Օձունի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Օձունի եկեղեցիից)
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Օձուն (այլ կիրառումներ)
Օձունի տաճար
Odzun...1.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակ եկեղեցի
Երկիր Հայաստան Հայաստան
Տեղագրություն Հայաստան Հայաստան Լոռու մարզ, Օձուն
Թեմ Գուգարաց
Հոգևոր կարգավիճակ գործում է
Ներկա վիճակ Կանգուն, վերանորոգվում է
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճ Հայկական
Կառուցման սկիզբ 5-րդ դար
Կառուցման ավարտ 7-րդ դար
Օձունի տաճարը գտնվում է Հայաստանում
Օձունի տաճար
Կոորդինատներ: 41°3′3.060000099989″ հս․ լ. 44°36′59.097600100003″ ավ. ե. / 41.05085000002777207° հս․. լ. 44.61641600002777608° ավ. ե. / 41.05085000002777207; 44.61641600002777608

Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի, եկեղեցի Լոռու մարզի Օձուն գյուղում։ Պատկանում է գմբեթավոր բազիլիկ եկեղեցիների տիպին։ Ներկայումս գործում է։ Ընդգրկված է Օձունի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեբեդի հովտի ձախափնյա բարձրադիր սարահարթի վրա, պարուրված այգիների կանաչով, բազմել է Օձուն գյուղը՝ Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի ծննդավայրը։ Գյուղի տարածքը հարուստ է պատմական կոթողներով՝ ամենուր հառնում են տարբեր դարաշրջաններին վերաբերող հուշարձաններ, որոնց մեջ առանձնանում է հայ միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցներից՝ Օձունի հոյակերտ գմբեթավոր բազիլիկ եկեղեցին, որը վեր է խոյանում գյուղի կենտրոնում և իր դիրքով իշխում շրջակայքի վրա։

Ըստ ավանդության, Թովմաս առաքյալը եկեղեցու վայրում օծել է քահանաների ու եպիսկոպոսների։ Ներկայիս եկեղեցու շենքը կառուցվել է 5-րդ դարում, ավելի հին՝ 4-րդ դարում Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ Գ-ի կողմից կառուցված միանավ բազիլիկ տիպին պատկանող եկեղեցու տեղում։ 5-րդ դարում եղել է գերանածածկ, կղմինդրե ծածկասալերով եռանավ բազիլիկ, իսկ գմբեթակիր մույթերը, գմբեթն ու քարե կամարակապներն ավելացել են 6-րդ դարում։ 8-րդ դարում Հովհան Օձնեցին կղմինդրե ծածկասալերը փոխարինել է քարով։ 1888 թվականին Աբովյաններն ավելացրել են զանգակատները։

Odzoun.jpg

Եկեղեցին անվանվել է Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան, Սուրբ Հովհաննես, Խաչգոնդ, Խաչգունդ. վերջինս կապված է եկեղեցու բակում թաղված Խաչգունդ քահանայի անվան հետ, որի հիշատակին 1291 թ. կանգնեցրել են արձանագրությամբ քանդակազարդ խաչքար։ Եկեղեցու մոտ գտնվում է վաղ քրիստոնեական շրջանի կոթող, որը Հայաստանում քրիստոնեության հաղթանակը նշանավորող հոյակապ հուշարձան է[1]։

Գմբեթավոր բազիլիկ եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնական բարձրադիր մասում։ Արևելքից արևմուտք ձգված ուղանկյուն հատակագծով գմբեթավոր բազիլիկ է (20,71×31,62 մ արտաքին չափերով)՝ կիսաշրջանաձև խորանին կից երկհարկ ավանդատներով, արտաքին կամարաշար սրահով։ Աղոթասրահը ուղղանկյուն դահլիճ է՝ երկշար մույթերով բաժանված երեք նավերի։ Արտաքին սրահը երեք կողմերից (հյուսիսային, արևմտյան և արևելյան) եզերում է աղոթասրահը։

Եկեղեցին վաղ միջնադարյան եզակի կառույցներից է, որտեղ համեմատաբար ամբողջականորեն է պահպանվել արտաքին սրահը, որի շնորհիվ մեծացել է եկեղեցու ընդհանուր ծավալը։ Աղոթասրահը և արտաքին կամարաշար սրահը համաժամանակյա կառույցներ են։ Բազիլիկը կառուցված է բազալտի և բաց շագանակագույն ֆելզիտի սրբատաշ քարերով։ Աչքի է ընկնում 6-7-րդ դդ. Վաղ քրիստոնեական արվեստին բնորոշ պատկերաքանդակների և զարդաքանդակների բազմազանությամբ, որոնք կիրառված են չափի բացառիկ զգացումով։ Եկեղեցու արտաքին և ներքին պատերին կան բազմաթիվ հայերեն արձանագրություններ

Եկեղեցին բազմիցս նորոգվել է, ինչի մասին հիշատակություններ են պահպանվել եկեղեցու բակում գտնվող տապանաքարերի վրա (801 թ., 1888 թ.)։ 19-րդ դ. վերջերին թիֆլիսաբնակ Զաքարիա և Բաղդասար Աբովյան եղբայրները իրենց նյութական միջոցներով վերանորոգել են եկեղեցին և շրջապարիսպը, ինչը վկայող արձանագրություն ներկան եկեղեցու հյուսիսարևելյան գմբեթակիր մույթի արևմտյան կողմում ամրացված սալի և իրենց մոր՝ Եղիսաբեթի տապանաքարի վրա։

Զանգաշտարակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օձունի եկեղեցու արևելյան ճակատային հարթությունից քիչ վեր, 19-րդ դ. կառուցել են երկու համաչափ զանգաշտարակներ։ Օձնեցի շինարար վարպետ Նալբանդ Սերգոյի կերտած ճարտարվեստ աշտարակները, լինելով ուշ շրջանի հավելումներ, չեն խաթարում տաճարի ընդհանուր տեսքը։

Գերեզմանատուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերեզմանատունը գտնվում է եկեղեցու շուրջ, կան 13-20-րդ դդ. բազալտե խոշոր տապանաքարեր, խաչքարեր։ Խորհրդային տարիներին հուշարձանի վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել 1938 թ., 1949-1950-ական թթ., 1977, 2013 թթ.[2]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կառուցվել է տեղական բաց շականակագույն ֆելզիտից, որն արևի ճառագայթներից շողշողում է տարբեր նրբերանգներով, կոթողն աչքի է ընկնում ներդաշնակ համաչափություններով, հրաշալի զարդաքանդակներով։ Եկեղեցին ունի ուղղանկյուն հատակագիծ, աղոթասրահից բացի ընդգրկում է երեք կողմից շրջապատող արտաքին սրահը՝ բաց խորանով։ Եկեղեցու ճակատին և պատուհանների շրջանակներին կան բարձրաքանդակներ։ Հատկապես հետաքրքիր է պատուհանից աջ հրեշտակի կերպարը։ Օձունի հրեշտակը ներկայացված է բարդ դիրքում՝ նա կարծես ձեռքերով հենվում է պատուհանի շրջակալին։ Վանքի կողքին գտնվում է 5-6-րդ դարերի մահարձան, որն իրենից ներկայացնում է աստիճաններին տեղադրված կրկնակի կամար, որի որմնախորշերում բարձրաքանդակներով պատված սյուներ են։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջալալեանց Ս., Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, Տփխիս, 1842, հ. 1։
  • Լալայան Ե., Բորչալուի գավառ, «Ազգագրական հանդես», Թիֆլիս, 1901, գիրք 7-8։
  • Հասրաթյան Մ., տաշիրի սրահավոր միանավ հուշարձանները, «Լրաբեր հասարակական գիտությունների», Եր., 1974, N 3։
  • Շախկյան Գ., Օձունի եկեղեցին, Եր., 1983։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png