Գաբրիել Այվազյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Այվազյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գաբրիել Այվազյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 10 (22), 1812[1] |
Ծննդավայր | Թեոդոսիա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | ապրիլի 8 (20), 1880[1] (67 տարեկան) |
Մահվան վայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Գերեզման | Սուրբ Գևորգ եկեղեցի |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Ֆրանսիա և Իտալիայի թագավորություն |
Ազգություն | հայ |
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի[1] և Հայ Կաթողիկէ Եկեղեցի[1] |
Կրթություն | Սուրբ Ղազար կղզի[1] |
Մասնագիտություն | վանական, պատմաբան, թարգմանիչ, բանասեր, հասարակական գործիչ, ուսուցիչ և քահանա |
Աշխատավայր | Ռափայելյան վարժարան[1], Բազմավեպ[1], Սամուել-Մուրատ վարժարան[1], Հայկազյան վարժարան[1], Մասյաց աղավնի[1] և Խալիբյան վարժարան[1] |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր խմբագիր, գլխավոր խմբագիր և տնօրեն |
Գաբրիել Գևորգի Այվազյան (ռուս.՝ Гавриил Константинович Айвазовский, Գավրիիլ Կոստանդինի Այվազովսկի, մայիսի 10 (22), 1812[1], Թեոդոսիա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 8 (20), 1880[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1]), եկեղեցական և հասարակական գործիչ, բանասեր-պատմաբան, մանկավարժ, թարգմանիչ։ Մխիթարյան միաբանության անդամ (1830), վարդապետ (1834), եպիսկոպոս (1867), արքեպիսկոպոս (1871)։
Ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու եղբայրը։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախնական կրթությունը ստացել է Թեոդոսիայի հայկական ծխական դպրոցում, ապա՝ Ղարասուբազարի հայ կաթոլիկական դպրատանը։ 1826 թվականին ուղարկվել է Ս. Ղազար (Վենետիկ), սովորել Մխիթարյանների մոտ։ 1830-ից վարել է միաբանության ընդհանուր քարտուղարի պաշտոնը։ 1842–1848 թվականներին դասավանդել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում։ 1843 թվականին հիմնադրել և մինչև 1848 թվականը խմբագրել է առաջին հայագիտական հանդեսը՝ «Բազմավեպը»։ 1848–1856 թվականներին եղել է Փարիզի Մուրադյան վարժարանի տնօրեն, հայոց լեզվի և պատմության ուսուցիչ։ Գժտվելով Մխիթարյանների հետ՝ 1856 թվականին դարձել է դեպի Հայ առաքելական եկեղեցի, Փարիզում Սարգիս Թեոդորյան և Ա. Գալֆայան վարդապետների հետ հիմնադրել ու ղեկավարել Հայկազյան վարժարանը, 1856–1858 թվականներին՝ խմբագրել և հրատարակել «Մասեաց աղաւնի» հանդեսը՝ տառաստեղծ ու տպագրիչ Ճանիկ Արամյանի հետ միասին։ 1858 թվականին վերադարձել է Ռուսաստան, նշանակվել Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի առաջնորդ, թեմական կենտրոնը Քիշնևից տեղափոխել Թեոդոսիա՝ ռուսահայ համայնքների և արևմտահայերի հետ շփումներն առավել հեշտացնելու անհրաժեշտությամբ։ Նույն տարում ռուսական կառավարության բարոյական և նյութական աջակցությամբ և մեծահարուստ Հ. Խալիբյանի միջոցներով Թեոդոսիայում հիմնադրել է Խալիբյան վարժարանը (որի տեսուչն էր 1858–1865 թվականներին), այստեղ էլ շարունակել է հրատարակել (մինչև 1865 թվականը) «Մասեաց աղաւնին»։ Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսի հրավերով Այվազյանը կարգվել է Գևորգյան ճեմարանի տեսուչ (1874–1876) և Վիրահայոց թեմի առաջնորդ (1876–1880)։
Պատմաբանասիրական և թարգմանական բնույթի աշխատություններից բացի, Այվազյանը հեղինակել է կրոնաբարոյական գործեր՝ «Պատմութիւն վարուց տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի» (1854), «Միջակ վարդապետարան ուղղափառ հաւատոյ Հայաստանեայց եկեղեցւոյ» (1858), «Դասագիրք քրիստոնէական վարդապետութեան ըստ ուղղափառ հավատոյ Հայաստանեայց» (1875), «Նիկոլ Եպիսկոպոս և Պատմութիւն դարձին հայկազանց Լեհաստանի ի կաթոլիկութիւն» (1877) ևն։
Այվազյանի հոգևոր-եկեղեցական գործունեությունը բնորոշվել է հասարակական-ազգային աշխարհիկ խնդիրների լայն ընդգրկմամբ։ 1856-ից ի վեր պայքարել է կաթոլիկության դեմ, այն համարել վնասաբեր հայ ազգի և եկեղեցու համար։ Այվազյանի հասարակական, մանկավարժական և գրական գործունեության նպատակն էր ժողովրդին ազգային ոգով կրթելը, նրան ազգային եկեղեցու շուրջը համախմբելով՝ հայ մշակույթի զարգացմանը սատարելը։ Ըստ Այվազյանի՝ հոգևորականության կարևորագույն պարտականությունը ժողովրդին լուսավորելն է, իսկ ազգապահպանության ամենահզոր լծակը ազգային դավանանքն է, Հայ եկեղեցու ինքնուրույնությունը։
Այվազյանի ազգային-եկեղեցական և մշակութա-կրթական գործունեությունը, ինչպես նաև ռուսական կողմնորոշումը առաջ են բերել հայ որոշ խմբավորումների ներկայացուցիչների բացասական վերաբերմունքը. առիթը դեռևս Լազարյանների՝ կաթողիկոսության համար Այվազյանի թեկնածությունն առաջադրելու մտադրությունն էր։ Վեճերը սաստկացել են Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի եկեղեցական գումարները ուսումնական նպատակներով օգտագործելու, Հ. Խալիբյանին պաշտպանելու և աշխարհիկ գործերով զբաղվելու պատճառով։ Դրանք ի վերջո դադարել են թեմակալի աթոռից Այվազյանի հեռանալով (1867) և Խալիբյան ուսումնարանի փակվելով (1871)։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համառօտ պատմութիւն ռուսաց, Վենետիկ-Ս. Ղազար, 1836։
- Պատմութիւն օսմանեան պետութեան, հ. 1, 2, Վնտ., 1841։
- Ուրուագիծ ոգւոյ և ընթացից Մխիթարեան միաբանութեան Վենետիկոյ, Փարիզ, 1857։
- Խանգարմունք հայկաբանութեան ի հնումն և ի նորումս, Թեոդոսիա, 1869։
- Հազար եւ մի առակաւոր բանք ազգայինք եւ օտարք, ԿՊ, 1874։
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալֆոնսոս Լամարթին «Քերթուած առ կոմսն Դ՛Օրսէ» (բանաստեղծություն), թարգմանությունը ֆրանսերենից գրաբար։ Բազմավէպ, 1851, № 2 (Սկզբում գրաբարով տրված է բանաստեղծության պատմությունը)։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հ. Բարսեղ Սարգիսեան, Երկհարիւրամեայ գրականական գործունէութիւն եւ նշանաւոր գործիչներ Վենետկոյ Մխիթարեան Միաբանութեան, Վենետիկ-Ս. Ղազար, 1905, էջ 145-160։
- Նալբանդյան Մ., Երկու տող, ԵԼԺ, հ. 4, Ե., 1983։
- Կարինյան Ա., Ակնարկներ հայ պարբերական մամուլի պատմության, հ. 2, Ե., 1960։
- Հովհաննիսյան Ա., Նալբանդյանը և նրա ժամանակը, հ. 1, Ե., 1955։
- Միքայելյան Վ., Ղրիմի հայկական գաղութի պատմություն, 1801–1917, Ե., 1970։
- , Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 42-43 — 1076 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 349)։ |
- Մայիսի 22 ծնունդներ
- 1812 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Ապրիլի 20 մահեր
- 1880 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու գերեզմանատանը թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ղրիմահայ պատմաբաններ
- Ղրիմահայ կրոնական գործիչներ
- Ղրիմահայ հասարակական գործիչներ
- Ղրիմահայ թարգմանիչներ
- Թբիլիսիի հայոց վանքի բակում թաղվածներ
- Վիրահայոց թեմի առաջնորդներ
- Պոլիգլոտներ
- Հայ ուսուցիչներ
- Հայ ակադեմիկոսներ
- Հայ մանկավարժներ
- Մխիթարյան միաբանության անդամներ