղեգիս 1708թ., գյուղերի եկեղեցիները, Նախճավանում՝ Բիստի Ս. Աստվածածին, 1637, Փառակայի Ս. Շմավոն, 1680թ., Շոռոթի Ս. Լուսավորիչ, 1708թ.), իսկ որոշ դեպքերում՝ մեկ զույգ մույթերով (Հերմոնի վանքի (Կնևվանք) Ս. Գրիգոր, XVII դ., Կուսանաց անապատի Ս. Աստվածածին, 1676, Երևանի Զորավոր, 1691 – 1705թթ.)։

XVII դարի գմբեթավոր եկեղեցիներ համեմատաբար քիչ են կառուցվել։ Գմբեթավոր դահլիճ հորինվածք ունեն Խոր Վիրապի մեծ եկեղեցին (1666թ.) և Էջմիածնի Շողակաթը (1694թ.)։ Գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցիներ կառուցվել են հիմնականում Սյունիքում և Նախճավանում։ Այս շրջաններում, ուր հիմնական շինանյութը բազալտն էր, գմբեթավոր եկեղեցիների կառուցումը աշխատատար գործ էր, կապված մեծ ծախսերի հետ, այդ պատճառով օգտագործել են մատչելի և ավելի էժան շինանյութ՝ աղյուս։ Քարաշեն որմնախարիսխի վրա ամբողջովին աղյուսակերտ են Աստապատի Կարմիր վանքի, Քարատակի Ս. Ստեփանոս վանքի (XVII դ. 2-րդ կես) եկեղեցիները և այլն։ Մեղրիում (Ս. Աստվածածին, XVII դ. 1-ին կես), Ագուլիսում (Վերին թաղի Ս. Քրիստափոր եկեղեցին, 1671–75թթ.), Շոռոթում (Ս. Հակոբ, 1664թ.) կառուցվել են գմբեթավոր բազիլիկներ, որոնց հիմնական ծավալը իրականացվել է բազալտից, իսկ թմբուկը և գմբեթը՝ աղյուսից։ Տարբեր շինանյութերի նման զուգակցումը նորույթ էր հայկական ճարտարապետության մեջ։

XVII դարի գմբեթավոր բազիլիկներից արժեքավոր է և բարձրարվեստ Մուղնու Ս. Գևորգ եկեղեցին (1664–1669թթ., ճարտարապետներ՝ Սահակ Հիզանեցի և Մուրադ)։ Ճակատների երեսպատման մեջ օգտագործված քարերի բազմազանությունը, գմբեթի հովհարաձև ծածկը, եկեղեցուն օրգանապես կապված կամարակապ սրահն ու զանգակատան թեթև ռոտոնդան ստեղծում են տպավորիչ ու այդ դարի կառույցների համար բացառիկ արտահայտիչ կերպար։ XVII–XVIII դարերում տարածում է գտել զանգակատների շինարարությունը, սրանք հիմնականում երկհարկ կամ եռահարկ թեթև աշտարակներ են՝ պսակված ռոտոնդաներով։ Կառուցվել են գոյություն ունեցող եկեղեցիների արևմտյան ճակատին կից (Էջմիածնի Մայր տաճար, 1654–1658թթ.), իսկ նորակառույցներում՝ գավթի (ավանդական կամ եռակամար բաց սրահի ձևով) հետ զուգակցված։ XVII–XVIII դարերում եթե Արևմտյան Հայաստանում դեռևս կիրառվում է գավթի ավանդական տիպը՝ հատակագծում ուղղանկյուն, 4 սյուներով կենտրոնակազմ կառույց (Վասպուրականում՝ Վարագավանք, 1698թ., Աղթամար, 1763թ., Նարեկավանք, 1787թ.), ապա Արևելյան Հայաստանում տարածում են գտել եռակամար բաց սրահները, որոնք կառուցվել են գոյություն ունեցող եկեղեցիների արևմտյան ճակատին կից (Գայանե, 1683թ.), իսկ նորակառույցներում (հաճախ զանգակատան ռոտոնդայով պսակված)՝ որպես նախապես մտածված հորինվածքային բաղկացուցիչ (Մուղնու Ս. Գևորգ, Էջմիածնի Շողակաթ, Երևանի Զորավոր)։

Աշտարակի կամուրջը, 1664 թ.

Հայաստանում XVII դարից սկսված մշակութային ընդհանուր վերելքը նպաստել է ճարտարապետական խոշոր անսամբլների՝ վանքերի, անապատների կառուցմանը։ Հարանց անապատը (Սյունյաց Մեծ անապատը, հիմնադրվել է 1608–1613թթ.) ուշ միջնադարի հայկական հոգևոր, մշակութային և ճարտարապետական զարթոնքի առաջնեկն է եղել, սակայն կործանարար երկրաշարժից հետո միաբանությունը 1660թ.-ին տեղափոխվել է մի այլ վայր և կառուցել նոր՝ Տաթևի Մեծ անապատը, որը ուշ միջնադարի հայ ճարտարապետության ամենաարժեքավոր և ուշագրավ անսամբլներից է։ XVII–XVIII դարերում վանքային համալիրները, անապատները, ի տարբերություն նախորդ՝ IX–XIV դարերի ճարտարապետական անսամբլների, ստեղծվել են ոչ թե հարյուրամյակների ընթացքում, այլ մեկ շինարարական ժամանակահատվածում, միասնական մտահղացմամբ։ Ունեին հորինվածքային ընդհանրություններ, համալիրը, որը կառուցվում էր կրոնական ու պաշտամունքային շինությունների տարրերի զուգակցման միասնական մտահղացմամբ, ընդգրկում էր հիմնականում ուղղանկյուն, պարսպապատերով շրջափակված տարածք, կենտրոնում՝ ագատ կանգնած (առանց կից կառույցների) միակ եկեղեցին էր, պարսպապատերի պարագծով՝ մեծ թվով բնակելի ու տնտեսական սենյակներ։ Որպես վանք–ամրոց են կառուցվել Շատին, Խոր Վիրապ, Ամարասի, Դարաշամբի Ստեփանոս Նախավկա, Ագուլիսի Ս. Թովմա վանքերը և այլն։ Այդ դարերում նոր կառույցներով են լրացվել ու ամրացվել (շրջափակվել են պարսպապատերով) նախկինում կառուցված վանքային համալիրները՝ Գնդեվանքը, Տաթևը, Նորավանքը, Թադեի վանքը, Հոգոց վանքը, Գեղարդի վանքը և այլն։

XVII դարի տնտեսական կյանքի, առևտրի աշխուժացումը նախադրյալներ են ստեղծել երկրում ճանապարհների բարեկարգման, քարավանատների ու կամուրջների վերանորոգման, ինչպես և նորերի կառուցման համար։ Բազմաթիվ խոշոր կամուրջներ են կառուցվել Հրազդան, Քասաղ, Որոտան, Մեղրի և այլ գետերի վրա։ Ուշ միջնադարի Հայաստանի ինժեներական կառույցներից հատկապես ուշագրավ են Աշտարակի (1664թ.), Երևանի (1679թ.), Օշականի (1706թ.) բազմաթռիչք կամուրջներն իրենց հաջող տեղադրությամբ ու ինքնատիպ ուրվագծով։

XVII–XVIII դարերում Հայաստանում տնտեսական և առևտրական կյանքի վերելքը նպաստավոր էր քաղաքաշինության համար։ Հայկական բնակավայրերից զգալի զարգացում են ապրել Վանը, Կարսը, Բաղեշը, Մուշը, Կարինը, Երզնկան և հատկապես Երևանը, որը Արևելյան Հայաստանի վարչական կենտրոնն էր։ XVII–XVIII դարերում Երևանի տարածական կառուցվածքը եռաստիճան էր՝ բերդ, փարթամ այգիներով բնակելի թաղամասեր և քաղաքը շրջապատող բազմաթիվ բնակավայրեր։ Բնակելի թաղամասերը երեքն էին՝ Հին թաղը կամ Շահարը, Կոնդը Ձորագյուղի հետ և հարավ–արևմուտքում՝ Քարհանքի թաղը։

XVII դ. սկսված բուռն շինարարական աշխատանքները Հայաստանում շարունակվել են մինչև XVIII դարի սկիզբը։ 1724թ.-ին թուրքերի նոր հարձակումը Արևելյան Հայաստանի վրա, վերսկսված թուրք–պարսկական պատերազմները նորից ընդհատել են հայ ժողովրդի խաղաղ աշխատանքը։ XVIII դարի 2-րդ կեսից այլևս քիչ թե շատ նշանակալից շենքեր չեն կառուցվել։ Կատարվել են միայն վերանորոգումներ, կամ գոյություն ունեցող անսամբլները լրացվել են որոշ շենքերով։ Սակայն XVIII դարից հատկանշական է եղել հայկական ճարտարապետության համար ամրոցաշինության կարճատև, սակայն, ուշագրավ վերածննդով։ Դավիթ Բեկը ոչ միայն նորոգել ու օգտագործել է նախկինում կառուցված ամրոցներ՝ Որոտնաբերդը, Բաղաբերդը, Զեյվաբերդը, այլ հիմնովին վերակառուցել է Մեղրիի բերդը և Հալիձորը՝ ժամանակի ռազմական պահանջներին համապատասխան։

XV–XVIII դարերում Հայաստանի քաղաքական ու սոցիալ տնտեսական վիճակը բարենպաստ չի եղել ճարտարապետության համար, այն ընթացել է պատերազմների, թշնամու ասպատակությունների ու ավերածությունների պայմաններում, սակայն այս դժվարին ժամանակաշրջանում էլ հայկական ճարտարապետությունը պահպանել է դարերից եկող իր ավանդներն ու նվաճումները, շարունակել հաջորդական զարգացումը։

XIX դարից XX դարասկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձիթողցոնց տուն-թանգարանը Գյումրիում

Հայաստանի արևմտյան մասի քաղաքների (Վան, Բիթլիս, Կարին, Խարբերդ, Երզնկա, Բաբերդ և այլն) ճարտարապետությունն ու քաղաքաշինությունը XIX դարի աննշան փոփոխություններ են կրել։ Նույն դարի սկզբին Հայաստանի արևելյան մասի ազատագրումը պարսկական լծից և միացումը Ռուսաստանին, երկրի տվյալ մասում առաջացնելով որոշ տնտեսական վերելք, պայմանավորել են նաև քաղաքաշինության և ճարտարապետության համեմատական առաջընթացը։ Քաղաքները մասամբ (Երևան) կամ ամբողջովին (Ալեքսանդրապոլ, Կարս, Գորիս) վերակառուցվել են ըստ կանոնավոր հատակագծային սկզբունքով նախագծված գլխավոր հատակագծերի։ Վերակառուցման և կառուցապատման աշխատանքներն առավել ծավալվել են հատկապես XIX դարի վերջին – XX դարի սկզբին, երբ հիշյալ բնակավայրերը վերածվել են Հայաստանում կապիտալիզմի զարգացման կենտրոնների։ Արդյունաբերության և առևտրի զարգացմանը էապես նպաստել են երկաթուղու կառուցումը մինչև Ալեքսանդրապոլ և Կարս (1899թ.), Երևան (1902թ.), ինչպես և խճուղային կապի ստեղծումը (Գորիս՝ 1877թ., Նոր Բայազետ՝ 1881թ.)։ Այս ընթացքում մասամբ կարգավորվել են բնակավայրերի ջրամատակարարումն ու կոմունալ սպասարկումը։

Երևանի քաղաքաշինական առաջին փաստաթուղթը (1837 թ.-ի հանույթը) վերաբերում է Շահարի կամ Արարատյան հայկական թաղի տարածքում («Խանի այգու» տեղում) նոր թաղամասի կառուցապատմանը, որի իրականացմամբ առաջացել են միմյանց զուգահեռ մի քանի փողոցներ (այժմյան Ամիրյան, Սվերդլովի, Սպանդարյան և Պուշկինի)։ Երևանի առաջին գլխավոր հատակագիծը (1856թ., հեղինակ՝ նահանգական հողաչափ Ա. Ստացկի), պահպանելով փողոցների առաջացած ցանցը, կանոնավոր կառուցապատման սկզբունքով ներառել է ողջ «Շահարն» ու Դամիր բուլաղի մի մասը (չընդգրկելով Նորքը, Կոնդն ու Երևանի բերդն իր շրջակայքով)։ Կառուցվել են Կրեպոստնայա (հետագայում՝ Աստաֆյան, իսկ ապա՝ Աբովյան), ապա զուգահեռ մի քանի փողոցներ, որոնք Շահարի տարածքում առաջացրել են փոխուղղահայաց փողոցների ցանց։ Ղ. Ալիշանի «Այրարատ»-ում պատկերված Երևանի հատակագծում նորաստեղծ թաղամասերից բացի առկա են՝ առևտրահասարակական կենտրոնը (Ղանթարը), մյուս հրապարակը (այժմ՝ Ագիզբեկովի), Անգլիական այգին (ապա՝ 26 կոմիսարների անվան), բուլվարը (ապա՝ «2750 շատրվան» զբոսայգին), բնակելի տներ, խանութներ, մասամբ կառուցապատված նախկին բերդատարածքը և անաղարտ մնացած «Դամիր բուլաղը»։ Երևանի հատակագծային հենքը XX դարի սկզբի դրությամբ ներկայացված է 1906–1911թթ.-ին Բագրատ Մեհրաբյանի կատարած տեղահանույթային հատակագծում։

Ալեքսանդրապոլի (մինչև 1837 թ.-ը՝ Գյումրի) քաղաքաշինական զարգացումը պայմանավորվել է նրա տարածքում ռուսական բերդի կառուցումով, նաև 1828–1830 թվականներին Արևմտյան Հայաստանից հայերի ներգաղթով։ Կառուցապատվող նոր քաղաքի կորիզը մնացել է հին Գյումրին (պատմական Կումայրին), որը տեղադրված էր «Չերքեզի» և «Մխչոնց» ձորերի միջև։ Ըստ 1837 թ.-ի հատակագծի, նոր քաղաքը նախատեսվել է կառուցապատել կանոնավոր հատակագծման սկզբունքով։ Գյումրիից դեպի արևելք ընկած տարածության վրա հյուսիս–հարավ, արևելք–արևմտյան ուղղություններով առաջացել է փոխուղղահայաց փողոցների ցանց 100 մ X 150 մ, 50 մ X 75 մ չափերի թաղամասերով։ Կանոնավոր հատակագծման սկզբունքը պահպանվել է նաև 1845 թ.-ին Ալեքսանդրապոլի հետագայում ստեղծված գլխավոր հատակագծերում, որոնցով աստիճանաբար ընդարձակվել է քաղաքի տարածքը, հարավից ներառնելով «Կաղաչի պոստ», իսկ հյուսիսից՝ «Սևեռսկի» և «Պոլիգոններ» երեք զորանոցային թաղամասերը։

Ալեքսանդրապոլի առևտրա–հասարակական կենտրոնը շուկայի հրապարակն էր (այժմ՝ Վարդանանց հրապարակ), որի շուրջը և նրանից սկզբնավորվող փողոցներում տեղաբաշխված էին խանութներ, արհեստանոցներ, եկեղեցիներ, վարչական, ուսումնական և կոմունալ բնույթի շենքեր։ Հին գերեզմանատունը տեղափոխելով, ազատված բարձունքը 1878 թ.-ից ծառապատվել է, վերածվել զբոսայգու (հետագայում՝ Գորկու անվան, «Գորկա»-ն)։ Մեկ այլ կանաչ տարածություն ստեղծվել է կայարանամերձ տարածքում։

Կարսը 1877–1918 թվականներին, Ռուսաստանի կազմում գտնվելով, արագորեն զարգացել է, դարձել ռազմավարական կարևոր հենակետ, մարզի վարչական կենտրոն և վաճառաշահ քաղաք։ Կարսի կառուցապատումը կատարվել է երբեմնի պարսպապատ հին քաղաքի սահմաններից դուրս, Օրթակապու (միջին դարպաս) կոչված արվարձանի ընդարձակ տարածքում։ Ըստ 1880 թ.-ին կազմված գլխավոր հատակագծի, առաջացել է փոխուղղահայաց փողոցների ցանց. արևելք–արևմուտք ուղղությամբ՝ Լոռիս–Մելիքովսկայա, Ալեքսանդրովսկայա, Միխայլովսկայա և Գուբեռնատորսկայա՝ Կարուց գետի առափնյակին հանգող փողոցները, հյուսիս–հարավ՝ Սապյոռնայա, Ինժեներնայա, Կարադադսկայա, Պոլիցեյսկայա։ Կարսի Աու–Կապու, Բայրամփաշա և այլ արվարձաններ կառուցապատվել են տարերայնորեն։ Քաղաքի հյուսիս–արևելյան մասում հասարակական կենտրոնն էր՝ Խուփա կոչված շուկայական հրապարակը։ Կառուցապատմանը զուգընթաց իրականացվել են ջրամատակարարման և կոմունալ սպասարկման հետ կապված միջոցառումներ։ Կարուց գետի աջ և ձախ ափերին ստեղծվել են զբոսայգիներ, նոր կամուրջներով կապվել են ափերը։

Նոր Բայազետը (այժմ՝ Կամո) կառուցվել է պատմական Գավառ ավանի տեղում, երբ 1830 թ.-ին այստեղ է ներգաղթել Բայազետի (Արևմտյան Հայաստան) հայ բնակչության մի մասը։ Քաղաքի տեղանքը քամիներից պաշտպանված ընդարձակ գոգավորություն է. «Բերդի գլուխ» կոչված բարձունքով (որի վրա կան ուրարտական բերդի մնացորդներ) բաժանվում է երկու մասի, որոնց վրա գավառապետ Տալիզինի նախաձեռնությամբ 1835–1840 թթ.-ին կառուցվել է Նոր Բայազետը։ Կանոնավոր կառուցապատումով առաջացած փողոցների ցանցով կազմավորվել են «Կալերի», «Խաչերի», «Տալիզի» թաղամասերը։ Գավառագետի ձախ ափը, որ «Բանդի թաղ» էր կոչվում, մնացել է նույնությամբ։ Նոր Բայագետի քաղաքաշինական աշխատանքներում առավել արդյունավետ են եղել Իսահակ Աբելյան–Աբամելիքյանցի գավառապետության տարիները, երբ կազմավորվել է առևտրահասարակական կենտրոնը՝ ուղղանկյուն պարագծով տեղաբաշխված մոտ 100 խանութով և հրապարակի կենտրոնի այզեպուրակով։ Հրապարակի կառուցապատումն ամբողջացրել է XX դարի սկզբին կառուցված եկեղեցին, որն իր վեհաշուք ծավալատարածական հորինվածքով գերիշխել է տեղանքում։

Բնակելի տուն Գորիսում

Գորիսը կանոնավոր կառուցապատման քաղաքաշինական սկզբունքի կիրառման առավել ուշագրավ և ամբողջական օրինակ է։ Իր չափերով զիջել է Արևելյան Հայաստանի մյուս քաղաքներին։ Նոր Գորիսը հիմնադրվել է Գորիս գետի աջ ափին ընկած տարածքում՝ գավառապետ Ստարացկու և Մանուչար բեկ Մելիք–Հուսեյնյանի նախաձեռնությամբ։ XIX դարի կեսից այստեղ են տեղափոխվել Կյորես կամ Շեն ժայռափոր տներով հնամենի գյուղի բնակիչները։ Ըստ գլխավոր հատակագծի, Եռակատարի փեշերից սկսվող և մեղմ թեքությամբ դեպի Գորիս գետակն ու ապա հարավից սփռվող տարածքը պատվել է 17 մ և 24 մ լայնությամբ փոխուղղահայաց փողոցների կանոնավոր ցանցով, առաջացնելով 106 մ X 106 մ և 106 մ Х 212 մ չափերի թաղամասեր։ Սրանցում յուրաքանչյուր բնակչին տրամադրվել է 1800 մ2 հողամաս՝ կարմիր գծի վրա, դեպի փողոց ուղղված ճակատով մենատուն կառուցելու պայմանով։ Նոր Գորիսի առևտրահասարակական կենտրոնը կազմավորվել է քաղաքի հարավ–արևելյան կողմում, ավանդական տոնավաճառի հրապարակի տեղում։ Նոր հրապարակը պարագծով կառուցապատվել է երկհարկանի բնակելի և այլ շենքերով, որոնց առաջին հարկերում խանութներ էին։ Հրապարակից սկսվող և դեպի հվ. ընթացող փողոցում ստեղծվել են միահարկ խանութների ու արհեստանոցների շարքերը։ Հրապարակի հարավային կողմում ստեղծվել է 75 մ X 225 մ չափերի քաղաքային այգին։ Միասնական քաղաքաշինական մտահղացման, պաշտամունքային, վարչահասարակական և բնակելի շենքերի, ոճական, ինչպես նաե քարի գունային ընդհանրության շնորհիվ Գորիսը ստացել է կուռ և ամբողջական նկարագիր։

Գևորգյան հոգևոր ճեմարան

Վաղարշապատը, որ Հայաստանի հնագույն քաղաքներից է, XIX դարի սկզբին անկանոն կառուցապատված գյուղ էր, Ս. Էջմիածին մայրավանքից որոշ հեռավորությամբ սփռված դեպի հյուսիս։ XVIII դարի պարսպապատված վանքային համալիրի և գյուղի միջև եղած դատարկ տարածությունը XIX դարի ընթացքում կառուցապատվել է։ Մայրավանքի հյուսիսային պարսպին արտաքուստ կից ստեղծվել է այգեպուրակ, առևտրա–հասարակական կենտրոն և շուկայական հրապարակ։ Խանութներ ու արհեստանոցներ եղել են նաև մյուս փողոցներում։ Նոր Վաղարշապատի կառուցապատմանը մասամբ մասնակցել է Էջմիածնի Մայր աթոռը։ Վանքի շրջապատի միկրոկլիմայի բարելավմանը նպաստել է մայրավանքից հարավ ընկած տարածքում խոշոր չափի (70 մ X 170 մ) արհեստական լճի (1848–1850) ու արհեստական անտառի (1847 թ.-ից) ստեղծումը։ Մայր աթոռի շինարարական գործունեությունը առավել ծավալվել է XIX դարի 2-րդ կեսին։ Կառուցվել են տարբեր բնույթի վանքապատկան շենքեր, որոնց շնորհիվ զգալիորեն կերպարանափոխվել է վանքի շրջապատը՝ բարերար ազդելով Վաղարշապատի ընդհանուր նկարագրի վրա։

XIX դ.–XX դ. սկիզբը նշանավորվել են Արևելյան Հայաստանի քաղաքներում և բնակավայրերում շինարարական գործունեության աշխուժացմամբ, ճարտարապետության զարգացմամբ։ Քաղաքային ճարտարապետությունը կազմավորվել է ոճական նոր ուղղություններով։ Ավանդական ձևերը առավել պահպանել է ժողովրդական բնակարանի ճարտարապետությունը, թեև կենսական պայմանների փոփոխությունները (հատկապես քաղաքներում) այս բնագավառում էլ առաջացրել են որոշակի տեղաշարժեր։ Աշխարհագրական տարբեր շրջանների (Արարատյան դաշտի, Շիրակի լեռնահովտի, Գուգարքի, Սյունիքի, Սևանա լճի ավազանի) բնակլիմայական պայմանների, բնակչության զբաղմունքի, ազգային–կենցաղային սովորույթների տարբերությունները՝ այդ մշտական և փոփոխվող գործոնները, որոշակիորեն անդրադարձել են բնակարանի ընդհանուր հորինվածքի, սենյակների կազմի ու փոխադարձ կապի և ճարտարապետական ձևերի մեջ։

Միևնույն ժամանակ տարբեր շրջանների ժողովրդական տների ճարտարապետությանը բնորոշ է ազգային ինքնատիպ ոճական միասնության պահպանումը, մասամբ որպես հետևանք բնակելի տան կազմում ավանդական գլխատան պահպանման՝ թեկուզ իր նոր, գլխավորապես տնտեսական նշանակությամբ։ Լեռնային շրջաններում, ուր բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու դաշտավարությունն էր, գլխատունը շարունակել է լինել բազմասենյականոց բնակելի տան կորիզը։ Արարատյան դաշտի շրջաններում, որտեղ բնակչությունը զբաղվել է խաղողի, պտղի, բանջարաբոստանային և բամբակի կուլտուրաների մշակմամբ, գլխատունը մղվել է հետին պլան, ձեռք բերել սոսկ տնտեսական նշանակություն (թոնրատուն, հացատուն, մթերատուն) իր տեղը զիջելով նոր տիպի բնակելի տներին, որոնց քարաշեն, աղյուսաշեն և կավաշեն օրինակները տարածվել են Երևանում և Արարատյան դաշտի այլ բնակավայրերում։ 1, 5–2 հարկանի այդ տներում կիսանկուղային թաղածածկ հարկը հատկացվել է տնտ. նպատակներին (շտեմարան, մառան–շիրախանա), իսկ երկրորդ հարկում մեկ–երկու շարքով տեղավորվել են բնակելի սենյակները։ Բնակելի տունը ուներ բակահայաց (հաճախ՝ ճակատի ամբողջ երկայնքով) և փողոցին նայող կամարազարդ փայտակերտ պատշգամբներ, շքամուտքից բակը տանող ձևավորված միջանցք («դալան»)։ Ժողովրդական շնորհաշատ վարպետների ջանքերով դրանք իրականացվել են գեղարվեստական բարձր կատարելությամբ, հասցվել պրոֆեսիոնալ ստեղծագործության մակարդակի։

Շիրակի լեռնահովտի բնակելի տների առավել տիպական օրինակները կառուցվել են Գյումրի–Ալեքսանդրապոլում և որոշ գյուղերում։ Տարբերվելով Արարատյան դաշտի բնակելի տներից, դրանք բնութագրվում են տեղի բնակլիմայական ցուրտ պայմաններին, բնակիչների զբաղմունքին համապատասխանությամբ, ունեն ավելի հավաք հորինվածք և սենյակների փոխկապվածություն։ Գյումրիի բնակելի տները ենթաբաժանվել են գյուղական և քաղաքային խմբերի։ Հնագույնները՝ գետնափոր կամ կիսագետնափոր, քարե հաստ պատերով ու հողածածկ տափակ կտուրներով, պատկանել են դաշտավարությամբ զբաղվող բնակիչներին։ XIX դարի ընթացքում Գյումրիում կազմավորվել է 1 – 1, 5 հարկանի, կուռ հատակագծված բազմասենյականոց, առավել կատարյալ մենատների տիպը, որի հետագա զարգացումը հանգեցրել է սակավահարկ (2 – 2, 5), ինքնատիպ ճարտարապետությամբ «քաղաքային» բնակելի տների ստեղծմանը։

Նույն ժամանակաշրջանում Շիրակի լեռնահովտի առանձին գյուղերում՝ Արթիկ, Ղփչաղ (Հառիճ), Մահմուդջուղ (Պեմզաշեն), Սոգյութլու (Սառնաղբյուր), Շիրվանջուղ (Լեռնակերտ) են, ստեղծվել ու տարածվել է բազմասենյակ՝ «կոմպլեքսային» բնակելի տան տիպը, որի կազմում գլխատունը օգտագործվել է տնտեսական նպատակներով։

Հյուսիսային Հայաստանի Գուգարքի տարածքում գտնվող շրջաններում ճարտարապետությունը բնակեցման պայմանների բարելավման նշանաբանով աստիճանաբար կատարելագործվել է։ Հիմնականում անասնապահությամբ և դաշտավարությամբ զբաղվող լեռնաբնակների առավել տարածված բնակելի տան հնագույն տիպը գլխատունն էր, որի լավագույն օրինակները ստեղծվել են Ուզունիսրում (Օձունում), Դսեղում, Սանահինում, Հաղպատում, Շնողում, Կողբում, Բարանայում (Նոյեմբերյանում) և այլուր։ Բազմասենյակ («կոմպլեքսային») բնակելի տան տիպն այստեղ կազմավորվել է XIX դարի ընթացքում, գլխատանը (որպես հին կորիզի) ավելացնելով լրացուցիչ բնակելի տունը, միջնատունը (մթերանոց, հացատուն), գոմը, հարդանոցը ևն։ Ըստ տեղանքի թեքության դրանք երբեմն կիսաթաղված էին գետնում։ Հետզհետե գլխատունը կորցնելով իր բնակելի տան նշանակությունը, վերածվել է տնտեսական մասի, իր տեղը զիջելով նոր տիպի՝ քարաշեն, 1–2 հարկանի, պատշգամբավոր, երկլանջ կղմինդրածածկ կտուրով տների։ Սևանա լճի ավազանի և Գուգարքի բնակլիմայական համարյա նույն պայմաններով է պայմանավորվել այդ շրջաններում կառուցված բնակելի տների նույնատիպությունը։ Դրանով է բացատրվում գլխատան, որպես ցրտաշունչ պայմաններին առավել նպատակահարմար տիպի կենսունակությունը առանձին կամ «կոմպլեքսային» տան կազմում։ Գլխատների ուշագրավ օրինակներ են ստեղծվել Սևանի ավազանի Նոր Գյոզալդարա (Վարդենիկ), Ղարանլուղ (Գեղհովիտ), Նորադուզ, Օրդաքլու (Լճաշեն), Չիբուխլու (Ծովագյուղ) ու այլ բնակավայրերում։ Նոր Բայազետում գլխատունը շարունակել է գործածական լինել անասնապահությամբ ու դաշտավարությամբ զբաղվող ընտանիքների համար, իսկ նոր թաղամասերը կառուցապատվել են 1–2 հարկանի քարաշեն բազմասենյակ բնակելի տներով։

Սյունիքի բնակելի տներին բնորոշ է բազմազանությունը (սկսած քարանձավայինից մինչև գլխատուն և նոր տիպերը)՝ պայմանավորված տարբեր բնակլիմայական պայմաններով։ Լեռնային Զանգեզուրում, տեղի պայմաններին ու տնտեսությանը (անասնապահություն, դաշտավարություն) համապատասխան տարածվել է քարայրային և վերգետնյա բնակարանների խառը տիպը, որպիսին կար հին Կյորեսում, Խնձորեսկում, Շինուհայրում, Տեղում և այլ բնակավայրերում։ XIX դ. 2-րդ կեսից, երբ հին Կյորեսի բնակիչները սկսել են կառուցապատել նոր Գորիսը, ընտրել են ավանային՝ 1–2 հարկանի, սենյակների միաշարք և երկշարք դասավորությամբ, առաջին հարկը օժանդակ նպատակներին հատկացված բնակելի տան տիպը։ Իրենց մասշտաբով, կիրառված քարի գույնով ու ճարտարապետությամբ կազմավորվել է ճարտարապետական միասնական միջավայրի համայնապատկերը։ Մեղրիի բնակելի տները բնութագրվելով շոգ կլիմային առավել համապատասխանությամբ, իրենց հորինվածքով ու ձևերով նմանվել են Արարատյան դաշտի, հատկապես Երևանի բնակելի տներին։

Ժողովրդական բնակելի տան ճարտարապետության զարգացմանը զուգընթաց Արևելյան Հայաստանի քաղաքներում՝ Երևանում, Ալեքսանդրապոլում, Կարսում, մասամբ՝ Վաղարշապատում XIX դարի 2-րդ կեսին և XX դ. սկզբին կազմավորվել է նորատիպ ճարտարապետություն՝ թելադրված կապիտալիստական հարաբերություններին անցած քաղաքային հասարակության պահանջմունքներով։ Նորատիպ բնակելի, վարչա–հասարակական, ուսումնական, կոմունալ և արտադրական շենքերի կառուցումով արմատավորվել են Անդրկովկասի (Թիֆլիս, Բաքու) և Ռուսաստանի քաղաքներում տարածված ոճական ուղղությունները։

Քաղաքային նորատիպ շենքերը մեծ մասամբ կառուցվել են Ռուսաստանում և Եվրոպայում մասնագիտացած ճարտարապետների նախագծերով։ Տարբեր տիպի շենքերը (տեղաբաշխված ըստ քաղաքային իշխանությունների առաջադրանքի) կառուցված մասնագիտական հսկողությամբ, բնութագրվում են ճարտարապետա–գեղարվեստական աճած մակարդակով, կիրառական պահանջներով թելադրված հորինվածքների մշակվածությամբ, ոճական ու մասշտաբային միասնությամբ, գործածված շինանյութի (տեղական տարբեր երանգի տուֆերի) ընդհանրությամբ։ Դրա շնորհիվ քաղաքների նորաբաց փողոցներում և հրապարակներում կազմավորվել են առանձին կամ ամբողջական ներդաշնակ հատվածներ։ Նոր շենքերով արմատավորված ճարտարապետական ոճերը, գլխավորապես ռուսական կլասիցիզմը, սակավ չափով՝ մոդեռնը, կեղծ մավրիտանականը, եկեղեցական շենքերում նաև հայկական ու ռուսական, նպաստել են հին քաղաքների ճարտ. նկարագրի կերպարանափոխմանը։

Գերիշխող ռուսական կլասիցիստական ոճի յուրացումը ընթացել է ոչ թե մեխանիկորեն, այլ ստեղծագործաբար։ Տեղի բնակլիմայական, ազգային և այլ գործոնները, կենսունակ ավանդույթները, տեղական շինանյութերի և կառուցման կերպի կիրառումը կլասիցիզմի ոճը տեղայնացրել են յուրօրինակ մեկնաբանություններով։ Առավել չափով դա ակնառու է քաղաքային նոր տիպի բնակելի տների մի խմբում (Երևանում՝ Բաբաջանյանների, Ջանիբեկյանների, Խադաբաշյանների, Ալեքսանդրապոլում՝ Ձիթողցյանների, Մերկուրովների), որոնց «գյումրիական» ճարտարապետության մեջ ներդաշնակորեն զուգակցվել են տեղականն ու նորամուտը։

Քաղաքային նորատիպ բնակելի տների մի այլ խումբ են կազմում Երևանում՝ Տեր–Ավետիքյանների, Խորասանյանների, Աֆրիկյանների, Թադևոսյանների, Խանզադյանների, Եղիազարյանների և շատ ուրիշների, Ալեքսանդրապոլում՝ Արսախակալյանների, Յուզբաշյանների, Պալյանների, Տեր–Պողոսյանների, Կարսում՝ Մկրտումյանների, Զիթողցյանների, Հակոբյանների, Ալեքսանդրյանների տները, որոնցում կլասիցիզմի ոճը առավել ցայտուն է արտահայտվել։ Այդ մենատներն ու «շահութաբեր տները» մեծ մասամբ երկհարկանի են, ավելի սակավ՝ 3–4 հարկանի (Ձիթողցյաններինը և Մկրտումյաններինը՝ Կարսում), հատակագծված են սենյակների միաշար և երկշար հորինվածքով, ընդ որում «շահութաբեր տներում» բնակելի և օժանդակ սենյակների համեմատաբար պակաս կազմով քան մենատներում Էր։ Վարչահասարակական, հանդիսատեսային և ուս. շենքերի արտաքին և ներքին ճարտաքրապետությունը առավել չափով է սնվել կլասիցիզմից։ Ռուստային շարվածքի, օրդերային համակարգի, գոտիների ու փարթամ քիվերի օգնությամբ ճակատների հարթությունները ենթարկվել են պլաստիկական ակտիվ մշակման։ Հարուստ ձևերով ընդգծվել են շքամուտքերը, լուսամուտների ու դռների բացվածքները, երեսակալներն ու ճակտոնավոր (աղեղնաձև, եռանկյունաձև) վերնաքիվերը, դեպի փողոց կարկառված, պահունակներին հենվող ու գեղեցիկ ճաղաբազրիքներով եզերված պատշգամբները։

Նշված հատկանիշներով են օժտված Երևանում XIX դարի վերջին և XX դարի սկզբին կառուցված նահանգապետարանի (հետագայում՝ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի շենքը) և դիմացի (հետագայում՝ ՀՍՍՀ ձկնատնտեսության պետ. կոմիտեի շենքը, ճարտարապետ Ֆոն դեր Նոնե) շենքերը, Ուսուցչական սեմինարիայի (ապա՝ Ժողովրդական տնտեսական ինստիտուտի շենքը, ճարտ. Բ. Մեհրաբյան), Պետական գանձարանի (ապա՝ Մինիստրությունների շենքը Ազիզբեկովի հրապարակում), Պետական բանկի (ապա՝ 2-րդ հիվանդանոցի շենքը), «Տղայոց» և «Օրիորդաց» (Հռիփսիմյան) գիմնազիաների շենքերը (բոլորի ճարտ. Վ. Միրզոյան)։ Ճարտարապետական նույնպիսի նկարագիր են ունեցել «Անգլիական այգու» (այժմ՝ 26 կոմիսարների անվան) հյուսիս–արևմտյան սահմանով ձգված և շուկայական հրապարակի կողմը դարձած շենքերի (1–2 հարկանի, առաջին հարկում՝ խանութներով) շարքը։ Երևանի հանդիսատեսային շենքերի առաջնեկներն էին Ջանփոլադյանների թատրոնը (հետագայում՝ Սպայի տուն, ճարտ. Բ.Արազյան), Դրամատիկական թատրոնը (հետագայում՝ Երաժշտական կոմեդիայի թատրոն, ճարտ. Վ. Միրզոյան), Քաղաքապետարանը (հետագայում՝ Սպանդարյանի շրջսովետի շենքը), «Օրիանտ» և «Գրանդ հոթել» հյուրանոցները ևն։ Ոճական որոշ տարբերությամբ, դրանց թվին կարող է դասվել «Տղայոց գիմնազիայի» նոր շենքը (հետագայում՝ «Կուլտուրայի տունը» Լենինի հրապարակում, ճարտ. Վ. Սիմոնսոն)։ Ալեքսանդրապոլում կլասիցիզմի ճարտարապետական ոճով կառուցված շենքերի լավագույն օրինակներն են՝ «Օֆիցերական ակումբը» (ճարտարապետ Էլլարով), «Առևտրական» և «Օրիորդաց» (Օլգինյան) գիմնազիաները (ճարտ. Միրոնով), իսկ Կարսում՝ «Օֆիցերական ակումբի», «Պետական գանձարանի», հյուրանոցի և մի քանի այլ շենքեր։

Նույն ժամանակաշրջանում Արևելյան Հայաստանի դանդաղորեն զարգացող արդյունաբերության հիմնական կենտրոն Երևանի տարբեր մասերում կառուցվել են արտադրության տարաբնույթ ձեռնարկությունների շենքեր (1912 թ.-ի դրությամբ՝ մինչև 67)։ Դրանցից են՝ Թայիրյանի, Սարգսյանի, Շուստովի, Աֆրիկյանի, Գյոզալյան և սպիրտ–կոնյակի, Տեր–Ավետիքյանի թուջաձուլման և մեխանիկական, Գաբրիելյանի և Սարգսյանի պահածոների, Ավետյանի բամբակամամլիչ, Գյոզալյանի ձիթազտիչ, կաշվի, լիմոնադ–գարեջրի և այլ գործարանները։ Դրանցից մի քանիսի՝ Սարաջյանի (1894թ.), Շուստովի (1899թ.) և Գյոզալյանի (1893թ.) ձիթազտիչ գործարանների ճարտարապետությունը չհամապատասխանելով դրանց բնույթին, մեծ ընդհանրություն ունի նույն ժամանակաշրջանի Երևանի քաղաքացիական ճարտարապետության հետ։ Մոտավորապես նման է Ալեքսանդրապոլի (մեխանիկական, գարեջրի, շինանյութերի) և Կարսի տարբեր տեսակի արտադրական շենքերի ճարտարապետությյանը։

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի

Այլ է պատկերը եկեղեցական ճարտարապետության բնագավառում, որտեղ պահպանվել է ազգային ճարտարապետական ավանդույթների շարունակման ստեղծագործական միտումը։ Դա արտահայտվել է ինչպես հայկական, այնպես էլ ռուսական եկեղեցիների ճարտարապետության մեջ։ Հայկական եկեղեցական ճարտարապետության ոճով են կերտվել Երևանի Ս. Լուսավորիչը (1868–1900թթ.), Ս. Զորավորի դամբարան–զանգակատունը (XX դ. սկիզբ, ճարտ. Վ. Միրզոյան), Ալեքսանդրապոլի Սուրբ Ամենափրկիչը (1858–1876թթ., հեղինակներ՝ վարպետներ Թադևոս (Թաթոս) Անտիկյան և Մանուկ Պետրոսյան (Արդար Մանուկ)) Կարսի քաղաքամեջի նոր (1908–1915թթ.), Նոր Բայազետի կենտրոնի (1903, ճարտ.՝ Վ. Միրզոյան) եկեղեցիները։ Կառուցվել են Վարդենիսի, Մրգավանի (Արտաշատի շրջան), Արարատյան դաշտի մի շարք գյուղերի եկեղեցիները, Աշտարակի Մարինե և Եղվարդի Ս. Աստվածածին եկեղեցիներին կցակառուցված գավիթները, Տաթևի վանքի և Կարսի Առաքելոց եկեղեցու զանգակատները, նույն եկեղեցուն կցակառուցված նախամուտքերը (1885, հեղ. ճարտարապետության ակադեմիկոս Գ. Գրիմ) և այլն։

Ռուսական եկեղեցական ճարտարապետության ոճն իր արտահայտությունն է գտել Երևանի Նիկոլաևյան (190թ.1, ճարտ. Վ. Միրզոյան, կառուցումն ավարտել է Ի. Կիտլինը), Քանաքեռի, Ալեքսանդրապոլի «Սևեռսկի պոստի» և «Կազաչի պոստի» զինվորական եկեղեցիները (XX դ. սկիզբ, առաջինի ճարտ. Վ. Միրզոյան, մյուսներինը՝ ենթադրաբար նույնը), Ալեքսանդրապոլի «Պատվո բլուրի» վրա կառուցված «Պլպլան ժամը», Կարսի ռուսական եկեղեցին (1908թ.), զորամասային մի քանի եկեղեցիներ։

Բազմաոճ են XIX դարի վերջ –XX դարի սկզբին Վաղարշապատում կառուցված Ս. Էջմիածնի վանքապատկան քաղաքացիական շենքերը։ Դրանց թվին են պատկանում Մայր տաճարին կցված թանգարանի (1869թ.), Գևորգյան ճեմարանի (1869–1874թթ.), Երեմյան խցերի (1875թ.), ճեմարանի ննջարանային մասնաշենքի (1879թ.), «Հայրիկյան» թանգարանի (1896թ.), տպարանի (1888–1898թթ., ճարտ. Մ. Սալամբեկյան), հիվանդանոցի (1902թ., ճարտ. Լ. Շիրմազանյան), սերտարանի (1911թ., ճարտ. Վ. Միրզոյան), ուսումնական աստղադիտարանի (1911–1914թթ., ճարտ. Ա. Կալգին) շենքերը։ Բացառություն են կազմում մատենադարանը (այժմ՝ հոգևոր ճեմարան, 1910–1911թթ.) և նոր վեհարանը (1910–1914թթ.), որոնց հեղինակը՝ թիֆլիսահայ ճարտարապետ Պ. Զուրաբյանը, ջանացել է դրանք մեկնաբանել հայկ. ճարտարապետության ավանդույթների ոգով։ Նույն կարգի է Թիֆլիսում կառուցված Ներսիսյան դպրոցի նոր շենքը (1909–1912թթ., ճարտարապետ Ա. Մորովիցկի, կառուցման ղեկավարներ՝ Պ. Զուրաբյան, Մ. Նեպրինցև)։

Թիֆլիսում և Բաքվում է ընթացել հայազգի տաղանդաշատ ճարտարապետների՝ Գ. Տեր–Միքելյանի, Ք. Տեր–Սարգսյանի, Ղ. Սարգըսյանի, Վ. Սարգսյանի, Հ. Տեր–Հովհաննիսյան–Քաջազնունու, Դ. Չիսլիևի, Պ. Զուրաբյանի, Ն., Բաևի, Ն. Մադաթովի, Ֆ. Աղալյանի, Ա. Ռոաինյանի և ուրիշների ստեղծագործական կյանքը։ Կատարելով տեղի հայկական համայնքների և այլ պատվիրատուների առաջադրանքը, նրանց նախագծերով կառուցվել են բազմաբնույթ շենքեր, որոնք էապես նպաստել են Անդրկովկասի երկու կարևոր կենտրոնների քաղաքային նոր ճարտարապետության կազմավորմանը։ Թիֆլիսում կառուցված շենքերից նշանավոր են՝ Մ. Արամյանցի «Մաժեստիկ» հյուրանոցը (այժմ՝ «Թբիլիսի», 1912–1915թՎ, ճարտ.՝ Գ Տեր–Միքելյան), Ղ. Սարգսյանի նախագծերով կառուցված Զուբալովի ժողովրդական տունը (1902թ., ապա՝ Կ. Մարջանիշվիլու անվան թատրոն), Անդրկովկասյան օֆիցերական ընկերության ակումբը (1902թ., ապա՝ կենտրոնական հանրախանութ), Ա. Մանթաշյանի առևտրական դպրոցը (1911թ.) և մենատունը (1912–1914թթ.)։

Հայ ճարտարապետների նախագծերով Թիֆլիսում կառուցվել են Մելիք Ազարյանի և ուրիշների բազմաթիվ շահութաբեր բնակելի տներ ու մենատներ, հանդիսատեսային, մշակութային ու այլ բնույթի շենքեր։ Բաքվում կառուցվածներից հիշատակելի են՝ Հասարակական հավաքույթի ամառային ակումբի (այժմ՝ ֆիլհարմոնիայի համերգային դահլիճ, 1910–1912թթ.), Թիֆլիսի առևտրական բանկի Բաքվի բաժանմունքի (այժմ՝ «Մանկական աշխարհ» հանրախանութ, 1902–1903թթ.) շենքերը, Յուզբաշյանի (1900–1901թթ.), Ադամյան եղբայրների (1908–1909թթ.), Թաղիևների (1909–1911թթ.), Սադիխովների (1909–1912թթ.) շահութաբեր բնակելի տները (բոլորը՝ ճարտ. Գ. Տեր–Միքելյան), Մայիլովի թատրոնը (այժմ՝ Ախունդովի անվան օպերայի և բալետի պետական թատրոն, 1910թ., ճարտ. Ն. Բաև), Ս. Թադեոս և Բարդուղիմեոս եկեղեցին (այժմ գոյություն չունի, 1910–1911թթ., ճարտ. Հ. Տեր–Հովհաննիսյան–Քաջազնունի)։ Ճարտարապետներ Վ. Սարգսյանի, Ֆ. Աղալյանի և ուրիշների նախագծերով Բաքվում կառուցվել են բազմաթիվ բնակելի, վարչա–հասարակական, ուսումնական, առևտրային, արտադրական և այլ բնույթի շենքեր ու կառույցներ։ XX դարի սկզբին Պետերբուրգում, Մոսկվայում, Կրատովոյում և Յարոսլավլում նույնպիսի բեղմնավոր գործունեություն է ծավալել ճարտարապետության ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը, որի նախագծերով Մոսկվայում կառուցվել է Շչերբատովների տունը, իսկ Կրատովոյում՝ հիվանդանոցային մասնաշենքերի ու բնակելի ավանի մի ընդարձակ համալիր։

Խորհրդային ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ խորհրդային ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երևանի գլխավոր հատակագիծը (1924, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյան)

Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո, 1922 թ.-ից սկսվել է կազմակերպված շինարարական գործը։ 1923 թ.-ին ժողկոմխորհին կից ստեղծվել է Գերագույն տեխնիկական բաժին, որը ղեկավարել է նախագծային և շինարարական աշխատանքները։ Կազմվել են քաղաքների և այլ բնակավայրերի հատակագծեր, ոռոգիչ կառույցների, հիդրոէլեկտրակայանների և այլ շինությունների նախագծեր։ Այդ գործին իրենց մասնակցությունն Են բերել ճարտարապետներ Ալեքսանդր Թամանյանը, Ն. Բունիաթյանը, Դ. Չիսլիևը (Չիսլյան), Հ. Քաջազնունին, Բ. Արազյանը, Ֆ. Աղալյանը, Ն. Բաևը, Հ. Զաքյանը, Հ. Խիզանյանը, Ղ. Սարգսյանը, իսկ 1920-ական թթ. վերջերից նաև Մոսկվայի և Երևանի բուհերն ավարտած Կ. Հալաբյանը, Մ. Մազմանյանը, Գ. Քոչարը, Տ. Երկանյանը, Ս. Սաֆարյանը, Մ. Գրիգորյանը, Հ. Մարգարյանը, Ա. Ահարոնյանը։

1924 թ.-ին ժողկոմխորհը հաստատել է Ալեքսանդր Թամանյանի կազմած Երևանի գլխավոր հատակագիծը (150 000 բնակչի համար), որը հիմք դարձավ մայրաքաղաքի հետագա բոլոր հատակագծերի համար։ Այն սովետական քաղաքաշինության առաջին նշանակալի երևույթներից էր։ 1932 թ.-ին Թամանյանը վերամշակել է հատակագիծը, իսկ 1934 թ.-ին սկսել «Մեծ Երևանի» հատակագիծը (500 000 բնակչի համար), որը մնացել է անավարտ։ 1925–1933 թթ.-ին Թամանյանը կազմել է նաև Լենինականի, Վաղարշապատի, Ախտայի (Հրազդան), Նոր Հայագետի (Կամո) և այլ բնակավայրերի գլխավոր հատակագծերը։ Լենինականի 1926 թ.-ի երկրաշարժից հետո կազմվել է քաղաքի կենտրոնի մանրամասն հատակագիծ (ճարտ. Դ. Չիսլիև), որով տարվել են վերակառուցման աշխատանքներ։ 1932 թ.-ին մշակվել է քաղաքի նոր գլխավոր հատակագիծը (ճարտ. Մ. Մազմանյան)։ 1930–1934 թթ.-ին կազմվել են Ղարաքիլիսայի (Վանաձոր) վերակառուցման (ճարտարապետներներ՝ Կ. Հալաբյան, Մ. Մազմանյան, Գ. Քոչար), ինչպես նաև այլ բնակավայրերի ու առողջավայրերի (Արզնի, Դիլիջան) հատակագծեր։

1920-ական թվականների կեսերից ծավալվել է բնակելի տների նախագծումն ու շինարարությունը։ Երևանում 1924 թ.-ին կառուցվել են միահարկ բնակելի տներ (ճարտ. Ն. Բունիաթյան) Նալբանդյան, Թումանյան փողոցներում։ 1925 թ.-ից նախագծվել և կառուցվել են (ղեկավար Ն. Բունիաթյան) 2, 3 հարկանի երկսեկցիոն բնակելի տներ՝ 2–4 սենյականոց բնակարաններով։ Լենինականում, երկրաշարժից հետո, կառուցվել են երեք տիպի երկհարկանի (1926, ճարտ. Դ. Չիսլիև), ինչպես և տեքստիլ կոմբինատի (1927թ., ճարտ. Ղ. Սարգսյան) բնակելի տները։ Երկհարկանի բնակելի տներ կառուցվել են նաև Կիրովականում։ 1920–1930-ական թթ. շենքերի տիպայնացման առաջին փորձերն են արվել, կառուցվել են մի քանի տիպի 1–2 հարկանի բնակելի տներ (1925թ., ճարտ. Ա. Թամանյան) Լուկաշին ավանում (Հոկտեմբերյանի շրջան), մշակվել են բնակելի տների սեկցիաներ (1929–1930թթ., ճարտարապետներ՝ Հ. Մարգարյան, Ա. Ահարոնյան), որոնք իրականացվել են։ 1920–1930-ական թթ. բնակելի տան հիմնական տիպը եղել է սեկցիոն, 3–5 հարկանի տունը։ Կառուցվել են նաև սրահային տներ և առանձնատներ։ Երևանի բնակելի տներից ուշագրավ են Նալբանդյան և Թումանյան փողոցների հանգույցում(1927, ճարտ. Ն. Բունիաթյան), Պուշկինի (1926–27թթ., ճարտ. Ա. Թամանյան), Կարմիր բանակի (Երհէկի՝ «Շախմատաձև», 1930–1932թթ., ճարտարապետներ՝ Կ. Հալաբյան, Մ. Մազմանյան), Աբովյան («Պրոֆեսորների», 1932–34թթ., ճարտ. Ս. Սաֆարյան) փողոցների բնակելի տները։ 1930-ական թթ. նախագծվել են նաև բազմասեկցիոն բնակելի տներ, որոնցով կառուցապատվել են թաղամասեր։ Իրականացվել է Կաուչուկի կոմբինատի բնակելի թաղամասը (1932–1934թթ., ճարտարապետներ՝ Մ. Մազմանյան, Հ. Մարգարյան, Ս. Սաֆարյան, Գ. Քոչար)։

Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

1920-ական թվականներից ծավալվել է նաև հասարակական շենքերի շինարարությունը։ 1927 թ.-ին հրատարակվել է դպրոցների (5 տարբերակ), խրճիթ–ընթերցարանի և շրջկենտրոնների ժողովրդական տան տիպային նախագծերի ալբոմ։ 1920–1930-ական թթ. ճարտարապետության մեջ առկա են կլասիցիզմի ձևերի օգտագործում, հայ ճարտարապետության ավանդույթների ստեղծագործական կիրառություն, մասամբ նաև «մոդեռն» ուղղության, ճարտարապետների նոր խմբավորումների («ժամանակակից ճարտարապետներ», «Նոր ճարտարապետներ», «Պրոլետարական ճարտարապետներ») ստեղծագործական սկզբունքների ազդեցություններ, որոնք ավելի ցայտուն արտահայտվել են հասարակական շենքերում։ 1926 թ.-ին սկսվել է Պետական թատրոնի (ժողտուն) նախագծի մշակումը (ճարտ. Ա. Թամանյան), որն ըստ մտահղացման պետք է լիներ նոր տիպի հասարակական շինություն, ուր, թատերական ներկայացումներից բացի, կազմակերպվելու էին ժողովրդական տոներ, հանդիսություններ։ Բեմի հանդիպակաց կողմերի երկու դահլիճները (ձմեռային և ամառային) անհրաժեշտության դեպքում կարող էին միավորվել և դառնալ մեծ հանդիսարան։ Շենքը կառուցելիս մի շարք մտահղացումներ մնացել են անավարտ կամ փոխվել են (չի իրականացվել դահլիճները միավորելու գաղափարը, գրանիտով կառուցվել են միայն շենքի առաջին երկու հարկերը և այլն)։ Շենքի ձմեռային դահլիճի մասն ավարտվել է 1939 թ.-ին, ուր սկսել է գործել օպերայի և բալետի թատրոնը, իսկ ամառային դահլիճի մասը՝ որ կառուցման ընթացքում վերափոխվել է համերգային դահլիճի, շահագործման է հանձնվել 1953 թ.-ին։

1926–1929 թվականներին կառուցվել է Հողժողկոմատի շենքը (ճարտ. Ա. Թամանյան), որը հետո օրգանապես ներգրավվել է Հայկական ՍՍՀ Կառավարական տան (1932–1941թթ., ճարտ. Ա. Թամանյան) մեջ։ Կառավարական տունը և թատրոնի շենքը մտահղացումով և բովանդակությամբ նոր տիպի կառույցներ են, նորարարական մի շարք կողմերով։ Հայ ճարտարապետության լավագույն ավանդույթներն ու կենսունակ ձևերը կիրառվել են ստեղծագործաբար, ստացել ժամանակակից հնչողություն։ Սրանք վճռական նշանակություն են ունեցել հայ սովետական ճարտարապետության հետագա ընթացքի համար։

1920–1930-ական թթ. Երևանում կառուցվել են համալսարանի աստղադիտարանը (1930–1933թթ.), Անատոմիկումը (1926–1933թթ.), Հանրային գրադարանը (1932–1938թթ.) Անասնաբուժական (1928–1930թթ.), Ֆիզիոթերապևտիկ (1927–1938թթ.), Պոլիտեխնիկական (1927–32թթ.) ինստուտները (բոլորը՝ ճարտ. Ալեքսանդր Թամանյան), «Ինտուրիստ» հյուրանոցի (այժմ՝ «Երևան», 1926–1928թթ.), Գյուղատնտեսական բանկի (1928–30թթ.), «Սևան» հյուրանոցի (1930–38թթ.) շենքերը (բոլորը՝ ճարտ. Ն. Բունիաթյան)։ «Մոդեռն» ճարտարապետության ձևերով են նախագծված Արդարադատության մինիստրության (1929), Պիոներների պալատի (1935–1937թթ.) շենքերը (ճարտ. Ն. Բայև)։ Ճարտարապետական նոր խմբավորումների ստեղծագործական սկզբունքներով են կառուցվել Կառուցողների ակումբը (այժմ՝ Կ. Ստանիսլավսկու անվ. ռուս, թատրոնի և ֆիզկուլտուրայի ու սպորտի կոմիտեի շենքը, 1928–1929թթ., ճարտարապետներ՝ Կ. Հալաբյան, Մ. Մազմանյան, Գ. Քոչար), Անասնաբուժական ինստ–ի հանրակացարանը (1932–33թթ., ճարտ. Գ. Քոչար), Երկրաբանական վարչության շենքը (1930թ., ճարտարապետներ՝ Կ. Հալաբյան, Մ. Մազմանյան) և այլն։

Հասարակական շենքեր կառուցվել են նաև Լենինականում՝ հյուրանոցը (1927–1928, ճարտ. Դ. Չիսլիև), Քաղսովետի շենքը (1931–1934թթ., ճարտ. Գ. Քոչար), Հոկտեմբերյանում՝ երկաթուղային կայարան (1927թ., ճարտ. Մ. Կալաշնիկով), հիվանդանոցի և ակումբի շենքեր Կիրովականում, Ալավերդիում և այլուր։

Իրականացվել են արդ. կառույցներ, հիդրոէլեկտրակայաններ, որոնցից նշանակալի են Երևանի 1-ին հէկը (1923–1926թթ., ճարտ. Ա. Թամանյան) և կարի գործարանը (1929–1931թթ., ճարտարապետներ՝ Հ. Մարգարյան, Ա. Ահարոնյան)։

1920-ական թթ. տարվել են նաև բարեկարգման աշխատանքներ՝ փողոցների սալահատակում, կանաչապատում և այլն, Երևանում կանգնեցվել են Ա. Շահումյանի արձանը (1929–1931թթ., քանդակագործ՝ Սերգեյ Մերկուրով, ճարտ. Ի. ժոլտովսկի), Խաչատուր Աբովյանի արձանը «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակում (1933, քանդակագործ՝ Ա. Տեր–Մարուքյան, ճարտ. Մ. Գրիգորյան, հետագայում փոխադրվել է Քանաքեռ՝ Խ. Աբովյանի տուն–թարգարանի առջև), Լենինականում՝ Մայիսյան ապստամբության զոհերի հուշարձանը (1931թ., քանդակագործ՝ Ա. Սարգսյան) և այլ ոչ մեծ հուշարձաններ։

1920–30-ական թթ. ճարտության նախագծային գործը կենտրոնացած էր Ալեքսանդր Թամանյանի (1923թ.) և Ն. Բունիաթյանի (1926թ.) ղեկավարած արվեստանոցներում։ 1929թ.-ին ստեղծվել է Պետական նախագծային բյուրո (1932թ.-ից՝ Պետական նախագծային ինստիտուտ, տնօրեն Կ. Հալաբյան, ապա՝ Գ. Քոչար)։ 1923թ.-ին ստեղծվել է Հնությունների պահպանության կոմիտե (նախագահ՝ Ալեքսանդր Թամանյան), որը լայն գործունեություն է ծավալել։ Այդ տարիներին Թորոս Թորամանյանը շարունակել է ուսումնասիրությունները հայ ճարտարապետության պատմության վերաբերյալ։ 1923թ.-ին ստեղծվել է Հայաստանի կերպարվեստի աշխատողների ընկերություն (նախագահ՝ Ա. Թամանյան), ուր ներգրավվել են նաև ճարտարապետներ։1929թ.-ին Պրոլետարական ճարտարապետների համամիութենական միավորման («ՎՕՊՐԱ») օրինակով Երևանում հիմնվել է Հայաստանի պրոլետարական ճարտարապետների միավորումը («ՕՊՐԱ»)։ Միավորման անդամները ճարտարապետության մեջ կարևոր էին համարում կենցաղային, շինտեխնիկական խնդիրները, նոր կոնստրուկցիաների կիրառումը։ Մեծ նշանակություն էր տրվում բնակավայրի կոմպլեքսային նախագծմանը։ Միավորումը քննադատում և անընդունելի էր համարում ժամանակի մյուս ճարտարապետական ուղղությունները, մերժում էր ճարտարապետական ժառանգությունը և ավանդույթները, ճարտարապետական ստեղծագործությունը դիտվում էր լոկ որպես շենքի ֆունկցիոնալ և տեխնիկական հատկանիշների միավորման արդյունք։ 1930-ական թթ. սկզբներից քննադատվել են «Պրոլետարական ճարտարապետների», ինչպես և մյուս նոր խմբավորումների ստեղծագործական սկզբունքները, դրանց անդամների կառույցները։

1932 թ.-ի ապրիլի 23-ի՝ ՀամԿ(բ)Կ Կենտկոմի «Գրական–գեղարվեստական կազմակերպությունների վերակառուցման մասին» որոշումով վերացվեցին նաև ճարտարապետության ասպարեզում եղած խմբավորումները, ստեղծվեց միասնական ստեղծագործական կազմակերպություն՝ Սովետական ճարտարապետների միություն (1955 թ.-ից ՍՍՀՄ ճարտարապետների միություն)։ Հայաստանի Կ(բ)Կ Կենտկոմի 1932 թ.-ի մայիսի 9-ի որոշմամբ ստեղծվեց Հայաստանի ճարտարապետների միություն կազմակերպող հանձնաժողով՝ Ա. Թամանյան, Ն. Բունիաթյան, Գ. Քոչար (նախագահ), Մ. Մազմանյան (փոխնախագահ), Ա. Ահարոնյան, Ռ. Հակոբյան, Բ. Արազյան, Հ. Մարգարյան, Հ. Մկրտչյան։ ՍՍՀՄ–ում ճարտարապետության ստեղծագործական ուղղության մեջ փոփոխություններ եղան, այլ հիմնական խնդիրների հետ կարևոր դարձան անցյալի ժառանգության քննադատական օգտագործման, ինչպես նաև գեղարվեստական արտահայտչականության հարցերը։

1930–1950-ական թթ.

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երևան. «Մոսկվա կինոթատրոնը» (1937, ճարտարապետներ՝ Տ. Երկանյան, Գ. Քոչար)

1930-ական թթ. 2–րդ կեսը նշանավորվել է սովետահայ ճարտարապետության նոր առաջընթացով։ Հնգամյա պլանների իրականացման շնորհիվ բուռն աճ է ապրել հանրապետության տնտեսությունն ու մշակույթը։ Ծավալվել է ֆաբրիկաների, գործարանների, բնակելի տների, դպրոցների, մանկական և բուժական հիմնարկների, ակումբների, գրադարանների շինարարությունը։ Քաղաքաշինական խնդիրներն առաջնահերթ և կարևոր նշանակություն են ստացել։

Երևանի տեխնիկա–տնտեսական ինժեներական հաշվարկներով հիմնավորված նոր գլխավոր հատակագիծը հաստատվել է 1939 թ.-ին («Լենգիպրոգոր», ճարտարապետներ՝ Ի. Մալոգեմով, Ն. Զարգարյան, Ս. Կլևիցկի, 350 000 բնակչի համար)։ Պահպանելով Ալեքսանդր Թամանյանի կազմած գլխավոր հատակագծի հիմնական սկզբունքները, նախատեսվում էր ընդարձակել քաղաքի սահմանները։ Աճող քաղաքն ընդգրկելու էր Նորք արվարձանն ու Քանաքեռի բարձրավանդակը, ուր ստեղծվել էր արդարակ տեղաբաշխման նոր շրջան։ Նախագծվել էին մայրաքաղաքի շրջանային կենտրոններ, որոնք կապվում էին Լենինի հրապարակին՝ որպես գլխավոր կենտրոնի։ Մեծ ուշադրություն էր դարձվել կանաչապատմանը։ Նախատեսվել էր կառուցապատման հարկայնությունը՝ 4–5։ Առանձնացվել էին անհատական շինարարության շրջաններ։ Տրանզիտային շարժումը դուրս էր բերվել քաղաքից։

Լենինականի գլխավոր հատակագիծը (1932–1937թթ., ճարտարապետներ՝ Միքայել Մազմանյան, Փ. Մանուկյան, Գ. Մուրզա) ուներ քաղաքաշինական առաջադիմական լուծումներ, նախատեսված էր բնակչության սպասարկման բազմաստիճան սիստեմ, թաղամասերում՝ բնակելի տների ու հասարակական շենքերի համալիրներ։ Հետագա հատակագծում (1940, ճարտարապետներ՝ Հ. Դավթյան, Ս. Կարապետյան, Փ. Մանուկյան, Դ. Մուրզա, կոնսուլտանտ՝ Լ. Իլյին) հաշվի էր առնված նաև քաղաքի ընդլայնումը, կապը երկաթուղային կայարանի ու հյուսիսային շրջանի միջև, ուր գտնվում է Լենինականի հիմնական քաղաքաստեղծ գործոնը՝ տեքստիլ կոմբինատը։

Կիրովականը ըստ նոր գլխավոր հատակագծի (1939թ., ճարտարապետներ՝ Ն. Զարգարյան, Ա. Մինասյան) նախատեսվում էր զարգացնել որպես արդյունաբերական կենտրոն և ամառանոցային քաղաք։ Կազմվել են նաև Էջմիածին (1939թ., ճարտ՝. Ս. Մանուկյան, կոնսուլտանտ՝ Լ. Իլյին), Դիլիջան (1939թ.), Ալավերդի (1947թ., երկուսն էլ՝ ճարտ. Հ. Իսաբեկյան) քաղաքների վերակառուցման ու զարգացման գլխավոր հատակագծերը։ 1930-ական թթ. 2-րդ կեսին գյուղերի և շրջկենտրոնների հատակագծման ծավալուն աշխատանք է տարվել։ Կազմվել են Փարաքարի, Նորագյուղի (ճարտ. Մ. Մազմանյան), Դյոդակլուի, Վերին Արտաշատի (ճարտարապետներ՝ Գևորգ Քոչար, Տիրան Մարության), Ֆանտանի (ճարտ. Ռ. Գրիգորյան), Արմավիրի (ճարտ. Ս. Ասոյան) գլխավոր հատակագծերը։ Մշակվել են գյուղական տան մի քանի տիպեր, ակումբի նախագծեր, որոնցից լավագույնները՝ Կոշի (ճարտ. Ռաֆայել Իսրայելյան), Վերին Սասունաշենի (ճարտ. Հովհաննես Մարգարյան), Կամոյի (ճարտ. Հրայր Իսաբեկյան) ակումբները կարևոր դեր են կատարել բնակավայրերի ճարտ. կերպարի ձևավորման գործում։

Երևան, կոնյակի գործարանը (1944–1952, ճարտ. Հ. Մարգարյան)

Սովետահայ ճարտարապետները, լայնորեն կիրառելով բնական քարերի անսպառ հարստությունը, երևան են բերել նրանց պլաստիկ և գեղանկարչական հատկությունները։ Ուսումնասիրելով ժողովրդական ճարտարապետությունը, քարի զարդաքանդակման վարպետությունը, 1930-ական թթ. 2-րդ կեսին ազգային նոր ձևերի ստեղծման փորձեր են արվել։ Կառուցվել են Երևանի «Մոսկվա» կինոթատրոնը (1937թ., ճարտարապետներ՝ Տ. Երկանյան, Գ. Քոչար), կենտրոնական հանրախանութը (1936–1937թթ., ճարտարապետներ՝ Ա. Ահարոնյան, Մ. Մազմանյան, Հ. Մարգարյան, Գ. Քոչար), բժշկական և գյուղատնտեսական ինստիտուտները (1934–1955թթ., ճարտ. Ս. Սաֆարյան), ծննդատունը (1938թ., ճարտ. Մ. Դրիգորյան, ապա՝ Մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ), Գրքի պալատը (1935–1940թթ., շինարարությունը ավարտվել է 1960 թ.-ին, ճարտարապետներ՝ Մ. Մազմանյան, Հ. Մարգարյան, Ս. Ներսիսյան), որոնք արտացոլում են սովետահայ ճարտարապետության ոճի որոնումները, ազգային ժառանգության ձևերի օգտագործումը։ Այս կառույցները նոր փուլ են նշանավորել սոցիալիստ, ռեալիզմին տիրապետելու ճանապարհին։ Այս առումով նշանակալի է հատկապես «Արարատ» տրեստի գինու գործարանի մառանների շենքը (1938, ճարտարապետներ՝ Ռ. Իսրայելյան, Գ. Քոչար, 1945–63թթ., ճարտ. Ռ. Իսրայելյան), որն արժեքավոր ավանդ է սովետահայ ճարտյան մեջ։ Այդ տարիներին է կառուցվել նաև Հայկական ՍՍՀ տաղավարը Մոսկվայի Համամիութենական գյուղատնտ. ցուցահանդեսում (1939թ., ճարտարապետներ՝ Կարո Հալաբյան, Սամվել Սաֆարյան), ուր անցյալի հայկական ճարտարապետության ձևերը օգտագործված են նորովի ու արդիական։ Մինչպատերազմյան տարիներին կառուցված ուշագրավ հասարակական շենքերից են նաև Լենինականի քաղսովետի գործկոմի շենքը (1931–1934), կինոթատրոններ Կիրովականում (1935թ.), Դիլիջանում (1937թ., բոլորը՝ ճարտ. Գ. Քոչար), Կոտայքի շրջսովետի գործկոմի շենքը (1935թ., ճարտ. Զավեն Բախշինյան), «Դինամո» մարզադաշտը (այժմ՝ «Հանրապետական», 1939–1948թթ., ճարտ. Կ. Հակոբյան)։

Երևան, կենտրոնական ծածկած շուկան (1957, ճարտարապետ Գ. Աղաբաբյան, ինժեներ Հ. Առաքելյան)

Չնայած նախագծային աշխատանքների աշխուժացմանը, 1930–1940-ական թթ. Հայաստանի քաղաքների հատակագծման գործը դարձյալ ետ էր մնում զանգվածային բնակարանային շինարարությունից։ Երևանում թաղամասերի ներքին խիտ կառուցապատումը դժվարացնում էր քաղաքաշինական առաջադիմական հնարների կիրառումը, թելադրելով «փողոց–միջանցք» հնացած սիստեմի իրագործումը։ Կառուցապատման մասշտաբի խոշորացումը իր արտացոլումն է գտել 1930–1940-ական թթ. իրականացված բնակելի համալիրներում՝ Լենինի պողոտա (ճարտ. Ն. Բունիաթյան), Հոկտեմբերյան պողոտա (ճարտարապետներ՝ Մ. Դրիգորյան և Սամվել Սաֆարյան, Վ. Աբովյան և Գուրգեն Մուշեղյան), որոնց ճակատային լուծումները արտահայտում են մայրուղուն հարող բնակելի տան ճարտարապետության երկակի ֆունկցիաների միասնությունը՝ իբրև խոշոր անսամբլի բաղկացուցիչ և իբրև բնակելի տան ներքին կառուցվածքի մարդկային մասշտաբի ճշմարտացի արտացոլում։

Բնակելի տան ճարտարապետության այս սկզբունքը ունեցել է իր նախորդները Հայաստանում, այն զարգացել է արտահայտչամիջոցների հարստացման պայմաններում, 1930-ական թթ. մի շարք շենքերում (ճարտարապետներ՝ Ա. Ահարոնյան, Հ. Մարգարյան, Ս. Սաֆարյան)։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանում արդյունաբերական կարևոր օբյեկտների շինարարությանը զուգընթաց Հայաստանի գյուղերում ու շրջկենտրոններում կառուցվել են նաև բնակելի տներ, ակումբային և հասարակական շենքեր։ Առանձնահատուկ տեղ է գրավում աղբյուր–հուշարձանների կառուցումը՝ ի հիշատակ հայրենիքի համար զոհված մարտիկների։ Հայ ճարտարապետները, օգտագործելով ազգայաին ճարտարապետության ավանդույթները, ստեղծել են ըստ էության նոր հորինվածքով հուշարձանի տիպ, ուր երևան են հանված քարի զարդաքանդակման ժողովրդական արվեստն իր բազմազանությամբ ու հարստությամբ։ Լավագույններից են՝ Բուրաստան, Կաթնաղբյուր, Ստեփանավան, Կարբի (ճարտ. Ռաֆայել Իսրայելյան), Վերին Արտաշատ (ճարտ. Գևորգ Թամանյան), Ժդանով (ճարտ. Տիրան Մարության) բնակավայրերում կառուցվածները։

1951 թ.-ին հաստատվել է Երևանի նոր գլխավոր հատակագիծը (ճարտարապետ Ն. Զարգարյան և ուրիշներ), ուր նախատեսված էր բնակչության աճը մինչև 450 000։

Կառավարության շենք

Հետպատերազմյան շրջանում կառուցվել են հասարակական շենքերի համալիրներ, որոնք արժեքավոր ներդրում են սովետահայ ճարտարապետության մեջ։ Լավագույնը Երևանի Լենինի հրապարակի ճարտարապետական անսամբլն է (կառուցապատումը հիմնականում ավարտվել է 1958 թ.-ին), ուր հայկական ճարտարապետության նվաճումները մարմնացած են մոնումենտալ շենքերի կերպարներում։ Կառավարական տունը (ճարտարապետ. Ալեքսանդր Թամանյան), Կառավարական 2-րդ տունը (ճարտ. Ս. Սաֆարյան, Վարազդատ Արևշատյանի և Ռ. Իսրայելյանի մասնակցությամբ), «Արմենիա» հյուրանոցը, Արհեստակցական միությունների ու Կապի մինիստրության միացյալ շենքը, թանգարանների շենքը (ճարտարապետներ՝ Մարկ Գրիգորյան, Էդուարդ Սարապյան) ակներև վկայում են ճարտարապետության ժառանգության նկատմամբ եղած վերաբերմունքը 1930–1950-ական թթ.։ Կառավարական տունը, որ հրապարակի առաջին կառույցն էր (1926–1941թթ.) կանխորոշել է ապագա շենքերի ծավալատարածական հորինվածքն ու ոճական կերպարը։ Պատի, իբրև շենքի կոնստրուկտիվ և գեղարվեստական տարրի, պահպանումը Կառավարական տան ճարտարապետությունը ազգային բնույթի կարևոր ատկությունն է։ Ձևերի անկրկնելիության ու գեղարվեստական բազմազանության սկզբունքը, որ բնորոշ է հայկական ճարտարապետությանը, ակնհայտ է ճակատների առանձին հատվածների լուծումներում, խոյակների ու ռելիեֆների նկարվածքներում։ Կառավարական 2-րդ շենքը, ինչպես և հրապարակի մյուս շենքերը ճարտարապետական ձևերի բնույթով, ընդհանուր բարձրությամբ, ուրվագծով, ծավալային շեշտերով, ճակատային քայլքերի չափերով ներդաշնակ են Կառավարական տանը, որով և պայմանավորվում է հրապարակի կոմպոզիցիոն և ոճական միասնությունը։

Գյումրիի Լենինի, այժմ Անկախության հրապարակը

1950-ական թթ. հասարակական կենտրոններ ստեղծվել են նաև Լենինականում՝ Լենինի հրապարակի ճարտարապետական անսամբլը՝ ՀԿԿ Լենինականի քաղկոմի (ճարտ. Զ. Բախշինյան), հանրախանութի (ճարտ. Ս. Ասոյան), Գուլպայագործների մշակույթի պալատի, փոստի և բնակելի շենքերով, Կիրովականում՝ Կիրովի անվան հրապարակը՝ ՀԿԿ Կիրովականի քաղկոմի (ճարտ. Զավեն Բախշինյան), քաղսովետի, հյուրանոցի (ճարտ–ներ՝ Բաղդասար Արզումանյան, Հ. Մարգարյան) և 2 բնակելի շենքերով (ճարտ. Հ. Մարգարյան)։

Մայր Հայաստան հուշահամալիրը Երևանում

Հետպատերազմյան շրջանի ճարտարապետական նվաճումները մարմնավորվել են նաև մի շարք այլ հասարակական շենքերում. Երևանում՝ ՀԿԿ Կենտկոմի շենքը (1946–1950թթ., ճարտարապետ Մարկ Գրիգորյան), Կենտրոնական ծածկած շուկան (1952, ճարտ. Գրիգոր Աղաբաբյան, կոնստրուկտոր Հ. Առաքելյան), ՀԽԱՀ ԳԱ նախագահության շենքը (1954, ճարտ. Ա. Սաֆարյան), երկաթուղային կայարանի շենքը (1949–1955թթ., ճարտ. էդ. Տիգրանյան), Մատենադարանը (1957, ճարտ. Մ. Գրիգորյան), «ԿանԱԶ» գործարանի մշակույթի պալատը (1953–1954թթ., ճարտ. Ա. Մանուկյան), Արզնիում՝ առողջարանի լոգանքների շենքը (1951թ., ճարտ. Հ. Մարգարյան, մասնակցությամբ Ն. Բաժբեուկի), Բյուրականում՝ աստղադիտարանի համալիրը (1947–56թթ., ճարտ. Ս. Սաֆարյան), Ջերմուկում՝ առողջարան (1952–1962, ճարտ. Է. Տիգրանյան), ցայտաղբյուրների սրահ (1950–1956թթ., ճարտ. Գ. Թամանյան), էջմիածնում՝ մշակույթի պալատ (1945–46թթ., ճարտ. Ս. Մանուկյան)։ Այս ստեղծագործությունները բնորոշում են սովետահայ ճարտարապետության 1940–1950-ական թթ. ոճական ուղղությունը, որ հենվում էր ազգային ժառանգության քննադատական յուրացման վրա։ Այդ ուղղության ամենավառ մարմնացումն է Հաղթանակի մոնումենտը Երևանում (1950թ., ճարտ. Ռ. Իսրայելյան, քանդակագործ Սերգեյ Մերկուրով, «Մայր Հայաստան» քանդակը՝ 1967թ., քանդակագործ՝ Ա. Հարությունյան)։

1940–1950-ական թթ. կառուցված արտադրական շենքերին բնորոշ է ազգային ճարտարապետության ձևերի օգտագործումը, երեսպատման համար բնական քարերի կիրառումը։ Ուշագրավ են Կիրովականում՝ քիմիական կոմբինատի ազոտային արտադրամասերի խումբը (1951թ., ճարտ.՝ Վ. Բարանով), «Ավտոմատիկա» գործարանը (1956թ., ճարտարապետներ՝ Կոնստանտին Խուդաբաշյան, Կառլեն Անանյան), Գյումուշի հէկի գեներատորի տեղակայման շենքը (1953թ., ճարտ.՝ Տիրան Մարության, կոնստրուկտորներ՝ Հ. Սարգսյան, Ս. Կուզանյան), Աշտարակի գինու գործարանը (1948թ., ճարտ.՝ Ռաֆայել Իսրայելյան), Երևանի կոնյակի գործարանը (1952թ., ճարտ.՝ Հ. Մարգարյան), Սառցակոմբինատը (1950թ., ճարտ. Գ. Աղաբաբյան), էլեկտրաապարատների գործարանը (1953թ., ճարտ.՝ Կոնստանտին Խուդաբաշյան), Հացի № 2 (1950թ., ճարտ.՝ Հ. Պողոսյան) և № 5 (1954թ., ճարտարապետներ՝ Կառլեն Անանյան, Հմայակ Պողոսյան) գործարանները։

Զանգվածային բնակարանային շինարարության աճը 1950-ական թթ. պահանջում էր ծավալել քաղաքների ազատ տարածությունների քաղաքաշինական յուրացում։ Այս իմաստով բնորոշ է Երևանում՝ Բաղրամյան, Ազատության (սկզբնական հատվածը ճարտ.՝ Տ. Մարության), Կիևյան (ճարտարապետներ՝ Գևորգ Թամանյան, Ֆ. Մայե) փողոցների կառուցապատումը, ինչպես նաև «Աջափնյակ» շրջանը (ճարտ. Մ. Մազմանյան), Կիրովականի «Դիմաց» թաղամասը (սկսվել է 1958 թ.-ին, ճարտ.՝ Մ. Գնունի), Ալավերդիում կենտրոնի համալիրը (ճարտ. Հրայր Իսաբեկյան) և այլն։ Բնակելի տների, դպրոցների, մանկական հիմնարկների, ակումբների շինարարությյան ծավալի աննախընթաց աճը պայմանավորել է տիպային նախագծման անհրաժեշտությունը։ 1951 թ.-ին լավագույն բնակելի սեկցիաների մրցույթով շահած նախագիծը (ճարտարապետներ՝ Մ. Սաֆարյան, Լևոն Բաբայան) հաստատվել է կառավարության որոշմամբ, սկիզբ դնելով Հայաստանում տիպային նախագծմանը։ Կառուցվել են փորձարարական բնակելի տների համալիրներ Երևանի Բաղրամյան փողոցում (1949–1951թթ., ճարտ.՝ Լևոն Բաբայան) և այլուր։

1950-ական թթ. 1-ին կեսը նշանավորվել է սովետահայ ճարտարապետության նոր վերելքով, որը հող նախապատրաստեց զանգվածային շինարարությունը ինդուստրիալ հիմունքների վրա փոխադրելու մասին սովետական կառավարության որոշումների իրականացման համար։

1955–1980-ական թթ.

[խմբագրել | խմբագրել կոդը]

1955 թ.-ից սովետահայ ճարտարապետությունը թևակոխել է նոր, ստեղծագործական ու ոճական առանձնահատկություններով նախորդներից զգալիորեն տարբերվող մի փուլ։ Շինարարության հարցերին նվիրված համամիութենական խորհրդակցությունը (1954թ.), ՍՄԿԿ ԿԿ և Մինիստրների խորհրդի «Նախագծման և շինարարության մեջ ավելորդությունների վերացման մասին» (1955թ.) և «ՍՍՀՄ–ում բնակարանային շինարարության զարգացման մասին» (1957թ.) որոշումները նոր խթան են դարձել ճարտարապետության և շինարարության զարգացման ճանապարհին։ Անհրաժեշտ էր հրաժարվել ավելորդ ձևամոլությունից և ճարտարապետությանը վերադարձնել մարդկային գործունեության զանազան միջավայրերը բարձր արվեստով կազմակերպելու ֆունկցիան։

Այդ տարիներից էլ սկսվել են շրջանային հատակագծման, քաղաքների գլխավոր հատակագծերի և առանձին շրջանների կառուցապատման նախագծերի համալիր աշխատանքները։ 1960-ական թթ. սկզբին մշակվել է հանրապետության բնակեցման կարգավորման սխեման (ղեկավար՝ Պ. Թումանյան), որտեղ տրված են արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման հիմնական գոտիները, բնակավայրերի զարգացման հեռանկարները։ 1971թ.-ին հաստատվել է Երևանի նոր գլխավոր հատակագիծը (ճարտարապետներ՝ Միքայել Մազմանյան, էդուարդ Պապյան, Գ. Մուրզա, Յ. Չախալյան, 1 100 000 բնակչի համար մինչև 2000 թ. ժամկետով), կենտրոնի մանրամասն հատակագծման, պատմական հուշարձանների տարածքի գոտեորման և լանդշաֆտի կազմակերպման նախագծերը։

Քաղաքաշինական նոր խնդիրների ու սկզբունքների ներդրումը ակնհայտ է հանրապետության քաղաքների կառուցապատման պրակտիկայում։ 1960-ական թթ. վերջերից նախագծվում են Լենինականի, Կիրովականի, Հրազդանի, Ղափանի, Գորիսի, Էջմիածնի, Աբովյանի, Ջերմուկի, Սևանի, Մեծամորի, Ստեփանավանի, Կամոյի, Աշտարակի, Չարենցավանի, Հոկտեմբերյանի, Իջևանի, Արթիկի, Արզնիի, Դիլիջանի և այլ բնակավայրերի գլխավոր հատակագծերը։

Քաղաքների գլխավոր հատակագծերի հիման վրա կատարվել են բազմաթիվ բնակելի շրջանների ու միկրոշրջանների մանրամասն հատակագծման նախագծեր, որոնցից են. մայրաքաղաքում՝ Աջափնյակ (1958), Նորք–1 (1965), Ավան–3 (1974), Ավան–Առինջ (1978), Արևմտյան (1979), «Նորաշեն» (1980), Լենինականում՝ «Երևանյան» (1975) և «Եռանկյունի» (1980), Կիրովականում՝ «Դիմաց» (1960) և «Բազում» (1973), Հրազդանի բնակելի հասարակական կենտրոնը (1978), Ղափանի կենտրոնը (1976), Էջմիածնում՝ «Վաղարշապատ» (1978), Դիլիջանում՝ «Կաղնի խաչ» (1974), Գորիսում N 5 թաղամասը (1975–1986) և այլն։ Չնայած մի շարք առաջատար սկզբունքների առկայության, 1950–1960-ական թթ. թաղամասերի ու բնակելի շրջանների հատակագծերի հիմքում ընկած էր սխեմատիզմը, որն ավելի էր ընդգծվում պարզունակ տիպային նախագծերի կիրառման հետևանքով։ Այդ սխեմատիզմի հաղթահարման նշաններն սկսել են երևան գալ 1970-ական թթ. սկզբին, երբ կատարվել են ճարտարապետա–գեղարվեստական ավելի բարձրը մակարդակի որոնումներ։ Նոր նախագծերում առկա են կառուցապատման, ծավալատարածական ու ինժեներական խնդիրների համալիր ըմբռնումները, տպավորիչ կոմպոզիցիաները, տեղանքի, բնական պայմանների ճիշտ օգտագործումը, բնակելի շենքերի տիպերի և կառուցապատման սխեմաների ներդաշնակումը։

Բնակելի և քաղաքացիական համալիրների ճշմարիտ կառուցապատման գործում առավել մեծացել է տիպային նախագծերի դերն ու նշանակությունը։ Այս բնագավառում զգալի ներդրում են ունեցել ճարտարապետներ՝ Հովհաննես Մարգարյանը, Լևոն Բաբայանը, Սամվել Սաֆարյանը, Արթուր Թարխանյանը, Մարկ Գրիգորյանը, Միքայել Միքայելյանը և ուրիշներ։ Նախագծվել են բնակելի շենքերի տիպային նախագծերի մի քանի շարք (№ 16, 1Ա–300, կցաշար, 1–450, 1Ա–451, 111, 129 և այլն), որոնցով կառուցվել են բազմաթիվ բնակելի շրջաններ։ ճարտարապետներ Ռ. Բադալյանը, Ա. Ալեքսանյանը, Յան Իսահակյանը, Գարրի Ռաշիդյանը, Յուրի Սաֆարյանը, Ա. և Ռ. Սահակյանները նախագծել են 9–14–16 հարկանի բնակելի տների մի քանի շարք, որոնք զանգվածաբար կիրառվել են քաղաքային համալիրներում։ Հետաքրքիր առաջարկություններ են եղել բնակարանների ամառային պատշգամբների ձևափոխման միջոցով նրանց շուրջամյա օգտագործման ուղղությամբ (Լևոն Բաբայան, 1958, Միքայել Միքայելյան, 1976, Յան Իսահակյան, Գարրի Ռաշիդյան, 1978)։

Մեծ ծավալ է ունեցել նաև կուլտուր–կենցաղային և հասարակական շենքերի տիպային նախագծումը, որոնցից են՝ մսուր–մանկապարտեզների (1968), հանրակրթական դպրոցների (1968), պոլիտեխնիկական ուսուցման դպրոցների (1972–1980) շարքերը, կինոթատրոնների (1969), քաղաքային և գյուղական ակումբների (1972–1982), առևտրահասարակական կենտրոնների (1972–1980) և այլ նախագծեր։ Տիպային նախագծումների լայն ընդգրկումը, այնուամենայնիվ չի տվել բնակելի զանգվածների հետաքրքիր ու բազմազան կառուցապատումներ։ Միօրինակության ակունքները ոչ միայն քաղաքներում միևնույն շենքերի կրկնության մեջ էին, այլև իրականացման ցածր որակի, միևնույն շինանյութերի կիրառման, ճակատային լուծումների սխեմատիզմի, թաղամասերի բարեկարգման նույն միջոցների։ Շրջադարձը դեպի զանգվածային կառուցապատման գեղարվեստական կերպարի որոնումները տեղի է ունեցել 1970-ական թթ. կեսերից, երբ իրականացվել են անհատական նախագծերով մի քանի բնակելի տներ և թաղամասեր, ինչպիսիք են Երևանի Սարյան փողոցում (ճարտարապետներ՝ Արթուր Թարխանյան, Ռ. Բաղդասարյան, Լևոն Մկրտչյան), Լենինի պողոտայի և Ամիրյան փողոցի հանգույցում (ճարտարապետներ՝ Մ. Թովմասյան, Լ. Բալայան), Ս. Սարգիս եկեղեցու թաղամասում (ճարտարապետներ՝ Ա. Ալեքսանյան, Ֆ. Հակոբյան), Սայաթ–Նովա փողոցում (ճարտարապետներ՝ Մ. Հայրապետյան, Ֆ. Զարգարյան) կառուցված տները, նոր թաղամասերից՝ էրեբունի–3-ը, Ավան–Առինջը, Նորաշենը, էջմիածնի, Աբովյանի և Ղափանի կենտրոնների, Լենինականի Արագածի փողոցի բնակելի կառուցապատումը և այլն։

1955 թ.-ից բեկում է ապրել նաև հասարակական շենքերի ճարտարապետությունը։ Եթե բնակելի շինարարության մեջ դա պայմանավորված էր շենքերի արտադրության ու կառուցման եղանակի արմատական վերակառուցմամբ, ապա հասարակական շենքերում հախուռն ինդուստրացումը և ճարտ. պլաստիկ ձևերից հրաժարվելը հանգեցրել է սխեմատիզմի, որն ի չիք էր դարձնում ճարտարապետական ստեղծագործության գեղարվեստական կերպարի, ոճային ուղղվածության գաղափարներն ու ազգ. պատկանելության խնդիրները։ 1950–60-ականների շատ շենքեր այդպիսին են և օտարոտի են ընկալվում հանրապետության քաղաքների հյուսվածքում։ Ճիշտ է, 1950–1960-ական թթ. սովետահայ ճարտարապետության առաջատար վարպետները՝ Սամվել Սաֆարյանը, Ռաֆայել Իսրայելյանը, Հովհաննես Մարգարյանը, Գևորգ Քոչարը, Մարկ Գրիգորյանը, Գրիգոր Աղաբաբյանը ստեղծել են գեղարվեստորեն հագեցած և անհատականության կնիք կրող գործեր, որոնք մնայուն եղան սովետահայ ճարտարապետության ոսկե ֆոնդում. Երևանի Լենինի հրապարակի անսամբլի շենքերը, ԳԱ շենքերի համալիրը, Սարդարապատի հուշահամալիրը, Արզնի առողջարանի լոգանքների շենքը, Լենինականում Ասքանազ Մռավյանի անվան դրամատիկ թատրոնը, Երևանի կենտրոնական շուկան, հանրակացարանների համալիրը Նոր Զեյթունում և այլն։

Երկաթբետոնի արտահայտչական հնարավորությունների օգտագործման, նոր խնդիրների լուծման և սոցիալիստ, ճարտարապետության ազգային ինքնատիպության նորովի ընկալման օրինակներ են 1960-ական թթ. նախագծված մի շարք կառույցներ Երևանում՝ ՀԽՍՀ ԺՏՆՑ գիտության և մշակույթի (1960, ճարտարապետներ՝ Ֆենիքս Դարբինյան, Ռ. Մելքումյան), արդյունաբերության (1960, ճարտարապետներ՝ Զ. Թորոսյան, Լ. Գևորգյան, կոնստրուկտոր՝ Ռ. Մանուկյան) տաղավարները, Երքաղսովետի հյուրանոցը (1965, ճարտ.՝ Զ. Թորոսյան), «Հայճարտշին» ԳՀԻ–ի համալիրը (1967, ճարտ. Մ. Միքայելյան), Ռադիոֆիզիկայի ու էլեկտրոնիկայի ԳՀԻ Աշտարակում (1962–1965, ճարտարապետներ՝ Մ. Մանուելյան, Ս. Գուրզադյան), Երևանում Սունդուկյանի անվան թատրոնը (1966, ճարտարապետներ՝ Ռ. Ալավերդյան, Ս. Բուրխաջյան, Գ. Մնացականյան, կոնստրուկտոր՝ Ռ. Բադալյան), «Մոսկվա» ամառային կինոթատրոնը (1966, ճարտարապետներ՝ Ս. Կնտեղցյան, Թ. Գևորգյան), № 4 բուժմիավորման հիվանդանոցը (1963–6195, ճարտ.՝ Կ. Հակոբյան), Եղեգնաձորի (1966–1972) ու Սևանի (1966–1970) մշակույթի տները (ճարտարապետներ՝ Մարտին Միքայելյան, Զ. Սիմոնյան), «Ռոսիա» կինոթատրոնը (1970–1974, ճարտարապետներ՝ Արթուր Թարխանյան, Սպարտակ Խաչիկյան, Հ. Պողոսյան, կոնստրուկտոր Գ. Գևորգյան), Երիտասարդության պալատը (1970–1985, ճարտարապետներ՝ Արթուր Թարխանյան, Սպարտակ Խաչիկյան, Հ. Պողոսյան, Մ. Զաքարյան), Կամերային երաժշտության տունը (1967–1977, ճարտ.՝ Ստեփան Քյուրքչյան

Սովետահայ ճարտարապետության մեջ 1970-ական թթ. ի հայտ է եկել երկաթբետոնի անդեմ, անհայրենիք տարածված ձևերից ու միջոցներից խուսաւիելու միտում, այդ ձևերը սեփական ազգային քուրայով անցկացնելու ձգտում, որի արդյունքները նկատվում են նախագծերում։ Այս շարքի աշխատանքներից են «Անի» (1970–72, ճարտարապետներ՝ Ֆենիքս Դարբինյան, Էդուարդ Սաֆարյան, Ֆենիքս Հակոբյան), «Դվին» (1978, ճարտարապետներ՝ Աշոտ Ալեքսանյան, էդուարդ Սաֆարյան, Ֆ. Հակոբյան) հյուրանոցները, «Հրազդան» մարզադաշտը (1971–72, ճարտարապետներ՝ Կորյուն Հակոբյան, Գևորգ Մուշեղյան, կոնստրուկտոր Է. Թոսունյան), «Զվարթնոց» օդանավակայանը (1976–81, ճարտարապետներ՝ Արթուր Թարխանյան, Սպարտակ Խաչիկյան, Ժ. Շեխլյան, Լևոն Չերքեզյան, կոնստրուկտոր Ս. Բաղդասարյան), մեծ դիտաշտարակը (1976, ճարտ. Սարգիս Գուրզադյան) Բյուրականում, վարչական շենքերը (1974–1975, ճարտարապետներ՝ Մ. Միքայելյան, Ֆ. Վաղարշակյան) Էջմիածնում, Լենինականի երկաթուղային կայարանը (1982, ճարտ. Ռ. Եղոյան), օդանավակայանը (1982, ճարտարապետներ՝ Գևորգ Մուշեղյան, Ռուբեն Հասրաթյան, Լ. Քրիստափորյան), Երևանում՝ Մինիստրների խորհրդի նոր շենքը (1976, ճարտարապետներ՝ Վ. Հյուսյան, Թելման Գևորգյան), «էրեբունի» օդանավակայանը (1983, ճարտարապետներ՝ Ռ. Հասրաթյան, Լ. Քրիստափորյան), Աբովյանում՝ ավտոկայանը (1980, ճարտ. Ա. Մկրտչյան), Մեծամորի թանգարանը (1969–1973, ճարտ. Մ. Մանուելյան), վարչա–հասարակական կենտրոնը (1973–1985, Մ. Միքայելյանի ղեկ.), էջմիածնի կինոթատրոնը (1982, ճարտարապետներ՝ Ս. Դուրզադյան, Մ. Ալեքսանյան), Ստեփանավանում՝ Ս. Շահումյանի հուշահամալիրը (1978, ճարտ.՝ Ս. Պողոսյան), Աբովյանի վարչահասարակական կենտրոնը (1980–84, ճարտ. Լևոն Չերքեզյան), Երևանում՝ հիվանդանոցներ՝ Աջափնյակում (1972, ճարտ.՝ 4. Հյուսյան), Քանաքեռում (1978, ճարտ.՝ Աշոտ Ղազարյան), Խնկո–Ապոր անվան մանկական գրադարանը (1980, ճարտարապետներ՝ Լևոն Ղալումյան, Ռուզան Ալավերդյան), «Ալգորիթմ» հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի հայկական ԳԱՄ–ը (1985, ճարտներ՝ Ստեփան Քյուրքչյան, Խ. Մուրադյան, Լ. Մելիքյան), մետրոպոլիտենի կայարանները, ֆինանսական տեխնիկումը (1978, ճարտ. Ա. Զարյան), ԳԱ քիմ–ֆիզիկայի ինստ–ը (1980, ճարտ. Գ. Մնացականյան), Քարի և սիլիկատների ԳՀԻ–ն (1978–1982, ճարտ. Զ. Տոնիկյան), ՀԿԿ քաղլուստունը (1979, ճարտարապետներ՝ Մարկ Գրիգորյան, Հենրիկ Առաքելյան), ՀայպետՀԴՀՆԻ (1979, ճարտ. Ա. Աղալյան), Միջքաղաքային հեռախոսային կայանը (1983, ճարտարապետներ՝ Ա. Աղալյան, Գ. Գրիգորյան), դպրոց 4704 աշակերտի համար (1985, ճարտարապետներ՝ Յու. Սաֆարյան, Հ. Օհանյան, Ա. Քոչարյան) ևն։ Սովետահայ ճարտ–յան նոր փուլին բնորոշ տարրեր է կրում իր մեջ մարզահամերգային համալիրը Երևանում (1984, ճարտարապետներ՝ Կ. Հակոբյան, Ա. Թարխանյան, Հ. Պողոսյան, Ս. Խաչիկյան, Գ. Մուշեղյան, բարեկարգումը ճարտ.՝ Հ. Բերբերյան, կոնստրուկտորներ՝ Ի. Ծատուրյան, Գ. Ազիզյան), որտեղ հաջողվել է հասնել տարածական հորինվածքի, տեխնոլոգիական բազմաբնույթ պահանջների, կոնստրուկտիվ հենքի և ինժեներական հագեցվածության ներդաշնակ լուծման։ Լավագույն հասարակական շենքերում առկա են արդի ճարտ. հոսանքների առողջ ընկալումը, ազգ. ճարտ. ավանդույթների նորովի արտացոլումը, կոնստրուկցիաների ու նյութերի ունակ կիրառումը։

Սովետական Հայաստանի վերջին երեսուն տարիների ընթացքում մեծ զարգացում է ապրել հանրապետության առողջավայրերի նախագծումն ու շինարարությունը։ Գլխավոր հատակագծերից զատ կազմվել են Արզնիի, Ջերմուկի, Հանքավանի, Դիլիջանի առողջարանային համալիրների կառուցապատման նախագծերը, կառուցվել են մի շարք առողջարաններ Արզնիում, Հանքավանում, Սևանում, Ջերմուկում, հանգստի տներ և պանսիոնատներ Արզականում, Ծաղկաձորում, Արզնիում, Ստեփանավանում, Հանքավանում, Սևանում, Ջերմուկում, պիոներական ճամբարներ Ծաղկաձորում, Հանքավանում, Սև ծովի ափին, կոմպոզիտորների, կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տները Դիլիջանում, Ջերմուկի առողջարանը և այլն՝ ճարտարապետներ՝ Ռ. Իսրայելյանի, է. Ալթունյանի, Մ. Միքայելյանի, Ա. Ալեքսանյանի, Հ. Պողոսյանի, Վ. Բաբայանի, Յու. Նալբանդյանի, Յու. Սաֆարյանի, Ս. Գուրզադյանի ղեկավարությամբ։ Լավագույն առողջարանային շենքերն ուշագրավ են կերպարի ճշմարիտ բացահայտմամբ, բնության, կլիմայի, տեղանքի պայմաններին ներդաշնակ կապով։

Բնակելի և հասարակական շենքերի շինարարությանը զուգընթաց հանրապետության քաղաքներում տարվել են մեծ մասշտաբի բարեկարգման աշխատանքներ։ Մայրաքաղաքը հարստացել է Օղակաձև զբոսայգով (1960–1985, ճարտարապետներ՝ Մ. Հայրապետյան, Ս. Քյուրքչյան, Ֆ. Դարբինյան և ուրիշներ), Գլխավոր պողոտայով (շինարարությունը սկսվել է 1971 թ.-ին, ճարտ. Ա. Զարյան), պուրակներով՝ Զեյթունում, Նորքում, Շահումյանի շրջանում, «Հաղթանակ» զբոսայգում, Լենինականում, Կիրովականում, Էջմիածնում, Ղափանում, Ստեփանավանում, Դիլիջանում, հանրապետության ավտոճանապարհների բազմաթիվ կետերում։ Բարեկարգման աշխատանքների մեջ մայրաքաղաքի օրգանիզմում կարևոր տեղ ունի Ա. Թամանյանի փողոցի առանցքով դեպի Սովետական իշխանության հաստատման 50-ամյակին նվիրված հուշարձան տանող կասկադի համալիրը (շինարարությունը սկսվել է 1975 թ.-ին, ճարտարապետներ՝ Զ. Թորոսյան, Ս. Գուրզադյան, Ա. Մխիթարյան), որը կավարտի քաղաքի հյուսիսային առանցքի այս հատվածը և հարմար կապ կստեղծի կենտրոնի և Հաղթանակի զբոսայգու միջև։ Քաղաքային երթևեկության և հետիոտն շարժման շատ խնդիրներ լուծվում են նաև հետիոտն ստորգետնյա անցումներով, լավագույններից են՝ Լենինի և Գլխավոր պողոտաների հանգույցում (1978, Ա. Զարյան), Կիրովի փողոցի, Օղակաձև զբոսայգու հատվածներում, Աբովյան փողոցում (1982, 1985, Է. և Ս. Արևշատյաններ) կառուցվածները։

Սովետական Հայաստանի վերջին երեսուն տարիներին կառուցվել են պատմության նշանավոր դեպքերն ու դեմքերը հավերժացնող հուշարձաններ, որոնցից են Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանները հանրապետության գրեթե բոլոր բնակավայրերում, Մեծ եղեռնի գոհերի հուշահամալիրը Ծիծեռնակաբերդում (1965, ճարտարապետներ՝ Ա. Թարխանյան, Ս. Քալաշյան), Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը (1968, ճարտ. Ռ. Իսրայելյան, քանդակագործներ՝ Ա. Հարությունյան, Ս. Մանասյան, Ա. Շահինյան), «Մայր Հայաստան» հուշարձանը (1975, քանդակագործներ՝ Ա. Սարգսյան, Ե. Վարդանյան, ճարտ. Ռ. Եղոյան) Լենինականում, Ա. Թամանյանի արձանը (1974, քանդակագործ Ա. Հովսեփյան, ճարտ. Ս. Պետրոսյան) Երևանում և այլն։

Գյումրիի Մայր Հայաստան հուշակոթողը

Ճարտարապետության մասին 1955 թ.-ի որոշումները բեկում են առաջացրել նաև արդ. շենքերի նախագծման և կառուցման ասպարեզում, ուր տեխնոլոգիական հոսքերի ու ժամանակակից սարքավորումների նոր սխեմաները հանգեցրել են շենքերի կազմակերպման նոր տիպերի։ Դրանցից են՝ գինու գործարանները Երևանում, Էջմիածնում, Արտաշատում, Հոկտեմբերյանում, Օշականում (ճարտարապետներ՝ Ռ. Իսրայելյանի, Զ. Բախշինյանի նախագծերով), «ԵրԱԶ» ավտոգործարանը (1965, ճարտարապետներ՝ Հ. Պողոսյան, Վ. Ավետիսյան), հասէոոցանորմալ գործարանը (1966, ճարտ. Բ. Հարությունյան), «Մասիս» և «Սյունիք» արդ. հանգույցները (1980–1984, ճարտարապետներ՝ Ս. Մանուկյան, Վ. Տոնիկյտն, Ժ. Հովհաննիսյան) Երևանում, ավտոբեռնիչների գործարանը (1982, ճարտ. Ս. Մուրադյան) Չարենցավանում, ԳյուղՄԷԳՀԻ–ի շենքը (1985, ճարտ. Վ. Սահակյան) Պռոշյանի սովխոզում, ավտոտնակ–կայանը (1979–1983, ճարտ. Յու. Սաֆարյան) Երևանում և այլն։

Աշխատանքներ են տարվում պատմաճարտարապետական, այդ թվում ժողովրդական ճարտարապետության հուշարձանները պահպանելու, դրանք քաղաքի կամ բնակավայրի կառուցապատման մեջ ներգծելու ուղղությամբ։ Մշակվել են էջմիածնի, Գորիսի, Երևանի Ձորագյուղ թաղամասի պատմա մշակութային գոտիների նախագծերը (1978, 1982, Ա. Գրիգորյանի ղեկ., 1982, Թ. Գևորգյանի ղեկավարությամբ), Լենինականում՝ քաղաքի պատմական տարածքը իր բոլոր շենքերով պետ. արգելոց հայտարարելուց հետո (1978, «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց) հուշարձանների վերանորոգման մեծ աշխատանքներ են տարվում։ Վերականգնվել են և մտել գործող հուշարձանների շարքը Ձիթողցյանների տունը (1983, ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան) և քանդակագործ Սերգեյ Մերկուրովի տուն–թանգարանը (1984, երկուսն էլ ճարտարապետներ՝ Սաշուր Քալաշյան, Ս. Գրիգորյան, Ա. Միրիջանյան)։

Արդի փուլի (1990-ական թվականների սկզբից)՝ Հայաստանի երկրորդ հանրապետության ճարտարապետությանը բնորոշ են որոշակի որակական փոփոխությունները, տիպային և նորմատիվային պահանջների մեղմացումը, նոր շինանյութերի, կառուցվածքների ու տեխնոլոգիաների կիրառումը, ճարտարապետական ազգային ավանդույթների և համաշխարհային փորձի զուգադրումը։

1988 թ.-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Գյումրի քաղաքում տարվել են լայանծավալ շինարարական աշխատանքներ։ Նորանկախ Հայաստանի համար ծանր էր ընթանում քաղաքի վերականգնման աշխատանքները և այն շարունակվում է 25 տարի ի վեր։ Քաղաքում ավելացվել են նոր թաղամասեր՝ Ավստրիական թաղամասը, որտեղ հիմնականում բնակարաններ հատկացվում էին երկրաշարժի պատճառով հաշմանդամ դարձածներին և Անի (58) թաղամասը։

Հիմնական առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարյան հայկական ճարտարապետությունը և հատկապես եկեղեցաշինությունը, որ համարվում է աշխարհում առաջին ազգային եկեղեցաշինական ազգային ոճը, ունեն մի շարք առանձնահատկություններ[14]։

Դրանք են՝

  • Առաջին հերթին սրածայր գմբեթը, որ խորհրդանշում է Արարատ լեռը։
  • քարից պատրաստված լինելը, հատկապես տուֆից կամ բազալտից։
  • Որմնանկարներ
  • Մեծ սյուներ
  • Լույսի հետաքրքիր օգտագործում

Հայկական եկեղեցիների դասակարգում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թորոս Թորամանյանը առանձնացրել է հետևյալ դասերը՝

Դաս Օրինակ
Բազիլիկա Երերույքի տաճար
Գմբեթավոր բազիլիկա Տեկոր
Էջմիածնատիպ Էջմիածնի Մայր Տաճար
Ուղղագիծ քառանկյուն Սուրբ Գայանե եկեղեցի
Շառավիղային Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Էջմիածին)
Զվարթնոցատիպ Զվարթնոց

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, [h.] 1 – 2, Ե., 1942–48
  • Վարդանյան Ս., Հայկական ժողովրդական բնակելի տների ճարտարապետությունը, Ե., 1959
  • Մնացականյան Ս., Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը, Ե., 1960
  • Հարությունյան Վ., Միջնադարյան Հայաստանի Քարավանատներ և կամուրջներ, Ե., 1960
  • Հարությունյան Վ., Անի քաղաքը, Ե., 1964
  • Ակնարկ հայ ճարտարապետության պատմության, Ե., 1964
  • Հակոբյան Է., Աշտարակի շրջանի ժողովրդական բնակարանի ճարտարապետությունը, Ե., 1964
  • Իսրայելյան Մ. Ա., «Էրեբունի» բերդ–քաղաքի պատմություն, Ե., 1971
  • Պապուխյան Ն., Սյունիքի ժողովրդական ճարտարապետությունը, Ե., 1972
  • Հասրաթյան Մ. Մ., Սյունիքի XVII –XVIII դարերի ճարտարապետական համալիրները, Ե., 1973
  • Ղաֆադարյան Կ., Երևան, միջնադարյան հուշարձանները և վիմական արձանագրությունները, Ե., 1975
  • Մարության Տ., Ավանի տաճարը և համանման հուշարձաններ, Ե., 1976
  • Մարության Տ., Խորագույն Հայք, Ե., 1978
  • Զորյան Լ., Թամանյան, Ե., 1978
  • Այվազյան Ա., Նախիջևանի պատմաճարտարապետական հուշարձանները, Ե., 1978
  • Գրիգորյան Վ., Հայաստանի վաղ միջնադարյան կենտրոնագմբեթ փոքր հուշարձանները, Ե., 1982
  • Սահինյան Ա., Գառնիի անտիկ կառույցների ճարտարապետությունը, Ե., 1983
  • Մնացականյան Ս., Ախթամար, Ե., 1983
  • Ղաֆադարյան Կ. Կ., Արգիշտիխինիլի քաղաքի ճարտարապետությունը, Ե., 1984
  • Թորամանյան Ա. Խ., Մոլդավիայի հայկական պատմաճարտարապետական հուշարձանները, Ե., 1985
  • Մկրտչյան Շ.Մ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Ե., 1985
  • Մաթևոսյան Մ., Գյումրիի ժողովրդական ճարտարապետությունը, Ե., 1985
  • Զարյան Ա., Ակնարկներ հին և միջնադարյան Հայաստանի քաղաքաշինության պատմության, Ե., 1986
  • Շախկյան Գ., Լոռի, պատմության քարակերտ էջերը, Ե., 1986
  • Բրեչչիա Ֆրատադոկի Տ., Ձորադիրի Ս. էջմիածին եկեղեցին, Ե., 1986
  • Якобсон А. Л., Очерк истории зодчества Армении V–XVII вв., М – Л., 1950
  • Арутюнян В. М-, Сафаря н С. А., Памятники армянского зодчества, М, 1951
  • Мнацаканян С. X., Архитектура армянских притворов, Е., 1952
  • Арутюнян В. М, Оганесян К. Л., Архитектура Советской Армении, Е., 1955
  • Еремян А. Б., Храм Рипсимэ, Е., 1955
  • Оганесян К. Л., Архитектура Тейшебаини, Е., 1955 (Археологические раскопки в Армении, № 6, Кармир Блур IV)
  • Халпахчьян О., Армяно-русские культурные отношения и их отражение в архитектуре, Е., 1957
  • Токарский Н. М., Архитектура Армении IV–XIV вв., Е., 1961
  • Оганесян К. Л., Архитектура Эребуни, Е., 1961 (Археологические раскопки в Армении, № 9, Арин Берд I)
  • Мартиросян А. А., Город Тейшебаини, Е., 1961
  • Пиотровский Б. Б., Искусство Урарту, Л., 1962
  • Арутюнян В. М, Асратян М- М-, Мелик ян А. А., Ереван, М., 1968
  • Халпахчьян О.Х., Гражданское зодчество Армении (жилые и общественные здания), М., 1971
  • Арутюнян В. М-, Асратян М. М., Меликян А. А., Архитектура Советской Армении, М., 1972
  • Мартиросян А. А., Аргиштихинили, Е., 1974
  • Домбровский О., Сидоренко В., Солхат и Сурб-Хач, Симферополь, 1978
  • Долуханян Л. К., Архитектура Советской Армении, 20-е годы, Е., 1980
  • Xалнахчьян О.Х., Архитектурные ансамбли Армении, 8 в. до н. э.–19 в. н. э., М., 1980
  • «Армгоспроект», сборник творческих достижений за 25 лет, М., 1981
  • Григорян А., Современная архитектура Армении, Е., 1983
  • Арутюнян В., Каменная летопись армянского народа, Е., 1985
  • Асратян М., Очерк армянской архитектуры, М., 1985
  • Григорян А. Г., Говмасян М. Л., Архитектура Советской Армении, М., 1986
  • Strzygowski J., Die Baukunst der Armenier und Europa, W., 1918
  • Lehman Haupt G. F., Armenien einst und Jetzt, Bd I–II, Berlin-Leipzigf 1910–31
  • Вaltrusaitis I., Etudes sur l’art me’dievval en Ge’orgie et en Armenie, Paris, 1929
  • Mankowski T., Sztuka ormian Lwowskich, Krakow, 1934
  • Burney C. A. and Lanzon G. R., Measured plans of Urartian fortresses «Anatolian Studies», X, 1960
  • Tahsin Ozgiic, Altintepe, Ankara, 1966
  • Documenti di Architettura Armenia, Milano, № 1–17, 1968–87
  • Architettura medievale Armena, Roma, 1968
  • Carswell J., New Julfa, Oxford, 1968
  • CuneoP., Le Basiliche di Tax, Xncorgin, Pasvack, Hogeacvank, Roma, 1973
  • Сսneo P., L’architettura della scuola regionale di Ani nell' Armenia medievale, Roma, 1977
  • Materiaux pour l’archeologie armenienne–II; Thierry J. M., La cathedrale des Saints–Arotres de Kars (930–943), Lauvain-Paris, 1978
  • Materiaux pour l’archeologie amenien–II; Thierry J. M., Le couvent агтётеп d‘ Horomos, Louvain–Paris, 1980
  • Brenties B., Mnazakanyan S., Stepanian N., Kunst des Mettelalters in Armenien, Berlin, 1981
  1. Vazken Lawrence Parsegian, 1996
  2. «Հայկական հանրագիտարան». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 25-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Վարազդատ Հարությունյան «Հայկական ճարտարապետության պատմություն» էջ 7 (1992 թ. «Լույս» հրատարակչություն)։
  4. Վարազդատ Հարությունյան «Հայկական ճարտարապետության պատմություն» էջ 9 (1992 թ. «Լույս» հրատարակչություն)։
  5. Թորոս Թորամանյան «Նյութեր» հտ. 1, էջ 13
  6. Վարազդատ Հարությունյան «Հայկական ճարտարապետության պատմություն» էջ 17-19 (1992 թ. «Լույս» հրատարակչություն)։
  7. Վարազդատ Հարությունյան «Հայկական ճարտարապետության պատմություն» էջ 23 (1992 թ. «Լույս» հրատարակչություն)։
  8. Վարազդատ Հարությունյան «Հայկական ճարտարապետության պատմություն» էջ 34-36 (1992 թ. «Լույս» հրատարակչություն)։
  9. Վարազդատ Հարությունյան «Հայկական ճարտարապետության պատմություն» էջ 39-42 (1992 թ. «Լույս» հրատարակչություն)։
  10. Վարազդատ Հարությունյան «Հայկական ճարտարապետության պատմություն» էջ 47 (1992 թ. «Լույս» հրատարակչություն)։
  11. Վարազդատ Հարությունյան «Հայկական ճարտարապետության պատմություն» էջ 51(1992 թ. «Լույս» հրատարակչություն)։
  12. Վարազդատ Հարությունյան «Հայկական ճարտարապետության պատմություն» էջ 54-55 (1992 թ. «Լույս» հրատարակչություն)։
  13. Վարազդատ Հարությունյան «Հայկական ճարտարապետության պատմություն» էջ 56-57 (1992 թ. «Լույս» հրատարակչություն)։
  14. «Architecture, Arts of Armenia (c) Dr. Dickran Kouymjian, Armenian Studies Program, California State University, Fresno». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 11-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։