Գոշավանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոշավանք
Goshavank monastery complex general wiev from south (from shrine og Mkhitar Gosh).jpg
Հիմնական տվյալներ
Տեսակ վանք
Երկիր Հայաստան Հայաստան
Տեղագրություն Տավուշի մարզ
Դավանանք Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Թեմ Տավուշի թեմ
Ժառանգության կարգավիճակ Վերականգնվել է 1950-1960 թթ.
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետ Մխիթար Գոշ
Հիմնադիր Իվանե և Զաքարե Բ Զաքարյաններ
Մխիթար Գոշ
Ճարտարապետական ոճ հայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ 12-րդ կամ 13-րդ դար
Հիմնադրված 13-րդ դար
Գոշավանքը գտնվում է Հայաստանում
Գոշավանք
Կոորդինատներ: 40°43′47.560000100801″ հս․ լ. 44°59′51.810000100009″ ավ. ե. / 40.72987777780577545° հս․. լ. 44.99772500002777775° ավ. ե. / 40.72987777780577545; 44.99772500002777775

Գոշավանք, Նոր Գետիկ վանք, հայկական կրոնական կառույց Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գոշ գյուղի եզրին, Գետիկ գետի աջ ափին: Միջնադարյան կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոններից: 1188 թվականին, իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ, հիմնադրել է Մխիթար Գոշը երկրաշարժից ավերված Գետիկ վանքի մոտակայքում և այստեղ տեղափոխել միաբանությունը: Սկզբում անվանվել է Նոր Գետիկ, Մխիթար Գոշի մահվանից (1213) հետո նրա անվամբ կոչվել Գոշավանք:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 13-րդ դարի պատմիչ Կիրակոս Գանձակեցու՝ վանքի առաջին՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչ «հրաշագեղ» փայտակերտ եկեղեցու օծմանը Հաղարծինի վանահայր Խաչատուր Տարոնացին Գոշավանքին նվիրել է երկու գյուղ և այգի:

1191–1196 թվականներին Հաթերքի Վախթանգ իշխանի և նրա եղբայրների օժանդակությամբ Մխիթար Գոշը կառուցել է վանքի գլխավոր՝ Սբ. Աստվածածին եկեղեցին (ճարտարապետ՝ Մխիթար Հյուսն): Այն ունի մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածք, Ավագ խորանի երկու կողմերում՝ կրկնահարկ ավանդատներ: 1197 թվականին, Ծռազատկի օրը, Հաղպատի վանահայր Հովհաննես եպիսկոպոսի ներկայությամբ եկեղեցու օծման հանդիսությանը Զաքարյան իշխանները Գոշավանքին նվիրել են կալվածքներ, իսկ Վախթանգ իշխանի կին Արզուխաթունը՝ իր և դուստրերի գործած, Փրկչի ու սրբերի պատկերներով վարագույր, որը, Կիրակոս Գանձակեցու վկայությամբ, հիացրել է ամենքին: 1197–1203 թվականներին Ս. Աստվածածին եկեղեցու արևմտյան կողմին կից կառուցվել է քառասյուն, կենտրոնակազմ հորինվածքով գավիթ (ճարտարապետ՝ Մխիթար Հյուսն), ծածկի կենտրոնում՝ ութանիստ, երդիկավոր գմբեթով, արևելյան անկյուններում՝ երկհարկանի ավանդատներով: 13-րդ դարի սկզբին Մխիթար Գոշը կառուցել է վանքի Ս. Առաքելոց, Ս․ Հռիփսիմե մատուռները և Ս. Հոգի փայտակերտ եկեղեցին, վանքի հարավային բլրակի գագաթին՝ Ս. Համբարձման մատուռ-դամբարանը, որտեղ և թաղվել է (1213):

1231 թվականին Մարտիրոս և Գրիգոր եղբայրները Գոշավանքի համալիրի հարավարևելյան կողմում կառուցել են գմբեթավոր դահլիճի հորինվածքով Ս. Գրիգոր եկեղեցին, որի շինարարությունն ընդհատվել է Ջալալեդդինի արշավանքի ժամանակ և ավարտվել Գրիգոր Կապալեցու ջանքերով: 1237–1241 թվականներին, գավթի հարավային պատին գրեթե կից, ամիրսպասալար Ավագ Զաքարյանի կառավարիչ Գրիգոր Տղա իշխանը կառուցել է Ս. Գրիգոր Լուսավորիչ միանավ թաղածածկ եկեղեցին, որին իր հարդարանքի արտակարգ ճոխության և նրբագեղության համար Կիրակոս Գանձակեցին անվանել է «զարմանակերտ»: Եկեղեցին, թեև փոքրաչափ, առանձնանում է Գոշավանքի ողջ համալիրում, և նրա հարդարանքը հայկական միջնադարյան դեկորատիվ արվեստի ամենատպավորիչ ստեղծագործություններից է: Վանահայր Մարտիրոսի օրոք (մինչև 1241 թվականը) գավթից հյուսիս, նրան կամարակապ միջանցքով հաղորդակից, կոպտատաշ խոշոր քարերով կառուցվել են վանքի փայտածածկ գրատունը և նրան արևմուտքից կից ժամատունը: 1254 թվականին, Մխիթար Գոշի դամբարանի մոտ, Խաչատուր վարդապետը և Բարսեղը կառուցել են խորանարդաձև ծավալով, գմբեթավոր Ս. Գևորգ եկեղեցին:

Գոշավանքը 13-րդ դարում եղել է Հայաստանի կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոն: Այդտեղ գործել է բարձրակարգ ուսումնական հաստատություն, որը պատմական աղբյուրներում անվանվել է վարժապետարան, համալսարան, ճեմարան: Գոշավանքի վարդապետարանում դասավանդել են հայոց և օտար լեզուներ (հունարեն, լատիներեն), քերականություն, փիլիսոփայություն, ճարտասանություն, երաժշտություն, գրչության արվեստ, նկարչություն: Այստեղ կրթվել և գործել են Կիրակոս Գանձակեցին և Վանական Վարդապետը, որոնք հետագայում իրենց հիմնած դպրոցներում շարունակել են Գոշավանքի վարժապետարանի ավանդները: Գոշավանքում ընդօրինակվել և ստեղծվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնք պահվել են վանքի գրատանը:

13-րդ դարում Գոշավանքը ստացել է բազում նվիրատվություններ՝ գյուղեր, այգիներ, վարելահողեր, անտառներ, ջրաղացներ, դրամ, գրքեր և այլն: 1242–1250 թվականներին Զաքարյան իշխաններն իրենց սեփականություն հանդիսացող Գոշավանքը, կալվածքներով հանդերձ, 40 հազար դուկատով վաճառել են Կարինից Արևելյան Հայաստան տեղափոխված ժամանակի նշանավոր հարուստներից մեկին՝ պարոն Ումեկին, որի ժառանգները մինչև 14-րդ դասի կեսը տիրել են վանքին: 1260 թվականին Գոշավանքը ազատվել է եկեղեցական տուրքից: 1291 թվականին վարդապետ Դասապետը և նրա եղբայր Կարապետը, ձեռամբ ճարտարապետներ Զաքիոսի ու Գրիգորի, գրատան փայտե ծածկը փոխարինել են երկու զույգ խաչվող կամարներ ունեցող համակարգով: Նրանք որպես երկրորդ հարկ կառուցել են Ս. Հրեշտակապետաց խաչաձև հատակագծով եկեղեցին և նրա վրա՝ սյունազարդ զանգաշտարակ (չի պահպանվել): Վանքի գրատուն-եկեղեցի-զանգակատունն օրինակ է ծառայել 14-րդ դարի հայկական երկհարկ եկեղեցիների համար:

Գոշավանքի համալիրի բաղկացուցիչ մասն են կազմում խաչքարերը, որոնց շարքում առանձնանում են վարպետ Պողոսի կերտած, ասեղնագործ նրբությամբ քանդակված զույգ խաչքարերը՝ դրված Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու արևմտյան ճակատի առջև, մուտքի երկու կողմերում (հարավային խաչքարը 1935 թվականին տեղափոխվել է Հայաստանի պատմության պետական թանգարան): Հյուսիսային կողմի՝ տեղում մնացած խաչքարը, ըստ արձանագրության, 1291 թվականին կանգնեցրել է Սարգիս վարդապետը: 13-րդ դարի վերջին Դասապետ վարդապետը և իր մորեղբայր Իգնատիոսը նորոգել են Ս. Աստվածածին եկեղեցին, պարըսպապատել, այգի տնկել, որի բերքի մի մասը հատկացվել է վանքի հյուրանոցին:

14–16-րդ դարերում Գոշավանքում վանական կյանքն անկում է ապրել և վերստին աշխուժացել 17-րդ դարում: 19-րդ դարի վերջին վանքը դադարել է գործել:

1890-ական թվականներին Սմբատ Փարսադանյանը նորոգել է Մխիթար Գոշի կառուցած Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցին: 1937 թվականին նորոգվել է Ս. Աստվածածին եկեղեցու գմբեթը, 1939 թվականին՝ Ս. Գրիգոր եկեղեցին, 1957–1966 թվականներին՝ Ս. Գևորգ և Ս. Աստվածածին եկեղեցիներն ու գավիթը: 1958 թվականին Մխիթար Գոշի դամբարանի մոտ նրան նվիրված հուշակոթող է կանգնեցվել, 1972 թվականին բացվել է Գոշավանքի թանգարանը, 1978 թվականին՝ բարեկարգվել վանքի տարածքը:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ի.Բ. Էլլարյան, Աղստևի հովտի պատմության և կուլտուրայի հուշարձաններ, Երևան, «Հայաստան», 1980 — 47-50, էջեր 47-50 — 154 էջ։