Հաղպատի վանական համալիր
Հաղպատի վանական համալիր | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Հաղպատ |
Հոգևոր կարգավիճակ | Գործող |
Ներկա վիճակ | Կանգուն |
Մասն է | Հաղպատի և Սանահինի վանքեր |
Կազմված է | Եկեղեցի Սբ. Նշան, Զանգակատուն, Ժամատուն Համազասպի, Մատուռ, Մատուռ-ավանդատուն, Մատուռ-ավանդատուն, Մատուռ Բարսեղի, Սմբատի և Բագրատի, Մատուռ Նաջմադինի, Մատուռ Քուրդ իշխանի, Շրջապարիսպ, Սեղանատուն, Խաչքար, Գավիթ Սբ. Նշան եկեղեցու, Գավիթ Սբ. Նշան եկեղեցու, Գերեզմանոց, Գրատուն, Եկեղեցի Սբ. Աստվածածին (Խաթունաշեն), Եկեղեցի Սբ. Աստվածածին (Ջգրաշեն) և Եկեղեցի Սբ. Գրիգոր |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս |
Ճարտարապետական նկարագրություն | |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 966 թ. |
Կառուցման ավարտ | 13-րդ դար |
Հիմնադրված | 10-րդ դար |
![]() | |
![]() | |
Հաղպատ, Հաղբատի վանք, միջնադարյան Հայաստանի հոգևոր, մշակութային և գիտաուսումնական խոշոր կենտրոն, վանքային համալիր: Գտնվում է Հայաստանի Լոռու մարզի Հաղպատ գյուղի հարավարևելյան բարձրադիր մասում: Սանահինի վանքային համալիրի հետ միասին հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ[2]։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաղպատ անվանման հետ կապված են բազմաթիվ լեգենդներ, նրանցից մեկի համաձայն Սանահինի իշխաններից մեկը հրավիրում է իր մոտ ճանաչված մի վարպետի՝ վանք կառուցելու համար։ Վարպետը ներկայանում է իշխանին որդու հետ։
Աշխատանքի ընթացքում վեճ է առաջանում հոր և որդու միջև։ Ենթավարպետներից մեկը բռնում է որդու կողմը։ Այսպես, կռվելով հոր հետ, որդին թողնում է աշխատանքը, վեր է կենում և հեռանում։ Ճանապարհին, մի ուրիշ իշխան վարձում է նրանց՝ իր վանքը կառուցելու պատվերով։ Երբ որդու բարձրացրած պատերը հասնում են այնքան, որ տեսանելի են դառնում Սանահինից, աշխատավորները հաղորդում են դրա մասին ծեր վարպետին։ Ոչ աշխատանքային օրը նա որոշում է այցելել որդու շինարարությունը, մոտենում է կիսասարք վանքի պատին և երկար զննում այն։ Բոլորը լուռ սպասում էին ծեր վարպետի գնահատականին։ Վերջապես, նա հրեց շարվածքի քարը և ասաց. «Ախ պատ»: Այստեղ հայր և որդի գրկախառնվեցին և հաշտվեցին։ Իսկ վանքին մնաց «Հաղպատ» անվանումը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վանքի առաջին՝ Սուրբ Նշան եկեղեցին և միաբանությունը 976 թվականին հիմնադրել են Աշոտ Գ[3] թագավորը և նրա կին Խոսրովանույշը[4]՝ իրենց որդիներ Կյուրիկեի (Գուրգենի) և Սմբատի արևշատության համար: Հիմնադիր վանահայրն է եղել Սիմեոնը, որը Տիրանուն երեցի հետ ղեկավարել է եկեղեցու շինարարությունը (ավարտը՝ 991 թվականին) և հիմնել վանքի հոգևոր դպրոցը: Սանահինի վանքից և այլ վայրերից հրավիրվել են գիտնական և ուսուցիչ վանականներ, և շուտով Կյուրիկյան թագավորության այս երկու վանքերում միաբանների ընդհանուր թիվը հասել է 500-ի: 11-րդ դարի 1-ին քառորդում Սուրբ Նշան եկեղեցու հյուսիսային պատին կից կառուցվել են երկու մատուռ-տապանատներ (1005-1020), Սուրբ Գրիգոր եկեղեցին (1005) և վանքի նախնական պարիսպը: 11-րդ դարում կառուցվել է նաև գրատունը, որի փայտե ծածկը հետագայում վերաշինվել է քարով։
1064 թվականին Տաշիր-Ձորագետի թագավոր Կյուրիկե Ա Բագրատունին, ճանաչելով սելջուկ թուրքերի գերիշխանությունը, կարողացել է կիսանկախ վիճակում պահպանել թագավորությունը և նրա հոգևոր կենտրոնները: Նույն ժամանակ նա եպիսկոպոսական աթոռը Սանահինից տեղափոխել է Հաղպատ, որտեղ 1081 թվականին օժանդակել է Անի-Շիրակի եպիսկոպոս Բարսեղին՝ օծվելու կաթողիկոսական տեղապահ (1105-1113 թվականներին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Բարսեղ Ա Անեցի): Հաղպատում Կյուրիկյան թագավորության եկեղեցական թեմի առաջնորդ է կարգվել Սարգիս եպիսկոպոսը: 1105 թվականին Ղըզըլ ամիրան հարձակվել, ավերել և կողոպտել է մի շարք բնակավայրեր և վանքեր, այդ թվում՝ Սանահինի և Հաղպատի միաբանությունները:
12-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]
1177-1178 թվականներին Վրաց թագավոր Գեորգի III-ի դեմ Իվան Օրբելու գլխավորած ապստամբության պարտությունից հետո Լոռին կարճ ժամանակով հանձնվել է սպասալարի պաշտոնով ղփչաղ Խուբասարին, այնուհետև՝ Մահկանաբերդի Արծրունիներին: Վերջիններիս իշխանության հիմնադիր Վահրամ Արծրունին, որն ազգակցական կապ է ունեցել Զաքարյան իշխանների հետ և 1181 թվականից վրաց արքունիքի ամիրսպասալարն էր, հիշատակվում է որպես Մահկանաբերդի և Հաղպատի տեր: Նրա որդիներից ամիր Քուրդ Արծրունին Քարթլիի և Թիֆլիսի ամիրապետն էր, Բարսեղ եպիսկոպոս Արծրունին՝ Հաղպատի վանքի առաջնորդը, որը Թամար թագուհու հրամանով նշանակվել էր նաև Քարթլիի արքեպիսկոպոս:
12-րդ դարի 2-րդ կեսին սկսվել է Հաղպատի միաբանության վերելքի նոր ժամանակաշրջան, որը շարունակվել է նաև 13-րդ դարում՝ Զաքարյան իշխանների տիրապետության օրոք: Վանքում կատարվել են շինարարական մեծածավալ աշխատանքներ, որոնք չեն ընդհատվել նույնիսկ մոնղոլական տիրապետության տարիներին: Այդ ժամանակահատվածում է հիմնականում ձևավորվել և ամբողջացել վանքի ճարտարապետական համալիրը: 1185 թվականին Կյուրիկե Գ թագավորի դուստր Մարիամը Սուրբ Նշան եկեղեցու արևմտյան կողմում կառուցել է Կյուրիկյան թագավորների սրահ-տապանատունը, որը 13-րդ դարի 1-ին քառորդին, վանքի առաջնորդ Հովհաննես Խաչենացու օրոք հիմնովին վերակառուցվել է և վերածվել եկեղեցու ընդարձակ գավթի: Նրա ժամանակ կառուցվել են նաև Ուքանանց տոհմի երեք խաչքար-դամբարանները, նորոգվել Սուրբ Նշան և Սուրբ Գրիգոր եկեղեցիների ծածկերը, կատարվել վանքի տարածքի ընդարձակման, պարսպապատման և բարեկարգման աշխատանքներ: Համալիրի տարածքից դուրս կառուցվել է Կուսանաց անապատը: 13-րդ դարի 1-ին քառորդին է վերագրվում նաև սեղանատան կառուցումը, որի ճշգրիտ ժամանակը հայտնի չէ:
Մոնղոլական արշավանքների նախօրեին՝ 1233 թվականին, Հովհաննես Մածնաբերդցի վանահոր օրոք, միաբանության պաշտպանության նպատակով վանքից ոչ հեռու, լեռնային դժվարամատչելի հրվանդանի վրա կառուցվել է Կայան բերդ կոչվող ամրոցը, որը, սակայն, անկարող է եղել դիմագրավել թշնամուն և 1241 թվականին ավերվել է: Հաջորդ վանահոր՝ Համազասպի ժամանակ կառուցվել են նոր, ընդարձակ գավիթը, զանգակատունը և պարսպի արևելյան մուտքը: 13-րդ դարի 2-րդ կեսին, Դոփյան տոհմից սերող Հովհաննես վանահոր օրոք վերակառուցվել է գրատան ծածկը, կից կառուցվել է սրահ, աթաբեկ և ամիրսպասալար Սադուն Արծրունու արևշատության համար կանգնեցվել է «Ամենափրկիչ» նշանավոր խաչքարը: Վանքի տարածքից դուրս կառուցվել են Սուրբ Սիոն եկեղեցին և աղբյուր: Դարավերջին գրատան սրահի վրա հավելվել է փոքր մատուռ:
13-18-րդ դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]
11-13-րդ դարերում վանքի համար եղել են նաև կրթության, գիտության և մշակույթի մեծ վերելքի ժամանակաշրջան: Այդտեղ ուսանել, ստեղծագործել և դասավանդել են ժամանակի բազմաթիվ նշանավոր հոգևորական գիտնականներ. ուսուցչապետ Հովհաննես Սարկավագը (Իմաստասեր), նրա աշակերտներ՝ պատմիչներ Երեմիա Անձրևիկը և Սամուել Անեցին, իրավագետ և մանկավարժ Դավիթ Ալավկա Որդին, մատենագիր Վարդան Հաղպատեցին, նրա աշակերտ, ուսուցչապետ Դավիթ Քոբայրեցին, մատենագիր Մխիթար Քոբայրեցին, պատմիչ, մատենագիր, աշխարհագրագետ և փիլիսոփա Վարդան Արևելցին: Հաղպատում գրվել, ընդօրինակվել և ծաղկվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնք օգտագործվել են նաև միջնադարյան Հայաստանի գիտաուսումնական այլ կենտրոններում: Առավել նշանավոր է «Հաղպատի Ավետարանը» (Մատենադարան, ձեռ. դ 6288), որը մանրանկարչական արվեստի լավագույն նմուշներից է: Վանքն ունեցել է իր ժամանակագրության ավանդական մատյանը՝ «Քոթուկը», որը չի պահպանվել:
14-րդ դարի վերջին՝ Զաքարյանների իշխանական տան տրոհումից հետո, Հաղպատն անցել է նրանց շառավիղների՝ տեղական իշխանների տնօրինությանը. նրանք այստեղ և այլ վանքերում եղել են նաև հոգևոր առաջնորդներ:
14-15-րդ դարերում վանքի ձեռագրերը կողոպուտից և ոչնչացումից փրկելու նպատակով թաքցվել են մոտակա դժվարամատչելի քարայրերում, իսկ գրատունը վերածվել է մառանի: Մոռացված ձեռագրերը հայտնաբերվել են 18-րդ դարի վերջին քառորդին, Աբրահամ Թեքերտաղցի առաջնորդի ժամանակ: Վերջինս այրել է քայքայված ձեռագրերը՝ որպես գործածության համար ոչ պիտանի:
1555 թվականին թուրք-իրանական պայմանագրով Լոռին անցել է Սեֆյան Իրանին և ընդգրկվել Քարթլի-Կախեթի վալիության մեջ, իսկ 1747 թվականին անկախացել է Իրանից և 1762 թվականին դարձյալ մտել Վրաստանի կազմի մեջ: 17-րդ դարում Հաղպատն իր շրջակայքով պատկանել է Բարաթյաններին: Միաբանությանը հովանավորել են նաև Բեհբությանները: Նույն դարի 2-րդ կեսին վանքում կատարվել են վերանորոգչական մեծ աշխատանքներ: Ըստ արձանագրության տվյալների՝ 1651, 1655 թվականներին Խոջա Բեհբութը և Մահմեդի Ազիզը նորոգել են եկեղեցիները, որոնք վերանորոգվել են 1668 թվականի երկրաշարժից հետո: 1676-1677 թվականներին նորոգվել են Կուսանաց անապատը, վանքի պարիսպը և գրատան սրահի վերջին մատուռը:
17-18-րդ դարերում լեզգիները բազմիցս հարձակվել և ավերել են վանքը, ուստի Հաղպատի առաջնորդարանը 1751-1776 թվականներին և հետագայում ևս ստիպված ժամանակավորապես պատսպարվել է Թիֆլիսում: 1776 թվականին առաջնորդարանը կրկին հաստատվել է Հաղպատում: Վրաց թագավոր Հերակլ II-ի օժանդակությամբ նորոգվել և բարեկարգվել է անխնամ մնացած վանքը: Սակայն դեռևս վտանգավոր իրավիճակը 1783 թվականին դարձյալ ստիպել է տեղափոխվել Թիֆլիս: Հաղպատի առաջնորդարանում 1768 թվականից՝ որպես աբեղա, իսկ 1778 թվականից՝ որպես Սուրբ Նշան եկեղեցու լուսարար ծառայել է Սայաթ-Նովան՝ Տեր-Ստեփանոս անվամբ:
1786 թվականին Հաղպատի վրա է հարձակվել լեզգի Ումմա (Օմար) խանը, սակայն հանդիպելով գյուղացիների դիմադրությանը՝ նահանջել է, իսկ 1795 թվականին Թիֆլիսում Հաղպատի առաջնորդարանը ենթարկվել է Աղա Մահմուդ խանի ավերածություններին ու կողոպուտին. այլ արժեքների հետ ոչնչացվել է նաև վանքի «Քոթուկը»:
19-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]
19-րդ դարի սկզբին Լոռին Վրաստանի հետ միասին անցել է ռուսական կայսրությանը: 19-րդ դարի 1-ին քառորդին Հաղպատի առաջնորդներն են եղել Հովհաննես Ակնեցին (1808-1811), Աստվածատուր Արցախեցին (1811-1814) և Ներսես Աշտարակեցին (1814 թվականից), որոնք միաժամանակ վարել են նաև վիրահայոց առաջնորդությունը: Այդ տարիներին երկրում տիրող ռազմաքաղաքական անկայուն վիճակը ստիպել է Եփրեմ Ա Ձորագեղցի կաթողիկոսին 1822-1824 թվականներին ապաստանել Հաղպատում: Բռնի ռուսականացման քաղաքականության դեմ անհանդուրժողականության համար Ներսես Աշտարակեցին գեներալ Իվան Պասկևիչի թելադրանքով 1828 թվականին աքսորվել է Բեսարաբիա, որտեղ առաջնորդել է տեղի հայ եկեղեցական թեմը, իսկ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տեսուչ, բանաստեղծ ու մանկավարժ Հարություն Ալամդարյանը 1830-1832 թվականներին աքսորվել է Հաղպատ:
1836 թվականին, Զաքարիա արքեպիսկոպոս Գուլասարյան-Բեհբուդյանցի առաջնորդության ժամանակ վերացվել է Հաղպատի եպիսկոպոսական աթոռը: Նախկին վիճակը և կարողությունները կորցրած վանքը գոյատևել է ևս մի քանի տասնամյակ: Հաղպատի վանքի վերջին վանահայրն է եղել Սերովբե եպիսկոպոս Արարատյանը. նա հիշատակվում է նաև 1873 թվականին Դեբեդ գետի վրա քարե կամրջի կառուցման առնչությամբ:
20-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]
Խորհրդային իշխանության տարիներին վանքը պահպանվել է որպես պատմամշակութային հուշարձան: Պարբերաբար կատարվել են ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներ (ճարտարապետներ՝ 1927 թվականին՝ Ալեքսանդր Թամանյան, 1929 թվականին՝ Ն. Տոկարսկի, 1930 թվականին՝ Ա. Ավետիսյան, 1950 թվականին՝ Ա. Բալասանյան, 1954-1955 թվականներին՝ Հ. Հակոբյան, 1965-1966 թվականներին՝ Վ. Խաչատրյան, 1973-1975 թվականներին՝ Հ. Գասպարյան):
1989 թվականին, Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ, վանքը վերադարձվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տնօրինությանը: Հայկական պատմաճարտարապետական հուշարձաններից Հաղպատի վանքն առաջինն է, որ ընդգրկվել է (1996) ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համալիրի՝ տարբեր ժամանակներում կառուցված և տարաբնույթ շինություններն ի վերջո կազմել են ամբողջական, ներդաշնակ, ասիմետրիկ, բայց հավասարակշիռ մի հորինվածք, որի բաղկացուցիչ յուրաքանչյուր տարրը և մանրամասները համահունչ են միմյանց և շրջակա բնությանը: Վանքի ընդհանուր համայնապատկերում առանցքային և գերիշխող դիրք է գրավում Սուրբ Նշան եկեղեցին (976-991), որին կից աստիճանաբար ձևավորվել է համալիրի կորիզը կազմող հուշարձանախումբը: Եկեղեցին պատկանում է գմբեթավոր դահլիճի տիպի խաչագմբեթ ենթատիպին՝ արտաքուստ՝ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև հատակագծով և անկյուններում տեղադրված երկհարկ ավանդատներով: Մուտքեր ունի հյուսիսային և արևմտյան կողմերից:
Ընդարձակ և միասնական ներքին տարածքը պսակվում է լայնանիստ և բարձրադիր գլանաձև գմբեթով: Արևելյան, հարավային և հյուսիսային ճակատները ջլատված են եռանկյունաձև հատվածքով երկուական ուղղաձիգ խորշերով, որոնք, կառույցին թեթևություն և տարածական կոշտություն հաղորդելուց բացի, զուսպ մշակված քիվերի և պսակների հետ կազմում են նրա հարդարանքի էական տարրը: Արևելյան ճակատի վերին մասում խորաքանդակ պատկերված են Սմբատ և Գուրգեն (Կյուրիկե) թագավորները՝ կանգնած դեմ հանդիման, ձեռքերում՝ եկեղեցու մանրակերտը: Եկեղեցու Ավագ խորանը և պատերի առանձին հատվածներ պատված են եղել որմնանկարներով, որոնցից միայն հետքեր են պահպանվել: Ավագ խորանի պատին պատկերված է եղել գահին նստած Քրիստոսը, իսկ դրանից ցած՝ «Ավետման», «Ծննդյան» և «Մկրտության» տեսարաններ (10-րդ դար): Հարավային պատին ամբողջ հասակով նկարված են եղել Սադուն Արծրունու և նրա որդու՝ Խութլու Բուղայի պատկերները (13-րդ դար): 19-րդ դարի մատենագիր, Սանահինի վանքի վանահայր Հովհան Ղրիմեցին, հենվելով մի հին ավանդության վրա, Սուրբ Նշան եկեղեցու կառուցումը վերագրել է Անիի նշանավոր ճարտարապետ Տրդատին,ինչը հավանական են համարում նաև որոշ հետազոտողներ:
Սուրբ Նշան եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() | |
Monasteries of Haghpat and Sanahin* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
![]() | |
Երկիր | ![]() |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | (ii)(iv) |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1996 (20-րդ նստաշրջան) |
Համար | 777 |
![]() ![]() | |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ![]() |
Հայ միջնադարյան ճարտարապետության բացառիկ արժեքավոր նմուշներից է Սուրբ Նշան եկեղեցու գավիթը (1210-1225), որը կառուցված է եկեղեցու արևմտյան կողմում, նրան կից, իշխանուհի Մարիամի հիմնադրած սրահ-տապանատան (1185) տեղում: Վերակառուցումից հետո վերջինից պահպանվել են արևելյան և արևմտյան ծայրային հատվածները, որոնք վարպետորեն ընդգրկվել և մաս են կազմել նոր կառույցի: Ուղղանկյուն հատակագծով ընդարձակ դահլիճը ծածկված է երկու զույգ, միմյանց հետ խաչվող կամարներով, որոնք արևելյան կողմում հենվում են եկեղեցու արևմտյան պատին կից որմնասյուներին, իսկ արևմտյան կողմում՝ առանձին կանգնած սյուներին:
Չորս կամարներով ստեղծված կենտրոնական քառակուսին իր հերթին ծածկված է դրանց վրա հենված խաչվող կամարների մի նոր, առավել փոքր համակարգով՝ ստեղծելով բարդ, սակայն տեկտոնիկ, տրամաբանված ու գեղարվեստորեն հարուստ ու բազմապլան տարածական կոնստրուկտիվ հորինվածք, որն ավարտվում է երդիկով և սլացիկ ռոտոնդայով: Գավթի արտաքին պարզ ու զուսպ հարդարանքի ֆոնի վրա առավել շեշտված երևում է հարուստ զարդաքանդակներով մշակված արևմտյան շքամուտքը:
Համալիրի երկրորդ գավիթը (1255), որը կառուցող վանահոր անունով կոչվում է նաև «Համազասպի ժամատուն», գտնվում է Սուրբ Նշան եկեղեցու հյուսիսային կողմում, մոտ 8 մ հեռավորությամբ: Կառույցը պատկանում է քառակուսի հատակագծով կենտրոնակազմ չորս սյուների վրա հենված կամարածածկ և երդիկավոր գավիթների տարածված տիպին և ամենամեծն է դրանց շարքում (մոտ 330 մ2): Արևելյան կողմում առանցքային տեղադրությամբ այն հաղորդակից է անհամեմատ փոքր չափերով միանավ թաղածածկ եկեղեցուն, որն ունի ընդամենը 20 մ2 մակերես: Վերջինիս և գավթի այս անսովոր և անհամաչափ համադրության պատճառով հաճախ անտեսվել է եկեղեցու գործառնական դերը, և գավիթը համարվել է ինքնուրույն, առանձին շինություն՝ ժողովարան:
Փոքր չափեր ունի նաև Սուրբ Գրիգոր եկեղեցին (1125), որը ներքուստ խաչաձև, արտաքուստ ուղղանկյուն հատակագծով, անկյուններում՝ ավանդատներով (արևմտյան կողմում՝ կրկնահարկ), թաղածածկ և երկլանջ տանիքով կառույց է՝ տեղադրված Սուրբ Նշան եկեղեցու գավթին կից, հարավային կողմում:
Սուրբ Աստվածածին եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]
Համալիրի երրորդ փոքր՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին (13-րդ դար), գտնվում է Սուրբ Նշան եկեղեցու գավթի հյուսիսային կողմում, նախկին սրահ-դամբարանի պահպանված մասից 2 մ հեռավորությամբ: Ներքուստ խաչաձև, սակայն առանց ավանդատների, կենտրոնակազմ գմբեթավոր կառույց է, որի հյուսիսային և հարավային խաչաթևերի խորությունն այնքան փոքր է, որ հատակագծում դրանք ընդգրկվել են եկեղեցու պարզ ուղղանկյան եզրագծի մեջ: Արևմտյան ճակատի առանցքով տեղադրված շքամուտքը հարդարված է քանդակազարդ շրջանակով: Եկեղեցին կոչվում է նաև Խաթունաշեն, կառուցողի՝ Դեսումյանց Հասան իշխանի դուստր Խաթունի անվամբ:
Գրատուն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վանքի գրատունը (11-րդ դար, վերակառուցվել է 1258-1262 թվականներին) քառակուսի պարզ հատակագծով սրահ է, սկզբնապես ծածկված է եղել փայտե սյունահեծանային կոնստրուկցիայով: Վերակառուցման ժամանակ այն փոխարինվել է քարաշեն խաչվող կամարների համակարգով, որը հենվում է պատերին կից հավելված որմնասյուների վրա: Ծածկի կենտրոնական քառակուսին պսակվում է ութանիստ վրանաձև երդիկավոր գմբեթով: Սրահի որմնակամարներով ջլատված պատերն ունեն նաև որմնախորշեր, որոնք կատարել են գրապահարանի դեր: Միակ մուտքը արևմտյան կողմից է և բացվում է Սուրբ Նշան եկեղեցու և «Համազասպի ժամատան» միջանկյալ տարածքում՝ գրատան վերաշինության հետ միաժամանակ կառուցված սրահի մեջ:
Համազասպի ժամատուն[խմբագրել | խմբագրել կոդը]
Փոքր գավթին հյուսիսից կից Համազասպի ժամատունը 1257 թվականին կառուցել է Համազասպ Անեցի վանահայրը։ Չորս հզոր սյուներով, երդիկավոր, կենտրոնակազմ դահլիճ է՝ իր տիպի մեջ ամենամեծը (18, 68 x 18, 20 մ)։ Արևելքից կից է ավելի վաղ կառուցված մատուռը։
Զանգակատուն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանախմբից անջատ՝ գրատան հյուսիսարևելյան կողմում, մոտ 5 մ հեռավորությամբ կանգնած է 25 մ բարձրություն ունեցող զանգակատունը, որը նմանատիպ առավել վաղ և լավագույն օրինակներից է: Նրա երկհարկ հիմնական զանգվածը ավարտվում է սյունազարդ զանգաշտարակով: Առաջին հարկի հատակագծի եզրագիծը հավասարաթև խաչ է, երկրորդ հարկինը՝ այն ներգծող քառակուսի՝ հատված անկյուններով: Այս համադրության շնորհիվ արտաքին անկյուններում ստեղծվել են ստալակտիտային տրոմպների համակարգով պսակվող ուղղաձիգ խորշեր, որոնք շքամուտքի ու լուսամուտների կամարազարդ բացվածքների շրջակալների, ճակտոնների քիվերի և հովհարաձև վեղարով զանգաշտարակի հետ կառույցին հաղորդում են թեթևություն և վերասլաց համաչափություն: Պատի միջին բարձրության վրա գտնվող շարքերից մեկը, որը չի ընդհատվում բացվածքներով, ողջ պարագծով կառուցված է որպես հակաերկրաշարժային հոծ գոտի, որտեղ քարերը միմյանց ագուցված են ձգման ուժերին դիմակայող ատամնաձև ելուստներով: Հարկերը միմյանց հետ հաղորդվում են ներքին քարե աստիճաններով: Առաջին հարկում կան երկու, իսկ երկրորդում՝ չորս մատուռ-աղոթարաններ՝ ինչի պատճառով վիմագրերում կառույցն անվանվում է նաև եկեղեցի:
Սեղանատուն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայ միջնադարյան աշխարհիկ կառույցների մեջ բացառիկ տեղ է գրավում սեղանատունը (1220-ական թվականներ), որը կառուցված է վանքի պարսպապատ տարածքի հյուսիսային եզրին: Արևելք-արևմուտք երկայնական առանցքով ուղղանկյուն ընդարձակ սրահ է՝ կողմերի 1:2 հարաբերությամբ: Կենտրոնական մասում լայնական առանցքով դրված երկու սյուներով սրահը բաժանված է երկու քառակուսի մասերի, որոնցից յուրաքանչյուրը ծածկված է որմնասյուներին և կենտրոնական սյուներին հենվող խաչվող կամարների համակարգով և ութանկյուն երդիկավոր գմբեթով: Մուտքը արևմտյան կողմից է, իսկ արևելյան պատը ներքուստ ձևավորված է կամարակապ խորշով:
Վանքի աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարսպապատ տարածքից դուրս՝ մոտ 100 մ արևելք, գտնվում է վանքի աղբյուրը (1258): Այն ուղղանկյուն հատակագծով երկարավուն սրահ է, որի երեք պատերը խուլ են, իսկ հարավային երկայնական պատը ձևավորված է երկթեք տանիքի ճակտոնի տակ առնված կենտրոնակակն մեծ կողմնային երկու փոքր կամարակապ բացվածքներով: Ներսում՝ հյուսիսային պատի ողջ երկայնքով, տեղադրված են միմյանց հետ հաղորդվող վեց տաշտակներ, որոնց միջով հոսում է ջուրը: Նույն ուղղությամբ ավելի հեռու՝ բարձունքի վրա գտնվում է Եկեղեցի Կուսանաց Անապատ (Տիրամոր Եկեղեցի)՝ Սուրբ Տիրամայր եկեղեցով (13-րդ դար), որը ներքուստ խաչաձև, արտաքուստ ուղղանկյուն փոքր կենտրոնագմբեթ կառույց է:
Սուրբ Գրիգոր եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]
Գավթից հարավ տեղադրված Սուրբ Գրիգոր եկեղեցին (1025) դրսից ուղղանկյուն, ներսից խաչաձև հատակագծով, երկթեք կտուրով, թաղակապ շինություն է, որի չորս անկյուններում ավանդատներ են (արևմտյանները՝ կրկնահարկ)։
Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վանական համալիրի տարածքում և շրջակայքում պահպանվել են մեմորիալ և մոնումենտալ արվեստի բազմաթիվ հուշարձաններ: Դրանցից առավել նշանավոր է բարձրարվեստ պատկերաքանդակներով հարուստ «Ամենափրկիչ» խաչքարը, որը տեղադրված է Սուրբ Նշան եկեղեցու հյուսիսային մուտքի մոտ՝ սրահի ներսում: Հիշարժան են նաև Ուքանանց իշխանական տոհմի երեք խաչքար-դամբարանները՝ վանքի հյուսիսարևմտյան պարսպի մոտ:
Հաղպատի վանական համալիրում վավերագրվել և վերծանվել է մոտ 260 վիմագիր արձանագրություն, որոնց ժամանակագրությունն ընդգրկում է 10-18-րդ դարերը: Դրանք պարունակում են արժեքավոր տեղեկություններ պատմական իրադարձությունների, թագավորական և իշխանական տների, հոգևոր և մշակութային գործիչների, տնտեսական կյանքի և վանքի շինարարական գործունեության մասին:
«Ամենափրկիչ» խաչքարի վրայի գրություններ
Համաշխարհային Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1996 թվականին Հաղպատի վանական համալիրը Հայաստանի հուշարձաններից առաջինն է ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[2]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://tools.wmflabs.org/heritage/api/api.php?action=search&format=json&srcountry=am&srlang=hy&srid=7.60/33 — 2017.
- ↑ 2,0 2,1 Centre UNESCO World Heritage։ «Monasteries of Haghpat and Sanahin»։ whc.unesco.org (անգլերեն)։ Վերցված է 2018-08-18
- ↑ А. Ю. Казарян. Ахпат // Православная энциклопедия. —М., 2002. — Т. 4. — С. 213-214.
- ↑ Вардан Великий. Всеобщая история: «Благочестивая супруга его, Хосровануйш, выстроила великолепные монастыри Санахин и Хахпат…»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հաղպատի վանական համալիր կատեգորիայում։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |