Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի (Օշական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի
Օշականի եկեղեցու ընդհանուր տեսքը.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակ եկեղեցի
Երկիր Հայաստան Հայաստան
Տեղագրություն ՀայաստանՕշական, Արագածոտնի մարզ, ՀՀ
Թեմ Արագածոտնի թեմ
Հոգևոր կարգավիճակ գործող
Ներկա վիճակ Կանգուն,գեղեցիկ եկեղեցի է,որը այժմ Արագածոտնի թեմի առաջնորդանիստն է
Ժառանգության կարգավիճակ ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան[1]
Առաջնորդ Մկրտիչ արքպ. Պռոշյան
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճ Գմբեթավոր դահլիճ
Կառուցման սկիզբ 1875
Կառուցման ավարտ 1879
Հիմնադրված 5-րդ դար
Առաջին հիշատակում 5-րդ դար
Գմբեթ 1
Շինանյութ տուֆ
Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի (Օշական)ը գտնվում է Հայաստանում
Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի (Օշական)
Կոորդինատներ: 40°15′ հս․ լ. 44°18′ ավ. ե. / 40.250° հս․. լ. 44.300° ավ. ե. / 40.250; 44.300

Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, կրոնական կառույց Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Օշական գյուղում: Արագածոտնի թեմի առաջնորդանիստ եկեղեցին (1996 թվականից): 443 թվականին կառուցել է իշխան Վահան Ամատունին՝ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի վրա:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

17-րդ դարում եկեղեցին եղել է կիսավեր: Առաքել Դավրիժեցին գրել է.

Aquote1.png … հոյակապ, լայնանիստ, բարձրաբերձ... այս տաճար-հանգստարանի ողջ տանիքը վաղ ժամանակներից փլվել, նստել էր, միայն Ավագ խորանն էր մնացել ծածուկ: Aquote2.png


1639–1645 թվականներին Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսը հիմնովին նորոգել է եկեղեցին: 19-րդ դարում Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին վերստին եղել է խարխուլ և վթարային վիճակում, ուստի 1850 թվականին Ներսես Ե Աշտարակեցին կոնդակով դիմել է Սինոդին՝ եկեղեցին նորոգելու առաջարկով: 1860 թվականին Միքայել Նալբանդյանը, Հնդկաստան մեկնելուց առաջ, ուխտի է եկել Օշական, և եկեղեցու անմխիթար վիճակը տեսնելով, բանաստեղծությամբ իր վիշտն ու դառնությունն արտահայտել:

1668–1672 թվականներին եկեղեցու վերակառուցման համար Գրիգոր վարդապետի ղեկավարությամբ նախապատրաստական աշխատանքներ են կատարվել: 1872 թվականին Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին կոնդակով հայ ժողովրդին կոչ է արել՝ նյութապես սատարել եկեղեցու վերակառուցմանը: 1873–1879 թվականներին օշականցիների մասնակցությամբ Սուրբ Մոսրոպ Մաշտոց եկեղեցին հիմնովին վերակառուցվել է և 1879 թվականի հոկտեմբերի 21-ին օծվել: Փաստորեն նոր եկեղեցի է կառուցվել, նոր հորինվածքով (մինչև 20-րդ դարը դեռևս պահպանված են եղել նախկին շենքի պատերի հետքերը, արևելքում՝ արտաքուստ բազմանիստ Ավագ խորանով): Նոր եկեղեցին թաղածածկ դահլիճ է՝ երեք թաղակիր կամարներով, ձվաձև հատակագծով Ավագ խորանի երկու կողմերում՝ ուղղանկյուն ավանդատներով: Արտաքին ճակատները զարդարված են դեկորատիվ կամարաշարով: Ավագ խորանի տակ Մեսրոպ Մաշտոցի դամբարանն է (443). ուղղանկյուն թաղածածկ խուց է, արևելքում՝ խորշով, հյուսիսից և հարավից՝ մուտքերով (հյուսիսը փակվել է, իսկ հարավը բացվել է դեպի ավանդատուն):

1880 թվականին, եկեղեցու հարավային կողմում, Վահան Ամատունու գերեզմանի վրա, կանգնեցվել է հուշակոթող, 1884 թվականին եկեղեցուն արևելքից կցել են երկհարկ, 8-սյունանի ռոտոնդայով պսակված զանգակատուն, որը բացառիկ է հայկական ճարտարապետության մեջ իր տեղադրությամբ, գլանաձև ծավալով և Ավագ խորանից բացվող մուտքով:

1913 թվականին եկեղեցու հարավային կողմում կառուցվել է դպրոցի շենք: 1960–1964 թվականներին Վազգեն Ա Պալճյանի հոգածությամբ, միլանահայ Հ. և Թ. Ղազարոսյան եղբայրների բարերարությամբ, բարեկարգվել է եկեղեցու շրջապատը, նորոգվել են Մեսրոպ Մաշտոցի դամբարանը և եկեղեցին, դեպի դամբարան տանող մուտքի դիմաց կանգնեցվել է կոթող՝ մեսրոպյան այբուբենի երկաթագիր տառերով, և դրվել դամբարանի արևելյան խորշում (ճարտարապետ՝ Բ. Արզումանյան), աղոթասրահում կախվել է երկաթակուռ ջահ (ճարտարապետ՝ Ռ. Իսրայելյան): 1962 թվականին Մեսրոպ Մաշտոցի բազալտե գերեզմանաքարը փոխարինվել է օնիքս քարից պատրաստված նոր տապանաքարով: 1964 թվականին եկեղեցու հյուսիսարևմտյան անկյան մոտ կառուցվել է աղբյուր (ճարտարապետ՝ Ա. Իսրայելյան): 1966 թվականին Ավագ խորանում մարմարե նոր սեղան է պատրաստվել՝ վրան «Աստվածածինը Մանկան հետ» սրբապատկերով (նկարիչ՝ Հ. Մինասյան):

1964–1966 թվականներին, հնդկահայ Պ. Ալեքսանյանի բարերարությամբ, եկեղեցու ներսը նկարազարդարվել է «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարով (նկարիչներ՝ Հ. Մինասյան, Հ. Մամյան): Որմնանկարն իրականացվել է եռապատկեր հորինվածքով՝ ճարտարապետությանը ներդաշնակ: Արևմտյան պատի որմնանկարում պատկերված է Մեսրոպ Մաշտոցը՝ նորաստեղծ այբուբենը ձեռքին: Որմնանկարը կամարակապ լուսամուտով բաժանվում է երկու մասի՝ ձախ կողմում Մեսրոպ Մաշտոցն է՝ շրջապատված աշակերտներով, աջ կողմում՝ հայրապետական գահին բազմած Սահակ Ա Պարթևը, կողքին կանգնած են Վռամշապուհ թագավորը և թագուհին, Վահան Ամատունի իշխանը և նախարարները, նրանց վերևում Արարատի ձյունազարդ գագաթն է և Հռիփսիմեի տաճարը: Կենտրոնում հնարամտորեն օգտագործված է լուսամուտի բացվածքը, որի ապակու վրա, դրսից պայծառ լույսով ողողված, գրված է հայոց այբուբենը:

Հարավային պատին կանգուն և ծնրադիր նետաձիգ զինվորներն են՝ Հայոց աշխարհի պահապանները, նրանց գլխավերևում՝ ուժի, հայրենիքի կենսունակության խորհրդանիշ թևատարած արծիվը: Հյուսիսային պատին պատկերված է Հայաստանի գարունը՝ ծաղկած ծառերով, զվարթ աղջիկներով: Որմնանկարը զուգակցում է հայկական մանրանկարչության, միջնադարյան քանդակագործության ու որմնանկարչության ավանդները և 20-րդ դարի հայկական մոնումենտալ արվեստի լավագույն ստեղծագործություններից է:

1995 թվականին եկեղեցու արևմտյան կողմում կանգնեցվել է հուշակոթող: 1996 թվականին Գարեգին Ա Սարգիսյանի հովանավորությամբ և Արագածոտնի թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ջանքերով, ամերիկահայ Ջ. Կոբոյանի բարերարությամբ, եկեղեցամերձ դպրոցի շենքը հիմնովին վերակառուցվել է, և 1997 թվականին այնտեղ բացվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց դպրատունը (ճարտարապետ՝ Բ. Արզումանյան): Երկհարկանի, սյունազարդ և գմբեթավոր դահլիճներով, ցուցասրահներով, հարուստ գրադարանով, շքեղ կահավորված շենք է, որի սրահներում ներկայացված են հայ անվանի արվեստագետների ստեղծագործություններ: 1999 թվականին Դպրատանը կազմակերպվել է «Աստվածաշնչական Հայաստան» միջազգային գիտաժողովը, իսկ նույն թվականից, Թարգմանչաց տոնին, ամենամյա «Մաշտոցյան ընթերցումներ» գիտաժողովները:

1997 թվականին եկեղեցու արևմտյան կողմում, Ժ. և Հ. Գաբրիելյանների բարերարությամբ կառուցվել է առաջնորդարանի շենքը (ճարտարապետ՝ Հ. Բաբախանյան), 2000 թվականին Ջ. Կոբոյանի միջոցներով բարեկարգվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու տարածքը[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Monuments database — 2017.
  2. Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 1067 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։