Գագա Սուրբ Սարգիս վանք
Գագա Սուրբ Սարգիս վանք | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Դավանանք | Հայերեն |
Հոգևոր կարգավիճակ | չգործող |
Ներկա վիճակ | կիսավեր |
Հիմնադիր | Մեսրոպ Մաշտոց |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
![]() | |
![]() | |
Գագա Սուրբ Սարգիս վանք, հայկական վանք, ներկայումս՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, պատմական Մեծ Հայքի Գուգարք նահանգում։ Գտնվում է Կոթի, Հայաստան։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջնադարյան Հայաստանի մեծահռչակ վանքերից մեկի՝ Գագ բերդի կամ Գագա Սբ. Սարգիս վանքի հիմնադրման պատմությունը ավանդաբար կապվում է քրիստոնեության համար նահատակված և սրբերի շարքում դասված զորավար Սբ. Սարգսի հետ։ Նրա մասունքները Մեսրոպ Մաշտոցը բերել և ամփոփել է Ուշի գյուղի (ՀՀ, Արագածոտնի մարզ) և Գագ բերդի (Ղազախի շրջան) տարածքում՝ հիմնելով Սբ. Սարգիս անունով երկու եկեղեցի. «...սկզբնաւորութիւնն եկեղեցական պատմութիւնը Մ. Մեսրոպին է տալիս, որ բերել և ամփոփել է այստեղ Սբ. Սարգսի գագաթի մի մասն։ Նույնը երգում է եկեղեցին էլ. Խաչաչարչար ս. դիտապետ, նշանագործ անուամբ ի խաչ և յեկեղեցի. առաւել պայծառ ի գլուխս Գագայ, ի գագաթան տեղւոջ օրհնեալ Սրբոյն Մեսրոպայ»[1]։
Նաև՝ «...էր ի Գագ խաչ մի սքանչելագործ առ ամենայն նեղեալս, և մանաւանդ առ գերիս. զի որք ապաւինէին ի նա բոլորով սրտիւ, ինքն իսկ սուրբ վկայն Սարգիս բանայր զդրունս բանտից և արգելանաց, և լուծանէր զերկաթսն, և առաջնորդէր մարմնաւոր տեսլեամբ ի տեղիս իւրեանց. և համբաւ սքանչելեացն տարածեալ էր ընդ ամենայն ազգս, զոր կանգնեալ ասէին, սրբոյն Մեսրոպայ վարդապետին մերոյ»[2]
Նաև՝ «...Գագ անուանի բերդ, և գաւառ ի Գագկայ թագաւորէ շինեալ, ուր կայ հռչակաւոր և սուրբ ուխտն խաչ և եկեղեցի յանուն սրբոյն Սարգսի զօրավարին, օրհնեալ ի սրբոյն Մեսրովբայ վարդապետէն և թարգմանչէն Հայոց, որ կայ ի գլուխս Գագայ»[3]։
Գագի եկեղեցու՝ Սբ. Սարգսի պաշտամունքի հետ կապված լինելը փաստում են նաև վրաց աղբյուրները. «...Սպահան գնացին [ուխտավորներ] Հայոց (Սոմխիթի) բոլոր քաղաքներից և բազում պատիվներով հանեցին նրա (Սարգսի) մասունքները, և նրա աջը դրին Գագի եկեղեցում, որ Պետրոսն էր շինել»[4]։
Գագա Սբ. Սարգիս վանքը հիշվում է 1130 թ., երբ «...լցաւ դաշտն Գագայ անթիւ և անհամար հեծելօք յամենայն ազգաց անօրինաց հաւաքեալ, որ կամեցան այրել զսուրբ խաչն՝ որ յանուն զօրավարին Սարգսի։ Եւ ի բարկութենէ Տեառն խելացնորեալք կոտորեցին զմիմեանս...»[5]։
Վանքը հիշատակվում է և 1163 թ. տեղի ունեցած անցքերի առնչությամբ. «Ի ՈԺԲ. թվին եկն Ելտկուզ Աթաբակն բազմօք զօրօք ի դաշտն Գագայ և հուր արկեալ կամէր այրել զսուրբ խաչն՝ զԳագայ սուրբ Սարգիսն յորոյ զօրութենէն եռաց ի մէջ բանակի նոցա օձ թունալի խածանող...»[6]։
ԺԳ դարում Գագ դաշտի նշանավոր հնությունների թվում նշվում է նաև Գագա Սբ. Սարգիսը. «Վրկանի աշխարհն Գրիմն է, ձգի մինչեւ ի Կասբից ծովն եւ ապա դաշտն Գագայ, ուր կայ սուրբ Սարգիսն...»[7]։
Այնուհետև վանքը հիշվում է ԺԳ դարի 30-ական թվականներին, երբ հայ պատմագիր, եկեղեցական և հասարակական գործիչ Վանական վարդապետ Տավուշեցին (1181-1251) իր և աշակերտների փրկության հույսով դիմել է Գագ բերդի բնակիչներին. «...երթամ անկանիմ առ ոտս սրբոյ Նշանին, որ յանուն սրբոյն Սարգսի, խնդրել նովաւ ի տեառնէ վասն քո և այլ եղբարցն, որք կան ի ձեռս անօրինացդ...»[8]։
Նորոգություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինչպես վկայում են վիմագիր արձանագրություններն ու արխիվային վավերագրերը, Գագա Սբ. Սարգիս վանքը, որը միաժամանակ մեծ հռչակ ունեցող ուխտատեղի էր (ուխտագնացության օրերն էին յուրաքանչյուր տարվա Զատիկը և Նոր Կիրակին), դարերի ընթացքում պարբերաբար ենթարկվել է նորոգությունների։ Մեզ հայտնի վերջին նորոգությունը, որ ձեռնարկել էր Աղա Սարգիս Վարշամյանը և իրականացրել թիֆլիսեցի որմնադիր Եսայի Նուրինյանցը, ավարտվել էր 1851 թ. «...բազում տաժանմամբք նորոգ կառուցեալ ի հիմանց, ի կատարումն ց1851 ամն զեկեղեցին այն վայելչապէս կոփածոյ քարամբք և կամարակապ առաստաղիւք, ի ներքուստ և արտաքուստ, հանդերձ փոքրիկ կաթուղիկէիւ, շրջապատեալ զնոյն պարսպաւ, բաց յայսմանէ նախ հարթեալ զդժուարագնաց ճանապարհս նորին ընդարձակեցի այնպէս, զի յայնմհետ է ցայժմ ժողովուրդք սալիւք անարգել և անդորութեամբ երթևեկին յուխտատեղին այն»։ Ի դեպ, նորոգության ողջ ծախսը կազմել էր 2210 ռուբ. 23 կոպ., որից 736 ռուբլին նվիրաբերել էին ուխտավորները[9]։
Ավելի ուշ նորոգչական աշխատանքներ է ծավալել կոթեցի Արզուման Խաչատրյան Տեր-Սարգսյանցը[10]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վանքի որմերի արձանագրությունները, որոնք ժամանակագրորեն վերաբերում են ԺԳ-ԺԹ դարերին, պատմական մեծ արժեք ու կարևորություն ունեն։ Ցավոք, դրանց ընդօրինակման, վերծանման և հրատարակման գործն աչքաթող է արվել երկրամասի տարածքում հայերեն վիմագրերի հավաքման աշխատանքին լծված հայտնի մասնագետների կողմից։ Բացառություն են կազմում Ս. Ջալալյանցը և «Արձագանք»-ի թղթակիցը։ Վերջինիս հրատարակած թվով 5 արձանագրություններից 1986 թ. մեր այցելության ժամանակ պահպանվում էր միայն մեկը, իսկ մեկն էլ միտումնավոր քերված էր, սակայն որոշ տառեր տեղ-տեղ դեռևս նշմարելի էին[11]։
Հարկ է նշել, որ Սբ. Սարգիս վանքում վիմագրերի միտումնավոր ոչնչացման փաստն արձանագրվել է դեռևս 1886 թ. «Նոյն արձանագրութեան մօտն և աջակողմը կան ուրիշ արձանագրութիւններ, որոնք մասամբ հնութիւնից և մասամբ թշնամի ձեռքից եղծուած են և չեն կարդացվում...»[12]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Արձագանք», 1886, N 12, էջ 161։
- ↑ Կիրակոս Գանձակեցի, էջ 252
- ↑ Սամուէլի քահանայի Անեցւոյ Հաւաքմունք ի գրոց պատմագրաց, Վաղարշապատ, 1893, էջ 145
- ↑ Մելիքսեթ-Բեկ Լ. Մ., Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. Ա, Երևան, 1934, էջ 115։
- ↑ Հաւաքումն պատմութեան Վարդանայ վարդապետի, Վենետիկ, 1862, էջ 123։
- ↑ Սամուէլի քահանայի Անեցւոյ Հաւաքմունք ի գրոց պատմագրաց, Վաղարշապատ, 1893, էջ 138։
- ↑ Աշխարհացոյց Վարդանայ վարդապետի, Փարիզ, 1960, էջ 34։
- ↑ Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն Հայոց, աշխատասիրությամբ` Կ. Մելիք-Օհանջանյանի, Երևան, 1961, էջ 251-252։
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56, ց. 1, գ. 3735, թ. 1:
- ↑ Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 396։
- ↑ Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 442։
- ↑ Արձագանք», 1886, N 12, էջ 162։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գագա Սուրբ Սարգիս վանք կատեգորիայում։ |