Թբիլիսիի հայոց վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թբիլիսիի հայոց վանք
վրաց.՝ ვანქის ტაძარი
Armenian monastery of Tbilisi 1.jpg
Գլխավոր եկեղեցին. 19-րդ դար
Հիմնական տվյալներ
Տեսակվանք և բնակավայր
ԵրկիրԹբիլիսի Թբիլիսի
ՏեղագրությունՎրաստան Վրաստան Թբիլիսի
ԹեմՀայ Առաքելական եկեղեցի Վիրահայոց
Հոգևոր կարգավիճակՉգործող
Ներկա վիճակՈչնչացված
Ճարտարապետական նկարագրություն
ՀիմնադիրԳրիգոր Լուսավորիչ
Ճարտարապետական տիպԵռանավ բազիլիկա
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ931 թ.
Հիմնադրված14-րդ դար (ըստ ավանդույթի՝ 4-րդ դար)
Փակված է1938
Գմբեթ3
ՇինանյութԲարձրորակ աղյուս[1]
Կոորդինատներ: 41°41′46.780800100004″ հս․ լ. 44°48′24.202800099993″ ավ. ե. / 41.69632800002777628° հս․. լ. 44.80672300002777320° ավ. ե. / 41.69632800002777628; 44.80672300002777320

Թբիլիսիի հայոց վանք[2] (նաև՝ Հարանց վանք, Պաշավանք), հայկական առաքելական վանական համալիր Թբիլիսի քաղաքի Տափիթաղ (վրացերեն՝ Գարեբունի) թաղամասում՝ Կուր գետի աջ ափին[1][3]։ Հիմնադրվել է 14-րդ դարում: Եղել է Թիֆլիսի ամենամեծ եկեղեցին մինչև ոչնչացումը և քաղաքի խոշորագույն մշակութային-կրոնական հաստատությունը[1]։ 1914 թվականին Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդի նստավայրն էր։ Գտնվել է Թբիլիսիի նախկին Գարեուբանիի (Ներքին թաղ) կամ Վանքի Մեծ, այժմ՝ Աթոնելի փողոցում, Կուր գետի աջ ափին[3][4][5][6]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ուսումնասիրող Գ. Աղայանցի՝ վանքը հիմնադրվել է Գրիգոր Լուսավորչի կողմից 4-րդ դարում։ Այդ ժամանակից էլ պահպանվել է գլխավոր եկեղեցու արևելյան ճակատի որոշ հատվածներ, իսկ բուն վանքը հիմնադրվել է 931 թվականին Ումեկի որդիներ Առյուծի, Սուջաթի և Ջալապի կողմից[1][5]։

Վանական համալիրը կազմված է եղել եկեղեցուց, զանգակատնից, մատուռից, թանգարանից, առաջնորդարանից, որոնք շրջապատված են եղել պարսպով: Եկեղեցին եռանավ բազիլիկա էր, երեք գմբեթով, որոնցից կենտրոնականը ամենաբարձրն էր: Ներսից պատերին առկա են եղել որմնանկարներ, որոնց վերին շերտը 1789 թվականին նկարել է Հովնաթան Հովնաթանյանը: Ուներ քիչ հանդիպող հետաքրքիր հորինվածք: Նմանեցվել է ՀՀ Լոռու մարզում գտնվող Սանահինի վանքի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից 1211 թվականին կառուցված գավթի ճարտարապետական հորինվածքին[5][6][7]։

Բազմադարյա պատմության ընթացքում վանքը ենթարկվել է բազմաթիվ նորոգությունների և վերակառուցումների: Մասնավորապես, 1480 թվականին կատարվել է բավականին մեծամասշտաբ վերանորոգում: Այդ է պատճառը, որ վանական համալիրի կառուցումը վերագրվում է հենց այդ ժամանակաշրջանին: Վերանորոգումը կատարվել է Ավսարքիսյանի, Բաստամյանի, Նազարբեկյանի, Օզաանյանի և վրաց իշխան Սոլաղովի նվիրատվություններով[7]: 18-րդ դարում մի քանի անգամ վերանորոգման է ենթարկվել Ամենայն հայոց կաթողիկոս Աստվածատուր Համադանցի օրոք: 19-րդ դարում կատարված վերանորոգման ժամանակ կառուցվել է համալիրի դարպասը, թանգարանը, առաջնորդարանը, որի մասին զանգակատան պատին թողնված է եղել համապատասխան արձանագրությունը[5][6]։

1882 թվականին վանքը լիովին վերանորոգումների կարիք ուներ: Սակայն այս անգամ նրա 400-ամյա հոբելյանի առիթով հրապարակվում է ոչ թե նորոգելու, այլ հին եկեղեցին հիմնովին վերակառուցելու մասին[8]: 1884 թվականի մարտի 4-ին Վանքի վերակառուցման հարցերը քննարկելու նպատակով հրավիրվում է ժողով, որին մասնակցեցին Հովհաննես Չիթախյանը, Ալեքսանդր Մանթաշյանը, Իսահակ Ծովիանյանը, Հարություն Շամխարյանը, Գաբրիել Սունդուկյանը և Ալեքսանդր Սունդուկյանը[9]: Վերակառուցումը ավարտվում է 1901 թվականին և վերաօծվում Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Գևորգ արքեպիսկոպոս Սուրենյանի կողմից[5][6][10]։

Թանգարանը կառուցվել է 1893 թվականին Միքայել Թամամշյանի նախաձեռնությամբ և բարեգործ Ավետիս Ղուկասյանի ֆինանսավորմամբ՝ անվանվելով Ղուկասյան: 1902 թվականի փետրվարի 21-ին Վարդանանց տոնի առիթով և Խրիմյան Հայրիկ Կաթողիկոսի ձեռամբ հանդիսավոր պայմաններում կատարվել է թանգարանի բացման արարողությունը[5][6]։

Վանական համալիրի ղեկավարման ներքո էին գտնվում նաև Թիֆլիսի մի շարք շինություններ: Հայտնի է, որ 1816 թվականին վանքին էին պատկանում քաղաքի թվով 23 բնակելի շենքեր[5]:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանական համալիրը միջնադարյան հայկական ճարտարապետության բացառիկ նմուշ է։ Գլխավոր եկեղեցին գմբեթավոր բազիլիկ էր՝ կազմված 3 նավից և երեք գմբեթից, որոնք տեղակայված էին իրար կողքի։ Բոլոր երեք նավերը ավարտվում էին արևելյան կողմում։ Ունեցել է երեք խորան, որոնցից կենտրոնականը նվիրված էր Սուրբ Աստվածածնին, հյուսիսայինը՝ Քրիստոսի առաքյալներին, հարավայինը՝ Գրիգոր Լուսավորչին։ Շինարարության ժամանակ օգտագործվել է բարձրորակ աղյուս[1][6]։

Ոչնչացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թբիլիսիի հայոց վանքը ոչնչացման ընթացքում. 1938թ.։

1938 թվականին Վրացական ԽՍՀ-ի կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Լավրենտի Բերիայի կարգադրությամբ կազմակերպվում է Թիֆլիսի հայոց վանքի ոչնչացումը: Վրացական ԽՍՀ ներքին գործերի աշխատակիցները, պետական լծակները գործի դնելով, սպառնալիքների և ճնշման միջոցով հավաքագրում են Վանքի թաղամասի (Տափիթաղի) հայ բնակչության մի քանի ստորագրություններ[11], որոնց հիման վրա իբր Թբիլիսիի քաղաքային իշխանությունը որոշում է քանդել հայկական վանական համալիրը: Այդ որոշման մասին գրվեց «Խորհրդային Վրաստան» թերթում, որտեղ ասվում էր, թե իբր «Թիֆլիսի խորհրդի նախագահությունը բավարարեց Թիֆլիսի աշխատավոր հայերի միջնորդությունը, որոնք խնդրում էին քանդել Վանքի եկեղեցու շենքը: Հողամասը կհատկացվի հայկական լրիվ միջնակարգ դպրոց կառուցելու համար»[12]։ 1938 թվականին հազարամյա հայկական վանական համալիրը ոչնչացվում է: Քանդումը տեղի է ունենում գիշերով, որպեսզի քաղաքի հայազգի բնակչության շրջանում ընդվզումներ չլինեն: Քանդման ժամանակ թալանվում են այնտեղ եղած արժեքավոր պատմական իրերը: Վանքի բակում գտնվող հայազգի ականավոր հասարակական, մշակութային, քաղաքական, պետական, ռազմական գործիչների գերեզմանները նույնպես թալանվում և ոչնչացվում են[11]: Ոչնչացվում են Հովհաննես Այվազովսկու եղբոր՝ արքեպիսկոպոս Գաբրիել Այվազյանի, Լորիս-Մելիքովի գերեզմանները: Նրանց աճյունների մնացորդները թալանված և պղծված վիճակում տեղափոխվել են Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակ: Լորիս Մելիքովի գերեզմանի ոչնչացման ժամանակ բացում են նրա հրեշտակներով զարդարված ցինկից պատրաստված դագաղը, գողանում բոլոր արժեքավոր իրերը, այդ թվում՝ նրա դաշույնն ու մեդալները: Ականատեսների պատմելով՝ վանքի բակում թաղված հայ ականավոր թատերագիր և տոհմիկ թիֆլիսցի Գաբրիել Սունդուկյանի աճյունը թալանվելուց հետո քաղաքի հայ բնակչության շնորհիվ տեղափոխվում է Թբիլիսիի հայկական Խոջիվանքի գերեզմանատուն: Տեղափոխելուց առաջ դիակն արդեն վնասվել էր. գողացել էին նույնիսկ Սունդուկյանի հագի հայտնի ճտքակոշիկները[5][6][13]։

Վանքի ոչնչացումից հետո տեղում կառուցվեց այսօր գործող թիվ 104 դպրոցը[5]: Ներկայումս կանգուն է միայն զանգակատունը, որը գտնվում է դպրոցի բակում՝ շրջապատված քարե և երկաթյա պատնեշով։ Հարակից շինություններում նկատելի են վանքի կառույցների որոշ հատվածներ[6]։

Վանքի բակի թաղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեներալ Միքայել Լոռու Մելիքյանի գերեզմանը մինչև ոչնչացումը
Թբիլիսիի հայոց վանքի գերեզմանատունը ոչնչացման ժամանակ

Առաջնորդանիստ Վանքը հայտնի էր նաև ազգային իր զերեզմանոցով, որը գտնվում է վանական համալիրի բակում: Այն գոյություն ուներ առնվազն միջնադարից: Վանքի գերեզմանատանն ամփոփված էին հասարակական, մշակութային, պետական, քաղաքական, հոգևոր ոլորտի բազմաթիվ ականավոր հայերի աճյունները, այդ թվում[4][5][6]՝

  • Տ. Գաբրիել արքեպիսկոպոս Այվազյան (1812-1880 թթ.) - Վիրահայոց թեմի առաջնորդ
  • Տ. Խորեն եպիսկոպոս Ստեփանյան (1840-1900 թթ.) - Վիրահայոց թեմի առաջնորդ
  • Տ. Եսայի արքեպիսկոպոս Աստվածատուրյան - Վիրահայոց թեմի առաջնորդ
  • Տ. Գարեգին արքեպիսկոպոս Սաթունյան (1852-1910 թթ.) - Վիրահայոց թեմի առաջնորդ
  • գեներալ Միքայել Լոռիս Մելիքյան (1824-1888 թթ.), աճյունը տեղափոխված է Թբիլիսիի Ս. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակ
  • Բահբութ Շելկովնիկյանց (1837-1878 թթ.), աճյունը տեղափոխված է Թբիլիսիի Ս. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակ,
  • Ալեքսանդր Մատինյանց (1843-1909 22.) - Թբիլիսիի քաղաքապետ
  • Պողոս Իզմայիլյան (1852-1895 թթ.) - Թբիլիսիի քաղաքապետ
  • Դավիթ Ղորղանյանց (1831-1900 թթ.) - պետական խորհրդական
  • Գաբրիել Սունդուկյան (1825-1912 թթ.) - դրամատուրգ, աճյունը տեղափոխված է Թբիլիսիի Հայ գրողների և հասարակական գործիչների Պանթեոն
  • Աբգար Հովհաննիսյան (1849-1904 թթ.) - «Արձագանք» պարբերականի գլխավոր խմբագիր
  • Պետրոս Սիմոնյան (1830-1911 թթ.) - «Մեղու Հայաստանի» պարբերականի գլխավոր խմբագիր
  • Ալեքսանդր Մանթաշյան (1849-1911 թթ) - բարերար, խոշոր գործարար, հուշաքարը տեղակայված է Թբիլիսիի Ս. Էջմիածին եկեղեցու բակում
  • Հովսեփ Էյֆենդյանց (1806-1862 թթ.)
  • Հովհաննես Դավթի Լազարյան, ռուսական բանակի հայազգի զինվորական գործիչ է, գեներալ-լեյտենանտ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Главный армянский храм старого Тифлиса был попросту стерт с лица земли.(ռուս.)
  2. «ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅՈՑ ՎԱՆՔԸ»։ armenianchurch.ge (hy-am)։ Վերցված է 2017-01-30 
  3. 3,0 3,1 Տիերի Ժան-Միշել (1989)։ Հայկական մշակույթ ։ Նյու Յորք: Harry N. Abrams. ։ էջ 586։ ISBN 0-8109-0625-2 
  4. 4,0 4,1 Սամվել Կարապետյան, Վրաց պետական քաղաքականությունը, և հայ մշակույթի հուշարձանները, Երևան, 1998:
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 5,9 Վիրահայոց թեմի պաշտոնական կայք. Եկեղեցիների պատմություն:
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Ванкский собор (Аранц Ванк, Паша Ванк).
  7. 7,0 7,1 Մելիքսեթ-Բեկ Լ., Հայերը Վրաստանում, «Кавказ и Византия», Երևան, 1979, էջ 178:
  8. «Արձագանք», 1882, N 10:
  9. «Արձագանք», 1884, N 10, էջ 142:
  10. «Մասիս», 1901, N 52, (29 դեկտ.), էջ 832:
  11. 11,0 11,1 Սամվել Կարապետյան, Վրաց պետական քաղաքականությունը, և հայ մշակույթի հուշարձանները, Երևան, 1998, էջ 75-76, Է.Կոտոյանի 09.12.1997թ.-ի վկայություն:
  12. «Խորհրդային Վրաստան» (1938, N 85, 23 սեպտեմբեր):
  13. Սամվել Կարապետյան, Վրաց պետական քաղաքականությունը, և հայ մշակույթի հուշարձանները, Երևան, 1998, էջ 76-77, Կիմա Կարապետի Հակոբյանի վկայություն: