Ախթալայի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ախթալայի վանք
Վանական համալիր Ախթալա (Պղնձահանքի վանք, Մարիամ Աննայի վանք, Մեյրիման)1.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակ վանք
Երկիր Հայաստան Հայաստան
Տեղագրություն Հայաստան Հայաստան Լոռու մարզ, Ախթալա գյուղ
Թեմ Գուգարաց
Հոգևոր կարգավիճակ գործող
Ներկա վիճակ կանգուն, վերականգնվում է գմբեթը
Ժառանգության կարգավիճակ ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան[1]
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճ Հայկական ճարտարապետություն
Կառուցման ավարտ 10-րդ դար
Հիմնադրված 10-րդ դար
Ախթալայի վանքը գտնվում է Հայաստանում
Ախթալայի վանք
Կոորդինատներ: 41°9′2.0900001015905″ հս․ լ. 44°45′50.920000098399″ ավ. ե. / 41.150580555583772480° հս․. լ. 44.76414444447177488° ավ. ե. / 41.150580555583772480; 44.76414444447177488

Ախթալայի վանական համալիր (նաև Պղնձահանք), 10-րդ դարում հիմնադրված պարսպապատ վանական համալիր, գտնվում է Հայաստանի Լոռու մարզի Ախթալա գյուղում՝ Երևանից 185 կմ հյուսիս։ Ախթալայի վանական համալիրը Հայաստանի այն քաղկեդոնական վանքերից է, որի կառուցումը համընկնում է Հայաստանի Վերածնության շրջանի հետ։ Ախթալայի վանական հուշարձանախմբում ներդաշնակ միահյուսվել են հայկական, վրացական ու բյուզանդական ճարտարապետության տարրերը։

Միջնադարում վանքը հայտնի էր որպես Պղնձահանքի վանք։ Կիրակոս Գանձակեցին իր «Հայոց Պատմությունում» հիշատակում է, որ իշխան Իվանե Զաքարյանը մահացավ 1241 թ և նրա դին ամփոփվեց Պղնձահանքում, որը Իվանեն նախկինում խլել էր հայերից և դարձրել վրացական (այսինքը՝ ուղղափառ) եկեղեցի։ Դարձնելով ուղղափառ եկեղեցի, ուղղափառություն ընդունած Իվանե Զաքարյանը այն վերակառուցեց և անվանեց Ախթալա։ Ըստ Գանձակեցու, նույն եկեղեցում է ամփոփված նաև Իվանեի որդի, իշխան Ավագը (մահ, 1250 թ Բջնիում

Սուրբ Աստվածածին եկեղեցու պատերը նկարազարդված են հոյակապ, հրաշալի պահպանված որմնանկարներով։ Որմնանկարները կատարվել են XIII դարում, երբ եկեղեցին վերափոխվեց քաղկեդոնականի։ Որմնանկարներն իրենց գունային լուծումներով մոտենում են բյուզանդականին, սակայն թեմաների ընտրությունը զուտ հայկական է։

Ներկայումս Ախթալայի վանքն ունի ուխտագնացության օրեր՝ սեպտեմբերի 20-21։

Եկեղեցու որմնանկարների ստորին շերտը վերաբերում է 11-րդ դարին։ Գունազարդումը բնորոշ է բյուզանդական արվեստին, իսկ թեմատիկ լուծումները՝ հայկական մանրանկարչությանը։ Իսկ 13-րդ դարում և հետո կատարված որմնանկարները հարազատ են բյուզանդական արվեստին։ Դրանց մեծ մասն ունի հունարեն, մի մասն էլ՝ վրացերեն արձանագրություններ։ Երկշերտ բարձրարվեստ որմնանկարները պատկերում են Հին և Նոր կտակարանների առանձին դրվագներ, սրբերի պատկերներ, այդ թվում՝ և Գրիգոր Լուսավորչի պատկերը։ Խորանի գմբեթարդին Մարիամ Աստվածածինն է՝ գահին նստած, մանուկ Հիսուսը գրկին. (պահպանվել է որմնանկարի միայն մի մասը), նրանից ներքև հաղորդության՝ խորհրդավոր ընթրիքի տեսարանն է։ Հիսուսը պատկերված է երկու անգամ՝ մերթ շրջված դեպի աջ և մերթ դեպի ձախ՝ առաքյալների հետ հացը կիսելիս։

Պահպանվել են Պետրոս, Հովհաննես, Պողոս առաքյալների, Ղուկաս և Մատթեոս ավետարանիչների պատկերները։

Քիչ ավելի ներքևում ողջ հասակով պատկերված են սրբեր, ի թիվս որոնց՝ Հռոմի Սեղբեստրոս պապի, Հակոբ Տյառնեղբոր, Հովհան Ոսկեբերանի, Բարսեղ Մեծի, Գրիգոր Ա Լուսավորչի, Աթանաս Ալեքսանդրացու, Հռոմի Կլեմենտ (Կղեմես) պապի, Գրիգոր Սքանչելագործի, Կյուրեղ Ալեքսանդրացու, Գրիգոր Աստվածաբանի, Կիպրիանոս Կարթագենացու պատկերները։

Արևմտյան պատի որմնանկարներում պատկերված է երկնային արքայությունը, իսկ հյուսիսային պատին՝ Հիսուսի չարչարանքները, Կայիափա քահանայապետը ու հռոմեական կառավարիչ Պիղատոս Պոնտացին։ Կամարները, միջնապատերն ու սյուները նույնպես պատկերազարդված են սրբագրային թեմաներով և սրբերի դիմապատկերներով։ Որմնանկարների մի մասը վերականգնվել է։

Ախթալայի վանական համալիրում Սերգեյ Փարաջանովը նկարահանել է «Նռան գույնի» որոշ տեսարաններ։ Ներկայումս վերականգնվում է եկեղեցու գմբեթը, ինչպես նաև վերանորոգվում են եկեղեցու այլ հատվածները։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: CC-BY-SA-icon-80x15.png
  1. Monuments database — 2017.